Սյունիքի թագավորությունը (970/87-1170)

31.01.2024 11:14
705

Սյունիքի թագավորությունը մեծ դեր է խաղացել X-XII դդ. Հայաստանի ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում, հատկապես Բագրատունյաց հարստության անկումից հետո (1045 թ.):

Սյունիքի թագավորության հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ. Սիսական պատմիչ Ստեփանոս Օրբելյանն այն չի թվագրում, ինչը տեղիք է տվել տարակարծությունների: Մի խումբ գիտնականներ (Թ. Հակոբյան, Գր. Գրիգորյան, Ս. Հախվերդյան) Սյունիքի թագավորության հիմնադրումը թվագրում են 970-ով, Ա. Աբրահամյանը` 973-ով, Բ. Հարությունյանը` 987-ով: Սակայն մի բան պարզորոշ է. Սյունիքի թագավորության հռչակման գործընթացն սկսվել է Հայոց Մեծաց Վահան Ա. Սյունի կաթողիկոսի (968-969) պաշտոնանկությամբ, որը մեղադրվում էր քաղքեդոնականությանը հարելու մեջ և ավարտվել Տաշիր-Ձորագետում Կյուրիկյան հարստության հաստատումից հետո: Վերջինս ակնբախ է Ստեփանոս Օրբելյանի տեղեկությունից: Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունը, ըստ Մխիթար Այրիվանեցու,  ստեղծվել է 981 թ., Ռ. Մաթևոսյանի կարծիքով` 972 թվականին:

Ստեփանոս Օրբելյանը Սյունիքի թագավորության առաջացումն արդարացնում է մի շարք հանգամանքներով, նախ` արաբական բռնության ուժեղացմամբ և  Բագրատունիների իշխանության թուլացմամբ, որոնք արդեն իշխում էին միայն Շիրակին ու Այրարատին` մինչև Գեղարքունիք, Ուխտիք, Կարին, Վասպուրականի սահմանը, Ձորագետ ու Գարդման, դրանցից Սյունյաց լեռնաշխարհի կտրվածությամբ, ապա` կենտրոնից երկրի գլխավոր նախարարական տների անջատմամբ: Դրա համար էլ, ինչպես գրում է Օրբելյանը, Սյունյաց գահերեց իշխան Սմբատը քրեական մեղք չհամարեց` Խորասանի մեծ սուլթանից թագ ստանալով և թագավոր հռչակվելով: Բացի այդ, ըստ Սիսական պատմիչի, եթե Բագրատունիները, որ գերեվարությամբ բերված էին հրեա Հրաչեից, արժանի գտնվեցին Հայոց գահին, ապա որքա՜ն առավել արժանի էին Սյունյաց իշխանները, որ Հայկից ակնհայտ հարազատությամբ որդիները հայրերին փոխարինելով բնիկ իշխանությամբ եկել-հասել էին այժմյան ժամանակները:

Թեև Ստեփանոս Օրբելյանը Սյունիքի թագավորության հիմնադիր Սմբատին (970/87-998) համարում է որդին Սահակ իշխանի, բայց իրականում նա եղել է Սյունյաց մեծ իշխանաց իշխան Վասակի ուստրը, ինչը փաստում է Վայոց ձորի Կարմրաշեն գյուղի մոտի 990 թ. խաչքարի արձանագրությունը: Ամեն դեպքում ժամանակի դրոշմ հանդիսացող վիմագրի հիշատակության արժանահավատությունը գերակա է դեպքերից շուրջ երեք հարյուր տարի հետո ապրած պատմիչի հաղորդածից:

Սյունյաց գահերեց իշխան Սմբատի կենտրոնախույս քաղաքականությունն ու թագավոր հռչակվելն առիթ տվեցին Հայոց հզորագույն Գագիկ I Շահանշահ Բագրատունի արքայից արքային (990-1020), հանուն երկրի միասնության, 990-992 թթ. պատժիչ արշավանք ձեռնարկելու դեպի նորաստեղ Սյունյաց թագավորություն: Արշավանքը Գագիկ I-ն սկսում է Վայոց ձորի գրավմամբ, որի Եղեգիս ավանում IX դարից հաստատվել էր Սյունյաց վարչաքաղաքական կենտրոնը` ռազմական հենակետ ունենալով դեռևս վաղ ժամանակներում կառուցված անառիկ ամրոցը, որը Սմբատաբերդ է կոչվում Սմբատ I-ի անունով, ով ամրացրել էր հնամենի այդ բերդը: Գագիկ I-ի պատժիչ արշավանքի արդյունքում Սյունյաց թագավոր Սմբատ I-ը, կորցնելով Վայոց ձորը, Ծղուկք գավառի հյուսիսային մասը, Ճահուկն ու Աղահեճքը, նաև այլ տարածքներ, քաշվում է բուն Սյունիք, դեպի Հաբանդ գավառ, որտեղ էլ մահանալով` թաղվում է Տաթևի վանքում:

Սյունյաց Սմբատ I թագավորի կինը` Շահանդուխտ I թագուհին, Աղվանից մեծ իշխան Սևադայի դուստրն էր, որը 1000 թ. կոփածո քարերով կառուցում է Որոտնավանքի Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, այն դարձնում վանք` տեղում հաստատելով կրոնավորների միաբանություն: Եկեղեցու բակում շինում է նաև աղոթատուն` կրաշաղախ քարե շարվածքով, ինչպես նաև պահեստներ, արհեստանոցներ, և վանքը շրջափակում պարսպով: Վանքի համար սահմաններ է առանձնացնում Վաղատնից, նրան է հանձնում Ծղուկ գավառի Գոմեր ագարակը: Ինքն էլ վախճանվելով` թաղվում է նույն սրբարանի բակում: Սմբատի և Շահանդուխտի կրտսեր որդին` Սյունյաց թագավորության իշխանաց իշխան (զորաց հրամանատար) Սևադան 1006 թ. Որոտնավանքում կառուցում է Ս. Կարապետ գմբեթահարկ եկեղեցին ու գավիթը` բակում, որտեղ ինքն է հանգչում: Որոտնավանքի պահով Ստեփանոս Օրբելյանն այն ուշագրավ տեղեկությունն է հաղորդում, որ այդ վանքը բուժում է թունավոր օձերից խայթվածներին, ինչպես Արագածոտնի Փարպի գյուղի եկեղեցին` մարդկանց և անասուններին` անբուժելի կատաղի ցավից: Կարծում ենք` խոսքի վերջը Փարպիի Ծիրանավորի մասին է:

Սմբատ I-ի մահից հետո Սյունյաց թագավոր է դառնում նրա ավագ որդին` Վասակ Կտրիճը (998-1040): Գագիկ I-ը կնության էր առել Վասակ I-ի դստերը` Կատրանիդեին` 1001 թ. Անի մայրաքաղաքի մարգարիտ Ս. Աստվածածին կաթողիկե մայր տաճարը կառուցողին: Այդ ամուսնությամբ Հայոց դիվանագետ թագավորը Սյունյաց լեռնաշխարհը կապում էր կենտրոնին: Ի դեպ, Արագածոտնի նորահայտ արձանագրություններից մեկում Կատրանիդեն իրեն կոչում է «Թագուհեաց թագուհի», ինչը լիովին համահունչ էր նրա ամուսնու` «Հայոց և Վրաց արքայից արքա» բարձրակոչ հորջորջմանը: Որպեսզի ընթերցողներին ձերբազատենք տարակուսանքից, թե ինչու մենք Կատրանիդե անունը գրում ենք «ն»-ով, այլ ոչ «մ»-ով, ինչպես պատմիչներն ու ուսումնասիրողները, նշենք, որ այդ անձնանունը ծագում է արաբերեն «կղատր» (ﻗﻁﺭ)` «կաթիլ» և «նադա» (ﻨﺩﺍ)` «ցող» բառերից և նշանակում է «Ցողի կաթիլ»: Դրանով այն համարժեք է դառնում հայերեն Ցողիկ անձնանվանը: Ինքը` Կատրանիդե Հայոց թագուհին, իր անունը «ն» տառով է վավերացրել Անիի մայր տաճարի շինարարական արձանագրությունում:

Սյունիքի Վասակ թագավորի խնդրանքով և Հայոց թագուհի Կատրանիդեի միջամտությամբ 1006 թ. Սարգիս Ա. Սևանցի կաթողիկոսը (990-1019) վերականգնում է տակավին IV դարի կեսին Ներսես Մեծ հայրապետի (353-373) հաստատած Սյունյաց աթոռի մետրոպոլիտության բարձր կարգավիճակը (այն իր մեջ էր ընդգրկում Սյունյաց 12 եպիսկոպոսությունների), որից Սյունյաց թեմին Հակոբոս Ա մետրոպոլիտի երկիցս անհնազանդության պատճառով 950-ական թթ. զրկել էր Անանիա Ա. Մոկացի վեհափառը (946-968)` այն իջեցնելով եպիսկոպոսության մակարդակի:

Ավելի քան 40 տարի գահակալելուց հետո Սյունյաց Վասակ թագավորը վախճանվում է և թաղվում Տաթևի վանքում` իր հայր Սմբատի կողքին:

Վասակն արու զավակ չուներ, և Սյունյաց մեծամեծերը որոշում են գահին բազմեցնել նրա քրոջ ավագ որդի, Բաղքի գահակալ իշխան, Սիսական աշխարհի իշխանաց իշխան Աշոտիկի ուստր Սմբատին:

Սմբատ II-ի թագավոր հռչակվելով (1040-1051)` Սյունյաց թագավորության վարչական կենտրոնը Հաբանդ գավառից տեղափոխվում է Բաղք և հաստատվում Կապան բերդաքաղաքում: Այս շրջանից է, որ Սյունյաց թագավորությունն սկսեց կոչվել նաև «Բաղաց թագավորություն», «Կապանի թագավորություն»:

Կապան քաղաքի ավերակները գտնվում են Վահանավանքից 2,5-3 կմ դեպի արևմուտք` Աչաղու պատմական գյուղի դիմաց, Ողջի գետի բարձրադիր աջ ափին, որին տեղացիներն անվանում են «Տանձուլենջ»: Կապանը հիշատակվում է V դարից:

Այն Սյունյաց Ձագիկյան իշխանական տան ոստանն էր, որը X դարում արդեն ծաղկող քաղաք էր: Բերդաքաղաքի տեղանքը նախ և առաջ այնպես էր ընտրված, որ այն պաշտպանված լիներ բնական արգելքներով: Նրա հյուսիսային մասի անանցանելի խորը կիրճով, որն ուներ խիստ զառիվեր անտառապատ լանջ և դիմացը մի քանի հարյուր մետրի հասնող ժայռ,  հոսում էր Ողջի գետը: Հարավում ձգվում էին Արևիքի բարձրաբերձ և ժայռոտ լեռները: Արևմուտքից քաղաքը պաշտպանվում էր Բաղաբերդ և Բաղակի քար անառիկ ամրոցներով: Բնականից միակ թույլ կողմը արևելքից էր, որտեղ քաղաքի պաշտպանության համար կառուցվել էր պարիսպ: Այսօր այդ պարսպի հետքերը հազիվ նշմարելի են, իսկ աշտարակներից նկատելի են չորսը, որոնցից պահպանվել են հիմքերը` 1-2 մ բարձրությամբ: Քաղաքը կառուցված է եղել եռանկյունաձև տարածության վրա, որի երկարությունը հասել է մինչև 3 կմ, իսկ լայնությունը` 150-700 մ:

Սյունքի թագավորությունն իր մեջ ընդգրկում էր նախկին  Սյունյաց նահանգի հարավային մասը և մոտ երկու անգամ փոքր էր վերջինից` կազմելով 7377 քառ. կմ (Սյունյաց նահանգի պատմական տարածքը կազմել է 15237 քառ. կմ): Թագավորության սահմաններն անցնում էին. արևմուտքում Սյունյաց կամ Զանգեզուրի լեռների հարավային հատվածով, հարավում` Երասխ կամ Արաքս գետով, արևելքում` Աղավնո կամ Հագարի գետով, հյուսիսում` Աղավնո գետի Սպիտակաջուր վտակով և Որոտանի ջրբաժան լեռներով ու Իշխանասարի լեռնազանգվածով դեպի արևմուտք` մինչև Սյունյաց լեռների հետ հատվելը:

Նշված սահմաններում Սյունիքի թագավորութունն իր կազմում ընդգրկում էր Բաղք, Ձորք, Կովսական, Արևիք, Հաբանդ գավառներն ամբողջությամբ և Ծղուկ գավառի հարավային մասը:

Թագավորությունն ունեցել է 43 բերդ (որից 12-ն առավել նշանավոր), 48 վանք, 1 քաղաք (Կապանը) և 1008 գյուղ:

Սմբատ II թագավորը վախճանվել է 1051 թ. և ամփոփվել Սյունյաց թագավորության վեհության և փառքի տաճար Վահանավանքում, որտեղ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ թաղված են Բաղաց և Աղվանից բազում թագավորներ ու թագուհիներ: Տեղում 1966 թվականից անխոնջ գիտնական Գր. Գրիգորյանի ղեկավարած պեղումների արդյունքում ավելի քան 600 տարվա հողի խորը շերտերից վեր հանված,  վերականգնված և եկող սերունդներին ավանդված Վահանավանքից հայտնաբերված արձանագրությունները դա են վկայում:

Սյունյաց գահին բազմում է նրա եղբայր Գրիգոր I-ը, քանզի Սմբատը ժառանգ չուներ: Այդ երկու եղբայրներն իրենց հոր անունով կոչվում են «Աւագ Աշոտեանք»: Նրանք երկուսով զբաղվել են լայն շինարական աշխատանքներով: Աջակցել և ամեն պետքականով օգնել են Տաթևի վանքի, Վահանավանքի, Բղենո Նորավաքի և այլ հոգևոր կրթական կենտրոնների վերանորոգման աշխատանքներին: 1046 թ. նրանք երկուսով հիմնանորոգում են Վահանավանքի գլխավոր` Ս. Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցին (կառուցվել է 911 թ. Վահան Ձագիկյան իշխանի կողմից), կից սրահն ու ժամատունը` արձանագրելով. «Որք մտանէք յարկս սրբութեան, զսոցա յաղաւթս յիշեցէք»:

Գրիգոր I-ի կինն էր Արցախի ականավոր տիրակալ Սահակ-Սևադա II-ի դուստր Շահանդուխտը: Սյունյաց Շահանդուխտ II թագուհին (1051-1116) իր քույր Կատայի (Կատրանիդե անվան կրճատ ձևն է) հետ միասին, համաձայն Վահանավանքի ենթադրյալ սեղանատան անթվակիր արձանագրության, կառուցել են չորս եկեղեցի` Ս. Հարություն, Ս. Սիոն, Ս. Ստեփանոս Նախավկա և Ս. Աստվածածին: Այս եկեղեցիներից Վահանավանքում գտնվում է Ս. Աստվածածինը` կառուցված 1086 թվականին: (Ի դեպ, դրա գավթից դեպի եկեղեցի տանող մուտքի աջակողմում կանգնեցված է Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հուշակոթողը, որի արձանագրությունում ասվում է, որ նա, նեղվելով տաճիկներից, եկել ու հանգել է աստվածասեր թագուհի Շահանդուխտի և Կատայի շինած եկեղեցու գավթում: Դա Աղվանից Ստեփանոս Ա. հայրապետն է, որը 1081 թ. Հաղբատի վանքում բուն Հայաստանի կաթողիկոս ձեռնադրեց Անի-Շիրակի արքեպիսկոպոս Բարսեղ Պահլավունի-Ապիրատյանին, որը հետագայում` 1105-1113 թթ., Ամենայն հայոց կաթողիկոսն էր` Բարսեղ Ա. Անեցի): Վահանավանքում գտնվել է նաև Աղվանից Սահակ-Սևադա II արքայի կնոջ, Շահանդուխտ II-ի մոր` Աղվանից Սոփի թագուհու 1081 թ. տապանաքարը: (Դժվար չէ կռահել, որ Արցախի իշխանավորները հետապնդվում էին Գանձակում հաստատվող սելջուկ-թուրքերից, որոնք աստիճանաբար բռնազավթում էին Արցախական աշխարհը):

Գրիգոր I թագավորը վախճանվել է 1072 թ. և թաղվել Վահանավանքի մեծ տաճարի սյունասրահում` եղբոր կողքին:

Վահանավանքի Ս. Աստվածածին կրկնահարկ եկեղեցու 1086 թ. վիմագրից իմանում ենք, որ Գրիգոր I-ը և Շահանդուխտ II-ը նույնպես ժառանգ չեն ունեցել: Սյունյաց ազնվականության միահամուռ որոշմամբ 1072 թ. գահին է բազմում Շահանդուխտ II-ի կրտսեր եղբայր Սենեքերիմը: Նա, Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ, եղել է գեղեցիկ, առույգ, հանճարեղ և իմաստուն պատանի: Սենեքերիմը (1072-1094/96) թերևս Սյունյաց թագավորների մեջ ամենազորեղն էր. հզոր ռազմաքաղաքական գործիչ էր և հմուտ դիվանագետ: Մտերմանալով սելջուկ տերության մեծ սուլթան Մելիք-Շահի (1072-1092) հետ և օգտվելով նրա բարյացակամ վերաբերմունքից` Սենեքերիմը հաղթական պատերազմներ է մղում հարևան սելջուկների դեմ, որոնք բռնազավթել էին  Սյունյաց հողերը և կարողանում է ընդարձակել իր տերության սահմանները: Ուշագրավ է, որ Տաթևի նվիրատվական արձանագրուևթյուններից մեկում Սենեքերիմն իրեն իրավունք է վերապահում կոչվելու է Հայոց թագավոր (Բագրատունյաց երբեմնի թագավորությունն այլևս չկար) և հստակեցնում, որ «կացեալ ի Սիսական և Բաղաց աշխարհիս»: Ապա Տաթևի վանքին է նվիրաբերում «արեան գինք գաւառացս ի Ծղուկ նահանգի զԱրիտ աւան»-ը: Սյունյաց մեծ իշխան Հասանը Գանձակի Ֆադլուն (Փատլուն) ամիրայից ազատագրում է Կովսական գավառը և տեղի Նորաշինիկ ու Ձեռատիվանք գյուղերը նվիրաբերում Տաթևի վանքին, որոնք ժամանակներ առաջ դրա կալվածքներն էին: Սենեքերիմը հաստատում է վճիռը քաջ զորապետի, որը տաճիկներից այդ գյուղերն ազատագրել էր իր արյամբ:

Իրադրությունը Սյունիքում կտրուկ փոխվում է Մելիք-Շահի մահից (1092 թ.) հետո:

1094/96 թ. Գանձակի Ելտկուզ ամիրան բազմամարդ զորքով պատերազմելու է գալիս Սենեքերիմի դեմ: Վերջինս, ամրանալով անառիկ Բաղաբերդ ամրոցում, պատրաստվում էր դիմակայության: Ելտկուզի բանակում էր գտնվում Շիրակի իշխան Գրիգոր Ապիրատը, որը Անիի Շադադյան ամիրայության զորքերի հրամանատար էր: Ելտկուզը` տեսնելով, որ ուժով չի կարող հաղթել Սենեքերիմին, դիմում է խաբեության: Նա Գրիգոր Ապիրատի միջոցով երդմամբ Սենեքերիմին իր մոտ է հրավիրում` բարեկամություն հաստատելու: Բանակցությունների ժամանակ Ելտկուզը, ինչպես չարաթույն գազան, իր պայմանը դրժելով` մռլտոցով հարձակվում է թագավորի վրա, սպանում նրան, ապա թողնում-հեռանում իր երկիրը: «Ահա այսպես մարեց քրիստոնյաների ճրագը, որ մնացել էր Բաղքի ամուր տեղում»- գրում է Օրբելյանը: Սենեքերիմին հուղարկավորում են Վահանավանքում` ուրիշ թագավորների շիրիմների մոտ: Սակայն հարկ է նշել, որ մինչ օրս չի հայտնաբերվել Սենեքերիմի գերեզմանը:

Սենեքերիմի մահով Սյունյաց թագավորությունն անկում ապրեց: Գահին նրան հաջորդում է որդին` Գրիգորը II-ը (1096-1166), որն «ընդ աղօտ թագաւորեալ»:

XII դարը սկզբնավորվում է դեպի Սյունյաց թագավորություն սելջուկ-թուրքական արշավանքներով: 1103 թ. Մելիք-Շահի երբեմնի մատռվակ Չորթմանը ներխուժում է Բաղք գավառ` նպատակ ունենալով գրավել Կապան մայրաքաղաքը, ոչնչացնել Սյունիքի զինական ուժը և վերջնականապես լուծել «Սյունյաց խոչընդոտի» հարցը: Չորթմանի հրոսակները կոտորածն սկսում են Կապանի Ջհտաթաղ կոչված արվարձանից, որտեղ, ըստ որոշ ուսումնասիրոողների, ապրել են հրեաներ (այդ  վարկածը Սյունյաց պատմության գիտակ Գր. Գրիգորյանը խիստ վերապահությամբ էր ընդունում): Թշնամին չի կարողանում գրավել արքայանիստ Բաղաբերդ ամրոցը և թալանած հարուստ ավարով հեռանում է Կապանից:

1104 թ. սելջուկներն արշավում են Որոտան և Բղենո գավառ, գերեվարում Խոսրովիկ իշխանին, սակայն առաջանալ չկարողանալով` ետ են քաշվում:

1126 թ. սելջուկ Հարոն ամիրան գրավում է Արևիք գավառը:

1152 թ. թուրքերը նվաճում են Շլորուտի բերդը:

1157 թ. ընկնում է Մեղրու բերդը:

1166 թ. մահանում են Սյունյաց Գրիգոր II թագավորը և նրա եղբայր Սմբատը: Գրիգոր II թագավորն արու զավակ չուներ: Նա իր միակ դստերը` Կատային, ամուսնացրել էր արցախցի իշխանազն Հասան Գեռաքարեցու հետ, որին հռչակել էր Սյունյաց գահաժառանգ:

1170 թ. սելջուկները պաշարում են անառիկ Բաղաբերդ ամրոցը: Կանխազգալով պարտության անխուսափելիությունը` Հասան Խաչենցին իր ընտանիքով գիշերը հեռանում է Արցախ: Թուրքերը գրավում են Բաղաբերդը: Հափշտակվում են ամրոցում ամբարված ավելի քան 10.000 ձեռագիր մատյանները, եկեղեցական սրբությունները, կողոպտվում արքունական գանձերը: Բաղաբերդի անկումը պատմիչը համեմատում է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքայի կողմից Երուսաղեմի կործանման հետ:

Բաղաբերդի անկմամբ պատմության ասպարեզից վերանում է բուն Հայաստանի վերջին քաղաքական կազմավորումը` Սյունյաց թագավորությունը, որը գոյատևեց 200 տարի շարունակ:

                                  

Գահացանկ Սյունյաց թագավորների

             (համադրությամբ վիմագրական և մատենագրական սկզբնաղբյուրների)

Սմբատ I` որդի Վասակի - 970/87-998

Վասակ` որդի Սմբատ I-ի – 998-1040

Սմբատ II` որդի Աշոտիկի – 1040-1051

Գրիգոր I` որդի Աշոտիկի – 1051-1072

Սենեքերիմ` որդի Սևադայի- 1072-1094/6

Գրիգոր II` որդի Սենեքերիմի-1096-1166

 Հասան Խաչենցի -1166-1170:

 

 Աղբյուրների և գրականության ցանկ

Պատմութիւն նահանգին Սիսական, արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց, Թիֆլիս, 1910:

Ստեփանոս Օրբելյան,  Սյունիքի պատմություն (թարգ., ներած. և ծանոթագր. Ա. Աբրահամյանի), Եր., Սովետ. գրող հրատ., 1986: 

Ալիշան Ղ., Սիսական: Տեղեկագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ-Ս. Ղազար, 1893:

Գրիգորյան Գր., Սյունիքի թագավորությունը, «Պատմաբանասիրական հանդես», 2006, № 2, էջ 134-145:

Գրիգորյան Գր., Վահանավանք, Երևան, «Զանգակ-97» հրատ., 2007:

Գրիգորյան Գր.,  Հախվերդյան Ս., Սյունիքի պատմություն, Երևան, «Հրազդան» հրատ., 2001:

«Հայ ժողովրդի պատմություն», ՀՍՍՀ ԳԱ  հրատ., հ. III, Երևան, 1976:

«Հայոց պատմություն», ՀՀ ԳԱԱ, հ. II, գիրք II, Երևան, «Գիտություն» հրատ., 2014:

Հակոբյան Թ., Սյունիքի թագավորությունը պատմա-աշխարհագրական առումով, Երևան, 1966:

Հարությունյան Բ., Սյունյաց թագավորության հիմնադրման տարեթիվը, «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, № 1:

Մանուչարյան Ա., Սյունիք-Արցախ պատմական առնչությունները (IX-XII դդ.), «Լրաբեր հասարակական գիտությունների», 2005, № 1, էջ 198-207:

Մանուչարյան Ա., Սյունյաց թագավորության հիմնադիր Սմբատը Սահակի՞ որդին է, թե՞ Վասակի,  «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն», 2014, № 1, էջ 22-30:

Սահակյան Տ., Սյունյաց թագավորության հիմնումը և նրա քաղաքական դերը XI դարում, «Պատմա-բանասիրական հանդես», 1966, № 3:

Աշոտ Մանուչարյան

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ավագ գիտաշխատող

 

 

 

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01