Ռուսաստանը հենց այնպես չի վերցնի ու հեռանա Հարավային Կովկասից. ռուս քաղաքագետ

11.04.2024 14:53
593

Ռուսաստանի ղեկավարության եւ ներկայացուցիչների քայլերն ու վարքը Հայաստանի նկատմամբ բացառապես զուսպ են, եւ չկա որեւէ խոչընդոտ նորմալ, լուրջ, փոխհարգալից խոսակցության համար, որովհետեւ ներկա իրավիճակում Հայաստանը Ռուսաստանի համար նշանակություն ունի։ NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում նման կարծիք է հայտնել Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր, Քարնեգի Մոսկվայի կենտրոնի նախկին ղեկավար Դմիտրի Տրենինը։

«Ես կարծում եմ, որ հնարավորությունը դեռ վերջնականապես բաց թողնված չէ։ Ես կարծում եմ, որ հարաբերությունները պարզելու, ավելի նպաստավոր մթնոլորտի ձեւավորման քայլն այդ հարաբերությունների համար կարող էր եւ պետք է անի հայկական կողմը։ Բայց մենք առայժմ տեսնում ենք ուղիղ հակառակ քայլեր ուղիղ հակառակ ուղղությամբ։ Եթե ցանկություն լիներ, ապա այո։ Ես տեսնում եմ, որ ռուսական կողմում, իհարկե, կան տաք գլուխներ, որոնք շատ կտրուկ ու շատ բացասաբար են քննադատում Հայաստանին սոցցանցերում, բայց եթե նայենք Ռուսաստանի ղեկավարության քայլերին, ռուսական պաշտոնատար անձանց եւ նրանց վարքին, այն բացառապես զուսպ է։ Ահա այս կողմից որեւէ, ես կասեի, խոչընդոտ նոմալ, լուրջ, փոխհարգալից խոսակցության համար չկա, որովհետեւ ներկա իրավիճակում Հայաստանը նշանակություն ունի Ռուսաստանի համար, եւ Ռուսաստանը հենց այնպես, ըստ իս, չի վերցնի ու հեռանա»,- ասել է Դմիտրի Տրենինը։

Ռուս քաղաքագետի կարծիքով՝ բացի այն շահերից, որոնք կապում են Ռուսաստանն ու Հայաստանը, կա նաեւ շատ երկար, խոր եւ, թվում էր, թե Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների մինչեւ վերջին ժամանակներս ամուր ավանդույթ։

«Այդ ավանդույթը Ռուսաստանում չեն ցանկանում մոռանալ եւ չեն ցանկանում նրանից հրաժարվել։ Այնպես որ, Ռուսաստանն, իմ կարծիքով, պատրաստ է քննարկել այդ հարցերը։ Բայց, ըստ իս, հիմա հայկական կողմը քննարկելու մեծ ցանկություն չունի։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը շատ կարեւոր մի շարք քայլեր է կատարել, բայց այդ բոլոր քայլերը, այնտեղ կա որոշակի ներքին տրամաբանություն, Հայաստանին տանում են Ռուսաստանից հետագա հեռացման, եւ Հայաստանն ստանում է, ինչպես ինձ է թվում, ինչ-որ խոստումներ, ինչ-որ հավաստիացումներ արեւմյան երկրներից, բայց այդ հավաստիացումների արժեքավորությունն ինձ համար անձամբ կասկածելի է։ Բայց Հայաստանն ազատ երկիր է, նա կարող է գործել լիովին ինքնուրույն։ Բայց եթե դուք ազատ եք եւ ինքնիշխան, ապա պետք է, իհարկե, հասկանաք ձեր այս կա այն ինքնիշխան որոշման հետեւանքները»,- ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ տեղ է այժմ գրավում Հարավային Կովկասը Ռուսաստանի առաջնահերթությունների շարքում եւ արդյոք չի նվազել նրա նշանակությունը ՌԴ-ի համար, ռուս քաղաքագետն ասել է, որ նշանակությունը ոչ այնքան նվազել, որքան փոխվել է։

