Սահյանի պոեզիան սահմանը պաշտպանող տղաների կողքին այսօր էլ կռիվ է տալիս հայրենի հողի համար

18.04.2016 15:40
2742

Ապրիլի 14-ը սիրված բանաստեղծ, Սյունյաց աշխարհի մեծանուն զավակ Համո Սահյանի ծննդյան օրն էր: Այն ըստ արժանվույն նշելու համար վաղուց էին սկսել նախապատրաստվել թե մայրաքաղաքում եւ թե Սյունիքում: Հանրապետության համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել էր հանձնաժողով, ավարտվել էր բանաստեղծի՝ Լորում գտնվող հայրական տան վերակառուցումը՝ հարմարեցվելով տուն-թանգարանի պահանջներին: Այստեղ էին հավաքել բանաստեղծի անձնական իրերը, գրադարանի մի մասը, ստացած պարգեւներն ու նվերները, ժամանակակիցների, անվանի մեծերի հետ լուսանկարները, նրանց կարծիքները բանաստեղծի ու նրա պոեզիայի մասին, վերականգնել նրա մանկության ու պատանեկության օրերի հայրական տունը, տան դիմաց գրանիտե պատվանդանի վրա տեղադրել բրոնզե կիսանդրին (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան): Մի խոսքով, ամեն ինչ արվել էր հանդիսավորությամբ բացելու բանաստեղծի տուն-թանգարանը: Բայց հայտնի պատճառներով այն հետաձգվեց: Եվ չնայած դրան, այդ օրն առավոտվանից բանուկ էր Լոր տանող ճանապարհը:

Նախախնամությունը հատուկ դերակատարում է հատկացրել Լոր անունը կրող հայկական փոքրիկ գյուղին. ժամանակակից հայ արձակի նահապետը՝ Ակսել Բակունցը, իր աշխատանքային մկրտությունը հենց այս գյուղում է ստացել, իսկ ժամանակակից պոեզիայի պսակը կրողներից մեկն էլ՝ Համո Սահյանը, եղել է նրա աշակերտը:

Գյուղի կենտրոնական  փողոցի աջ ու ձախ կողմերում իրար կպած-կանգնած ավտոմեքենաների առատությունը զարմանք եւ ուրախություն էր պատճառել ոչ միայն համայնքի մանուկներին: Հյուրեր էին ժամանել մարզի համարյա բոլոր քաղաքներից, մայրաքաղաքից: Հասկանալի է, այստեղ էր նաեւ ամբողջ գյուղը՝ մեծ ու փոքրով: Բանաստեղծի՝ ի սկզբանե հյուրասեր տունը չէր կարողացել տեղավորել բոլորին. մարդիկ նեղլիկ պատշգամբում էին, երկրորդ հարկ բարձրացող աստիճանների վրա, զբաղված էր նաեւ փոքրիկ այգու ամբողջ մակերեսը, իսկ ուշացածներն էլ ստիպված էին կանգնել տան դարպասից դուրս: Բանաստեղծին նվիրված ցերեկույթը կրում էր նրա հայտնի ստեղծագործության եւ ժողովածուի վերնագիրը՝ ինձ բացակա չդնեք: Իսկ մինչեւ միջոցառմանն անդրադառնալը, ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում այլոց մասին Համո Սահյանի արտահայտած երկու մտքի վրա, որոնք հրաշալիորեն բնութագրում են նախեւառաջ իրեն:

Հայտնի բան է, որ բանաստեղծը քչախոս էր, եւ նրանից շատ հարցերի մասին կարծիք հարցնելը նշանակում էր զուր ջանքեր թափել: Տարիներ առաջ նրան խնդրում են թվարկել Սյունյաց հողից ծնված մերօրյա մեծերին: Շատ է ջանում խուսափել պատասխանից: Բայց հարց տվողներն ավելի համառ են գտնվում: Ի վերջո պատասխանում է՝ առաջինն Ակսել Բակունցն է, իսկ երկրորդը՝ Գուսան Աշոտը: Երրո՞րդը… Երրորդը դեռ չկա: Կարծում եմ՝ ընթերցողին պարզ է նման հարց տվողների նպատակը:

Արվեստ արարող մարդուց իր ստեղծագործող ընկերոջ մասին կարծիք հարցնելը հաճախ լի է անակնկալներով: Եվ միշտ չէ, որ այդ անակնկալները հաճելի են լինում: Ասում են՝ տասնյակ տարիներ առաջ մի լրագրող՝ ի՞նչ կարծիքի է իր ստեղծագործող ընկերոջ մասին, հարց է տվել երկու մեծի՝ Հովհաննես Շիրազին եւ Համո Սահյանին: Համո Սահյանի պատասխանը Շիրազի պոեզիայի համարյա սպառիչ բնութագիրն է, իսկ իր՝ մարդկային էության բնութագիրը. «Չարենցի մահից հետո Շիրազը կենդանի է պահել հայ պոեզիայի կտրված զարկերակը»: Համաձայնեք, որ նման պատասխան կարող էր տալ միայն մեծը, միայն ազնվագույն մարդը:

Ամեն անգամ, երբ հարկ է լինում հրապարակավ խոսք ասել Համո Սահյանի մասին, լինի դա բանավոր թե գրավոր, միշտ էլ կաշկանդված եմ զգում, ճնշում է մեծ վարպետի անհատակ պոեզիային սիրահարված ու դրա գիտակ մեծերի ներկայությունը: Բացառություն չէր նաեւ այս միջոցառումը, որը վարում էր Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը: Նա մասնավորապես ասաց. «Երբ իր ներկայությամբ ակնարկում էինք տուն-թանգարանի ստեղծման մասին, առարկում էր, ասելով՝ ի՞նչ ունեմ ցուցադրելու: Հետագայում, երբ տունը վերակառուցվեց, կահավորվեց եւ բերվեց այն տեսքին, ինչպիսին այժմ տեսնում ենք, պարզվեց, որ շատ բան ուներ ցուցադրելու: Բացի այն, ինչ տեսանելի է, այս լուսավոր տանը ցուցադրվում են նաեւ նրա տիրոջ խիղճը, կարոտը, սերն ու հավատը, այն նորից բանուկ է դարձրել դեպի Լոր ձգվող ճանապարհը»: Համայնքի ղեկավար Դավիթ Առուստամյանը հպարտությամբ նշեց, որ Ակսել Բակունցը ճանաչում բերեց աշխարհից կտրված փոքրիկ Լորին, իսկ Լորի զավակ Համո Սահյանն էլ ամրապնդեց այդ ճանաչումը:

Լորի պատանի բնակիչներն էլ իրենց ողջույնի խոսքում հավելեցին՝ մեր գյուղում ծնված ամեն մի մարդ, լինի կին, թե՝ տղամարդ՝ համով Համո է:

Առիթ է եղել մի քանի անգամ լսել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանին: Նրա մեկնաբանությամբ յուրաքանչյուր անգամ յուրովի է ներկայանում բանաստեղծը: Այս անգամ էլ բացառություն չէր: Ըստ բանասեր-գիտնականի՝ իսկական պոեզիան ցավից է ծնվում, եւ ինչքան մեծ է այդ ցավը, այնքան զուլալ է նրա խոսքը, որը Համո Սահյանը հասցրել է թումանյանական մակարդակի: Իսկ Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն էլ ավելացրեց, որ բանաստեղծին ճանաչելու համար բավարար չէ նրա պոեզիայի հետ ծանոթ լինելը, պետք է անպայման լինել նրա ծննդավայրում: Միայն այստեղ՝ Գյազբելի փեշերին լինելուց հետո ես հասկանում, թե ինչու է հատկապես Սահյանին հաջողվել աստվածայինը դարձնել մարդկային: Ու թվում է, թե դա անելիս, ասել է թե՝ ստեղծագործելիս, բանաստեղծն առանձնակի ջանք չի գործադրել: Սա միայն թվում է: Բայց թվացյալ չէ այն, որ նրա պոեզիան սահմանը պաշտպանող տղաների կողքին այսօր էլ կռիվ է տալիս հայրենի հողի համար:

Այս տողերը գրելիս հիշեցի նաեւ հանրապետության մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքն այն մասին, որ մեր հակառակորդները, թշնամիներն էլ են վիզ առնում, որ պարտվել են ոչ միայն հայոց զինվորին, այլ նաեւ հայոց մեծերին՝ Արամ Խաչատրյանին, Վիկտոր Համբարձումյանին, Համո Սահյանին…

Գալիքի, ասել է թե՝ մեր ներկա օրերի մասին ի՞նչ կանխազգացում է ունեցել մեծ մտածողը՝ գրելով, որ մեր արտն արոտ չի դառնա…

