Սյունիքի մշակութային ժառանգությունը

13.09.2013 16:31
4335

Ժայռապատկերների փաստագրումը շարունակվում է

Սեպասարի ժայռապատկերները` Հայաստանի մշակութային ժառանգության կարեւոր մաս են: Գերմանական արշավախումբը երկրորդ տարին է` աշխատում է Սյունիքի բարձրավանդակում, փորձում բացահայտել հազարամյակների պատմություն ունեցող ժայռապատկերների գաղտնիքը եւ ներկայացնել դրանք աշխարհին: Ժայռապատկերների թվագրության հետ կապված կարծիքները տարբեր են: Ըստ գերմանացի մասնագետների` դա մեզանից մինչեւ 6 հազ. տարի առաջ ապրած մարդու պատկերավոր մտածողության դրսեւորում է:

Հալեի համալսարանի հնագիտության բաժնի ուսանող Բյորն Ֆիգուրն արդեն 2-րդ տարին է` Հայաստանի` հազարամյակներ առաջ այստեղ ապրած մարդու եւ նրա մշակութային ժառանգության մասին պատկերացումներն ամբողջացնում է Սյունիքի բարձրավանդակում, գերմանական արշավախմբի կազմում մասնակցում ժայռապատկերների փաստագրման աշխատանքներին: «Պատկերներն այստեղ ինքնատիպ են, մոտիվները` խիստ տարբեր, յուրահատուկ ոճով են արված, – ասում է: – Գերակշռողը քարայծերն են, բայց կան նաեւ այլ պատկերներ: Հետաքրքիր է աշխատել այս լանդշաֆտում»:

Սյունիքի ժայռապատկերների յուրահատկությունն այն է, որ դրանք փռված են 2500-3500 մ բարձություններում եւ ձգվում են կիլոմետրեր: Հայ-գերմանական արշավախումբն այս տարի աշխատում է Սեպասարին հարող տարածքում: Այստեղ փաստագրվել է ժայռապատկերներ պարունակող 1000 քարաբեկոր` 6500 պատկերով: Իսկ դա, ինչպես ծրագրի ղեկավար Ֆրանցիսկա Քնոլլն է նշում, աշխարհում ժայռապատկերների ամենամեծ բազաներից մեկն է:
Նախորդ տարի փաստագրվել է Նազելի հրաբխային խառնարանի մոտակայքի փորագրություններ պարունակող եւս 600 քարաբեկոր:

Ի դեպ, գերմանացի հնագետների կարծիքով` Սեպասարի եւ Նազելի հրաբխային խառնարանի տարածքների ժայռապատկերները պակաս կարեւոր չեն, քան հանրությանն առավել հայտնի` մի քանի կմ հեռավորությամբ գտնվող Ուղտասարինը:

Ծրագրի ղեկավար Ֆրանցիսկա Քնոլլը ցույց է տալիս այն քարտեզը, որով առաջնորդվում են արշավախմբի անդամները: «Սա մենք նկարահանել ենք հատուկ թռչող սարքի միջոցով: Այստեղ 4 քառ. կմ տարածք է, եւ այդ ողջ տարածքը լի է ժայռապատկերներով», – ասում է:

Համարակալված` պատկերներ պարունակող քարաբեկորները նշվում են նաեւ քարտեզի վրա: Փորագրությունները` այծեր, մուֆլոններ, հովազներ, որսի տեսարաններ, լուսանկարահանվում, նաեւ վերարտադրվում են թղթի վրա: Պատկերների համադրումը կօգնի ավելին իմանալ սյունիքյան ժայռապատկերային արվեստի եւ այստեղ ապրած մարդու մասին:

«Սա մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագիր է, – ասում է Ֆրանցիսկա Քնոլլը, – եւ այն ամենը, ինչ տեսնում եք մեր շուրջը, այսինքն` ժայռապատկերները, Հայաստանի մշակութային ժառանգության կարեւոր մասն են: Մեր նպատակն է Եվրոպային հայտնի դարձնել Հայաստանի այս հսկայական տարածքը, որն այսքան շատ ժայռապատկերներ ունի եւ բազմաթիվ զբոսաշրջիկներ կարող է ընդունել»:

Իրականացված աշխատանքները եւ անելիքները Ֆրանցիսկա Քնոլլը ներկայացնում է նաեւ Հայաստանում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելին: Վերջինս Սյունիքի բարձրավանդակում է Գերմանիայի արտգործնախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով: Հիացած է լանդշաֆտի գեղեցկությամբ եւ ժայռապատկերների առատությամբ. «Հայաստանն աշխարհին հայտնի է ինչպես բնական, այնպես էլ մարդու կողմից ստեղծված հուշարձաններով` խաչքարերով, եկեղեցիներով: Ժայռապատկերները, սակայն, լավ ներկայացված չեն: Կարծում եմ, որ մեր ծրագիրը կաջակցի մշակութային այս արժեքը հայտնի դարձնել աշխարհին»:

Դեսպանը նաեւ նկատել էր` որոշ պատկերներ բաց երկնքի տակ ժամանակի ընթացքում քայքայվում, ոչնչանում են, հետեւաբար ժայռապատկերների միջոցով մեզ փոխանցված ինֆորմացիան չկորցնելու համար ավելի է կարեւորվում փաստագրման աշխատանքը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ համագործակցությամբ: Արդեն տպագրվել է «Հնագիտությունը Հայաստանում» գրքի 2-րդ հատորը: Կգործի ինտերնետային կայք, որտեղ կներկայացվի Սյունիքի ժայռապատկերների մասին ողջ տեղեկատվությունը: Իսկ վերջնական արդյունքը կլինի Սյունիքի ժայռապատկերները` որպես եզակի հուշարձան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելը:

ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40