Սյունիքի թագավորությունը (X-XII դարեր)

23.01.2024 15:47
964

Միջնադարյան Հայաստանի քաղաքական կազմավորումների պատմության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում Սյունիքի ավատական թագավորությունը, որի հանդես գալու համար X դ. երկրորդ կեսին ստեղծվել էին մի շարք նախադրյալներ, որոնցից հիշատակելի են.

1. միջավատական հարաբերությունների հստակեցման մղումով առաջացած սուր ճգնաժամը,

2. իշխանական հզոր տոհմերի մրցապայքարը գերագահության համար և տարածքային հավակնությունները,

3. Բագրատունյաց թագավորության ժամանակավոր թուլացումը,

4. արտաքին ուժերի խանգարիչ գործոնը (միջամտությունը):

Ընդամենը 21 տարի էր անցել Հայկական պետականության    վերականգնումից (885 թ.), երբ հայոց աշխարհի բնիկ տերերը սիրո և միաբանության նշանաբանով ժամանել էին Տաթև՝ ուրախությամբ նշելու Սյունյաց եպիսկոպոսական աթոռի մայր տաճարի՝ Պողոս-Պետրոս եկեղեցու նավակատիքը: 906 թ. օծման արարողություններին մասնակցում էին երկրի բոլոր հզոր տերերը՝ հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, պատմիչ-կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին, Աղվանքի կաթողիկոս Սիմեոնը, Վասպուրականի և Արծրունյաց տեր Գագիկը, Գեղարքունիքի մեծ իշխան Գրիգոր Սուփանը, արցախական աշխարհի Եսայի և Ատրներսեհ իշխանները, Գարդմանա տեր Սահակ-Սևադան, Աշոտ և Վասակ Գնթունիները, Սյունյաց գահերեց և գահակալ իշխաններ Աշոտը, Ձագիկը, Հրահատը և բազմաթիվ այլ հյուրեր... Ամբողջ հայ ժողովուրդը ցնծության մեջ էր:

Սակայն չէր անցել նույնիսկ երկու տարի, երբ արտաքին ուժերի սադրանքով Գագիկ Արծրունին 908 թ. արաբական ոստիկան Յուսուփի աջակցությամբ իրեն հռչակեց Հայաստանի թագավոր՝ առաջին սեպը խրելով հայոց միասնության մեջ: Պատճառը Նախիջևանն էր, որ Սմբատ Ա Բագրատունին վերցրեց Վասպուրականից և հանձնեց Սյունյաց գահերեց իշխանին: Սա, թերևս, առաջին լուրջ սխալն էր, որ թույլ տրվեց Բագրատունիների կողմից և, փաստորեն, առիթ հանդիսացավ քաղաքական երկպառակության: Այնուհետև աստիճանաբար բզկտվեց Հայաստանի քաղաքական քարտեզը գերագահության մարմաջով բռնված իշխանական հզոր տոհմերի միջև:

Առանձին թագավորություն ունենալու խմորումներ առաջացան նաև Սյունիքում, որի հզոր տերերից Վասակ Գաբուռն ամուսնացած էր Բագրատունյաց արքայադուստր, աշխարհաշեն Մարիամի հետ: Սյունյաց բարձրաստիճան հոգևորականությունը և հատկապես Վահան եպիսկոպոս (հետագայում՝ կաթողիկոս) Ջևանշերյանը՝ Բաղք-Ձորք գավառների գահակալ իշխան Ձագիկի թոռը, բացահայտորեն կամ ծածուկ նպաստում էր այդ գաղափարի իրականացմանը: Եվ, ահա, 970 թ. Սյունյաց գահերեց իշխան Աշոտի թոռը՝ Սահակի որդի Սմբատը, նույնպես արտաքին ուժերի սադրիչ միջամտությամբ իրեն հռչակեց Սյունիքի թագավոր:

Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, որ ընդհանուր առմամբ կողմնակից էր կենտրոնաձիգ իշխանության ամրապնդմանը, Սյունիքի հարցում խոտորվում է իր սկզբունքից՝ ջանալով ամեն կերպ արդարացնել Սյունյաց թագավորության առաջացումը պատմական թատերաբեմում: Այս մեծատոհմիկ իշխանազունը չէր երկմտում, որ ինչպես Սյունիքի, այնպես էլ Աղվանքի (Փառիսոսի), Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյանների), Կարսի (Վանանդ-Բասենի) և այլ փոքրիկ արքայիկների հանդես գալը խարխլում և բզկտում էր Հայաստանի միասնական պետության քաղաքական և տնտեսական հիմքերը, ինչին ձգտում էին օտար իշխանավորները, տվյալ դեպքում՝ Արաբական խալիֆայությունը: Մինչ այդ էլ արաբական կուսակալ Ափշինը ամեն կերպ գրգռում էր Վասակ իշխանին «թագ կապել» Սյունյաց աշխարհում, սակայն, ինչպես նույն պատմիչն է վկայում, այս հեռատես իշխանը «ոչ կամեցաւ ապստամբական անուն ժառանգել»1  և կտրականապես մերժեց նրան:

