Սերո Խանզադյանի հուշերն Ակսել Բակունցի մասին

17.05.2024 15:12
642

Սկիզբն այսպես եղավ:

1924 թվականի ուշ աշունն էր: Մեր գերդաստանը դեռևս ապրում էր մեր Գորիս շենի հին քարանձավում՝ «բերդի» մեջ: Մեր ժայռերի մեջ քարայր ունեին նաև Բակունց Թիվեսին Ստեփան դային ու էլի մի քանի ընտանիք, որ վաղուց գյուղից դուրս էին եկել, գետի հակառակ կողմի տափարակում տներ շինել, որին մենք քաղաք էինք ասում: Հայրս գյուղական փոստատար էր: Ամեն լուսաբացի գնում էր քաղաք՝ «փոշտի կանտորը», շալակով փոստ տանում լեռների հեռավոր գյուղերը:

Մի երեկո էլ նա «փոշտի կանտորից» տուն եկավ, հետը թերթեր ու ամսագրեր` բերելով: Դրանցից մեկը, չեմ հիշում՝ թերթ թե ամսագիր բաց արեց ու մորս ասաց.

Վարդանուշ, մեր Ալեքսանդրը բան է գրել Վանդունց Բադու մասին: Լավ բան է, կարդա, թող երեխաները լսեն:

Մայրս դեռևս 1909 թվականին Օրիորդաց դպրոց էր ավարտել, լավ գրագետ էր ու գրասեր: Մեծ եղբայրս և ես թեև դպրոց էինք հաճախում, բայց դեռ փոքր էինք շատ բան հասկանալու համար:

Այդ երեկո մայրս մեզ հավաքեց իր գլխին ու կարդաց Բակունց Թիվեսին Ստեփան դայու տղայի՝ Ալեքսանդրի գրածը: Գյուղում միայն մեր ու մեզ հարևան մեր քեռի Արմենակի տանը էլեկտրական լույս կար: Մայրս կարդում էր դանդաղ: Հատկապես հայրս ուշադիր լսում էր Ալեքսանդրի «պատմությունը», ինչպես ինքը բնորոշեց: «Գյուղում բոլորն էլ ճանաչում էին Վանդունց Բադուն»:

— Բա չէ՞,— ասաց հայրս:— Արևը կծեմ: Տես ի՜նչ լավ էլ սկսել է: Վադունց Բադին մինչև վերջերս կենում էր: Օղորմի իրեն:

Մայրս կարդում էր կլանված: Երբ հասավ այն տեղին, ուր սպանում են Բադու տղային՝ ջահել Հաբուդին, նրա աչքերից արցունքներ ընկան: Հայրս հառաչեց:

— Ի՜նչ տղա էր Հաբուդը: Ախր նմանին բա կսպանե՞ն: «Որդուդ բերդում կրակել են էս գիշեր»:

Մեզ համար Հաբուդը դարձավ սիրելի, հարազատ: Ողջ գիշեր ես ու ինձնից երկու տարով մեծ եղբայրս՝ Սուրենը, գրեթե չքնեցինք: Մնացինք Վանդունց Բադու, նրա որդու հետ:

 

Ճանապարհին

Այս բանը եղավ 1928 թվականին: Ամպամած օր էր: Սև քաշաթուխպ էր ծանր նստել մեր ձորում՝ մի թևը Դրնգանի ժայռե ատամներին, մյուսը՝ Բրուտների թաղում, որ սպառնալի կախվել է կիրճի վրա:

Դպրոցի բակում շարք ենք կանգնել, նայում ենք ամպերին: Թվում է, եթե կանգնես քերծերից մեկի վրա՝ գլուխդ կմտնի ամպի սառը մալանչների մեջ: Մեր ուսուցիչն ասում է.

– Խելոք կացեք, գնում ենք մեր համագյուղացի գրող Ակսել Բակունցին դիմավորելու:

Գնում ենք՝ շարք-շարք, հաճախ ցրվելով՝ բարկություն պատճառելով մեր խստաբարո ուսուցչին:

– Գրողը հի՞նչ ա,– հարցնում է ընկերս՝ Ջավահիրին Սուրենը՝ ինձ նման գեղջուկ պատանի:

– Գրողը Բակունց Ստեփան դայու տղան ա,– բացատրում է յոթերորդ դասարանցի մեծ եղբայրս՝ Սուրենը: – Էն որ մեր Վանդունց Բադու պատմությունն ա գրել: Գրողն էն ա: Մեծ մարդ ա:

Քիթներս շուտ-շուտ մաքրում ենք, գոտիներս ուղղում: Գեղջուկ տղերք ենք, ո՛չ գրող ենք տեսել, ո՛չ «մեծ» մարդ: Գնում ենք յուրաքանչյուրս իր ձևով պատկերացնելով Ստեփան դայու «գրող տղին»: Մեկը պնդում է, թե նա «ալաֆռանգի» շորերով կլինի (միայն լսել է «ալաֆռանգի» շորի անունը, չի տեսել, որտե՞ղ տեսներ), մյուսը թե՝ չալ մորուք կունենա: Եվ հավատում ենք, որ թե՛ չալ մորուք և թե՛ «ալաֆռանգի» շորեր կունենա մեր համաքաղաքացի գրողը:

Դուրս ենք գալիս մեր փոքրիկ քաղաքից, ծռվում դեպի Շորին ձորը, բարձրանում «Փոշտի ճընհապան»: Ցեխ է: Վերևից՝ թխպով պատած լեռնալանջից լսվում է մեկի հորովելը.

«Ծարավել եմ, ջուր բերե՜ք...»

Ահա և Շորին ձորը: Քաշաթուխպը շան պես մեկ փաթաթվում է մեր ոտքերին, հոտոտում, մերթ ելնում ժայռերն ի վեր՝ ցող թողնելով մեր փափախներին, հոնքերին, կանաչներին:

Մի ավտոմոբիլ է խրվել Շորին ձորի դիքում, ցեխի մեջ: Երեք հոգի կպել են նրան և հրում են՝ ցեխից հանելու հույսով: Նրանցից մեկը մոխրագույն վերարկու ունի, երկարաճիտք սապոգներ և կապույտ կեպի: Նա ամուր կպել է ավտոմոբիլին, ուսը հենել նրան և ճիգ է անում տեղից պոկել...

– Ընկեր ուսուցիչ, օգնեցեք ավտոն ցեխից հանենք,– խնդրում է երկար տանջված շոֆերը:

– Շտապում ենք,– դժգոհ պատասխանում է մեր ուսուցիչը ու մեզ քշում ճանապարհի եզերքով: - Գնում ենք մարդ դիմավորելու:

Կեպիով մարդը հուսահատ նայում է մեզ: Նա կապտավուն աչքեր ունի, մի փոքր երկարավուն, բարի դեմք: Եվ այդ դեմքի բարի լինելու՞ց, կապտավուն աչքերի գրավչությունի՞ց, թե՞ մի ուրիշ բանից մղված, մենք, մի քանի հոգի, կպչում ենք ավտոմոբիլին:

– Հո՛պ, հա՜, արևնիդ կծեմ, հու՜պ տվեք,– ոգևորում է մեզ կեպիավոր մարդը:

Ավտոմոբիլը պոկվում է տեղից: Մենք նրան միահամուռ ուժերով դանդաղ բարձրացնում ենք վերև: Ես հենց կեպիավոր մարդու կողքին եմ և լսում եմ նրա հևոցը, տեսնում երկար, հողոտ մատները: Բութ մատին չանգռվածք կա: Երևում է, որ վաղուց են խրվել ցեխի մեջ, լավ տանջվել են:

– Դու ումանցի՞ց ես,- հարցնում է ինձ՝ շունչը հետ բերելով:

Ես տալիս եմ մեր ազգի և հորս անունը:

– Հա՜,– ասում է։ – Հորդ ճանաչում եմ, գնում եք ո՞ւմ դիմավորելու:

– Բակունց Ստեփան դայու գրող տղին,– իսկույն պատասխանում եմ ես:

Ձայն չի հանում, թվում է՝ նեղացավ:

Ավտոմոբիլը հանել ենք ձորից. դենը ճանապարհը զառիթափ է, չոր, ինքն իրեն կգնա: Կանգնում ենք շունչներս հետ բերելու: Ներքևից մեր ուսուցիչը չարացած կանչում է մեզ.

– Շուտ արեք, եկե'ք:

Լեռնալանջից լսվում է ամպերի մեջ կորած, ասես ամպերը հերկող մաճկալի հորովելը.

«Դանակ տվեք, սիրտ ճղե՜ք,

Բուղում-բուղում դարդե՜ր են...»

Կեպիավոր մարդու աչքերը լցվում են թախիծով, ամբողջովին լսողություն դարձած ականջ է դնում հորովելին, որ մեղմ ծորում է ձորերի վրա, գնում փշրվում քարանձավների մեջ...

– Ո՞վ է հորովել ասողը, ձայնից ճանաչու՞մ եք,- հարցնում է նա՝ դեմքին մարմանդ մի ժպիտ:

– Ինչի՞ չէ, Ագեմ ամու հորովելն ո՞վ չի ճանաչի, - պատասխանում ենք մենք՝ աչքներս նրանից չկտրելով: Մի խոր հարազատություն ենք զգում դեպի այդ մարդը, որ այդպես ուշադիր է դեպի մեր հորովելը, մի զարմանալի քնքշությամբ է նայում մեր քերծերին, քերծերի վրա ընկած կարկատան արտերին, ամպերին ու ամպերից դենը երևացող լեռնագագաթներին:

Նա նստեց ավտոմոբիլը և գնաց: Մենք շարունակում ենք մեր ճանապարհը: Բայց շուտով մի ձիավոր է հասնում մեզ.

– Ետ դառեք, հինգեր Բակունցը եկալ ա:

Մեր ուսուցիչը բերանը բացուխուփ է անում: Որտեղի՞ց Բակունցն իջավ քաղաք: Վերադառնում ենք:

Քաղաքում՝ «Դավթարխանի» առջև, հորս, մեր հարևան Բակունց Թիվեսին Ստեփան դայու և էլի մի քանի մարդկանց հետ կանգնած է այն կեպիավոր մարդը, որի ավտոմոբիլը հանեցինք ցեխից, և որ այնպես զմայլված էր Արեգ ամու հորովելով: Մարդիկ մատով ցույց են տալիս նրան:

– Բակունց Աեքսանդրն է:

Մենք շշմում ենք, զարմանում: Հապա ինչո՞ւ չասաց, որ «Բակունց Ստեփան դայու գրող տղան» ինքն է: Ի՞նչ իմանայի, որ թխպոտ այդ օրը, Շորին ձորում, ավտոմոբիլի սառը կողին կպած հողոտ, չանգռվածքով այդ երկար մատներն էին ստեղծել հրաշք «Մթնաձորը», «Ծիրանի տափը», հյուսել կախարդական «Աքարում» գործը, Մինա բիբու քնքուշ պոեմը...

Հիմա հաճախ եմ ես լինում Շորին ձորում: Ճանապարհն էլ էն չի. լայն է, խճած: Ճանապարհի եզերքին էլեկտրական սյուներ կան, որ լույս են տանում լեռների ծալքերում եղած գյուղերին: Կանաչ արտեր կան, կորնգանի դաշտեր, երբեմնի լերկ լեռնալանջը ծածկված է այգիներով: եվ ամեն անգամ կանգնում եմ այն թմբերին, որի վրայից Ակսել Բակունցը ականջ էր դնում ամպերի մեջ, ասես ամպերը հերկող մաճկալի հորովելին ու թվում է, թե հիմա էլ նա չմամռոտող խաչքարի պես կանգնած է այդ բլրին՝ վեհ, ինչպես իր երազած լեռնաշխարհը, ականջը ձայնի, միտքն իր հայրենի ձորերում: Կանգնած է չթեքվող հուշարձանի պես: Այդպես նա կանգնած է և մեր սրտերում: Այդպես կկանգնի դարեր...

2. Բակունցի խնձորենիները

1928 թվականն էր. Խոր աշուն:

Հայրս տուն եկավ հուզված, խանդավառ: Կանչեց ինձ.

– Այ տղա, վեր կաց: Ծառ են  բերել, գնանք տեսնենք:

– Ի՞նչ ծառ,-հարցնում  եմ` տրեխներս հագնելով:

– Ակսելը Ռուսեթի խնձորենիներ է բերել, վեր կաց:

Շտապելով դուրս ենք գալիս տնից:

Աշուն է, սարերում ձյուն  կա արդեն: Ձորի ծառերը տերևաթափ են, տխուր, միայն ջահել թթենիներն են հուրհրատում ձորալանջերին, անծուխ բոցի պես շլացնող:

Լուկաշինի բակում (ընկեր Լուկաշինի անվան մեր դպրոցն է) մարդիկ են հավաքվել: Ֆուրգոններից խուրձ-խուրձ ծառերի կապեր են հանում: Մատղաշ ծառեր են, ոչ տերև ունեն, ոչ բողբոջ, կարծես քնած են: Նրանց արմատները փաթաթված են են խսիրով, ճյուղերից կախված են ֆաներայի պատառիկներ`ծառի կենսագրությունը վրան` անունը («բելոֆլոր» կամ «ռանետ կուրսկիյ»), ծննդյան թիվը (երեք տարեկան), ծննդավայրը (Հյուսիսային Կովկաս, Կուրսկ, Ռոստով և այլն):

Մեր քաղաքի մարդիկ, որոնց մեծ մասը տակավին հողագործ է, մի փոքր անվստահ են ձեռք տալիս մատղաշ ծառերին:

– Էս որտեղի՞ բսուկ ա, Ալեքսանդր,- հարցնում է մեր հարևան Ավանես ամին:

– Ռուսաստանի,-պատասխանում է Ակսելը:

– Հա՜,- պայծառանում է Ավանես ամին: – Մի քիչ խասիաթ պարզիր, հեռու տեղից եկած ծառ ա:

Ակսել Բակունցը մոտենում է տունկերի կույտին: Ես կլանված նայում եմ նրան: Նույն վերարկուն է հագին, նույն կեպին է շվաք գցել լայն, բարձր ճակատին: Կեպիի տակից դուրս է պրծել մի փունջ անհնազանդ մազ: Նա զգուշությամբ վերցնում է բարալիկ, հազիվ մեկ-երկու ճյուղ ունեցող շիվերն ու բացատրում դրանց «խասիաթը»: Բացատրում է գրողի քնքշանքով և «ագրոնոմի» հմտությամբ:

– Բա՜… – երկարածորում է Երի Շենից մեր քաղաքը նավթ առնելու եկած Խաչին` Նավթամանը ձեռին, հազիվ սպիտակող բեղերի տակ խորամանկ ժպիտ: - Էդ ծառերը Կյորեսի ձորում դիմանալ չեն:

– Կդիմանան, - ասում է Բակունցը: - Տարեք տնկեցեք, աճեցրեք, բազմացրեք: Խնձորը պատվական միրգ է:

Երիշենցի Խաչին ձեռքը թափ տալով գնում է:

– Ծառ չե՞ս տանում, - նրա հետևից հարցնում է հայրս:

– Մեր գյուղում մի ծառ կա՞, որ մինն էլ տանեմ: Սար երգիր ա, մեզանում ծառ չի բուսնի:

Եվ գնում է` նավթամանը մեջքին օրորելով:

Մերոնք վարանոտ նայում են տնկիներին, մեկ-մեկ վերցնում, տնտղում:

– Տանենք, փորձենք:

Բարութչի Ավանես ամին բռնում է Բակունցի թևը:

– Ալեքսանդր, յանի որ տանենք, նեղություններս մի բանի կհասնե՞ն:

Բակունցը  ներողամտորեն ժպտում է, նորից սկսում բացատրել խուլ ձորերում ծնված, ձորերում մեծացած, ձորերից այն կողմի աշխարհներին անտեղյակ մարդկանց, թե ինչպիսի մեծ օգուտ կտան խնձորի այգիները: Գյուղացիները հավատում են նրան: Ինչպես չհավատան  այն մարդուն, որ այնպես հմտությամբ ճանաչում է իրենց, գիտի թափանցել իրենց հոգու խորքերը, իրենց աշխարհի ու կյանքի երգիչն է:

Մերոնք խնձորենիներ են տանում իրենց բախչաներում, բոստաններում ու այգիներում տնկելու: Մենք էլ ենք ծառեր  բերում: Հայրս փոսեր է փորում, խնամքով տնկում «Ակսելի բերած ծառերը» և մեր հարևաններին խորհուրդ տալիս, որ իրենք էլ իրենց «չաստոկներում» դրանցից տնկեն: Հայրս սիրում է Ալեքսանդրի անունը «գրաբարավարի» ասել` Ակսել:

– Այ մարդիկ, - դիմում է նա թերահավատներին, - Ակսելն աշխարհի տակն ու գլուխն իմացող, գրող-ագրոնոմ է, բա որ նրան չհավատանք, էլ ո՞ւմ հավատանք: Նրա գրածներն անպտո՞ւղ են, որ բերած ծառերն էլ անպտուղ լինեն:

Այդ ձմեռ  «Ռուսեթի» ծառերը տխրեցին Վարարակնի հովտում. տխրեցինք նաև մենք, երբ կարդում էինք  «Մթնաձորի» Ավու, Վանդունց Բադու, Մինա բիբու և ուրիշ մեզ հարազատ մարդկանց անցած գնացած պատմությունները:

– Հե՜յ գիտի հա,- ասում էր հայրս: - Մարդ էլ էսքան բան իմանա՞: Սողոմոն  իմաստունն է մեր Ակսելը: Երանի՜ Ստեփան դայուն: - Ասում էր, փափախը դնում, գնում Ակսելի հոր` Ստեփան դայու հետ զրույց անելու:

***

Բակունցը վայելեց իր բերած խնձորենիների պտուղը:

Հիշում եմ, 1931 թվականին նորից էր եկել Գորիս: Ստեփան դայու հետ նայեցին մեր ծառերը: Մեծացել էին, ճյուղ տվել, ճյուղերին` պտուղներ, պտուղներին` աշնան եղյամ: Ժպտաց, երբ կծեց  «շարմաղ» խնձորը` համից ինքնաբավական:

– Մեր հողի քաղցրությունն ու մեր արևի համն էլ է խառնվել հետը: - Ասաց, կապույտ աչքերում ժպիտ, ձայնի մեջ հարազատ մի երգ, որ մինչև հիմա էլ ականջիս մեջ է…

Երբ հաց էինք ուտում, հայրս ասաց.

– Ակսել, ախր մեր էս «խոխան» էլ է բան-ման գրում: - Ձեռքը մեկնեց իր ինը երեխաներից իմ կողմը:

Բակունցը նայեց ինձ: Ես փախա… Ի՞նչ է ասել նա հորս, չգիտեմ: Միայն երեկոները հայրս, եթե քեֆը տեղն էր լինում, ասում էր.

– Ադա, մի մեր Ակսելի գիրքը բեր, մի բան կարդա:

Կարդում էի, հայրս հրճվագին ասում էր.

