Շանթ Հովհաննիսյան. «Ձգտում ենք հարմարավետություն ստեղծել և՛ դերասանի, և՛ հանդիսականի համար»

22.09.2022 11:32
848

«Թատրոնն իր պրոբլեմներով միշտ աչքի է ընկել, դրանց մի խումբը հաղթահարելով՝ ազատ շունչ ես քաշում, բայց էյֆորիկ վիճակը կարճ է տևում, նոր խոչընդոտներ են հանդես գալիս: Այսօր մենք աշխատում ենք մեր ուժերով,  մեր ռեսուրսներով, որ ժամանակին ենք ստեղծել: Ձգտում ենք եղածի վրա մի բան ավելացնել, թեև դա մեր օրերում շատ դժվար է», - մտորում է Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանը:- 25 տարի է՝ այստեղ եմ, ձգտել եմ  կապերս օգտագործել (մայրաքաղաքային ընկերներ և այլն), որ իմ ասպարեզից դուրս չգամ, նաև երիտասարդներին ներգրավել թատրոնի մեջ, գյուղից ոտքով եկել-գնացել եմ, երբեմն «լաֆետի» թափքում: Կացարանիս հարցն էլ չի լուծվել, տեղական իշխանությունները մտածել են. «մեկ է՝ ինքը տեղացի է, թատրոնով կզբաղվի»: Արդյունքն այն է եղել, որ այժմ էլ բնակարան չունեմ…

Իսկ Շանթ Հովհաննիսյանը հանրապետությունում ճանաչված դերասանի ու բեմադրիչի համարում ունի և անցել է թատերական գործչի իմաստավորված ու արգասավոր ճանապարհ: Որպես դերասան՝ հանդես է եկել Շինուհայրի ինքնագործ թատերական խմբերում՝ տակավին դպրոցական տարիքից: Ավարտել է Երևանի պետական գեղարվեստական  ինստիտուտը (թատրոնի և կինոյի դերասան) մասնագիտությամբ, որից հետո աշխատել է դերասան Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետև՝ ռեժիսորի պաշտոնակատար: 2004-ին թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի հիմնադիր-տնօրենն էր, կուրսի ղեկավարը, դերասանի վարպետության դասախոսը: Նա կարթղացել է Շուշիում և Կապանում նույնպես կազմավորել դերասանական կուրսեր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, բեմադրությունների հեղինակ է, նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում:

2013 թվականին արժանացել է «Հայակ» մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» մրցանակին ՝ Գարեգին Նժդեհի դերակատարման համար՝ նույնանուն ֆիլմում: 2014 թվականին արժանացել է վաստակավոր արտիստի, մեկ տարի հետո՝ թատերագիտության, կինոգիտության դոցենտի կոչումների:

Մեծ Բրիտանիայում (կարճամետրաժ կինոյի փառատոնում) և «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնում արժանացել է լավագույն դերասան մրցանակին: Թատերական գործիչների միության վարչության անդամ է:

Այս տպավորիչ այցեքարտից հետո անցնենք Գորիսի թատրոնի հիմնախնդիրներին:

Ամենահուզող հարցը  թատրոնում գլխավոր ռեժիսոր գտնելն է: Բեմադրություն են անում հրավիրյալ ռեժիսորների շնորհիվ: Միշտ այդ բացը եղել է: Նվազ վարձատրությունը ոչ մեկին այլևս հրապուրել չի կարող: Շանթ Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ Գորիսի թատրոնը մի տեսակ ցատկահարթակ է ոմանց համար. գալիս են թատրոնում փորձարկում իրենց տեսական գիտելիքները, որոշակի չափով կայանում և հեռանում: Երեք տարուց ավելի չեն մնում: Սերն ու նվիրվածությունը  ներկայիս սերնդի շրջանում երկրորդ պլան են մղվել: Միտումը միշտ էլ եղել է, բայց այսօր ցայտուն է արտահայտվում. «Մենք չենք կարողանում գլխավոր ռեժիսոր գտնել, որ գա կապվի մեր քաղաքին, ձեռագիր ստեղծի, սրտանց աշխատի, մերվի մեր ստեղծագործական թիմին: Պատճառները մեկը-երկուսը չեն: Ռեժիսուրան շատ բարդ մասնագիտություն է, աստվածատուր շնորհ, որ շատերը չունեն: Միայն ռեժիսորի դիպլոմ ունենալը պարտադիր պայման է, բայց շատ քիչ է»:

Թատրոնը նաև բեմանկարչի անհրաժեշտություն ունի: Տնօրենի փոխանցմամբ՝ Գորիսում կայացած գեղանկարիչներ կան, բայց բեմանկարիչ հասկացությունը փոքր-ինչ այլ բան է: Գորիսի թատրոնի դեպքում յուրաքանչյուր հրավիրյալ ռեժիսորն իր հետ բերում է բեմանկարչին, երաժշտական ձևավորողինԲեմանկարիչը, դիմահարդարը, դեկորատորը պիտի զգան թատերական կյանքի զարգացումները», - եզրակացնում է մեր զրուցակիցը:

Բացի այդ՝ հրավիրյալ մասնագետների կեցության պայմանները պիտի բավարարել: Նախկինում, համենայն դեպս, բնակարանով ապահովում էին դրսեկ ռեժիսորին: Այժմ այդ հնարավորությունը չկա, դժվար է ասել, թե ինչ եղան թատրոնին հատկացված մեկ-երկու բնակարանը, որտեղ բնակվում էին դրսեկ մասնագետները: Այժմ էլ թատրոնն ունի հրավիրյալ մասնագետ՝ ճանաչված դերասան և ռեժիսոր Հայկ Մնացականյան, ում բեմադրած Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» ներկայացումը ջերմությամբ ընդունեց գորիսեցի հանդիսականը, և այժմ թատրոնի խաղացանկի լավագույն բեմադրություններից է: Թատրոնի երրորդ հարկում մի սենյակ են կահավորել իրենց ուժերով, որտեղ ռեժիսորը բնակվում էԴերասաններից շատերը գյուղական բնակավայրերից են, երբեմն փորձերը ձգվում են մինչև կեսգիշեր, դերասանը գիշերելու տեղ պիտի ունենա՞, թե՞ ոչ: Իշխանության տարածքային և համայնքային մարմինները պիտի մտածեն այդ մասին, եթե ցանկանում են թատրոն ունենալ: Միշտ էլ թատրոնն անհատների, թատրոնի նվիրյալների շնորհիվ է գոյատևել, մինչդեռ պետական հոգածությունն առաջին պլանին պիտի լինի:

Շանթ Հովհաննիսյանը ցավ է ապրում նաև այն բանի համար, որ թատրոնի դերասանները բախտ ու ճակատագիր են որոնում օտար ափերում. «Չորս առաջատար դերասան ունեինք, ովքեր մասնագիտական կրթություն էին ստացել, թատրոնը հիմնվում էր նրանց վրա, հեռացան ընտանիքներով: Միայն ցածր աշխատավարձը չէ պատճառը: Ձգտում էինք նրանց համար հաճելի մթնոլորտ ստեղծել, խրախուսել մեր հնարավորությունների չափով: Բայց դա քիչ է իրենց համար, նրանք անվտանգ, ապահով ու երջանիկ կյանք են փնտրում, պարզապես մարդը պիտի ապրի մի միջավայրում, որ իրեն դուր է գալիս, և ինչը մղում է ապրելու և աշխատելու: Այժմ էլ թափուր հաստիքներ կան թատրոնում: Թատրոնը միշտ ունեցել է վերելքներ, և վայրէջքներ, բայց խնդիրներից չխոսել, չբարձրաձայնելը լավ տեղ չի տանում: Շատ անգամ եմ ասել, մշակույթը պիտի պարտադրվի, ասում են՝ դրանում մարդու իրավունքների ոտնահարման տարր կա, այդ կարծիքին չեմ, եթե վաղվա օրվա մասին ենք խոսում, մշակույթն էլ պիտի պարտադրվի, կրթությունն էլ, այլապես դյուրամարս, բայց մշակույթից հեռու արժեքները կդառնան հասարակության սեփականությունը: Նման փաստեր մենք ունենք: Բայց, այն էլ ասեմ, որ տեղեկատվական նման դաշտի պայմաններում ճաշակ ձևավորելը շատ դժվար է, դա միայն մեր խնդիրը չէ…»:

Իսկ գուցե հանդիսականին չի՞ մատուցվում այն, ինչը հաճո է նրա քիմքին, սրտամոտ՝ հոգուն: Մեր զրուցակիցն այդ տեսակետին այսպես է արձագանքում. «Մենք ունենք շատ լավ, կիրթ հանդիսատեսներ, ովքեր ճշմարիտ արվեստով են դաստիարակված... Հոգևոր սննդի կարիք ունի մեր հանդիսատեսը, իրենց հաճելի է մեր ներկայացմանը մասնակցել, խորհել, մտածելու առիթ տվող գործեր դիտել և ոչ թե ժամանցային ինչ-որ բանի մասնակցել, շեշտը չենք դնում արվեստի տեսակետից էժանագին, բայց ֆինանս բերող ներկայացումների վրա, թատրոնը շահույթ հետապնդող հիմնարկ չէ, որ մտածենք հանդիսատեսի քանակ ապահովվելու մասին, բայց և թատրոնի նշաձողն իջեցնենք, հեղինակության խնդիր էլ կա: Բոլոր թատրոնների պես ունենք և՛ հաջողված ներկայացումներ՝ դերասանները սրտամոտ խաղով են հանդես եկել, և՛ անհաջող:  Հաջողված ներկայացումն ավարտելուց հետո տասը րոպե կանգնած ծափահարել են: Մանկավարժը պիտի օրինակ ծառայի, բայց  հրավիրատոմս տալիս ենք, չեն գալիս ներկայացման»:

 

Մենք այն կարծիքն արտահայտեցինք, որ թատրոնը պետք է ընտրի այն ներկայացումները, որոնք ինքն ի վիճակի է բեմադրելու: Այսինքն՝ թատրոնն իր հնարավորություններին, դերասանների կարողություններին համահունչ պիտի որոշի, թե ինքն ինչ է բեմադրում:

- Ես էլ եմ այդ կարծիքին, - ասում է Շանթ Հովհաննիսյանը, - եթե մեր թատրոնը Շեքսպիրի «Օթելլոն» բեմադրելու հնարավորություն չունի, դերասանական այդ ռեսուրսը չունի, ինչո՞ւ ավելորդ ծիծաղի առարկա պիտի դառնա: Մենք նախ ճշտում ենք, թե հրավիրյալ ռեժիսորն ի՞նչ է ուզում բեմադրել, այդ գործն իր մեջ եփված պիտի լինի և համոզված լինի՝ կարո՞ղ է այդ պիեսը բեմադրության վերածել: Իսկ որքանով տեսել ու զգացել եմ՝ մեր հանդիսականը նախընտրում է հայրենասիրական, գորիսյան կոլորիտին ու մտածելակերպին հատուկ ներկայացումներ, որոնց մեծ հաճույքով են հաճախում: Գորիսյան թատրոնն առանձնանում է բակունցյան թեմաներ բեմադրելով, ինչն անում ենք նաև քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին: Նաև մեծ ուշադրություն ենք դարձնում  մանուկների համար նախատեսված բեմադրություններին: Այն հաստատ  համոզմունքն ունեմ, որ դպրոցականին վաղ տարիքից պիտի կապել թատրոնին՝ նրանց կտրելով համացանցի վատ ազդեցությունից: Նրանց բերելով շփման կենդանի դաշտ: Լինում ենք դպրոցներում, որտեղ նույնիսկ բեմի հնարավորություն չկա, այս համատեքստում նշեմ, որ մեր համայնքում շատ քիչ բեմեր կան պահպանված… Որքանով նկատել եմ՝ երեխաներին հետաքրքիր է կենդանի շփումը, պարզապես նրանց մեջ պիտի դաստիարակել թատրոն հաճախելու և դիտելու մշակույթ: Այս գործին էապես նպաստեց ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված աբոնենտային համակարգը: Բոլոր աշակերտներին տրվում է մեկական  աբոնոմենտ, որ թատրոն կամ թանգարան հաճախեն: Մենք էլ ուղղորդում ենք, որ մեր թատրոնը գան:

Թատրոնը միայն խաղացանկ, բեմադրություն ու հանդիսական չէ, այլ շենք ու շենքային պայմաններ, նաև հնարավորություններ: Այս առումով ի՞նչ ժառանգություն է ստացել թատրոնի տնօրենը:

«Տխուր  ժառանգություն եմ ստացել, - ասում է, - թատրոնի մի հսկայական շենք, որի տանիքը մի քանի տեղից կաթում է: Տեղումների ժամանակ տնտեսվարը բարձրանում է տանիք, կաթոցները վերացնում: Նորոգել ենք թատրոնի ճեմասրահը, որ հանդիսականը թատրոն գալով՝ անշուք մի տեղ չմտնի: Ճեմասրահում այժմ զանազան միջոցառումներ են կազմակերպվում: Փորձասենյակ չուներ դերասանը, այժմ կահավորված փորձասենյակ ունենք: Մի խոսքով՝ ձգտում ենք հարմարավետություն ստեղծել և՛ դերասանի, և՛ հանդիսականի համար»:

Վահրամ Օրբելյան

 

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03