Սյունիքում առանձին թագավորություն հաստատելու փաստը Ստեփանոս Օրբելյանը հիմնավորում է Բագրատունյաց արքայատան ազդեցության ոլորտների նվազմամբ, ինչպես նաև նահանգի հեռավորությամբ, քանզի Բագրատունիներն իշխում էին Շիրակում, Այրարատում, Գեղարքունիքում, Կարինում, մինչև Ձորագետ, և Սյունիքը կտրված էր Բագրատունիներից: Նահանգի հեռավորության այս վարկածը տրամաբանական չէ, հետևաբար, անընդունելի է: Երկրորդ վարկածը բխում է տոհմական փառասիրությունից և ուղղված է Բագրատունիների ոչ հայկական ծագում ունենալու, այսինքն՝ իշխելու իրավական կարգավիճակի հիմնավորվածության խնդրին: Այդ ինչո՞ւ, գրում է Սյունյաց տոհմիկ պատմիչը, Հրաչեի կողմից գերեվարված Բագրատունիների ժառանգներից կարող են օծվել հայոց թագավորներ, իսկ Սյունյաց աշխարհից՝ ոչ: Չէ՞ որ «Ի Հայկայ երևելի հարազատութեամբ որդիք զհարս փոխանակելով և տերութեամբ եկեալ հասեալ էին մինչև ցայժմ»2: Սյունյաց աշխարհի իշխանները «երբեք ոչ ըմբոստացան ի հայրենի տերութեանցն», ուստի «քրեական մեղք» չի կարելի համարել Սմբատի գահակալությունը3, բացականչում է Սյունյաց աշխարհի մտավորական գործիչը:

Հայաստանի քաղաքական այս կազմավորումը պատմագիտական գրականության մեջ կոչվում է Բաղաց կամ Կապանի թագավորություն: Ըստ «Աշխարհացոյցի», նրա կազմի մեջ ընդգրկվել են նախարարական շրջանի 12 գավառներից 7-ը (Բաղք-Քաշունիքի հետ՝ 8)՝ ներկայացնելով հետևյալ պատկերը.

1. Ծղուկ - 1950 կմ2 (այժմյան Սյունիքի մարզի Սիսիանի ենթամարզը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 7-րդ գավառը),

2. Աղահեճք - 1402 կմ2 (այժմյան Քաշաթաղի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 6-րդ գավառը)4,

3. Հաբանդ - 1325 կմ2 (այժմյան Գորիսի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 8-րդ գավառը),

4. Բաղք (Քաշունիքի հետ) - 925 կմ2 (այժմյան Կապանի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 9-րդ գավառը),

5. Ձորք - 525 կմ2 (այժմյան Կապանի շրջանի Գեղվաձորը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 10-րդ գավառը),

6. Արևիք - 625 կմ2 (այժմյան Մեղրիի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի» Սյունիքի 11-րդ գավառը):

7. Կովսական - 625 կմ2 (նախկին Զանգելանի և մասամբ Կապանի շրջանները, ազատագրումից հետո վերանվանված դարձյալ Կովսական: Ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 12-րդ գավառը):

Ակադ. Հ. Մանանդյանի կարծիքով՝ «Կապանի համեմատաբար ընդարձակ թագավորությունը պարունակել է իր մեջ Սյունյաց աշխարհի մեծագույն մասը»5: Պատմահամեմատական քննությունը ցույց է տալիս, որ նախարարական շրջանի 15237 կմ2-ից Սյունիքի թագավորության կազմում ընդգրկվել է 7377 կմ2, հետևաբար, անընդունելի է այն վարկածը, ըստ որի՝ Սյունիքի թագավորությունն ունեցել է նախարարական շրջանի ընդհանուր տարածքի 1/3-ը, այսինքն՝ 5079 կմ2:

Թվարկված վարչատարածքային միավորների մեջ բացակայում են Գեղարքունիք (Մարտունու և Գավառի շրջաններ), Սոդք (Վարդենիսի շրջան) և Վայոց ձոր (Եղեգնաձոր և Վայք) ընդարձակ գավառները, որոնք տարբեր ժամանակներում միացվել էին Շիրակի Բագրատունյաց թագավորությանը:

Սյունիքի թագավորության զբաղեցրած տարածաշրջանի մեջ եղել են նաև այլ գավառակներ (Այլախ, Բղեն, Այլք), սակայն դրանք առաջացել էին նահանգի մեծ ու ընդարձակ գավառների ծայրամասերի տրոհումից, ուստի ներառվել են Ստեփանոս Օրբելյանի «Հարկացուցակի» մեջ:

Սյունիքի առաջին գահակալը՝ Սմբատ Սահակյանը վախճանվեց 998 թ. և ամփոփվեց Տաթևի վանքում: Գահը ժառանգեց որդի Վասակը (998-1040), որը «ազատակոյտ բազմութեամբ» թագավոր օծվեց Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով: Նրա կրտսեր եղբայր Սևադան դարձավ իշխանաց իշխան: Վասակ թագավորի միամորիկ դուստրը՝ Կատրանիդեն, որին ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին սխալմամբ կոչում է վրաց Գիորգի թագավորի դուստր6, ամուսնացած էր Գագիկ Ա Բագրատունի թագավորի (989-1020) հետ և իր մոր՝ Սյունյաց թագուհի Շահանդուխտի նման զբաղված էր շինարարական լայն գործունեությամբ: Կատրանիդեն ավարտին հասցրեց Անիի մայր տաճարի կառուցումը, որի մասին վկայում է պահպանված վիմագիր արձանագրությունը7: Վասակ թագավորի խնդրանքով և նրա դստեր՝ թագուհի Կատրանիդեի միջամտությամբ վերականգնվում է Սյունիքի մետրոպոլիտությունը, որը շնորհված էր նահանգի հոգևոր առաջնորդներին դեռևս IV դարում Ներսես Մեծի կողմից և վերացվել էր Անանիա Մոկացի կաթողիկոսի կոնդակով X դ. 60-ական թվականներին:

Պատմական որոշակի արժեք է ներկայացնում Սարգիս Սևանցի կաթողիկոսի 1006 թ. շրջաբերական նամակը՝ ուղղված Վասակ թագավորին և Սյունյաց Սևադա ու Աշոտ իշխաններին՝ Սյունիքի հոգևոր թեմին ենթակա հարկատու գավառների մասին: Ի թիվս այլ գավառների՝ այստեղ մտցված են Նախիջևանը, Ագուլիսը, Ջուղան, Օրդվատը (Օրդուբադը), Երնջակը, Ճահուկը և այլ բնակավայրեր8: Ինչպես տեսնում ենք, եկեղեցական վիճակների բաժանումն աշխարհագրորեն կարող էր չհամընկնել նահանգի վարչաքաղաքական բաժանվածության հետ:

Վասակ թագավորի գահակալության ժամանակ բարձրացավ ցուրաբերդցիների ապստամբության նոր ալիք: Նահանգի եպիսկոպոսի խնդրանքով այս գահակալը դաժանորեն ճնշեց «հին հայրենի տէրք» գյուղացիական համայնքների ելույթները՝ ավերակների վերածելով Ցուր գյուղը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սյունիքում դասական իմաստով ճորտատիրություն երբեք գոյություն չի ունեցել: Ազատ գյուղական համայնքը ղեկավարվել է գեղջավագով, որը հօգուտ աշխարհիկ ու հոգևոր տերերի գյուղի բնակիչներից հավաքել է պետական հարկերը և ավատին տրվող տուրքերը, ինչպես նաև եկեղեցական տասանորդը: Իրավական առումով՝ գյուղացին եղել է ազատ և ունեցել է տեղաշարժման իրավունք: Մեզ են հասել Վասակ թագավորի մի շարք հրամանագրեր ու կալվածագրեր, որոնք սկսվում են ընդունված բանաձևային կաղապարներով9. «Յանուն Աստուծոյ, այս իմ հրամանք է Վասակայ թագաւորիս...»10 կամ՝ «Կամաւն Աստուծոյ, ես՝ Վասակ, որդի Սմբատայ թագաւորի...»11: Հրամանագրերը ստորագրում և վավերացնում էր անձամբ թագավորը12: Վասակ թագավորն իր քրոջն ամուսնացրել էր Բաղք-Ձորքի և Կապանի տիրակալ իշխանաց իշխան Աշոտի (Աշոտիկի) հետ, որը երկրորդ դեմքն էր Սյունյաց թագավորությունում: Այս մասին հիշատակված ենք գտնում 1019 թ. կալվածագրերից մեկում. «Ես Սմբատ իշխան վկայ եմ քեռւոյս՝ աստուածապսակ թագաւորիս հրամանացս»13: Նույն կերպ է ստորագրել իբրև վկա հանդես եկած ապագա թագակիր Գրիգորը14:

Վասակ թագավորը գահակալեց ավելի քան 40 տարի: Նա վախճանվեց 1040 թ. և թաղվեց Տաթևի վանքի մայր տաճարի մուտքի առջև՝ «ընդ հօր իւրում Սմբատայ»15:

Վասակն արու ժառանգ չուներ, և Սյունյաց տերերը որոշեցին գահին բազմեցնել նրա քեռայր իշխանաց իշխան Աշոտի (Աշոտիկի) ավագ որդի Սմբատին (1040-1051), իսկ կրտսեր եղբայրը հոր փոխարեն հռչակվեց «իշխանաց իշխան Սիսական աշխարհիս»16: Սմբատ Բ Սյունյաց արքան յուրայինների նկատմամբ եղել է «քաղցր եւ հեզահամբոյր», սակայն «շրջակայ ազգերը» նրանից սարսափել են17: Մատթեոս Ուռհայեցին գրում է, թե ինչպես Դվինի Աբուլսուար (Աբու-լ-Ասվար) Շեդադյան ամիրան, ցանկանալով իրեն ենթարկել Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Ա Անհողինին (989-1048), 150-հազարանոց զորքով ներխուժեց Լոռի: Դավիթն օգնություն խնդրեց Անիի Հովհաննես-Սմբատ թագավորից, վերջինս էլ դիմեց Կապանի գահակալին, որը Լոռի եկավ 2000-ոց այրուձիով18: Կապանի գահակալը Սմբատ Բ թագավորն էր: 11 տարի թագավորելուց հետո (և ոչ՝ 4, ինչպես սխալմամբ նշված է «Հայ ժողովրդի պատմության» ակադեմիական հրատարակության 3-րդ հատորում19 և այլուր) նա վախճանվեց Կապան մայրաքաղաքում և թաղվեց Վահանավանքի մեծ տաճարի սյունասրահում՝ Սյունյաց արքաների ու իշխանների դամբարանատանը: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կապանի հնագիտական արշավախմբի կողմից հայտնաբերվել է նրա տապանաքարը, որի վրա փորագրված է.

«ՍՄՊԱՏ ԹԱԳԱՒՈՐ. Թ(ՈԻԱԿԱՆԻՆ) :Շ: (1051)20:

Քանի որ Սմբատ Բ արքան ժառանգ չուներ, Սյունյաց գահին են բազմեցնում նրա կրտսեր եղբայր Գրիգորին (Գրիգոր Ա Սյունյաց թագավոր՝ 1051-1072): Այս երկու գահակալ եղբայրներն իրենց հոր անունով կոչվում են «Աւագ Աշոտեանք»21: Գրիգոր Ա-ն ամուսնացած էր Արցախի ականավոր իշխան Սահակ-Սևադա Բ-ի դստեր՝ Շահանդուխտի հետ (Շահանդուխտ Բ Սյունյաց թագուհի, մահ. 1116 թ.): Նրանք նույնպես ժառանգ չունեին, որպիսի փաստը արձանագրված է Վահանավանքի Ս. Աստվածածին կրկնահարկ եկեղեցու 1086 թ. վիմական բնագրում.

Ի :ՇԼԵ: (1086) ԹՎԱԿԱՆԻՆ, ԵՍ՝ ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ԴՈՒՍՏՐ ՍԵՒԱԴԱ(Յ)Ի ԱՂՎԱՆԻՑ ԹԱԳԱՒՈՐԻ ԵՒ ԱՄՈՒՍԻՆ ԳՐԻԳՈՐ ԹԱԳԱՒՈՐԻ՝ ՈՐԴՒՈՅ ԱՇՈՏԿԱ, ՎԱՍՆ ՈՉ ԳՈԼՈՅ ՄԵՐ Ի ՄԻԱՍԻՆ ԺԱՌԱՆԳ (Ը)ՍՏ ՄԱՐՄՆՈ...22:

Ի դեպ, նշենք, որ նախորդ ընթերցողներն այստեղ կարդացել են ԿԱՎԱՍՆ անձնանունը, որպիսին իրականում գոյություն չունի. նորահնար անձնանունն առաջացել է կապակցության սխալ բառանջատման հետևանքով23: Պետք է լիներ «...ԱՇՈՏԿԱ ՎԱՍՆ...», ինչպես ճիշտ նկատել են վիմագրագետներ Ս. Բարխուդարյանն24 ու Ս. Ավագյանը25:

Սմբատ Բ և Գրիգոր Ա թագավոր-եղբայրները զբաղվել են շինարարական լայն աշխատանքներով: Աջակցել և «ամենայն պիտոյիւք» օգնել են Տաթևի վանքի26, Վահանավանքի27, Բղենո Նորավանքի28 և հոգևոր-կրթական այլ կենտրոնների վերանորոգման աշխատանքներին: Նրանց գահակալության տարիներին առավել հարստացան Սյունիքի կրոնական օջախները, առանձնապես Տաթևի վանահայրությունը, որն ուներ միաբանության ավելի քան 1000 անդամ: Սմբատ արքայի և նրա եղբայր Գրիգորի անունների հիշատակությամբ Կապանի հնագիտական արշավախումբը Վահանավանքում հայտնաբերել է հետևյալ արձանագրությունը, որը, անշուշտ, ունի պատմագիտական կարևոր արժեք.

Թ(ՈՒԱԿԱՆԻՆ) :ՆՂԵ: (1046).

ՈՂՈՐՄԵԱ Ք(ՐԻՍՏՈ)Ս Ա(ՍՏՈՒԱ)Ծ ՍՄՊԱՏԱ ԹԱԳԱՒՈՐԻ ԵՒ ԻՒՐ ԵՂԲԱՒՐՆ

ԳՐԻԳՈՐՈ, ՇԻՆՈՂԻ ՍՐԲՈ(Յ) ԵԿԵՂԵՑՈՅՍ, ՍՐԱՀԻՍ ԵՒ ԺԱՄԱՏԱՆՆ.

ՈՐՔ ՄՏԱՆԷՔ ՅԱՐԿՍ ՍՐԲՈՒԹԵԱՆ, ԶՍՈՑԱ ՅԱՂԱՒԹՍ ՅԻՇԵՑԷՔ29:

21 տարի (և ոչ՝ 40, ինչպես սխալմամբ ընդունված է պատմագիտական գրականության մեջ30) թագավորելուց հետո Գրիգոր Ա-ն մահանում է և թաղվում Վահանավանքի մեծ տաճարի սյունասրահում: Պեղումներով հայտնաբերվել է նաև նրա տապանաքարը՝ հետևյալ մակագրությամբ.

ԹՈԻԱԿԱՆ(ԻՆ) :ՇԻԱ: (1072). ԳՐԻԳՈՐ ԹԱԳԱՒՈՐ, ՈՐԴԻ ԱՇՈՏԿԱ31.

Ուրեմն՝ վերջնականապես ճշտվում են Սյունյաց այս թագավորի գահակալության տարեթվերը՝ 1051-1072, ուստի և մերժվում է նրա՝ գահին բազմելու 1044-1084 թթ. վարկածը32:

Գրիգոր Ա-ի մահվանից հետո Սյունյաց ազնվականության որոշմամբ թագավոր է հռչակվում Շահանդուխտ թագուհու կրտսեր եղբայր Սենեքերիմը, որը պատմիչի վկայությամբ եղել է «յոյժ գեղեցիկ տեսլեամբ եւ առոյգ հասակաւ՝ հանճարեղ և իմաստուն» երիտասարդ33: Նա բարեկամական հարաբերություններ է հաստատում սելջուկյան սուլթան Մելիք-Շահի (1072-1092) հետ՝ ձգտելով վերադարձնել սելջուկ-թուրքերի բռնագրաված Սյունյաց գավառները: «Յոլով գաւառս շորթեալ հանին ի Սիսական աշխարհէս՝ ի ձեռաց բնիկ տերանցն»34,- գրում է Ստեփանոս Օրբելյանը: Եվ պատահական չէ, որ օգտվելով Մելիք-Շահի բարյացակամ վերաբերմունքից, այս դիվանագետ թագավորը երբեմն նաև սրի միջոցով «ընդարձակեաց զամենայն սահմանս տէրութեան իւրոյ եւ բազում ամօք վարեաց զթագաւորութիւնն եւ խաղաղական կենօք մինչեւ ի մահ Մելիք սուլթանին, որ մեռաւ ի 541 (1092) թուականին»35: Իր հրամանագրերից մեկում Սենեքերիմը փառաբանում է Աստծուն իր հաջողությունների համար. «Աստուած անյիշաչար եղեւ առ յիս եւ ողորմեցաւ ինձ եւ կրկին հաստատեաց ի յիս զհայրենի տէրութեան իմոյ, որ խախտեալ էր ի ձեռն Իսմայէլականացն»36: Սենեքերիմը հաղթական պատերազմներ է մղել Սյունիքի Կովսական գավառ ներխուժած Փատլուն ամիրայի դեմ37:

Մատենագրական աղբյուրների համաձայն՝ Սենեքերիմն ունեցել է 3 ուստր (Գրիգոր, Սմբատ, Սևադա) և մեկ դուստր: Սակայն Վահանավանքի պեղումների ժամանակ մեծ տաճարի գավթի մեջ հայտնաբերվեց մի տապանագիր, որը վկայում է Սենեքերիմի՝ 4-րդ արու զավակ ունենալու փաստը.

ԶԿԻԻՐԻԿԷ՝ ՈՐԴԻ ՍԵՆԻՔԱՐԵՄ ԹԱԳԱՒՈՐԻ ԿԻՍԱԻՐԵԱ ՅԱՆԳՈՒՑԵԱԼ

ՅԱՂԱԻԹՍ ՅԻՇԵՑԷՔ. Թ(ՈԻԱԿԱՆԻՆ) :ՇԽԸ: (1099)38:

Ինչպես տեսնում ենք, Սենեքերիմն ունեցել է Կյուրիկե անունով ևս մեկ որդի, որ վախճանվել է պատանի հասակում 1099 թվականին:

Սենեքերիմի մայրը` իշխանուհի Սոփիան, արձանագիր հիշատակարաններում կոչված է «Աղվանից թագուհի»: Սյունասրահի պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաև նրա տապանագիրը` հետևյալ բովանդակությամբ.

ՍՈՓԻ` ԱՂՎԱՆԻՑ ԹԱԳՈՒՀԻ, ԶՈՔԱՆՉ ԳՐԻԳՈՐ ԹԱԳԱՒՈՐԻ` ՈՐԴՈՅ ԱՇՈՏԿԱՅ, ՄԱՅՐ ՇԱՀԱՆԴԽՏՈ: Թ(ՈՒԱԿԱՆԻՆ) :ՇԼ: (1081)39:

Նույն` 1081 թվականին, Շահանդուխտ թագուհին, «սրբասնունդ օրիորդ» Կատան` նրա քույրը, և Սենեքերիմ եղբայրը մոր հիշատակը հավերժացնելու նպատակով գեղաքանդակ խաչքար են կանգնեցրել մեծ տաճարի արևելյան սարալանջին: Վահանավանքի կրկնահարկ դամբարան-եկեղեցու գավթում է թաղված Աղվանից կաթողիկոս Տեր-Ստեփանոսը, որը Կապան էր եկել «նեղեալ ի Տաճկաց», այսինքն՝ սելջուկ-թուրքերից, հավանաբար, XI դ. 70-ական թվականներին40:

Մելիք-Շահի մահվանից հետո Սյունիքը եզերող մեծ ու փոքր ամիրայությունները մեծ ջանքեր էին գործադրում վերացնելու Սյունիքի թագավորությունը, «զոր խոչ մեծ համարէին ինքեանց…», սակայն իր թագավորի շուրջ համախմբված ժողովուրդը համառորեն պայքարում էր բազմաքանակ զորաբանակների դեմ և հաղթող էր դուրս գալիս շնորհիվ իր միաբանության ու անկոտրում կամքի:

Ի տարբերություն հարևան Վասպուրականի իշխողների, որոնք քրիստոնյա Բյուզանդիայի աջակցությամբ, փաստորեն, կործանեցին իրենց երկիրը՝ փոխանակելով այն Կեսարիայի հետ, Սյունիքի տերերը իրենց հեռատես և դիվանագիտական հմուտ քայլերի շնորհիվ բարեկամական հարաբերություններ հաստատեցին սելջուկ սուլթանների հետ ու պահպանեցին Սյունյաց աշխարհն ավերիչ ասպատակություններից: Այս առումով հատկապես առանձնանում է Սյունյաց արքա Սենեքերիմը, որն ազատ ելումուտ ուներ սուլթան Մելիք-Շահի արքունիքում: Եվ պատահական չէ, որ վերջինիս հովանավորությունն օգտագործելով, 1086 թ. նա ջախջախեց և դուրս վռնդեց Սյունիքի Կովսական գավառ ներխուժած ավարառուներին: Ուրեմն՝ իբրև սկզբունք, Սենեքերիմը չի ղեկավարվել կրոնական-դավանական առաջնայնության գաղափարով: Ընդհակառակը՝ օտար ներխուժումից երկիրը փրկելու համար նա համագործակցել է այլ օտար հզորի հետ՝ մյուս, սակայն առավել վտանգավոր օտարին ոչնչացնելու նպատակով: Այս նուրբ, ճկուն ու հեռատես քաղաքականությունը հետագայում որդեգրեցին հատկապես Օրբելյան և Պռոշյան իշխանները, երբ մոնղոլների աշխարհավեր արշավանքներից տարիներ հետո հարաբերական անդորրն ու կայունությունն օգտագործելով՝ Սյունյաց լեռնաշխարհի ապահով մի անկյունում հիմնադրեցին հանրահռչակ Գլաձորի ուսումնագիտական կենտրոնը: Ուրեմն՝ քաղաքական իրադրության թոհուբոհի մեջ ճիշտ կողմնորոշումը՝ հեռատես և ազգանպաստ դիվանագիտությունը, պահի զգացողությունը քաղաքական գործչի ամենաէական հատկանիշներն են, որոնցով օժտված էր Սյունիքի հայրենասեր գահակալ Սենեքերիմ արքան: Այդ հատկանիշները չեն կորցրել իրենց արդիականությունն ու արժեքը նաև մեր օրերում:

Ինչպես վերն ակնարկեցինք, Սյունիքում իրավիճակը կտրուկ Փոխվեց Մելիք-Շահի մահվանից հետո: 1094 (կամ 1096) թվականին խաղաղության դաշն կնքելու պատրվակով, միջնորդ ունենալով Շիրակի Գրիգոր Ապիրատյան իշխանին, Գանձակի ամիրան ժամանում է Կապան, որտեղ՝ Բաղաբերդ ամրոցում, ճակատամարտի էր պատրաստվում Սենեքերիմ արքան: Գրիգոր իշխան Անեցին, մտնելով ամրոց, համոզում է Սյունիքի թագավորին, որ Գանձակի տերը եկել է Սյունիք բարի առաքելությամբ՝ միայն խաղաղության դաշն կնքելու և բարեկամություն հաստատելու նպատակով: Հավատալով հայ իշխանի խոսքին՝ Սենեքերիմն իջնում է ամրոցից, սակայն բանակցությունները դեռ չսկսած՝ «չարաթոյն գազան» թուրք բռնապետը անսպասելիորեն «ստեաց ուխտին և յարձակեալ մռմռանօք ի վերայ [Սենեքերիմայ - Գր. Գր.] եսպան զթագաւորն»41,- գրում է պատմիչը: Ապա՝ շարունակում է. «Այսպես շիջաւ ճրագն քրիստոնէից, որ կայր մնացեալ յամուրսն Բաղաց»: Սենեքերիմը նույնպես թաղվեց Վահանավանքի արքունական դամբարանատանը՝ «ի շիրմի ընդ այլ թագաւորսն»42:

Մեզ են հասել Սենեքերիմ թագավորի մի շարք հրամանագրերը, որոնցից մեկն սկսվում է այսպես. «Կամաւ կարող հզօրին Յիսուսի՝ ես՝ Սենեքերիմ թագաւոր Հայոց, կացեալ ի Սիսական եւ Բաղաց աշխարհիս...»43:

Սենեքերիմին հաջորդում է նրա ավագ որդի Գրիգորը (Գրիգոր Բ Սյունյաց թագավոր): Սա, անշուշտ, չուներ իր հոր մեծ հեղինակությունն ու դիվանագիտական կարողությունները, ուստի պատմիչը նրա մասին գրում է, որ այս Գրիգորը «նուազ և ընդ աղօտ թագաւորեալ»44:

1103 թ. սելջուկ-թուրքերը Մելիք-Շահի երբեմնի մատռվակ Չորթմանի գլխավորությամբ ներխուժում են Սյունիքի Բաղք գավառ: Նրանց հիմնական նպատակն էր գրավել Կապան  մայրաքաղաքը45, ոչնչացնել թագավորության զինական ուժը և վերջնականապես լուծել «Սյունյաց խոչընդոտի» հարցը: Չորթմանի հրոսակները կոտորածն սկսում են Կապանի Ջհտաթաղ կոչված46 արվարձանից: Թշնամուն չի հաջողվում գրավել արքայանիստ Բաղաբերդ ամրոցը և կողոպտած հարուստ ավարով հեռանում է քաղաքից: Սելջուկյան գահին բազմած Բարկիարուխը՝ Մելիք-Շահի որդին, ի վիճակի չէր սանձահարել իր արյունռուշտ ցեղակիցներին, գուցե և ինքն էր նրանց հաղորդում Սպահանի իր արքունական պալատից:

Սյունիքի հզոր ամրոցներն47 ու 1000-ից ավելի բնակավայրերը հեշտությամբ չէին կարող նվաճել, ուստի, Բաղք-Ձորքը թողած, սելջուկները հարձակման սլաքն ուղղեցին Որոտն և Բղեն գավառներին: Կատաղի մարտերը տևեցին մեկ տարի: 1104 թ. նրանք ներխուժեցին Որոտն և Բղեն գավառ, որը գտնվում էր Հաբանդի (այժմյան Գորիսի շրջան) և Բաղքի (այժմյան Կապանի շրջան) միջնամասում: Գերվեց Բղենո Խոսրովիկ իշխանը: Ապա՝ Սյունիքը խաղաղության մեջ գտնվեց ևս 22 տարի: 1126 թ. Հարոն ամիրան գրավեց Արևիք գավառը (այժմյան Մեղրիի շրջանը): 1152 թ. թուրքերին հաջողվեց նվաճել Շլորուտի բերդը, իսկ հինգ տարի հետո՝ 1157 թ. ընկավ Մեղրիի բերդը:

1170 թ. թուրքերը Կապան քաղաքի մերձակա Աչաղու գյուղի «պարզամիտ քրիստոնյաների» մատնության պատճառով գրավեցին Սյունյաց աշխարհի «հոյս եւ ապաւէն» Բաղարերդ ամրոցը: Կողոպտվեցին և ոչնչացվեցին այստեղ ամբարված ավելի քան 10 000 ձեռագիր մատյաններ, սրբություններ, Սյունյաց նահանգի արքունական գանձերը: Բաղաբերդի անկումը պատմիչը համեմատում է Նաբուգոդոնոսոր արքայի կողմից Երուսաղեմը կործանելու հետ: Ուսումնասիրողներից ոմանք համարում են, որ Բաղաբերդը Կապան քաղաքի միջնաբերդն էր48, որպիսի վարկածը ընդունելի չէ, քանզի պատմական Կապան քաղաքը գտնվելիս է եղել Ողջի գետի աջ ափին, իսկ Բաղարերդ ամրոցը՝ գետի ձախակողմյան սարալանջին՝ Բաղակու քարին հանդիպակաց: Կարծում ենք, Կապանի անկումից հետո Բաղարերդը չի եղել Սյունիքի մայրաքաղաք, ինչպես համարում են Ղ. Ալիշանն ու հետագա ուսումնասիրողները49:

Սյունյաց Գրիգոր Բ թագավորը, որ իր միակ դստերը՝ Կատային կնության էր տվել Խաչենցի իշխանազն Հասան Գեռաքարեցուն, իր եղբայր Սմբատի հետ մահացել էր դեռևս 1166 թ.: Գեռաքարեցին՝ Հասան Խաչենցի թագավորը, անկարող գտնվեց կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը և, ընտանիքը վերցրած, հեռացավ Արցախ:

Սյունիքի վերջին թագակիրների մասին հատուկ հիշատակում է Ստեփանոս Օրբելյանն իր «Ողբք եւ հառաչանք ի դիմաց Կաթուղիկէին» քերթվածում, որը գրել է 1300 թ., իր գլաձորյան դասընկեր Խաչատուր Կեչառեցու խնդրանքով: Այստեղ, մասնավորապես, կարդում ենք.

« ...Որոյ (Սյունիքի թագավորության - Գր. Գր.) վերջին Սենեքերիմ,

Նաեւ Գրիգոր որդի նորին,

Ապա եւ զայս ի բարձ բարձին

Ի ժամանակս Ելտըկուզին,

Ազգն այլասեռ պարսկային,

Որք հրով զաշխարհ տոչորեցին,

Ի վեց հարիւր մեր թուականին

Եւ տասն եւ հինգ յաւելուածին... »50:

Այսպիսով՝ պատմության ասպարեզից վերացավ Հայաստանի վերջին քաղաքական կազմավորումը (բուն Հայաստանում)՝ Սյունիքի թագավորությունը, որը համառորեն գոյատևեց 200 տարի շարունակ: Վիմագրական ու մատենագրական սկզբնաղբյուրների համադրությամբ այսօր, թերևս, կարելի է կազմել Սյունյաց արքաների գահացանկը և նրանց գահակալության տարիները.

  1. Սմբատ Ա, որդի Սահակի - 970 (987) 99851,
  2. Վասակ՝ որդի Սմբատ Ա-ի - 998-1040,
  3. Սմբատ Բ, որդի Աշոտի (Աշոտիկի)-1040-1051,
  4. Գրիգոր Ա որդի Աշոտի (Աշոտիկի)֊1051-1072
  5. Սենեքերիմ, որդի Սևադայի - 1072-1094 (1096՞),
  6. Գրիգոր Բ, որդի Սենեքերիմի -1096՞ -1166,
  7. Հասան Խաչենցի - 1166-117052:

Սյունիքի բոլոր յոթ թագավորներն էլ հանգչում են իրենց մայր հողում: Այդ մասին վկայում են մեր օրերը հասած նրանց խնկարկված շիրմաքարերը:

Ամփոփենք:

1. Սյունիքի, ինչպես նաև ավատական այլ փոքրիկ թագավորությունների հանդես գալը պատմականորեն չի արդարացվում, քանզի այդ կազմավորումները պառակտում, տարանջատում և, ի վերջո, կործանում էին միասնական պետության քաղաքական հիմքերը ու թուլացնում նրա տնտեսական և պաշտպանական համակարգերը:

2. Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջանների ծալքերն ուսումնասիրելիս՝ ամենուր երևում է արտաքին ուժի ոչ այնքան ռազմական, որքան դիվանագիտական միջամտության քայքայիչ ազդեցությունը: Սյունիքը, լինելով Հայաստանի խոշոր և զինական տեսակետից հզոր նահանգներից մեկը, վաղնջական ժամանակներից ցայսօր մնում է մեր ժողովրդի հյուսիսարևելյան (ցավոք, այժմ միայն հարավային) սահմանների հուսալի պատվարն ու պահապանը:

 

Ծանոթագրություններ

1. Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի Պատմութիւն տանն Սիսական ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին (այսուհետև՝ Ստեփանոս Օրբելյան), Մոսկվա, 1861, էջ 212:

2. Նույն տեղում, էջ 220:

3. Նույն տեղում:

4. Հայաստանի պատմական աշխարհագրության հմուտ մասնագետ, երջանկահիշատակ Թ. Հակոբյանի կարծիքով` «Հնարավոր է, որ սկզբնական շրջանում Աղահեճքը [Սյունիքի - Գր. Գր./ թագավորության մասը կազմած լիներ... բայց... 1003 թվականից սկսած՝ նա երբեք չէր կարող պատկանել Սյունյաց թագավորությանը...» (տե՛ս Թ. Հակոբյան. Սյունիքի թագավորությունը պատմաաշխարհագրական առումով, Երևան, 1966, էջ 68): Ի դեպ, նկատենք, որ ուսումնասիրողներից ոմանք, հենվելով Ն. Ադոնցի, Գր. Ղափանցյանի և Ար. Ղարիբյանի ստուգաբանական վերլուծությունների վրա, նույնպես կարծում են, որ Սյունիքում նախահայկական շրջանում գոյություն են ունեցել 8-10 ցեղեր կամ ցեղախմբեր: Նրանց կարծիքով էթնիկական ծագում ունեն սյունիներ, սակեր, բաղեր, գելեր, վայեր, ծավդեացիներ, լահիճներ, քաշեր, արևներ և այլ եզրերը (տե՛ս նույն տեղում, էջ 167): Ենթադրում են նաև, թե Ձագեձորը ոչ թե Ձագ (Ձագիկ) նահապետի անվան հետ է աղերսվում, այլ՝  սակերի, և իբրև թե այդ անունը նախապես հնչել է Սակեձոր և ոչ՝ Ծակեձոր (ծակերի, քարանձավների ձոր), որին նույնիսկ կարելի էր համաձայնել (նույն տեղում, էջ 163, տե՛ս նաև 137, 159, 162 և այլ էջերը):

5.  Հ. Մանանդյան. Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. Գ, Երևան, 1952, էջ 76:

