«Սիսիան. կյանք կա՞ այստեղ, կյանքը մեռած է...»

15.11.2014 10:00
2279

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Սիսիանում քայլելիս եւ պատահական անցորդների շրջանում անցկացվող փոքրիկ հարցումից պարզ է դառնում, որ սիսիանցիները, նախեւառաջ, աշխատանք են ուզում: Իսկ Սիսիան ուղեւորվելիս եւ միջպետական մայրուղուց «Զորաց քարերի» մոտով անցնելիս առաջին տպավորությունը քարուքանդ ճանապարհն է` մեքենայի անիվների գլորումից այսուայնտեղ թռչող խճաքարերով, որոնք երբեւէ ասֆալտի մասնիկ են եղել: Ասֆալտը քերող, ինքն իր մեջ վերամշակող ու նորից փռող արագ ու հեշտ ասֆալտապատման նոր մեթոդի կիրառումից հետո այս ճանապարհի նորոգ տեսքը շատ կարճ կյանք ունեցավ, ու այսօր այստեղ նույն պատկերն է... Իսկ այս ճանապարհով զբոսաշրջության զարգացման մասին խոսող Հայաստանում մշտապես երթեւեկում են նաեւ ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց այցելողները:

Անբարեկարգ ու դարուփոսերով ճանապարհները, քանդված փողոցներն առաջին բանն են, որ աչքի են զարնում նաեւ համայնքում շրջելիս: Օրվա` աշխատանքային ամենազբաղված ժամերին քաղաքի կենտրոնական հրապարակում եւ այլ փողոցներում աչքի է ընկնում տարբեր տարիքի տղամարդկանց խումբ-խումբ հավաքված լինելը, որն այսօր քիչ թե շատ աշխատատեղ ունեցող քաղաքներում դժվար է հանդիպում. մարդկանց գործազուրկ լինելու եւս մեկ խոսուն պատկեր… Մոտենում ենք մի խմբի, երիտասարդներից մեկը համաձայնում է զրուցել ու պատմում, որ անցած տարի է քոլեջն ավարտել, աշխատանք է փնտրում, դեռ չի գտել…

Քաղաքում հիմնականում մանրածախ առեւտրի կետեր են, հատուկ վայրերում առեւտրի կենտրոնացման ու խոշորացման միտում, ինչպես այլ քաղաքներում, չի նկատվում: Հիմնականում տարիներով գործող նույն փոքր խանութներն են` գրեթե բոլոր կենտրոնական շենքերի առաջին հարկերում, ամեն քայլափոխի հանդիպում են նաեւ ոչ ակնահաճո մետաղյա կրպակները: Էլի համեմատության մեջ նկատենք, որ այլ քաղաքներում, եթե «գործերը լավ են գնում», հնարավորության դեպքում մարդիկ գերադասում են փոխարինել դրանք կայուն քարե շինություններով. ուրեմն այստեղ փոքր բիզնեսի զարգացման առումով եւս լավատեսություն լինել չի կարող: Ի դեպ, շատ են հանդիպում նաեւ նախկին փոքր բիզնեսից ազատված տարածքներ, որոնք վաճառվում կամ վարձով են տրվում:

Որպես քաղաքի կյանքում փոփոխություն եւ նոր արված գործ մեզ հանդիպած սիսիանցիները հիմնականում մատնանշում էին նոր կառուցվող մարզական համալիրը եւ դրա կողքին կառուցվող ու գեղեցիկ նստարաններով նոր այգին:

Մեր հարցախույզի մասնակից սիսիանցիները խուսափում են ներկայանալ, չեն խոսում նաեւ քաղաքականությունից, իսկ քաղաքապետից գոհ են հիմնականում լուսավորության ու քաղաքի մաքրության համար: Եվ քանի որ շատերի հետ խոսելիս հնչած խնդիրներն ու բարձրացված հարցերը նույնն էին, եւ հիմնական տպավորությունը լավատեսության պակասն էր, ընդհանրացնենք դրանք:

Հիսնամյա մի կին քաղաքի ամենամեծ խնդիրը համարում է աշխատատեղերի բացակայությունը: Նրա ասելով` դա ստիպում է, որ տղամարդիկ, հատկապես երիտասարդները, գումար վաստակելու համար Ռուսաստան մեկնեն: «Ինքս աշխատանք ունեմ, բայց երեխեքս չունեն: Որդիս ինստիտուտն ավարտել եւ իսկույն դուրս է գնացել»: Նշում է, որ այս տարի ավելի ծանր է, քանի որ նորմալ բերք չկար: Իսկ իր համաքաղաքացիների ապրելու կերպը պարզապես գոյատեւել է համարում. ամեն մեկը մի կերպ ստեղծում է… «Շատ-շատ են Սիսիանից դուրս գնում, հիմնականում՝ ՌԴ կամ որտեղ որ աշխատանք կլինի: Վերադառնան՝ ինչո՞վ ապրեն… Այստեղ մի քիչ ապահով կարող են համարվել զինվորականները»:

Իսկ քաղաքապետից գոհ է. «Եթե դիմում ես, ինչով կարողանում, օգնում է, բոլորս էլ գիտենք, որ բյուջեում այդքան հնարավորություն չկա: Հիմա ողջ Հայաստանում է այդպես. մարդիկ ինչքան կարողանում, անում են, իսկ քաղաքն ամեն օր մաքրվում է, տեսեք նաեւ` ինչ գեղեցիկ այգի են սարքում»:

Կրպակում ծաղկի վաճառքով զբաղվող տարիքով մի տղամարդ հանում եւ ցույց է տալիս պարտատերերի ցուցակով տետրը. նույնիսկ նման առեւտուրն իր համաքաղաքացիները պարտքով են կատարում. «Մարդկանց ընդառաջում ենք, բա ի՞նչ անենք…»: Մեր այս զրուցակիցը եւս Սիսիանի համար մեկ ցավոտ հարցը աշխատատեղերի բացակայությունն է համարում. «Տեղ չկա աշխատելու, շատերը պարապ ման են գալիս… Երիտասարդության մեծ մասն այստեղ չէ: Հենց իմ որդին, մանկավարժ է, Սիբիր է գնացել… Շատ են նման ընտանիքները: Իսկ այստեղ մնացածներն էլ որը հող ունի, որը չունի… Յոլա են գնում, այս տարի էլ ոչ խնձոր կար, ոչ` պոպոկ...»: Ծաղկավաճառը բողոքում է քաղաքի քանդված ճանապարհներից, գոհ է սակայն, որ քաղաքապետը համայնքում լուսավորության եւ աղբահանության գործը կազմակերպում է: Քաղաքականության մասին հարցերին չի ուզում պատասխանել. «Քաղաքական գործիչ չեմ, ոչ էլ մասնակցում եմ նման բաների… Երկրի իշխանությունը չգիտի՞ ինչ է կատարվում: Իմ ասելով չի…»: Խոսելով հենց իր օրինակով մանր ու միջին բիզնեսն այստեղ զարգացնելու մասին` մեր զրուցակիցն ասում է, որ գումար ու ներդրումներ են պետք դրա համար, իսկ այսպես, այն էլ ոչ կանխիկ առեւտրով, իրենք հազիվ օրվա հացի հոգս են հոգում:

Նույնկերպ պարտքի տետրն է ցույց տալիս մրգի ու բանջարեղենի առեւտուր անող հիսունն անց մի կին: «Կյանք կա՞ այստեղ, – ինքն իր հերթին հարց է ուղղում, – կյանքը մեռած է, շատ վատ է ապրում սիսիանցին. ո՛չ գործարան կա, ո՛չ այլ աշխատատեղ, մարդիկ ճռռում են վարկերի տակ: Ա՜յ, իրենց նայիր (ցույց է տալիս կողքի չգործող շատրվանների տարածքում խումբ-խումբ հավաքված ու թղթախաղով զբաղված տղամարդկանց)»: Ասում է, որ այդ ժամի դրությամբ (կեսօր էր) դեռ ոչ մի դրամի առեւտուր չի արել, իսկ պարտքով տված ապրանքի գումարներն էլ մեծ դժվարությամբ է հավաքում. «Ժողովուրդը վճարունակ չէ, չի կարողանում տալ գոնե իր կերածի գումարը»: Նա բողոքում է նաեւ ճանապարհներից, թե՛ քաղաքի ներսի, թե՛ Սիսիանը գյուղերին կապող: Դժգոհում է նաեւ, որ քաղաքը գյուղերին կապող տրանսպորտ չկա, իսկ քանի որ ճանապարհները վատ են, մասնավոր տրանսպորտի տերերը խուսափում են երթեւեկել. «Ճանապարհի փոսերում անձրեւաջրեր են հավաքվում, անցնող վարորդն էլ լրիվ ցեխաջրով է ողողում…»:

Խոսելով արտագաղթից՝ երիտասարդ մի կին տագնապ է հնչեցնում նույնիսկ ժողովրդագրական խնդրի մասին. «Ոչ մեկն իր ապագան Սիսիանում չի տեսնում, մանավանդ` երիտասարդները: Մի չնչին շանս ունենալիս՝ ամեն ինչ թողնում-հեռանում են: Թող քաղաքում այնպիսի մի ձեռնարկություն հիմնեն, որ գոնե երիտասարդները մնան այստեղ, աշխատեն: Նույնիսկ արդեն տղաներ չկան, որ աղջիկներն ամուսնանան, շատերը դրսում են»:

Նրա պատմելով` վերադառնալ չեն ուզում նաեւ մայրաքաղաքի բուհերում ուսանելու մեկնած սիսիանցիները: «Ձգտում են աշխատանք գտնել այնտեղ, այստեղ վաստակածդ իսկի ամսվա ծախսած գազի գումարը չէ»: Իսկ ցուրտ այս սեզոնում, նրա ասելով, էլէներգիայի ու գազի թանկացումից հետո մարդիկ նույնիսկ ժամանակակից վերանորոգված բնակարաններում սկսել են նորից փայտի վառարաններից օգտվել:

Խոսելով սիսիանյան աշխատաշուկայի նորություններից` մեր զրուցակիցը նշում է, որ ավելացել է միայն վերաբացված տրիկոտաժի ֆաբրիկան, իսկ այնտեղ էլ 40-ն անց կանայք են աշխատում. «Էլի երիտասարդներ չկան, բնականաբար, նման աշխատանքի փորձ ունեցողների են ընդունում, մյուս կողմից էլ, ասենք, համալսարան ավարտած աղջիկը չի գնա կար անի»: Մշակութային կյանքի, ժամանցի վայրերի մասին խոսելիս այս կինը գլուխն է տարուբերում, ասում է՝ ընտանիքի հետ հանգիստն ու ժամանցը կազմակերպելու վայրեր չկան. «Իսկ երեխաների համար ժամանցի վայր կար, բայց այնքան շատ են հարկային պարտավորությունները, որ փոքր քաղաքում նման բիզնես չես կարող զարգացնել, ցավոք, փակվեց…»:

Քաղաքի կենտրոնական վայրերից մեկում հավաքված պապիկները, իրենց ապրուստից խոսելիս, կատակում են. «Ի՞նչ ասենք. եթե ասենք լավ չենք ապրում, մենք մեզ «ծախում ենք», եթե ասենք լավ ենք ապրում, դա ճիշտ չի…»: Իսկ նրանց հուզողը նախեւառաջ ոչ թե համասիսիանյան, այլ զուտ իրենց անձնական սոցիալական խնդիրներն են՝ համատարած թանկացումների ֆոնին թոշակների բարձրացում են ուզում: «Ցուրտ է, չգիտենք էլ տունն ինչպես տաքացնենք», – ասում է պապիկներից մեկը: Իսկ Ռուսաստանում բնակվող ջահելները, ասում է, իբր կարողանո՞ւմ են իրենց պահել, որ այստեղի մեծահասակներին էլ օգնեն: Ու այդ պահին որպես օրինակ մոտ է կանչում հեռվում կանգնած իր հարեւանի որդուն, թե՝ Ռուսաստանից է եկել, խոսեցրու: Երիտասարդն ասում է, որ աշխատում է Ռուսաստանում, ժամանակավոր է եկել, էլի պիտի գնա: Այնքան էլ գոհ չէ նման կյանքից, եւ եթե կարողանար այստեղ աշխատանք գտնել, չէր մեկնի:

«Քաղաքում վիճակ չկա, քանդված է, հույս էլ չունենք, թե մի բան կփոխվի, մենք հույս ունեցել ենք 1975-85 թվականներին», – ասում է մեկ այլ պապիկ, որը քաղաքականության մասին հարցին չի պատասխանում, ասում է՝ վախենում ենք:

Ի դեպ, կանգառներից մեկի մոտով անցնելիս եւ տեւական ժամանակ անց վերադառնալիս նկատեցինք, որ նույն մարդիկ դեռ կանգնած են այդտեղ: «Եթե մի քանի րոպե նստեք այստեղ, կհասկանաք մեր հոգսերը, - փոխանցեց միջին տարիքի մի կին,- ի՞նչ կա այստեղ, մի մեծ հետամնաց գյուղ է»: Տրանսպորտի սպասող երիտասարդ մի կին էլ բողոքեց, որ ողջ քաղաքում մեկ միկրոավտոբուս է աշխատում, որը հստակ գրաֆիկ չունի, եւ իրենք կանգառում սպասում են` չգիտեն, թե դեռ ինչքան…

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25