Քրիստափոր Պետրոսյան. Գորիս աշխարհի նվիրյալ զավակը

12.03.2019 11:53
813

Քրիստափոր Պետրոսյանն այն եզակի անձանցից է, ում երկու անգամ է վստահվել ղեկավարելու Գորիսի շրջանը, երկրորդ անգամ՝ ավելի տեւական ժամանակով (1964-1974թթ.): Եղել է շրջսովետի գործկոմի նախագահ: Բացի դրանից՝ Գորիսի կուսշրջկոմի առաջին քարտուղար աշխատելու ժամանակ (1965թ.) պաշտպանել է թեզ, ստացել տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1970 թվականին՝ դոցենտի կոչում: 1974-78թթ. եղել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի տնօրեն, 1978-1987թթ. աշխատել է նույն մասնաճյուղում՝ դասավանդելով «Քաղաքատնտեսություն» եւ «Գիտական կոմունիզմ» առարկաները: Եղել է երեք գումարման հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր: Գյուղատնտեսության մեջ ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի:

Սրանք են Քրիստափոր Պետրոսյանի գործունեության կարեւոր շրջափուլերը: Իսկ ընդհանրապես, նա դժվարին, չարչարանքներով լի ճանապարհ է անցել: Երկու տարեկանում զրկվելով հորից՝ ապրուստի միջոցներ հայթայթելու համար գյուղատնտեսական զանազան աշխատանքներ է կատարել: Այդ մասին տեղեկանում ենք նրա համառոտ ինքնակենսագրությունից, որ վերնագրել է «Նախրապահից՝ նախագահ-քարտուղար»՝ թվագրված՝ 26 հուլիսի 1960 թվական. «Երկու տարեկանում կորցրի հորս եւ վեց ամսական եղբորս՝ Եղիշեի հետ մնացի այրիացած մորս խնամքի տակ: Շուտով կյանքի պահանջն ինձ ձգեց աշխատանքի մեջ: Դեռ չբոլորած տասը տարիս՝ հայրենի Կորնիձոր գյուղում դարձա հասարակական նախրապահ, ապա գութանի մշակ՝ գյուղի ունեւորների եւ կուլակների մոտ:

Մայրս, արցունքներն աչքերին, հացահատիկի դաշտերից հասկ էր հավաքում կամ երկու կիլոմետր հեռավորությունից գյուղի ունեւորների համար կուժը մեկ կոպեկով խմելու ջուր կրելով կամ սրա, նրա համար պարզունակ ջուլհականոցում աշխատելով՝ խնամում էր մեզ: Խորհրդային կյանքն ինձ դուրս հանեց կյանքի այդ հատակից եւ տվեց կրթություն եւ դիրք հանրօգուտ աշխատանքով զբաղվելու հնարավորություն»:

Սկզբնական կրթությունը Քրիստափոր Պետրոսյանը ստացել է հայրենի գյուղի տարրական դպրոցում, ապա ավարտել է Տեղ գյուղի յոթնամյա դպրոցը: 1938 թվականին ավարտել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը՝ գերազանց առաջադիմությամբ, ինչի համար տեխնիկումի տնօրենությունը նրան երաշխավորել է ուսումը շարունակել Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Ընդունվում է բուհի բանասիրական ֆակուլտետը, սովորում  էքստեռն` ավարտելով 1952 թվականին, ստանում հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Վերահաս պատերազմը թույլ չի տվել, որ ժամանակին բարձրագույն կրթություն ստանա:

Իր տարեկիցների նման մեկնել է Կարմիր բանակ, երբ սկսվել է Մեծ հայրենականը: Արխիվային փաստաթղթերից իմանում ենք, որ 1941-1942-ին կուրսանտ է եղել Թելավիի հետեւակային ուսումնարանում, այնուհետեւ մարտնչել է Ուկրաինական ռազմաճակատում. հրաձգային գնդում դասակի հրամանատար է եղել: Երկու անգամ վիրավորվել է եւ երկրորդ կարգի հաշմանդամ դարձած՝ ավարտել իր բաժին պատերազմը: Ռազմաճակատ մեկնեց նաեւ եղբայրը՝ Եղիշեն, նրան այլ ճակատագիր բաժին հասավ. համարվում է անհայտ կորած: Մայրը՝ Վարդի աքերը, մինչեւ իր մահը, աչքը ճամփին, սպասում էր որդու վերադարձին:

Մեծ հայրենականից վերադառնալուց հետո Քրիստափոր Պետրոսյանը զբաղվել է լրագրությամբ: 1945-1949թթ. եղել է «Սովետական Հայաստան» թերթի թղթակիցը Գորիսի եւ Սիսիանի շրջաններում, իսկ 1949-52 թվականներին խմբագրել է Գորիսի շրջանային թերթը: 1952 թվականին գործուղվել է Մոսկվա՝ ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցում սովորելու, որը նախանշել է նրա հետագա գործունեությունը կուսակցական-պետական շինարարության բնագավառում՝ ՀԿԿ կենտկոմի պրոպագանդայի ու ագիտացիայի բաժնի հրահանգիչ, ապա Գորիսի կուսշրջկոմի ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի վարիչ:

