Ռազմիկ Վարդանյան. մեծահամբավ գիտնականը Սյունյաց աշխարհից

20.04.2020 16:51
1559

1950-ական թվականներն էին… Ռազմիկ Վարդանյանը սովորում էր Գորիսի շրջանի Տաթեւ գյուղի միջնակարգ դպրոցում։ Թեեւ հրաշալի էր սովորում բոլոր առարկաները, բայց ամենաշատը սիրում էր մաթեմատիկան։ Սակայն ոչ ոք չգիտեր, որ օրերից մի օր քիմիայի հերթական դասը ճակատագրական պիտի դառնա նրա համար։ Այդ օրը Ռազմիկը սովորականի պես մտավ դասարան։ Դասավանդող ուսուցչուհու պահվածքը զայրացրեց ապագա գիտնականին, եւ վերջինս խոստացավ` ուսումը կշարունակի քիմիա մասնագիտացմամբ, կավարտի, հետ կգա հարազատ գյուղ ու կփոխարինի այդ ուսուցչին։

․․․Տարիների արանքից ասես վերցվում է շղարշն ամբողջությամբ, ու բացվում են ճերմակ թերթի վրա գրված կենսագրականի մանրամասները, որտեղ երկար ճանապարհ անցած գիտնականը պիտի փաստեր` այո՛, կարողացել եմ կյանքի կոչել իր ամենամեծ խոստումը։

Ավելին, նա կարողացել է համառ ջանքերի շնորհիվ վաստակել հայտնի քիմիկոսի, քիմիական գիտությունների դոկտորի, պրոֆեսորի, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի լիիրավ անդամի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի քիմիական կինետիկայի ասպարեզի անդամի, ականավոր գիտնականի, Գորիսի պետական համալսարանի երկարամյա դասախոսի բարձր տիտղոսները։

Խորհում է սյունեցի գիտնականը` ծանր ու թեթեւ անելով անցած ճանապարհի նշանակալի ձեռքբերումները։

Տաթեւի միջնակարգ դպրոց, այնուհետեւ Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ։ Հետո Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ։ Կյանքի անիվը գլորելով հասել է ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղի ասպիրանտուրա, որտեղ էլ 1971թ. պաշտպանել է թեկնածուական թեզը` «Շղթաների հատման փուլերում ինհիբիտորների ռեգեներացիան» թեմայով, իսկ 1986 թվականին դոկտորական թեզը` «Խոլեստերինային հեղուկ բյուրեղների ծերացումը եւ կայունացումը»:

Աշխատանքային կարիերայի մեկնարկը Ռազմիկը տվեց նույն ինստիտուտում աշխատանքի անցնելով՝ պրոֆեսոր Եվգենի Դենիսովի լաբորատորիայում աշխատելով կրտսեր գիտաշխատող:

 Հայրենիքի կարոտը ձգեց-կանչեց Ռազմիկ Վարդանյանին, եւ նա 1973 թվականին տեղափոխվեց Հայաստան ու որպես լաբորատորիայի վարիչ` աշխատանքի անցավ Կիրովականի (այժմ` Վանաձոր) պոլիմերային սոսինձների գիտահետազոտական ինստիտուտում: Այդ ժամանակ էր, որ նրա ղեկավարած լաբորատորիայում ներդրվեց սոսինձների տասնհինգ հեղինակային իրավունք, որոնցից շատերը կիրառություն են գտնում նաեւ մեր օրերում:

 ․․․Խոհերը գիտնականին տանում են Խորհրդային Միության ժամանակաշրջան, որտեղ գնահատված էին գիտնականն ու արժեւորված յուրաքանչյուր ձեռքբերում։ Ու թեեւ ապրում ու գործում էր Հայաստանում, սակայն Սյունյաց լեռնաշխարհի կարոտը ձգո՜ւմ, երազի պես կանչում էր … Եվ ճիշտ ժամանակին աշխատանքի է հրավիրվում ՀՀ ԳԱ Գորիսի ֆիզիկատեխնիկական բաժանմունք, որտեղ սկսում է զբաղվել խոլեստերինային հեղուկ բյուրեղների կայունացման խնդիրներով, իսկ 1984-1990 թվականներին իր ուսերին է վերցնում կենտրոնի աշխատանքները: Այդ տարիներին մշակում է քիմիական ռեակտիվների եւ մաքուր նյութերի պահպանման ժամկետների որոշման նոր մեթոդ, որն էլ հիմք է հանդիսանում Գորիսի ֆիզիկատեխնիկական կենտրոնը վերանվանելու «Քիմիական ռեակտիվների կյանքի տեւողության եւ պահպանման ժամկետների որոշման համամիութենական կենտրոն»:

Գիտական աշխատանքները չեն խանգարում, որ Ռազմիկ Վարդանյանը զուգահեռ դասախոսի ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղում` ղեկավարելով 1990 թվականին հիմնադրված ընդհանուր տեխնիկական առարկաների, այնուհետ` կենսաքիմիայի ամբիոնը։ իսկ 1997-2006 թվականներին Ռազմիկ Վարդանյանը ստանձնում է նաեւ ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղի, իսկ 2006 թվականից՝ Գորիսի պետական համալսարանի ուսումնական, գիտական գծով փոխտնօրենի պաշտոնները։

Նա հաստատության քիմիայի գիտական լաբորատորիայի հիմնադիրն է, որտեղ էլ մինչեւ օրս շարունակում է գիտական հետազոտություն կատարել եւ այն ծառայեցնել ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների գիտական առաջընթացին:

80-ամյա գիտնականը երիտասարդներին փոխանցել, մինչ այսօր էլ փոխանցում է տարիներով ձեռքբերած գիտելիքները, որի շնորհիվ նրա ղեկավարությամբ հաջողությամբ թեկնածուական թեզեր է պաշտպանել Գորիսի պետական համալսարանի վեց երիտասարդ գիտնական:

Նա գրախոսել է դոկտորական եւ թեկնածուական տասնյակ աշխատանքներ:

Քիմիկոսի գիտական հետազոտություններն ուշադրության են արժանացել բազմաթիվ գիտնականների ու հետազոտողների կողմից, ովքեր իրենց աշխատություններում օգտագործել են ձեռք բերված արդյունքներն ու կատարել հղումներ:

Այսքան բարձունքներ գրաված գիտնականը վստահորեն պնդում է․ այսօրվա սերունդն ավելի խելացի է, եւ գիտության ոլորտում նոր հաղթանակներն ապահովված կլինեն հետեւողական ջանքերի շնորհիվ։

Ռազմիկ Վարդանյանի հեղինակած շուրջ 250 գիտական հոդվածները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ինչպես նախկին խորհրդային երկրների գիտնականների շրջանում, այնպես էլ Կանադայում, Հնդկաստանում, Լեհաստանում, Ռումինիայում եւ այլուր։

Գիտական ասպարեզում ամենամեծ ձեռքբերումը համարելով ՌԴ–ում ուսուցանած տարիները, այնուհանդերձ Ռազմիկ Վարդանյանը կարողանում է ավելի մեծ հաջողություններ գրանցել, որի շնորհիվ 1981 թվականին ընտրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քիմիական կինետիկայի ասպարեզի անդամ:

Գիտնականը նաեւ ՀՀ նախագահի, հանրապետության գիտության եւ կրթության նախարարության կողմից արժանացել է մեդալների ու պատվոգրերի:

Տակավին անելիքներ շատ ունի Ռազմիկ Վարդանյանը, գիտական հետազոտության նոր առաջարկներ կան, որոնք դեռ կյանքի պիտի կոչի։

Նրա բազում հետազոտությունների հիմքը հանդիսացել է տարբեր տարածաշրջաններում աճող դեղաբույսերում առկա հակաօքսիդիչների քանակության եւ ակտիվության որոշումը: Այս անգամ նա կզբաղվի նույն հակաօքսիդիչների ակտիվությունն արդեն ջրային միջավայրում կիրառելու աշխատանքով։

 Սիրում է ընկերություն անել, սակայն կյանքի բերումով ամենահարազատ ընկերները հեռու են իրենից։ Աղաբեկով Վլադիմիրը Մինսկում է, ընկերներից ոմանք` Մոսկվայում, Բաշկիրիայում, բայց հեռավորությունն ու տարիները չեն կարողացել ստվերել մեծ ընկերությունը։

 Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Վարդանյանը նշում է իր 80-ամյակը։

 Շնորհավո՛ր ծնունդդ, Սյունյաց աշխարհի մեծահամբավ գիտնական։ Ամուր առողջություն Ձեզ, նպատակների իրականացում եւ նորանոր հաղթանակներ գիտական աշխարհում։

 

Արեւիկ Աբելյան

 

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00