Սահմանադուռ և սահմանապահ Ագարակ քաղաքը 75 տարեկան է

04.11.2024 13:17
312

Նոյեմբերի 2-ի տոնական օրն Ագարակում ավարտվեց ժամը 22-ի սահմաններում՝ հրավառությամբ, որն իրականացվեց Սոֆի Մխեյանի «Հայաստանի երգը»-ի հնչյունների ներքո։

«Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության կազմակերպած համերգին, մինչ այդ, ելույթ էին ունեցել Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Սոֆի Մխեյանն ու «Ռելաքս» բենդը, Սևակ Ամրոյանը, Արսեն Գրիգորյանը (ով նաև համերգի հաղորդավարն էր), «Արցախի գույներ» խումբը (հիմնադիր՝ Լիրա Քոչարյան)։

Քաղաքի լեփլեցուն հրապարակը ճանաչված երգասացների ելույթները մոտ երեք ժամ վայելելուց առաջ լսեց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի և «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Բելյաևի շնորհավորանքի խոսքը՝ քաղաքի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ։

***

Սյունյաց աշխարհի լինելիության գլխավոր պայմաններից մեկը նախնյաց հիշատակին և հատկապես հանուն հայրենիքի նահատակված համերկրացիների հիշատակին հավատարիմ մնալն է։

Այդ տրամաբանությամբ էլ Ագարակի տոնի մասնակիցներն ու հյուրերը նախևառաջ ծաղկեդրում կատարեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան առաջին պատերազմում զոհված ագարակցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

1994-ին կանգնեցված խաչքարով այդտեղ հավերժացված է յոթ ագարակցիների հիշատակը, ովքեր նահատակվեցին Արցախյան առաջին հերոսամարտում՝ Խաչիկ Զաքարյան, Սուրիկ Հովհաննիսյան, Եգոր Սիմոնյան, Ավետիս Օհանյան, Հրաչիկ Մկրտչյան, Գևորգ Խաչատրյան, Արտակ Ասլանյան։

Այդտեղ է հուղարկավորված նաև Հայոց բանակի առաջին զորամասերից մեկի՝ Ագարակի զորամասի հիմնադիր, աննկուն գնդապետ Ղևոնդ Հովհաննիսյանը։

Այնուհետև այցելություն կատարվեց Ագարակի քաղաքային գերեզմանատուն, որտեղ հանգչում են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 12 ագարակցիներից ութը, և յուրաքանչյուրի շիրմաքարին ծաղիկներ խոնարհեցին։

Ահա նրանք, ովքեր նահատակվեցին այդ պատերազմում՝ Արմեն Բաղդասարյան, Ջիվան Խաչատրյան, Անդրանիկ Ծատրյան, Սուրեն Համբարձումյան, Արսեն Հովհաննիսյան, Տիգրան Ղուկասյան, Կարեն Միրզոյան, Հայկ Մկրտչյան, Նարեկ Սարգսյան, Ալբերտ Խաչատրյան, Անդրանիկ Զաքարյան, Սպարտակ Մնացականյան։

***

Ամբողջ օրվա ընթացքում քաղաքի կենտրոնական հրապարակում հետաքրքիր միջոցառումներ էին...

Տպավորիչ էր նախևառաջ Ագարակի միջնակարգ դպրոցի հեծանվորդների երթը։

Այդ դպրոցը տոնակատարությանը մասնակցում էր նաև դհոլահարների համույթով։

Կատարողական վարպետությամբ աչքի ընկան «Արևիք» արվեստի դպրոցի պարային համույթը (պարուսույց՝ Մանուշակ Ռոստամյան), նաև Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի Մեղրու մասնաճյուղի պարային համույթը (պարուսույց՝ Արգինե Գևորգյան)։

Հրաշալի էր Ալեն Համբարձումյանի գլխավորած փողային նվագախմբի հնչյունների ներքո վալսի ցուցադրումը (պարուսույց՝ Մանուշակ Ռոստամյան)։

«Ջեյ քեյ էս Արմենիա» ֆեդերացիայի ագարակցի սաները (ֆեդերացիայի նախագահ և մարզիչ՝ Կարեն Սամսոնյան) ցուցադրեցին պայմանական մենամարտեր։

Ականատես եղանք ագարակցի պատանի ըմբիշների ցուցադրական ելույթներին (վաստակավոր մարզիչ՝ Յուրիկ Ավետիսյան)։

Շախմատի ակադեմիայի Մեղրու և Ագարակի մասնաճյուղերի սաներն էլ իրենց մրցապայքարով էին մեր ուշադրությունը գրավել։

