Զանգեզուրի միջանցք կոչվածը, իրականանալու դեպքում, կլինի ակտիվ ռումբ, որ ամեն պահի կարող է պայթեցնել մեր պետականությունը

08.02.2023 17:15
7808

Սյունիքի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական կացությունը, ընթացող զարգացումները, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները շարունակում են մտահոգել սյունեցիներիս:

Իրավիճակը քննարկելու և մի շարք հարցեր պարզաբանելու համար զրույցի հրավիրեցինք Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թյուրքագիտության ճանաչված մասնագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանին:

- Պարոն Մելքոնյան, նախ՝ շնորհակալություն՝ հարցազրույցի մեր առաջարկին դրականորեն արձագանքելու համար:

- Ձեզ եմ շնորհակալ:

- Զրույցը սկսենք Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հանդեպ մեր իշխանությունների արձագանքը գնահատելով:

- Ընդհանրապես դիվանագիտական արարողակարգում ընդունված է, որ հարևան պետությունները կամ ոչ հարևան, տարբեր առիթներով՝ կլինի ուրախ, տոնական, թե ողբերգական, իրենց վերաբերմունքն են դրսևորում որոշ ստանդարտ ձևերով՝ ցավակցություն, շնորհավորանք և այլն: Բայց միևնույն ժամանակ կան քաղաքական խնդիրներ, որոնք անտեսել հնարավոր չէ, և թշնամական պետությունները կամ այն պետությունները, որոնք վարում են ոչ բարեկամական քաղաքականություն, չեն կարող նույն վերաբերմունքին արժանանալ: Այնպես որ՝ Հայաստանի իշխանությունների արձագանքը Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությանը… Իրենք կարող են դա գնահատել որպես դիվանագիտական արարողակարգով սահմանված քայլ, բայց և՛ նախագահի, և՛ վարչապետի, և՛ Ազգային ժողովի նախագահի արձագանքները, կարծում եմ, կարող էին լինել շատ ավելի զուսպ: Չմոռանանք՝ Թուրքիան այն երկիրն է, որը 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հետ հավասար մասնակցել է մարտական գործողություններին, թուրք գեներալներն են ղեկավարել այդ պատերազմը, «Բայրաքթարները» ու թուրքական այլ զինատեսակները պատճառ են դարձել հազարավոր հայերի մահվան, և վերքը դեռ շատ թարմ է, կան հերոսների մասունքներ՝ դեռևս հողին չհանձնված: Լաչինի միջանցքի փակվելը նույնպես Թուրքիայի ուղղակի մասնակցությամբ է իրականացվում: Եվ այդ ամենն անտեսել ու անմիջապես հանդես գալ հայտարարություններով, ցավակցական խոսքով… Կարծում եմ, այնուամենայնիվ, այդ ամենը սրբագրման կարիք ուներ: Դրանում տեսնում եմ շտապողականություն, ավելի զուսպ մոտեցումներ էին պետք: Չնայած հասկանալի է նաև, որ հարևան երկիր է, ու այս պարագայում Հայաստանի կողմից օգնության ցուցաբերումն ինչ-որ տեղ տրամաբանական է, որովհետև երկրաշարժերն այս տարածաշրջանում սովորական երևույթներ են, և տարբեր պետություններ կարող են բախվել դրան, բայց առաջնորդվել միայն դիվանագիտական արարողակարգով ընդունված ձևերով և անտեսել մնացածը, կարծում եմ՝ տրամաբանական չէ, ճիշտ չէ:

- 2020 թ. նոյեմբերի 9-ից և մասնավորապես այդ տարվա դեկտեմբերի 18-ից հետո, երբ մեր առաջապահ զորքերը հետ քաշվեցին զբաղեցրած դիրքերից, Սյունիքի շուրջ ռազմաքաղաքական նոր և վտանգավոր իրավիճակ ստեղծվեց:

Սակայն սյունիքյան մտահոգություններին անդրադառնալուց առաջ կուզենայինք նախ քննարկել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վիճակը՝ նկատի ունենալով դարերով ապացուցված ճշմարտությունը՝ Սյունիքի լինելիությունը պայմանավորված է Արցախով, և՝ ընդհակառակը:

Եվ ուրեմն՝ ինչպե՞ս եք պատկերացնում միջանցքի վերաբացումն ու խնդրի լուծումը:

Այո, պատճառները հանրահայտ են, այս դեպքում դրանց չարժե կրկին անդրադառնալ, մեզ խնդրի լուծման տարբերակներն են հետաքրքրում:

- Բնականաբար, Լաչինի միջանցքը փակելը և փակ պահելը՝ պատերազմական գործողության շարունակություն է, որը տեղի է ունենում (այս պարագայում) կեղծ բնապահպանների կամ իրականում ահաբեկիչների մասնակցությամբ: Այսինքն` դա ցույց է տալիս, որ պատերազմը ավարտված չէ:

Երկրորդ փաստը՝ Ադրբեջանի հետ հնարավոր չէ երկարաժամկետ կտրվածքով պայմանավորվածություններ ունենալ, որովհետև Ադրբեջանը մի պետություն է, որը դուրս է քաղաքակրթության, քաղաքականության, դիվանագիտական տարատեսակ ընդունված միջազգային նորմերից ու երբևէ չի հետևել դրանց: Ադրբեջանն իրոք ցեղասպան պետություն է և 21-րդ դարում շարունակում է մահապատիժներ իրականացնել: Դրանց ապացույցները բազմաթիվ են և բոլորին են հայտնի: Այսինքն՝ դա նաև հստակ պատասխան է հանրապետության իշխանությունների քարոզած խաղաղության կոնցեպտին. Ադրբեջանի հետ զիջումերով, խնդրանքներով հնարավոր չէ հասնել խաղաղության, որովհետև այդ պետության մտածողությունն է ուրիշ, ինչի մասին մասնագետները շարունակ բարձրաձայնում են:

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքը բացելուն… Տեսեք, հիմա աշխարհակարգը փոխվում է, փլուզվում են բոլոր գրված ու չգրված օրենքները: Եվ տեսնում ենք՝ գրեթե ամբողջ աշխարհը՝ սկսած ԱՄՆ-ից և տարբեր միջազգային կառույցներից, արձագանքում են, պահանջում են, բայց որևէ փոփոխություն չկա Լաչինի միջանցքում, ու Ադրբեջանը նույնիսկ հարկ չի համարում հավուր պատշաճի արձագանքել այդ պահանջներին: Դա ցույց է տալիս, որ աշխարհում նոր իրողություններ են, ու թղթե շերեփի տրամաբանությամբ, խնդրողի դերով որևէ հաջողության չենք կարողանալու հասնել:

Միջանցքի բացման ուղիները երկուսն են՝ դիվանագիտական և ռազմական:

Ռազմականն այս պահին Հայաստանն ի վիճակի չէ իրականացնել, որովհետև զրկվել ենք գործոն լինելու, նաև ռազմական գործոն լինելու մեր բացառիկ հնարավորությունից:

Մնում է դիվանագիտական ճանապարհը, բայց ոչ թե այն ուղիով կամ ոճով, որ իշխանություններն են իրականացնում, այլ կոնկրետ ճնշումների, կոնկրետ պատժամիջոցների միջոցով: Իսկ դրա համար պետք է աշխարհի գերտերությունների, ուժային կենտրոնների շահերը համընկնեն մեր շահերին: Դրա հնարավորությունները շատ քիչ են, բայց կան: Մինչդեռ այն քաղաքականությունը, որ իրականացվում է ներկայումս՝ դաշնակիցների հետ հարաբերությունների փչացում և այլն, հույս չի ներշնչում:

