Շուշի հայոց մեծ քաղաքը. իմը կլինես դու նորից

22.12.2021 10:15
1831

Լույս է տեսել «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա պարբերականի 4-րդ համարը (https://syuniacyerkir.am/uploads/files/%E2%84%96_04.pdf): Այն նվիրված է Ադրբեջանի կողմից օկուպացված հայոց Շուշիին:

Համարի ծավալը 13 տպագրական մամուլ է (A3 չափսի 52 էջ):

Համարի տպաքանակը մեկ հազար է, և կբաժանվի «Սյունյաց երկրի» բաժանորդներին:

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք՝ ավարտվող 2021-ին (մինչ այդ) հրատարակվել է «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա պարբերականի ևս երեք համար:

1-ին համարով ներկայացվեցին Սյունիքի սրբավայրերը, որոնք 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո հայտնվեցին գերության մեջ կամ դարձան սահմանային:

2-րդ համարով ներկայացվեց Սյունիքի մերօրյա գրական աշխարհը:

3-րդ համարով ներկայացվեց Գարեգին Նժդեհի գրական-գեղարվեստական ժառանգությունը և նրա կերպարի մեկնությունները մեր մշակութային տիրույթներում:

4-րդ համարը, ինչպես նշեցինք, նվիրվում է հայոց հնամյա պատմության և մշակույթի հավերժող առասպել Շուշիին: Այն բացվում է Սամվել Ալեքսանյանի առաջնորդող հոդվածով, որը ներկայացնում ենք ստորև:

 

                                                        *  *  *

Հայոց Շուշիի մասին ենք ուզում ձայնել, արփիազգեստ և հույժ պանծալի քաղաքի մասին, որ երկրայինների մեջ հազվադեպ երկնայիններից է...

Բայց լրագրային մեր պատումը զերծ է լինելու ողբից, լացից, տխրագին հառաչանքներից, հայ մարդու սրտի մորմոքը ցուցադրելուց, քանզի ողբասացությունը (հատկապես այս դեպքում և մեր պատմության փորձը նկատի ունենալով) հեռու է ողջամտությունից:

Մեր պատումը նախ երկրպագություն է Շուշիին, քանզի հայոց մեջ շատերն անգամ չհասկացան ու չեն էլ գիտակցում, որ այն մեր լինելիության հավերժական առասպելն է...

Մեր պատումն անքակտելի հույսի և հավատքի փոքրիկ ցոլանք է առ այն, որ Շուշին անպայման վերադառնալու է հարազատ մոր՝ հայոց Արցախի գիրկը, քանզի մեզ հետ է Տիրոջ անհաղթելի զորությունը:

Մեր պատումը Շուշին գերած անօրենից վրեժ առնելու և սրբազան քաղաքը բռնավորից ազատելու հրամայականն արթուն պահելու համեստ նկրտում է...

                                                         *  *  *

Մենք թիկունք և օգնական չեղանք, երբ բերդաքաղաքը մատնվում էր թշնամու ձեռքը:

Այնքան հեշտությամբ բաժանվեցինք կենդանի մարտիրոս, հայոց արժանապատվության պսակ, 1992-ի մայիսի 9-ից հաղթանակի խորհրդանիշ ու փթթող ծաղիկ Շուշիից...

Անկարող եղանք (կամ չկամեցանք) համակարգել հանուն Շուշիի նահատակության պատրաստ մեր քաջերի գործողությունները:

Նույնիսկ տրտմակից չեղանք (պատշաճորեն) զարմանալի գեղեցիկ ու թանկ հայոց ոստանի կորստյան իրողությանը, խիստ աղետների մեջ նրա հայտնվելու փաստին, անգամ նրա անկման գույժը թաքցրինք օրերով...

Հիմա թշնամին ծիծաղում է մեզ վրա: Մեզ վրա գլուխ է բարձրացնում նա, ով հայոց ոտքերի տակ էր...

