Շուշի-1992 թ., հայ մարտիկի ու նրա զենքի փառքը փայլատակեց առանձնահատուկ փառահեղությամբ

09.05.2020 12:48
779

…Փետրվարի 26-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը ռազմական գործողություններ ծավալեցին միաժամանակ բոլոր ուղղություններից: Նույն օրն ազատագրվեց դեռեւս 1990թ. հոկտեմբերի 17-ից ադրբեջանական օմոնականների կողմից զավթված Ստեփանակերտի օդանավակայնը: Ապա, զարգացնելով առաջխաղացումը, հայկական ջոկատները կոտրեցին հակառակորդի դիմադրությունը Խոջալու ռազմական հենակետում: Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդից առգրավվեց երեք զրահամեքենա, երկու հրթիռանետ կայանք, մեկ թնդանոթ եւ զինամթերքի խոշոր պաշարներ, շուրջ հարյուր միավոր մարտական զենք:

1992թ. մարտի 10-ին Մոսկվայից ստացվեց հրաման Ստեփանակերտից 366-րդ մոտոհրձգային գնդի դուրս բերման մասին: Դրանով Կրեմլն օրակարգից հանեց երբեմնի «միասնական հայրենիքի» հարավային սահմանագծում ապրող ժողովրդի պաշտպանության հարցը: Ամեն ինչ թողնվեց բախտի քմահաճույքին: Միակ հավատը սեփական ուժն էր, սեփական ճակատագրին տնօրինելու դժվարին, բայց եւ բաղձալի դավանանքը: Ղեկավարվելով «ԼՂՀ Նախարարների խորհրդի մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածով եւ ելնելով հանրապետության տարածքում ստեղծված ռազմական բարդ իրադրությունից, նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանրապետության անվտանգության եւ պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի միջոցառումների մշակման եւ իրագործման համար, մինչեւ ԼՂՀ պաշտպանության նախարարության կազմավորումը, ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր 1992թ. մարտի 26-ին ստեղծվեց Պաշտպանության կոմիտե: Այն իր ողջ գործունեությունը պետք է կազմակերպեր ԼՂՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂՀ Նախարարների խորհրդի որոշումների ու կարգադրությունների հիման վրա:

Ռազմական գործում կառավարման պետական համակարգի ձեւավորումը բնականաբար խիստ դրական  եւ արդյունավետ անդրադարձավ ԼՂՀ Պաշտպանության բանակի ձեւավորման եւ նրա զարգացման հետագա ընթացքի վրա: Մինչ այդ տարանջատ ֆիդայական-կամավորական ջոկատների գործունեության կենտրոնացումը ծավալվող պատերազմի ընթացքում  դարձավ հաջողության երաշխիքներից մեկը:

ԼՂՀ Պաշտպանության կոմիտեի (հետագայում`  ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտե)  նախաձեռնությամբ եւ անմիջական ղեկավարությամբ, իրադրությանը համապատասխան, կյանքի կոչվեցին մի շարք հույժ կարեւոր եւ հրատապ միջոցառումներ: Կարճ ժամանակահատվածում կարգավորվեց ինքնապաշտպանական ջոկատների միավորման, նրանց նյութատեխնիկական բազայի համալրման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերաբաշխման գործընթացը:

Խոջալուի ռազմական հենակետի վերացմամբ Ստեփանակերտի վրա տեղացող հրետանային «կարկուտը», այնուամենայնիվ, չմեղմացավ: Ջանհասան գյուղից մինչեւ Քիրս ձգվող բոլոր ադրբեջանական գյուղերը շարունակում էին համալրվել թարմ ուժերով: Անմատչելի բերդաքաղաք Շուշին հակառակորդը վեր էր ածել ամենատարբեր զինատեսակներով հագեցված հզոր մի ամրոցի: Օրվա ընթացքում մի քանի անգամ այդտեղից հարյուրավոր արկեր էին թափվում ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ շրջակա մյուս բնակավայրերի վրա: Գործում էին համարյա բոլոր տեսակի հեռահար զենքերը:

1992թ. մայիսի 7-ին ադրբեջանական հետեւակն ու զրահատեխնիկան, ինչպես նաեւ ՄԻ-24  մարտական երեք ուղղաթիռներ ուժեղ գրոհ ձեռնարկեցին Ստեփանակերտի հարավ -արեւմտյան հատվածի պաշտպանական դիրքերի վրա: Միաժամանակ, նույն օրվա ընթացքում Շուշիի եւ Ջանհասանի բարձունքներից մայրաքաղաքի վրա արձակվեցին «Գրադ» կայանքի մոտ 200 հրթիռ եւ մի քանի տասնյակ այլ տիպի արկեր: Զոհվեց երկու բնակիչ, իսկ չորս մարդ վիրավորվեց: Հրթիռակոծության հետեւանքով հրդեհ բռնկվեց երկաթուղային կայարանում եւ քաղաքի մի շարք բնակելի շենքերում:

ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը հարկադրված էր դիմել վճռական գործողությունների: Հայ ազատամարտիկները Ստեփանակերտի հարավ-արեւմտյան մատույցներում հաջողությամբ չեզոքացնելով հակառակորդի առաջխաղացումը, մայիսի 8-ի առավոտյան անցան հակահարձակման: ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի շտաբի հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանի հրամանատարների հստակ փոխգործակցության շնորհիվ ղարաբաղյան զորամիավորումներն առավոտյան ժամը 10-ին կոտրեցին հակառակորդի դիմադրությունը  Ջանհասանի եւ Քյոսալարի բարձունքներում` թշնամուց առգրավելով մեկ «Գրադ» կայանք, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Շարքից հանվեց ադրբեջանական մի քանի միավոր զրահատեխնիկա: Նույն ժամանակ մարտական գործողություններ էին ընթանում նաեւ Շոշ գյուղի եւ Քիրս լեռան ուղղություններում` նպատակ ունենալով վերահսկողության տակ  առնել Լաչինից Շուշի տանող մայրուղին:

Շուշիի մերձակա կրակակետերը ոչնչացնելուց հետո ահեղ մարտեր ծավալվեցին բուն քաղաք-ամրոցի համար: Հակառակորդն սկսեց ավելի կատաղի գործել քաղաքի շուկայի եւ բանտի հենակետերից: Միայն  բանտի մերձակայքում ադրբեջանցիները տեղադրել էին երեք «Գրադ» կայանք եւ վերածել ամուր բերդի: Սակայն թե՛  ամրակուռ պաշտպանական կառույցների առկայությունը, թե՛ Շուշիի  զուտ աշխարհագրական առումով դժվարամատչելի տեղանքն անզոր եղան արգելք հանդիսանալ հայ ազատամարտիկների առաջխաղացմանը:

Մայիսի  8-ի կեսօրվա դրությամբ Շուշիի պաշտպանությունը ճեղքվեց հյուսիսից եւ արեւելքից: Ստեփանակերտի եւ Շոշ գյուղի ուղղություններից քաղաք մտած ազատամարտիկները կռիվներ էին մղում շուկայի շրջակայքում` քաղաքի կենտրոնական թաղամասերում: Ոչ պակաս դաժան մարտեր էին ընթանում նաեւ Շուշիի արեւելյան թաղամասում` բանտի մոտակայքում: Երեկոյան ժամը 18-ին հայ մարտիկները վերջնականապես տիրացան քաղաքի կենտրոնին` ադրբեջանական զինյալների հսկողության տակ թողնելով միայն նրա հարավային հատվածը:

Քիրս լեռան ուղղությամբ գործող ինքնապաշտպանության ուժերի ջոկատներն իրենց հերթին արդյունավետ գործողությունների շնորհիվ կարողացան գրավել Լիսագոր գյուղի մոտակայքում գտնվող կարեւորագույն բարձունքներից մեկը եւ վերահսկողության տակ առնել Շուշի-Լաչին մայրուղին: Այս հանգամանքն ադրբեջանցիների շարքերում խուճապի տեղիք տվեց: Ադրբեջանական բանակի արդեն բարոյալքված զինվորները, ինչպես եւ սպասվում էր, դարձան անկառավարելի եւ, տարանջատվելով, սկսեցին անկազմակերպ նահանջել:

Ստեղծված իրավիճակում ադրբեջանական բանակի հրամանատարությունը ձեռնամուխ եղավ հակամարտության գոտու ողջ երկայնքով մի շարք լայնածավալ ռազմական գործողությունների` նպատակ ունենալով հնարավորության սահմանում ղարաբաղյան ուժերի ուշադրությունը շեղել Շուշի-Լաչին ռազմաճակատային հատվածում: Մայիսի 8-ին, ժամը 15.00-ի դրությամբ, ադրբեջանական ուղղաթիռները, ներխուժելով հանրապետության օդային տարածք, գնդակոծության ենթարկեցին Մարտունու շրջանի Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն եւ Ասկերանի շրջանի Շոշ եւ Քռասնի  գյուղերը: Միաժամանակ Նորշեն գյուղից դեպի Աղդամի շրջանի Գյուլափլի բնակավայրն ընկած տարածքում հայ ազատամարտիկներն անհավասար մարտի մեջ մտնելով զրահատեխնիկայով զինված ադրբեջանական կազմավորումների հետ, հակառակորդին ստիպեցին ձեռնպահ մնալ հետագա հարձակողական գործողությունները զարգացնելու մտադրությունից եւ նահանջել ելման դիրքեր` մարտադաշտում թողնելով 9 սպանված եւ 1 միավոր զրահատեխնիկա:

Նույն օրը ժամը 18.00-ին Հադրութի շրջանի Տող գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից կատարված ճեղքման բոլոր փորձերը նույնպես ավարտվեցին անարդյունք: Արցախ տանող երկաթե դարպասների անառիկությունն այդ օրերին փաստվեց: Յուրաքանչյուր քայլ կատարվում էր լրիվ մշակված ու կանխամտածված ձեւով:

Մայիսի 8-ի ուշ երեկոյան Շուշիի երկնակամարն աստիճանաբար խաղաղվեց: Միայն երկար ընդհատումներով քաղաքի տարբեր ծայրերից լսելի էին ավտոմատային կրակահերթեր: Հայոց Արցախ աշխարհի հինավուրց մայր քաղաքը, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանցիների կողմից հանիրավի թմբկահարվում էր որպես  «մուսուլմանական գահանիստ», վերջապես գտավ իր իսկական տիրոջը: Մայիսի 9-ին Շուշին լրիվությամբ ազատագրված էր: Հայ մարտիկի զենքի փառքը վերստին փայլատակեց իրեն առաձնահատուկ փառահեղությամբ: Իր 273-ամյա պատմության ընթացքում, Շուշիի բերդ-ամրոցը, որը միշտ էլ հայտնի է եղել իր անառիկությամբ, առաջին անգամ անձնատուր եղավ հանուն պատմական արդարության, հանուն տիրոջ սիրո: Երկու օր տեւած  մարտական այդ փայլուն ռազմագործողության ընթացքում ակնհայտ դարձավ հայրենիքին ծառայելու կոչված մարդկային արժանապատվության անվիճելի իրողությունը, որը ցայտուն կերպով դրսեւորվեց ինքնապաշտպանության ուժերի 1-ին, 4-րդ, 6-րդ, Ակնաղբյուրի, Բալուջայի վաշտերի, հետախույզների եւ մյուս ստորաբաժանումների սխրագործություններում:

Վերացնելով հանարապետության տարածքում տեղակայված թշնամական կրակակետերը եւ ազատագրելով Շուշի քաղաքը, ղարաբաղյան ուժերի առջեւ խնդիր  դրվեց կարճ ժամանակահատվածում իրականացնել ինչպես օպերատիվ-ռազմավարական նշանակության խնդիրներ, այնպես էլ կենսական ամենահույժ կարեւորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման մարտական առաջադրանքը, որը հնարավորություն կտար ճեղքել Արցախը շրջափակող օղակը եւ ապահովել երկրամասի նորմալ կենսագործունեությունը:

Մայիսի առաջին կեսերին ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներին հաջողվեց ադրբեջանցիներին դուրս մղել Իսաբուլաղ, Զարիսլու,  Լիսագոր՝ ռազմական հենակետերի վերածված գյուղերից: Ապա, զարգացնելով առաջխաղացումը, մայիսի 17-ին` ադրբեջանական օմոնի կողմից Բերդաձորի ենթաշրջանի բնակավայրերը հայաթափելուց ուղիղ մեկ տարի անց, ազատագրեցին Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծ շեն, Հին շեն եւ Եղծահող գյուղերը՝ դրանով իսկ լիակատար ու վերջնական հսկողություն հաստատելով ամբողջ Շուշիի շրջանի վրա: Մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանները մտան Քաշաթաղ-Լաչին, ապա դուրս եկան Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Շուրջ երեք տարի պահանջվեց շրջափակման մահաբեր օղակը զենքի ուժով պատռելու համար: Խորհրդային իշխանության օրոք արհեստականորեն տարանջատված Լեռնային Ղարաբաղը նորաբաց միջանցքով վերստին միաձուլվելով  Հայաստանի հետ, դարձավ մայր ամբողջության բաղկացուցիչ մաս: Տասն օրում  կատարված ռազմական հաղթարշավը դարձավ պատմական իրադարձություն՝ իմաստավորելով հանուն հայրենյաց նահատակված զինվորների անձնազոհությունը: Հանձինս արցախահայության անօրինակ անձնվիրության, ողջ հայ ժողովրդի մեջ վերստին վերընձյուղվեց զենքի ուժի հանդեպ կորսված հավատը, հաղթահարվեց  դարեր ի վեր ստվերի պես նրան հետապնդող դատապարտվածության ուրվականը:

 

Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի խոսնակ, գնդապետ

 

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

04.11.2024 21:36

Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ․ Վահե Սարգսյան

04.11.2024 20:34

Զուրաբիշվիլին մի շարք հայկական հուշարձաններ ներկայացրել է իբր թե «պատմական Վրաստանի» մաս

04.11.2024 20:06

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29-ին

04.11.2024 19:44

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

04.11.2024 15:39

ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

04.11.2024 15:30

Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի Պուտինին

04.11.2024 14:51

Սահմանադուռ և սահմանապահ Ագարակ քաղաքը 75 տարեկան է

04.11.2024 13:17

Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար

04.11.2024 12:20

Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութ

03.11.2024 21:43

Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

03.11.2024 20:25