1957 թվականին Քրիստափոր Պետրոսյանն ընտրվում է Գորիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ՝ պաշտոնավարելով մինչեւ 1961 թվականը, երբ առաջին անգամ ընտրվում է ՀԿԿ Գորիսի շրջկոմի առաջին քարտուղար:

Մեծ հայրենականի ավարտից հետո Քրիստափոր Պետրոսյանն ընտանիք կազմեց` ամուսնանալով քարաշենցի մանկավարժ Արուս Դանիելյանի հետ: Ծնվեցին դուստրերը՝ Ալիսան, Լարիսան՝ մասնագիտությամբ բժշկուհիներ, որդին՝ Արան, ով ճարտարագետի մասնագիտությունն ընտրեց: Վերջինից էլ հետաքրքրվեցի, թե ո՞րն է համարում հոր գործունեության ամենակարեւոր շրջանը: Հոր կատարած գործերից նախեւառաջ առանձնացնում է խոր ձորերից ու քարանձավներից շրջանի գյուղերի տեղափոխումը դեպի հարթություն, ինչը փոքրիշատե քաղաքակիրթ կենցաղ ապահովեց գյուղաբնակի համար: Քանզի դարեր ի վեր նրա համար բնակարան էին ծառայում քարանձավն ու որմնախորշը: Խոր ձորերից հարթություն բարձրացան Շինուհայրը, Խնձորեսկը, Քարաշենը, Կորնիձորը, այլ գյուղեր, դրանցում կառուցվեցին դպրոցներ, սոցիալ-մշակութային օջախներ: Իր հեղինակած բրոշյուրներից մեկը «Քարանձավից դեպի լույս» վերնագիրն է կրում: Հետաքրքրական մի փաստ իմացանք. երբ կառուցվում էր Խնձորեսկը, նրա հորդորով գրող Սուրեն Այվազյանը մեկնում է Միջին Ասիա՝ այդտեղ բնակվող խնձորեսկցիներին համոզելու, որ վերադառնան եւ բնակվեն նորակառույց գյուղում:

Հաջորդ կարեւոր գործը, ըստ Ա.Պետրոսյանի, որ նախաձեռնեց եւ ավարտին հասցրեց Քրիստափոր Պետրոսյանը, Գորիսում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղի ստեղծումն էր: Հաճախ էր հարազատների հետ զրույցներում կրկնում, թե ուզում է Գորիսում կրթական կենտրոն ստեղծել: Ասում էր՝ Կապանում զարգացած է արդյունաբերությունը, Սիսիանում՝ գյուղատնտեսությունը, իսկ Գորիսի բնությունը նպաստավոր է գիտական աշխատանքով զբաղվելու համար: Եվ միշտ վկայակոչում էր այն փաստը, որ Ռուսաստանի որոշ քաղաքներ գիտական կենտրոնների են վերածվել:

Կիրովականից հետո Գորիսը հաջորդ քաղաքն էր, որտեղ մայրաքաղաքային բուհի մասնաճյուղ բացվեց: Նպատակին հասնելու համար «գործի դրվեցին» անձնական կապերը: Այն ժամանակ Երեւանի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը Կամո Ուդումյանն էր, ով ավելի վաղ Շամշադինի կուսշրջկոմի առաջին քարտուղարն էր, նույն ժամանակահատվածում Պետրոսյանը ղեկավարում էր Գորիսի կուսշրջկոմը, այսինքն՝ գործընկերներ էին եւ իրար մոտիկից գիտեին: Հաճախակի հեռաձայնում էր Հայաստանի գիտւթյունների ակադեմիայի այն ժամանակվա պատասխանատու աշխատակիցներից Ալեքսանդր Մարջանյանին, ով նույնպես նախանձախնդիր էր Գորիսում մասնաճյուղ ստեղծելու հարցում: Չուշացավ նաեւ կառավարության որոշումը, ըստ որի 1967 թվականի հոկտեմբերի 1-ին Գորիսում հիմնադրվեց Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ՝ մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետներով: Քրիստափոր Պետրոսյանի ջանքերով Գորիսում ստեղծվեց Մերգելյանի անվան ինստիտուտի մասնաճյուղը, որ բուհավարտներն աշխատանքի տեղ ունենան:

Թե արխիվային փաստաթղթերով, թե ժամանակակիցների հուշերով փորձեցինք ամբողջացնել Քրիստափոր Բաբայիչի կերպարը: «Անսահման բարի, քաղաքավարի, ցավին արձագանքող, զգայուն, բայց պահանջկոտ անձնավորություն էր: Կյանքում ոչ մեկին վատություն արած չկար: Ճիշտ է՝ ղեկավարը չի կարող բոլորի համար ընդունելի եւ լավը լինել, բայց Քրիստափոր Բաբայիչը հեղինակություն էր վայելում թե հանրապետության ղեկավարության, թե համաքաղաքացիների շրջանում», - ներկայացնում են նրա ժամանակակիցները: «Որպես մարդ ու ղեկավար, ուներ բարձր էրուդիցիա, որով գրավում էր ինչպես իր հետ աշխատողներին, այնպես էլ Գորիսի շրջանի աշխատավորությանը, - գրում է կորնիձորցի Սիմոն Սիմոնյանը, - նրա սուփրան բաց էր ինչպես շարքային աշխատողի, այնպես էլ բարձրաստիճան ղեկավարների, գիտության գործիչների, արվեստի եւ մշակույթի մարդկանց առջեւ: Պատանեկան, ուսանողական տարիներից մոտ եմ եղել նրան ու ընտանիքին, զգացել նրա ազնվությունն ու անկեղծ մարդասիրությունը: Ամենաբարդ հարցի լուծման տարբերակը գտնում էր, ուներ բարձր ինտելեկտ եւ սառը դատողություն»:

Իսկ որդու պատմածներից իմանում ենք, որ Ք.Պետրոսյանը կենցաղում զուսպ, սակավապետ մարդ էր. «Ընտանիքում չի սիրել խոսել իր կուսակցական աշխատանքի մասին, մեր ընտանեկան հարկի տակ հանդիպումներ շատ են եղել, մենք ոչ մի բանի չենք խառնվել: Կյանքում չի խմել ու չի ծխել, սիրում էր լինել բնության գրկում, հաճախակի էր լինում դաշտ ու անտառում, ինձ էլ էր հետը տանում: Չէր սիրում որեւէ սննդի օբյեկտում հաց ուտել, այլ նախընտրում էր որեւէ աղբյուրի մոտ ճաշակել այն ամենը, ինչ մայրն էր իր ձեռքով պատրաստել: Գորիսից մինչեւ Երեւան բոլոր աղբյուրների տեղը գիտեր, բոլոր հանդամասերը հոգեհարազատ էին նրան. սիրում էր սունկ հավաքել, խնջլոզ քաղել, երբեմն առաջին ծաղկած ձնծաղիկներով էր տուն մտնում: Սիրում էր որս անել, կարծեմ, Հայաստանի պատվավոր որսորդ էր, անվրեպ կրակող էր, երեւի դեր էր խաղում այն հանգամանքը, որ պատերազմում մոտոհրաձգային գնդում էր ծառայել, հիմնականում վայրի թռչուն էր խփում, մեկ-մեկ էլ՝ նապաստակ, - վերհիշում է Արա Պետրոսյանը, - ամենակարեւորը՝ հայրս սովորեցնում էր սեփական քրտինքով ապրել: Երբեմն թերթ կարդալիս տողերի տակ կարմիր մատիտով ընդգծում էր եւ անպատճառ տալիս, որ ես էլ կարդամ: Դրանք հիմնականում վերաբերում էին կաշառակերությանը, անաշխատ եկամուտ ստանալուն, թռցնողներին եւ այլն: Անհաշտ էր հասարակության մեջ տեղ գտած հոռի բարքերի հանդեպ»:

«Եթե հանգստյան օրը որեւէ տեղ գնալու անհրաժեշտության չկար, նրա հիմնական զբաղմունքը գիրն ու գրականությունն էին, ընթերցանությունը, հողի հետ առանձնապես կապված չի եղել, - վերհիշում է որդին, - նրա նախասիրությունը գրելն ու կարդալն է եղել»: Հավանաբար այդ ամենում դեր է խաղացել այն, որ տեւական ժամանակ զբաղվել է լրագրությամբ, թերթ խմբագրել: Ահավասիկ, մի նախադասություն, որ 1949 թվականին գրել է «Սովետական Հայաստան» թերթի պատասխանատու խմբագիր Հովհաննես Բաղդասարյանը. «Քրիստափոր Պետրոսյանը խորանում է իր մասնագիտության մեջ եւ համարվում է մեր օրինակելի թղթակիցներից մեկը»:

Տասներեք գրքի, մի քանի տասնյակ գիտական հոդվածի հեղինակ էր: Հետաքրքրության ոլորտը Զանգեզուր աշխարհն էր եւ հայրենի Գորիսի շրջանը: Հարկ է միայն թվարկել նրա հեղինակած գրքերի վերնագրերը. «Երկու գյուղ, երկու կյանք», «Կոլտնտեսության էկոնոմիկան», «Լեռնաշխարհի վերածնունդը», «Զանգեզուր. պատմատնտեսական ակնարկ» եւ այլն: Որոշ գրքույկներ՝ «Մասսաների հետ, մասսաների համար», «Սոցիալիստական տնտեսավարման մի քանի հարցերի մասին», ժամանակի գաղափարախոսության կնիքն էին կրում, բայց այլ կերպ լինել չէր կարող: Ոմանք նույնիսկ չարախոսում էին, թե ինչպես կարող է կուսակցական առանցքային պաշտոն կրողը ժամանակ գտնել զբաղվելու գիտությամբ (թեզ պաշտպանել), գրքեր եւ հոդվածներ հեղինակել:

Մինչեւ կյանքի վերջին տարիները զբաղվել է գիտական աշխատանքով, դասախոսել: 

Տնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Քրիստափոր Պետրոսյանը երկրային կյանքին հրաժեշտ է տվել 2007 թվականի հունիսին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ          

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25