Հիմա ուժատված ենք և զորությամբ տկարացած, հատակին մերձեցած...

Առեղծվածային այդ հանգամանքների վրա պատմությունն անպայման լույս կսփռի, ճշմարտությունը ջրի երես դուրս կբերվի:

Ինքը՝ հայոց արևելյան կողմի պատմիչ Մովսես Կաղանկատվացին էր դեռևս դարեր առաջ բանաձևել՝ «Ճշմարտությունը չի կարող ծածկված մնալ, և լույսը փակի տակ լինել»:

                                                               *  *  *

Համառոտ այն մասին, թե ի՞նչ թեմաներ ենք արծարծում և ի՞նչ տրամաբանությամբ ենք կառուցել համարը:

Նախ՝ կամեցանք ցույց տալ Շուշիի մշակութային կյանքի վերընթացը Գյուլիստանի պայմանագրից (1813 թ.) հետո՝ մինչև 1920 թ. մարտյան ցեղասպանությունը:

Պատմական այդ փուլում Շուշին Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկն էր, և զգալի է եղել նրա դերը հայկական մշակույթի զարգացման գործում:

Եվ զետեղել ենք մի շարք ուշագրավ հոդվածներ՝ նվիրված քաղաքի կրթական համակարգին, երաժշտական կյանքին, գրադարաններին, տպագրական գործին, թատրոնին և պարբերական մամուլին:

 1992-ի մայիսյան հաղթանակից հետո Շուշին վերածնվում էր նաև մշակութային առումով: Ուստի՝ ներկայացվում են քաղաքի կրթօջախները, թանգարանները և մշակութային մյուս հաստատությունները, նաև հոգևոր-մշակութային բնույթի որոշ միջոցառումներ:

Մոտ մեկ դար Շուշին եղել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնը: Այդ մասին ոչ միայն խոսակցություն ենք վարում, այլև ներկայացնում քաղաքի քրիստոնեական գլխավոր սրբավայրերը:

Շուշին մեր հաղթանակի խորհրդանիշն էր, ինչն ըստ պատշաճի ներկայացված է: Այն բանից հետո, երբ հայ զինվորի հերոսության շնորհիվ ազատագրվեց հայոց բերդաքաղաքը և վերականգնվեց պատմական արդարությունը, Շուշին կրկին սկսեց ապրել հայեցի, քաղաքը ծաղկում էր, փորձում  ապաքինել ադրբեջանցիներից ստացած վերքերը:

Կարևոր համարեցինք ցույց տալ, թե ինչ էր կատարվում Շուշիում 2020 թ. հոկտեմբերի 8-ից հետո, երբ Ադրբեջանը ռմբահարեց մեր գլխավոր սրբավայրը՝ Սուրբ Ղազանչեցոցը: Դեպքից երկու օր անց մեր պարբերականի ստեղծագործական խումբը նույնպես այնտեղ էր...

2020 թ. նոյեմբերի 8-ին Շուշին (առեղծվածորեն) հայտնվեց թշնամու տիրապետության ներքո:

Եվ մեզ հետաքրքրում էր, թե այդ ողբերգությունից հետո ինչ է կատարվում Շուշիում մնացած հոգևոր-մշակութային արժեքների հետ:

2021 թ. հոկտեմբերի 28-29-ին մեր ստեղծագործական խումբը Ստեփանակերտում էր, հանդիպումներ ունեցանք Արցախի հանրապետության պետական խորհրդական Գրիգոր Գաբրիելյանցի, ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի, Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի և մշակույթի ոլորտի այլ գործիչների հետ:

Շուշիի պատմությունը՝ իր կորստաբեր ու հաղթական դրսևորումներով, արվեստի տարբեր ոլորտներում դարձել և շարունակում է մնալ գեղարվեստական ստեղծագործության թեմա: Շուշիով հետաքրքրված ու ոգեշնչված՝ բերդաքաղաքին նվիրված (ոչ միայն հայ, այլև օտարազգի հեղինակները) գործեր են երկնել արվեստի գրեթե բոլոր ոլորտներում:

Ներկայացնում ենք երգեր և բանաստեղծություններ, կերպարվեստի ցուցանմուշներ՝ նվիրված Շուշիին:

Գեղարվեստական գրականության մեջ և հատկապես պոեզիայում, 1992-ի հաղթանակից հետո, ողբի տրամաբանությունը փոխվեց հաղթանակի բերկրանքի և հաղթանակը կերտած հերոսների ներբողի:

Մի հատված էլ Սերո Խանզադյանի «Շուշի» վեպից է (լույս է տեսել 1991-ին):

Թե ժամանակագրական, թե ազգային-ազատագրական պայքարի առումով վեպը «Մխիթար Սպարապետ»-ի շարունակությունն է, իսկ ընդգրկված ժամանակաշրջանը հիսուն  տարվա պատմություն է՝ սկսած 1740-ականներից:

Մենք սույն թողարկման մեջ չանդրադարձանք Շուշիի քաղաքական պատմությանը, բայց համարի տրամաբանությունը պահանջեց, որ համառոտ ներկայացնենք Շուշիի տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում:

Շուշիի 1920-ի մարտյան կոտորածին անդրադարձանք ականատես մարդկանց մի քանիսի հուշերը ներկայացնելով, որոնք գրառել ու սերունդներին են փոխանցել Ավետիք Իսահակյանը, Հրաչյա Աճառյանը, Լեոն, Սերո Խանզադյանը...

Շուշին հայ ժողովրդին պարգևել է մեծահամբավ քաղաքական ու պետական գործիչներ, գիտության և մշակույթի ոլորտի ճանաչված դեմքեր: Մենք նրանցից միայն մի քանի անհատականությունների ենք այսօր ներկայացնում՝ ամբողջական թեման համարելով հանգամանալից խոսակցության առանձին և ծավալուն նյութ:

Համարը բացվում է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պատկերով, որի կամարների ներքո քանիցս մոմ վառելով ու աղոթք բարձրացնելով՝ մեր կողքին զգացել ենք Աստծո, Նրա Որդու և Սուրբ Հոգու ներկայությունը:

Համարի սկիզբն ամբողջացնում են Շուշի քաղաքի խորհրդանիշները:

Համարն ամփոփվում է Ավան հարյուրապետի կառուցած ու  Բարձրյալի կողմից ամրացված բերդի պատկերով: Եվ, իհարկե, յուրօրինակ երդումով՝ քաղաքի օրհներգից առած. «Քո անվամբ երդվենք, / Ու քո ոգով զինվենք, / Դու մեր օրհնանքն ես, /Հայրենի տուն Շուշի...»:

                                                                *  *  *

Համարի նախապատրաստության ընթացքում հաջողվեց բազմակողմանի ու ծավալուն աշխատանք կատարել՝ համագործակցելով գիտական հանրության, ինչպես և Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ:

Սակայն համարի սահմանափակ հնարավորությունը (թեև ավանդական ծավալից բազմապատիկ անգամ մեծ է) թույլ չտվեց մատուցել այն, ինչ ծրագրել էինք սկզբնապես ու պատրաստել:

Խոսքը Շուշիի քաղաքական պատմության մասին է՝ հերոսական բազում դրվագներով, վարչական պատմության մասին (հատկապես Ղարաբաղի խանության տարիներին Շուշիի դերի մասին):

Դուրս մնացին Շուշիի պատմագրությունն ու պատմագրության միտումները, Շուշիի հիմնադրման հետ կապված հարցերը, Շուշիում իրականացված հայերի ցեղասպանությունը:

Դուրս մնացին ադրբեջանցի կեղծարարների գործողությունները՝  միտված  Շուշիի ճշմարիտ պատմության աղավաղմանը:

Շրջանցեցինք Շուշիի 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի տնտեսական-արհեստագործական կյանքը, որը նույնպես խոսակցության առանձին ու ծավալուն թեմա է:

Համարից դուրս մնացին Շուշիի ժողովրդագրական գործընթացներն արտացոլող նյութերը, այդ թվում՝ թուրքական էթնիկ տարրի ներթափանցման հանգամանքները:

Կուզենայինք շատ թե քիչ ամբողջական ներկայացնել Շուշիի վերաբերյալ առկա գրականության և սկզբնաղբյուրների մատենագիտությունը, որի համար հաջողված հիմք կարող էր լինել Վահրամ Բալայանի «Շուշի» գրքի (Երևան-2017)՝ «Օգտագործված աղբյուրների և գրականության ցանկ»-ը:

Համարի նախապատրաստության ընթացքում հաճելիորեն նկատեցինք, որ արցախագիտության ոլորտում, այդ թվում՝ Շուշիի պատմության և մշակութային անցյալի ուսումնասիրման ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել՝ գիտաժողովներ, մենագրություններ, հնագիտական բնույթի ուսումնասիրություններ: Ընդ որում՝ առանձնահատուկ ուշադրության արժանի են Շուշիի և նրա շրջակայքի հնագիտական հետազոտությունների արդյունքները, դամբարաններն ու խաչքարային մշակույթը, նաև 18-19-րդ դարերի ձեռագրերը:

Երիցս համոզվեցինք, որ 1992-2020 թթ. Շուշին ապրում էր հոգևոր-մշակութային բուռն կյանքով: Ընդ որում՝ տեղի են ունեցել միջոցառումներ, ձևավորվել են ավանդույթներ, որոնք համազգային նշանակություն ունեին: Կարծում ենք՝ արժեր դրանք ամբողջացնել և հանրայնացնել:

Մի խոսքով՝ թերթային կամ նույնիսկ ամսագրային մեկ համարում (ամենաբուռն ցանկության դեպքում անգամ) անհնար կլիներ ներկայացնել ամբողջական Շուշին:

Այդքանով հանդերձ՝ համոզմունք ենք հայտնում՝ Շուշիի պատմության և հոգևոր-մշակութային անցյալի ուսումնասիրությունը կշարունակի մնալ գիտական հանրության ուշադրության կենտրոնում, ինչն էլ կարտացոլվի նաև հայոց պարբերական մամուլում:

Ուստի և փափագելի է ապագայում տեսնել Շուշիին նվիրված պարբերական մամուլի նոր թողարկումներ՝ ավելի բազմակողմանի ու հարուստ, քան հաջողեց «Սյունյաց երկիրը»:

Իսկ մենք... Արեցինք այնքան, որքան թույլ տվեցին ժամանակն ու ռեսուրսները:   

                                                                * *  *

Երազ ունենք՝ ազգային երազ՝ փրկել Շուշին, որ հիմա անարգված է, վիրավոր, գերված ու բանտված:

Եվ բալասան լինել նրա վերքերին, թագել նրան կրկին ու կյանքով լցնել բերդաքաղաքը:

Հասնել Շուշի և խավարած տաճարներում կրկին վառել լույսը կանթեղների, իսկ Սուրբ Ղազանչեցոցի գմբեթի տակ խնկել հայոց մեծ քաղաքը:

Այդ ամենը, սակայն, գործնական քայլերի կարիք ունի. ի սկզբանե ասված խոսք է՝ «Զի մեռած է հավատը և հույսը, որոնց գործեր չեն հետևում»:

Եվ, դրանով հանդերձ, ուզում ենք հավատալ արցախցի հարգելի բանաստեղծի գուշակումին՝ «Ու գարունն արդեն ճամփա է ընկել դեպի քեզ...»:

  Սամվել Ալեքսանյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25