ՌՈԲԵՐՏ ԿԱՄՈՅԱՆ. «Ես նկարելու եմ նաեւ մահվանից հետո»

01.10.2014 14:24
4803

ԽՈՍՔ ՀՐԱԺԵՇՏԻ


 

Ժամանակի հոլովույթները մեզ ոչ այնքան ուրախ, որքան տխուր անակնկալներ են մատուցում: Դեռ չէինք հասցրել «մարսել» մեր հայրենակից Ռոմիկ Սարդարյանի մահվան գույժը, երբ խմբագրությունում ստացվեց եւս մի թեւաթափ անող, մինչեւ հոգու խորքը տխրեցնող բոթ՝ մահացել է Ռոբերտ Կամոյանը՝ ուղղամիտ մարդը, ճշմարիտ արվեստագետը, ով, Կապանում ճանաչված ու հարգված լինելով, նաեւ վերջին տասը տարում մտերմական ու ստեղծագործական կապերով կապված էր «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության հետ: Դժվար է հավատալ, որ այլեւս նրան չենք հանդիպելու կտավներով ծանրաբեռ իր արվեստանոցում՝ նկարակալի առջեւ, վրձինը ձեռքին, նոր գեղանկար արարելիս, նաեւ խոհափիլիսոփայական զրույցներ անելիս կյանքի, գրականության, արվեստի մասին:

Իսկ նա այնքա՜ն մտահղացումներ ուներ, չիրագործված, կիսատ ծրագրեր…

Ռոբերտ Կամոյանը ծնվել է 1937թ. հունվարի 6-ին Կապանում, միջնակարգ կրթությունը ստացել է Կապանի N3 (ռուսական) դպրոցում, այնուհետեւ մեկնել է Լենինգրադ եւ ընդունվել տեղի Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան: 1954-1955թթ. այնտեղ սովորելուց հետո, հոր առողջական վիճակով մտահոգ, երկրորդ կուրսից ուսումն ընդհատել է, վերադարձել Կապան եւ աշխատանքի անցել մսի կոմբինատի սառնարանային տնտեսությունում` կոմպրեսորային արտադրամասի մեքենավարի օգնական, ապա` Բարաբաթումի պղնձահանքում` բանվոր:

1958թ., երբ վերականգնվել էր հոր առողջությունը, մեկնել է Երեւան, ընդունվել գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ, որը ռեժիսուրա մասնագիտությամբ ավարտել է 1963 թվականին: Միաժամանակ սովորել է նույն ինստիտուտի գունանկարչական ֆակուլտետում, որն ավարտել է 1964-ին նկարիչ-գունանկարչի ու մանկավարժի մասնագիտությամբ: Գեղարվեստաթատերական ինստիտուտում ուսանել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Վարդան Աճեմյանի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Գուլակյանի, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Էդուարդ Իսաբեկյանի, հանրապետության ճանաչված այլ նկարիչների եւ ռեժիսորների ղեկավարությամբ:

1965թ. աշխատել է Մեղրու շրջանի Ագարակ քաղաքի մշակույթի տան տնօրեն: 1966-1967թթ. մայրաքաղաքում էր` Երեւանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային եւ Կ.Ստանիսլավսկու անվան պետական թատրոններում` ռեժիսոր, նկարիչ: 1967-1988թթ. Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում էր` բեմադրող ռեժիսոր, նկարիչ, գլխավոր նկարիչ: Զուգահեռաբար բեմական ձեւավորումներ է կատարել Գյումրու, Գորիսի թատրոններում: 1971 թվականից գործում է նրա հիմնադրած նկարչական ստուդիան, որտեղ տարիներ ի վեր ուսանել են հարյուրից ավելի պատանիներ եւ աղջիկներ: Եվ հիմա մնում է սփոփվել իրողությամբ, որ նրա թողած ժառանգությունը ոչ միայն մեծաթիվ կտավներն են, այլեւ իր հիմնադրած գեղարվեստի ստուդիան, որտեղ գեղագիտական դասեր են ստացել եւ գույնի ու գծի լեզուն սովորել նրա սաները:

1960-ականների կեսերից մասնակցել է հանրապետական եւ համամիութենական ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է բացել Լենինգրադում, Ռիգայում, Յուրմալայում, Վիլնյուսում, Երեւանում, Կապանում: Նրա ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում: Նկարելուց զատ փորձում էր իր խոհերն ու ապրումները թղթին հանձնել չափածո խոսքով: Համակողմանի զարգացած այր էր. համաշխարհային գրականություն եւ երաժշտություն գիտեր, հատուկ փիլիսոփայություն էր ուսումնասիրել, ճարտարապետություն, մյուս արվեստները: Ռոբերտ Կամոյանը նաեւ հետաքրքիր կյանք ապրած անձնավորություն էր` հեռավոր ճամփորդությունների է մեկնել Սիբիր, Հեռավոր արեւելք, Կամչատկա` երբեմն արկածներով լի, հանքում ֆիզիկական ծանր աշխատանք է կատարել` ընտանիքի հոգսը թեթեւացնելու նպատակով: Բայց ամեն ինչից զատ` նա ճշմարիտ արվեստագետ էր… Ավաղ, ժամանակակից կերպարվեստում իր մնայում տեղը գտած, ինքնատիպ ձեռագիր ու գեղագիտական ոճ մշակած գեղանկարիչը մինչ իր անժամանակ մահը չգնահատված ու հանրությանն ըստ պատշաճի չներկայացված մնաց: Ցավոք, բնատուր տաղանդ ունեցող շատ շատերի ճակատագիրն այդպիսին է… Դրսերում կարող էր փառքի ու կոչումների արժանանալ, բայց այդ ամենը նրա համար չէր: Հեռուներից եկավ հայրենի եզերք. եւ այլեւս ոչ մի տեղ չէր ցանկացել ապրելու գնալ: Նրանը Խուստուփն էր, հայրենի բնությունը, իր բնօրրանի պարզ ու անմիջական մարդիկ: «Ուրիշ տեղը խորթ է, այնտեղի դեմքերն էլ են խորթ», – փիլիսոփայում էր այդ առիթով:

Ռոբերտ Կամոյանն ընդգծված անհատականություն էր, ազատ, անկաշկանդ, արդիական ձեւամտածողությամբ, համառ էր, անդավաճան իր սկզբունքներին: Խարսխվելով ազգայինի վրա` նրան հաջողվում է ներդաշնակել հայ արվեստի ավանդույթները եւ այդ հենքի վրա ստեղծել նոր գործեր: «Կամոյանը թե՛ իր ոճով, թե՛ իր մտածելակերպով յուրահատուկ արվեստագետ է: Նկարչի այդ տեսակից շատ բան կարելի է սովորել», – նրա մասին ասում էին գեղանկարչությունը որպես մասնագիտություն ընտրած նրա սաները:

Ռոբերտ Կամոյանը «Սյունյաց երկիր» թերթի անկեղծ բարեկամն էր, խորհրդատուն, նաեւ խմբագրության հանձնարարություններն էր կատարում, նրա վրձնին են պատկանում թերթի հատուկ թողարկումների շապիկներին տպագրված Խաչատուր Աբովյանի, Ակսել Բակունցի, Սուրբ Գրիգոր Տաթեւացու, Նիկողայոս Ադոնցի, Ռաֆայել Մինասյանի դիմանկարները, Ձագեձորի բերդի (Գորիսի), Վահանավանքի նավակատիքը պատկերող եւ Ագարակ քաղաքի գեղանկարները: Համով, հոտով մարդ էր, մթնոլորտ ու աուրա ստեղծող: Անասելի հաճույք էիր ստանում փիլիսոփայական ատաղձով նրա խոսքն ու խոհը լսելիս:

Մեր թերթի՝ գեղանկարչի ծննդյան օրվան նվիրված անցյալ տարվա հունվարի 31-ի համարում գրել էինք. «Այսօր էլ Ռոբերտ Կամոյանը շարունակում է ստեղծագործել երիտասարդական ավյունով: Նա, իր իսկ վկայությամբ, դեռեւս տասը տարվա ստեղծագործական աշխատանքի ծրագրեր ունի»: Անակնկալ մահն անավարտ թողեց բազում ստեղծագործական մտահղացումներ: Անչափ է կորստյան ցավը, այն վակուումը, որ իր հետեւից թողեց արվեստագետը, երբեք չի լցվելու: Քանզի նման անհատականություններ մեր օրերում սակավ են հանդիպում: Ահավասիկ, նրա խոսքը. «Արվեստագետները գալիս են ու անց կենում: Փորփրենք նրանց անցյալ կյանքը. հուսահատության ու մարդատյացության, խարդախության կամ ինքնագոհության եւ ոչ մի հիմք: Այս մեծագույն միստիկները միշտ էլ հավասարակշռված են, եւ ոչինչ չի կարող սասանել նրանց հավատն առ գեղեցիկը եւ գոյության անվերջությունը»:

Արվեստագետի իր ապրած կյանքով նա հաստատեց հայտնի գրողի ձեւակերպումը, թե նկարիչն իր ժամանակի խիղճն է: Միակ բանը, որը չէր բավականացնում արվեստագետին, ժամանակն էր: «Մի մարդ էլ չկա, որ ժամանակ պարտք անեմ, օրվա 24 ժամը չի հերիքում, - փորձում էր կատակել եւ հավելում էր, - ես նկարելու եմ նաեւ մահվանից հետո»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46