Մեղրու համայնքապետարանի աշխատակիցների ջանքերով էլ ձեռք բերված բացառիկ լուսանկարներն արտացոլում էին Ագարակ քաղաքի և պղնձամոլիբդենային կոմբինատի անցյալը։

***

Ագարակի երբեմնի քաղաքապետարանի շենքում, որ հիմա քաղաքի վարչական ղեկավարի նստավայրն է, տեղի ունեցավ հյուրասիրություն։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Բելյաևը, Կարճևանի դպրոցի երկարամյա տնօրեն Մելինե Գևորգյանը, Մեղրու շրջխորհրդի գործկոմի 1993-1996 թթ նախագահ Ավետիք Արիստակեսյանը, ՌԴ ԱԳՆ-ի՝ Կապանում գտնվող աշխատանքային խմբի ղեկավար Իգոր Տիտովը, Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վահրամ Կարապետյանը, Ագարակի Ե Չարենցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը, Մեղրու թիվ 1 դպրոցի տնօրեն Հովհաննես Մելիքսեթյանը, «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը ելույթներում անդրադարձ կատարեցին Ագարակի անցած ուղուն, ներկա ընթացքին և շնորհավորանքի խոսքեր հնչեցրին տոնական օրվա կապակցությամբ։

Նաև առաջարկություն եղավ Մեղրու տարածաշրջանում երկրագիտական թանգարան հիմնելու, ինչպես և տարածաշրջանի պատմությունն ամփոփող գրքի ստեղծման վերաբերյալ։ Ընդ որում՝ ապագա թանգարանի համար, ինչպես նշվեց, լավագույն հիմք կարող է ծառայել հնագիտական հարուստ նյութերի պաշարը, որ տարիների ընթացքում հավաքվել է Մեղրիում՝ Նաիրա Հայրապետյանի ջանքով։

Մեր աչքից չվրիպեց միջանցքում կախված «Ագարակ» գեղանկարը (կտավ, յուղաներկ, 100 X 80), որի հեղինակն է երջանկահիշատակ Ռոբերտ Կամոյանը։ Ագարակ քաղաքի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ էր  «Սյունյաց երկիրը» մրցույթ հայտարարել (հովանավոր՝ Սամվել Հայրապետյան), որի արդյունքում էլ լավագույն գեղանկար էր ճանաչվել այդ աշխատանքը, ինչն էլ հետագայում թերթի խմբագրությունը նվիրեց Ագարակի քաղաքապետարանին։

Աչքից չվիրպեց նաև Ագարակ քաղաքի զինանշանը՝ վարչական ղեկավարի աշխատասենյակի պատից կախված, որի հեղինակը նույնպես Ռոբերտ Կամոյանն է։

***

Տոնական օրվա կարևոր միջոցառումը հանդիսավոր ցերեկույթն էր, որ տեղի ունեցավ Ագարակի մշակույթի կենտրոնի դահլիճում։

Ճեմասրահում ականատես եղանք գեղեցիկ ցուցահանդեսի։ Ներկայացված էին Պապ Օհանյանի գեղանկարները, «Արևիք» արվեստի դպրոցի կիրառական արվեստի բաժնի աշակերտների և դասատու Հասմիկ Հարությունյանի, ինչպես և նույն դպրոցի նկարչական բաժնի աշակերտների (դասատու՝ Սրբուհի Խաչատրյան) աշխատանքները։

Իսկ դահլիճում․․․ Ցերեկույթը սկսվեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի՝ «Արևիք» արվեստի դպրոցի երգչախմբի կատարմամբ (խմբավար՝ Ռաֆայյելա Մկրտչյան)։

Հաղորդավար Դավիթ Սարգսյանն ընթացքում ներկայացրեց Ագարակ քաղաքի, նաև «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության ստեղծման պատմությունն ու անցած ճանապարհը։

Ելույթ ունեցան Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, «Ագարակի ՊՄԿ» ՓԲ ընկերության տնօրեն Ալեքսանդր Բելյաևը, Մեղրի համայնքի հոգևոր հովիվ, քահանա Տեր Ռաֆայել Խաչիկյանը։

Ելույթ ունեցողներն արձանագրեցին՝ Ագարակը ոչ թե սոսկ քաղաքային բնակավայր է, այլև մեր երկրի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեցող հանգրվան։ Ագարակը մեր երկրի հարավային սահմանադուռն է, հայ-իրանական տրանսպորտային հաղորդակցության հանգույցը։ Ագարակը, ի վերջո, սահմանապահ քաղաք է՝ դրանից բխող առաքելությամբ։

Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։

Մեղրու համայնքապետարանը 13 հոգու պարգևատրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հուշամեդալով, մի խումբ մարդիկ էլ արժանացան Մեղրու համայնքապետարանի շնորհակալագրի՝ Ագարակ քաղաքի զարգացման գործում ունեցած ներդրումների և քաղաքի ներկա ընթացքին աջակցելու համար։

Պարգևատրման արարողությանը հաջորդեց համերգը։

«Արևիք» արվեստի դպրոցի ուսուցիչների երգչախումբը (խմբավար՝ Ռաֆայյելա Մկրտչյան) ներկայացրեց երեք ստեղծագործություն՝ «Հայրենիքիս հետ» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի, երաժշտությունը՝ Ալեքսանդր Հարությունյանի), «Հայաստան» (երաժշտությունը՝ Արմեն Սմբատյանի) և «Ագարակ» (խոսք և երաժշտություն՝ Կարեն Սարջանյանի)։

Նույն դպրոցի դասատու Արթուր Հովակիմյանն էլ ջութակի վրա կատարեց Ք.Գլյուկի մեղեդին։

Դաշնամուրային դուետով հանդես եկան դպրոցի ուսուցչուհիներ Հասմիկ Մարկոսյանն ու Անի Աղաջանյանը (Առնո Բաբաջանյան և Ալեքսանդր Հարությունյան, «Հայկական ռապսոդիա»)։

***

Երբ առավոտյան ժամը 10-ին հյուրերը հավաքվում էին Մեղրի համայնքի ղեկավարի նստավայրում, մտերմիկ զրույցներում ներկաները փորձում էին ճշտել՝ երբվանի՞ց է Արևիք-Մեղրին հիշատակվում գրավոր աղբյուրներում, մինչև Ագարակ քաղաքի հիմնումն ի՞նչ կար-չկար այդ վայրում։ Նման հարցադրումներ քանիցս լսեցինք տոնական այլ հանդիպումների ընթացքում ևս։ Հետաքրքրասերներին, ի վերջո, պարզաբանվում էր՝ Հայոց մայր գետի, Հին կտակարանում նշված դրախտի չորս գետերից մեկի՝ Գիհոնի (Արաքսի, Արազի) ձախ ափը հայաշունչ էր դեռևս Հայկ Նահապետի ժամանակներից։

Հայոց աշխարհում առաջինը հենց այս վայրերում է Բարդուղեմիոս առաքյալը սփռել Քրիստոսի կենարար լույսը։

Այստեղով է անցել Մեսրոպ Մաշտոցը։

Այստեղ են մեր քաջարի նախնիները քանիցս հաղթանակներ կերտել՝ ընդդեմ զավթիչների։

Այստեղ են հայոց արժանապատվությանը տեր կանգնել Սյունյաց թագավորները, Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը, Պապ Կալերեցին և Սարգիս Շվանիձորցին, Գարեգին Նժդեհն ու  Արցախյան հերոսամարտերի նվիրյալները։

Իսկ Ագարակ քաղաքի ներկայիս տարածքը Կարճևան գյուղի մաս էր կազմում։ 1949 թվականին հիմնադրվող նոր բնակավայրին էլ շնորհվեց Կաքավաբերդի ենթաշրջանի չորս գյուղերից մեկի՝ Ագարակ-Հիգերակի անունը։

Սյունյաց աշխարհի Արևիք-Գողթն-Երնջակ գավառների միացքում գտնվող այս տարածքը նոր նշանակություն ձեռք բերեց 19-րդ դարի 40-ական թվականներին, երբ ակադեմիկոս Հերման Աբիխը (վերին հրամանով) եկավ այստեղ՝ առաջին անգամ կազմելու հանքավայրի նկարագիրը։ Ի դեպ, Աբիխի հետ էր Խաչատուր Աբովյանը, ով հետագայում գրեց՝ «Ինձ համար անմոռանալի 1844 թ. հունիսի կեսերին պ. Աբիխի հետ գիտական նպատակով անցնելով մեր սահմանամերձ լեռների կորդոնի (զինափակ) ամբողջ գիծը, որ ձգվում է Կողբից մինչև Մեղրու գեղեցիկ հովիտը մենք նպատակ ունեինք ուսումնասիրել Արարատից այն կողմ գտնվող Մակուի խանությունը»։

Եվ դրանից մոտ մեկ դար հետո միայն Ագարակի ներկայիս տարածքում կազմակերպվեց հանքարդյունաբերություն։ Ու երբ 1963 թ. մայիսի 29-ին գործարկվեց Ագարակի կոմբինատը՝ դա ընկալվեց իբրև համահայաստանյան իրադարձություն։ Ագարակ էր ժամանել հանրապետության գրեթե ամբողջ ղեկավարությունը՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի գլխավորությամբ։

Մինչ այդ էլ սկիզբ էր դրվել լեռնագործների բանավանի կառուցմանը, որտեղ բնակվում էին Խորհրդային Միության մոտ 30 ազգերի և ազգությունների ներկայացուցիչներ։

***

Ագարակ քաղաքի 75-ամյակի տոնակատարությունը վերածվել էր միասնության յուրօրինակ հանդեսի։ Այնտեղ էին նաև Կապանի ու Քաջարանի համայնքապետարանների պատվիրակությունները՝ փոխհամայնքապետեր Գոռ Թադևոսյանի և Զոհրաբ Առաքելյանի գլխավորությամբ, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին, ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրու ջոկատի և ՀՀ զինված ուժերի Ագարակի զորամասի, Մեղրու մաքսակետի պատվիրակությունները։

Տոնակատարությանը մասնակցում էին Մեղրու տարածաշրջանի բազմաթիվ երախտավորներ, այդ թվում՝ Յուրի Մկրտչյանը (Ագարակի կոմբինատի կուսկազմակերպության քարտուղար 1970-ականներին), Սիրուն Սարգսյանը (Մեղրի համայնքի պատվավոր քաղաքացի, Մեղրու կուսշրջկոմի երկրորդ քարտուղար մինչև 1991 թ), Ժորա Միրզոյանը (Մեղրու շրջժողկրթբաժվար 1980-ականներին), ինչպես և Ագարակի կոմբինատի վետերաններ։

***

Մեր ժամանակներում, դժբախտաբար, պարբերաբար լսում ենք Մեղրու տարածաշրջանին առնչվող հայտարարություններ աշխարհի տարբեր անկյուններից և հատկապես Ադրբեջանից ու Թուրքիայից։

Միևնույն ժամանակ թվում է (արդարացիորեն), թե ինքներս անհաղորդ ենք այդ սպառնալիքներին, մեր վայ հարևանների նկրտումներին, բայց...

Նոյեմբերի 2-ին համոզվեցինք, որ մեղրեցին ու ագարակցին իրենց բնօրրանին տեր են ստեղծագործ աշխատանքով, հայոց ազգային արժեքներին տեր կանգնելով, նախնիների թողած ժառանգությանը հավատարիմ մնալով՝ անվտանգային խնդիրների հիմնավոր լուծումն ակնկալելով պետությունից:

Այդ ամենը վերահաստատելն ու երիցս հանրահռչակելն էր տոնական օրվա հիմնական տրամաբանությունը. համենայն դեպս այդպիսին էր մեր տպավորությունը։

Մի արձանագրում էլ. Ագարակի 75-ամյակի տոնակատարությունը կազմակերպել էին Մեղրու համայնքապետարանն ու «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ն։ Անհնար էր չտեսնել, թե որքան մեծ ջանք է գործադրվել՝ գեղեցիկ այդ տոնն ագարակցիներին պարգևելու համար։ Ուստի և տեղին կլիներ, եթե բազմաթիվ ագարակցիների ու հյուրերի անունից շնորհակալություն փոխանցեինք Խաչատուր Անդրեասյանին և Ալեքսանդր Բելյաևին։

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է Ագարակի բնակիչներին՝ քաղաքի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ։

Մեր սիրելի քաղաքին ասում ենք՝ թող բարի լինի քո երթն ապագային միտված ազգային ու պետական մեր ճանապարհին։

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Նաիրա Մկրտչյանի

Այսօր Արցախի Հանրապետության Սահմանադրության օրն է

10.12.2024 11:25

ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայի հարցով դռնփակ նիստ է գումարել

10.12.2024 11:23

Մարդը բարձրագույն արժեք է. ՀՀ ՄԻՊ-ը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ

10.12.2024 11:18

Միգրանտների երեխաներին, ովքեր չեն տիրապետում ռուսերենին, դպրոց չեն ընդունի․ Օրենքն ուղարկվել է Պետդումա՝ քվեարկության

09.12.2024 22:26

Կչեղարկեմ ԱՄՆ-ում ծնված օտարերկրացիների քաղաքացիությունը. Թրամփ

09.12.2024 20:37

Կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն. Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

09.12.2024 18:40

Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքերի մասին հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցին կոմիտե

09.12.2024 18:34

Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանի հաղթանակը կասկածի տակ չի դրվում

09.12.2024 18:26

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հետ կապված հարցն ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է․ Կիրակոսյան

09.12.2024 16:38

Աշխարհի առաջնորդներից մնացել ենք ես ու Պուտինը. Էրդողան

09.12.2024 15:37

Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանի վրա. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

09.12.2024 11:38

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման

09.12.2024 11:27