Տարիները ջրի պես հոսել-անցել են, իսկ ինքը մնացել է նույն եռանդաշատը

13.02.2015 14:51
4594

Լավրենտ Սարգսյան. այսպես կարելի է բնորոշել նրան` շինարար, ստեղծարար հայ, եւ զարմանալ, թե մարդ արարածը կյանքի ընթացքում ինչպես կարող է հասցնել այնքան կառուցել եւ այնքան ակտիվ մասնակցել հայրենիքի շենացմանը, որ արժանանա համընդհանուր ճանաչման: Ավելին, հիդրոշինարարի իր աշխատանքով կարողացավ հանրապետությունում առանձնանալ, դառնալ գերազանցիկ էներգետիկ, արժանանալ բազմաթիվ մեդալների ու շքանշանների, պատվոգրերի, բաց ճակատով քայլել անցած եւ նոր ժամանակների միջով ու հավասարապես բարձր գնահատվել ե՛ւ Խորհրդային Հայաստանի, ե՛ւ անկախ Հայաստանի ղեկավարների կողմից:

Իսկ սա արդեն սովորական կենսագրություն եւ պատում չէ, այլ` մի ամբողջ կյանք տեւած ստեղծագործական գոհար, որ նույնքան իրական է, որքան Որոտանի զրնգուն կարկաչը, որ հետո ծնունդ պիտի տար Որոտանի հէկերի համակարգին` բաղկացած Տաթեւի, Սպանդարյանի եւ Շամբի հէկերից, ինչպես եւ Սիսիանի հայելիներին:

Դժվար է գրել այսպիսի տիրոջ եւ մարդու մասին, ում կյանքը ստեղծագործություն է եղել, նոտագրված կամ վրձնած ստեղծագործություն` իր մեծ հայրենակցի հողոտ-մղեղոտ բանաստեղծությունների պես…

Եվ պատահական չի եղել այդ երկու ստեղծարար հոգիների` Համո Սահյանի եւ Լավրենտ Սարգսյանի` տասնամյակներ տեւած մտերմությունը, ջերմ ու թանկ բարեկամությունը` մինչեւ բանաստեղծի վերջին օրերը, մինչեւ նրա երկրային վերջին պահը…

Եվ ահա, Լավրենտ Սարգսյան մարդը, ով, առանց չափազանցության, հիդրոշինարարության բնագավառում հիմա էլ հսկա է, երկար ու ձիգ տարիներ ղեկավարել է Որոտանի հէկերի շինարարությունը, մասնակցել ոչ միայն Սյունիքում, այլեւ մայրաքաղաքում ռազմավարական նշանակության կարեւոր կառույցների շինարարությանը, Սիսիանի իր քաղաքապետության տարիներին (շուրջ տասը տարի) հայրենի քաղաքը դարձրել հանրապետության գեղեցիկ քաղաքներից մեկը, նորանկախ հանրապետությունում ռազմական նշանակության բազմաթիվ շենքեր, սպաների ընտանիքների համար բնակարաններ կառուցել:

Իսկ այս զարմանալի շռայլ հոգու տեր մարդուն իրապես ճանաչելու համար պետք է նախ հանգրվանել իր ծննդավայրում` Սիսիանի շրջանի Վաղատին գյուղում, որտեղ ապրել են 1828-ին Խոյ-Սալմաստից վերաբնակված (սկզբում վերաբնակվել են Լորում, 1920-ականներից` Վաղատինում) նրա նախնիները, որտեղ եւ անցել է նրա մանկությունը` մաճկալ, սայլապան, հնձվոր… Տեղի դպրոցն ավարտելուց հետո` Երեւանի էլեկտրամեխանիկական տեխնիկում, այնուհետ` գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոմելիորացիայի ֆակուլտետ... Եվ հայրենի եզերքում սկսվել է նրա կենսագրությունը, որ արարում է եղել մինչեւ այսօր, երբ որդու` Ավետի «Հիդրոշինարար» ՍՊԸ-ի կառույցներում նրա կողքին է` խորհրդատու եւ սրտացավ հոր վեհաշուք կերպարով, լի կառուցողի անսպառ ավյունով, դարձյալ հախուռն եւ անհանգիստ, ինչպիսին ճանաչել էինք տարիներ առաջ, տարիներ շարունակ, քանզի տարիներն այդ բացառիկ եռանդուն մարդու համար ընդամենն իր կյանքի կոչած ջրերի պես հոսել-անցել են, իսկ ինքը մնացել է նույն եռանդաշատը:

– Գլխիս վրա տեղ ունեք, բարով եք եկել, բայց չեմ սիրում, երբ լրագրողներն իմ մասին գրելու համար են այցելում… Համեցե՛ք տուն, սրտանց զրուցենք, ուտենք-խմենք, բայց իմ մասին էլ մի՛ գրեք, խնդրում եմ… Թողեք ես գործ անեմ, ինչ դեռ կարող եմ…

Եվ դա ասում է համոզելու փորձով, զվարթ ծիծաղով, ամաչելով, թվաց` խեղճ, բայց նաեւ ըմբոստանալով, իրեն հատուկ եւ հարազատ կերպարից դուրս չգալով:

Լավրենտ Սարգսյանը չէր ուզում, որ ամփոփեինք իր անցած տարիները, չէր ուզում վերջակետի, հիդրոշինարարի, շինարարի վերջնահաշվարկի հանգույն` ինքը զրուցեր ու պատմեր, ուզում էր այս ամենը լիներ շարունակության պես, ասես ինքը նստած է Որոտանի կիրճում, ընթանում է բուռն շինարարություն, ամենուր իրեն կանչում եւ պահանջում են, սպասում, ամենուր կառուցվելիքի ձայնն ու տքնումն է, եւ ինքն էլ… ժամանակ չունի՜ լրագրողների հետ իր մասին ջուր ծեծելու…

– Ի՞նչ ծրագրեր ունեք, պարո՛ն Սարգսյան:

Միանգամից մեր դեմ հառնեց ողջ Սահյանաձորը, որ մտահղացել եւ կառուցել է ինքը եւ արդեն հասցրել ձորը լցնել հազարավոր ծիրանենիներով, դեղձենիներով, մրգատու ծառերով, որպեսզի տարեցտարի ավելացող նրանց քաղցրահամ պտուղներով հյուրասիրի այցելուներին, ընկերներին, սահյանասերներին…

Մենք արդեն Սահյանի հոբելյանի առիթով հյուրընկալվել էինք այնտեղ, վայելել պտուղները, հաղորդակցվել սահյանական այդ ինքնատիպ աշխարհին, մեծ քնարերգուի քայլած, ապրած վայրերին, շնչել այդ օդը, մանրակրկիտ ուսումնասիրել բանաստեղծի վավերագրերը:

– Ամենամեծ ծրագիրս Սահյանաձորը դրախտի վերածելն է…

Արարողը մնում է արարող, ուր էլ լինի` հիդրոշինարարության, քաղաքը ղեկավարելու, թե` ծառ տնկելու, բանաստեղծ ընկերոջ հուշի պատառիկները հավաքելու, նրա հիշատակն այսպես հավերժացնելու եւ իր կյանքի իմաստն ու խորհուրդը դրանում տեսնելու մեջ:

– Գիտենք` որտեղ էլ աշխատել եք, հայոց բանակի մեծագույն աջակիցներից մեկն եք եղել…

– Գոհ եմ, որ անձամբ եմ ճանաչել Սպարապետ Վազգեն Սարգսյանին` դեռ 1985-ից, մեզ Մերուժան Տեր-Գուլանյանն էր ծանոթացրել, երբ Համո Սահյանի հետ միասին եկել էին Սիսիան:

Դրանից հետո շատ եմ հանդիպել «Գարուն» ամսագրում, երբ այնտեղ աշխատում էր: Այնուհետ նրան հանդիպեցի շարժման առաջին օրերին, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, երբ Սպարապետը բանակաշինության, զենք ու զինամթերքի ձեռքբերման հարցում լուրջ աջակցության կարիք էր զգում: Գոհ եմ, որ կարողացել եմ իմ հնարավորության սահմաններում օգնել ու աջակցել պատերազմող մեր «Սիսական» ջոկատին ու գնդին եւ շրջանի գյուղերի ինքնապաշտպանական ջոկատներին, որ կառուցել եմ ռազմական նշանակության շենքեր ու շինություններ` տարածաշրջանի տարբեր վայրերում: Այդ ժամանակ ով ինչպես, ինչով կարողացել, օգնել է կռվողներին, նորաստեղծ բանակին. ուրախ եմ, որ ես էլ իմ ներդրումն եմ ունեցել: Հպարտ եմ մեր անկախության, կայացած Ազգային բանակի համար: Հպարտ եմ, որ ճանաչել եմ, առնչվել երկրի շատ ու շատ ղեկավարների հետ, ինչպիսիք են Անդրանիկ Մարգարյանը, երեք նախագահները… Նրանք բոլորն էլ բարձր են գնահատել իմ աշխատանքը: Գոհ եմ այդ ամենից, բայց դժգոհելու շատ պատճառներ էլ ունեմ եւ ընդ որում` նաեւ ինձանից: Կարող էինք շատ ավելին անել, կարող էինք մեր ունեցած հարստությունների հենքով մեծ տնտեսություններ ստեղծել, այսօր մարդիկ շատ ավելի աշխատատեղեր կունենային, լավ կապրեին, չէին արտագաղթի…

– Ո՞րն է նոր ժամանակների քաղաքականության մեծագույն սխալը, որ, Ձեր կարծիքով, թույլ տրվեց 91-ից այս կողմ:

– Մեծագույն եւ աններելի սխալն այն էր, որ նոր իշխանությունները կարծեցին, թե նախկին հասարակարգում սրբորեն աշխատած եւ երկիր կառուցած մարդիկ անկախ հանրապետության թշնամիներն են, եւ սկսեցին աջ ու ձախ ուրանալ նրանց աշխատանքը, հեռացնել աշխատանքից, փակեցին հարյուրավոր հիմնարկ-ձեռնարկություններ, փոշիացրին երկրի ու ժողովրդի հարստությունը: Ուշացումով, բայց դարձյալ ոչ ամենուրեք, գիտակցեցին իրենց սխալը, բայց շատերն արդեն երկրում չէին, արտագաղթել էին, ոմանց էլ չվերադարձրին` պատճառաբանելով, թե կենսաթոշակային տարիքի են, իսկ վերադարձողները շատ քիչ էին:

– Եվ հավանաբար, 1999 թվականին` գրեթե 60 տարեկանում, Սիսիանի քաղաքապետ Ձեր ընտրվելն էլ կարելի է համարել բարի պատահականությո՞ւն: Չէ՞ որ ոչ բոլոր քաղաքների բախտն է բերել փորձառու, մեծ ճանապարհ անցած, կառուցող քաղաքապետ ունենալու հարցում:

– Գուցե Դուք ճիշտ եք, չգիտեմ, բայց կարծում եմ` եթե հայրենի քաղաքիս ու ժողովրդիս բախտը բերել է իմ հարցում, ապա իմ բախտը հազարապատիկ է բերել: Չէ՞ որ ես երազում էի բարօրություն իմ ժողովրդի համար, դեռ շատ երազանքներ ու ցանկություններ ունեի` հայրենի քաղաքս ծաղկեցնելու, բարեկարգելու հարցում:

– Ո՞րն է եղել կատարած առաջին գործը քաղաքապետ դառնալուց հետո, եւ ի՞նչ հիշարժան գործ եք կատարել, որ շատերը գուցե չկարողանային անել:

– Չեմ խոսի քաղաքի կանաչապատման, ասֆալտապատման, ոռոգման եւ խմելու ջրագծերի կառուցման ու վերանորոգման, դրանց շահագործման, մսուր-մանկապարտեզների վերանորոգման, մշակույթի պալատի վերակառուցման, տասնյակ ընտանիքների հարմարավետ բնակարաններով ապահովման եւ այլնի մասին:

Առաջին եւ ամենադժվար գործը, որ արեցի, կուտակված պարտքերի մարումն էր: Քաղաքապետարանը խրված էր պարտքերի մեջ՝ 67 միլիոն դրամ, երբ ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը:

Քաղաքապետարանի բյուջեն կազմում էր 45 մլն դրամ, երեք տարում պարտքերը փակեցի, որից հետո բյուջեն հասցրի մինչեւ 200 մլն դրամի, իսկ երբ պաշտոնը հանձնում էի` ինը տարի անց, բյուջեն արդեն 270 մլն դրամ էր: Սա համարում եմ չափազանց հիշարժան եւ տքնաջան, գրեթե անհավատալի գործ… Այսօր քաղաքապետարանի բյուջեն 330 մլն դրամ է, վատ չէ, առաջխաղացման հիմքը դրված է, եւ կարծես թե ավանդույթը շարունակվում է:

Բայց իմ հոգու ամենամեծ հանգստությունն ու հոգուս նվիրական պարտքի մարումը 2004թ. քաղաքի կենտրոնում Համո Սահյանի հուշարձանի տեղադրման նախաձեռնությունն էր, որն ի վերջո իրականություն դարձրի եւ հազարավոր հայրենակիցներիս հնարավորություն տվեցի հիանալ ու հպարտանալ դրանով, առիթ-անառիթ բանաստեղծի հուշակոթողին ծաղիկներ, ծաղկեպսակներ դնել եւ դարձնել մի յուրօրինակ աղոթատեղի:

– Ինչպե՞ս սկիզբ դրեցիք Սիսիան-Նեա Զմիրնի բարեկամությանը, որ մինչեւ հիմա շարունակվում է:

– 2001 թվականին էր դա, նախ այնտեղ բնակվող իմ ծանոթ-բարեկամների միջոցով առնչություններ ունեցա: Դրանից հետո Սիսիանի քաղաքապետարանը պաշտոնական հրավեր ստացավ, եւ հինգ հոգով մեկնեցինք Հունաստան, բարեկամության ու համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցինք: Այնուհետեւ նրանց պատվիրակությունը ժամանեց Սիսիան` իր հետ բերելով մոտ 100 հազար դոլարի գույք: Հատկապես ակտիվ էին մշակութային կապերը. Սիսիանի պարի համույթը (20 հոգուց բաղկացած) երեք անգամ այցելեց Աթենքին հարակից այդ քաղաքը, ելույթներ ունեցավ:

Մինչեւ հիմա էլ այդ բարեկամությունը շարունակվում է:

– Տասնամյակներով շինարարական կազմակերպություն ղեկավարած Լավրենտ Սարգսյանը Սիսիանի քաղաքապետի պաշտոնում որքանո՞վ կարողացավ ուշադրություն դարձնել համայնքի կրթական, մշակութային, մարզական գործերին: Տարիների հեռվից կարո՞ղ եք ուշագրավ ինչ-որ բան հիշել այդ առումով:

– Սիսիանը Շաղատի հռչակավոր վարդապետարանի բնօրրանն է, որտեղ հայոց դպրոց է հիմնել մեր սրբասուրբ Մեսրոպ Մաշտոցը: Սիսիանը մեր ժողովրդի մի քանի երեւելի զավակների բնօրրանն է` Սուրբ Հովհան Որոտնեցի, Նիկողայոս Ադոնց, Համո Սահյան… Այդ հանգամանքները մեզ պարտավորեցնում էին, որ ուշադրության կենտրոնում պահենք կրթական, հոգեւոր-մշակութային կյանքը:

Քիչ առաջ խոսում էինք հույների հետ բարեկամության մասին, ինչը, նախեւառաջ, մշակութային երեւույթ է:

Տեղյակ եք Համո Սահյանի հուշարձանի կառուցման մանրամասներին. դա էլ առիթ եղավ, որպեսզի հիմնանորոգենք ու ակնահաճո տեսքի բերենք Սիսակ Նահապետի անվան հրապարակը:
Իմ աշխատանքի ընթացքում երեք մանկապարտեզ եմ հիմնանորոգել, ինչպես եւ քաղաքի մշակույթի կենտրոնը (այդ թվում` գրադարանը):

Սիսիանի պարի համույթն այդ տարիներին հասավ իր հեղինակության բարձրակետին:

Սիսիանի կանանց վոլեյբոլի թիմը, հավանաբար տեղյակ եք, այդ տարիներին քանիցս դարձավ հանրապետության չեմպիոն:

– Ի՞նչ բացթողում կա այսօր Սիսիան քաղաքում, որ կշտկեիք առաջին իսկ հնարավորության դեպքում, եթե նորից վերընտրվեիք…

– Նախ ասեմ` չեմ ուզում վերընտրվել եւ չեմ էլ առաջադրվի: Հոգիս ու ավյունս տեղն են, բայց ինչ կարող ես անել, մի քանի անգամ վիրահատվել եմ, եւ բժիշկներն արգելել են ծանրաբեռնվել… Ընտանիքիս անդամներն էլ այդ հարցում նրանց հետ համամիտ են (ծիծաղում է): Բայց ասեմ, որ 2008 թվականին առաջարկներ եղել են ժողովրդի եւ բարձրագույն իշխանությունների կողմից` չորրորդ անգամ ընտրությանը մասնակցելու, հրաժարվել եմ: Դա չի նշանակում, իհարկե, թե չեմ ապրում քաղաքիս հոգսերով: Առաջին գործը, որ այսօր կանեի, դարձյալ քաղաքիս բարեկարգումն է. կշարունակեի բարեկարգել, կանաչապատել, ասֆալտապատել Սիսիանը եւ էլի այն դարձնել հանրապետության գեղեցիկ ու մաքուր քաղաքներից մեկը:

Այսպես էլ շնորհակալ եմ Աստծուց. կարողանում եմ նեցուկ լինել իմ ժողովրդին, հետաքրքվել պետական խնդիրներով, հաճախ էլ մասնակցել դրանց լուծմանը, խորհուրդներ տալ` տասնամյակների իմ փորձից ելնելով:

– Ո՞րն է գաղտնիքը, որ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա ղեկավարները հավասարապես նկատել ու գնահատել են Ձեզ, երկու դեպքում էլ շարունակել եք մնալ սպասված, մեծարված անձ:

– Այնպես չէ, որ ընդդիմախոսներ չեմ ունեցել: Ուղղակի ինձ համար կարեւորը եղել է գործս ազնվորեն կատարելը: Բոլոր մարդկային հարաբերություններում գնահատում եմ ազնվությունը եւ աշխատանքին անմնացորդ նվիրվելը: Սա չգիտեմ` գե՞ն է, դաստիարակությո՞ւն է, խորհրդային մեր սերնդին բնորոշ հատկանի՞շ է, թե՞ մեկ այլ բան: Համարյա ոչ մեկին չի հաջողվել լրջորեն վնասել ինձ, ճանապարհիս քար դնել… Հիշում եմ միայն մեկ դեպք, երբ Վազգեն Սարգսյանին փորձել էին տրամադրել իմ դեմ` ասելով, որ բանակին հանձնված շենքերից մեկը վերանորոգված չէ: Փառք Աստծո, սուտը պարզվեց հենց տեղում, երբ Սպարապետն այցելեց շենք եւ իր աչքով տեսավ անթերի կատարված աշխատանքը:

Ինչ վերաբերում է մեծարանքին ու պատվին, որին արժանացրել են ե՛ւ Անտոն Քոչինյանը, ե՛ւ Կարեն Դեմիրճյանը, նրանց զուգահեռ եւ նրանցից հետո` էլի շատերը, միաժամանակ` նորանկախ երկրի երեք նախագահը, ասեմ, որ այստեղ գաղտնիք չկա, մարդիկ տեսել ու գնահատել են: Գուցե մի քիչ էլ բախտավոր աստղի տակ եմ ծնվել, չգիտեմ:

– Ճի՞շտ է, որ տասնամյակներ շարունակ հարմարավետ բնակարաններով ապահովելով հարյուրավոր ընտանիքների՝ Ձեր ընտանիքով բնակվել եք ընդհանուր կոմունալ հարմարություններով բնակարանում:

– Այո՛, եւ չեմ դժգոհել: Պատուհանից նայեք. դիմացի շենքի առաջին հարկի բնակարանում տարիներ շարունակ ապրել ենք, չորս երեխաս ճոխություն եւ հարմարավետ բնակարաններ չեն տեսել, բայց բոլորն էլ ուսման գերազանցիկներ են եղել, եւ չեմ էլ իմացել, թե երբ են ընդունվել բուհ եւ երբ ավարտել:

– Այդ դեպքում ո՞վ է զբաղվել նրանց դաստիարակությամբ, որ այսօր յուրաքանչյուրն իր տեղում կայացած մասնագետ եւ լավ մարդ է, հայրենասեր քաղաքացի:

– Գիտե՞ք, այսպիսի մի խոսք կա. երեխան տեսնելով է սովորում: Մեր ընտանիքում հիմնականում կինս է զբաղվել երեխաների ուսման եւ դաստիարակության հարցերով: Ես լիովին վստահել եմ նրան: Նա տնտեսագետ է, մի քանի տարի աշխատել է իր մասնագիտությամբ, հետո նվիրվել ընտանիքին, երեխաներին: Այդպես էլ պետք է լիներ` մեծ ընտանիք, հոգսեր, ամեն օր բազմաթիվ հյուրեր: Այդ տանը ես հյուրընկալել եմ նաեւ Կարեն Դեմիրճյանին, շատ ու շատ պատվավոր հյուրերի: Այդ տանն են հյուրընկալվել գրողներ, կոմպոզիտորներ, գեղանկարիչներ` Վահագն Դավթյանը, Տիգրան Մանսուրյանը, Հակոբ Հակոբյանը… Համո Սահյանին չեմ ասում, որովհետեւ նա երբեք հյուր չի եղել, նա իմ տան ամենաթանկ եւ պատվավոր անդամն էր: Ասեմ, որ Համո Սահյանի հետ ոչ միայն մտերիմ ընկերներ էինք, նաեւ բարեկամություն կար. զոքանչիս հայրը եւ բանաստեղծի հայրը հարազատ եղբայրներ էին (Գրիգորյաններ):

Հենց այդ տարիներին Որոտնավանքի շրջակայքում հողամաս վերցնելով՝ կառուցեցի բնակարան-թանգարանի պես ինքնատիպ մի բան, որտեղ ամեն առիթով հյուրընկալվում եւ գիշերում էին բանաստեղծը, իր ընկերները, մեր երախտավորներից շատերը… Ձորն էլ կոչեցի Սահյանաձոր: Մտածում եմ այդ կառույցը հետագայում վերածել Համո Սահյանի մեկ այլ որակի թանգարանի, որտեղ բանաստեղծն ավելի շատ է եղել, քան Լորի իր նորակառույց տանը, որն այսօր տուն-թանգարան է: Շատ-շատ նյութեր ունեմ բանաստեղծին առնչվող` լուսանկարներ, տեսագրություն-ձայնագրություններ, մահճակալը, որի վրա քնել է, ճոճաթոռը, որտեղ սիրում էր նստել, տան ամեն անկյունը, նրա իրերը, բաժակն ու ափսեները… Ի վերջո, ողջ այգին, որտեղ բազմիցս շրջել է Սահյանը, եւ որի ամեն մի ծառը մի պատմություն է նրա մասին: Հետագայում ավելացրել եմ էլի հարյուրավոր ծառեր, եւ բոլոր տնկիներն էլ նրա հիշատակին են:

Առհասարակ, ծառ տնկելն աստվածահաճո գործ է: Երկրորդ նախագահին` Ռոբերտ Քոչարյանին, երբ 2003-ին այցելել էր Սիսիան, «Կանթեղ» հանգստյան գոտում ծիրանենու տնկի տվեցինք եւ առաջարկեցինք տնկել: Զարմացել էր. ինչո՞ւ հանկարծ նրան ծառ տնկելու առաջարկություն արեցինք: Բահը վերցնելով` նախագահը սկսեց փորել հողը եւ նույնիսկ կատակեց. «Լավրե՛նտ, մի կտոր հաց ես տվել եւ, գիտեմ, տեղը պիտի հանես…»: Ծառը տնկելուց հետո ջրեց եւ հետագայում էլ ամեն անգամ, երբ հանդիպում էի, հարցնում էր` Լավրե՛նտ, ծառն աճո՞ւմ է:

Ծառը ոչ միայն աճում էր, այլեւ մի քանի տարի անց լավ բերք տվեց: Երեւան մեկնելիս հավաքեցի ծառի առաջին առատ բերքը եւ տարա Քոչարյանին տվեցի: Հիացմունքից եւ ուրախությունից բառ չէր գտնում ասելու…

Այդպես է, եթե սիրով ես գործդ անում, անպայման պտուղ է տալիս: Ծառն էլ է այդպիսին, նա ամեն ինչ զգում է՝ ե՛ւ սերդ, ե՛ւ չարությունդ:

– Նշանավոր մարդիկ (պետական ու քաղաքական, հոգեւոր-մշակութային գործիչներ), որոնց հետ շփվել եւ գործ եք ունեցել… Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը կյանքում, շինարարության մեջ, կառավարման ոլորտում, մարդկային հարաբերություններում:

– Շփվել եմ գրեթե բոլոր ղեկավարների (հանրապետության մասշտաբով) եւ հոգեւոր-մշակութային գործիչների հետ, ովքեր վերջին երեք-չորս տասնամյակում այցելել են Սիսիան: Ուշագրավ հանդիպումներ եմ ունեցել, օրինակ, լուսահոգի Կարեն Դեմիրճյանի հետ: Մի քանի անգամ նա այցելել է Որոտանի կառուցվող հէկեր, ջրամբարներ, մանրամասնորեն հետաքրքրվել շինարարության որակով:

Երկար տարիներ աշխատել եմ Կիմ Հովհաննիսյանի, Շչորս Դավթյանի ղեկավարությամբ. նրանք էին այդ տարիներին ղեկավարում Սիսիանի շրջանը: Նրանցից սովորելու, նրանց ընդօրինակելու շատ առիթներ են եղել:

– Մարդկանց հետ հարաբերություններում, որքանով տեղյակ ենք, Դուք անմիջական եք, դժվարություններ չեք ստեղծում, կանխակալություն չեք ցուցաբերում, հիշաչար չեք: Բայց վերջին պաշտոնաթողությունից հետո, նաեւ Ձեր ընտրությունների ժամանակ, երբեմնի գործընկերներդ հեռացան քեզանից, ինչն աննկատ չմնաց հանրության աչքից…

– Դուք ճիշտ նկատեցիք` հիշաչարությունն ինձ հարիր չէ: Սիսիանը նաեւ իմ կառուցած քաղաքն է, մոտ տասը տարի ես եմ առաջնորդել սիսիանցուն, Սիսիանն իմ բնօրրանն է: Եվ ուրեմն` ես չեմ կարող որեւէ մեկից նեղացած լինել, որեւէ մեկից խույս տալ, թեեւ հատուկենտ մարդկանց պահվածքն իմ հանդեպ հնարավոր չէ բարոյական համարել:

– Ամենամնայուն գործերը, որ արել եք ու թողել գալիք սերունդներին:

– Չեմ կարող հպարտություն չապրել այնպիսի գործերի համար, ինչպիսիք են Սիսիանի ջրային հայելիները, օդակայանը, հացի թանգարանը, Շամբի, Տոլորսի, Սպանդարյանի ջրամբարները, Շամբհէկը, Սպանդարյանհէկը, Սիսիանի բազմաբնակարան շենքերը…

– Սիսիանի հիմնախնդիրներն այսօր… Կամ` ի՞նչ է պակասում Սիսիանին այսօր. մոտ տասը տարի եղել եք այդ համայնքի ղեկավարը, եւ, անշուշտ, Ձեզ ավելի տեսանելի են դրանք, քան որեւէ մեկին:

– Ամենակարեւորը զբաղվածության խնդիրն է. մեր երիտասարդներն իրենց վաղվա օրը պետք է տեսնեն Սիսիանում:

Ներքաղաքային տնտեսության վիճակն էլ մտահոգիչ է` փողոցներ, աղբահանություն…

Մարդկային նորմալ փոխհարաբերություններն էլ մեզ համար թանկ պիտի լինեն:

Կուսակցությունների միջեւ պայքարը, որ բնական է, երբեք չպետք է խաթարի այդ հարաբերությունները, սիսիանցիների միասնությունը: Հատկապես համայնքային հիմնախնդիրների լուծման հարցում պետք է միասնական լինենք, որպեսզի Սիսիանի ձայնը լսելի լինի:

– Ձեր կյանքի դժվարին պահերից մեկը…

– Դժվարին իրավիճակներում շատ եմ հայտնվել, բայց կա մի դրվագ, որ հնարավոր չէ մոռանալ…

1987թ. մայիսի 20-ին (այդ ժամանակ Սպանդարյանհէկի շինվարչության պետն էի) Սպանդարյանի թունելը փակել էինք, որ ջրամբարը ջուր լցնենք: Անձրեւոտ օրեր էին, ջուրը շատ արագ բարձրացավ (20 օրում ջրամբար լցվեց մոտ 60 մլն խորանարդ մետր ջուր), հենց այդ ժամանակ թունելի խցանային փականում խնդիր առաջացավ: Անկանխատեսելի վիճակ էր մեզ համար: Բարեբախտաբար, րոպեներ առաջ էինք թունելից բանվորներին հանել եւ ոչ մի զոհ չունեցանք: Մեզ հաջողվեց տեղի ունեցածի պատճառը գտնել եւ վերացնել…

Բայց շատերը սկզբնապես կարծում էին, թե ջրամբարի պատնեշն է վնասվել, ճաք տվել: Իրար էին խառնվել ոչ միայն Հայաստանի կոմկուսի կենտկոմում եւ Հայաստանի կառավարությունում, այլեւ Մոսկվայում, որտեղից հանձնաժողով ժամանեց Սիսիան: Խուճապ էր առաջացել Սիսիանում, ոմանք ասեկոսեների հիման վրա քաղաքի ափամերձ թաղամասերից բնակչությունը տարհանելու խնդիր էին դրել… Մինչդեռ, եթե նույնիսկ պատնեշը ճաք տար կամ քանդվեր, միեւնույն է, Սիսիան քաղաքին վնաս չէր լինի (հանձնաժողովն էր նման եզրակացության հանգել, ջրամբարում դեռեւս այդքան ջուր չէր կուտակվել):

Այդ մեկ շաբաթը, իսկապես, իմ կյանքի ամենալարված, ամենադժվար պահն էր:

– Ի դեպ, Դուք գլխավորել եք Սպանդարյանի, Շամբի եւ Տոլորսի ջրամբարների կառուցումը: Կա մի հարց, որ, հատկապես Սպիտակի երկրաշարժից հետո, հրատապ է ու արդիական առայսօր:

Նկատի ունենք այդ ջրամբարների սեյսմակայունությունը: Մարդիկ դեռեւս հիշում են այդ ջրամբարներում տեղի ունեցած վթարները, որոնց հետեւանքով Որոտանի կիրճը մեծ վնասներ կրեց:

Իհարկե, այդ վթարները պայմանավորված չէին անբավարար սեյսմակայունությամբ, բայց եւ տեսանք, թե ինչ կարող է լինել որեւէ ջրամբարի պատնեշի կամ թունելի վթարից:

– Ժամանակին այդ ջրամբարները կառուցվել են ինը բալ երկրաշարժին դիմանալու ամրությամբ: Տարիների ընթացքում, բնականաբար, պատնեշներն ավելի են ամրացել եւ հիմա բավականին հուսալի են:

Ինչ վերաբերում է Շամբի, Տոլորսի վթարներին (Սպանդարյանի վթարի մասին արդեն խոսեցինք), ապա դրանք եւս ոչ թե պատնեշի թուլությամբ էին պայմանավորված, այլ ժամանակավոր կառույցներում տեղ գտած թերություններով: Այնպես որ, մեր երեք ջրամբարն էլ հուսալիորեն ամուր են:

– Ամենամեծ արժեքը, ամենամեծ հարստությունը (եթե կարելի է այդպես ասել), որ ձեռք եք բերել կյանքի 75 տարում:

– Ամենամեծ արժեքն ու ամենամեծ հարստությունն ընտանիքս է, երեխաներս են (Ավետ, Հասմիկ, Արմինե, Արթուր), տասներկու թոռներս են…

Ընդհանրապես ընտանիքը մեր ազգի հարատեւության գլխավոր երաշխիքներից է, մենք ազգովի պետք է այնպես անենք, որ ունենանք ամուր ընտանիք, որ հայ ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն: Ինքս էլ մեծ ընտանիքի զավակ եմ: Հայրս` Ավետ Բախշիի Սարգսյանը, եւ մայրս (Հարժիս գյուղից)` Սիրանուշ Ավետիսի Հարությունյանը, ունեցել են տասներկու զավակ, առաջին չորսը մեկ տարում (երեխա ժամանակ) մահացան եւ թաղված են Որոտնավանքի բակում: Մյուսներն ապրել են ու, յուրաքանչյուրն իր չափով, օգտակար եղել մեր հասարակությանը` Վոլոդյա, Էմմա, Մարիետա, Լուսիկ, Սոնիկ, Օնիկ, Սպարտակ. վերջին չորսը տարիներ առաջ են մահացել:

– Ժամանակին՝ տասնամյակներ շարունակ, գյուղատնտեսական ինստիտուտի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան անց են կացրել Որոտանի հէկերում, մոտիկից ծանոթացել մասնագիտական գաղտնիքներին, առաջնորդվել Ձեր խորհուրդներով: Ի՞նչ խորհուրդ ունեք այսօր տալու մեր երիտասարդներին` Ձեր ողջ փորձի ու վաստակի բարձունքից:

– Երիտասարդներին խորհուրդս սա է` զբաղվեք օգտակար գործերով, մի փչացրեք եւ սպառեք ձեր գեղեցիկ տարիները պարապության, անգործության մեջ, հրաժարվեք բոլոր վնասակար սովորություններից, հայկական օջախ եւ ամուր ընտանիք ստեղծեք եւ շատ զավակներ ունեցեք:

Միայն այդպես կարող եք իրական հայրենասերներ լինել…

Մինչեւ հիմա չեմ հավատում, որ երկիրը, որ մենք էինք կառուցել, փլուզվել է:

Խորհրդային երկիրը մի հրաշալի ավանդույթ է ունեցել. մարդ մինչեւ մի կարեւոր, ղեկավար պաշտոն զբաղեցնելն անցնում էր իսկական դպրոցով` «շկոլայով», ինչպես ասում են: Սկսում էր բանվորից, ապա դառնում վարպետ, անցնում բուհական աստիճաններով, աշխատանքում թրծվում, դառնում արժանի եւ վստահելի կադր, ապա միայն նրան որեւէ պատասխանատու աշխատանք էր առաջարկվում: Այսօր, ցավոք, իրավիճակն այլ է, տեղից վեր կացողն առաջ է նետվում եւ պաշտոն ստանալու համար ոչ մի միջոցի առջեւ կանգ չի առնում: Նա կարող է անգամ քայլել արժանավոր կադրերի, ընկերոջ եւ բարեկամի վրայով, ուրանալ եւ ոտնատակ տալ շատ արժեքներ: Եվ ամբողջ դժբախտությունն այն է, որ կողքից դա խրախուսվում է, համարվում բնական երեւույթ:

Սխալ ու վնասակար եմ համարում գյուղերի խոշորացման ծրագիրը: Շրջանները պետք է վերականգնվեն, լեռնային ամեն մի գյուղի հարց պետք է առանձին քննարկման առարկա դառնա, շրջանի եւ գյուղի ղեկավարը պետք է նշանակովի լինի, եւ անձամբ ինքը պատասխանատվություն կրի իր շրջանի լավի ու վատի համար:

– Մենք այսօր շատ խոսեցինք Սահյանի հետ Ձեր բարեկամության մասին, բայց չբացեցինք, չվերծանեցինք այդ բարեկամության գաղտնիքը:

– Բանաստեղծի հետ տասնյակ տարիների մտերմությունս հենց այնպես չի անցել, այն մեծ եւ անջնջելի հետք է թողել իմ սրտում եւ ողջ կյանքիս վրա… Սահյանը մի անգամ ասաց. «Լավրե՛նտ, ինչի՞ց է, որ ամբողջ աշխարհից խռովում եմ, խռովում եմ բարեկամ-ընկերներից, ամենքից, բայց քեզանից այդպես էլ չկարողացա խռովել»:

Իրոք, Սահյանն ինձանից երբեք չէր խռովում` ինչ էլ ասելու լինեի, ինչ կատակ էլ անեի:

Ասաց ու ինքն էլ պատասխանեց. «Որովհետեւ դու իմ ծաղիկը շուկա չես հանելու, գիտեմ, որովհետեւ դու ինձնով փող ու փառք չես գնելու, իմ գաղտնիքներն անհոգ եւ անմտածված ցրիվ չես տալու…»:

Հուզվում եմ, չշարունակեմ… Բայց չէ, մի բան էլ ասեմ. բանաստեղծի երազանքն էր մահից հետո հանգրվանել Լորում: Ուզում էր նաեւ, որ իր թանգարանը լինի Սահյանաձորը… Երբեք չէր սիրի այդկերպ վերակառուցված հայրական տունը, քանի որ բնական տեսքից շեղված է, անհարկի արդիականացված:

Ավաղ, բանաստեղծի առաջին երազանքը չիրականացավ, բայց երկրորդ երազանքը` «որ Սահյանաձորը լինի թանգարան», անպայման կիրագործեմ…

ԶՐՈՒՅՑԸ` ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25