Սյունիք գյուղի բնակիչները գյուղմթերքի միջոցով սնդիկ, պղինձ ու մոլիբդեն են ուտում

05.12.2017 15:30
1733

Սյունիքի մարզի որոշ համայնքների բնակիչների, այսպես ասած, առողջական ռիսկը բավականին բարձր է, քանի որ այդ համայնքներում մշտապես օգտագործվող սննդում ծանր մետաղների պարունակությունը գերազանցում է սահմանված շեմը: Այսպիսի եզրահանգման է եկել էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման վերլուծական կենտրոնը, որն ուսումնասիրել է լեռնահանքային շրջաններում աճեցված պտուղ-բանջարեղենում ծանր մետաղների առկայությունն ու դրանց ռիսկերը, գնահատել է բնակչության առողջական ռիսկերը:

Կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հետազոտել են Սյունիքի մարզի որոշ համայնքներ, առայժմ լիարժեք ամփոփել են Սյունիք գյուղի հետազոտության տվյալները: Իսկ Սյունիք գյուղին մոտ է գտնվում Արծվանիկի պոչամբարը: Այս պոչամբարը, ըստ Համահայկական բնապահպանական ճակատի, աշխարհի ամենամեծ պոչամբարներից է, այն գտնվում է Արծվանիկ գետի կիրճում, լցված է մոտ 300 միլիոն տոննա թունավոր զանգվածով: Այստեղ են լցվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչանքները:

«Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ Սյունիք գյուղի բնակիչները տեղում արտադրած մթերքներն են օգտագործում: Իսկ Կապան քաղաքի բնակիչները, օրինակ, եւս ունեն տնամերձներ, բայց նաեւ շուկաներից են օգտվում, իսկ այդ շուկաներ են բերվում ոչ միայն լեռնահանքային շրջաններում աճեցված մթերքներ, այլեւ ոչ լեռնահանքային շրջաններից՝ Սիսիանից, Գորիսից, որտեղ ծանր մետաղներով աղտոտվածություն չկա: Ուստի պատկերը ստացվեց այնպես, որ գյուղական համայնքներում առողջական ռիսկը մի քանի անգամ բարձր է, քան քաղաքային շրջաններում»,- ասաց Պիպոյանը:

Պիպոյանի խոսքով՝ հետազոտություններն իրականացվել են պտուղ-բանջարեղենի սպառման առումով, սա գիտական 2 բացատրություն ունի. «Ինչո՞ւ հենց պտուղ-բանջարեղեն, որովհետեւ Սյունիքի գյուղական համայնքներում եւ ընդհանրապես գյուղական համայնքներում պտուղ-բանջարեղենը, որոնք, այսպես ասած, ծանր մետաղների մատակարար են համարվում, մեծ քանակությամբ են օգտագործում: Այսինքն՝ գյուղական համայնքների բնակիչների սննդակարգը դիտարկելով՝ կարող ենք ասել, որ կենդանական ծագման մթերքներ շատ քիչ են օգտագործում, նրանց սննդակարգում 70-80% մասնաբաժին ունի հենց պտուղ-բանջարեղենը: Սա այնքան էլ դրական երեւույթ չէ, մի կողմից՝ խոսում է համայնքի աղքատության մասին, մյուս կողմից՝ երբ մարդն իր աղտոտված այգում աճեցված մթերքը հաճախակի օգտագործում է, բնականաբար, նրա առողջական ռիսկերը շատանում են»:

Մոտ 200 նմուշ է վերցվել տարբեր պտուղ-բանջարեղենից, եւ ինչպես Պիպոյանը վստահեցրեց՝ առաջին կարգի թունավորության 9 էլեմենտ է ուսումնասիրվել՝ մկնդեղ, կապար, սնդիկ, պղինձ, մոլիբդեն, նիկել, քրոմ, ցինկ, կադնիում. «Շատ տխուր պատկեր ենք ստացել, քանի որ պարզվեց, որ նույն սննդամթերքների նմուշները միաժամանակ պարունակում են տարբեր տեսակի ծանր մետաղներ: Ասենք՝ կանաչեղենի, լոլիկի, սմբուկի նմուշները պարունակել են գրեթե բոլոր ուսումնասիրվող էլեմենտները, 9-ից 7-8 էլեմենտները եղել են նույն բանջարեղենի մեջ: Բոլոր 9 էլեմենտներն էլ հայտնաբերվել են նրանց սննդակարգում: Սա նշանակում է, որ մարդը համալիր ենթարկվում է այդ ծանր մետաղների ազդեցության»:

Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ «Սյունիք գյուղի բնակիչների՝ սննդի միջոցով ստացվող պղնձի եւ մոլիբդենի օրական ընդունվող քանակները գերազանցում են թույլատրելի արժեքը: Հետազոտված տարածքում աճեցված պտուղ-բանջարեղենի հաճախակի սպառումը կարող է հանգեցնել առողջական խնդիրների առաջացման: ՀՀ լեռնահանքային շրջաններում աճեցված բուսական ծագման սննդամթերքում երբեմն գրանցվում են մի շարք ծանր մետաղներ` միաժամանակ, ինչը փաստում է, որ պետք է գնահատվի նաեւ բազմամետաղական ռիսկը»:

Սյունիք համայնքի տղամարդկանց համար կարտոֆիլն ու գազարն ամենաթունավոր սննդամթերքն են: Պիպոյանն ասաց, որ մոլիբդենը, որպես առողջական ռիսկի գործակից, մոտ 6 անգամ գերազանցում է, քանի որ այս տղամարդիկ ավելի շատ են օգտագործում այն գյուղմթերքները, որոնց մեջ մոլիբդենի պարունակությունը բարձր է: Օրինակ՝ ըստ ուսումնասիրության, առողջական ռիսկի գործակիցը Սյունիք գյուղի տղամարդկանց համար՝ բազուկի ու խաղողի օգտագործման հետեւանքով, սնդիկի ազդեցության ռիսկը 3-4 անգամ է գերազանցում, լոբիի միջոցով պղնձի ազդեցության ռիսկը 1,5 անգամ է գերազանցում: Պղնձի պարունակությունը բարձր է նաեւ տաքդեղի, եգիպտացորենի, կանաչ սոխի մեջ: Սյունիք գյուղի կանայք շատ են օգտագործում եգիպտացորեն, խաղող, լոլիկ, կանաչ սոխ, բազուկ, գազար, սմբուկ, լոբի. այս գյուղմթերքներում առկա են պղինձ, սնդիկ եւ մոլիբդեն: Կանաչ սոխի օգտագործման հետեւանքով առաջացող մոլիբդենի ազդեցությամբ առողջական ռիսկը թույլատրելի շեմը գերազանցում է 5 անգամ, կարտոֆիլ օգտագործելիս՝ 4 անգամ, գազարի օգտագործման հետեւանքով մոլիբդենի ազդեցության թույլատրելի շեմը գերազանցում է մոտ 8 անգամ: Այս համայնքի կանանց առողջական ռիսկի գործակիցը սնդիկի ազդեցությամբ բազուկի եւ խաղողի օգտագործման հետեւանքով գերազանցում է մոտ 4 եւ 2 անգամ: Եվ եթե հաշվի առնենք, որ ծանր մետաղներով «հարուստ» այս գյուղմթերքները տեղի բնակիչները կարող են միաժամանակ ու օրը մի քանի անգամ օգտագործել, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ աստիճանի թունավորում են ստանում այդ ծանր մետաղներն օրգանիզմ «ներմուծելով»:

Այս ուսումնասիրությունը, ինչպես Պիպոյանն ասաց, իրականացրել են միջազգային դրամաշնորհի միջոցներով, 30 հազար դոլար է եղել բյուջեն:

Պիպոյանի խոսքով՝ «Կառավարությունը չի ուզում օրենքի պահանջը կատարել եւ գնահատել թիրախային համայնքներում ռիսկի գնահատում: Մինչդեռ, եթե գնահատվի ռիսկը, ապա հաջորդ քայլը պետք է լինի ծրագիր մշակել ու օրենք ընդունել, որի հիման վրա հանքարդյունաբերական ընկերությանը կկարողանան պարտադրել մաքրել հողերը ծանր մետաղներից. սա նման ընկերության համար ուղղակի գրպանի ծախսի չափ գումար է: Իսկ ծրագրով, որը պարտավոր են մշակել, ուղեցույց ու պահանջ պետք է լինի, թե այդ համայնքներում որ մթերքն է հարկավոր աճեցնել, որը չի կլանում ծանր մետաղը, իսկ մյուս անհրաժեշտ մթերքները պետք է ապահովվի այլ՝ մաքուր համայնքներից: Իսկ այս շրջանի գյուղերի բնակիչները բարդեր են անում իրենց աղտոտված գյուղմթերքները, ու այսպես ասած՝ ես իմ թունավոր մթերքը քեզ եմ տալիս, դու էլ քո թունավոր մթերքն ես ինձ տալիս: Մի սարսափելի բան էլ՝ Սյունիք գյուղի բնակիչները Արծվանիկ պոչամբարին կպած հատվածում աճող մոշն են հավաքում, տանում Կապանի շուկայում վաճառում: Սյունիք գյուղի բնակիչները, փաստորեն, մոշը ե՛ւ թարմ են ուտում՝ թունավորվում, եւ պահածոյացնում են ու ձմռանն էլ թունավոր կոմպոտը խմում: Իսկ Արծվանիկի տարբեր ափերին տարբեր աղտոտվածություն է՝ տարբեր ծանր մետաղներով»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
aravot.am
2 դեկտեմբերի 2017թ.

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14