Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է

19.08.2020 16:00
7983

Սյունիքի մարզի Տոլորս գյուղում, բացի հողագործությունից, անասնապահությունից ու պայմանագրային զինծառայությունից այլ զբաղմունք և եկամտի աղբյուր չկա։ Գյուղի դպրոցականներից մեկը չի նստել թախտին ու սպասում է բախտին, այլ գործն իր ձեռքն է վերցրել։

17-ամյա Սեյրանը երազում է ռազմական օդաչու դառնալ։ Առայժմ ավագ դպրոցի 12-րդ դասարանում է սովորում և հարազատ գյուղը՝ Տոլորսը, զարգացնելու ծրագրեր կազմում։ Տոլորսեցիները հիմնականում հող են մշակում, անասուն պահում։ Այլ աշխատանք չկա, երիտասարդներն էլ, ծնողներին օգնելուց բացի, այլ անելիք չունեն, մեկ էլ՝ պայմանագրային զինծառայողներ են։ Մոտ մեկ տարի առաջ Սեյրան Հակոբջանյանը սեփական նախաձեռնությամբ Facebook-ում «Տոլորս Լրահոս» էջը ստեղծեց ու վարում է։ Ասում է՝ տարբեր քաղաքներ ու գյուղեր կարողանում են սոցցանցերում իրենց ունեցածը, երբեմն նույնիսկ չունեցածը լավ ներկայացնել, զբոսաշրջիկին գրավել, իսկ իրենք՝ ոչ։

Այդպես պատանին սկսեց իր վարած էջում պատմել Տոլորսի տեսարժան վայրերի և առաջնահերթ՝ ջրասույզ եղած Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մասին։

Մարքետինգի մասին պատկերացում չունեցող դպրոցականը, 6-րդ զգայարանով առաջնորդվելով, սկսեց նամակներ գրել նաև տարբեր զբոսաշրջային ընկերությունների, կապ հաստատեց լուսանկարիչների, բլոգերների հետ։ Սկզբում թերահավատ էին, բայց Սեյրանը չէր հանձնվում։ Ի վերջո, նրան հաջողվեց պայմանավորվածություններ ձեռքբերել, այս ամիս մի քանի խումբ զբոսաշրջիկների է դիմավորելու։ Մեր ստեղծագործական թիմի այցելության օրը Սեյրանն ու ընկերը՝ Զորիկը, իրենց առաջին խմբին էին հյուրընկալել։ Փոքրիկ նավակներով զբոսաշրջիկներին նաև եկեղեցու մոտ ուղեկցեցին։

«Բլից քլիք եղավ, անսպասելի էր այս խմբի այցը, միանգամից չկողմնորոշեցի, որ կարող եմ զբոսաշրջային մի ամբողջ ծրագիր կազմել ու առաջարկել։ Բայց մեր կողմերում շատ տեսնելու բան կա՝ Սառցե քարանձավ ունենք, Թթու ջուր և այլն»,- ամեն հաջորդ նախադասությամբ մեզ իր մտքի հասունությամբ ավելի է զարմացնում Սեյրանը։

Խոստանում են՝ երբ գործերը լավ լինեն, զբոսաշրջիկներն ավելանան, նոր նավակներ ձեռք կբերեն։ Նաև արդեն անվտանգության բաճկոնների մասին են մտածում։ Առաջիկա խմբերին ոչ միայն «խեղդվող» եկեղեցին են ցույց տալու, այլև գյուղի անտառներում ու բարձունքներում թաքնված այլ տեսարժան վայրեր են առաջնորդելու։ Փոքրիկ հաջողությամբ ոգևորված՝ Սեյրանն արդեն գյուղում զբոսաշրջությունը զարգացնելու մասին է մտածում։ Դպրոցական տղան բիզնես ծրագիր է կազմել, առաջին մեծ քայլի համար մոտ 1,5 միլիոն դրամ է պետք՝ ջրամբարի հարևանությամբ շարժական վագոն-տնակներ տեղադրելու և զբոսաշրջիկների գիշերակացի հարցն էլ լուծելու համար։

«Մարդիկ հիմնականում դաշտ են մշակում ու համարյա եկամուտ չեն ստանում։ Օրինակ` այս տարի երաշտի պատճառով մարդիկ մինուսով են դուրս գալու, գոնե մի զբաղմունք լինի, զբաղվեն, աշխատեն»,- մեծի նման ասում է Սեյրանը։ Փորձել է գյուղացիներից մի քանիսի հետ խոսել, առաջարկել՝ իրենց տները նաև որպես հյուրատուն օգտագործել, բայց գյուղացիները չեն համաձայնել։ Նոր բան է, սովոր չեն, ժամանակ է պետք։ Վստահ է, որ դրան էլ են հասնելու։ Իր ապագան Տոլորսի հետ է կապում, ամեն ինչ անելու է գյուղը զարգացնելու և զբոսաշրջային գրավչությունները գովազդելու համար։

Սեյրանենց անմիջապես տան առջև գյուղի գերեզմանոցն է։ Այստեղ շրջելով՝ իրականում շատ բան կարելի է իմանալ գյուղի պատմության ու գյուղացիների սովորույթների մասին։ Մեր ուշադրությունը գրավեցին խաչքարերի ու տարբեր պատկերներով քարերի մոտ կոտրված մեծ թվով ապակե շշերը։ Պարզվում է՝ գյուղում հնուց եկած սնոտիապաշտական հավատալիքներ ու սովորույթներ կան, դրանցից մեկը «վախը բռնելու կամ չափելու» հետ է կապվում։ Վախը վանելու, մարդու միջից հանելու, ինչպես ժողովուրդն է ասում, բռնելու համար կարևոր ծեսերից մեկը գերեզմանատան խաչքարի մոտ ապակի կոտրելն է։ Խաչքարերից մեկի մոտ հանդիպեցինք տոլորսեցի Վանուշ Հայրապետյանին։

Նա միանգամից շտապեց մեզ առաջնորդել գերեզմանատան հակառակ կողմը։ Այստեղ խաչքարերի փոխարեն հետաքրքիր , ռազմի տեսարան հիշեցնող պատկերներով քար էր կանգնեցված։ Պնդում է՝ վախը ոչ թե խաչքարի մոտ են բռնում, այլ հենց այս քարի։ Ինքը լավ գիտի, որովհետև սրանից մոտ 55 տարի առաջ իր վախը հենց այստեղ են բռնել։ Շնից վախեցել էր, 5-րդ դասարանում 20 կգ էր կշռում, երբ իրեն այս քարի մոտ բերեցին։ Այսօրվա պես հիշում է ծեսի ամբողջ հերթականությունը։

 

Ափսոսանքով է հիշում այն տարիները, երբ մինչև ջրամբար կառուցելը գյուղը ներքևում էր։ Այստեղ՝ վերևում, ամառ-ձմեռ ուժեղ քամիներն են շրջում, ներքևում այդպես չէր։ Հողատարածքները քիչ էին, բայց ավելի շատ բերք էին ստանում, քան՝ հիմա։ Հպարտությամբ ասում է՝ սովի տարիներին Տոլորսի կարտոֆիլն է պահել ոչ միայն իրենց, այլև շրջակա բնակավայրերը։

Իսկ, օրինակ, այս տարին բարենպաստ չես անվանի։ Երաշտը տարվա սպասումներն ի չիք դարձրեց։

Համայնքների խոշորացման արդյունքում Տոլորսը Սիսիանին է միացել։ Գյուղում ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց այստեղ գյուղացիները սյունյաց լեռների նման ամուր են, բողոքել չեն սիրում։ Գյուղը մոտ 450 բնակիչ ունի։ Թեպետ խորհրդային տարիներին 120 երեխայի հաշվարկով կառուցված դպրոցում հիմա ընդամենը 40-ից մի քիչ ավելի երեխա է սովորում, բայց ուրախությամբ արձանագրում են՝ տարեկան 12-13 ծնունդ են ունենում։ Հիմա մեծ հույսեր են կապում ջրամբարի ու արդեն կես դար այնտեղ ապրող եկեղեցու հետ։ Հավատում են՝ եթե եկեղեցու մասին շատերն իմանան, ապա սյունյաց ոլորաններն ավելի մեծ թվով զբոսաշրջիկների իրենց գյուղ կբերեն...

armeniasputnik.am

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11