Շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած ինքնաթիռը գալիս է Կապան. հայտնի է, թե ինչ տեսք է ունենալու այն

05.04.2018 11:19
1340

Կապանի օդանավակայանի համար նախատեսված չեխական «L-410» ինքնաթիռի նկարները, որում վերջինս ներկման փուլում է, օդանավակայանի ֆեյսբուքյան էջում հայտնվեցին մարտի 16-ին, սակայն ավիացիայով հետաքրքրվողների ու նաեւ լայն զանգվածների համար մեծ հաշվով անհասկանալի մնաց, թե կոնկրետ ինչ օդանավի մասին է խոսքը:

Ինչպիսի՞ն է լինելու Կապանի ապագա օդանավը. վիճակագրությունն ու ԶՊՄԿ-ի լռությունը

Դեռ հունվարին մի քանի մանրամասն էինք ներկայացրել Կապանի ապագա ինքնաթիռի մասին: Ինչպես հայտնի է, այն 5,5 մլն եվրոյով ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սակայն վերջինիս ղեկավարությանն ուղարկված մեր հարցերը մնացել էին անպատասխան: Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե կոնկրետ որ ընկերությունից է գնվել այն, խնդրել էինք հայտնել, թե արդյոք նախկինում շահագործվել է, ՀՀ-ում ով է լինելու շահագործողը՝ ստեղծվելու՞ է նոր ավիաընկերություն, թե՞ հանձնվելու է արդեն գոյություն ունեցողներից մեկին (բանն այն է, որ օպերատորը պետք է ունենա օդանավ շահագործողի վկայական, ինչի համար ահրաժեշտ է բավարարել մի շարք պահանջներ): 

19 հոգու համար նախատեսված օդանավը, ինչպես եւ ենթադրել էինք, ձեռք է բերվել դրա արտադրող «Aircraft Industries» չեխական ընկերությունից: Այս փաստն իր կայքում հաստատել է նաեւ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը (ՍՄԶՆՀ), որը Կապանի օդանավակայանի վերագործարկման ծրագրի ներդրողներից է:  

Հիշեցնենք, որ Կապանից օդանավը ժամանելու է «Զվարթնոց» օդանավակայան, թռիչքի տեւողությունը՝ 40 րոպե: ՍՄԶՆՀ-ի փոխանցմամբ՝ հետագայում հնարավոր է թռիչքներ իրականացվեն նաեւ այլ ուղղություններով (Հայաստանի ներսում):

Կապանի օդանավակայանի ուղեւորային համալիրի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. կլինի հանրային քննարկում

Քանի որ օդանավակայանի վերագործարկման ծրագրի ու նոր համալիրի կառուցման մանրամասներին նախկինում անդրադարձել ենք, այս անգամ շեշտը կդնենք միայն ինքնաթիռի վրա:

Թե ինչու է հենց տուրբոպտուտակային ինքնաթիռ ընտրվել, Սյունիքի մարզպետարանը մինչ այս «Հետքին» հայտնել էր. «Շահագործողական տվյալներից ելնելով՝ այս պահին ավելի նպատակահարմար է տուրբոպտուտակային շարժիչներով օդանավերի շահագործումը, ինչը չի բացառում այլ օդանավերի սպասարկումը օդանավակայանում»: Իր հերթին ՍՄԶՆՀ-ն իր կայքում սա հետեւյալ կերպ է պատճառաբանել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեակտիվ ինքնաթիռը մեծ շրջան պետք է կատարի վայրէջքի համար, որով մտնելու է ե՛ւ ազատագրված տարածքներ, ե՛ւ մասամբ հարեւան պետության տարածք՝ վերականգնված օդանավակայանում ռեակտիվ ավիացիա չի օգտագործվելու: Դրա փոխարեն օգտագործվելու են տուրբոպտուտակային շարժիչով ժամանակակից ինքնաթիռներ, որոնք վայրէջքի համար խնդիր չունեն մեծ մանեւրումներ կատարելու»:   Հարեւան պետությունը տվյալ դեպքում Իրանն է, համենայն դեպս, հենց այդպես պիտի ընկալել, քանի որ Ադրբեջանի հետ ներկա սահմանը շատ հեռու է: Մյուս կողմից՝ հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Կապանում վայրէջք կատարող ռեակտիվ «Յակ-40» օդանավերը, ճիշտ է, հատում-անցնում էին նաեւ «եղբայրական» Ադրբեջանի օդային տարածքը (խոսքը 1990-ականներին ազատագրված տարածքների մասին է), ինչը, բնականաբար, խնդիր չէր այն ժամանակների համար, այդուհանդերձ, Իրանի տարածք չէին մտնում: Ավելին՝ հենց հայ-ադրբեջանական սահմանի վրա էր գտնվում Կապանի օդանավակայանի օդային երթեւեկության կարգավարների (դիսպետչերների) կետը, որի վրայով անցնում էր վայրէջքի գլիսադան:   

Վերադառնալով Կապանի «L-410»-ին՝ հստակ կարող ենք ասել, որ խոսքը «L-410UVP-E20» մոդիֆիկացիայի մասին է, որի տեխնիկական պարամետրերին անդրադարձել ենք: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը տեղական «Սոսի» հեռուստաընկերությանը հայտնել էր, որ օդանավն արտադրվել է 2016 թ., սակայն եթե հավատալու լինենք «L-410»-ի ոչ պաշտոնական  ֆեյսբուքյան էջին, որը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում այս օդանավերի վերաբերյալ, այն արտադրվել է 2015 թ. ու հետաքրքիր ճանապարհ է անցել: Ըստ այդմ՝ Կապանի օդանավը լինելու է արտադրությունից ի վեր OK-JPP չեխական գրանցում ունեցած ինքնաթիռը (առաջ անցնելով՝ նշենք, որ ՀՀ-ում դրան տրվելու է հայկական գրանցում՝ EK-.....): Բնականաբար, առաջին հայացքից դա ոչ մի բան չի ասում, այնինչ իրականում սա շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած ինքնաթիռ է:

Միանգամից ասենք, որ մեզ հետ զրույցում չեխ ավիասիրահարները հաստատել են, որ նկարում պատկերվածն իսկապես OK-JPP-ն է: Ավելին՝ նրանց տեղեկացմամբ՝ նույն գույներով եւս երկու այսպիսի օդանավ (RA-67059 եւ RA-67060) դեռ 2017-ի հոկտեմբերին ուղարկվել են մեկ այլ պատվիրատուի՝ Ռուսաստանի «СиЛА» ավիաընկերությանը: OK-JPP-ի ու արդեն Ռուսաստանում գտնվող օդանավերի նկարները հուշում են, որ մեր չեխ զրուցակիցները չեն սխալվում: Այսինքն՝ նայելով ռուսական օդանավերին՝ կարող ենք հասկանալ, թե ինչ նոր տեսք է ունենալու Կապանի ինքնաթիռը:

Կապանի ինքնաթիռն այսպիսի գույներ կունենա

OK-JPP-ն (գործարանային համարը՝ 3017) թողարկվել է 2015-ին, օդանավերի չեխական ռեգիստրում գրանցվել է այդ տարվա սեպտեմբերին: Արդեն 2015-ի հոկտեմբերին ինքնաթիռը Չեխիայից մեկնել է Չինաստան՝ մասնակցելու «CIGAC 2015» միջազգային ցուցադրությանը: Մասնակցության նպատակը «L-410» օդանավերը չինական շուկային ու հասարակությանը ներկայացնելն էր:

Չինաստանում ցուցադրական թռիչքներ կատարելուց ու դրական արձագանք ստանալուց հետո OK-JPP-ն, հաղթահարելով Չուկոտկայի, Ալյասկայի ու Կանադայի օդային տարածքները, հասել է Լաս Վեգաս, որտեղ մասնակցել է «NBAA 2015» ցուցադրությանը: Ըստ արտադրող ընկերության պաշտոնական կայքի՝ ինքնաթիռը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան հանրության եւ, մասնավորապես, ռեգիոնալ ավիաընկերությունների շրջանում:

ԱՄՆ-ից օդանավը կրկին մեկնել է Կանադա, որտեղ որոշ տեխնիկական աշխատանքներ են կատարվել դրա վրա, ապա Գրենլանդիայի ու Իսլանդիայի վրայով վերադարձել է Եվրոպա՝ Չեխիայի Կունովիցե քաղաք, որտեղ գտնվում է «Aircraft Industries»-ի գործարանը: Հոկտեմբերի 8-ից մինչեւ նոյեմբերի 28-ն իր ճանապարհորդության ընթացքում օդանավն անցել է 40.000 կմ, օդում եղել շուրջ 110 ժամ, կատարել 21 միջանկյալ վայրէջք: Արտադրող ընկերությունը նշում է, որ ինքնաթիռը ճանապարհն անցել է առանց տեխնիկական խնդիրների, եղել տարբեր ջերմաստիճանային պայմաններում ու տարբեր բարձրությունների վրա:

Շուրջերկրյա ճանապարհորդությունը

Հիշեցնենք, որ ներկայում «L-410»-ը շահագործվում է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում թե՛ որպես քաղաքացիական, թե՛ որպես ռազմական օդանավ: Այն աշխատում է -50՛C-ից մինչեւ +50՛C ջերմաստիճանի պայմաններում: «L-410»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք նաեւ, որ օդանավը նախատեսված է «Atlantis European Airways» հայկական ընկերության համար: Այսինքն՝ վերջինս պիտի լինի դրա շահագործողը: Հիշեցնենք, որ այս պահին ՔԱԳՎ պետի նախկին տեղակալ Արամ Մարությանին պատկանող ընկերության 2 հատ «Airbus A320» ինքնաթիռներից մեկը (EK-32002) շահագործվում է Հունաստանում, իսկ մյուսը (EK-32008) կանգնած է: «Atlantis»-ը, հիշեցնենք, ի սկզբանե առավել հայտնի էր «Austrian Airlines» եւ «Czech Airlines» ընկերությունների հետ համագործակցությամբ, որոնցից առաջինի հետ մինչ օրս «codeshare» թռիչքներ է կազմակերպում դեպի Վիեննա:

Վահե Սարուխանյան

4 ապրիլի 2018թ.

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25