– Հեյ վա՜խ, Սողոմոնի խելքն ունի: Երանի Ստեփան Դայուն: Հիմա էլ քո գրածներից կարդա:

Իսկ ես իմ գրածները նրա համար չէի կարդում»:

***

1932-ին մենք, տեխնիկումի ուսանողներս, մի քանի հոգի, կարդացել էինք Ակսել Բակունցի «Որդի որոտմանի» մի երկու հատված, որ տպագրվել էին նոր հրատարակվող «Գրական թերթում»: Ամառ էր, ու Բակունցը եկել էր Գորիս: Հորս և իր քեռի Խուրշուդին Եգորի հետ զրուցելիս Ակսելը նրանց հարցրեց՝ գրածս հավանեցի՞ք:

– Այո,— պատասխանեց հայրս։ — Այդքան բան որտեղի՞ց գիտես, Ալեքսան: Հրաշալի գործ է, պրծե՞լ ես, թե դեռ կիսատ-պռատ է:

– Ավարտել եմ, — ասաց Բակունցը։— Ես մի գրածս մինչև չեմ ավարտում, նրանից թեկուզ կես էջ չեմ տալիս տպագրության:

Նրա քեռի Եգորը հարցրեց.

– Իսկ քո «Կարմրաքարը» ամբողջությամբ ե՞րբ կկարդանք, քրոջ տղա:

Բակունցը ծիծաղեց.

– Է՜, քեռի: Գրելը հեշտ է, տպագրելն է դժվար: Տպագրողները հազար բան են ասում՝ էս էսպես չի, էն էնպես պիտի լինի... «Կարմրաքարը» ևս ավարտել եմ:

Մեղք է «Կարմրաքարի» Սոնան,— ասաց հայրս։ — Արզումանին հետ բեր, որ Սոնան մուրազն առնի:

Հետ եմ բերել, — ասաց Բակունցը,— իսկ մուրազը... Եգոր քեռին գրկեց նրան:

Լավ ես արել, ջանիդ մատա՜ղ, քրոջ տղա:

Ասեմ, որ Բակունցը խիստ նման էր նրան՝ իր հարազատ քեռուն, մի խնձոր, միջից կիսած, միայն մեկը՝ սպիտակահեր, մյուսը՝ ջահել: Ակսելը ինձ ասաց.

– Բարձրացիր թթի ծառը, թութ թափի, ուտենք:

Ես ցնծությամբ կատարեցի նրա հրամանը: Բայց, ավա՜ղ, այլևս չլսեցի, թե նրանք ինչ են խոսում...

***

Հարևան ենք: Հայրս և Բակունց Ստեփան դային կոլխոզնիկ են, կոլխոզի հանդապահ: Ակսել Բակունցը եկավ մեր տուն: 1933 թվականի գարունն էր: Հորս բարևեց հին ջերմությամբ:

– Ո՞նց ես ապրում, Նիկոլայ քեռի:

– Վատ չեմ, Ակսել, դու ողջ լինես:

Ակսելը նայեց ձորի մյուս կողմի ժայռերի մեջ կուտակված մեր գյուղին՝ Շենին: Հայրս ասաց.

– Քարատակներում դժվար է ապրել, Ակսել: Մարդիկ իջնում, քաղաքում են տուն շինում:

– Հա՛, Նիկոլայ քեռի, բայց Շենն ափսոս է, երեք հազար տարվա մեր շենը...

Ակսելի մայրը՝ Բոխճի բիբին ասաց.

– Նիկոլայ, տղիդ տուր մեր Սանթրուն, թող տանի Երևան ուսումի տա:

Մայրը Ակսելին քնքշանքով «Սանթրի» էր ասում:

Երեկոները Բոխճի բիբին, Ստեփան դային, հայրս, մայրս և էլի հարևաններ հավաքվում, նստոտում էին քարե նստարաններին, զրուցում: Բոլորի, նույնիսկ տղամարդկանց վրա իշխում էր Ակսելի մայրը: Նրա ասածը օրենք էր, անառարկելի: Երբեմն ասում էր.

– Ես Խուրշուդին Աթունի աղջիկն եմ, հա՜...

Խուրշուդին Աթոնը Ակսելի Արթին պապն է:

Մի տարի հետո Ստեփան դային հորս ասաց.

– Այ տղա, Նիկոլայ, Ալեքսանդրը Մոսկվայում որ իմանաս ինչ ճառ է ասել: Սաղ թերթերը` դրա մասին են գրում:

– Արևը կծեմ,—ասաց հայրս։— Տղա ա, է՜...

***

1935 թվականի հունիսն է: Ես պատրաստվում եմ գնալ Բաքու, սովորելու այնտեղի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնում: Հայրս տրտնջում է, ախր մեծ ընտանիք ունի, ոնց պահի, որ ես գնամ:

Այդ օրերին մի երեկո մեր տուն եկավ Ակսել Բակունցը:

Նրա երևալը մեր քաղաքում տոն էր, մեր տանը՝ կրկնակի: Նա ու հայրս նստեցին դրսում՝ մեր թթի ծառի տակ ու սկսեցին զրուցել: Հայրս նրան ասաց, թե տղաս ուզում է Բաքու գնա՝ սովորելու

Ակսելը զվարթ նայեց ինձ:

– Ինչու՞ Բաքու: Արի Երևանում սովորիր: Մեր համալսարանը համբավ ունի, նշանավոր դասախոս-գիտնականներ կպարապեն քեզ հետ:

Ես, իհարկե, Բաքու գնացի՝ հույս ունենալով, որ այնտեղ ապրող մեր բարեկամներն ինձ կօգնեն: Միայն վեց ամիս կարողացա ապրել Բաքվում, իմ ապրուստի պայմանները ողորմելի էին ու հետ եկա:

Մյուս օրը, կեսօրին, Բակունցին հանդիպեցի երկու շատ գեղեցիկ քույրեր՝ Մարիամ և Երանուհի Ասլամազյանների հետ: Իմացա, որ երկուսն էլ նկարչուհիներ են, ապրում, թե սովորում են Լենինգրադում: Կրկնեմ, որ շատ գեղեցիկ, հրապուրիչ օրիորդներ էին: Մեր քաղաքը, որ խեղճ չէր գեղեցկուհիների տեսակետից, հիացել էր նրանցով: Բակունցը ինձ մոտ կանչեց:

– Ո՞ր կողմով է հեշտ բարձրանալ Լաստի խութը, Խաչին աղբյուրով գնա՞նք, թե Խուռուփի ձորով: Ինչ-որ մոռացել եմ:

Ես նրան խորհուրդ ավի գնալ Խաչին աղբյուրով, այդպես ավելի հեշտ է:

Ես մի ծառի տակից հետևում էի, թե ինչպես են նրանք բարձրանում իմ ցույց տված ճանապարհով: Երբ հասան լեռան գլուխը, ինձ թվաց, թե աստվածներ են իջել Օլիմպոսից։

Քառասուն տարի դրանից հետո, մի հավաքույթում, որտեղ նաև Ասլամազյան քույրերն էին, արդեն հռչակված նկարիչներ, Մարիամը հիշեց այդ օրը։ Ես նրան խնդրեցի իր հուշերը գրել Բակունցի մասին: Նա գրեց ու հրապարակեց:

Այդ օրերին, Գորիսում լսեցինք Ալեքսանդր Շիրվանզադեի մահվան լուրը: Ակսել Բակունցը թևին սև ժապավեն կապեց: Ինձ ասաց, թե հուշեր է գրում Շիրվանզադեի մասին:

Մի օր հարցրեց. «Դու ծանո՞թ ես Ստեփաննոս Օրբելյանի «Պատմությանը»: Առհասարակ աշխատիր լավ իմանալ մեր ժողովրդի պատմությունը: Իմացիր, հայոց պատմության ժամանակագրությունը վիթխարի հարստություն է և բոլորովին չի օգտագործված գեղարվեստական գրականության մեջ: Վատ է: Գրողը պետք է հայտնաբերի, ուսումնասիրի, մարսի այդ հարուստ խրոնիկան: Այնտեղից պետք է հմտորեն քաղվի մեր անցյալի էպիկական կողմը, պատմության դաժան էությունը, լեզվի հարստությունը, լեզվական գանձի կատարյալ խնայողությամբ օգտագործելու եղանակը»:

***

Մի տարի հետո հայրս դրսից տագնապով եկավ տուն, փլվեց թախտին, ահուդողով ասաց.

– Ակսելին բռնե՜լ են... Գիտեմ, հայր,— ասացի ես։ — Լսեցի ռադիոյով:

– Տուններս քանդվե՜ց,— մղկտաց հայրս:— Ակսելի գրքերը թաքցրու: Քաղաքում տնետուն ընկած նրա գրքերը հավաքում վառում են:

Ապրում ենք Լենինի փողոցի 21 տանը: Մերից մի փոքր վերև է Ակսելենց տունը: Երեկոյան Ստեփան դային մտավ մեր տուն:

– Նիկոլայ, արաղ տուր:

Ոչ ոք ոչ մի բառ չասաց, կարծես սգատան մեջ ենք: Գնալուց առաջ Ստեփան դային հառաչեց:

– Երանի՜ թե տղաս չոբան լիներ, Նիկոլայ, տավարած լիներ: Տանը մնացած լիներ, որ էդ օրին չհասներ:

Նա գնաց: Նրա ծնկները ծալվում էին: Կարծես դիակ դուրս եկավ մեր տնից: Հանկարծ ճամփին չընկնի...

Մեր հարևաններն այլևս չէին հավաքվում, չէին նստում ծառի տակ՝ քարերի վրա: Դժբախ՜տ քարեր... Չէր լսվում Բոխճի բիբու տիրական ձայնը...

***

Տաս-տասներկու տարեկան մի թմբլիկ, խոնարհ տղա է իջնում մեր փողոցն ի վար՝ դեպի դպրոց: Ակսել Բակունցի տղան է՝ Սևադան: Տատը՝ Բոխճի բիբին խանդաղատանքով նայում է նրա հետևից.

– Աստվա՜ծ, դու անփորձ պահես էս անհեր-անմեր մնացած բալիս:

Գիտեմ, Սևադայի մորը՝ Վառվառա Չիվիջյանին Երևանից աքսորել են... Ստեփան դային մեջքից երկտակվել է, ոչ խոսում է, ոչ հանդ գնում, սև քար՝ սև քարի վրա: Միայն երբեմն հառաչում է հորս մոտ.

– Ժամանակները բարի չեն, Նիկոլայ:

Այդ տարվա աշնանը ես հեռուներից տուն եկա: Հայրս չկար: Գնացի Ստեփան դայուն այցի:

– Հորդ էլ տարան, որդիս,— ցավով ասաց նա: Ժամանակները բարի չեն:

Մի տարի հետո, մի հինգ-վեց հարևանի հետ, Ստեփան դայու դագաղն ուսներիս տարանք գերեզմանատուն:

***

1946 թվականի աշունն էր: Մի տարի առաջ էի բանակից տուն եկել: Ինձ աշխատանք տվին գրականության ինստիտուտում՝ Արամ Ղանալանյանի մոտ (նրա միջնորդությամբ) իբրև բանահավաք:

Գնացել էի Գորիս։ Մեկնեցի Շինուհայր գյուղը՝ Դավիթ-Բեկի մասին զրույցներ հավաքելու: Այդ գյուղում ես ուսուցիչ եմ եղել 1939–40 ուսումնական տարում: Գյուղը հինն է, խանձված, աղքատ: Դպրոցի շենքը հինն է, կտուրը՝ կաթող, հատակը՝ հողե։

Տխուր, թախծոտ գյուղ։

Մտա դպրոց: Ուսուցչանոցում մի կին էր միայն, որ տետրակներ էր նայում: Մյուսները դասի էին: Կինն ինձ անծանոթ էր, մաշված, մաքառված, դեմքին հին գեղեցկության փշրանքներ: Բարևեցի, ասացի.

– Ներեցեք, տիկին, Դուք որտեղացի՞ եք:

– Գորիսեցի...

– Ի՞նչ...— Ես ուշադիր նայեցի նրան՝ ու՞մ աղջիկն է, ու՞մ կինը: Չկարողացա հիշել:

– Ես Ակսել Բակունցի կինն եմ...

Ձորը շրջվեց գլխիս: Տիկին Վառվառան է: Տե՜ր աստված, ինչպե՞ս է փրկվել: Ես տվի իմ անունը, համբուրեցի նրա ձեռքերը: Նա ասաց.

– Մորդ ճանաչում եմ, մեր հարևանն է...

– Ակսելից լուր կա՞,— հարցրի:

– Նահատակները չեն վերադառնում...

– Սևադան ու՞ր է:

– Երևանի բժշկականում է սովորում,— տիկին Վառվառայի ձայնը դողում էր։ — Մայրդ շատ լավ կին է: Նա մեր քանդված տան մեծ բարեկամն է, սկեսուրիս հուսատու սյունը։

– Ուրեմն,— ասացի,— Ակսելը չկա՞:

– Հիմա զանգը կտան, ուսուցիչներ կգան: Ասելիքդ կարճիր:

– Տիկին Վառվառա, հավաքեցեք Ակսելից մնացած նշխարները, մասունքները, ինչ փրկվել է: Հավաքեցեք, խնդրում եմ: Այսօր չէ, վաղը Ակսելը շառաչով կմտնի մեր կյանքի մեջ, նա կարդարացվի, նրա անունը փառքով կպսակվի...

– Ոչինչ չի մնացել, — ասաց նա։— Ոչի՜նչ...

– Բայց էլի, էլի՛ որոնեցեք:

Զանգը տվին: Նա իսկույն թեքվեց տետրակների վրա:

* * *

Երևանի հին օդանավակայանում եմ, ուզում եմ թռչել Գորիս: Նկատեցի Սևադային՝ Բակունցի միակ զավակին: Նա բժիշկ էր, աշխատում էր Սիսիանում: Կարծեմ 1951 թվականն էր, ամառ։

– Սևադա, չես ուզի՞ ինձ հետ մի բաժակ կոնյակ խմել:

Նա զարմացած նայեց ինձ: Նրա աչքերում մեծ վիշտ կար. երևում էր իր հոր կորուստը ծանր է տանում, մանավանդ՝ լուռ: Մտանք «բուֆետ»: Ես վերցրի բաժակս.

– Ակսելի կենացը, Սևադա, հորդ: Նա մահ չունի: Խմեցինք լուռ:

Նորից ասացի.

– Հիշիր, Սևադա, կգա մի օր, որ այսպես միասին կգնանք Գորիս՝ Ակսելի՝ հորդ հուշարձանը բացելու: Այդ օրը կգա:

Այնուհետև մենք՝ Վառվառան, Սևադան, Նանան՝ Սևադայի կինը, սրտակից բարեկամներ էինք, գրեթե մի տուն-մի ընտանիք, այդպես մինչև օրս: Այնպես ինչպես մեծ բարեկամներ էին հայրս, Ստեփան դային, ինքը՝ Ակսելը:

Տիկին Վառվառա Չիվիջյան-Բակունցի հետ հանդիպում էինք շատ հաճախ՝ կամ մեր տանը, կամ՝ իրենց: Ամեն անգամ ես տիկին Վառվառային խնդրում, աղաչում, ստիպում էի իր հուշերը գրել Ակսելի մասին: Նա արտասվում էր:

– Շատ բան կա գրելու՝ Խարկովից մինչև վերջին սև օրը... բայց չեմ կարողանում: Հենց որ գրիչ եմ վերցնում ձեռքս՝ աչքերս շաղվում են, սիրտս գնում է... նրա կենդանի կերպարը կանգնում է աչքերիս առաջ: Չեմ կարողանում...

***

Շինուհայրում տիկին Վառվառա Չիվիջյանը, պարզ է, քիչ բան ասաց ինձ ամուսնու մասին: Վախը սրտումն էր: Դե, ախր, 1946 թվականն էր... Մի երկու տարի առաջ էին նրան ազատել աքսորից: Գորիս է հասել թշվառ վիճակում: Ապրեն Գորիսի այն ժամանակվա ղեկավարները, Բակունցի կնոջը աշխատանք են տվել Շինուհայրի դպրոցում: Հետագայում, երբ Սիսիանում էի, իր և իր որդու տանը, ասացի՝ տիկին Վառվառա տասը տարվա ընդմիջումից հետո մեր զրույցը շարունակենք: Հարցրեց՝ ո՞րը: Ասացի.

– Այդպես էլ չիմացա, Բակունցը «Կարմրաքարը» ավարտե՞լ էր, թե ոչ:

– Ավարտել էր, — ասաց տիկին Վառվառան։ — Վերջը դրեց 1931-ին, Տառապում էր. վերևներից ճնշում էին, իրենց կամքը թելադրում: Ինքը կարծում էր, թե համատարած կոլեկտիվացման մասին այն չի գրել, ինչ իր ցանկությունը, իր էությունն էր:

– Գիրքն ինչու՞ չտպագրեց ամբողջովին:

  • Վեպի վերջավորությունը չէր հավանում, — հիշեց տիկին Վառվառան:— Կարծում էր այն չի ասել, ինչ իր սրտինն էր:

Մի այլ անգամ, այս դեպքում արդեն Երևանում, ես տիկին Վառվառային նորից հարցրի՝ ինքներդ տեսե՞լ եք «Կարմրաքարը» ավարտած:

– Այո։ Ավարտել էր: Երբ եկան Ակսելին տանելու, ես հասցրի թաքցնել «Կարմրաքարի» ձեռագիրը: Դա մնաց: Խոթեցի թիթեղյա մի դատարկ տուփի մեջ: Ակսելի մյուս բոլոր ձեռագրերը` տարան... Համոզված էի, որ ինձ ևս կձերբակալեն, ուստի Ակսելին տանելու հաջորդ օրը «Կարմրաքարը» թաքուն տվի Ակսելի եղբորը՝ Վահանին...

Տարիներ հետո, երբ ես խմբագրում-մշակում էի Ակսելի եղբոր՝ Վահան Բակունցի հուշերը, նրան հարցրի՝ ի՞նչ եղավ «Կարմրաքարի» ձեռագիրը: Նա ասաց.

– Վառվառան դա տվեց ինձ: Ես պահեցի ծածուկ: Ինձ իբրև անվստահելի տարր, Երևանից տեղափոխեցին Լենինականում աշխատելու: Ես «Կարմրաքարի» ձեռագիրն ուղարկեցի Թիֆլիս՝ կնոջս ազգականներին, որ պահեն: Այդտեղ էլ ձեռագիրը կորչում է...

Եվ մի օր էլ, երբ մենք տիկին Վառվառային վշտաբեկ հանձնում էինք հողին, ես լաց եղա նաև այն մեծ կարոտի ու սիրո համար, այն նշխար հիշողությունների համար, որ տիկին Վառվառան իր հետ տարավ գերեզման...

***

Այն, ինչ պիտի պատմեմ, հաճախ եմ լսել մեր տանը՝ վաղուց-վաղուց: Սա պատմում էր հայրս, մայրս էր պատմում, նաև մեր Մեծ Մաման, որ հորս եղբոր կինն էր, հորիցս բավականին մեծ: Իմ հորեղբայր Սերգեյը չկար: Հիմա հազիվ եմ հիշում նրա դագաղը մեր սև թթի ծառի տակ, սև սեղանի վրա: 1918-ին էր:

Ասել եմ, որ մեր հարևան ու հորս մտերիմ Բակունց Թիվեսին՝ Ստեփան քեռու տղա Ալեքսանդր-Ակսել Բակունցը հաճախ էր գալիս մեր տուն՝ հորս հետ զրուցելու։ Ակսելը գիտեր, որ իր մոր՝ Բոխճագյուլի եղբայր Եգորը նշանված է եղել իմ հոր երեք քույրերից մեծի՝ Մանուշակի հետ: Սակայն ամուսնությունը տեղի չի ունեցել, ո՛չ իրենց, և ո՛չ մերոնց մեղքով: Ակսելը խնդրում էր, որ հայրս երգի դժբախտ Եգորի ու Մանուշակի երգը: Հայրս չէր մերժում: Լավ էր երգում հայրս։

Եգորին զինվոր տարան, էնտեղից Սիբիր...

Անբախտ Մանուշակ ջան, աչքերդ սրբիր...

Երկար երգ էր: Բայց իմ հիշողության մեջ միայն այս շյուղն է մնացել:

Մի անգամ էլ, կարծեմ 1925, թե 1926 թվին էր, այս երգը նորից Ակսելի համար երգելուց հետո, հայրս ասաց.

– Պատմությունն այսպես է: Քու պապ Խուրշուդին Աթունը շատ տավարատեր, լավ հարգ-պատվին մարդ էր: Աթուն ամին մի օր գալիս է իմ քույր Մանուշակին նշանում իր տղայի՝ Եգորի հետ: Դա եղել է այսպես՝ 1887, թե 1888 թվականին: Մեր Մանուշակը շատ սիրուն աղջիկ էր: Եգորն էլ ոնց որ մի սրբած թուր՝ բարձրահասակ, ազնվական տեսքով ու բնույթով ջահել: Սակայն մինչև հարսանիքը Եգորին տանում են բանակ՝ զինվոր: Մի տարի հետո լուր է ստացվում, թե Եգորին աքսորել են Սիբիր...

– Պատճառն ի՞նչ էր, Նիկոլայ քեռի,— հարցրեց Ակսելը:

– «Օֆիցերը» տմարդի է վարվում մեր Եգորի հետ, հայհոյում մեր կրոնն ու ազգին: – «Արմյաշկա՜-արմյաշկա՜»։ — Եգորը, որ պատվի ու արժանապատվության տեր տղա էր, հրացան է քաշում իր ազգին ու կրոնին հայհոյողի վրա...

– Հետո՞, — ավելի էր լարվում Ակսելը։ — Հետո՞...

– Եգորին բռնում են, դատում, ցմահ տաժանակիր աքսորի քշում Սիբիր... Այնտեղից քո մորեղբայր Եգորը փախչում է Պարսկաստան: Կտրիճ, անվախ տղամարդ էր:

Այդ օրերին մահանում է հայրս՝ Չոբան Առաքելը: Մարիամ տատս, տեսնելով, որ Եգորին կորցրին, թոռանը՝ իմ քույր Մանուշակին ամուսնացնում է մեր հարևան Սըդղին Հաբուդի հետ, որ մի աշխատասեր, օրինակելի լավ երիտասարդ էր:

Քույրս շատ զավակներ է ունենում:

Մի տաս-տասնմեկ տարի հետո Եգորը Պարսկաստանից թաքուն անցնում է Ռուսաստան, գալիս Գորիս, իր նշանած Մանուշակին տանելու մտադրությամբ: Դժբախտ սիրահարներն իրար հանդիպում են գյուղի աղբյուրի մոտ ու լաց լինում մորմոքվելով: Քույրս չի համաձայնում հեռանալ իր տնից, երկու զավակից, ամուսնուց, ընկնել օտար երկիր: Եգորը, ինչպես թաքուն եկել, այնպես էլ հետ է դառնում Պարսկաստան, թե չէ կբռնեին, կսպանեին: Այս տխուր պատմության վրա է մեծ եղբայրս՝ Սերգեյը, հորինել ասածս երգը:

Եգորին զինվոր տարան, էնտեղից Սիբիր.

Անբախտ Մանուշակ ջան, աչքերդ սրբիր...

Այժմ ո՞ւմ համար սիրելի չէ Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքը՝ մարդկային մեծ կյանքի մեծ ողբերգության այդ ասքը: Այդ պատմվածքում Բակունցը գրում է.— «Գիտեինք միայն, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է և իբրև թե հրացան է քաշել հրամանատարի վրա...»։ Ապա . — «Մերթ պատմում էին թե սահմանն անցել է և գնացել Իրանի հողը»:— Պատմվածքի վերջում Բակունցը հառաչելով ասում է.— «Եվ այդպես էլ չիմացվեց, թե ինչ եղավ Եդոր Ադամովը»։ — Պատմվածքը նա գրել է 1927—30 թվականներին: Այդ ժամանակ ոչ ոք, իրոք լուր չուներ Եգորից: Նա անսպասելի հայտնվեց մեր Գորիսում՝ 1931, թե 1932 թվին, լավ չեմ հիշում, բայց ոչ շուտ կամ ուշ: Ակսելը տեսավ իր քեռուն: Տեսավ նաև հորաքույրս՝ Մանուշակը: Ակսելի քեռի Եգորը ճեպ-ճերմակ էր, բայց դարձյալ պարթև, խոհուն, բարի և... և տխո՜ւր, շատ տխուր: Նա հաճախ էր գալիս մեր տուն հորս պատմում իր Ոդիսականը: Ես պաշտում էի նրան: Հորաքույրս մահացավ, հետո Ակսելին տարան... Հետո էլ Խուրշուդին Եգորը վախճանվեց իր առասպելական անունը հավերժացրած տեսնելով իր քրոջ որդու՝ մեծ Ակսել Բակունցի արարիչ գրչով:

***

Պատերազմից տուն եկա: Գնացի Բոխճի բիբու ձեռքը համբուրեցի:

– Չեմ մեռնի, մինչև Սանթրուս չտեսնեմ: Սևադաս մեծացել է, Վառվառաս տուն եկել: Կգա նաև Սանթրիս:

1956 թվականին Երևանում վախճանվեց Բոխճի բիբին: Նրա դագաղում նրա կրծքի վրա դրված էր իր որդու, իր Սանթրու մեծադիր նկարը: Մայրիկը նկարը գրկած է փակել աչքերը.

– Սանթրիս եկա՜վ...

Նրան տարանք Գորիսում` թաղեցինք:

Հիմա էլ կա Վարարակնի հովիտը: Կան Կյորեսն ու Գորիսը, Երի Շենը, Մթնաձորը, Դընգանը՝ մութ-մռայլ, և Տախտակների հին բոստանները: Հիմա Գորիսը մեծացել է, գնացել հրե՜ն տես ուր: Տախտակների բոստաններում հիմա մի նոր թաղամաս կա՝ երկհարկանի քարաշեն տներով, տների կտուրներին թիթեղ, տների առջև այգիներ, այգիներում տեղական պնդենի կեռաս, ձմեռնենի ու ամառնենի տանձ և «Ռուսեթի» խնձորենիներ, անթիվ, անհամար խնձորենիներ, որ աճել, բազմացել են, լցվել ձորերը, հասել Երի Շենի ժայռերին, որտեղ ինչպես երիշենցի Խաչին էր ասում՝ «սար երգիր ա»:

Նոր թաղամաս է փռվել Տախտակներում, նոր փողոցներ կան այնտեղ և նրանցից մեկը Ակսել Բակունցի անվան փողոցն է՝ ձիգ ու լայն, մի ծայրը Բակունցի սիրած Կաթրինի ժայռերի գրկում, մյուսը՝ Բակունցի նկարագրած Ճընճըռնոցի արևկող լանջին: Սևաչ մանուկներ են խաղում Բակունցի անվան փողոցում: Տուն են գալիս Բակունցի անվան դպրոցից, թևերի տակ պայուսակներ, դասագրքեր, դասագրքերում Բակունցի պատմվածքները՝ համով, հոտով, անմոռաց...

Գառներ ու հորթեր են` թռչկոտում խնձորենիների տակ: Խնձորենիները իրենց լիաբուռն ճյուղերը մեկնել են դեպի փողոցները, ճյուղերին ոսկեկարմիր պտուղներ, պտուղներին՝ աշնան եղյամ: Ասես այդ խնձորենիներն իրենց ձեռքերը պարզել են փողոցներով անցնողներին ու ասում են.«— Քա- ղեցեք, անուշ արեք մեր պտուղը, մենք Ակսելի բերած ծառերն ենք...))

***

1964թ., ամառ:

Եկել ենք մեր լեռները: Եկել ենք, Գորիսում բացել Ակսել Բակունցի հուշարձանը: Շատվոր ենք՝ գրողներ, գիտնականներ, պետական-պաշտոնական անձինք: Մեզ հետ նաև Ակսելի կինն է՝ տիկին Վառվառան: Հաճախ է սրբում արցունքները:

  • Սերո,— հարցնում է,— մի՞թե այս ամենը իրականություն է: Մի՞թե երազ չէ:

Շատ է տառապել խեղճ կինը: Տառապել է ու հուսացել, որ իր Ակսելը կգա, անպայման կգա...

Ցուրտ աղբյուրի մոտ նստեցինք՝ ջուր խմելու։ Ցուրտ աղբյուրը Ակսելի սիրած տեղերից է: Մի հովիվ մոտեցավ: Ես ճանաչեցի նրան: Իմ հորաքրոջ տղան է՝ Չոբան Սանթրին, ինչպես ասում են այստեղ:

– Օղորմի Ակսելի հոգուն: Նա մեր լեռների նախշն է:

Նա կանգնեց մի ուղտաձև ժայռի մեջքի, նայեց ներքև՝ հովտում` պերճացած մեր քաղաքին, որի կրծքի մեջ, իբրև նրա սիրտը, բաբախում էր կիսանդրի-արձան դարձած Բակունցը: Չոբան Սանթրին ձեռքերը տարածեց արծվի թևերի նման և ուրախ գոչեց.

– Եկե՜լ ա, եկե՜լ ա... Էհե՜յ ժողովու՛րդ, աչքդ լու՜յս, մեր Ակսելը տուն ա եկե՜լ...

Լեռնաշխարհը ոգևոր արձագանքեց նրան:

***

Վաթսունվեց թվականի նոյեմբերի վերջերին Երևանում կայացավ Հայաստանի գրողների հինգերորդ համագումարը: Բակունցը` համագումարին ներկա էր ոչ միայն իր «Ալպիական մանուշակով», «Մուրոյի զրույցով», «Միրհավով», «Կյորեսով», այլ նաև իր խնձորներով: Գորիսի քաղաքացիները գրողների համագումարին նվեր էին ուղարկել մեր լեռներում այնքան տարածված անուշահոտ ու համեղ խնձորներ։ Այո, իսկական, կենդանի խնձորներ: Այդ խնձորները Բակունցի թողած հարուստ ժառանգության մի մասն է: Հիմա Զանգեզուրում, ապա շատ տեղեր, կհանդիպեք Բակունցի խնձորներին: Հիմա մեր լեռներում, ուր էլ լինես, կհանդիպես Բակունցի աշխարհ բերած մարդկանց ոտնահետքերին: Ամեն տեղ կհանդիպես նրա կերպարների ժառանգներին:

Սա Արագածի զմրուխտ լանջն է՝ ոսկեգույն մամուռով քարեր, քարերին նստած հովիվ Մուրոն:—«Մուրո, դու Լենինի անունը լսած կա՞ս, — հարցնում է Բակունցը։ — Հըբա իմա՞լ, ես Լենինի զրուց լե գիտեմ, — պատասխանում է Մուրոն։— Լենին ըսավ՝ աշխարհն էդպես չի մնա, էսօր ամպ է, էգուց՝ պարզ արև...»:

Քսանհինգ տարի առաջ, անձրևային մի օր, անցնում էի Ծավի մթին անտառներով: Աշուն էր՝ կարմիր մասուր, դեղին շլոր, ոսկեղեն մի հմայք ու երազ: Իմ դեմը դուրս եկավ մի ձիավոր աղջիկ՝ բարձրահոն ու բարձրաթռիչ: Այս ձորերի գյուղատնտես-այգեգործն էր, Բակունցի հռչակավոր Խոնարհ աղջիկը:

Ես հիշում եմ Բակունցի Ավուն՝ արջի ու անտառապետ Պանինի ձեռքով խոշտանգված, իրենց տան կտրին տրեխ անելիս, լերկ գանգի սարսափով: Ավու խրճիթը հիմա չկա: Ավու մթին քարանձավի ու աղքատ գյուղի տեղը հիմա Քաջարան քաղաքն է: Ավու տղան հիմա հանքափոր է Գանձասարում: Եվ երբ ես եղա նրանց տանը, նա բաժակ բարձրացրեց ու ասաց.

– Խմենք հորս՝ Ավուն անմահացող Ակսել Բակունցի կենացը:

 

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19