Սյունի վանքը՝ չքնաղ ու սրբաշուք, երկնանման գմբեթահարկ խորանով

30.08.2020 10:29
6531

2020 թ. օգոստոսի 20-ին Սյունի բերդում եւ Սյունի ավանում, նաեւ Քարաբերդում ու Ծակ քար ամրոցում, լինելուց հետո մենք հասանք Սյունի վանք, որն էլ մեր ուխտագնացության նպատակն էր:

Սույն հրապարակման մեջ կներկայացնենք Ստեփանոս Օրբելյանի, Սեդրակ Բարխուդարյանի, Մորուս Հասրաթյանի, Վարազդատ Հարությունյանի, Ստեփան Մնացականյանի նկատառումները Սյունի վանքի մասին: Բայց նպատակահարմար է նախեւառաջ տալ համառոտ պատկերացում տաճարի մասին: Եվ այսպես՝ «Սյունի վանքը գտնվում է Սիսիան քաղաքում, նրա հյուսիս-արեւմտյան մի դարավանդի վրա: Վաղ միջնադարում այն Հայաստանի կրոնական, մշակութային եւ ուսումնագիտական նշանավոր կենտրոններից մեկն էր: Վանական համալիրից պահպանվել է միյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  տաճարը, որը հայտնի է նաեւ Սուրբ Հովհաննես անվանումով:

Սյունի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը հիմնվել է ճանաչված ավանդական սրբավայրում՝ հնագույն հեթանոսական տաճարի տեղում:

1988 թ. օգոստոսին` տաճարի շրջակայքի բարեկարգման եւ սալահատակման աշխատանքների ժամանակ, տաճարի արեւմտյան մուտքի մոտ, հիմքի մակերեւույթից մոտ մեկ մետր խորության վրա, պատահաբար հայտնաբերվեց հեթանոսական զոհարան (բագին):

Զոհասեղանն ուներ 240 սմ երկարություն եւ 80 սմ լայնություն:

Զոհասեղանն այժմ մնում է սալահատակի տակ ու ենթակա է գիտական ուսումնասիրության:

IV-IX դարերի Սյունիքի կրոնական կենտրոն Սյունի վանքը եղել է վաղ միջնադարյան Հայաստանի մշակույթի եւ գիտության ամենանշանավոր կենտրոններից մեկը» (Թաթուլ Սյունի, Սյունի վանքը):

Եկեղեցին նորոգվել է 1959-61 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ: Նա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա-ի հետ 1989 թ. ապրիլին այցելել է եկեղեցի:

 

Մատենագիրներ, ովքեր զբաղվել են Սյունի վանքի գիտական ուսումնասիրությամբ

Առաջին գրավոր հիշատակությունը Սյունյաց տան անզուգական պատմիչ Ստեփանոս Օրբելյանինն է (Սյունիքի պատմություն, Երեւան 1986):

Տաճարին անդրադարձել է Ղեւոնդ Ալիշանը «Սիսական» երկի մեջ:

Սյունի վանքի կառուցման ժամանակի թվագրողներից է եղել ռուս պատմաբան Տոկարսկին:

Խնդրո առարկայով զբաղվել է ռուս հնագետ, արվեստաբան Ա. Յակոբսոնը:

Սյունի տաճարի գիտական ուսումնասիրությամբ զբաղվել է Վարազդատ Հարությունյանը:

1958 թվականին անվանի վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը գրի է առել տաճարի վիմագիր արձանագրությունները, որոնք տեղ են գտել 1960 թ. հրատարակված «Դիվան հայ վիմագրության» ժողովածուի 2-րդ պրակում:

Սյունի վանքը հետազոտության առարկա է դարձրել ճարտարապետ Ստեփան Մնացականյանը (Սիսավանի պատկերաքանդակները եւ տաճարի կառուցման ժամանակը (Երեւան 1961), ինչպես եւ «Սիսավանի տաճարը» (ՊԲՀ, 1965, թիվ 4), «Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը» (Երեւան 1960)):

Սյունի վանքի գիտական ուսումնասիրմամբ զբաղվել է ճարտարապետության պատմաբան Ալ. Մանուչարյանը (Քննություն IV-XI դարերի շինարարական վկայագրերի, Երեւան 1977):

Տաճարին անդրադարձել է ճարտարապետ Տիրան Մարությանը (Архитектурные помятники…):

Մատենագիրների շարքում հարկ է նշել նաեւ իտալացի ուսումնասիրող Տոմմազո Բրեչչիա Ֆրատադոկու անունը (Զորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցին, Երեւան 1986):

Այս ցանկում, անշուշտ, իրենց անփոխարինելի տեղն ունեն մեր հայրենակիցներ Մորուս Հարսաթյանը եւ Թադեւոս Հակոբյանը (Հասրաթյան Մ., Պատմա-հնագիտական հետազոտություններ, Երեւան 1985, ինչպես եւ Հակոբյան Թ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երեւան 1968):

Ուշագրավ է Թաթուլ Սյունիի «Սյունի վանքը» աշխատությունը (Մոսկվա 2007):

Եվ, իհարկե, վերոնշյալը մատենագիրների ամբողջական ցանկը չէ:

Ստեփանոս Օրբելյանը Սյունի վանքի մասին

Անդրադառնալով Սյունյաց աշխարհում եղած վանքերի, եկեղեցական միաբանությունների եւ նրանց քանակի մասին, պատմիչը նշում է՝ «Առաջինը, Սիսական տան բոլոր վանքերի գլուխն ու շնորհաբաշխության աղբյուրը, Տաթեւն է: Նրան հաջորդում է մեծ առաքինարան Թանահատի վանքը, ապա՝ Սյունի վանքը,  որի եկեղեցին չքնաղ ու նորակերտ ձեւով, երկնանման գմբեթահարկ խորանով կանգնեցրել է մեծ բարեպաշտուհի Սյունյաց տիկին Վարազդուխտը՝ Սուրբ Լուսավորչի անունով, հայոց թվականությունից առաջ: Վանքի առջեւ, գեղեցիկ հրապարակի մեջտեղում իշխանները կառուցում են արքունական տուն ու իշխանանիստ ապարանք. եւ ասում են, թե ամեն օր պատարագի ժամին եկեղեցի էին գալիս» (Սյունիքի պատմություն, էջ 281):

        Մորուս Հասրաթյանը Սյունի վանքի մասին

«Արդի Սիսիանի կենտրոնի փոքրիկ բարձրության վրա է գտնվում Հռիփսիմեի տիպի հայկական նշանավոր կենտրոնագմբեթ տաճարներից մեկը՝ Սյունի վանքը, որին հետագայում կոչել են Սիսավանի եկեղեցի, Ղարաքիլիսայի եկեղեցի… Ահա, ցարդ կանգուն այս տաճարի մասին է գրում պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հետեւյալը…

Շուրջ 800 տարի հետո պատմիչն այսքան գեղեցիկ ու սեղմ խոսք է ասում նահանգի իշխանանիստ վայրի՝ Սյունի ավանի եւ նրա մեջ կառուցված տաճարի մասին՝ համարելով, որ կառուցված է Սյունյաց տիկին Վարազդուխտի կողմից, հայոց թվականից, այսինքն` 551 թվականից առաջ: Բայց նկարագրվող եւ ցարդ աննշան փոփոխություն կրած այդ շենքը, իր ոճով կարող էր կառուցվել միայն 575-675 թվականների արանքում (ունի 637 թվականի մի արձանագրություն, բայց ոչ կառուցման): Ըստ երեւույթին, շենքի հարավային դռան (մուտքի) վրա ունեցել է արձանագրություն, բայց դուռն ամբողջովին նորոգված է: Ավելի հավանական է, որ նույն շենքի տեղում եղել է 4-5-րդ դարերում կառուցված ավելի հին տաճար, ավերված՝ ժամանակի ընթացքում կամ երկրաշարժից» (Մորուս Հասրաթյան, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երեւան 1985, էջ 133-134):

 

 Հատված Վարազդատ Հարությունյանի «Հայկական ճարտարապետության պատմությունը»  աշխատությունից

Սուրբ Հովհաննես եկեղեցին պատկանում է հռիփսիմեատիպ հուշարձանների թվին։ Կառուցման  ժամանակի մասին հավաստի վկայագրերի բացակայության պատճառով հուշարձանի թվագրությունը կամ անորոշ է համարվել, կամ ելնելով ճարտարապետագեղարվեստական ձեւերից` սահմանվել 6-7-րդ դդ.։ Գմբեթի  թմբուկին պահպանված բարձրաքանդակների ու դրանց շուրջը եղած վիմագրությունների ուշադիր ուսումնասիրությունների հիման վրա կառուցման ժամանակը ճշտվել է` 7-րդ դ. 80-90-ական թվականներ։

Հուշարձանի հիմնական արժանիքներից մեկը ներսից միանգամայն անաղարտ վիճակում պահպանվածությունն է։

Հատակագծային հորինվածքը, չնչին տարբերությամբ, նման է Հռիփսիմեին։ Ուղղանկյուն պարագծի (արտաքին չափերը 13,3X17,4 մ) մեջ ամփոփված են գմբեթատակ քառակուսու նկատմամբ սիմետրիկ, միմյանց հավասար տրամագծերով չորս կիսաշրջան աբսիդներ, որոնցից արեւելյանն ու արեւմտյանը, ինչպես Հռիփսիմեի տաճարում, զգալի երկարությամբ (2,0 մ) ուղղագիծ սկիզբներ ունեն։ Երկու հուշարձաններում էլ հատակագծի կողմերի հարաբերությունները համարյա նույն են`1։1,28, 1։1,30։

Սիսավանի եկեղեցում եւս հատակագծի չորս անկյուններում տեղավորված են քառանկյունի ավանդատներ։ Արեւելյան զույգ ավանդատների արեւելակողմյան պատերի մեջ նույնպես կիսաշրջան աբսիդներ կան: Եթե Հռիփսիմեի տաճարի միայն արեւելյան աբսիդում են երեք լուսամուտներ բացված, որոնցից երկու կողմնայինները հետագայում փակվել են, ապա Սիսավանի եկեղեցում երեքական լուսամուտներ ունեն բոլոր աբսիդները, բացի արեւմտյանից: Դրանցից կենտրոնականները տեղավորված են ճակատների հարթությունների, իսկ կողմնայինները՝ խորշերի մեջ, որոնք այս հուշարձանում եռանկյունի հատակագիծ ունեն:

Հռիփսիմեի տաճարի եւ նույնատիպ հուշարձանների համեմատությամբ Սիսավանի եկեղեցում որոշակի են տարբերությունները նաեւ ներքին ու արտաքին ճարտարապետության մեջ: Ներսում՝ աբսիդները պսակող կամարների հիմքում, տեղավորված են հոնիական տիպի խոյակներ (որպիսիք կան Պտղնիի տաճարում): Գմբեթատակ քառակուսուց փոխանցումը հատած կոնի ձեւ ունեցող տրոմպների օգնությամբ կատարված է դեպի գմբեթի ոչ թե օղակաձեւ (ինչպես Ավանի եւ Հռիփսիմեի տաճարներում), այլ ութանկյուն հիմքը: Փոքրաչափ տրոմպներից բաղկացած հաջորդ համակարգը տեղավորված է ութկող թմբուկի ներքին անկյունների վերեւում, գմբեթի օղակաձեւ հիմքում:

Արտաքին ճարտարապետությունն այս հուշարձանում եւս աչքի է ընկնում սահմանային պարզությամբ: Ճակատների ճարտարապետական հաղորդման միջոցներ են ծառայում հարավային եւ արեւմտյան շքամուտքերը (որոնք վերակառուցման հետեւանքով հիմնովին աղավաղվել են), լուսամուտների կամարունքային պսակները եւ քիվերը: Արեւելյան, հարավային եւ հյուսիսային ճակատներում, աբսիդների մեջ բացվող երեք լուսամուտները, (ինչպես Հռիփսիմեի տաճարի արեւելյան ճակատում) ընդգրկված են հորիզոնական գոտիով իրար միացված երեք կամարունքերով: Նույնպիսի լուծում ունեն նաեւ ճակատների զույգ որմնախորշերը, որոնց կամարային պսակներն ամփոփված են իրար միացված զույգ կամարունքերի տակին:

Առանձին ուշադրության է արժանի գմբեթի արտաքուստ 12 նիստ ունեցող թմբուկի հարդարանքը, որով Սիսավանի եկեղեցին, անկախ այն բանից, որ հռիփսիմեատիպ է, ընդգծում է իր պատկանելությունը 7-րդ դարի 2-րդ կեսին: Թմբուկի կողերը…հարդարված են զույգ որմնասյուներին հենվող որմնակամարներով, իսկ վերնամասերը պսակված են զամբյուղահյուս զարդանախշերով պատած քիվերով, որպիսիք նույնպես հանդիպում են միայն 7-րդ դարի կեսի եւ 2-րդ կեսի հուշարձաններում:

Եկեղեցու հարդարանքի միջոցների թվին են պատկանում ներսում պահպանված պատկերաքանդակները: Գմբեթի տակ, փոքր տրոմպների միջեւ համապատասխան մակագրություններով ամփոփված են եկեղեցին կառուցել տվող Սյունյաց Կոհազատ իշխանի, նրա ժամանակակիցներ Հովսեփ Ա. եպիսկոպոսի եւ Թեոդորոս վարդապետի դիմաքանդակները: Մի դիմաքանդակ էլ «Հովհաննես եկեղեցպան» մակագրությամբ տեղավորված է արեւմտյան ճակատին: Այն պատկերում է Հովսեփ Ա-ի հաջորդ Հովհաննես եպիսկոպոսին, որի օրոք, ենթադրվում է ոչ ուշ, քան մինչեւ 691 թ., ավարտվել է եկեղեցու կառուցումը:

(Վարազդատ Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Երեւան 1992 թ. էջ 139-140)

Հատված Ստեփան Մնացականյանի «Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը» գրքից

IX-X դարերի Սյունյաց վարպետների ստեղծագործության համար, ինչպես ճարտարապետության, այնպես էլ կերպարվեստի բնագավառում, անգնահատելի նշանակություն ունեցան այն հուշարձանները, որոնք դեռեւս կանգուն էին X դարում եւ որոնցից այնքան քիչ բան է հասել մեզ այսօր:

Այդ գործերի թվին է պատկանում, անշուշտ, Սիսավանի VII դարի վերջում կառուցված նշանավոր տաճարը, որը, բացի ճարտարապետական արվեստի նշանավոր կոթող լինելուց, իր ժամանակին, եւ դրսից, եւ ներսից ձեւավորված է եղել մի շարք առաջնակարգ հետաքրքրություն ներկայացնող պատկերաքանդակներով, իսկ նրա ինտերյերը՝ գունագեղ որմնանկարներով: Ինչպես եւ VII դարի մի շարք հուշարձաններում՝ պատկերաքանդակներն այստեղ եւս ձեւավորում են արտաքին խորշերի վերին մասերը: Այսպես, Սիսավանի տաճարի արեւմտյան խորշերի կոնաձեւ վերջավորությունների սկզբնակետերում քանդակված են մարդկային գլխաքանդակներ, որոնք աչքի են ընկնում իրենց ռեալիստական կատարմամբ: Դեմքի նրբագեղ մշակումը, սլացիկ վիզը, մազերը՝ ձեւավորված գալարուն խոպոպիկներով, կատարման ընդհանուր մեծ վարպետությունը հիմք են տալիս՝ այդ պատկերաքանդակները եւս դասելու V-XII դարերի հայ արվեստի առավել հաջողված գործերի շարքում:

Ոչ պակաս հետաքրքրություն են ներկայացնում թմբուկի քիվի վրա նրա բոլոր չորս հիմնական կողմերում տեղավորված ավետարանիչների պատկերաքանդակները, ընդ որում՝ նրանց տակ եղած համապատասխան գրություններից պարզ է դառնում, որ արեւելյան ճակատում պատկերված է Ղուկասը, հյուսիսայինում՝ Հովհանը, արեւմտյանում՝ Մատթեոսը, իսկ հարավայինում՝ Մարկոսը:

Պատկերաքանդակներ են դրված նաեւ տաճարի ներսում, գմբեթի տակ, հյուսիս-արեւելյան կողմի փոքրադիր տրոմպների շարքում: Այսպես, թմբուկի հյուիսի-արեւելյան մասում տեղավորված է մի մարդու պատկերաքանդակ, որն աջ ձեռքին բռնած ունի բուրվառ, իսկ ձախին՝ գիրք: Շրջանակի վրա արված արձանագրությունն ունի հետեւյալ բովանդակությունը. Թէոդորոս Սիոնի վանական:

Հյուսիս-արեւելյան տրոմպի մեջ տեղավորված է մի այլ մարդու բարձրաքանդակ՝ դեպի արեւելք տարածած ձեռքերով: Այստեղ եւս կա համապատասխան արձանագրություն. Տէր Յովսեփ Սիւնեաց եպիսկոպոս:

Արեւելյան փոքր տրոմպի ներսում կա մի երրորդ բարձրաքանդակ, որի շրջանակի վրա հնարավոր է կարդալ հետեւյալ արձանագրությունը. Կոհազատ Սիւնեաց տէր:

Տաճարի արեւմտյան ճակատում կա նաեւ մի այլ պատկերաքանդակ. դա ուղղանկյուն շրջանակի մեջ առնված, ամբողջական հասակով կանգնած մի մարդու պատկերաքանդակ է, որը, սակայն, խիստ վատ է պահպանվել. պարզ կերպով նկատվում է, որ այն միտումնավոր կերպով տաշված է եւ պատկերաքանդակից թողնված են միայն նրա եզրագծերը: Նրա կողքին կա հետեւյալ արձանագրութունը. Յովհաննէս եկեղեցպան:

Որոշակի հետաքրքություն են ներկայացնում նաեււ տաճարի ներսում եղած որմնանկարների մնացորդները: Այսպես, տաճարի հյուսիս-արեւմտյան որմնամույթի արեւելյան կյողմում, հատակից հինգ մետր բարձրության վրա կարելի է տեսնել 0.6X1 մ շրջանակի մեջ առնված, խիտոնը հագին, ամբողջ հասակով մի մարդու պատկեր, որից, դժբախտաբար, պահպանվել են միայն առանձին ֆրագմենտներ: Որմնանկարը, որտեղ գերիշխում են դարչնագույն եւ կանաչավուն գույները, կատարված է ոչ թե սվաղի, այլ ուղղակի քարի հարթ տաշած մակերեսի վրա, մի տեխնիկա, որը մինչ այդ էլ լավ հայտնի էր հայ վարպետներին եւ հիմնականում կիրառվում էր արտաքին ճակատների առանձին էլեմենտների ներկելու ժամանակ:

Սեդրակ Բարխուդարյանը Սյունի վանքի մասին

Սիսիանի հյուսիս-արեւմտյան ծայրին մի բարձրադիր տափարակի վրա կանգնած է 6-7-րդ դարերի ճարտարապետական լավագույն գործերից մեկը, խաչաձեւ եւ կենտրոնագմբեթ մի եկեղեցի, ըստ ամենայնի նման Հռիփսիմե տաճարի:

… Վերջին դարերում եւ այժմ եկեղեցին կոչվում է Սուրբ Հովհաննես, բայց նրա պատերին եղած հնագույն արձանագրությունները, որոնց մեծ մասը հրատարակված չէ, ճշտորեն պարզում են այդ նշանավոր հուշարձանի անունը:

Արձանագրություններից երկու  հնագույնների մեջ եկեղեցին կոչված է Սուրբ Գրիգոր, իսկ մեկ ուրիշի մեջ՝ «Սինի (Սյունի) վանից եկեղեցի». այս անուններն իմաստավորվում են Ստեփանոս Օրբելյանի նկարագրությամբ:

Պատմագրի այն խոսքերը, որ եկեղեցին շինվել է «յառաջ քան զհայ թուականն» իհարկե չեն վերաբերում ներկայումս կանգուն շենքին: Այդ հնագույնը կարող էր լինել բազիլիկ շենք. ժողովրդի մեջ մնացած հիշողության հիման վրա Օրբելյանն այդ խոսքերով նրա հիմնադրման հնությունն է միայն շեշտում: Ներկա կենտրոնագմբեթ շենքն իր ճարտարապետական առանձնահատկություններով վերաբերում է այդ տիպի վաղագույն հուշարձանների խմբին եւ ամենայն հավանականությամբ 6-րդ դարի վերջերի գործ է:

Հուշարձանի արձանագրությունները: Այստեղ ամփոփված 33 արձանագրությունից հրատարակված են միայն 10-ը: Արձանագրություններից երկու խումբ հատկապես կարեւոր են:

Ա խումբ. դրանք թեեւ անթվական, բայց հայերեն գրչագրության հնագույն նմուշներից են եւ վերաբերում են 6-րդ դարին, այդ բանին ապացույց են նախ՝ նրանց տեղադրությունը, գրված են բարձր քիվերի նեղ շրթունքներին, շինության ընթացքում պատերի մեջ հատկապես ագուցված այն բարձրաքանդակների տակերին, որոնք պատկերում են շինարարությունը հովանավորող եւ ղեկավարող անձանց: Գրաչագրական տեսակետից պատկանում են հնագույն բոլորաձեւ երկաթագրի ոճին եւ վերջապես նրանց մեջ երեւան եկող անունները եւ նրանց գրության ձեւերը կապվում են հայոց մեջ գործածական հնագույն անուններին եւ հնչական առանձնահատկություններին:

Բ խումբ. դրանք արժեքավոր են նրանով, որ գրված են ոչ թե վաղօրոք կազմած եւ մասնագետ փորագրողի ձեռքով, այլ հանպատրաստից եւ իրենց՝ հիշատակագրության տերերի կողմից, մետաղի կտորի սուր ծայրով, հասարակ խազերով:

Վարպետների նշանները: Դրանք ունեն արձանագրական եւ կուլտուրական նշանակություն. նշանների մեծ մասը տառեր են, որոնք անկասկած վարպետների անունների սկզբնատառերն են. Սյունի վանքի 39 նշաններից 20-ը հայերեն տառեր են. դրանց մի մասը շրջագիր է, որն ապացույց է, թե նույն անունով երկու վարպետներ են աշխատել, որոնցից մեկն իր անվան սկզբնատառը շրջված է գրել՝ մյուսի հետ չշփոթելու համար:

Մնացած նշանների մեծ մասը, բացի երկու-երեք հատից, որոնք զուտ զարդանշաններ են, նույնպես հնչական կամ իմաստային նշանակություն ունեն եւ կարող են կուլտուրական այլ տեսանկյունով հետաքրքիր լինել. նրանց մեջ կարելի է գտնել հունարեն տառեր, օրինակներ «հայկական գաղափարագրերի» կամ «իմաստնոց նշանների» եւ որ ավելի հետաքրքիր է՝ երկու-երեք նշան համեմատելի են նորագյուտ Աղվանից տառերի հետ…

(Դիվան հայ վիմագրության, 2-րդ հատոր, Երեւան 1960):

Սյունի վանքի վիմական արձանագրություններից մի քանիսը (ըստ Սեդրակ Բարխուդարյանի)

241. Սյունի վանք. կտուրի ելուստի հարավային եւ արեւմտյան քիվերի վրա. ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՈՂՈՐՄԵԱՅ / ԳՐԻԳՈՐԻ ՍԻՒՆԻՈՅ ԵՒ ԿՈՐՈՒՍԵԱԼ ՌՈՍՏՈՄՈՅ:

242. Սյունի վանք. գմբեթի չորս կողմերում ագուցված բարձրաքանդակների տակերին. ՄԱՐԿՈՍ. ՄԱԹԷՈՍ. ՅՈՎԱՆԷՍ. ՂՈՒԿԱՍ:

243. Սյունի վանք. արտաքուստ. արեւմտյան պատի հարավային մասում. բարձրաքանդակի կողքին. ՅՈՀԱՆԷՍ / ԵԿԵՂԵՑԵՊԱՆ:

250. Սյունի վանք. ներքուստ. բեմի հյուսիսային պատի կենտրոնում. ՅԻՇԵԱ ՔՍ ԱԾ ՎԱՐԱԶՈ ՍԻՒՆԵԱՑ ՀԱԶԱՐԱՊԵՏ:

253. Սյունի վանք. արտաքուստ հարավային պատի արեւմտյան մասի կենտրոնում. արեւի ժամացույցի տակին. ԶԳՐՈՂ ԺԱՄԱՑՈՒՑԻՍ  ՅԻՇԵՑԷՔ Ի ՏՐ. ՈՎ ՔՍԱՍԷՐՔ ՀԱՅՐԴ ԵՒ ԵՂԲԱՐՔ:

254. Սյունի վանք. արտաքուստ. հարավային պատի արեւմտյան մասի կենտրոնում. ԵՍ ԳՐԻԳՈՐ ԳՐԵՑԻ (գրված է հունարեն տառերով):

259. Սյունի վանք. արտաքուստ. արեւելյան կողմի հյուսիսային խորշի պատին, խազած գրերով. ԹՎ. : ՆԿԶ: / ՍՄՊԱՏ ՈՐԴԻ ՏՆ. ԱՇՈՏՈ ՍԻՒՆԵԱՑ ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆԻ ՅԱՂԱ/ԻԹՍ ԻՇԵՑԷՔ:

262. Սյունի վանք. ներքուստ. բեմի հարավային պատին. ԵՍ ՇԱՊՈՒ ԳԱ/ՐԴԱ ՊԱՏՐԻԿԱ ՈՐԴԻ ԳՈՐՎԱՑԻ Ի ՍԵՆԻ ՎԱՆԻՑ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՅՍ ԳՆԵՑԻ ԱՒՐ ՄԻՆ ԺԱՄ ԾԱՌԶԱՐԴԱՐԻ ՔԱՌԱՍՆՈՑՆ ԵԿՐՈՐԴ ՇԱԲԱԹԻՆ ՀԻՆԳՇԱԲԱԹ ԱՒՐ/. ՈՐ ԽԱՓԱՆԷ ԻՄ ՄԵՂԱՑՆ ՊԱՐՏԱԿԱՆ Է. ԵՍ ՏՐ ՅԱԿՈԲ Ի ՏԵՂԻՍ ԷԻ. ՈՐ ՈՔ ԽԱՓԱՆԷ ԵՒ ՉՄԱՏՈՑԱՆԷ ՅԱՈ ԵՒ Ի ՄԵԶԷ ՆԶՈՎԵԱԼ ԵՂԻՑԻ:

(Դիվան հայ վիմագրության, 2-րդ հատոր, Երեւան 1960):

Արդյո՞ք Սյունի վանքի եկեղեցու ճարտարապետական որոշ տարրեր քաղկեդոնիկ տարրերին մոտիկ են եւ ինչո՞ւ Սյունի վանքն իր դիրքերը զիջեց

«8-րդ դարում Սյունյաց վանքերի մեջ վեճ է ծագում առաջնության-հերթականության համար. հին ու մեծ վանքերի վանահայրերը իրենցն են առաջ քաշում: Հովակիմ եպիսկոպոսը դասավորում է հերթականությունը՝ հնից եկող. «Նախաաթոռը, ամենայն Սիւնիքի…», ամբողջ Սյունյաց աշխարհի «եկեղեցիների մայր եւ մայրաքաղաք Շաղատի եկեղեցին» համարելով: Այս հին կարգին կողմնակից Հովակիմ եպիսկոպոսի դեմ չարանում է Սյունի վանական Փանոս Ույծեցին: Վերջում սրա եւ Աղխիտուի (Աղուդիի) միջեւ ավելի մեծ վեճ է բորբոքվում, բայց որոշում են Շաղատից հետո երկրորդ իրավունքը տալ  Շաքիի եկեղեցուն, երրորդը՝ Աղուդիի, չորրորդը՝ Մրենի Ավան գյուղաքաղաքին եւ միայն հինգերորդը՝ Սյունի վանքին:

Այդ ժամանակ արդեն, երեւի 7-րդ դարի սկզբներից, Սյունին կոչել են նաեւ Ույծ (զատ, անջատված): Իսկ գետի մյուս ափին՝ կամրջից քիչ այն կողմ, դեպի հարավ-արեւելք գտնված ավանը  կոչվել է Փոքր Ույծ, որը դարձյալ լավ եկեղեցական շենք է ունեցել, որի մասին վկայում են մեզ հասած չնչին, բայց բացառիկ բեկորները: Առաջին հայացքից թվում է, թե Ույծը հենց արդի Ուզն է եղել (որն ունեցել է Սիոն անունով եկեղեցի), որի վանահայր Փանոս վարդապետը մրցման է դուրս եկել Շաքիի եւ Աղխիտուի (Աղուդիի) նշանավոր վանքերի հետ, առաջնության իրավունք ստանալու համար:

…Հնարավոր է նաեւ, որ հետզհետե քաղկեդոնականությանը հարող վրաց աշխարհի՝ Հայաստանին սահմանամերձ Ցուրտավից եւ շրջակայքից, ուր անշուշտ կային (գուցե ավելի շատ) հայ բնակիչներ, հալածվել եւ գաղթել են Սյունիք: Այդ կարող էր տեղի ունենալ մինչեւ 607/8 թթ.՝ վրաց եկեղեցու քաղկեդոնիկ դառնալն ու հայ եկեղեցուց անկախանալը՝ հարելով ուղղափառ կոչված հունական եւ այլ քաղկեդոնիկ եկեղեցիներին: Պետք է, որ այդ ներգաղթածները բնակվեին Սյունիքում, որովհետեւ այդ նոր հոսանքը որոշ արմատներ նետած է եղել այստեղ: Այդ ներգաղթը կարող էր լինել 6-րդ դարի վերջին քառորդից մինչեւ 7-րդ դարի առաջին տասնամյակ: Այս պատճառով էլ Սյունի անունը վերափոխած լինեն զատ, անջատ՝ «ույծ» բառով:

 Իհարկե, խոսքը դրսից եկած հայ բնակիչների մասին է, որոնք եկել էին այն Սյունիքը, որը վարչականորեն եւ թե եկեղեցու գծով 560-70-ական թվականներից գրեթե կես դար եւ ավելի անջատվել էին նույնպես Պարսից ենթակա Հայաստանից՝ Դվին մայրաքաղաքից, անմիջապես կապվել… եկեղեցու գծով՝ Աղվանից հայ կաթողիկոսության հետ, որը նույնպես նեստորական- քաղկեդոնական հակում ուներ: Ըստ որում` պետք է խոստովանել, որ Սյունի վանքի եկեղեցին իր վրա ճարտարապետական որոշ տարրեր ունի քաղկեդոնիկ կարգի մոտիկ (օրինակ, մայր խորանում երեք լուսամուտների առկայությունը):

Սյունի վանքի հարդարանքի տարրերից կան եւ Զվարթնոցի վրա (եւ ոչ հակառակը, ինչպես կարծում են մի քանի մասնագետներ):

Այս է նաեւ պատճառը, որ այդ նշանավոր Սյունի վանքը գրեթե արհամարհված եւ մոռացված է եղել ոչ միայն գրականության մեջ, այլեւ բնակչության: Ոչ մի ուխտագնացություն, ոչ մի երդում նրա անունով չկա: Ուստի, պատահական չէ, որ հետզհետե Սյունի վանքի նախկին հեղինակությունը, նրա վանականների թելադրող ուժը պակասում էր…» (Մորուս Հասրաթյան, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երեւան 1985, էջ 134-135):

Հ.Գ. 1

Ուխտագնացությունը եզրափակեցինք վանքին կից պանթեոն այցելելով, որտեղ հանգչում են Արցախյան հերոսամարտում եւ պատերազմից հետո հայոց սահմանների պաշտպանության համար զոհված սիսիանցիները:

Այո, դա էլ ուխտագնացություն էր, քանզի այնտեղ հանգչում են ոչ թե սովորական ննջեցյալներ, այլ նահատակներ, հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հայորդիներ…

Պանթեոնը սկիզբ է առել 1992-ին, երբ «Սիսական» ջոկատը Լաչինից հարավ-արեւելք՝ Սաֆիան-Սուարասի հատվածում կյանքի եւ մահվան խնդրի առջեւ էր կանգնած: Այնտեղ էլ ջոկատն ունեցավ յոթ զոհ:

Նրանք հողին հանձնվեցին Սյունի վանքի արեւելյան լանջին գտնվող հարթությունում:

Հիմա այնտեղ հանգչում է 57 հերոս սիսիանցի:

Պանթեոնի վերջին «բնակիչը» եղավ Գրիշա Մաթեւոսյանը, ով նահատակվեց 2020 թ. հուլիսին՝ Տավուշի դիրքերում մղվող մարտական գործողությունների ընթացքում:

Մենք մոտեցանք նրա թարմ շիրմին եւ խոնարհվեցինք…

Արցախյան պատերազմում եւ հետո հայոց սահմանների պաշտպանության համար նահատակվեց 123 սիսիանցի, որոնցից 70-ը հողին են հանձնվել իրենց հայրենի բնակավայրերում. այդպես են կամեցել նրանց հարազատներն ու մերձավորները:

Միգուցե եւ առիթը պատշաճ չէ, բայց չենք կարող մեր երախտագիտությունը չհայտնել փառապանծ հրամանատար Աշոտ Մինասյանին եւ նրա զինակից ու գաղափարակից ընկերներին, ովքեր տարիներ շարունակ լուռ ու մունջ իրականացնում են սրբավայր դարձած այդ պանթեոնի խնամքը:

Սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ հերոսների այդ պանթեոնը հավելյալ իմաստ է հաղորդել դարերի խորքից եկող Սյունի վանք սրբավայրին:

Հ.Գ. 2

Պանթոնից դուրս էինք եկել, երբ զանգահարեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Տեղեկացրի, որ Սյունի վանք ուխտագնացության ենք եկել, նպատակ ունենք Սիսիանի տարածաշրջանի  քրիստոնեական սրբավայրերը ներկայացնել «Սյունյաց երկրի» հատուկ համարով:

Նա ողջունեց մեր նախաձեռնությունը եւ հաջողություններ մաղթեց: Իսկ մենք մեծահարգ բանաստեղծին հրավիրեցինք Սյունիք:

Մեր զրույցի ընթացքում հիշեցինք 20-րդ դարի 2-րդ կեսի հայ արձակի նահապետ Սերո Խանզադյանին, ով Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» բանաստեղծական քերթությանն արժանի նախաբան էր գրել:

Սերո Սպարապետի ընկալումը հնարավոր չէ մոռանալ. «Դավոյանի այս պոեմը կարդալուց հետո ասես թե շոշափեցի հարության խորհրդով կենդանացած Գրիգոր Նարեկացու մագաղաթի մատյանները, որոնցից մինչեւ այսօր էլ լույս է կաթում մեր պոեզիայի վրա: Իմ մտքում կենդանացան հինգերորդ դարի գրաբար խոսող շարականների թրթիռները, լսեցի Սիամանթոյի մռունչը: Գնացի Աբու-Լալա Մահարու քարավանի հետքերով եւ Չարենցի հետ սկսեցի բարձրանալ «Դեպի լյառն Մասիս»»:

Բանաստեղծին հիշեցրի, որ մեր Գայանե Բաղդասարյանն առիթի դեպքում, Սահյանի եւ Տերյանի բանաստեղծությունների հետ մեկտեղ հաճույքով ասմունքում է Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունները՝ «Կեղեւդ բաց արա» ժողովածուից:

 

 

Պատրաստեց Սամվել Ալեքսանյանը

Լուսանկարները՝ Նոննա Միրզոյանի, Արամ Դավթյանի, «Սյունյաց երկրի»  

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25