Լույս է տեսել 2023 թ. սեպտեմբերի 18-ին՝ Արցախյան երկօրյա գոյակռվից մեկ օր առաջ:
Հաջորդած օրերի սուգը և տրտմությունը թույլ չտվեցին հանրայնացնել մշակութային այդ երևույթ-համարի լույս աշխարհ գալը:
Հանդեսի տվյալ համարը (A3 չափսի 60 էջ) նվիրված է պարարվեստի Սյունիքյան դրսևորումներին՝ Ուխտասարի ժայռապատկերներով արտացոլված պարային տեսարաններից, Պատմահայր Մովսես Խորենացու հիշատակումներից մինչև մեր օրեր ( https://cutt.ly/7wnD03sZ ):
Համարը բացվում է Սամվել Ալեքսանյանի առաջաբանով՝ «Պարը՝ գեղեցկության աղոթք և մեր փառքի ու վեհության ցոլանք» վերտառությամբ, որը ներկայացնում ենք ստորև:
* * *
Պարը՝ գեղեցկության աղոթք և մեր փառքի ու վեհության ցոլանք
Պարարվեստի սյունիքյան դրսևորումներին պիտի անդրադառնայինք, և անդրադարձանք. «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի 11-րդ համարը հենց դրան է նվիրված:
Երբ ավարտել էինք համարի նախապատրաստական աշխատանքները, երբ ի մի էինք բերել Սյունիքի մերօրյա պարի խմբերն ու ստուդիաները՝ ակնհայտ դարձավ՝ արվեստի ոչ մի ճյուղ Սյունիքում այդքան ընդգրկվածություն չունի ու այդչափ մասսայականություն չի վայելում, որքան պարարվեստը:
Ակնհայտ դարձավ նաև՝ մայրաքաղաքում ու աշխարհի տարբեր ծագերում արվեստի որևէ ոլորտ ներկայացնող խումբ կամ անհատ այնքան չեն հնչեցնում ու բարձրաձայնում Սյունիք նվիրական անունը, որքան մեր պարային խմբերը:
* * *
Սյունիքի օրինակով կարող ենք արձանագրել՝ պարը ժողովրդական արվեստի ամենահին արտահայտություններից է: Դրա փայլուն օրինակը մեր Ուխտասարի հրաշք ժայռապատկերներն են:
Երկու անգամ այցելել ենք այդ վայրեր ու տեսել, թե ինչպիսի վարպետությամբ են մեր նախնիները 10-15 հազար տարի առաջ քարերի վրա պատկերել մարդու մարմնի պարային դիրքն ու շարժումները:
Մինչ այդ ոլորտի մասնագետները հազարավոր պատկերների մեջ առանձնացրել էին քարերի վրա պարզորոշ երևացող մենապարերի, զուգապարերի, խմբապարերի ուրվագծեր: Ընդ որում՝ նկարել են շարժման հիմնական ձևերն ու դիրքերը:
Համարում այդ մասին հանգամանալից խոսք է ասում պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանը:
Պարարվեստի սյունիքյան ակունքների մասին հարուստ տեղեկություններ կան Քերթողահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» կոթողային գործում: Պատմահայրը նկարագրում է Սյունյաց Բակուր նահապետի պալատում՝ Բագրատունի Տրդատի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ վարձակ Նազենիկի պարի տեսարանը՝ «... զի յոյժ գեղեցիկ էր և երգեր ձեռամբ» (պատմության այդ հատվածը՝ համարում):
* * *
19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի սյունիքյան պարարվեստի դրսևորումների մասին հարուստ տեղեկություններ են հաղորդվում Ստեփանոս Լիսիցյանի «Զանգեզուրի հայերը» մենագրության, ինչպես և Երվանդ Լալայանի՝ Սյունիքի, Վայոց ձորի պատմաազգագրական շրջանների վերաբերյալ ուսումնասիրություններում:
Ստեփան Լիսիցյանը կոնկրետ օրինակներով ցույց է տալիս, թե պարն ինչ տեղ էր զբաղեցնում մեր նախնիների հարսանեկան սովորույթներում, ժողովրդական տոների ժամանակ:
Երվանդ Լալայանը մանրամասն նկարագրում է պարային տեսարանը, պարային շարժումները: Այդ առումով հետաքրքիր օրինակ է Սիսիանում՝ Բարեկենդանի ժամանակ, տեղի ունեցող պարային տեսարաններից մեկը: Ահա՝ «...Զուռնա-ղավալն ածում է, բաժակները պարպվում, գլուխները տաքանում և կենտ պարը սաստկանում: Ամենքը պարում են՝ ձեռքերին հրացան, ատրճանակ, դաշույն բռնած: Ցանկանալով իրենց ճարտարությունը ցույց տալ՝ պարած միջոցին արձակում են հրացան կամ ատրճանակ: Ոմանք էլ երկու դաշույն ձեռներին բռնած են պարում, դաշույնները արագությամբ ոտների միջով անց կացնում, վար ձգում և կրկին երախակալից բռնում, ծայրը բերանն առնում և պարում: Պատահել է, որ մարդիկ են վիրավորվել և նույնիսկ մեռել, որովհետև ատրճանակն արձակելիս՝ սխալվել են և դեպի վերև չեն ուղղել: Պարը իսկապես հետաքրքիր է դառնում՝ երբ կենտ պարից տաքացած՝ սկսում են բոլորպարը պարել: Պարողները, որ բացառապես տղամարդիկ են լինում՝ ընտրում են մի «պարբաշի» (պարի առաջնորդ), ապա միմյանց ձեռք բռնելով՝ շրջան կազմում: Առաջնորդը հրամայում է զուռնա-ղավալին մտնել շրջանի մեջ և ածել, ապա ձեռն առնելով մի ճիպոտ՝ սկսում են պարը: Սկզբում պարում են շատ կամաց, հետո հետզհետե արագացնում են և վերջացնում թռչկոտելով: Պարի ժամանակ առաջնորդը զանազան ձևեր է անում, օրինակ ծափ է տալիս, պպզում է, իր կամ մեկ ուրիշի ականջը քաշում, իր տրեխը հանում, զանազան կենդանիների ձայներ հանում և այլն: Պարողները նույնությամբ կրկնում են նրա արածները, իսկ պարի առաջնորդը խստությամբ հսկում է նրանց վրա և ճիպոտով խփում՝ եթե սխալ կամ ուշ են կատարում» (Երվանդ Լալայան, Երկեր 6 հատորով, հատոր 4, Երևան 2021, էջ 105): Անշուշտ, Ստեփան Լիսիցյանի և Երվանդ Լալայանի ուսումնասիրություններին առանձին անդրադառնալու կարիք ունենք, որն ուշագրավ կլիներ մի քանի առումով: Ցավոք, սույն համարի նախապատրաստման համար ունեցած սուղ ժամանակը հնարավորություն չտվեց ծավալուն անդրադարձ կատարել այդ թեմային:
* * *
Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է իր ավանդական պարային «լեզուն», շարժումների ու քայլերի ձևերի ընդհանրությունը, որոնք շաղկապվելով ազգային ինքնատիպ երաժշտությամբ՝ կատարել ու կատարում են համապատասխան ռիթմով ու տեմպով: Այդ ամենը տեղ է գտել հայ արձակում և պոեզիայում, ու այնպիսի բարձր արվեստով, որ հիացմունքի և հպարտության տեղիք է տալիս:
Գեղարվեստական գրականության մեջ առկա բազմաթիվ օրինակներից մի քանի նմուշ ենք ներկայացնում համարում: Առաջինը, իհարկե, ձեռք մեկնեցինք Հովհաննես Թումանյանի գանձարանին:
Ժողովրդական հանդիսությունների ժամանակ ասիական ժողովուրդների մոտ, մասնավորապես հարսանիքների ժամանակ, ներկայացվել են ազգային կոխի ելևեջներ պարունակող պարային թատերականացված տեսարաններ: «Անուշ» պոեմում՝ Սարոյի և Մոսու կոխի տեսարանը դրա վառ օրինակն է:
Ներկայացնում ենք նաև հատվածներ Ակսել Բակունցի «Ծիրանի փող»-ից, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչից», Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի «Ղողանջ հարսանեկան» բաժինը, դրվագ Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմից, Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» պոեմից:
«Ծիրանի փողը» պատմվածքում արտացոլվում է Մեծ եղեռնից փրկված, գաղթի ճանապարհ բռնած սասունցիների ճակատագիրը, որոնց մի մասը բնակություն է հաստատել Վայքի գյուղերից մեկում: Պատմվածքում ուշագրավ մանրամասներ կան «Յար խուշտա» պարի ժամանակ կատարվող շարժումների մասին:
«Ռանչպարների կանչում» հայդուկապետ Գևորգ Չաուշն է՝ Արաբոյի երգի հնչյունների ներքո «Թռնոքի» պարում ֆիդայիների հետ:
«Ղողանջ հարսանեկանում» Պարույր Սևակն ուղղակի ապշեցնում է մեր պարերի հանգամանալից նկարագրությամբ:
Որքա՜ն գեղեցիկ է Դանիել Վարուժանը «Հարճը» պոեմում ներկայացնում Նազենիկի հեքիաթային պարը (հիմքում Մովսես Խորենացու «Հայոց պատմության» վերաբերյալ հատվածն է): Դա, ինչպես բանաստեղծն է նշում, գեղեցկության յուրօրինակ աղոթք է։
* * *
Համարի սկզբնամասում ներկայացնում ենք դպիր-վարդապետ-ձայնապետ ու ձայների արքա Կոմիտասի հոդվածը՝ «Հայ գեղջուկի պարը», որը, ըստ մասնագետների՝ պարուսույցների անգերազանցելի ուղեցույց է:
Կուզենայինք անդրադառնալ հայկական պարարվեստի երախտավորներին՝ Սրբուհի Լիսիցյան (1893-1979 թթ.), Վահրամ Արիստակեսյան (1899-1958 թթ.) և մյուսներ, սակայն հանդեսի հնարավորությունները թույլ չտվեցին:
Համարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ, պարագետ, արվեստագիտության թեկնածու Նաիրա Կիլիչյանի հետ զրույցով ցույց ենք տալիս, թե ներկայումս ինչ զարգացումներ ունի պարարվեստը Հայաստանում, ինչպես է մշակութային քաղաքականությունն անդրադառնում հայկական պարարվեստի զարգացմանը, միջազգային ինչ ճանաչում ունի հայկական պարարվեստը և այլն:
Գագիկ Գինոսյանի հեղինակած հոդվածով (համառոտ) ներկայացնում ենք հայ ազգային պարարվեստի սկզբնավորման պատմությունը:
Նարինե Շամամյանը «Յայլի» պարի ուսումնասիրման փորձ է անում: Նա հանդես է գալիս մեկ այլ հոդվածով ևս: Անդրադառնալով հայկական գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերում պարային մշակույթի դրսևորումներին, ներկայացնում է Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» ֆիլմում պարային տեսարանը՝ մեր երկրամասին բնորոշ: Նկատի ունենք «Արծվապարը» կամ Արմենի պարը, որը կատարում է համբավավոր դերասան Գուրգեն Գաբրիելյանը:
Գորիսի պետական համալսարանի դասախոս Սիլվա Ասատրյանն անդրադառնում է կերպարվեստում պարի թեմային: Ի դեպ, համարի 1-ին էջում (շապիկին) պատկերված է Սուրեն Սաֆարյանի վրձնած (1972 թ.) «Զանգեզուրի կանանց պարը» կտավի լուսանկարը: Կերպարվեստին է նվիրված նաև համարի նախավերջին էջը. այդտեղ արդեն Մարտիրոս Սարյանի հանրահայտ «Հայաստան», «Հայկական պար» կտավներն են: Հիշենք՝ Մարտիրոս Սարյանը «Հայկական պարը» վրձնել է 1915-ին՝ հայոց մեծ ողբերգությունից անմիջապես հետո: Ըստ էության փորձ է արվել ծանրագույն վիճակում հայտնված հայ ժողովրդին լավատեսություն ներշնչել արվեստի ուժով: Այդ օրերին գրականության մեջ էլ Հովհաննես Թումանյանն էր հույսի և լույսի սերմնացան դարձել՝ ստեղծելով «Հայրենիքիս հետ»-ը և «Հոգեհանգիստ»-ը:
* * *
Հայոց պարը՝ իր բազմաթիվ դրսևորումներով, մեր փառքի ու վեհության իսկական արտացոլանքն է:
Երբ 1992-ի մայիսի 8-ին գերությունից ազատագրվեց հայոց բերդաքաղաք Շուշին, Սուրբ Ղազանչեցոցի բակում պարում էին պատմական հաղթանակ կերտած ազատամարտիկները, պարում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Դրանից հետո՝ ամեն տարի, մայիսի 8-ին (նաև 2020-ին), նույն վայրում՝ Սուրբ Ամենափրկչի բակում պարում էինք, կարելի է ասել, ազգովի: Ժամանակի ալեբախումները ցույց տվեցին վերստին, որ պարը հայոց ոգու ադամանդյա վահանն է...