Ու նաև մի հռետորական հարց, որը միևնույն ժամանակ հնարավորության որոշակի սեգմենտ է իր մեջ պարունակում. ակնհայտ է, որ Լաչինի միջանցքը փակած պետություններից մեկը Թուրքիան է: Եվ եթե իշխանությունները Թուրքիայի հետ կարողանում են շփվել ու եթե հայտարարում են, թե իբր հատուկ բանագնացների հանդիպումները տալիս են արդյունքներ, ապա ամենակարճ ուղին Թուրքիայի հետ բանակցելն է և նրա միջոցով Լաչինի միջանցքը վերաբացելը:

Այսինքն` այն շնորհավորական ու ցավակցական հեռագրերը, որ միմյանց ուղարկում են հայ և թուրք պաշտոնյաները, իմիտացիա են: Իրականությունն այն է, որ եթե կա հնարավորություն, եթե կա շփում Թուրքիայի հետ, ապա դա կարելի է օգտագործել ահաբեկչական այդ երևույթը՝ Լաչինի միջանցքի խնդիրը լուծելու համար:

Լաչինի միջանցքի հարցը իշխանական պատգամավորներից շատերն արդեն փորձում են ներկայացնել յուրովի՝ իբր ոչ միայն Հայաստանի հարցը չէ, այլ նույնիսկ կարևոր չէ Հայաստանի համար: Վերջին սկանդալային հայտարարություններն Ազգային ժողովում, կարծում եմ, պատահական չէին… Բայց այդ մարդիկ մի շատ կարևոր բան չեն գիտակցում, որը գիտի ցանկացած սյունեցի՝ բնատուր իր մտածողությամբ՝ առանց Սյունիքի և առանց Արցախի չի կարող լինել Հայաստան պետությունը: Դա ուղղակի անհնար է. այդպես էր 100 տարի առաջ, երբ Գարեգին Նժդեհը մարտնչում էր Սյունիքի համար, բայց իրականում՝ Հայաստան պետության գոյության համար, այդպես է նաև հիմա: Այդ պարզ ճշմարտությունը չտեսնել՝ նշանակում է ոչինչ չհասկանալ ո՛չ պատմությունից, ո՛չ էլ ներկա աշխարհաքաղաքական իրողություններից:

- Տեղափոխվենք միջազգային իրավունքի տիրույթ...

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մի շարք սկզբունքային հարցերում չի գործում...

Հունվարի 16-ին (այս տարվա) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում ուղարկեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշման կատարումն Ադրբեջանի կողմից տապալելու վերաբերյալ:

Այնուհետև՝ Եվրախորհրդարանն է խստորեն դատապարտել Լաչինի միջանցքի շրջափակումն ու պահանջել անհապաղ վերականգնել տեղաշարժի ազատությունը:

Այնուհետև՝ բազմաթիվ այլ դատապարտող հայտարարություններ, պահանջներ՝ վերաբացելու միջանցքը:

Սակայն... Ոչ մի տեղաշարժ, Ադրբեջանի կողմից ոչ մի նահանջ:

Ավելին՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն օրերս հայտարարեց՝ Եվրամիությունն Ադրբեջանի դեմ սանկցիաներ  կիրառել չի դիտարկում:

Հիմա ի՞նչ, հավաքական արևմուտքից գործնական որևէ քայլ չսպասե՞նք, որևէ հույս չկապե՞նք Արևմուտք կոչվածի հետ:

- Մեր պատմությունը բավական հարուստ է խոստումների և իրականության բախումներով: Արևմուտքը մեզ խոստանում էր Սևրի պայմանագիր, խոստանում էր մեծ Հայաստան, բայց այդ նույն պահին Հայաստանում սով էր, Հայաստանը կանգնած էր թուրքական սպառնալիքի առաջ, դրա համար կարծում եմ՝ մենք վաղուց պետք է թոթափած լինեինք նման սին պատրանքներով առաջնորդվելու մոլորությունը, որ Արևմուտքը մեզ կօգնի, Մակրոնը կզանգի, և Լաչինի ճանապարհը կբացվի… Ես կարծում եմ՝ շատ ավելի իրատեսական ու միգուցե ոչ շատ պոպուլյար մեթոդներ կան տարատեսակ խնդիրներ լուծելու համար: Եվ այդ մեթոդներն ամենևին չեն նշանակում, որ պետք է շատ վատ հարաբերություն ունենանք Արևմուտքի հետ: Ուղղակի պետք է հասկանալ, թե արևմտյան պետությունների շահերն ինչքանով են համընկնում մեր շահերին ու որտեղ են համընկնում: Կոնկրետ այս պարագայում  ակնկալել, որ Ադրբեջանի հետ նավթի, գազի մեծ առևտրի մեջ գտնվող պետություններն այդ ամենը ստորադասելու են հումանիստական նպատակներին, ուղղակի միամտություն է: Այս պարագայում կարծել, թե Հայաստանի շահերը, որոնք շատ հստակ նույնական են Իրանի շահերի հետ, Արևմուտքի համար լինելու են կարևոր՝ միամտություն է: Չէ՞ որ Արևմուտքի համար հասկանալի է՝ այն, ինչ հիմա ձեռնտու է Հայաստանին և ձեռնտու է Իրանին, իր համար այնքան էլ ձեռնտու չէ, ու բնական է՝ Արևմուտքը պետք է նպաստի հակահայկական, ասել է թե՝ հակաիրանական և հակառուսական տարբեր քայլերին: Լաչինի միջանցքի փակ պահելը նաև դրա դրսևորումն է, հետևաբար՝ մենք պետք է որպես ազգ, որպես քաղաքական էլիտա, որպես հասարակություն հրաժարվենք նման մտածողությունից ու դրա նորօրյա դրսևորումներից: Տարատեսակ կայքերը մեզ համար ցանկալի, բայց իրականության հետ կապ չունեցող լուրեր են տարածում. մենք պետք է վերադառնանք իրատեսության դաշտ և փորձենք հասկանալ՝ ինչպես կարող ենք մեր կենսական խնդիրները լուծել, իսկ լուծելու բանալիները, հավաստիացնում եմ, կան, որովհետև քաղաքականությունը նաև հնարավորի արվեստ է, ու ճիշտ համագործակցությունն Իրանի հետ, Ռուսաստանի հետ, մեկ այլ ուժային կենտրոնի հետ՝ կարող են փոխել իրավիճակը: Եվ հակառակը՝ կույր հավատքն Արևմուտքի, արևմտյան բարեկամների նկատմամբ, կարծում եմ, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա արդարացված չէ: Ոչ թե մենք Արևմուտքին դեմ ենք և կողմ ենք միայն Ռուսաստանին, այլ կողմ ենք իրականությանը, իսկ իրականությունը հստակ նշում է, թե մեր փոքր երկրի շահերն ավելի շատ որ երկրների հետ են խաչվում: Կարո՞ղ ենք ասել՝ Ռուսաստանի շահերի հետ մեր շահերը 100 տոկոսով համընկնում են, իհարկե ոչ, բայց պետք է հասկանալ՝ երկրների հետ շահերի համընկնումն ինչքան տոկոսայնություն ունի, հետևաբար՝ Արևմուտքի շահերն այս պարագայում Հայաստանի կենսական շահերի հետ անհամեմատ ավելի քիչ են զուգահեռվում, քան այլ պետությունների: Ուստի և՝ որպես ռացիոնալ, պրագմատիկ քաղաքականության կրողներ, պետք է զարկ տանք այն համագործակցությանը, որը թույլ կտա լուծել մեր կենսական, պետական խնդիրները:

- Ռուսաստանի Դաշնությունը և Լաչինի միջանցքում ստեղծված վիճակը:

Ի՞նչ պետք է աներ կամ ի՞նչ պետք է անի ՌԴ խաղաղապահ ուժը, որ չի անում:

Եվ, իհարկե, կուզենայինք իմանալ՝ ի՞նչ մանդատով է (ի վերջո) օժտված ՌԴ խաղաղապահ ուժն Արցախում, նաև միջանցքում:

- Վերջից սկսենք. կարծում եմ՝ մանդատի հարցը որոշակիորեն վիճելի է, որովհետև վերջնական հստակեցումները, այնուամենայնիվ, արված չեն: Բայց կա հետևյալը՝ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովումը, այնուամենայնիվ, Ռուսաստանի խաղաղապահների գործառույթն է: Հիմա փաստորեն ստեղծվել է այնպիսի վիճակ, որ խաղաղապահները ոչ լիարժեք են իրականացնում իրենց գործառույթները: Բայց նաև հարցի մյուս կողմը կա՝ արդյո՞ք ունենք այլընտրանք: Այսինքն՝ երբ տարբեր քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ «հերոսաբար» վիրավորում, քննադատում են Ռուսաստանին կամ ռուս խաղաղապահներին, արդյո՞ք ներկայացնում են որևէ այլընտրանք, արդյո՞ք հիմա՝ բացի ռուս խաղաղապահներից, որևէ այլ ուժ, որևէ այլ պետություն կոնկրետ ինչ-որ քայլ ի վիճակի է անել կամ անում է: Հիմա, օրինակ, Ֆրանսիայի նախագահը կարողանո՞ւմ է ապահովել մինիմալ դեղորայք Ստեփանակերտի բնակիչներին, ոչ, այդ մինիմալ դեղորայքը, մինիմալ սնունդը և այլն կրկին ապահովում են ռուս խաղաղապահները՝ ուղղակի կամ անուղղակի: Հետևաբար՝ մեր  այս փոքր ճյուղը, բարակ ճյուղը, որի վրա Արցախի հայությունն է, կոտրել, սղոցել և չունենալ այլընտրանք, կարծում եմ՝ ոչ թե քաղաքական կարճատեսություն է, այլև մեծագույն արկածախնդրություն: Այսպիսին է մեր տարածաշրջանում իրավիճակը, և մենք ընտրություն չենք կատարում լավի ու ավելի լավի միջև, մենք ընտրություն ենք կատարում գոյություն ունենալու և գոյություն չունենալու միջև, հետևաբար՝ այս պահին գետնի վրա միայն ռուս խաղաղապահներն են, որ քայլեր են անում: Բավարա՞ր են արդյոք այդ քայլերը, իհարկե՝ ոչ:

Ակնհայտ է, որ ռուսների հեռացումը մեր տարածաշրջանից՝ շատ մեծ քաղաքականության մաս է, Արևմուտքից սնվող քաղաքականության մաս:

- Ձեր գնահատականը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ փետրվարի 2-ի հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես հետևյալ գնահատականին՝ «Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի յոթ շրջան...»:

- Լավրովի հայտարարությունը պետք է դիտարկենք առնվազն երեք հարթության մեջ. առաջին՝ դա դիվանագիտական տեքստ է, դիվանագիտական հայտարարություն, որն իր մեջ կարող է ունենալ կոշտ ձևակերպումներ, միևնույն ժամանակ՝ ենթատեքստեր: Տեսեք՝ Լավրովը հայտարարում է, թե Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի յոթ շրջանը, բայց ենթատեքստում առանձնացնում է Լեռնային Ղարաբաղի հարցը, այսինքն՝ նախկին ԼՂԻՄ-ը կամ Արցախի Հանրապետությունը չի մտնում այդ կոնտեքստի մեջ, այսինքն յոթ շրջաններն այլ խնդիր են, Արցախի Հանրապետությունը՝ այլ խնդիր: Սա այն պարագայում, երբ Ադրբեջանը պատերազմից հետո պահանջում է բոլորից, այդ թվում և Ռուսաստանից՝ չօգտագործել անգամ Լեռնային Ղարաբաղ տերմինը, պահանջում է չխոսել կարգավիճակի մասին և այլն: Այսինքն՝ Լավրովի հայտարարության առաջին շերտը դիվանագիտական էր, որով չէր հերքվում Արցախի կարգավիճակի ու Արցախի խնդրի գոյությունը գոնե դիվանագիտական ասպարեզում:

Երկրորդ՝ այստեղ էլ եմ տեսնում շատ հստակ միտում՝ Լավրովի հայտարարությունն անընդունելի է բոլորիս համար, մանավանդ այն մարդկանց համար, ովքեր այդ տարածքներն ազատագրելու համար արյուն են հեղել, իրենց կյանքն են դրել: Բայց արդյո՞ք Լավրովի հայտարարությունը նորություն էր, և արդյո՞ք որևէ արևմտյան երկիր կամ որևէ այլ երկիր երբեմն հայտարարել է, թե այդ տարածքներն Արցախի կամ Հայաստանի մաս են, իհարկե՝ ոչ:

Մեզ համար միանշանակ ընդունելի է ազատագրված տարածք ձևակերպումը, ինչո՞ւ, որովհետև տեսնում ենք՝ Ադրբեջանը՝ լինելով ահաբեկչական, ցեղասպան պետություն, պետք է խաղաղ բնակչությունից որոշակի տարածքով հեռու լինի, այսինքն լինի բուֆերային գոտի, որպեսզի խաղաղ բնակչությունը չենթարկվի հերթական ցեղասպանության, այսինքն այդ ազատագրված տարածքներն Արցախի հասարակ քաղաքացիների անվտանգության գրավականն են եղել նաև, որպեսզի ադրբեջանական ահաբեկչական բանակը լիներ կիլոմետրերով հեռու խաղաղ բնակչությունից, որպեսզի չիրականացներ հերթական ցեղասպանությունը: Այսինքն՝ Լավրովի ասածն ընդունել որպես շոկային և նոր հայտարարություն, առնվազն անկեղծ չէ, ավելին՝ Հայաստանի իշխանություններն անգամ Արցախն այլ կերպ են ձևակերպում. կան չէ՞ իշխող կուսակցությունից պատգամավորներ, ովքեր ուղղակի ասում են՝ Արցախն Ադրբեջանի մաս է, ավելին՝ իշխանությանը մոտ կանգնած որոշ գործիչներ Արցախի հայերին հիմա անվանում են ադրբեջանահայեր: Եվ այս բոլոր հայտարարությունները թողել ենք ու շատ ակտիվ արձագանքում ենք, հակադարձում Լավրովին: Ուրեմն՝ եթե այդքան համարձակ եք, որ Լավրովին կարողանում եք արձագանքել, հակադարձեք նաև նրանց, ովքեր հայտարարում են՝ Արցախն Ադրբեջանի մաս է:

Եվ երրորդ՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի իշխանությունները և նրանց մերձ շրջանակները շարունակ քննադատեն Ռուսատանին, բայց Ռուսաստանից չլինի որևէ հակազդեցություն, որևէ արձագանք: Հիմա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ակնհայտորեն դաշնակցային չեն, դրանք շատ սառը, հակադիր հարաբերություններ են: Եվ շատ բնական է, որ այդ պետության ներկայացուցիչները՝ կլինի Լավրովը, թե մեկ այլ գործիչ, պետք է նաև երբեմն-երբեմն կոշտ, վիրավորական հայտարարություններ անեն: Այդ նույն Լավրովն ինչո՞ւ նախկինում հանդես չէր գալիս նման սկանդալային, կոպիտ հայտարարություններով, և ինչո՞ւ ռուս գործիչները նախորդ տարիներին նման հակահայկական պահվածք չէին դրսևորում, ինչո՞ւ հակահայկականությունը Ռուսաստանում երբևէ այսքան դոմինանտ չի եղել: Սրանք հարցեր են, որոնց ակունքներին, արմատներին պետք է նայել… Հիմա միայն խոսում ենք հետևանքների մասին՝ չգիտակցելով, թե ինչու ենք հայանպաստ հայտարարություններ անող Լավրովից ստացել հակահայ հայտարարություններ անող Լավրով:    

- Զանգեզուրյան միջանցք...