6. Մատթեոս Ուռհայեցի. Ժամանակագրություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Հր. Բարթիկյանի, Երևան, 1973, էջ 6:

7. Դիվան հայ վիմագրության, պր. I, կազմեց Հ. Օրբելին, Երևան, 1966, էջ 35, արձ. 101:

8. Ստեփանոս Օրբելյան, էջ 227:

9. Նույն տեղում, էջ 224:

10. Նույն տեղում, էջ 223:

11. Նույն տեղում, էջ 224:

12. Նույն տեղում, էջ 225:

13. Նույն տեղում, էջ 224:

14. Նույն տեղում:

15. Նույն տեղում, էջ 233:

16. Նույն տեղում:

17. Նույն տեղում:

18. Մատթեոս Ուռհայեցի. Ժամանակագրություն, էջ 54:

19. Հայ ժողովրդի պատմություն, հ. 3, Երևան, 1976, էջ 124:

20. Գր. Գրիգորյան. Վիմագրություններ Վահանավանքի 1970-1978 թթ. պեղումներից.- ՊԲՀ, 1980, № 2, էջ 159-162: Տե՛ս նաև նույնի՝ Սյունիքը Օրբելյանների օրոք, Երևան, 1981, էջ 207:

21. Ստեփանոս Օրբելյան, էջ 233:

22. Դիվան հայ վիմագրության, պր. II, կազմեց Ս. Գ. Բարխուդարյանը, Երևան, 1960, էջ 138:

23. Հր. Աճառյան. Հայերեն արմատական բառարան, հ. Բ, Երևան, 1973, էջ 561: Տե՛ս նաև՝ Թ. Հակոբյան, նշվ. աշխ., էջ 120:

24. Դիվան հայ վիմագրության, պր. II, էջ 138:

25. Ս. Ավագյան. Վիմական արձանագրությունների բառաքննություն, Երևան, 1978, էջ 142-143:

26. Ստեփանոս Օրբելյան, էջ 230:

27. Գր. Գրիգորյան. Հայկական վիմագրություն, Երևան, 2000, էջ 97:

28. Դիվան հայ վիմագրության, պր. II, էջ 45:

29. Գր. Գրիգորյան. Վահանավանքի պեղումների նախնական արդյունքները.֊ ՀԽՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», 1970, № 10, էջ 87-88:

30. Հայ ժողովրդի պատմություն, հ. 3, էջ 125:

31. Գր. Գրիգորյան. Վիմագրություններ Վահանավանքի 1970-1978 թթ. պեղումներից, էջ 164-165:

32. Հայ ժողովրդի պատմություն, հ. 3, էջ 125:

33. Ստեփանոս Օրբելյան, էջ 233:

34. Նույն տեղում, էջ 234:

35. Նույն տեղում:

36. Նույն տեղում, էջ 241:

37. Նույն տեղում, էջ 239- 240:

38. Գր. Գրիգորյան. Վահանավանքի պեղումների նախնական արդյունքները, էջ 87:

39. Գր. Գրիգորյան. Վիմագրություններ Վահանավանքի 1970-1978 թթ. պեղումներից, էջ 162-163:

40. Գր. Գրիգորյան. Վահանավանքի պեղումների նախնական արդյունքները, էջ 87:

41. Ստեփանոս Օրբելյան, էջ 235:

42. Նույն տեղում:

43. Նույն տեղում, էջ 236:

44. Նույն տեղում, էջ 235:

45. Սյունիքի մայրաքաղաք Կապանի ավերակները գտնվում են Կապան-Քաջարան մայրուղու ձախակողմյան սարալանջին, Ողջի գետի աջ ափին, այժմյան դպրոցական ճամբարների և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի առողջարանային համալիրի տարածքում: Երբեմնի քաղաքը ծածկված է անտառային խիտ բուսականությամբ, սակայն հարավային մասում տեղ-տեղ երևում են պարսպապատերի մնացորդները՝ երբեմն 2-2,5 մ բարձրությամբ: Պրոֆ. Թ. Հակոբյանի կարծիքով Կապանի երկարությունը եղել է շուրջ 3 կմ՝ «Տանձու լենջի ջրից մինչև Բաղակի վանքի մոտերքը», իսկ լայնությունը՝ «150-700 մետր» (Թ. Հակոբյան, նշվ. աշխ., էջ 129):

46. Ջհտաթաղ անունը ուսումնասիյաղների կարծիքով նշանակել է ջհուդների - հրեաների թաղ (տե՛ս, օրինակ՝ Ս. Լիսիցյան. Զանգեզուրի հայերը, Երևան, 1969, էջ 41):

47. Թ. Հակոբյան, նշվ. աշխ., էջ 114:

48. Տես Թ. Հակորյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների րառարան, հ. 1, Երևան, 1986, էջ 569:

49. Ստեփանոս Օրբելյանի վկայությամր Սյունիքն ունեցել է 43 ամրոց, որոնցից 12-ը եղել են համեմատաբար առավել հզոր (տե՛ս Ստեփանոս Օրբելյան, էջ 245):

50. Ստեփանոս Օրբելյան. Ողբք և հառաչանք ի դիմաց կաթուղիկէին, Կալկաթա, 1846, էջ 17-18:

51. Բ. Հարությունյանի կարծիքով՝ Սմբատ Ա-ն 976-980 թթ. եղել է գահերեց իշխան, թագավորել է 987-988 թթ. (տե՛ս Բ. Հարությունյան. Սյունյաց թագավորության հիմնադրման տարեթիվը.- «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, №1):

52. Գր. Գրիգորյան. Սյունիքը Օրբելյանների օրոք, Երևան, 1981, էջ 207:

Գրիգոր Գրիգորյան

 

 

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34