Պաշարված, դավաճանված, ցեղասպանվելու ստույգ վտանգի առջև կանգնած Արցախ ամրոցն այսօր դիմակայում է նաև պարով. արտացոլող լուսանկարները՝ համարի 2-րդ էջում:
2020 թ. պատերազմից հետո միանգամայն նոր իրավիճակում է հայտնվել նաև Սյունիքը: Երկրամասի որոշ տարածքներ ու ճանապարհային հանգույցներ բռնազավթված են թշնամու կողմից: Սյունեցիները չեն հաշտվում ստեղծված վիճակի հետ, իսկ երիտասարդները փափագում են վերականգնել երկրամասի տարածքային ամբողջականությունը: Դա արտահայտվում է նաև պարարվեստի միջոցով: Հետպատերազմյան շրջանում Սյունիքում չի եղել մի զորակոչ կամ զորահավաք, որ չուղեկցվի մեր զավակների երգ ու պարով. այդ ամենը՝ լուսանկարներում:
Ոգեշունչ պարային տեսարանների ենք ժամանակ առ ժամանակ ականատես լինում հայոց պետական տոների առիթով, ինչպես և հայոց պետականության խորհրդանիշների շուրջ կազմակերպված միջոցառումներում, սահմանապահ բնակավայրերում:
Տարեկան մի քանի անգամ Կապանում՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում, ականատես ենք լինում շուրջպարերի՝ շաղախված նժդեհյան ոգեղենությամբ: Դրանով ևս մեկ անգամ ցույց է տրվում՝ Սյունիքը հավատարիմ է իր անկոտրում կենսակերպին: Այդ ամենի հետ մեկտեղ կարևոր խնդիր ենք համարել Սյունիք-զանգեզուրյան ռազմապարերի հանրագումարի բերումը և դրանք ընթերցողին ներկայացնելը: Կարեն Գևորգյանի օգնությամբ ներկայացնում ենք «Դավիթ Բեկի» պարը, Գագիկ Գինոսյանի օգնությամբ՝ նժդեհյան ոգու արտացոլանքը հայ պարարվեստում:
Նարինե Շամամյանը լույս է սփռում Արցախյան հերոսամարտերում կատարված ռազմապարերի վրա:
* * *
Համարի նախապատրաստության ընթացքում մեզ հաջողվեց հավաքել տեղեկություններ վերջին 60-70 տարում Սյունիքում գործած պարային խմբերի, պարարվեստի երախտավորների մասին:
«Պարարվեստի նվիրյալները Սյունիքում» հոդվածում (հեղինակ՝ Սամվել Ալեքսանյան) ընթերցողը կտեղեկանա, թե 1950-ականներից հետո ովքեր են պարային խմբեր կամ պարուսուցում կազմակերպել Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում:
Կապանի պարարվեստի նվիրյալներին է անդրադառնում Սուսաննա Մարտիրոսյանը:
Սիրուն Սարգսյանն է կոնկրետ օրինակներով ցույց տալիս՝ արվեստասեր մեղրեցու կյանքում պարը եղել է նրա կենսակերպի անբաժանելի մասը:
Հաջողվեց գտնել նաև նախկին պարուսույցներից մի քանիսին ու նրանց հետ զրույցներ վարել, նրանց հուշերը թղթին հանձնել՝ Ղուկաս Ղուկասյան, Հովհաննես (Օնիկ) Ավագյան, Վարուժան Գրիգորյան, Հովհաննես Թադևոսյան, Վասիլ Ավետիսյան:
* * *
Պարարվեստը բալետի ակունքում է…
Համարի նախապատրաստման ընթացքում վերհիշեցինք մեր երկրամասին առնչվող հետաքրքիր մի հանգամանք այդ առումով. աշխարհի տարբեր երկրներում հանդես եկած առնվազն հինգ նշանավոր բալետի պարող Սյունյաց աշխարհի զավակներ են կամ շառավիղներ:
Այսպես՝ լատվիական ազգային բալետի հիմնադիրներից է Ելենա Տանգիևա-Բիրզնիեցեն (1907-65 թթ.)՝ մեծանուն պարուհի, պարաստեղծ և պարուսույց, ով աշակերտել է հանրահռչակ պարուսույց Ագրիպինա Վագանովային: Տանգիևան սերել է Սիսիանի մելիքական տոհմից, ամե նայն հավանականությամբ՝ Մելիք-Թանգյաններից: Մայրական կողմից թոռնուհին է 19-րդ դարի ռուս արձակագրուհի Ավդուրիա Պանաևայի:
Սյունյաց արմատներ ունի Տալլինի «Էստոնիա» օպերայի և բալետի պետական թատրոնի բալետի մենապարուհի Սվետլաննա Բալոյանը, ով ծնվել է 1942-ին, Ուզբեկստանի Անդիժան քաղաքում՝ Արա և Գոհար Բալոյանների ընտանիքում: Վաղ մանկությունից բնակվել է Էստոնիայում: Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում:
Սիսիանի Ախլաթյան գյուղից է թուրքմենական բալետի երբեմնի հայտնի պարուհի Էդիսա Սարվազյանը (ծնվել է 1944-ին, Աշխաբադում): Նա Թուրքմենստանի վաստակավոր արտիստուհի է: Հայրը՝ Ղազար Սարվազյանը, եղել է Սյունիքում կոմունիստական շարժման ակտիվ գործիչ:
Այնուհետև՝ Մաքս (Մյասնիկ) Ռաթևոսյան (ծնվել է 1945-ին, Սիսիանի Բալաք գյուղում): Քսան տարի եղել է Մոսկվայի «Երիտասարդ բալետ» խմբի առաջին մենակատարը: 1991- ից Կանադայում է, դասավանդել է բալետի տարբեր դպրոցներում, հիմնել «Համիլթոն բալետ» խումբը:
Բալետի շնորհաշատ արտիստ է Ռաթևոսյանի որդին՝ Քրիստիան Ռաթևոսյանը (ծնվել է 1970-ին), ներկայումս աշխատում է Բեռլինում:
* * *
Համարի առանցքում մերօրյա Սյունիքի պարային խմբերն են: Պարախմբերը ներկայացնելու ժանրային տարբեր ձևեր ենք ընտրել, ամենակարևորը՝ հաջողել ենք շատ թե քիչ ամբողջական տեղեկություններ հաղորդել խմբերի մասին՝ ստեղծման ժամանակներից մինչև մեր օրեր:
Մեղրիից ներկայացնում ենք «Արևիք» պարային համույթը (պարուսույց՝ Լիլիա Գրիգորյան), «Արփի» պարային համույթը (պարուսույց՝ Ելենա Քառյան), ինչպես և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրու մասնաճյուղի պարի խմբակները (պարուսույց՝ Արգինե Գևորգյանը):
Քաջարանից ներկայացնում ենք «Նռանե» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Մելանյա Մարտիրոսյան), պարարվեստի դպրոցի պարի խմբերը (պարուսույց՝ Գայանե Վարդիկյան):
Կապանից ներկայացնում ենք «Պարի աստղեր» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Էրիկ Քոչարյան, պարուսույց՝ Աննա Աղագուլյան), «Զանգեզուր» ժողովրդական պարային համույթը (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Վահագն Գասպարյան), «Դայմոնդ» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Աղուն Հովհաննիսյան), «Էքսպերիմենտալ» պարախումբը (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Ռուզաննա Խաչատրյան), «Նարա դանս» պարարվեստի ստուդիան (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Նարինե Մովսիսյան), Կապանի արվեստի մանկական դպրոցի պարային խմբերը (պարուսույց՝ Թամարա Ստեփանյան), Կապան համայնքի Սյունիք բնակավայրի «Մարինա» պարախումբը (պարուսույց՝ Տատյանա Գևորգյան):
Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի օրինակով ցույց է տրվում, թե «Ազգային երգ ու պար» առարկան ինչպես է դասավանդվում հանրակրթական դպրոցում. ներկայացնում է Անահիտ Ալթունյան ուսուցչուհին:
Սիսիանից ներկայացնում ենք «Արմդանս» պարային համույթը (պարուսույց՝ Արմինե Սարգսյան), «Գրանդ դանս» պարային ստուդիան (պարուսույց՝ Արման Դավթյան), «Որոտնա» ազգային երգի ու պարի համույթը (պարուսույց՝ Նարեկ Հայրապետյան), Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոնի պարախումբը (պարուսույց՝ Կարինե Մկրտչյան), «Դարբաս» պարային խումբը (պարուսույց՝ Լուսինե Հովհաննիսյան):
2023-ի հունիսի 25-ին Սիսիանում առաջին անգամ (հանրապետության մասշտաբով) նշվեց Ազգային պարի օրը. այդ մասին նույնպես կարող եք տեղեկանալ համարից:
Գորիսից ներկայացնում ենք «Սյունիք» պարային համույթը (պարուսույցներ՝ Վահե Մելքումյան և Աննա Գրիգորյան), «Մեծ Հայք» պարային ստուդիան (պարուսույց՝ Համլետ Իսախանյան), «Լիլի Նարինյան» պարային ստուդիան (պարուսույց՝ Լիլի Նարինյան):
Գորիսում ազգային պարերի տարածման ուղղությամբ աշխատանքներ է տանում «Իրական դպրոց. Գորիս» կրթամշակութային հիմնադրամը:
* * *
Համարում, իհարկե, չեն արտացոլվել պարարվեստի սյունիքյան դրսևորումներին առնչվող բոլոր հարցերը. նման խնդիր չէինք էլ դրել մեր առջև՝ նկատի ունենալով թեմայի ծավալուն բնույթը և համարի սուղ հնարավորությունը: Այդ բոլորով հանդերձ՝ առաջին անգամ ընդհանրացրել և ընթերցողի սեղանին ենք դնում մի գործ, որով կարելի է պատկերացում կազմել արվեստի այդ ճյուղի մասին՝ Սյունիքի մարզի կտրվածքով: Համարը, առանց չափազանցության, կունենա սկզբնաղբյուրային-հանրագիտարանային նշանակություն բոլոր նրանց համար, ովքեր երբևէ կկամենան ուսումնասիրել մեր երկրամասի հոգևոր-մշակութային կյանքը և Սյունիքի պատմությունն ընդհանրապես:
Համարի նախապատրաստության ընթացքում ի հայտ եկան նաև խնդիրներ, որոնք առկա են Սյունիքում՝ արվեստի այդ ճյուղում:
Նախ՝ մեզանում (ազգային մասշտաբով) որոշակի աշխատանք է կատարվում պարահավաքչության ոլորտում: Այդ աշխատանքն առայժմ իր ջրապտույտի մեջ չի առել Սյունիքը: Իսկ Սյունիքը յուրօրինակ գանձարան է այդ առումով (այդպես ասելու բազմաթիվ հիմքեր կան), որտեղ՝ ժողովրդի հիշողության խորքերում, կան չհայտնաբերված-չբացահայտված երգեր ու պարեր: Հաճախ ենք մեր ազգային պարարվեստի մասին խոսում ըստ տարածաշրջանների՝ Սասուն, Զանգեզուր, Արցախ... Նրանց միջև եղած տարբերությունները պայմանավորված են տվյալ երկրամասի պատմական ավանդույթներով, աշխարհագրական առանձնահատկություններով, տվյալ տարածաշրջանին բնորոշ տարազով: Անշուշտ, ծանոթ ենք Սյունիք-զանգե զուրյան պարերի՝ «Դավիթ Բեկի», «Սյունյաց քոչարի», «Յայլի» և այլն: Բայց այդ թեման հեռու է շատ թե քիչ ամբողջացած լինելուց: Տվյալ հանգամանքն օբյեկտիվ պատճառ էլ ունի: Սյունիքը դարերով ստիպված է եղել կռվել ու տեր կանգնել հայոց արժանապատվությանը, և երգելու-պարելու քիչ ժամանակ է ունեցել: Այդ հանգամանքը նշում է նաև հայոց մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը. «1938-ին էր, երբ լսեցի երիտասարդ Աշուղ Աշոտի երգը... Լսեցի, հուզվեցի և ասացի՝ փառք Աստծուն... Սյունյաց Գողթանի ոգին կենդանացել է...»:
Պարարվեստը նաև աճող սերնդի գեղագիտական դաստիարակության լրջագույն միջոց է: Մինչդեռ մարզի գյուղական բնակավայրերում (բացառությամբ Դարբասի և Կապան համայնքի Սյունիք բնակավայրի) շատ թե քիչ կազմակերպված պարախմբեր չունենք: Երբեմն-երբեմն կազմակերպվող հյուրախաղերն էլ իրենց երթուղիներում գյուղական բնակավայրեր չեն ներառում: Խնդրի լուծման միակ տեսանելի և իրական տարբերակը, կարծում ենք, «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրումն է գյուղական դպրոցներում, ինչը ներկայումս՝ փորձնականորեն, ուսուցանվում է մարզի մի քանի դպրոցում:
Արդեն անդրադարձանք Սյունիք-զանգեզուրյան պարերը հավաքելու խնդրին: Դրան պետք է ավելացնել զանգեզուրյան տարազի ուսումնասիրման, բացահայտման և (հնարավորինս) օգտագործման խնդիրը:
Սյունիք-զանգեզուրյան տարազը, հատկապես 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի կտրվածքով, բավականին հիմնավոր ուսումնասիրվել է ճանաչված բանահավաքների կողմից (Վ. Բդոյան, Ստ. Լիսիցյան, Ե. Լալայան, Ն. Ավագյան և ուրիշներ): Բայց արդյո՞ք այդ հագուստները կարելի է նույնացնել տվյալ ժամանակաշրջանի մեր նախնիների պարային զգեստների հետ: Հավանաբար՝ այո... Կամ՝ որքանո՞վ մերօրյա պարախմբերը պետք է ընդօրինակեն այդ հանդերձանքը: Մի խոսքով՝ թեման ուսումնասիրման կարիք ունի:
Համարի բացթողում կարելի է համարել Սյունիքում գործող համույթների պարացանկի՝ պարային ռեպերտուարների մասին հիմնավոր ու բազմակողմանի խոսքի բացակայությունը: Եղած դիտարկումները կամ արտահայտություններն էլ թույլ են տալիս արձանագրել՝ մեր խմբերի պարային խաղացանկերի մեջ ազգային պարը հաճախ լուսանցքային դերում է:
Մի նկատառում էլ. մարզի ոչ բոլոր պարային խմբերն են գործում պետական հովանավորությամբ: Զգալի մասը գործում է ծնողների միջոցներով կամ հովանավորների աջակցությամբ: Կարծում ենք՝ ժամանակն է քննարկելու պարախմբերից մեկ-երկուսին պետական կարգավիճակ տալու հարցը, մանավանդ որ Սյունիքում ունենք պարախմբեր, որոնք իրենց կատարողական վարպետությամբ ու արվեստով վաստակել են նման կարգավիճակ ունենալու իրավունք:
Ի դեպ, մեր պարային խմբերը կան և գործում են բացառապես անհատ նվիրյալների շնորհիվ: Եվ ներկայացվող բոլոր պարախմբերի ղեկավարներն ու պարուսույցներն առանձնահատուկ հարգանքի են արժանի: Սակայն, որքան տեսնում ենք, նրանցից յուրաքանչյուրը ստեղծագործական կամ ուսումնական պրոցեսը կազմակերպում է իր պատկերացումների, իր երևակայության, իր աշխարհընկալման, բուհում կամ քոլեջում ստացած գիտելիքների չափով. պարացանկն էլ այդ ամենի արդյունքում է ծնվում: Իհարկե, ստեղծագործական ազատությունը, անկաշկանդվածությունն արվեստի ոլորտում ամենացանկալի, ամենաթանկ բաղադրիչն է, բայց գուցե և (դրա հետ մեկտեղ) ընդհանուր կողմնորոշիչներ ունենանք, ուղեցույցներ՝ ինչ-ինչ հարցերում, որն ավելի նկատելի ու նպատակասլաց կդարձնի մեր ընդհանուր երթը պարարվեստի բնագավառում:
Եվ վերջում. չենք կարող մեր խմբագրակազմի սրտաբուխ շնորհակալությունը չհայտնել Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության խորագիտակ մասնագետներ Տաթևիկ Սուքիասյանին, Նաիրա Կիլիչյանին և, իհարկե, մարզի բոլոր պարախմբերի ղեկավարներին՝ մեզ աջակցելու և հանդեսի սույն համարի գեղեցիկ ծնունդն ապահովելու համար: