«Շուշիի ավերված Սուրբ Ղազանչեցոցը կվերականգնվի իմ նախագծով»,- երազում է Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի սան Հայկ Շեգունցը

01.02.2023 11:54
2245

Ո՞վ լինի, որ տեսնի Սյունիքի հնությունները՝ Ուղտասարի քարերին նախամարդու թողած ժայռափոր քանդակները՝ ընձառյուծ թե ռնգեղջյուր, զրուցի լեռնաշխարհի խրոխտ մարդկանցով ու վեհ պատմություններով ագուցված բազում ավանդապատումներ իրենց մեջ ամբարած բնիկերի՝ ամրակուռ  հայերի հետ, վայելի բնության գեղատեսիլ վայրերը՝ Սոսիների պուրակ, Վահանավանք, Տաթև, Պորտաքար, Քարահունջի  հնագույն աստղադիտարան, զգա լեռներն ի վար հոսող սառնորակ աղբյուրների ու  քչքչան առվակների լուսապայծառ ջրերի հայելային քաշաթխպոտ-արևային անդրադարձը, անվերջ հիանա «Կարմրախայտ»-ոտ գետակներով ու առվակներով, փրփրադեզ Որոտանով ու Մայր Արաքսով, մոտիկից տեսնի ու շոշափի նորօրյա պատմության անջնջելի հետքերը՝  անմահ Նժդեհի Կապուտջուղն ու Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատին «թիկնած» թշնամու մահաբեր «Գրադ»-ի համր վկա-հրթիռը, ու... չլինի ստեղծագործող, ինքն իր հետ կռիվ տվող պատմիչ, փիլիսոփա, ըմբոստ ոգի կրող մտավորական-հռետոր, «ապստամբ»  լրագրող, գրող, երգիչ, նկարիչ...

Գորիսի նկարիչներից պարտքս է հիշատակել՝ Վանիկ Արզումանյան, Ռազմիկ Արզումանյան (ինքնուս), Նվարդ Բալասանյան, Մերի Բունիաթյան, Անդրանիկ Բակունց, Հրանտ Բաղդագյուլյան (բրուտագործ-նկարիչ), Նարա Դոլունց, Մարտուն Զաքարյան, Մայիս Զադայան (ինքնուս), Համլետ Թադևոսյան (ինքնուս), Յաշա Խաչյան (ճարտարապետ-նկարիչ), Անի Կրեչյան, Համլետ Հարությունյան, Լորետա Հակոբյան, Լաուրա Ղազարյան, Միշա (Միքայել) Ղուկասյան (նկարիչ-քանդակագործ), Ժիրայր Մարտիրոսյան, Արամ Մաշուրյան, Լիլիթ Մեժլումյան, Արա Միքայելյան, հայր և որդի  Գուրգեն (Գուրոս) և Գևորգ (Ժորա) Պարոնյաններ, Հենրիկ Սիրավյան,  Գևորգ (Ժորա) Սարգսյան, Ստեփան Օհանջանյան, Գագիկ Օրդյան ...

Արվեստի ու արհեստի հազար ու մի ուղղության տեր Սյունիքից այս անգամ առանձնացրի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղը՝ որպես իրականությունն արվեստի լեզվով վերարտադրող երիտասարդ սերնդի յուրօրինակ դարբնոց, որտեղ մոտ տասը տարի առաջ ուսուցանվում էր... քիչ թվով աշակերտ, իսկ այսօր՝ մոտ 200 սան:

Ցանկացա ծանոթանալ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի առօրյային, աշխատանքային պայմաններին, ներկա գտնվել պատանի նկարիչների դասաժամին, մոտիկից շփվել նրանց հետ, զրուցել, իմանալ նրանց ձեռքբերումների ու ակնկալիքների մասին: Շեշտադրումս պետք է ուղղված լիներ մասնաճյուղի առավել շնորհալի սաներին:

Մասնաճյուղի տնօրեն Արամ Մաշուրյանն առաջարկեց կենտրոն հաճախող որոշ սաների հետ հանդիպել իր արվեստանոցում: Նրանք հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու և նկարչության ասպարեզում իրենց մասնագիտական հմտությունները խորացնելու նպատակով երեկոյան ժամերին այստեղ անցնում են արտաժամյա պարապմունքներ:

Արվեստանոց այցելեցի այն պահին, երբ երեք դպրոցականներ՝ Հայկ Շեգունցը Քարահունջից, Մարիամ Տեր-Մկրտչյանն ու Էննի Մելքումյանը՝ Գորիսից, նստած իրենց նկարչական շտատիվի՝ մոլբերտի առաջ, ստեղծագործում էին:

Դեպի արվեստանոցի շուրջբոլորը «նետած» առաջին հայացքս տպավորիչ էր. Արամ Մաշուրյանի նկարած արդեն պատրաստի բազմաթիվ կտավներ խնամքով շարված էին կողք-կողքի. նրանց մեջ աչքի էր զարնում Արամի պապի՝ Գորիսում հարգված Մխիթար Մաշուրյանի յուղաներկով դիմանկարը: Մի քանի սեղանիկների վրա խնամքով դրված էին եռանկյունաչափական մարմիններ՝ բուրգ, գունդ, գլան...  Գետնին՝ մի անկյունում, նկարելու համար նախատեսված՝ հին հունական դիցաբանության հերոսների ու պատմական դեմքերի դիմաքանդակներ:

Հենց սաների ներկայությամբ զրուցում եմ Արամի հետ: Գորիսում համընդհանուր ճանաչում ունեցող արվեստագետ-մտավորական, դասախոս, մանկավարժ-նկարիչն իր մասին բարձրագոչ խոսքերից նեղվում է:

- «Ապշեցուցիչ վրձնահարված», «Հիանալի կտավ», «Տաղանդավոր նկարիչ». այս մակդիրների հանդեպ պետք է զգույշ վարվել: Կենտրոնում «ուսուցիչ-աշակերտ» հարաբերությունը ներդաշնակ է, - ասում է նա: - Ես երբևէ խնդիր չեմ դնում մրցակցել աշակերտի հետ: Նրանց պետք է ուսուցանել և թաքնված հնարավորությունները բացահայտել: Նրանց կարծիքն արժեքավոր է: Իմ կատարած աշխատանքի վերաբերյալ հաճախ եմ հարցնում իրենց կարծիքը։ «Ստեղծագործական քննադատություն ստեղծագործության հանդեպ», - այսպես կբնութագրեմ նրանց մոտեցումը, որը ողջունելի է:

Հինգ տարեկանից սկսած՝ նկարչությունն Արամի տարերքն էր: Սերն արթնացել է ընտանեկան միջավայրում. արվեստասեր ծնողները հաճախ էին հետաքրքիր պատմություններ պատմում Թերլեմեզյանի, Սարյանի, Քոչարի, Զարդարյանի, Իսաբեկյանի մասին: Լուսահոգի հայրը՝ ֆիզիկայի գծով գիտությունների թեկնածու Արմեն Մաշուրյանը, գիտական թեզը պաշտպանում էր Սանկտ Պետերբուրգում: Փոքրիկ Արամն ակնապիշ նայում էր հոր բերած՝ Էրմիտաժի ու Տրետյակովյան պատկերասրահի ցուցանմուշների շքեղ բացիկները և ուշադիր լսում Վերածննդի նշանավոր նկարիչ-քանդակագործների ստեղծագործությունների բնօրինակից ստացած նրա տպավորությունները:

... Մտքով հետ եմ գնում մոտ 25 տարի, երբ  առաջին անգամ Գորիսում նկարչական տոն էր. նկարիչների սիմպոզիումի մասնակից Հայաստանի բոլոր նկարիչների համար Գորիսն ասես  գտնված գանձ էր, իսկ փոքրիկ Արամի համար նրանց ներկայությունը երազ՝ իրականության մեջ: Մասնագիտությանս բերումով նրանց մասին ռեպորտաժ պատրաստեցի, նրանց հետ եղա Հին Գորիսում, ուր յուրաքանչյուր նկարիչ, միմյանցից հեռու, խիտ բնապատկերների շարքում իր համար գողտրիկ մի վայր էր ընտրել նկարելու համար (հետագայում նրանք մեկական նկար նվիրաբերեցին Գորիսի պատկերասրահին):

Սիմպոզիումի օրերին լուսահոգի արձակագիր Էդուարդ Զոհրաբյանի հետ նրանց հյուրընկալեցի մեր բակում: Փոքրիկ Արամի՝ նկարչության հանդեպ ունեցած մեծ սիրո ու աշխատասիրության մասին էին խոսում Ստեփան Մինասյանը, Արարատ Խանզադյանը, Մարտին Հակողլյանը, Էդուարդ Աբաջյանը, Հենրիկ Վարդենիկցին, Արմեն Աթայանը, Համլետ Ասատրյանը (նրանցից ոմանք, ավա՜ղ, այսօր չկան): Արամը նրանցից հենց Համլետ Ասատրյանին է համարում իր մասնագիտական «կնքահայրը». նկարիչ դառնալու գործում վճռորոշ էր նրա դերը: Այսօր Արամ Մաշուրյանի և Համլետ Ասատրյանի միջև մտերմիկ բարեկամությունը փոխարինվել է Գորիսի տեսարժան վայրերում հաճախակի իրականացվող համատեղ «նկարչական սիմպոզիումին». գրեթե ամեն տարի ամռանը նրանք բնապատկերներ են նկարում այստեղ:

Անցյալ տարի երկուսով Հին Գորիսում նկարում էին... Ժայռերի միջև կածանով թոռան հետ անցնում էր մի ծեր կին: Նրանք, նկատելով  նկարիչներին, մոտենում են, կանգնում, դիտում նկարները:

- Էդպես էլ ոչ մի բան նորմալ չսովորեցիր: Տես, ո՞նց են նկար «քաշում», գոնե դա՛ սովորի,- թոռանը հորդորում է տատը: Տատն ու թոռը հեռանում են, իսկ Համլետն ու Արամը քահ-քահ ծիծաղում են...

Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղը հիմնադրվել է արվեստաբան Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, 1982թ: Մասնաճյուղի  երկարամյա (32 տարի)  տնօրենն էր նկարիչ Մարտուն Զաքարյանը: Արամ Մաշուրյանը մասնաճյուղը ղեկավարում է 2014 թվականից: Կենտրոնի առանձնահատկություններից մեկն այն է, որ զերծ էր այն ժամանակների համար բնորոշ խիստ կանոնագրային կրթական ծրագրերից: Այն նախադրյալ ստեղծեց սաների նոր հնարավորությունների, ազատ մտածելակերպի բացահայտման ու վերելքի համար:

Արվեստանոցային և կենցաղային պայմանների բարելավմանը զուգընթաց՝ մասնաճյուղում ներգրավվել են մեծ թվով նկարիչ-ուսուցիչներ, որոնց շարքը համալրել են նաև նախկին սաները: Այսօր մոտ 200 դպրոցահասակ երեխայի կերպարվեստի և կարպետագործության  դասերն ուսուցանում են Արամ Մաշուրյանը, Սոնա Արզումանյանը, Լիլիա Լազրյանը, Մարիամ Արզումանյանը, Դիանա Եղիազարյանը, Հասմիկ Բադալյանը: Ուսուցիչները երեխաների մեջ սերմանում են սեր գեղեցիկի հանդեպ, խթանում նրանց մեջ առկա ստեղծագործելու ջիղը, խրախուսում ազատ ստեղծագործելը, օգնում  մասնագիտական կողմնորոշման հարցում:

Մասնաճյուղի սաներից Դիանա Յոլյանն ու Աշխեն Սևյանը դպրոցն ավարտելուց հետո նախընտրել են  ուսումը շարունակել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Այժմ նրանք կերպարվեստի բաժնի 3-րդ և  4-րդ կուրսի ուսանողուհիներ են:

Գորիսից քարագործ վարպետ Կարենի և ուսուցչուհի Լիանայի դուստր, 17-ամյա Էննի Մելքումյանը, ով հիմա արվեստանոցում ծովի փրփուրից ծնված սիրո աստվածուհի Աֆրոդիտեին է նկարում, թեև դպրոցում նախասիրած առարկաներ ունի՝ հայոց լեզու և կենսաբանություն, բայց և նրա որոշումը հաստատ է. պետք է ուժերը փորձի այնտեղ, որտեղ իր երկու ընկերուհին են: Կենտրոնի ակտիվ սան դառնալուն օգնել են դպրոցի կերպարվեստի ուսուցիչներ Ռուզաննա Շահնազարյանն ու Նարինե Դոլունցը:

 - Նրանք իմ մեջ սերմանել են սեր արվեստի նկատմամբ: Նրանց դասավանդման ոճը յուրահատուկ է, մեթոդը՝ ուսուցանող, սեփական թաքնված հնարավորությունները բացահայտող, - ասում է Էննին: - Մեծ բավականություն է՝ բարձրաճաշակ դասական երաժշտության մեղմ հնչյունների ներքո ստեղծագործել կենտրոնում: Գեղարվեստի ակադեմիայի ուսանողուհի Դիանան ոչ միայն սրտացավ ընկերուհի է, այլև լավ խորհրդատու: Երբ ամռանը գալիս է Գորիս, Վարարակն գետի ափին միասին նկարում ենք բնապատկերներ: Հաճախ եմ հեռավար կապով նրան ցուցադրում նոր կտավիս լուսանկարը, որի շուրջ քննարկում ենք ծավալում: Ինքն էլ իր ստեղծագործությունների թեմաներն է ներկայացնում ինձ: Նոր մտքեր են ի հայտ գալիս, նոր մտահղացումներ են ծնվում: Ամեն ինչ շատ լավ է ընթանում:

Մարիամ Տեր-Մկրտչյանն արվեստանոցում մատիտով գունդ է գծանկարում...

- Ընդամենը մի քանի օր է, ինչ հաճախում եմ արվեստանոց: Ավելի բարդ գործեր ստեղծելու ճանապարհին սա կարելի է սկզբնական աշխատանք համարել: Յուրաքանչյուր պարապմունքից հետո ձեռքերս ավելի վարժ և հստակ են գործում, և գունդը, ինչպես տեսնում եք, կամաց-կամաց ստանում է ավարտուն տեսք,- ասում է նա:

Հայկ Շեգունցն ընդգծված կերպար-բնավորություն խորհրդանշող դիմաքանդակ է նկարում: 12-րդ դասարանի աշակերտի համար, իմ բնորոշմամբ, ապագա անհատական ցուցահանդեսին պատշաճող գործ է ստեղծվում: Այն շատ նման է նկարչական դպրոցում իմ ուսուցանած տարիների նույնանման քանդակին. կարծես իսկը պատճենը լինի:

-  Հայկ, ու՞մ ես նկարում: 

- Սոկրատն է: Կամ՝ Սոկրատեսը, - կարծես հույն փիլիսոփայի իր նկարած կերպարի միմիկայի շարունակությամբ, փիլիսոփայորեն պատասխանում է Հայկը: - Ուզում էի նկարիչ դառնալ, բայց ... 44-օրյա պատերազմից հետո արմատապես փոխեցի որոշումս. ճարտարապե՛տ: Այո, պիտի ճարտարապետ դառնամ: Գիտե՞ք ինչու: Արցախն անչափ սիրում եմ, Շուշիում բազմիցս եմ եղել: Հիանում եմ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցիով: Թուրքերն այն ավերեցին ու պղծեցին: Իրենց անմարդկայնության համար նրանք անշուշտ, պատասխան կտան,- ինքնավստահ ասում է Հայկը: - Շուշին անպայման կազատագրվի:

«Նկարիչ-ազատամարտի՞կ»... Ինչպիսի՜  հրաշք սերունդ, - մտքիս մեջ՝ լուռ եմ: Փշաքաղվեցի:

Եվ ահա, արվեստանոցում իմ լսած վերջին նախադասությունը, որն ասաց Հայկը.

- Շուշիի ավերված Սուրբ Ղազանչեցոցը կվերականգնվի իմ նախագծով...

Վաչե  Մկրտչյան

Միգրանտների երեխաներին, ովքեր չեն տիրապետում ռուսերենին, դպրոց չեն ընդունի․ Օրենքն ուղարկվել է Պետդումա՝ քվեարկության

09.12.2024 22:26

Կչեղարկեմ ԱՄՆ-ում ծնված օտարերկրացիների քաղաքացիությունը. Թրամփ

09.12.2024 20:37

Կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն. Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

09.12.2024 18:40

Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքերի մասին հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցին կոմիտե

09.12.2024 18:34

Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանի հաղթանակը կասկածի տակ չի դրվում

09.12.2024 18:26

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հետ կապված հարցն ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է․ Կիրակոսյան

09.12.2024 16:38

Աշխարհի առաջնորդներից մնացել ենք ես ու Պուտինը. Էրդողան

09.12.2024 15:37

Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանի վրա. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

09.12.2024 11:38

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման

09.12.2024 11:27

Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը (լուսանկարներ)

09.12.2024 11:06

Իրանը տեղյակ է եղել ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին․ բոլոր հետախուզական տվյալները փոխանցվել էին Սիրիայի կառավարությանը և բանակին․ Իրանի ԱԳ նախարար

09.12.2024 11:04

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական կորուստների թիվը

09.12.2024 10:58