«Սյունյաց երկիրը» 15 տարեկան է

01.10.2018 11:55
1450

Տասնհինգ տարի առաջ՝ 2003թ. հոկտեմբերի 1-ին, լույս աշխարհ եկավ «Սյունյաց երկիր» պարբերականի անդրանիկ համարը՝ իբրեւ մարզային թերթ հաջորդելով «Սյունյաց աշխարհին» եւ «Սյունիքին»:

Այն ժամանակ, նաեւ դրանից քիչ առաջ ու հետո, շատ թերթեր էին մեզանում հիմնվում, գործում առժամանակ, փակվում, մոռացվում…

Եվ այն օրերին ոչ ոք չէր կարող պատկերացնել, գուշակել, կանխատեսել, թե որքան ժամանակ է վիճակված նորաստեղծ այդ լրատվամիջոցին, որին տրվեց խորենացիական փառահեղ անուն՝ «Սյունյաց երկիր»:

Ոչ ոք չէր կարող ենթադրել նաեւ, թե ինչ փորձություններ են սպասվում անցնելիք ճանապարհին…

Ու հիմա տասնհինգ տարեկան ենք:

Ծրագրել էինք լուսավոր այդ առիթով հատուկ համար հրատարակել, ինչպես արել էինք տասնամյակի կապակցությամբ, նույնիսկ միջոցներ էինք ձեռք բերել մեր բարեկամների աջակցությամբ, որոշ աշխատանքներ էինք հասցրել անել, բայց…

Ինչ-ինչ հանգամանքների թելադրությամբ հոբելյանական համարի թողարկումը հետաձգվեց:

Այդուհանդերձ՝ Սյունիքի համար (եւ ոչ միայն խմբագրակազմի ու ընթերցողի) նշանավոր այդ առիթով, ինչպիսին մարզային պարբերականի տասնհինգ ամյակն է, չենք կարող խոսք չասել:

***

Հիշարժան այս օրը, նախեւառաջ, մեր անկեղծ հարգանքն ենք ընծայում այն մարդկանց, ում մտքի, ջանքի շնորհիվ, ում աջակցությամբ (նյութական, բարոյական) «Սյունյաց երկիրը» տասնհինգ տարի շարունակ, մեկ օր անգամ չդադարեցնելով իր գործունեությունը, եղավ մեր լեռնաշխարհի կենդանի ղողանջը, մեր երկրամասի հասարակական-քաղաքական, հոգեւոր-մշակութային կյանքի կենդանի թրթիռը, ոչ սովորական մեր ժամանակների սյունիքյան բաբախյունը:

Հարգանք եւ երախտագիտություն բոլոր նրանց, ովքեր իբրեւ ընթերցող, իբրեւ գաղափարակից, գրչակից կամ համախոհ՝ աջակից եղան մեզ՝ պարտադրված փորձություններն արժանապատվորեն հաղթահարելու ճանապարհին:

Եվ, իհարկե, փա՜ռք Տիրոջը, որ մեր խմբագրակազմին բաշխեց այնքան եռանդ, ստեղծագործական կարողություններ ու վճռականություն, նաեւ հետեւողականություն, որ կարողացանք իրականցնել մեր առաքելությունը:

***

Համարձակվում ենք արձանագրել՝ պարբերականի տասնհինգամյա ուղին հայրենասիրության, հայրենի բնօրրանին նվիրվելու ոգեշունչ օրինակ է:

Մեր թերթը սյունեցիներիս հիշողությունն է անցած տասնհինգ տարվա մասին, որ ապրելու է նաեւ մեզանից հետո:

Անցած տարիներին մեր երկրամասի հանդեպ ունեցանք սրբազան անհանգստություն, պատվախնդրություն, զգայուն վերաբերմունք՝ մեր ազգային ցավերի եւ հատկապես սյունիքյան հոգսերի հանդեպ:

Շատերը հենց «Սյունյաց երկրի» շուրթերով էին ուզում լսել իրենց մտածումները, եւ լսում էին:

Շատերը հենց «Սյունյաց երկրի» աջակցությունն էին ակնկալում, երբ հայտնվում էին ինչ-որ դժվարության մեջ, երբ դառնում էին կամայականության ու անարդարության թիրախ: Եվ աջակցությունն ու զորակցությունը չէին ուշանում:

«Սյունյաց երկիրն» այնպիսի ներկայություն էր, որ իր հնարավորությունների սահմաններում փորձում էր կանգնեցնել հոգեւոր ամլության գրոհը մեր երկրամասում՝ ընթերցողին պարբերաբար ներկայացնելով հատուկ եւ թեմատիկ համարներ, որոնք, շատ փորձագետների ու մասնագետների պնդմամբ, բացառիկ էին եւ ունեցան հանրագիտարանային, սկզբնաղբյուրային նշանակություն:

«Սյունյաց երկիրը» արթուն պահեց մեր երկրամասը հայոց ազգային վերջին զարթոնքից դեռ շատ առաջ: Այլ հարց է, թե ամենավերեւում ինչո՞ւ էին կույր եւ խուլ ձեւանում երկրամասի հոգսերի ու հիմնախնդիրների հանդեպ:

Նաեւ այդ ամենի շնորհիվ կենդանի ու կենսունակ մնաց անընկճելի այն փաղանգը, որ տեր կանգնեց Սյունիքի արժանապատվությանն ամենաշփոթ ու խառնակ պահերին անգամ:

Երբեք այն կարծիքին չենք եղել, որ բոլորը պետք է պայքարեն եւ ընդդիմադիր վարք դրսեւորեն:

Մենք պարզապես համաձայն չենք եղել ու չենք նրանց հետ, ովքեր այդպես էլ չեն գիտակցել, որ Բանը եւ Աստված հոմանիշ են, որ խոսքի ազատության ժխտումը, լրատվամիջոցի դեմ պայքարը բոլորիս պարտությունն է:

Եվ երիցս փա՜ռք Տվողին հանճար, որ ազատ խոսքը, թեեւ Սյունիքում ենթարկվեց աներեւակայելի փորձությունների եւ ինկվիզիցիայի ժամանակներին բնորոշ հետապնդումների, ոչ միայն չպարտվեց, այլեւ քայլ անգամ չնահանջեց:

Ապացույցներից մեկը «Սյունյաց երկրի» չհոգնած, անտրտունջ, վաղվա օրվա հանդեպ հավատով լցված ներկայությունն է:

Իսկ թերթի խմբագրակազմը… Հրաշալի մարդկանց այդ բույլը երբեք չի մտածել, որ թերթն իրենն է: Հակառակն ենք մտածել՝ մենք ենք թերթինը, ու այդպես էլ գործել եւ գործում ենք՝ լրագրողական արհեստի նախանձախնդրությամբ, հայրենի եզերքի բոլոր ելեւէջների հանդեպ տիրոջ ու մշակի պատվախնդրությամբ եւ հետաքրքրությամբ:

Այդ մոտեցման շնորհիվ է, որ կարողացել ենք հարաբերվել խստապահանջ ընթերցողի հետ, ընթերցողն էլ՝ մեզ հետ, երբ նույնիսկ մարդկանց աշխատանքից հեռացնում էին միայն այն «մեղքի» համար, որ «Սյունյաց երկիր» է բաժանորդագրվում, որ ընթերցում է այդ թերթը, որ հոդվածներ է հեղինակում նրա էջերում:

Ու մեր բարեկամների շարքը երբեք չնոսրացավ, մեր իսկական բարեկամներից ոչ մեկը չհեռացավ:

Ովքեր էլ գնացին, դրանից միայն շահեցինք, մաքրվեցինք, պարզաջրվեցինք…

***

Թող զարմանալի չթվա, բայց այսօր հիշում ենք նաեւ մեր ընդդիմախոսներին, մեր «հավատաքննիչներին», ովքեր տասնհինգ տարվա ընթացքում ոչինչ չխնայեցին՝ կանգնեցնելու մեր երթը…

Իրոք որ, անհաշիվ են թերթի դեմ ձեռնարկված քայլերը… Այդ ամենը, սակայն, պարտությունների բեռ չդրեց մեր ուսերին, բայց ավելորդ լարվածությունից, ինքնապաշտպանվելուն միտված գործողություններից խուսափել չկարողացանք:

Ու եթե առօրյա կյանքում նրանց մերժում ենք կամ մոռացության տալիս, ապա միայն այն բանի համար, որ սեփական դեմքով ու գույնով հանդես չեն գալիս, որ երեւում են կեղծ էջերով, կեղծ ստորագրությամբ կամ անանուն նյութերով…

Կա՞ մեկը (մարդ կամ ատյան) մոլորակում, որ նման «նյութերին» ու նման «հեղինակներին» լուրջ է վերաբերվում:

Թե չէ կբանավիճեինք լրագրային հրապարակումներով, եթերային չկաղապարված հաղորդումներով, ու բոլորս կշահեինք, մարզը կշահեր: Եվ այդ ժամանակ՝ մեր միասնությամբ հզոր կլինեինք, կլրացնեինք միմյանց, կզգայինք իրարու կարիք: Բայց հիմա դռներ ենք փակել միմյանց առաջ… Եվ այդքանից հետո հանդգնում են «հավատաքննիչի» դեր ստանձնել, համարձակվում են լուրջ մարդու պատրանք ստեղծել: Չի լինի…

Սյունիքն է երկնել «Սյունյաց երկիրը», եւ մենք իրենն ենք, մեր իսկական հավատաքննիչն էլ բարեմիտ ընթերցողն է, հայոց մեծերն են՝ իրենց սահմանած բարոյական, գեղագիտական, մարդկային, քաղաքացիական, լեզվական չափորոշիչներով:

Եվ, այդքանով հանդերձ, բաց ենք երկխոսելու համար, եթե դա միտված պիտի լինի Սյունիքի միասնության վերականգմանը, երկրամասի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

***

Հաճախ են փորձել մեզ կպցնել ընդդիմադիրի պիտակ:

Մինչդեռ ընդդիմադիր ու ապստամբ չենք եղել երբեք, ո՞ւմ դեմ ելնեինք, չէ՞ որ տունը մերն է, հայոց պետությունը՝ եւս, մեր ծուռն ու շիտակն էլ մերն են:

Ընդամենը սեփական դեմք եւ տեսակետ ենք ունեցել մեր ընթացքի վերաբերյալ, ինչպես որ այսօր:

Եվ հաշտ ենք գրեթե բոլորի հետ:

Հաշտ ենք եւ անգամ գործընկեր բոլոր նրանց հետ, ովքեր տարբեր վայրերից են եկել մեր լեռնաշխարհ եւ իրենց գործունեությամբ նպաստում են երկրամասի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, Սյունիքում պետական կարգի ամրապնդմանը:

Մենք անհաշտ ենք միայն (եւ լինելու ենք այդպիսին) մեր երկրամաս ներխուժած հրոսակների, նաեւ նրանց տեղացի եւ ոչ տեղացի ստրուկների հետ:

***

Մեր աչքի առաջ ամեն օր թոթափվում են փառքերը, տապալվում  կուռքերը եւ ծնվում նորերը, «աստվածներն են» նորանում ամեն օր, ազգն է նորանում ամեն ժամ, բայց Սյունիքը, որքան էլ ցավալի է, մնացել է նախահեղափոխական լաբիրինթոսում:

Մեր ոտքերից շարունակվում է կախված մնալ անցյալի բեռը:

Հողեղեններիս դեռ չի լքել հանդուրժման եւ սիրո ծարավը:

Դեռ չեն քանդվել Սյունիքում վերջին տարիներին կառուցված բարիկադները…

Հայաստանում հռչակված (չենք ասում՝ իրականացված) գաղափարներին համաքայլ գնալու խնդիր ունենք այսօր, իսկ դրա «ճանապարհային քարտեզը» ցուցանվել է քանիցս…

Անշուշտ, «Սյունյաց երկիրն» էլ հեռու է անթերիից:

Բայց եւ հավատում ենք, որ զորանալու ենք դեռ ու գեղեցիկ գործեր ենք դնելու մեր հոգեւոր հացի սեղանին:

***

Այսօր էլ, իհարկե, դժվար է ենթադրել, թե որքան ճանապարհ ունի անցնելու «Սյունյաց երկիրը», ինչպես հնարավոր չէր ասել տասնհինգ տարի առաջ:Իսկ երբ մի օր ավարտենք մեր առաքելությունը, վստահ ենք, մեր գործը Սյունիքում շարունակելու են ավելի հզոր լրատվամիջոցներ, ավելի համարձակ ու բանիմաց լրագրողներ:

Բայց դա երբեք խամրության մշուշով չի ծածկելու «Սյունյաց երկրի» արած-դրածը:

Այն, ինչ գրել ու գրում ենք թերթի էջերում, մնալու եւ պահվելու է մեր ազգային պահոցներում:

Եվ ապագայի պատմաբանը, որ կհետազոտի Սյունիքի նորագույն շրջանի տարեգրությունը, պարտադրված կլինի իբրեւ սկզբնաղբյուր թերթելու «Սյունյաց երկրի» էջերը, նաեւ նրա հրապարակումներով պատկերացում կազմելու մեր օրերի մասին:

Միջնադարյան իմաստունն է ասել՝ «Ես մեռանիմ դառնամ ի հող, գիրս մնա հիշատակող»:

Այդ խոսքն ասվել է նաեւ «Սյունյաց երկրի» համար:

Ու ասվածին ավելացվելու է երբեւէ՝ «Եվ 21-րդ դարասկզբին Սիսական աշխարհում կար մի կանթեղ՝ «Սյունյաց երկիր» անուն, նա ոչ միայն լույսի աղբյուր եղավ ու իր օրերի ճշմարիտ վավերագրողը, այլ լեռնաշխարհի արժանապատվության արթուն պահապանը»:

Մինչ այդ, սակայն, «Սյունյաց երկիրը» դեռ կոչում եւ առաքելություն ունի, որ պիտի կատարի:

Դեռ ասելիք ու անելիք ունի՝ թերթի տպագիր տարբերակով ու syuniacyerkir.am կայքով:

Եվ մենք այդ ճանապարհին ենք…

Սամվել Ալեքսանյան

Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլ Փաշինյանին

25.12.2024 21:47

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ

25.12.2024 21:31

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19