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը հիմք ընդունելով՝ Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց այդ եզրույթը, թեև եռակողմ հայտարարության մեջ նման դրույթ չկա:

Պաշտոնական Երևանը մերժում է միջանցքային տրամաբանությամբ հաղորդակցության որևէ ուղու բացում արևմտյան Ադրբեջանի ու Նախիջևանի միջև:

Թուրքիան, Ադրբեջանը շարունակում են պնդել, երբեմն նույնիսկ սպառնալ...

Եվ հարցը, այդպիսով, շարունակում է մնալ օրակարգում:

- Նախևառաջ ֆիքսենք՝ Զանգեզուրի միջանցքը միշտ եղել է թուրք-ադրբեջանական քաղաքական նպատակների օրակարգում: Այն ժամանակվանից, երբ Սյունիքն ազատագրվեց կամ չդարձավ թուրքական ու ադրբեջանական զավթողական նպատակների ևս մեկ տարածք, և Գարեգին Նժդեհի ու մեր երախտավորների շնորհիվ ազատագրվեց: Այդ նույն ժամանակվանից Թուրքիան մշակում է ծրագիր՝ Սյունիքով, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասամբ՝ միջանցքի տեսքով, Ադրբեջանը կապել Նախիջևանի հետ: Այսինքն՝ Զանգեզուրի միջանցք կոչված երևույթը ծնվել է թուրքական ու ադրբեջանական քաղաքական մտածողության մեջ 1920-ականներին և հաջորդող տասնամյակներին մնացել թուրքական ու ադրբեջանական քաղաքական մտածողության մեջ, անկախ նրանից, որ գոյություն ուներ Սովետական Միություն: Թուրքիան շարունակում էր Զանգեզուրի նկատմամբ իր հեռահար նպատակներն իրականացնել: Դրա առաջին քայլը եղավ 1932 թվականին, երբ Թուրքիան՝ Իրանի հետ գալով համաձայնության, տարածքներ փոխանակեց ու ձեռք բերեց ցամաքային սահման Նախիջևանի հետ, այսպես կոչված միջանցք, որը Թուրքիային կապում է Նախիջևանի հետ: Դա իրանական տարածք էր, որ միայն 1932 թվականին Թուրքիան կարողացավ ձեռք բերել: Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Քեմալ Աթաթուրքն ասում էր՝ սա առաջին քայլն է դեպի Զանգեզուրի միջանցք, հաջորդն արդեն պետք է անեն իր ժառանգները: Իսկ հաջորդն արդեն Նախիջևանի ցամաքային կապը  պետք է լիներ Ադրբեջանի հետ, որը կանցներ Սյունիքով:

Սովետական Հայաստանի ամբողջ գոյության ընթացքում Ադրբեջանը ցանկացել է Զանգեզուրով՝ Մեղրիով ունենալ միջանցք, և Սովետական Հայաստանի բոլոր ղեկավարները դրան դեմ են կանգնել՝ Գրիգոր Հարությունյան, Քոչինյան, Դեմիրճյան… Այսինքն՝ այն, ինչ հիմա ասում ենք Զանգեզուրի միջանցքի մասին՝ ավելի քան 100-ամյա թուրք-ադրբեջանական ծրագիր է:

Երկրորդ՝ մենք գիտենք, որ Թուրքիան ուներ հայտնի երեք նախապայման՝ դրված Հայաստանի առջև. Արցախի հարցն էր, ցեղասպանության հարցը և Թուրքիայի սահմանների ճանաչման հարցը, բայց արդեն 2020 թվականից հետո Զանգեզուրի միջանցքը դարձել է Թուրքիայի չորրորդ նախապայմանը՝ դրված Հայաստանի առջև: Այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն միայն այն դեպքում, եթե Հայաստանը Զանգեզուրով միջանցք տրամադրի Ադրբեջանին:

Ու երրորդը՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված թուրք-ադրբեջանական պահանջներն ու քարոզչությունը երկու ոճով են դրսևորվում՝ մեկը կոշտ, հայտարարում են՝ եթե կամովին չտաք՝ մենք բռնի ուժով կվերցնենք, մյուսը՝ սիրաշահելով՝ Զանգեզուրի միջանցքի բացումը դա նաև Հայաստանին է օգուտ, տնտեսական շահեր, կոմունիկացիաներ և այլն: Այսինքն՝ գործում է սիրաշահելու արևելյան մեխանիզմը, բայց և միևնույն է՝ Զանգեզուրի միջանցք կոչված երևույթը, իրականանալու դեպքում, Հայաստանի համար գլխավոր սպառնալիքներից մեկը կլինի, Հայաստանի պետականության հիմքում դրված ակտիվ ռումբ կլինի, որն ամեն պահի կարող է պայթել: Եվ միայն այն, որ Սովետական Հայաստանի ղեկավարներն անգամ Սովետական Միության գոյության ժամանակ ակտիվորեն պայքարել են այդ միջանցքի դեմ, թույլ է տալիս ենթադրել, թե դա որքան մեծ վտանգ է Հայաստանի պետականության համար: Այնպես որ՝ քանի Թուրքիան և Ադրբեջանն այդքան ինտենսիվորեն պահանջում են այդ միջանցքը, պետք է գիտակցել՝ դա մեծ կարևորություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի համար: Իսկ եթե այդքան մեծ կարևորություն ունի նրանց համար, ուրեմն ուղիղ դեմ է Հայաստան պետության շահերին:  

- Հայտնի արտահայտություն կա, որ նաև Գարեգին Նժդեհին է վերագրվում՝ ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի:

Դուք կիրարկելի՞ եք համարում այդ բանաձևը մեզանում՝ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում:

- Որպես նաև արևելագետ՝ գիտեմ մի իրողություն՝ Արևելքում, Մերձավոր արևելքում, իսկ Հայաստանն ըստ էության արևելք է, երբեք խաղաղություն չի լինում: Եվ խաղաղությունը դիտում են միայն այն պարագայում, երբ դու ունես լծակներ, նաև ռազմական լծակներ՝ ապահովելու քո խաղաղությունը: Այդ դեպքում թշնամին գիտի, որ քո դեմ ոտնձգությունը կարող է իր համար ծանր հետևանքներ ունենալ: Եվ միայն այդ պարագայում է լինում փխրուն խաղաղություն, ինչպիսին որ կար, օրինակ, Արցախյան առաջին պատերազմից հետո: Հետևաբար՝ ապրել Մերձավոր արևելքում և ենթադրել, որ պատերազմ չի լինելու, և դու կարող ես միայն խաղաղ ձևով քո հարաբերություները կարգավորել հարևանների հետ, ուղղակի մոլորություն է: Եվ խաղաղության ներկայիս կոնցեպտի հեղինակների ամենակարևոր սխալն այն է, որ դրանք խառնում են տարածաշրջանները, մտածում են՝ այն օրենքները, որ գործում են Եվրոպայում, այն հարաբերությունները, որ կան, ասենք, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լյուքսենբուրգի միջև, նույն հարաբերությունները հնարավոր է տեղափոխել Արևելք և նույն ոճով այստեղ խաղաղություն ապահովել. այդպես չի լինում: Եթե դիտարկենք Արևելքը, ապա այստեղ պերմանենտ պատերազմներ են՝ մեծամասշտաբ, փոքրամասշտաբ: Եվ եթե ապրում ենք այս տարածաշրջանում, եթե մեր պետությունն այստեղ է, ուղղակի վայր դնել մեր զենքերը և հույսներս դնել ինչ-որ բանաձևերի, փաստաթղթերի, պայմանագրերի  վրա, դա ուղղակի դեպի կործանում տանող ամենակարճ ճանապարհն է: Հետևաբար՝ Գարեգին Նժդեհի ասածը, բնականաբար, ճիշտ է, բայց նաև ճիշտ է այն, որ աշխարհաքաղաքական, քաղաքագիտական իրողություններն ուղղակի, բաց տեքստով ասում են՝ Արևելքում փխրուն խաղաղություն կամ  հարաբերական խաղաղություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ դու ունես զսպող մեխանիզմներ:

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13