Միջոցառմանը պետք է մասնակցեր նաեւ հայ բազմադարյան երաժշտության մերօրյա դասական Տիգրան Մանսուրյանը, ով երկար տարիներ վայելել է բանաստեղծի բարեկամությունը եւ նրա բանաստեղծությունների խոսքերով երգերի շարք ստեղծել: Բանաստեղծին նվիրված հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Տ.Մանսուրյանն ասում էր, որ իր համար գերագույն հաճույք է նրա ստեղծագործությունների վրա աշխատելը, իր խոսքով ասած, այնտեղ երաժշտությունը կա, ինքը միայն որոշ շտկումներ է կատարում: Ահավասիկ՝ Հ.Սահյանի բանաստեղծությունների մեջ «սրտի չափ փոքր եւ աշխարհի չափ մեծ» երկրում երգը կա, վերքն ու ցավը կան, աշխատասիրությունը, սերն ու հավատը, հպարտությունն ու հայրենասիրությունը կան, մի խոսքով՝ կա այն ամենը, ինչն իրար գումարելով ստանում ենք Հայաստան… Հավանաբար այս ամենը նկատի ունենալով է պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանն ասել. «Եթե մեկն ուզում է Հայաստանը ճանաչել, պետք է Սահյան կարդա: Ես չգիտեմ մեկ այլ բանաստեղծ, որ Հայաստանն այսքան ամբողջական ներկայացրած լինի»:

Ներկաները դեռ երկար ժամանակ կմնան բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Սամվել Մուրադյանի դիպուկ վերլուծության եւ հրաշալի ասմունքի տպավորության տակ: Ահա մի պատառիկ նրա ելույթից. «Համո Սահյանը հզոր երեւույթ էր: Նա, իր խոսքերով ասած, քարեղեն քանդակ էր ու Հայաստան աշխարհն աշխարհի հետ կապող քարե կամուրջ: Նա իր թարգմանություններով հայացրել է օտարազգի մեծ բանաստեղծներից շատերին: Իսկ նրա այն տողը, թե «լեռան գագաթին օրը ուշ է մթնում», մեզ ասում է, որ մեր ժողովրդի օրը երբեք չի մթնի»:

Գիտնականը խոստովանում է նաեւ, որ հաճախ է աշխատանքային ծանր օրից հետո ձեռքը մեկնում գիրք վերցնելու ոչ թե աշխատելու, այլ միայն հաճույքի ու հանգստանալու, ընթերցելու նպատակով, ու… զարմանալի բան, հարյուրավոր գրքերի մեջ ձեռքն էլի գնում, ընտրում է Սահյանի գրքերից որեւէ մեկը. «չգիտեմ, ինչո՞ւ է այդպես» լինում:

Միջոցառման վերջին ակորդը տանտիրոջ իրավունքով Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանինն էր: Ըստ նրա՝ Համո Սահյանի ծննդավայրը Լորը չէ, այլ վաղնջական ժամանակներից Սիսական անունը կրող երկիրը, չարի սերմը չհանդուրժող Սյունյաց լեռնաշխարհը: Նրա ստեղծածն էլ յուրաքանչյուր հայի սեփանությունն է՝ աշխարհի որ ծայրում էլ նա գտնվի: Իսկ բանաստեղծի տունը, ասել է թե՝ Սիսիանը, ամբողջ Սյունիքը, հյուրասեր ու հյուրաշատ եղել է եւ այդպիսին էլ կա: Ամեն մի հայ, բարի նպատակով մեզ մոտ եկող օտարական սպասված են: Սահյանի տունը նաեւ նրանց տունն է…

***

Ամպը, քսվելով բանաստեղծի սիրելի Գյազբելի փեշերին, իջնում, լցվում էր գյուղը երկու կես անող ձորը: Լորի ծայրամասային տներն արդեն չէին երեւում, կուլ էին գնացել մառախուղին: Անձրեւ էր գալիս, որն ավելի առատ ու խոխոջուն էր դարձնում Գյազբելի փեշերի ձյան հալոցքից սկիզբ առած գետակի հոսքը: Ամպի տակից ջուր էր գալիս… Ակամա հիշեցի թանգարանի պատից այցելուներին ժպտացող մեր մեկ ուրիշ մեծի արտահայտությունը թումանյանական այս հայտնի տողի վերաբերյալ: Սիլվա Կապուտիկյանն է ասում. «Ամեն անգամ Համո Սահյան կարդալիս նորովի եմ հասկանում «ամպի տակից ջուր է գալիս» բառերի իմաստը»:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25