«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանը՝ Սյունիքում

03.11.2018 21:25
1688

Նոյեմբերի 3-ին Սյունիքի մարզ էր այցելել քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Շիրինյանը:

2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում նա կգլխավորի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը:

Սյունիքի հանրությանը նա ցանկացավ ներկայանալ նաեւ «Սյունյաց երկրի» հարթակից, ինչի համար էլ զրուցեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

-Պարոն Շիրինյան, նախ՝ կխնդրեինք մի քանի խոսք՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության, ինչպես եւ Ձեր՝ սյունիքյան ներկա այցելության նպատակի մասին:

-Սյունիք ենք այցելել հստակ առաքելությամբ՝ մարզի բնակիչներին ծանոթացնել Հայաստանի քրիստոնեադեմոկրատական շարժման նպատակներն  ու  խնդիրները:

Կուսակցությունը (շարժումը) ծնվել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո՝ նպատակ ունենալով ազգային-պահպանողական քաղաքական հոսանքի վրա եւ մեր եկեղեցու դավանանքի փիլիսոփայության շրջանակներում վեր հանել հայ ժողովրդի արքետիպը, նրա լավագույն հատկանիշները: Եվ Հայաստանի տեղը վերականգնել քաղաքակիրթ աշխարհում:

Նպատակ ունենք նաեւ մասնակցել ՀՀ Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրությանը:

-Շարժումը (կուսակցությունը) առնչություն ունի՞  «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հետ, որը գլխավորում է Խոսրով Հարությունյանը:

- Մեր շարժումը որեւէ առնչություն չունի Ձեր նշած կուսակցության հետ:

Մենք բազավորվում ենք Հայ առաքելական եկեղեցու դավանանքի փիլիսոփայության վրա, առաջնորդվում նրա արժեհամակարգով՝ չլինելով կրոնական կազմակերպություն:

-Հասցրե՞լ եք Սյունիքի մարզում ստեղծել շարժման (կուսակցության) կառույցներ կամ սկզբնական բջիջներ:

-Դեռեւս սկզբնական օղակներ չենք ստեղծել մարզում: Սակայն Սյունիքում ունեմ համակիրների նշանակալից զանգված, միաժամանակ հեռուստատեսության օգնությամբ եմ շփվում հանրության հետ:

-Եվ Ձեր ներկայիս այցը, որքանով հասկացանք, այդ տրամաբանության շրջանակում է:

-Այո:

-Փաստորեն պատրաստվում եք մասնակցել խորհրդարանական առաջիկա արտահերթ ընտրությանը:

Չե՞ք կարծում, որ ժամանակը շատ սուղ է ե՛ւ հանրությանը պատշաճ ներկայանալու, ե՛ւ Ձեր գաղափարները տարածելու, ե՛ւ մարդկանց վստահությունը ձեռք բերելու ու սպասվող մրցակցությանն արժանապատիվ կերպով մասնակցելու համար:

-Անշուշտ, ժամանակը քիչ է: Բայց եւ չեմ կարծում, որ   ես անծանոթ դեմք եմ հայ հանրության համար՝ թեւ շարժումը նոր-նոր է սկիզբ առել: 14-15 տարի շարունակ՝ գրեթե ամեն շաբաթ, եթերում եմ…

-Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք ասել, թե որքան հետեւորդներ ունի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը (շարժումը) հանրապետությունում:

-Ըստ իմ դիտարկումների՝ տասնյակ հազարների է հասնում շարժման հետեւորդների թիվը:

Իմ հարցազրույցներից մեկը, օրինակ, «Ելակետ» կայքէջում ունեցել է երեք հարյուր հազար ընթերցող:

Եվ նման բազում օրինակներ…

- Մայրաքաղաքից Սյունիքը չի երեւում: Այդպես էր ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր: Սյունիքի մասին մայրաքաղաքում հիշում են ընտրությունների ժամանակ: Սյունիքն էլ յուրովի է ընկալում մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունները:

Եվ այդ ամենի հետեւանքով, ըստ մեր դիտարկումների, հանրությունը ներկայումս դիրքավորված է տարբեր եւ իրարամերժ բեւեռներում:

Հանրության ո՞ր բեւեռում է գտնվում Ձեր շարժումը (կուսակցությունը):

-Մեր շարժումը Հայաստանում որեւէ բեւեռ չի ճանաչում, քանզի այն ժողովրդական է:

Աշխարհում նմանատիպ կուսակցությունները (շարժումները) ժողովրդական բնույթ ունեն, որը դասակարգային պայքար եւ դասակարգային բաժանում չի ընդունում: Դա նշանակում է, որ շարժումը հասարակության համերաշխության եւ բարեշրջության կողմնակից է, ինչը հիմնվում է մեր մշակույթի եւ քաղաքակրթության հազարամյակների պատմության վրա եւ պաշտպանում է ազգային լավագույն ավանդույթները:

-Ձեր շարժմանը չի՞ վախեցնում հանրապետությունում, հատկապես Երեւանի ավագանու ընտրությունից հետո, տարփողվող քարոզը, թե իբր դեկտեմբերի 9-ի ընտրության արդյունքները կանխորոշված են ի սկզբանե, թե ձայների գերակշիռ մեծամասնությամբ հաղթելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

- Իհարկե վախեցնում է: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը լիբերալ կամ ազատական կուսակցություն է, որի գաղափարախոսությունը չի կարող փոխարինել ազգային-պահպանողական արմատներ ձգող շարժմանը: Քանզի հայոց արքետիպը մեր դավանանքի աշխարհայացքի մեջ է: Եվ վստահ եմ, որ հայոց պետականության ապագան, ինչպես Եվրոպայի մի շարք երկրներում, հենց դրա մեջ է: Եթե կուզեք՝ մեզանում ելակետը Արտաշես մեծագործն է՝ Տիգրան Մեծի պապը: Իսկ հոգեւոր սկիզբը հայոց ոսկեդարն է, երբ ձեւավորվել է պետականակիր ու մշակութաստեղծ հայը:

- Եվ, այնուամենայնիվ, գործող քաղաքական ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դիմությո՞ւն եք, թե՞ ընդդիմություն:

- Տվյալ պարագայում ո՛չ դիմություն ենք, ո՛չ ընդդիմություն, այլ իբրեւ այլընտրանք, թեեւ իրականության մեջ այլընտրանքը «Քաղաքացիական պայմանագիրն» է, քանի որ մեր շարժման հենքն ազգային-պահպանողական գաղափարախոսությունն է: Իրական հայը հենց այդտեղ է՝ մեր գաղափարախոսության տիրույթում:

Եթե կուզեք ավելի հանգամանալից ծանոթանալ շարժման (կուսակցության) գաղափարախոսական առանցքին, ապա ընթերցեք, խնդրեմ, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Ազգապատումը»:

- Ի՞նչ ընթացք է ունենալու շարժումը, եթե, օրինակ, դեկտեմբերի 9-ին ընտրողը վստահության քվե չտա ձեզ:

-Նախ՝ մենք հավատում ենք մեր շարժման հաջողությանը: Սակայն այլ պարագայում վերածնելու ենք որպես գաղափարախոսություն, քաղաքական հոսանք, շարժում, որի գործունեությունն ուղղված է լինելու նաեւ դեպի Արցախ ու Սփյուռք: Միանալու ենք համաշխարհային քրիստոնեական շարժման ինտերնացիոնալին: Երկրորդ անգամ՝ 301 թվականից հետո, կազմակերպելու ենք քրիստոնեության էքսպանսիա դեպի արտաքին միջավայր:

- Այդ ամենով հանդերձ՝ որտեղո՞վ է անցնում Հայ առաքելական եկեեցու ներկայիս կացության եւ Ձեր շարժման միջեւ ջրբաժանը, եւ արդյո՞ք կա նման ջրբաժան:

-Բնականաբար, նման շարժումը, ինչպիսին «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» շարժումն է, չի կարող ունենալ ջրբաժան Հայ առաքելական եկեղեցու հետ, թեկուզ եւ մենք պաշտպանում ենք պետության ու եկեղեցու տարանջատ լինելու սկզբունքը, որը չի խանգարում սերտորեն համագործակցելու նույն եկեղեցու հետ: Ավելին ասեմ՝ այս արժեհամակարգի դավանանքը եւ հետազոտությունները դավանանքի ոլորտում կպարտավորեցնեն Հայ առաքելական եկեղեցուն՝ առավել բարձրանալու եւ արդիականանալու:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժմանը:

-Նման շարժումը, բնականաբար, ուրախություն չի կարող պատճառել մեզ: Սակայն Հայ առաքելական եկեղեցու հովվապետը պարտավոր է համապատասխան եզրակացություններ անել այդ ամենից եւ գործել ըստ արդիական պահանջների: Ու ներկայանալ իբրեւ բարոյական արժեքների իսկական կրող:

-Ցանկացած ընտրություն, նաեւ Աժ առաջիկա արտահերթ ընտրությունը, մրցակցություն է ենթադրում: Ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական  մրցակիցը դեկտեմբերի 9-ի ընտրությունում:

-Ոչ մեկին, քանզի այս նիշը՝ ազգային-պահպանողական հոսանքը, տարօրինակ ձեւով մինչեւ հիմա քաղաքական որեւէ ուժ չի որդեգրել:

-Դուք հավատո՞ւմ եք, որ խորհրդարանական առաջիկա արտահերթ ընտրությունը կանցնի օրինականության, ընտրողների ազատ կամարտահայտության պայմաններում, որ վարչական ռեսուրսը չի օգտագործվի:

-Հավատում եմ, որ Ազգային ժողովի ընտրությունն անցնելու է թավշյա հեղափոխության հզոր շնչի ներքո: Եվ մեր շարժումը զբաղեցնելու է ապագա օրենսդիր մարմնի աջ կենտրոնը:

 

Հարցազրույցը՝ Աննա Ալեքսանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25