ՍԱՐԳԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ. «Ներդրումային քաղաքականության նժարը պիտի թեքել դեպի սահմանային գյուղեր»

13.07.2014 15:19
3783

Սովորաբար որեւէ անձնավորության մասին հրապարակում պատրաստելիս, երբ զրույցի ձայնագրությունն արդեն թղթին է հանձնված լինում, ուշադիր կարդում ես` հետաքրքիր դրվագներ փնտրելով նրանում: Մեղրու տարածաշրջանի Վահրավար համայնքի ղեկավար Սարգիս Առաքելյանի մասին երկու ուշագրավ փաստ «պեղեցի» նրա հետ կայացած զրույցի սղագրության մեջ: Իմ զրուցակիցը Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական բաժինն ավարտելուց հետո ընդամենը վեց ամիս է աշխատել գյուղատնտեսի մասնագիտությամբ եւ 1975-ի հունվարի 31-ից մինչեւ 1991-ի օգոստոսը (իր բնորոշմամբ` մինչեւ Խորհրդային Միության փլուզվելը) ղեկավարել է հայրենի գյուղի կոլտնտեսությունը: Բազմաթիվ նվաճումներ են եղել այդ տարիներին, մինչեւ հիմա պահում է վերջին անգամ կոլտնտեսությանը պարգեւատրված փոխանցիկ դրոշը` խաղողի բարձր բերք ստանալու համար:

Նրա կենսագրության մեջ երկրորդ երեւելի փաստն այն է, որ 1996 թվականից (երբ ձեւավորվեցին տեղական ինքնակառավարման մարմինները) ընտրվեց Վահրավարի գյուղապետ եւ մինչեւ հիմա իր ծննդավայրի ղեկավարմանն է լծվել: Եվ լրագրողի ամենատարածված հարցադրումներից մեկին, թե նորից սկսեիր կյանքդ, ինչպե՞ս կկառուցեիր այն, ո՞ր բացթողումդ կշտկեիր, պատասխանում է, որ իր ապագան մոսկվաներում չէր փնտրի, նորից ու կրկին իր հայրենի գյուղում կանցկացներ կյանքը:

Իսկ մասնագիտություն ընտրելու վերաբերյալ անկեղծ պատմություն է անում: Նախ ներկայացրեց իր արմատները: Հայրը` երկրորդ աշխարհամարտի մասնակից Աբգար Առաքելյանն Ափկեզ գյուղից է (ցավոք, այդ բնակավայրից միայն հուշ է մնացել), մայրը` Վահրավարից: Երեք քեռուց երկուսը կոլտնտեսության նախագահ են եղել, ավագ մորեղբայրը` Հարություն Դավթյանը, երբ սկսվեց կոլտնտեսային շարժումը, ստանձնեց գյուղի կոլտնտեսության ղեկավարումը, մյուս քեռին գյուղի կոլտնտեսությունը ղեկավարել է 1940-ականներին, հայրը եւս ինը տարի կոլտնտեսության նախագահ է եղել: Այնպես որ Առաքելյանների գերդաստանում գյուղի տնտեսությունը ղեկավարելու ավանդույթ էր ձեւավորվել: Խոստովանում է, որ իր համար հոգեբանորեն դժվար է եղել երիտասարդ տարիքում ղեկավար պաշտոն զբաղեցնելը: Այդ մասին առավել քան անկեղծ է. «Ձգտել եմ դառնալ շրջկոմի քարտուղար` նայելով այն մարդկանց, որ գյուղատնտեսական ինստիտուտ են ավարտել եւ շրջկոմի քարտուղար դարձել, Յուրի Շամիրի Առաքելյան եւ ուրիշներ, մտածեցի, որ ինքս էլ պիտի այդ բուհն ավարտեմ, եւ այդպես էլ եղավ: Բայց հետո տեսա, որ գյուղն ավելի է ձգում` մեր հողն ու ջուրը, անցյալի հիշատակները, գյուղական անկրկնելի բարքերը: Երբ առաջին անգամ կոլտնտեսության նախագահ էին նշանակում, ջահել տղա էի, 22 տարեկան դեռ չկայի: Չէի համաձայնում, զոռով եկան, տնից քաշեցին-տարան: Հայրս էլ սիրտ տվեց, թե` կօգնեմ, կաշխատես: Կարեւորն այն է, որ չեմ զղջացել եւ վատ չեմ աշխատել, բուհն ավարտելուց հետո նախագահ եմ եղել: Այն ժամանակ Կենտկոմի քարտուղար կար, Ղալումյան ազգանունով: Նրա օրոք եմ նշանակվել: Ինձ անվանում էր կոմսոմոլ նախագահ: Երբ Մեղրու շրջկոմի առաջին քարտուղարը` Յուրի Շամիրիչը, լինում էր կենտկոմականի աշխատասենյակում, հետաքրքվում էր ինձանով. «Կոմսոմոլ նախագահը ո՞նց է, արդարացնո՞ւմ է իրեն»»:

Սկսենք ծննդավայրից: Վահրավարը մարզկենտրոնից 78, Մեղրի քաղաքից 11.5 կիլոմետր է հեռու: Գյուղի տարածքը սահմանակից է Լեհվազի, Գուդեմնիսի համայնքներին: Հայ-ադրբեջանական հակամարտության օրերին, գյուղապետի վկայությամբ, առաջին արկը Վահրավարում է պայթել: Գյուղն անմիջապես Նախիջեւանի սահմանին կպած է, ուստի հարմար չէ այստեղ անասնապահությամբ զբաղվել: Այս առումով միանգամայն արդարացիորեն համայնքապետը կարծում է, որ ներդրումային քաղաքականության նժարը մայրաքաղաքից ու Հայաստանի կենտրոնական շրջաններից պիտի թեքել դեպի սահմանային գյուղեր: Այլապես հետո ուշ է լինելու: Ոչ միայն Վահրավարում ձեռնտու չէ անասուն պահելը, այլեւ երկու անգամ անասնագողության դեպք է գրանցվել, մի անգամ համայնքը զրկվել է 14, իսկ նախանցյալ տարի` 9 խոշոր եղջերավոր անասունից:

Համայնքների խոշորացման հայեցակարգը, որի կիրառումը, ասում են, պիտի սկսեն Վայոց ձորից եւ Սյունիքից, կործանարար կլինի ոչ միայն Վահրավար, այլեւ հարեւան սահմանամերձ, սահմանակից, սահմանապահ (այս մակդիրները կարելի է շարունակել, հաշվի առնելով դրանց ռազմավարական նշանակությունը) Կուրիս եւ Գուդեմնիս գյուղերի համար: Այս հարցում երկու կարծիք լինել չի կարող:

Այնուհետեւ տեղը տեղին ներկայացնում է գյուղի հողատարածությունները եւ անասնագլխաքանակի ցուցանիշները խորհրդային տարիներին եւ իր ղեկավարության օրոք. փաստում է, որ նախկին հողատարածությունների 40 տոկոսը չի մշակվում: Նախկինում գյուղի նախրի մեջ 310 խոշոր եղջերավոր անասուն կար, հիմա համայնքում 40 խոշոր է մնացել, մանր եղջերավորների հոտը 350 գլուխ էր, հիմա անհատ մարդկանց մոտ եղածի թիվը չի անցնում 40-ը… Վահրավարը եզակի համայնքներից է, որ ամբողջությամբ զբաղվում է խաղողագործությամբ: Մարզի գյուղերը ներկայացնելիս հաճախ նշում ենք` համայնքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ կամ դաշտավարությամբ: Այլ է բանը սահմանամերձ այս համայնքում: Մոտ 8հա խաղող են մշակում վահրավարցիները: Ի դեպ, մարտի վերջին գյուղատնտեսությանը պատուհասած ցրտահարությունից առավելապես տուժեցին կորիզավոր պտուղների ծառերը, նաեւ ընկուզենիներ: «40սմ ձյուն եկավ հոնի, ծիրանի, դեղձի ծաղիկների վրա, բարեբախտաբար, խաղողը չի տուժել, եթե վնասատուներն էլ իրենց սեւ գործը չանեն, ռեկորդային բերք կստանանք», – ասում է փորձառու գյուղատնտեսը: Իսկ հարցին, թե որքա՞ն է ռեկորդայինը, պատասխանում է, որ խորհրդային տարիներին 208տ խաղողի բերք է ստացել կոլտնտեսությունը: Բայց այդ ռեկորդայինը վաղուց անցյալում է մնացել եւ, բնականաբար, անհասանելի է: Նաեւ անմիջապես հավելում է. նախկինի համեմատ 20 տոկոսով կրճատվել են խաղողի այգետարածությունները: Եթե 10հա էին մշակում, հիմա` ութ հեկտար:

Իսկ պետությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է վահրավարցիներին բնական տարերքից հասցված վնասի դիմաց փոխհատուցում տրամադրելու համար: Պետությունը 214 հազար դրամ է հատկացրել, ավելի ստույգ` հողի հարկը փակել են, հողի հարկի գումարը պահանջել են ըստ շնչերի եւ փոխհատուցել: «Ցանկալի կլինի, որ հակակարկտային թնդանոթներ տեղադրեին, գոնե երկուսը-երեքը լիներ մեր կողմերում, որ երկնային այդ պատուհասից ազատվեինք, մի տարի, որ կարկուտ չի գալիս, ասում ենք, այս անգամ էժան պրծանք», – անբարենպաստ եղանակի թեման այսպես է ամփոփում մեր զրուցակիցը:

Ի՞նչն է ավելի մտահոգում երկարամյա գյուղատնտեսին եւ համայնքի ղեկավարին: Պարզվում է` առավելապես այն, որ այգիների մի մասը չի մշակվում, որ խաղողի այգիների ոռոգման ջուրը մեծ կորուստներով է հասնում: Ջրի պակասություն չկա, Վահրավար գետի ջուրը լիուլի բավականացնում է ոռոգման համար, դրանից բաժին է հասնում նաեւ հարեւան Գուդեմնիսին եւ Կուրիսին, դրանից հետո ջրի ավելցուկը հասնում է նաեւ Կարճեւան եւ Ագարակ: Բայց ոռոգման ջրի առուները հին, «պապական» են, տարեկան 9կմ առու են մաքրում, բայց ջուրը շարունակ կորչում է: Գյուղի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները ներկայացնելիս, համայնքի սոցիալ-տնտեսական ծրագիր կազմելիս, առաջինը նշում է առուների նորացումը, ավելի ստույգ՝ դրանցում խողովակներ գցելը, որ ջուրը դրանցով հոսի, եւ կորուստներ չլինեն: Բայց սայլը տեղից չի շարժվում…

Հայտնի հեքիաթի հանգույն, գյուղապետից ցանկացանք իմանալ նրա երեք ցանկությունը: Առաջին ցանկությունն այն է, որ գյուղում մի փոքրիկ արտադրամաս բացվեր, երկրորդ՝ բնակչության թիվն այնքան ավելանար, որ մանկապարտեզն ու դպրոցը վերստին բացեին իրենց դռները եւ, վերջապես, գյուղապետարանին այնքան գումար հատկացնեին, որ կարողանար գոնե ընթացիկ մանր-մունր հարցերը լուծել: Իսկ այժմ համայնքի տեղական բյուջեն 4.8 մլն դրամ է (որից 3.5 մլն պետական լրավճարն է), որը հազիվ բավականացնում է գյուղապետարանի ապարատը պահպանելուն: Փորձառու գյուղապետի կարծիքով` ֆինանսական համահարթեցման մասին գործող օրենքով համայնքների ֆինանսավորումը մերժելի շատ սկզբունքներ է պարունակում, ինչից պետք է հրաժարվել: Ինչ վերաբերում է համայնքի կրթօջախին, ապա դպրոցի դռները գոցվել են 2004թ., երբ ընդամենը չորս աշակերտ է ունեցել, մինչդեռ եղել է ուսումնական տարի, երբ դպրոցի ճամփան բռնել է 86 աշակերտ:

Համայնքում դպրոց չլինելը միշտ անհարմարություններ, եթե չասենք` խոչընդոտներ է առաջացրել վահրավարցիների համար: Այժմ էլ գյուղում դպրոցահասակ երեխաներ կան: Եվ այդ հանգամանքն ընտանիքների երկփեղկման պատճառ է դարձել: Երեխաներին ուսման տալու համար ընտանիքի մայրը Մեղրիում է լինում, որ հոգա դպրոցական երեխաների հոգսերը: Իսկ հայրը Վահրավարում այգի է մշակում, անասուն պահում, այդպիսով հոգում ընտանիքի հանապազօրյա հոգսերը: Գյուղապետն էլ տարիներ ի վեր իր անհատական օգտագործման մեքենայով է իր երեխաներին եւ գյուղաբնակ դպրոցականներին դասի տարել Մեղրի, ժամանակաշրջանն էլ նշում է` 14 տարի: Եվ հիմա իրեն լիուլի վարձատրված է զգում, որ երեք զավակն էլ բուհավարտ են, մասնագիտության տեր: Ինչեւէ, իրողությունն այն է, որ այսօր համայնքի մշակութային միակ օջախը մնում է ակումբը…

Սահմանամերձ գյուղերը (ինչը շատ դատապարտելի կարելի է համարել) լինել-չլինելու խնդրի առջեւ են կանգնել: Բաժանումից առաջ, փոքրիշատե արդեն տեղյակ լինելով համայնքի հիմնախնդիրների մասին, գյուղապետից ցանկանում եմ իմանալ, թե, այնուամենայնիվ, ո՞րն է Վահրավարի համար առաջնահերթը: Պետությունն ի՞նչ պիտի անի, որ հոգսի մի ծանր բեռ ընկնի գյուղի, կամ որ միեւնույն է, գյուղապետի ուսերից: Պարզվում է, որ արտաքին աշխարհին կապող փոխադրամիջոցի պակասն է մտահոգում: «Նախ մի ավտոբուս պիտի հատկացնեն, թեկուզ վնասով աշխատի», – պատասխանում է: Փոխադրամիջոց, որից կօգտվեն ոչ միայն Վահրավարը, այլեւ Կուրիս ու Գուդեմնիս, ինչպես նաեւ Լեհվազ համայնքները: Մի քանի տարի է, ինչ առաջին երեքը հիմնանորոգված, բարեկարգ ճանապարհով կապված են Կապան-Մեղրի ավտոխճուղուն, բայց փոխադրամիջոց ունենալու խնդիրը մնում է օդից կախ:

Այնուամենայնիվ, 60-ամյա գյուղապետը չի կորցնում լավատեսությունը եւ այն համոզումն ունի, որ լեռնային ու սահմանային համայնքների հանդեպ վերաբերմունքը պիտի հստակեցվի:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25