Նոր տարվանից նոր փոփոխություններ կլինեն կենսաթոշակների և նպաստների վճարման ոլորտում։ 2027 թ․ հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ։ Դա, ինչպես ասում են, ոչնչից չի ստեղծվել։ Փոփոխություններ են կատարվել թաղման նպաստի տրամադրման համակարգում։ Ինչպես հայտնի է, թոշակառուի մահվան յուրաքանչյուր դեպքի ժամանակ ընտանիքը միանվագ պետությունից ստանում էր 200 հազար դրամ՝ որպես թաղման նպաստ։ Գործող կարգով՝ թաղման նպաստ էր հատկացվում այն անձին, ով կազմակերպում էր կենսաթոշակառուի, ինչպես նաև անապահովության համակարգում հաշվառված անդամի հուղարկավորությունը։ Նոր կարգավորումներով՝ առաջարկվում է նպաստ տրամադրել այն անձին, ով կազմակերպել է միայն անապահովության համակարգում հաշվառված անձի հուղարկավորությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում խնդրո առարկայի առնչությամբ ասել է․ «Մենք ծրագիր ունենք, որն այդքան նպաստավոր չէ։ Թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, որոշեցինք իրականացնել միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք կոմպենսացման պրոցեսը»։ Այսինքն՝ պետությունը մի ձեռքով տալիս է, մյուսով՝ վերցնում։ Մի դեպքում՝ մի փոքր ավելացնում է ողջերի ամսական եկամուտը (ընդամենը 1000 դրամ), մյուս դեպքում սահմանափակում այն օգնությունը, որ ընտանիքներին տրվում է մահվան պահին առաջացած ծախսերը հոգալու համար։ Կառավարությունում նստած այդ նորարարության հեղինակներին ուզում ես հարցնել, չե՞ն ցանկանում իրենց ծառայողական մեքենաների բենզինի բյուջեն բաշխել և թոշակներն ավելացնել։ Այլևս չենք խոսում պաշտոնյաների գործուղումների և պարգևավճարների գումարների մասին։
Այս ամենն իմանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվությունից։ Այժմ այդ գերատեսչությունը կոչվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Բարեկեցությունը երևի այն է, որ 1000 դրամով ավելացնում են կենսաթոշակը։ Թե դրանով ի՞նչ հարց կարելի է լուծել, թողնում ենք բարձրացնողների խղճին։ 1000 դրամով սոցիալապես անապահովը հա՞ց գնի, թե՞ դեղորայք, կոմունալ ծախսե՞րը հոգա, թե՞ առաջին անհրաժեշտության որևէ ապրանք ձեռք բերի․․․
Վերջին ժամանակներս մարդիկ սոցիալական ապահովության առումով լուրջ հարվածներ են ստանում։ Բենզինի և մյուս վառելիքների (հեղուկ գազ, դիզվառելիք) թանկացումից հետո, որ շղթայական ռեակցիա առաջացրեց առաջին անհրաժեշտության ապրանքների գների առումով, խոսում են գազի թանկացման շուրջ։ Մամուլի տվյալներով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կամ կասեցման սցենարի դեպքում բնական գազի հազար խորանարդ մետրի գինը կարող է շեշտակիորեն բարձրանալ՝ հասնելով մինչև 300 ԱՄՆ դոլարի՝ ներկայիս 177,5 դոլարի փոխարեն։ Սա նշանակում է կտրուկ՝ շուրջ 69 տոկոսանոց թանկացում՝ գործող արժեքի նկատմամբ։
Իսկ թե գազի գնի աճն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն ընտանիքների համար, որոնք մոտալուտ ձմռանն իրենց բնակարաններում անհրաժեշտ ջերմություն են ապահովում կապույտ վառելիքով, դժվար չէ պատկերացնել։
Վահրամ Օրբելյան
Նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով