Սուբյեկտի՞վ, թե՞ օբյեկտիվ պատճառաբանությամբ են ազատում աշխատանքից կենսաթոշակառուներին

22.09.2015 15:08
3203

Ինչպես ամեն նոր տարվա սկզբին, այնպես էլ նոր ուսումնական տարվա շեմին հանրությանը հուզող առաջնային հարցերից է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքից ազատումը, որ ոչ միանշանակ վերաբերմունքի է արժանանում: Առաջին հայացքից թվում է, թե օրինաչափ է սերնդափոխությունը, եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշվում է. «Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել…. տարիքը, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը ձեռք է բերել ծերության կենսաթոշակ ստանալու իրավունք կամ ստանում է այդ կենսաթոշակը»:

Բայց մյուս կողմից էլ այս կետը կարելի է հակասահմանադրական համարել. ՀՀ սահմանադրության 14.1-րդ հոդվածի 2-րդ մասը, ի թիվս այլ հիմքերի, սահմանում է խտրականության արգելք՝ կախված տարիքից: ՀՀ սահմանադրության 32-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է աշխատանքի ընտրության ազատություն, որը չի կարող սահմանափակվել ՀՀ սահմանադրության 43 եւ 44-րդ հոդվածներով սահմանված հիմքերով: Հետեւաբար, «….աշխատանք ընտրելու ազատությունը պետք է բոլորի համար երաշխավորված լինի անկախ տարիքային սահմանափակումից: Կենսաբանական այնպիսի գործոնը, ինչպիսին մարդու տարիքն է, որն ինքնին միանշանակ չի կարող ներգործել տվյալ անձի աշխատունակության եւ մասնագիտական գիտելիքների ու հմտությունների վրա, ըստ դիմող կողմի, չի կարող դիտարկվել որպես աշխատանքից ազատելու հիմք, մինչդեռ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն աշխատողի սոսկ տարիքին հաղորդում է աշխատանքը շարունակելու հնարավորությունը վերագնահատելու չափանիշի որակ, որն անընդունելի է, քանի որ բացառում է աշխատանքային հարաբերություններն անհատապես՝ կոնկրետ դեպքում կանոնակարգելու հնարավորությունը՝ պայմանավորելով այն ոչ թե աշխատողի աշխատունակությամբ եւ մասնագիտական հմտություններով, այլ միայն նրա տարիքով: Աշխատունակությունը կարող է նվազել նաեւ տարիքային գործոնից անկախ», - նշված է ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ. հոկտեմբերի 11-ի որոշման մեջ՝ կայացված ՀՀ կառավարության դիմումի հիման վրա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի եւ 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: 

Վերոնշյալ որոշման մեջ անդրադառնալով կենսաթոշակային տարիքի հասած անձանց հետ աշխատանքային հարաբերությունների կարգավորման (հաստատման, դադարման) միջազգային փորձին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունված միջազգային ակտերի, ինչպես նաեւ բազմաթիվ երկրների ներպետական օրենսդրության համաձայն աշխատողի հետ հաստատված աշխատանքային հարաբերությունները չպետք է դադարեցվեն, եթե դրա համար առկա չէ աշխատողի ունակությունների կամ վարքագծի հետ կապված, ինչպես նաեւ ծառայության կամ գործունեության գործառնական պահանջների վրա հիմնված իրավաչափ պատճառ: Նման վիճակներից խուսափելու հիմնական նախադրյալն աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված հարաբերությունների հստակ իրավական կարգավորումն է: Վերջինս պահանջում է տարբերակել այդ հարաբերությունների բնույթն ու աշխատողի իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովումը մինչեւ կենսաթոշակային տարիքի հասնելը եւ դրանց բնույթն ու առանձնահատկությունները կենսաթոշակային տարիքում: Բազմաթիվ երկրների աշխատանքային օրենսգրքերում կամ տվյալ իրավահարաբերությունները կանոնակարգող այլ ակտերում (Բուլղարիա, հոդվ. 72, Ֆինլանդիա, Աշխատանքային պայմանագրերի մասին ակտի բաժին 1/Ա(1030/2004), Խորվաթիա, հոդվ. 110, Հունգարիա, հոդվ. 87Ա, 89, Մակեդոնիա, հոդվ. 108, Ռումինիա, հոդվ. 56, Սերբիա, հոդվ. 175, Շվեդիա, Աշխատանքային իրավունքների պաշտպանության մասին ակտի բաժին 5Ա եւ այլն) հստակ սահմանվում է, որ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրից բխող իրավահարաբերությունները վերաբերում են մինչկենսաթոշակային տարիքին: Այս շրջանակներում է նաեւ դիտարկվում տարիքի հետ կապված խտրականության դրսեւորման անթույլատրելիությունը: Օրինակ` Ռուսաստանի Դաշնության աշխատանքային օրենսգրքի 59-րդ հոդվածը նախատեսում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման 20-ից ավելի հնարավոր իրավիճակներ, որոնց թվում շեշտվում է, որ կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:

Վեճի առարկա նորմերի առնչությամբ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ տարբեր երկրների օրենսդրական ու իրավակիրառական փորձի ընդհանրացման արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը հանգում է հետեւյալին.

- մինչկենսաթոշակային տարիքում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքումը բացառության դրսեւորում է եւ պայմանավորված է աշխատանքի բնույթի որոշ առանձնահատկություններով, ինչը պետք է օրենքով առավել հստակ նախատեսված լինի եւ չթողնվի գործատուի սուբյեկտիվ հայեցողությանը,

- մինչկենսաթոշակային տարիքում կնքվող աշխատանքային պայմանագրի հիմնական ձեւն անորոշ ժամկետով պայմանագիրն է, որի գործողության դադարման հիմքերն ու կարգը պետք է նախատեսվեն օրենքով եւ որոշվեն իրավունքի ուժով, իսկ դադարեցումը պետք է պայմանավորված լինի միայն իրավաչափ պատճառներով, ինչը, իր հերթին, հստակ պետք է նախատեսվի օրենքով,

- կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո անձի հետ աշխատանքային իրավապայմանագրային հարաբերությունների կարգավորման բնույթը եւ պայմանները փոխվում են: Եթե մինչկենսաթոշակային տարիքում ելակետն աշխատանքի ընտրության ազատության սկզբունքի երաշխավորումն է, ապա կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կարեւորվում են անձի սոցիալական ապահովության խնդրի լուծումը եւ որոշակի ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրով աշխատելու հնարավորությունը:

Այստեղ հարկավոր է ուշադրություն դարձնել մեզանում լայնորեն տարածում գտած մի երեւույթի վրա. մեր երկրի գործատուների մեծ մասը մինչկենսաթոշակային տարիքի անձանց հետ նույնպես կնքում է որոշակի ժամկետով պայմանագիր:

Ինքնանպատակ չենք համարում նշված հատվածից մեջբերում անելը, քանի որ հաճախ մեզանում աշխատանքից ազատման օրինական պատճառ է հանդիսանում միայն տարիքը, որը, ինչպես արդեն նշեցինք, հակասահմանադրական է: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ փորձեցինք անդրադառնալ հատկապես Գորիսի եւ Կապանի քաղաքապետարանների ենթակայության հիմնարկների կենսաթոշակային տարիքի հասած անձանց աշխատանքից ազատելու դեպքերին: Մասնավորապես Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը նշեց. «Մենք քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում աշխատող կենսաթոշակառուներին այսպես ասած բարի ճանապարհ ենք մաղթել՝ փոխարենը ընդունելով երիտասարդ մասնագետների: Իմ նախընտրական ծրագրի կետերից մեկն էլ կադրերի երիտասարդացումն էր: Քանի որ նոր աշխատատեղ չենք կարողանում բացել, նաեւ նման ճանապարհով ենք փորձում լուծել երիտասարդների զբաղվածության հարցը, որպեսզի նրանք չլքեն մեր հայրենիքը: Այն ընտանիքներում, որտեղ սոցիալական խնդիրներ կան, աշխատանքից ազատված կենսաթոշակառուների համապատասխան մասնագետ բարեկամներին կամ ընտանիքի անդամներին ենք ընդունել աշխատանքի»:

Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Շահնազարյանը այն հարցին, թե ինչպես են կարգավորվում հարաբերությունները կենսաթոշակի տարիքի հասած աշխատողների հետ, պատասխանեց, որ լինում են դեպքեր, երբ այդ մարդիկ իրենք են դիմում գործատուին աշխատանքից ազատվելու համար: Իսկ այն մասնագետների հետ, որոնց փոխարինողներ չկան, գործատուն կրկին որոշակի ժամկետով պայմանագիր է կնքում: «Քաղաքում մի շարք մասնագիտությունների գծով համապատասխան կադրեր չունենք, ես հորդորել եմ հիմնարկների տնօրեններին աստիճանաբար նոր կադրեր պատրաստել, իսկ աշխատանքի դիմող երիտասարդներին մշտապես ասում եմ, որ մասնագիտություն ընտրելիս պետք է հաշվի առնել տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջարկը», - նշում է Ն.Շահնազարյանը եւ հավելում, որ դեպքեր են լինում, որ գործատուն ինքն է խնդրում համապատասխան մասնագետ ուղարկել, բայց քաղաքապետարանի ռեզերվում նման մասնագետ չի լինում:

Ն.Շահնազարյանն արձանագրեց նաեւ այն փաստը, որ հաճախ ազատված աշխատակցի փոխարեն երիտասարդ կադրին առաջարկում են աշխատանք, բայց քանի որ համայնքային բյուջեով վարձատրությունը բավականին ցածր է, նրանք հրաժարվում են աշխատել՝ նախընտրելով ավելի բարձր վարձատրությամբ աշխատանք, որ, ի դեպ, գտնելը մեր տարածաշրջանում այնքան էլ հեշտ չէ:

Շատ-շատերն այսօր բախվում են զուտ ազգային հոգեկերտվածքին բնորոշ, ցավոք, դեռեւս մեզանում գերակայող փաստի. հաճախ կենսաթոշակային տարիքի հասած անձնավորությանը, որ ղեկավարի կամ մեկ ուրիշ պաշտոնատար անձի ծանոթ-բարեկամն է լինում  եւ հաճախ ի վիճակի չի լինում աշխատել, չեն ազատում աշխատանքից՝ անընդհատ երկարացնելով վերջինիս աշխատանքային պայմանագիրը:

Մենք այն կարծիքին ենք, որ օրենքի առաջ բոլորն են հավասար եւ չի կարելի նման ակնառու երեւույթներ թույլ տալ:

Ինչ վերաբերում է աշխատունակությանը, ապա մեր օրերում երիտասարդները շատ հաճախ ոչ միայն իրենց գիտելիքներով, այլեւ առհասարակ աշխատանքային պարտականությունները կատարելիս զգալիորեն զիջում են կենսաթոշակառուներին:

Մեկ կարեւոր նկատառում եւս. հանրակրթական եւ արվեստի դպրոցներում աշխատող արդեն կենսաթոշակառու մանկավարժներին ուղղակիորեն չեն ազատում աշխատանքից, պարզապես նրանց ժամաքանակով չեն ապահովում կամ կրճատում են, որն ինքնաբերաբար հանգեցնում է աշխատանքից ազատման…

Ինչեւէ, այս թեմային մենք դեռ կանդրադառնանք հանրակրթական ուսումնական հաստատություններում տիրող իրավիճակին լիարժեք ծանոթանալուց հետո միայն:

Հ.Գ. Հարգելի՛ գործատուներ, կենսաթոշակառուներին աշխատանքից ազատելը կատարեք այնպես, որ մարդիկ չզղջան այսքան տարիներ ներդրած իրենց ավանդի համար:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10