Սերո Խանզադյանի բնակելի տների ոդիսականը

03.12.2017 16:50
2625

Գորիս գյուղից Սերո Խանզադյանի ընտանիքը Գորիս քաղաք տեղափոխվեց 1925թ.: Մեր ձեռքի տակ է Զանգեզուրի գավառային կոմիտեի առջեւ 1925թ. ապրիլի 1-ին Նիկոլայ Խանզադյանի կողմից բարձրացված խնդիրը: Մինչ այդ՝ մարտի 30-ին, քաղաքի N55 թաղամասի N1 հողամասի համար պատրաստվել էր հատակագիծ: Խնդրագրում Նիկոլայ Խանզադյանը ցանկություն է հայտնում առ այն, որ ուզում է գյուղից տեղափոխվել քաղաք, ինչի համար խնդրում է հաստատել նախագիծը: Խնդրանքը բավարարվում է: Եվ Նիկոլայ Խանզադյանն այդ հասցեում (ներկայումս՝ Վարդան Մամիկոնյան 44, իսկ ավելի շուտ՝ Հակոբ Կամարի 44) տուն է կառուցում: 1936թ. Նիկոլայ Խանզադյանն այլեւս չցանկացավ ապրել այդ տանը: Տունը թեքության վրա էր, հորդառատ անձրեւների հետեւանքով լցվում էր ջրով: Տունը վաճառվեց Գորիսի հիվանդանոցին, ավելի ուշ հիվանդանոցից այդ տունը գնեց ճանաչված բժիշկ Բագրատ Աքունցը, ով էլ քանդեց Նիկոլայ Խանզադյանի կառուցած միհարկանի տունը եւ տեղում նոր տուն կառուցեց: Հետագայում այդ տունն անցավ պետությանը եւ ծառայեց տարբեր նպատակների՝ պիոներ տուն, շրջանային դիսպանսեր: Անկախության տարիներին տունը վերադարձվեց Բագրատ Աքունցին, ով էլ վաճառեց այն:


Նիկոլայ Խանզադյանը, 1936-ին վաճառելով իր տունը, գնեց Լենինի 27 (նախկինում՝ 21) տունը (ներկայումս՝ Մաշտոցի փողոց): Ըստ գրողի քույր Վերժինե Խանզադյանի՝ ժամանակին այդ տունը պատկանել է տեր Դավիթին (նա է կառուցել), որի որդին՝ Հովսեփը, տունը վաճառել է Սուրեն Քարամյանին, ումից էլ 1936 թվականին գնել է Նիկոլայ Խանզադյանը: Այդ տանը Սերո Խանզադյանն ապրեց մինչեւ Երեւան տեղափոխվելը՝ մինչեւ 1946թ.: Ըստ Արարատ Խանզադյանի՝ «1950-60-ականներին հայրս այդ տան մի մասը վերակառուցեց: Տան մի մասը մերն էր, մյուս մասը՝ հորեղբայր Սուրենինը: Հրաշալի տուն էր՝ սքանչելի այգիով: ….Հետագայում երկու եղբայրներով որոշեցին վաճառել տունը, շատ էժան վաճառեցին: Վարդանուշ տատս ազդվել էր, չէր ուզում, որ տունը վաճառվի»:


Տունը վաճառվեց 1968-ին, վաճառվեց Խաչատուր Բադիրյանին (հիմա այդ տանն ապրում է Խաչատուր Բադիրյանի թոռան՝ Աշոտի ընտանիքը):


Կից շենքը, որ երկար տարիներ պատկանում էր Գորիսում ճանաչված մանկավարժ Ռաֆիկ Պետրոսյանին, կապ չուներ Խանզադյանների տան հետ:


Պատմում են, որ գրողի մայրը՝ Վարդանուշ մայրիկը, մինչեւ վերջ չէր համակերպվում տան վաճառքի հետ: Բայց Սերո Խանզադյանը հարկադրված էր վաճառել այն. եղբոր՝ Սուրենի համար խնդիրներ էին առաջացել, գումար էր պետք: Եվ վաճառեցին բավականին ցածր գնով:


Պատմում են նաեւ, որ գրողի մայրը դրանից հետո էլ այցելում էր այնտեղ՝ կարոտն առնելու. այդ տնից էին 1937-ին տարել ամուսնուն՝ Նիկոլայ Խանզադյանին, ով մի քանի օր անց գնդակահարվեց:
1946թ. օգոստոսին Սերո Խանզադյանի ընտանիքը տեղափոխվեց Երեւան: Բնակվում էր Կարապի լճի տեղում՝ Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցի մերձակայքում գտնվող միհարկանի տանը՝ երկու սենյակով: Եվ այդպես՝ մինչեւ 1954 թվականը:


1954-ի վերջից Սերո Խանզադյանի ընտանիքը տեղափոխվեց Տերյան 59 շենքի 5-րդ հարկ: Նորակառույց շենք էր: Ինչպես Արարատ Խանզադյանն է հիշում, «….ներքեւում Սիլվա Կապուտիկյանն էր բնակվում, կողքը՝ Հրաչյա Հովհաննիսյանը, վերեւում՝ Գուրգեն Բորյանը, Գեղամ Սարյանն էլ այդ շենքում էր»:


1960-ականների 2-րդ կեսին Սերո Խանզադյանը սկսեց կառուցել Նորքի տունը, որտեղ տեղափոխվեց 1971թ.: Շենքը նախագծել էր, ինչպես հիշում է Արարատ Խանզադյանը, «Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի տեղակալը՝ Գարիկ անունով: Առաջին անգամ, որ գնացի այդ վայր, հարցրի՝ օձերի եւ կարիճների մեջ ի՞նչ ենք անելու: Հայրս ասաց՝ ես այստեղ դրախտ եմ դարձնելու: Եվ դարձրեց: Վարպետներից մեկը գորիսեցի էր՝ անունը՝ Վարդան: ….Լեւոնի ժամանակ այգու մի մասը մեզանից խլեցին. 600 քառակուսի մետր թողեցին, 1000-ից ավելի քառակուսի մետրը վերցրին: Շատ գեղեցիկ այգի էր հիմնել, Մեղրուց նռան տնկիներ էր բերել, Սիրիայից՝ Քեսաբից՝ վարդեր, իր ձեռքով տնկել… »:


Արարատ Խանզադյանի պատմելով. «Նորքի տունը գրավ էր դրված, բայց հորս կողմից: Հորս մահվանից որոշ ժամանակ անց Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանն այդ տունը հանեցին գրավից: Բայց շենքը երկրորդ անգամ էլ առուվաճառքի առարկա դարձավ, դատական վեճեր եղան….»:


Նորքի տան ոդիսականի մասին են վկայում նաեւ մի քանի փաստաթղթեր: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014թ. սեպտեմբերի 4-ի գրության՝ Երեւան քաղաքի Նորքի 34/2 հասցեի (նախկինում՝ Նորքի 34 ա) բնակելի տան նկատմամբ գրանցված է Երեւան համայնքի սեփականության իրավունքը:


Մինչ այդ… ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 29-ի թիվ 791 որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երեւանի Նորք-Մարաշ համայնքին հատկացվել է 10,5 մլն դրամ՝ «Երեւան Կրեդիտ» բանկում Սերո Խանզադյանի գրավ դրված բնակելի տունը գնելու եւ որպես համայնքային սեփականություն գրողի տուն-թանգարան դարձնելու նպատակով: Սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ որեւէ տուն-թանգարան չի գործում, եւ, նկատի ունենալով տուն-թանգարանների մասնագիտական առանձնահատկությունները, Նորք-Մարաշ համայնքի ավագանու 2004թ. մայիսի 24-ի N26 որոշմամբ տունը հանձնվել է պետությանը:


Այդ տան վերաբերյալ ներկայումս կան տարբեր առաջարկներ: ՀՀ մշակույթի նախարարությունը, օրինակ, հանդես էր եկել շենքը «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացնելու նախաձեռնությամբ, որը կնպաստեր գրական ժառանգության պահպանման, տարածման ու գրավոր մշակույթի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, ազգային եւ համաշխարհային դասական ու ժամանակակից լավագույն գրական ստեղծագործություններին ու մշակույթին հանրությանը հաղորդակից դարձնելուն: Ըստ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա.Սամուելյանի 2014թ. սեպտեմբերի 8-ի գրության՝ այդ առաջարկը հանձնվել է կառավարության քննարկման:


Մեր կարծիքով, մինչդեռ, պետք է վերադառնալ ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 29-ի թիվ 791 որոշմանը, որի համաձայն՝ բնակելի տունը պետք է դարձվեր տուն-թանգարան:


Առայժմ տունը գտնվում է անմխիթար վիճակում, հիմնանորոգումն ուշացնելու դեպքում շենքը եւ շրջակայքը կհայտնվեն ավելի վատթար վիճակում:


Դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան նաեւ Սերո Խանզադյանի Գորիսի առանձնատան շուրջ՝ Արզումանյան 32 հասցեում գտնվող:


Այդ տան կառուցումը սկսվեց 1970-ականների կեսին, հիմնականում ավարտվեց 1981թ.: Դրանից հետո էլ աշխատանքները շարունակվեցին. 1985-86թթ. կառուցվեցին մատուռը, մուտքի փոքրիկ շենքը:


«Հորս հետ առանց հորս» ինքնակենսագրական վիպակում (1986թ.) Ս.Խանզադյանն ահա ինչպես է ներկայացնում գորիսյան առանձնատան կառուցման մտահղացումը:


«Մեր փեսա Շալունց Անդրանիկը եկավ մեր տուն Երեւան՝ ասաց, թե մեր գլխատան քարայրը փլվել է: Մայրս ցնցվեց, գունատվեց:


- Բոլոր ժայռերը փլվել են, ամեն ինչ տակով արել» (էջ 311):


«Դու պիտի վերաշինես մեր տունը, մեր աղբյուրը… Պարտական մնաս, եթե չկատարես կամքս», - Վարդանուշ մայրիկն էր պատգամում Ս.Խանզադյանին:


Եվ ծնվում է առանձնատուն կառուցելու գաղափարը. «Գալիս եմ իմ պապերի բերդաքաղաքում տուն շինելու: Ուզում եմ կենդանացնել մեր տոհմի 3000 տարեկան տունը: ….Ես իմ տունը շինեցի մեր բերդաքարի մի բարձունքի վրա: Դրա համար օգտագործեցի մեր փլված կամարների ու պատերի քարերը, որոնց վրա դեռ մնում են ալեւոր դարերի հետքերը: Շինեցի մեր գլխատան ոճով ու տեսքով՝ վրան մեր Կարմիր մատուռի հանգով գմբեթ հյուսելով: Փլատակների տակից հանեցի մեր Ատյան քարը՝ իբրեւ իմ գալիք սերունդների երդմնավայր» (էջ 314):


Սերո Խանզադյանի մահվանից 2-3 տարի առաջ այդ տունը վաճառվեց գորիսեցի Սենիկ Փարսյանին (Ուղուզի Սենիկ): Սակայն Գորիսի քաղաքապետ Սուրեն Խաչատրյանն ավելի ուշ հետ վերցրեց այդ տունը եւ դարձրեց Գորիսի համայնքի սեփականություն՝ այնտեղ հիմնելով Սերո Խանզադյանի տուն-թանգարան (թանգարանը Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի կազմում է, հիմնադիր տնօրենը Նապոլեոն Մկրտչյանն էր, իսկ 2008թ. հուլիսի 1-ից թանգարանի պատասխանատուն Արմանուշ Բակունցն է):


Գրողի քրոջ՝ տիկին Վերժինեի կարծիքով ե՛ւ Նորքի առանձնատան, ե՛ւ Գորիսի առանձնատան շուրջ եղած դրամատիկ պատմությունները տեղի ունեցան հիմնականում Սերո Խանզադյանի մեղքով, թեեւ այդ ամենն ընտանիքի սոցիալական ոչ բարվոք վիճակով էր թելադրված:


Սերո Խանզադյանի ունեցվածքի օտարումը, ցավոք, չավարտվեց առանձնատների կասկածելի առուվաճառքով: Տիկին Վերժինեի եւ Արարատ Խանզադյանի վկայությամբ՝ գրողի կյանքի վերջին շրջանում, երբ նրա առողջությունը վատթարացած էր, ինչպես եւ նրա մահվանից հետո, դեռեւս ոչ հայտնի հանգամանքներում վաճառվեցին մեդալները (գնորդը նույն Սենիկ Փարսյանն էր, ով էլ իր հերթին վերավաճառեց դրանք), Վարդանուշ տատի գործած խալին, գրողի անձնական գրադարանի լավագույն մասը, որոշ գեղանկարներ…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25