Ռուբեն Մաթեւոսյան. «Գուսանի երգը թող հովանի լինի բոլորիս, եւ այդ երգով շնչի յուրաքանչյուրը»

25.04.2017 11:28
1762

Հարցազրույց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթեւոսյանի հետ


- Պարո՛ն Մաթեւոսյան, ներկայացրեք Գուսան Աշոտի երգարվեստի դերը Ձեր գործունեության մեջ:

- Գուսան Աշոտն իմ ամենասիրելի գուսաններից է, իմ երգացանկում տեղ գրաված ամենացանկալի ստեղագործողներից մեկը: Դեռեւս 1962թ. «Յար առանց քեզ» երգը ռադիոյով եւ հեռուստատեսությամբ առաջին անգամ հրապարակային հնչեցնելու իրավունքը տրվեց ինձ: Բայց մինչ այդ հեռուստատեսությամբ մի հրաշալի երեկո հեռարձակվեց՝ նվիրված Գուսան Աշոտի ծննդյան 55-ամյակին, որին մասնակցում էին մեր երգարվեստի բոլոր մեծերը: Նշեմ, որ իմ երգչական գործունեությունը սկսել եմ 1961թ.:

Ի պատիվ Գուսան Աշոտի պետք է ասեմ, որ նրա երգերը, բացի մեզանից, կատարել են հռչակավոր օպերային երգիչներ, ովքեր մեր թատրոնի սյուներն են եղել, ինչպես օրինակ Տաթեւիկ Սազանդարյանը: Գուսան Աշոտի երգը սիրով է կատարել Շարա Տալյանը, միշտ բարձր մակարդակով հնչեցրել են Օֆելյա Համբարձումյանը, Հովհաննես Բադալյանը եւ այլք: Ի դեպ, Հովհաննես Բադալյանի հոգածությամբ նոտագրվել են Գուսանի բազում երգեր: Այդ տարիներին նրա երգերը ժողովրդին հասցնելու, սիրելի դարձնելու գործում անգնահատելի են Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի եւ անձամբ Թաթուլ Ալթունյանի դերակատարությունը, նրա բարձր ճաշակը, որի շնորհիվ հնչում էին հրաշալի երգեր, ինչպես օրինակ՝ Լուսիկ Քոշյանի կատարմամբ «Սարի սիրուն յար», «Քո սերը երգեմ», Վաղարշակ Մամիկոնյանի կատարմամբ՝ «Սյունյաց սարեր», Վարդուհի Խաչատրյանի կատարմամբ՝ «Արի բաղերով» երգերը եւ այլն:

Ինչ վերաբերում է հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր կոլեկտիվին, ապա Գուսան Աշոտի երգերի առաջին պրոպագանդողը, ժողովրդին հասցնողը, նրա կենցաղ մտցնողն ու երգը սիրելի դարձնողը մեր անսամբլն էր, որ բարձր մակարդակով հնչեցնում էր նրա երգերը: Այստեղ նույնպես պետք է կարեւորեմ անձամբ Արամ Մերանգուլյանի գործունեությունը, ով ոչ միայն նոտագրեց նրա շատ երգեր, այլեւ նախանվագներ ստեղծեց դրանց համար (նրա հետ միասին նաեւ Ալեքսանդր Ալեքսանդրյանը), առանց որոնց կատարողներս չէինք պատկերացնում այդ ստեղծագործությունները: Հետագայում երբ մեր մեծերը չկային, Գուսան Աշոտն ինքն էր նախանվագներ հորինում, որոնք ոչ թե լրացնում, այլ ամբողջացնում էին այդ ստեղծագործությունները:

- Որքանով տեղյակ ենք, Գուսանը բարձր է գնահատել Ձեր արվեստը եւ նրա հետ մտերմիկ հարաբերություններ եք ունեցել: 

- Յուրաքանչյուր անգամ բեմ բարձրանալիս գերագույն հաճույք եմ զգացել: Գուսան Աշոտն ինձ առանձնակի համակրանքով ու հարգանքով էր վերաբերվում՝ չնայած տակավին երիտասարդ էի: Հիշում եմ 1962թ. հոբելյանական երեկոն. Հովհաննես Բադալյանի՝ արտասահմանում գտնվելու պատճառով ինձ հանձնարարել էին կատարել «Ով դու գուսան» երգը, որը սիրելի էր դարձել հենց նրա կատարմամբ: Բնականաբար, ինքնուրույն մոտեցում ցուցաբերեցի երգը կատարելիս, այնպես, ինչպես իմ զգացողությունն էր եւ իհարկե Մերանգուլյանի «պարտադրանքը», թե ինչպես պետք է ընկալել ու մատուցել այդ երգը: Ավարտին Գուսան Աշոտը ճակատս համբուրեց. ասեմ, որ բավականին մտերիմ եւ ջերմ հարաբերություններ ունեինք: Երբ երգեցի «Հով գիշեր, զով գիշեր» երգը, որ հիմա խնամքով պահվում է ռադիոյի ոսկե ֆոնդում, Գուսանն այդ կատարումը լսելուց հետո ինձ ասաց. «Սիրելի՛ Ռուբեն, «Չեմ մոռանա, Գուսա՛ն Աշոտ, անունդ, ձմեռ չունի, միշտ դալար է գարունդ» երգի տողը միայն դու իրավունք ունես այսպես երգել՝ «Չես մոռանա, Գուսա՛ն Աշոտ, անունս, ձմեռ չունի, միշտ դալար է գարունս»»: Ի դեպ, նա մի դավթար ուներ, որտեղ գրի էր առնում իր խոսքերը, ասույթները եւ ստորագրում: Դրանից հետո ես փոփոխված տարբերակով հնչեցրի այդ երգը, եւ հիմա ձայնադարանում այդ տարբերակն է պահպանվում:

Տարբեր առիթներով երբ նվիրում էր գիրքը, բանաստեղծական տողերով էր մակագրում այն: Դրանցից երկուսը ներկայացնեմ ձեր ուշադրությանը.

Հազար ու մի տուն ես մտել արքայական քո ձայնով,
Հազար սրտում հուր ես վառել անապական քո ձայնով,
Հավք ու հովեր, ծիլ ու ծաղիկ քո ձայնի տակ կարթնանան,

Գուսանիս սեր-տաղն է հնչում հայկական նուրբ քո ձայնով: (Իմ սիրելի Ռուբիկին՝ Գուսան Աշոտից)
Ինչքան բարիք կմաղթեն,

Ինչքան օրհնանք քեզ կտան,
Սիրտ հմայող քո ձայնին աղբյուր կասեն գլգլան,
Էն տարագիր հավքերն էլ երգիդ շնչով տուն կգան: (Գուսան Աշոտ)

Այս տարիների ընթացքում շատ գնահատականներ եմ ստացել, բայց այնպիսին, ինչպիսին Վարպետի խոսքն է, ինձ համար օրհնանք է եւ ոչ միայն գրքին թողած մակագրություն: Հպարտ եմ, որ կատարել եմ նրա երգերը, որոնց հայտնվելն իմ երգացանկում պատահականություն չի եղել. պետք է ընկալեի տվյալ ստեղծագործությունը: Առհասարակ չկա վատ երգ, կա վատ կատարող, այդ առումով չեմ կարող մատնանշել Գուսան Աշոտի որեւէ երգ, որն իր երգչին գտած չլինի: Մեր երգիչներն այդ երգերը մի քիչ ավել, մի քիչ պակաս մատուցել են, բայց երբեք չեն վնասել: Այլ խնդիր է, թե այսօր ինչպես են կատարում նրա երգերը: Կարելի է շատ ուշադիր լինել, որովհետեւ այն մեղեդին, որ հյուսվել է, նոտաներով արձանագրված է, եւ բավական են երգչական հնարների ճիշտ օգտագործումը, վարվելակերպը, ընկալումը եւ մեկնաբանումը, որ երգը ճիշտ վերարտադրվի: Ինչ վերաբերում է մեղեդու զարգացմանը, ապա հիմքը կա, մնում է գրագետ վերաբերվել դրան, որովհետեւ չէի ցանկանա, որ Գուսանի երգն իջներ այն մակարդակին, որ ժողովուրդը երգի, ինձ ճիշտ հասկացեք՝ ի նկատի ունեմ, որ, այո՛, ժողովուրդը պետք է կատարի, բայց նա իր ձայնը պետք է ունենա, մեկը, ով ժողովրդի անունից կներկայացնի այդ երգը: Նրա երգերը մեր նվիրյալների շուրթերից են հնչել՝ համեմված անձնական վերաբերմունքով, մտածելակերպով. ո՛չ Տաթեւիկ Սազանդարյանը, ո՛չ Շարա Տալյանը, ո՛չ Հովհաննես Բադալյանը, ո՛չ Օֆելյա Համբարձումյանը, ո՛չ Ռուբեն Մաթեւոսյանը, Վաղարշակ Մամիկոնյանն ու Վարդուհի Խաչատրյանը պատահականություն չեն եղել մեր երգարվեստում: Ներկայիս կատարողները պետք է ականջալուր լինեն նրանց, ոչ թե թութակի նման կրկնեն, այլ հասկանան, թե Գուսանն ինչ է ուզել ասել այդ ստեղծագործության միջոցով: Նշեմ, որ Գուսանի երգերի 90 տոկոսը երգ դարձել, հնչել են հատկապես Մերանգուլյանի փորձասենյակում ու ռադիոյում, որտեղից պրոպագանդվել ամբողջ աշխարհում: Այդ հարցում կարեւոր առաքելություն ուներ նաեւ երգի-պարի պետական անսամբլը: Գուսանական անսամբլը եւս կատարում էր Աշոտի երգերից, բայց ավելի քիչ, որովհետեւ Գուսան Աշոտը միշտ ուզում էր ռադիո բերել երգերը, որովհետեւ դեպի ժողովուրդ գնացող ճիշտ ճանապարհը ռադիոն էր: Չմոռանանք, որ ռադիոյի ժողգործիքների անսամբլում, որ հետագայում կոչվեց Արամ Մերանգուլյանի անունով, լավագույն կատարողներն էին, եւ Գուսանի ընտրությունը պատահական չէր:

- Ինչպիսի՞ն է այսօր հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի գործունեությունը:

- Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլը շարունակում է նույն տեմպով եւ առաքելությամբ աշխատել, որի գեղարվեստական ղեկավարը ես եմ:

- Ձեր գործը շարունակող ունե՞ք:

- Կարծում եմ՝ կլինեն, չի կարող պատահի, որ չլինեն: Անսամբլի գործը ոչ թե լավն է, այլ պատասխանատու, որ պարտադրում է հայ երգը մշտապես արթուն պահել, բարձր պահել այդ երգարվեստի պատիվը, զգալ նրա կարեւորությունն ու անհրաժեշտությունը մեր կյանքում, հայի կյանքում: Գուսան Աշոտը մեկն է, ով մեզ հարյուրավոր երգեր է նվիրել, որոնց պահպանումը բոլորիս պարտքն է:

- Ո՞ւմ կարող ենք գուսան կամ, ինչպես այսօր ընդունված է ասել, աշուղ անվանել:

- Գուսան Աշոտը հետաքրքիր երեւույթ է, ինչ-որ առումով նա կոմպոզիտորական մտածելակերպ ուներ: Պետք է գիտակցել, որ գուսանական արվեստը, որ այսօր աշուղական են ներկայացնում (չեմ ուզում խորանալ դրանց առանձնահատկությունների մեջ), մեր ժողովրդական երգի դասական շերտն է: Հիմա ում ասես գուսան են ասում, բայց կարգն այդպես չէ: Այսօրվա մեր հասկացողությամբ գուսան նշանակում է կոմպոզիտոր, այսինքն՝ լուրջ մասնագետ, ով գիտե, թե ինչպես պետք է գրի առնել ստեղծագործությունը: Երկրորդ առանձնահատկությունը. նա բանաստեղծ է բառիս բուն նշանակությամբ, երրորդ՝ երաժիշտ-կատարող է, այսինքն՝ տիրապետում է որեւէ երաժշտական գործիքի եւ ոչ թե ծնգծնգացնում, եւ չորրորդ՝ երգիչ-կատարող է: Եթե այս չորս հատկանիշին կատարելապես տիրապետում ես, ուրեմն գուսան ես: Դժբախտաբար, Գուսան Աշոտը, Հավասին, Աշուղ Շահենն այդ դարավոր կուլտուրայի վերջին մոհիկաններն էին: Հիմա էլ կան գուսաններ, բայց չեմ ուզում նրանց արվեստին որեւէ գնահատական տալ, միայն կարող եմ ասել, որ իմ կարծիքով այսօրվա գուսաններն այն ժամանակվա ինքնուս ստեղծագործողներն են, որոնցից նշանավորների երգերը սիրով կատարել են մեր լավագույն երգիչները: Ներկայումս ստեղծագործողներ կան, որոնց չեմ ուզում չակերտների մեջ կամ չակերտներից դուրս դնել, միայն պետք է ասեմ, որ մեղեդիներ են հյուսում, որոնք ժամանակին Գուսան Աշոտն է հորինել. բնավ կարիք չկա այդ մեղեդիները հակառակ կամ մեկումեջ կարդալ: Գուսան Աշոտին, Հավասուն, Ջիվանուն լսելիս երբեք չեմ շփոթի նրանց, կամ թե չէ Գուսան Շահենին չեմ համեմատի, օրինակ, Սայաթ-Նովայի կամ Շերամի հետ: Նրանցից յուրաքանչյուրն իր ձեւը, մտածելակերպը, երաժշտական ունակություններն ունի. նրանք անկրկնելի են ու անմրցակից, կայացած անուններ, որոնց բոլորն են ճանաչում: Ներկայումս կան ընկերություններ, որոնք, ասենք, գուսան են ձեռնադրում, սա գոնե ինձ համար տարօրինակ ու անհասկանալի երեւույթ է:  

Պատահական չէ նաեւ այն փաստը, որ ե՛ւ Գուսան Աշոտը, ե՛ւ Հավասին, ե՛ւ Աշուղ Շահենը եղել են թե՛ կոմպոզիտորների, թե՛ գրողների միության անդամներ:

- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ երգի երկարակեցությունը կախված է նաեւ կատարողից:

- Դա իսկապես այդպես է, քանի որ երգը դեպի ժողովուրդ տանողը կատարողն է: Եթե նա չի հասկացել այդ երգը, ուրեմն կվնասի այն: Գուսան Աշոտը գիտեր, որ երբ երգ է ծնվում, այն երկու հասցե ուներ՝ կա՛մ Արամ Մերանգուլյանի, կա՛մ Թաթուլ Ալթունյանի փորձասենյակ: Խոստովանեմ, որ նրա երգերի 80 տոկոսը ռադիո էր գալիս, քանի որ այնտեղ երգի ու պարի միջոցով պետք է ներկայացվեր:

- Գուսան Աշոտը հատուկ Ձեզ համար հորինե՞լ է որեւէ երգ:

- Այո՛, «Հայրիկ» երգն է, որ սիրով եմ կատարել, բոլորովին այլ կերպ ընկալել: Թեպետ այդ երգը Գուսանն է գրել, բայց այն իմ զեկույցն է հայրիկիս: Եվ առհասարակ յուրաքանչյուր կատարող պետք է հասկանա, թե ինչ է երգում, դրանով ունի՞ ասելիք, թե՞ ոչ, միայն մեղեդին կրկնելով չէ:

- Եթե չենք սխալվում, Դուք նաեւ նոտագրել եք նրա երգերը:

- Հիմա կոնկրետ չեմ հիշում, թե քանի երգ եմ նոտագրել, բայց այդ նոտագրությունները տվել եմ Գուսանին, թե հետագայում ով է խմբագրել, ինչպես են արել կամ տպագրել, դա ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրել է միայն դրանք ժողովրդին հասցնելը, այսինքն՝ այն, որ այդ երգերն այսօր ժողովուրդը երգի:

- Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդ երգիչների՝ գուսանական, ժողովրդական երգերի հանրությանը մատուցումը:

- Մեր խոսակցությունն ի վերջո հանգում է նրան, որ լավ կլիներ, եթե նրանք հետեւեին իմ խոսքին, որ նաեւ այս հարցազրույցի շրջանակներում հնչեցրի:

- Ունկնդիրներիս շրջանում երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ ճանաչում ձեռք բերելու եւ ժողովրդի սերը վայելելու համար հաճախ նորելուկ երգիչ-երգչուհիները կատարում են գուսանական, ժողովրդական երգեր, բայց հետագայում փոխում են իրենց ոճը՝ տանելով այն բոլորովին այլ ուղղությամբ:

- Նրանք պարզապես ուզում են երեւալ, բայց այդպես էլ չեն վայելում ժողովրդի սերը: Նրանց կատարումից անմիջապես կարելի է զգալ, որ այդ երգարվեստն իրենցը չէ: Դա նույնն է, որ մարդուն հագցնես ոչ իր չափսերին համապատասխան հագուստ: Իհարկե, հնչեղ ձայներ կան, տաղանդավոր, շնորհալի երիտասարդներ, պարզապես նրանց ուղղորդող է հարկավոր: Նրանք էլ պետք է լինեն ուշիմ, ուշադիր եւ ականջալուր նրանց ցանկություններին, ովքեր մի ամբողջ կյանք ու դարաշրջան են ապրել՝ այդ երգերի կատարման վարպետը դառնալու համար:

- Եվ ի վերջո ո՞վ պետք է լինի ուղղորդողի դերում:

- Իհարկե, նախեւառաջ ուղղորդող մասնագետից պետք է սկսենք, նրանից, ով իսկապես տիրապետում է երգարվեստին: Իսկ նրանք, ովքեր դաշտ են ստեղծում, որ սրա-նրա միջոցով դրամ աշխատեն, բոլորովին արվեստի հետ առնչություն չունեն, այդ երեւույթն ավելի շատ բիզնեսային իմաստ ունի: Հասկանալի է, որ բոլորն են ձգտում բարեկեցիկ կյանքով ապրել, բայց դա չի նշանակում, որ պետք է ծավալեն մի գործունեություն, որ բնավ կապ չունի նրանց էության ու գիտակցության հետ, եւ ծնված չեն այդ մասնագիտության համար: Ինչպես կարող է պատահել, որ մեկն առանց տառերն իմանալու սկսի գիրք կարդալ, կամ ընկալի կարդացածը. կարող է կրկնել, բայց բազում սխալներով:

- Կարո՞ղ ենք մտավախություն ունենալ, որ մի օր գուսանական երգարվեստը կմոռացվի:

- Ոչինչ հավերժություն չէ կյանքում, բայց կյանքը երկրագնդի վրա հավերժ հարատեւող երեւույթ է: Մարդու ապրած կյանքը պահ է, բայց այդ պահը կարող է նշանավոր դառնալ եւ ուղենիշ լինել շատերի համար, եթե այն անցել է ճիշտ ճանապարհ, ունեցել սխալներ, հասկացել դրանց կործանարար ազդեցությունը: Եկողը չպետք է կրկնի այդ սխալները, այլ լավից պետք է շարունակի, որ երեւույթն էվոլյուցիա ապրի: Ինչ վերաբերում է գուսանական երգարվեստի մոռացվելուն, ապա ամեն ինչ էլ կարող է լինել, երբեք չպետք է ոչինչ բացառել, բայց բացառությունն էլ կարող է օրինաչափություն դառնալ: Հնագույն ժամանակներում բամբիռներն էին՝ երաժիշտ-բանաստեղծները, գուցե նրանց փոխակերպումից առաջացավ միջնադարյան այն արվեստը, որի շառավիղն է Գուսան Աշոտը: Չգիտեմ՝ հետո ինչ կկոչվի, բայց երեւույթը շարունակելի կլինի, գուցե այլ կերպ, բայց իմաստը՝ նույնը: Ես միայն գիտեմ, որ Հայաստանը միշտ կմնա, կբարգավաճի, եւ վերջապես կհասկանանք, որ ունենք հրաշք երկիր, եւ բոլորիս ուժերը ոչ թե կփորձենք, այլ կկենտրոնացնենք մեր երկրում:

- Որպես ամփոփում ի՞նչ կուզենայիք ավելացնել մեր զրույցին:

-  Շատ եմ եղել Սյունյաց աշխարհում, բայց հատկապես մի երեւույթ շատ մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա՝ Գուսանի գերեզմանատեղին: Նրա շիրիմն ամենաբարձր վայրում է գտնվում, ինչը վկայում է, որ նա միշտ հովանի կլինի Սյունյաց աշխարհի հրաշքին՝ Գորիս քաղաքին, որի ծնունդն էր Գուսան Աշոտը: Ինչպես ինքն է այդ բարձունքում, այնպես էլ իր երգը թող հովանի լինի բոլորիս, այդ երգով շնչի յուրաքանչյուրը եւ երբեք չմոռանա այն հրաշք մեղեդիները, որ կերտել է իր հայրենակիցը: Ինչու չէ, Գուսանը նաեւ Գորիսի այցեքարտն է, գորիսեցին իրավունք ունի հպարտանալ, որովհետեւ այդտեղ են ծնվել Գուսան Աշոտը, ինչպես նաեւ Ակսել Բակունցը, Սերո Խանզադյանը, այդ հողից է ձայն ստացել Տաթեւիկ Սազանդարյանը… Երաժշտության աշխարհում մեզ մեղեդի պարգեւողներից մեկն էլ Գուսան Աշոտն է, ով այսօր հանգչում է վերեւներում…

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ         

Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից, որ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում

28.12.2024 17:46

Լավագույն պայմանները՝ Արծվանիկ գյուղի երեխաների համար

28.12.2024 13:29

Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել․ տուժածներ չկան

28.12.2024 11:11

Ընթերցեցի դասագիրքը. վերահաստատվեց համոզմունքս՝ առարկան պետք է կոչվի Հայաստանի պատմություն. վարչապետ

27.12.2024 22:19

Ստեփանակերտի քաղաքապետին առաջադրված մի աբսուրդ մեղադրանքը փոխվել է մեկ այլ՝ նույնքան աբսուրդ մեղադրանքի

27.12.2024 22:16

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ Կառավարությանը

27.12.2024 20:35

Գործատուների ներգրավումը կրթական ծրագրի մշակման գործընթացում շատ կարևոր է․ Ժաննա Անդրեասյան

27.12.2024 19:07

Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը. ԿԳՄՍՆ

27.12.2024 19:00

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

27.12.2024 15:10

Այսօր Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է

27.12.2024 14:58

Հացավանի վարչական ղեկավարի նախատոնական մտորումները

27.12.2024 14:29

Ֆերմեր Մարատ Ամիրջանյանը՝ Ծղուկից․ «Գյուղացիներիս շատ են խեղճացնում, այդ մասին մտածեք»

27.12.2024 12:34