«Նեզավիսիմայա գազետա» թերթի հիմնադիր եւ նախկին գլխավոր խմբագիր, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Վիտալի Տրետյակովը, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցերին, կարծիք է հայտնում, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված պատերազմը կարող է երկար ընթացք ունենալ, եթե Ռուսաստանը ուժի կիրառմամբ խաղաղություն չպարտադրի տարածաշրջանին: Նրա համոզմամբ, ՌԴ նախագահ Պուտինը պետք է անմիջականորեն բանակցի Էրդողանի հետ, քանի որ Թուրքիան արդեն տարածաշրջանում է:
- Պարոն Տրետյակով, շուրջ մեկ ամիս է՝ ղարաբաղյան ճակատում պատերազմ է: Անհաջողության են մատնվում նույնիսկ հումանիտար հրադադարի հասնելու փորձերը: Ինչպե՞ս եք տեսնում իրադարձությունների հետագա ընթացքը:
-Հումանիտար նկատառումներով հրադադար լինում է նույնիսկ ամենաթեժ պատերազմների ժամանակ: Օրինակ, Հայրենական պատերազմի ժամանակ էլ կողմերը իրար մեջ պայմանավորվում էին կանգ առնել՝ զոհվածների մարմինները փոխանակելու եւ այլ նպատակներով: Սակայն, կոնկրետ այս պարագայում, մենք տեսնում ենք, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված երկու համաձայնությունները՝ ժամանակավոր հրադադարի անցնելու հետ կապված, իրականում չկատարվեցին եւ բառացիորեն խախտվեցին մի քանի ժամվա ընթացքում: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները երկրորդ անգամ էլ Մոսկվա եկան, սակայն չեմ հավատում, թե նրանց այցելությունները շոշափելի արդյունք կունենան՝ կրակի երկարատեւ դադարեցման առումով: Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում, քանի որ ղարաբաղյան կոնֆլիկտն արդեն կարծրացած է եւ նրա արմատները հարյուրամյակների խորքում են: Բացի այդ, այս պահին մենք տեսնում ենք, որ կողմերը փոխզիջումային շփման հարթությունների վրա չեն՝ ոչ իրավական, ոչ պատմական տեսանկյուններից: Այսինքն չկան նախադրյալներ հրադադար հաստատելու համար: Բացի այդ, այս տարիների ընթացքում, երբ ստատուս քվոն պահպանվում էր, հայկական կողմը կարծես մի տեսակ հանգիստ էր, թուլացել էր: Խաղաղ կյանքը այդպիսի առանձնահատկություն ունի, իսկ Ադրբեջանը, դժգոհ լինելով իրերի նման դասավորությունից, չթաքցնելով իր մտադրությունները, այս ամբողջ ընթացքում պատրաստվում էր, որպեսզի ռազմական ճանապարհով վերադարձնի տարածքները, որոնք նա համարում է հայերի կողմից օկուպացված: Իլհամ Ալիեւը բազմիցս է այդ մասին խոսել՝ ե՛ւ ուղիղ տեքստով, ե՛ւ փոխաբերական: Գումարած դրան, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նա ինտենսիվ կերպով զբաղված էր նոր զինամթերքի ձեռքբերմամբ եւ իր բանակը վերազինելով, քանի որ 90-ականների սկզբին նրանց մարտունակությունը լավագույնը չէր: Այսինքն, պարզ էր, որ Ադրբեջանը վաղ թե ուշ անցնելու է հարցի ռազմական ճանապարհով լուծմանը, եւ այս իրավիճակը անակնկալ չէր, հետեւանք չէր նրա, որ, ասենք, Ալիեւը սեպտեմբերի 27-ին արթնացել էր սխալ ոտքից, իսկ Էրդողանն էլ հանկարծ զանգահարեց ու ասաց՝ դե ինչ, Իլհամ, չհարձակվե՞նք այսօր: Եվ վերջապես Թուրքիայի գործոնը, որի հետ համագործակցելով, որոշվել է մեկընդմիշտ լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը ռադիկալ ճանապարհով: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ ե՛ւ Էրդողանի, ե՛ւ հատկապես Ալիեւի կողմից լրատվամիջոցներում հնչող ելույթներն ու պատասխանները վերջնագրային են, եւ չի նկատվում խաղաղ բանակցություններ անցնելու տրամադրվածություն: Ահա այս բոլոր գործոնները համադրելով, ես կարծում եմ, որ պատերազմը շուտ չի ավարտվելու:
-Այնուամենայնիվ, բոլոր պատերազմներն ավարտ են ունենում: Ի՞նչ նախադրյալներ կարող են առաջ գալ, որոնք արցախյան պատերազմը ավարտին կհանգեցնեն: Արցախի անկախության ճանաչումը կարո՞ղ է նման գործոն հանդիսանալ:
- Քանի որ արդեն նշեցի, որ ես հակված չեմ հավատալու, որ բանակցությունների ճանապարհով հնարավոր է հասնել երկարաժամկետ հրադադարի, ապա կարծում եմ, որ դա հնարավոր է անել խաղաղություն պարտադրելով, եւ դա կարող է անել միայն այն ուժը, որը հետաքրքրված է տարածաշրջանի կայունությամբ, շատ լավ ծանոթ է այդ կոնֆլիկտին եւ ունի փորձ ու հնարավորություններ դա անելու: Ես խոսում եմ Ռուսաստանի մասին: Ես կարծում եմ, որ Ռուսաստանից բացի ոչ մի երրորդ կողմ չի կարող եւ չպետք է ազդեցության լծակներ ունենա այդ տարածաշրջանում: Այս պահին Թուրքիան արդեն իրապես ներկա է այդ հակամարտության մեջ, եւ ՌԴ-ին դա միանշանակ ձեռնտու չի:
- Պարոն Տրետյակով, բայց կարծես թե չենք տեսնում լուրջ անհանգստություն Ռուսաստանի կողմից՝ կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածության առումով:
- Ես շատ հարցադրումներ ունեմ Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ եւ ոչ միայն հետսովետական տարածքի շուրջ: Կարող եմ ժամերով խոսել այդ մասին, քանի որ տեսնում եմ բոլոր բացթողումները: Սակայն դուք չեք կարող չլսել շատ ու շատ մարդկանց ձայները, որոնք հնչում են դաշնային, պետական հեռուստաալիքներով: Նախկինում այդ ձայները կարող էին եւ չհնչել, իսկ այսօր դրանք առկա են եթերում. փորձագետները եթերում բացահայտ կերպով ասում են, որ Թուրքիայի մասնակցությունը այդ կոնֆլիկտում բացարձակ անընդունելի է: Ռուսաստանը գերտերություն է եւ վարում է բազմավեկտոր քաղաքականություն իր հարեւանների եւ գործընկեր պետությունների հետ: Հասկանալի է, որ հետսովետական տարածքի հետ կապված՝ արտաքին քաղաքականությունը որոշակիացնում է ոչ թե ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, այլ նախագահի աշխատակազմը եւ անձնապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Եվ կոնկրետ այս պարագայում նա, թերեւս, հանձնարարություններ է տալիս ոչ հրապարակային, եւ մենք առայժմ մինչեւ վերջ չգիտենք, թե ինչ մտքեր ունի Պուտինը: Հաճախ նա շատ երկար ոչինչ չի ասում եւ հետո հանկարծ միանգամից արտահայտվում է կամ սկսում է գործել:
- Դուք ցանկանում եք ասել, որ Ռուսաստանի դժգոհությունը իրավիճակի հետ կապված առայժմ հնչեցվում է ռուսական ԶԼՄ-ների շուրթերո՞վ:
- Անկասկած այդպես է: Երբ մենք տեսնում ենք, որ այդ հարցի հետ կապված բավականին ազատ եւ անվիճարկելի կերպով մեր հեռուստաալիքներում բազմաթիվ փորձագետների կողմից հնչեցվում են մտահոգություններ Թուրքիայի վարած վտանգավոր քաղաքականության մասին, որոնք փաստացիորեն հակասում են Ռուսաստանի ազգային շահերին, ապա ակնհայտ է դառնում ամեն ինչ: Իհարկե, հավասարակշռություն պահպանելու համար ստուդիա են հրավիրվում նաեւ ադրբեջանական կողմի տեսակետը հնչեցնող փորձագետներ, լրագրողներ, սակայն եթե դուք ուշադիր լինեք, ապա կտեսնեք այդ բանավեճերում հայամետ ու ադրբեջանամետ բանախոսների քանակական պատկերի տարբերությունը: Հայկական կողմի տեսակետը պաշտպանողները, անկասկած, գերակշռող են: Սա գուցե նրանից է, որ այդ պատերազմը ոչ մի առումով ձեռնտու չէ ՌԴ-ին եւ մեզ համար ստեղծում է շատ խնդիրներ տարածաշրջանում:
Ենթադրենք, որ Ադրբեջանը հաղթում է: Ենթադրենք: Այդ դեպքում տարածաշրջանում հաստատվելու է Թուրքիան, որպես ռազմական, դիվանագիտական եւ ցիվիլիզացիոն ուժ: Նա արդեն մտել է տարածաշրջան Աջարիայի միջոցով, որը Ռուսաստանի համար անընդունելի է: Էլ չեմ ասում, որ Թուրքիան ակտիվացել է Ուկրաինայի կողմում: Այնպես որ, իմ կարծիքով, Ռուսաստանի համար անընդունելի է Ադրբեջանի հաղթանակը այդ պատերազմում եւ պետք է կանգնեցնել այդ պատերազմը, վերահաստատել ստատուս քվոն: Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հակված չի այդ տարբերակին: Նշանակում է, որ նրան պետք է ուժով պարտադրել խաղաղություն: Ինչպե՞ս: Կարծում եմ, Ռուսաստանը պետք է ուղղակի կերպով բանակցություններ սկսի Թուրքիայի հետ: Իմ այս տեսակետը վիճելի է շատերի համար, սակայն, դա իմ կարծիքն է: Եթե Անկարան սկսել է այս ամբողջ խաղը, մտել է կոնֆլիկտի մեջ, դրդել է Ադրբեջանին գնալ պատերազմի, նշանակում է նա արդեն գործոն է, ու Ռուսաստանը ոչ թե Ալիեւի, այլ Էրդողանի հետ պետք է համաձայնության գա՝ խաղաղություն վերահաստատելու համար:
Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչմանը. ինձ համար ակնհայտ է, որ Ռուսաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը հետեւյալ պատճառից ելնելով. այս ռազմական կոնֆլիկտը հիշեցնում է մեզ, որ հետսովետական տարածքում այնպիսի չճանաչված պետություններ, ինչպիսին Արցախի Հանրապետությունն է, մի քանիսն են՝ Մերձդնեստրովիեն, ԼՆՌ-ը, ԴՆՌ-ը: Եվ տեսեք, մենք Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչեցինք ու սկսեցինք հանգիստ ապրել: Ոչ մի սրացում, ոչ մի պատերազմ: Ինչո՞ւ այս պարագայում էլ չանել նույնը: Բայց, այստեղ խնդիրն այն է, որ բացարձակ ոչ տրամաբանական կլինի, եթե Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, իսկ Հայաստանը՝ ոչ: Այնպես որ, Ռուսաստանը չի կարող միակողմանի անել նման քայլ՝ իր համար ստեղծելով խնդիրներ:
ՆԱԻՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
armtimes.com