«Եթե խորհրդային ժամանակներում, կայսերական ժամանակներում սա ֆրոնտիր էր, այնպիսի բազա, որը մի կողմից պաշտպանում էր Ռուսաստանի հարավը հարեւան մեծ տերություններից եւ անդրծովյան պետություններից, որոնք կարող էին սպառնալ Ռուսաստանին հարավային ուղղությունից, ապա այժմ սա տարածաշրջան է, որը, նախ, հարում է ներկայիս Հյուսիսային Կովկասին։ Եվ մենք տեսանք Չեչենական պատերազմի ժամանակ, թե ինչ նշանակություն ունի հարաբերությունը սահմանակից պետությունների հետ Ռուսաստանի անվտանգության ապահովման տեսակետից։ Եվ խոսքն այստեղ, իմ կարծիքով, ինչ-որ կայսրություն վերականգնելու ձգտման, սահմանակից պետություններում վերահսկողություն սահմանելու մասին չէ։ Թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը բավական վաղուց գնում են տարբեր, միանգամայն ինքնուրույն ուղիներով։ Նրանց հարաբերությունները Ռուսաստանի հետ տարբեր են, բայց եւ այնպես թե՛ Վրաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, չնայած Վրաստանի հետ այժմ դիվանագիտական հարաբերույթուններ չկան, իսկ Ադրբեջանը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է, բայց այդ երկու երկրների հետ Ռուսաստանը բավական պրագմատիկ եւ բավական արդյունավետ հարաբերություններ ունի»,- նշել է Դմիտրի Տրենինը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները ավանդաբար այլ մակարդակի են եղել, դաշնակցային հարաբերությունների մակարդակի, շատ մոտ գործընկերության մակարդակի։

«Այժմ այդ գործընկերության բաղադրիչներից մեկը լուրջ սպառնալիքի առջեւ է։ Դա գործըկերությունն է անվտանգության ոլորտում։ Գործընկերության մյուս ոտքը հարաբերություններն են տնտեսական ոլորտում, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, դա աշխատում է, դա գործում է, ընդ որում՝ բավական հաջող, եւ Ռուսաստանը դա գնահատում է, հատկապես պատժամիջոցների ճնշման ներկա պայմաններում։ Բայց եթե այս ոլորտում եւս, ըստ իս, անխուսափելի է շրջադարձը դեպի Արեւմուտք, դա կնշանակի Ռուսաստանի համար հնարավորությունների կրճատում՝ ձեռք բերելու ինչ-որ բաներ, ապրանքներ եւ այլն համաշխարհային շուկայում Հայաստանի միջոցով, եթե սա նույնպես պայթի, ես ներողություն եմ խնդրում այդ բառի համար, ապա Ռուսաստանի հետաքրրքվածությունը Հայաստանով, իհարկե, խիստ կտուժի։ Բայց եւ, իհարկե, կմնա, հավանաբար, շատ երկար ժամանակ շահը՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանում ապրում է խոշոր, եւ ես կասեի՝ բավական ազդեցիկ հայկական սփյուռք։ Ահա հիմնական շահը։ Իհարկե, Ռուսաստանն այսօր Հայաստանը չի օգտագործում որպես ռազմական բազա Թուրքիայի եւ Իրանի դեմ։ Այս երկու երկրների հետ Ռուսաստանը տարբեր, բայց բավական սերտ հարաբերություններ է հաստատել։ Եվ այստեղ խոսքը չի վերաբերում, ինչպես 19-րդ դարում կամ 1920թ. առաջին կեսին, ռազմական դիմակայությանը, այնպես որ շահերը փոխվում են, նշանակությունն ինչ-որ իմաստով ավելանում է, ասենք՝ տնտեսությունում նշանակությունն ավելացել է շնորհիվ տարանցիկ առեւտրի, բայց միաժամանակ ամեն բան փոխվում է, ուստի շահերի հավասարակշռությունը կամ Հայաստանով Ռուսաստանի շահագրգռվածության աստիճանը նույնպես փոխվում է։ Հիմա, ես մեկ անգամ էլ ընդգծեմ, Ռուսաստանը շահագրգռված է այն բանով, որպեսզի Հայաստանը ոչ թե պարզապես պահպանվի Եվրասիական տնտեսական միությունում, այլ որպեսզի այդ անդամակցությունը լինի արդյունավետ երկու կողմերի համար։ Դե, եւ իհարկե, Ռուսաստանը ձգտում է, որպեսզի հարաբերություններն անվտանգության ոլորտում նույնպես պահպանվեն, իսկ Ադրբեջանի հետ հակամարտությունը լուծվի այն եռակողմ համաձայնությունների ուղիներով, որոնց մասին ես արդեն մի քանի անգամ հիշատակեցի»,- նշել է ռուս քաղաքագետը։

Ձեր պաշտոնավարման ժամանակ 45 գյուղի դպրոց է փակվում. Նարեկ Կարապետյանը Սյունիքի մարզպետին

14.12.2025 18:40

Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը Նիկոլ Փաշինյանի առաջ զեղչեց Գարեգին Երկրորդի անունը

14.12.2025 13:28

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00