Ռուբեն Սաֆրաստյանի հետ՝ հայացք հայոց պատմությանը, և զուգահեռներ Տիգրան Մեծի, Պոմպեոսի, Կրասոսի ու մեր ժամանակների միջև

24.11.2023 14:26
711

Նոյեմբերի 17-ին, երբ Մեղրիի գիտաժողովի մասնակիցները Կարճևանում բարձրացան գյուղի հյուսիս-արևմուտքում գտնվող ջրվեժի տարածք, մենք մի քանի հոգով դադար առանք կիսաճամփին՝ լեռան պռնկին թառած այն տան ստորոտում, որտեղ 1913-ին ծնվել է ճանաչված լեզվաբան, բարբառագետ, բառարանագետ Էդուարդ Աղայանը:

Ջրվեժ չէր բարձրացել ու մեզ հետ էր նաև ակադեմիկոս, ճանաչված արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Հավաքվածներիս զրույցը նախևառաջ մեծ լեզվաբան, Սյունյաց աշխարհի նշանավոր զավակ Էդուարդ Աղայանի մասին էր, հատկապես նրա հեղինակած կոթողային գործի՝ «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի մասին:

Քիչ հետո խորացանք հայ ժողովրդի պատմության խորքերը, և պարոն Սաֆրաստյանը մեր ուշադրությունը հրավիրեց պատմական մի քանի դրվագի վրա, որոնցից երեքը (թեև հայտնի էին) մտածելու տեղիք տվեցին...

Առաջին դրվագը հռոմեացի զորավար Պոմպեոսի ու Տիգրան Մեծի առնչությունների մասին էր: Տիգրան Մեծը երկիրը հետագա ավերածություններից փրկելու համար դիվանագիտական հնարք է բանեցնում և Արտաշատի մատույցներում՝ թագավորական իր բարձունքից իջնելով, արքայական թագն առած, առանց թիկնապահների մոտենում է Պոմպեոս զորավարին և նրան մեկնում հայոց թագը: Վերջինս էլ (արքայի այդ պահվածքից ազդված) մեծահոգաբար վերադարձնում է թագը՝ դրանով իսկ վերահաստատելով Տիգրան Մեծի իշխանությունը:

Չնայած հունահռոմեական աղբյուրների կողմից մեզ փոխանցված այդ զրույցին համամիտ չէ Մովսես Խորենացին, սակայն զրույցը շարունակում է մնալ հայոց հիշողության մեջ և գնահատվել իբրև ավելի հզորների հետ հարաբերվելու ողջամիտ դիվանագիտության դրսևորում, այն էլ՝ սեփական արժանապատվությունից հրաժարվելու գնով:

Երկրորդ դրվագը դարձյալ Տիգրան Մեծին է առնչվում: Խոսքը մ.թ.ա. 67-ին Հայոց պետության մեջ (ընդդեմ Տիգրան Մեծի) բռնկված ապստամբության մասին է, որին մասնակցում էին արքայի որդիները՝ Տիգրան Կրտսերը, Զարեհը...

Տիգրան Մեծը չի ներում իր որդիներին. Զարեհն ու Տիգրան Կրտսերը զրկվում են կյանքից:

Երրորդ դրվագը հռոմեական պետական ու ռազմական գործիչ Կրասոսի և Հայոց արքա Արտավազդ Բ-ի մասին էր:

Արտավազդն այցելում է Հայաստան ներխուժած Կրասոսին և բարեկամության դաշինք առաջարկում: Կրասոսը գոռոզաբար մերժում է Հայոց արքային: Որոշ ժամանակ անց, սակայն, մայրաքաղաք Արտաշատ է բերվում Կրասոսի գլուխը, որն էլ ցուցադրվում է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ի ներկայացման ժամանակ:

***

Անշուշտ, բոլոր այդ դրվագներն էլ հետաքրքիր են, մանավանդ երբ փորձում ենք դիտարկել դարերի հեռավորությունից: Ուստի և հարկ համարեցինք ներկայացված պատմական դիպվածներից (մեր պատկերացմամբ) որոշ դասեր առանձնացնել, թեև հարգարժան ակադեմիկոսը որևէ ակնարկ չէր արել՝ հայաստանյան ներկա զարգացումներն այդ պրիզմայով դիտարկելու և քննելու նկատառումով: Չէ՞ որ պատմագիտությունը բացառիկն է գիտությունների մեջ, որից դասեր քաղելը պարտադիր է, այլապես մենք շատ սխալներ գործած կլինենք և կշարունակենք գործել...

Առաջին դաս. հայոց պետության անվտանգության ապահովման և լինելության համար զինված ուժերին հավասար առաքելություն պետք է ունենա խելամիտ դիվանագիտությունը:

Երկրորդ դաս.  միապետերն ու բռնապետերն ի վիճակի են հանուն սեփական իշխանության պահպանման արյուն թափել, այդ թվում՝ հարազատ զավակների արյունը: Իսկ հետո դա կներկայացվի իբրև անձնական շահի զոհաբերում՝ հանուն պետական շահի, հանուն երկրի անվտանգության:

Երրորդ դաս. թող ոչ մի ագրեսոր, որքան էլ հզոր լինի մեզանից, վստահ չլինի իր հաղթանակների, իր անպատժելիության շարունակականության մեջ: Անպայման կգա ժամանակը, երբ ագրեսորի առաջնորդի գլուխը (Կրասոսի գլխի օրինակով) կցուցադրվի հայոց բեմերից մեկում...

Չորրորդ դասն ավելի շատ հարցի է նման. իսկ մենք թշնամի հարևանների մեջ ունե՞նք Պոմպեոսի վեհանձնությունն ունեցող առաջնորդ, ով ի վիճակի կլինի ինչ-որ պահի կանգ առնել և հարգել մեր ազգային արժանապատվությունը:

Եվ հինգերորդ դաս. ժամանակների և իրադարձությունների միջև զուգահեռներ անցկացնելիս վերստին համոզվում ենք՝ ուրիշ ժամանակներ, ուրիշ բարքեր և հազարապատիկ անգամ վայրենաբարո թշնամիներ են մեր սերնդին բաժին ընկել:

Արցախի Հանրապետության առաջնորդներին տանում են Բաքվի զնդաններ և հպարտանում: Մինչդեռ հայերս այլ դաստիարակություն ենք ստացել ու երբեք չենք մոռացել հնագույն ժամանակներից մեզանում հաստատված կարգը.

«Որովհետև օրենք չէ, որ քենի համար դյուցազները

Ուրիշ դյուցազն զարմերի կենդանությունը ջնջեն

Կամ իբրև ծառա ստրուկների կարգում պահեն...»:

Հավանաբար հիշեցիք՝ Հայաստանի վրա արշաված ալանների թագավորի դուստր Սաթենիկն էր այդ կերպ դիմում Հայոց արքա Արտաշեսին, ինչը մեզ է փոխանցում Պատմահայրը:

Համեմատեք հազարամյակներ առաջ եղած այդ խոսույթը Ադրբեջանի այսօրվա ղեկավարների պահվածքի հետ, որ մեր հայրենակիցներին պահում են գերության մեջ...

Գրեթե բացառում ենք, որ Իլհամ Ալիևը երբևէ կհասկանա հայոց մեջ իշխող այդ մտածելակերպը:

Իսկ միգուցե ուրի՞շ նկատառումներով էր Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացնում պատմական վերոնշյալ դրվագները: Միգուցե: Եվ, այդուհանդերձ, անքննելի է մի հանգամանք՝ մենք ազգովի պատմության ու իրականության հետ նորովի առերեսվելու խնդիր ունենք: Այո, ուրիշ ժամանակներ, ուրիշ բարքեր և հազարապատիկ անգամ վայրենաբարո թշնամիներ են մեր սերնդին բաժին ընկել: Իսկ միջազգային իրավակարգ, բոլորի կողմից ընդունված խաղի կանոններ այլևս չկան...

Սամվել Ալեքսանյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08