Տաթեւի վանքի վիմագիր գաղտնիքները

28.08.2022 18:59
2218

Չորրորդ օրն է՝ Սյունիքի մարզում իր հերթական վիմագրագիտական հետազոտությունն է իրականացնում պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Հարությունյանը:

Պատեհ առիթն օգտագործելով եւ թեմայի նկատմամբ մեր հետաքրքրությունը նկատառելով՝ այսօր զրուցեցինք ուսումնասիրողի հետ, ով Հարժիսի հուշարձանների  հետազոտություններն ավարտելուց հետո տեղափոխվել էր Շինուհայր՝ նույն առաքելությամբ, որտեղ էլ հանդիպեցինք:

Այցեքարտ

Արսեն Հարությունյան. ծնված 1985-ին՝ Երեւանում, արմատներով՝ Մեղրու տարածաշրջանի Վահրավար գյուղից:

2007 թ. ավարտել է Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մինչ այդ՝ 2003-05 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:

2009 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում, 2012-ից համատեղությամբ աշխատում է նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ ավագ գիտաշխատող:

2019-ից ԵՊՀ պատմության ֆակուլտետում դասավանդում է վիմագրություն առարկա:

Ինը գրքի եւ ութսունից ավելի հոդվածի հեղինակ է, մասնակցել է միջազգային  գիտաժողովների՝ Վրաստանում, Տաջիկստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում: Թեկնածուականը պաշտպանել է 2013 թ., թեման՝ «Վաղարշապատի վանքերը. պատմավիմագրագիտական ուսումնասիրություններ»:

2014-15 թթ. մասնակցել է Տաթեւի վանքի հնագիտական պեղումներին, որից հետո սկսել է զբաղվել Տաթեւի վանքի եւ հարակից բնակավայրերի հուշարձանների վիմագրերի ուսումնասիրությամբ:

2015-ից՝ ամեն տարի, գործուղվել է Սյունիքի մարզի Տաթեւ, Տանձատափ, Սվարանց, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Հարժիս բնակավայրեր, ընդօրինակել է ավելի քան 300 նորահայտ արձանագրություն, որոնց հիմամբ պատրաստվում է պաշտպանել դոկտորական ատենախոսություն՝ «Միջնադարյան Տաթեւը եւ նրա գրավոր-մշակութային ժառանգությունը»  թեմայով:

Հավաքած նյութի շրջանակներում հրատարակել է շուրջ 20 հոդված, այդ թվում՝ միջազգային գիտական պարբերականներում:

Առաջիկա հոկտեմբերին Բելգիայի Լուվեն քաղաքի կաթոլիկ համալսարանում դասախոսություն կներկայացնի «Տաթեւի վանքի պատմությունն ըստ վիմագրերի» թեմայով:

***

-Պարոն Հարությունյան, նախ՝ ողջունում ենք Ձեր հերթական այցը Սյունիք, նաեւ շնորհակալություն հայտնում՝ մեր երկրամասի մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար:

2014-15 թթ., ինչպես տեղեկացանք, մասնակցել եք Տաթեւի վանքում իրականացված պեղումներին:

Կուզենայինք իմանալ՝ ստույգ  ո՞ր տարածքներում եք պեղումներ կատարել, ո՞ւմ կողմից էին իրականացվում պեղումները եւ, իհարկե, ի՞նչ արդյունքներ ունեցաք:

-Պեղումներն իրականացնում էր ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը՝ ղեկավարությամբ պատմական գիտությունների թեկնածու Հուսիկ Մելքոնյանի:

Պեղումներն իրականացվել են հյուսիսային պարսպապատի զույգ աշտարակի եւ նախկին մուտքի տարածքում, հաջորդիվ նաեւ պեղվել են արեւելյան պարսպաշարը, ինչպես եւ հին գավթի ու հարավային (երբեմնի) նախասրահի տարածքները:

Արդյունքում՝ հողալիցքից բացվել են կառույցների հիմնապատերը, փաստագրվել են ուղղանկյունաձեւ տապանաքարեր, մեկը՝ արձանագիր (բեկորային), խեցեղեն նյութ, այդ թվում՝ արաբերեն արձանագրությամբ փիալա, որը թվագրվում է 14-15-րդ դարերին:

Պեղումների արդյունքները հրատարակվել են «Արամազդ» գիտական պարբերականի 2017-ի թիվ 1-2 համարում՝ անգլերեն լեզվով:

-Ըստ Ձեր ունեցած տեղեկությունների՝ Տաթեւի վանական համալիրը երբվանի՞ց է արժանացել ուսումնասիրողների  ուշադրությանը:

- 20-րդ դարասկզբին Սուրբ Էջմիածնի միաբան, մեծ սյունեցի Մեսրոպ Մագիստրոս արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանն այցելել է Տաթեւ եւ որոշ ժամանակ զբաղվել տեղի հուշարձանների ու հարակից բնակավայրերի ուսումնասիրությամբ:

Արդյունքները հրատարակել են նախ՝ «Արարատ» ամսագրում 1918-ին, իսկ առավել ամբողջական՝ կից Դադիվանքի եւ Հաղարծինի վիմագրերի՝ 1938 թվականին՝ Երուսաղեմում, ուր  ընդգրկված է Տաթեւից շուրջ 150 արձանագրություն:

Այդ գիրքը, ցավոք, չի օգտագործվել «Դիվան հայ վիմագրության» 2-րդ պրակի պատրաստման ժամանակ:

Այնուհետեւ՝ Տաթեւի վանքի վանահայր Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը «Տաթեւ» տարեգրքում (1930 թ.) հրատարակել է «Տաթեւի համառոտ պատմություն» խորագրով ծավալուն հոդվածը (Հալեպում): Դրանում հրատարակվել է Տաթեւին առնչվող հինգ տասնյակից ավելի արձանագրություն:

1931 թ. ապրիլի 28-ի երկրաշարժից Տաթեւի վանքը մեծապես վնասվել է, իսկ 1960-ականների վերջերից սկսվել է վանքի վերականգնումը:

Այդ ժամանակաշրջանում հնագետ Արամ Քալանթարյանը վանքի ավերակներից դուրս է բերել Ստեփանոս Օրբելյանի անվանակիր զույգ զանգը, որոնք մինչ այդ կորած էին համարվում, որոնցից մեկը ներկայումս ցուցադրվում է վանքի նորաբաց թանգարանի նախասրահում, իսկ մյուսը գտնվում է այժմյան զանգակատան ներսում:

Այնուհետեւ՝ Տաթեւի վանքի վիմագրերի ուսումնասիրությամբ զբաղվել է վիմագրագետ Սուրեն Սաղումյանը, ով 2001-ին հրատարակել է  Տաթեւի վանքի վիմագրերից շուրջ 30-ը՝ միաժամանակ փաստելով, որ համալիրի որմերին են գտնվում բազմաթիվ վիմագրեր, որոնք դեռ սպասում են հետազոտողներին:

Դրանից հետո, ինչպես արդեն նշվեց, 2014-15 թթ. մեր արշավախմբի կողմից իրականացվել են հնագիտական պեղումներ, որոնց հաջորդել են իմ հեղինակած հոդվածները (2016-21 թթ.):

-Մեզ հետաքրքրում է Տաթեւի գլխավոր՝  Սբ  Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը նախաձեռնած եւ իրականացրած Սյունյաց Հովհաննես եպիսկոպոսի  տապանաքարի գտնվելու վայրը, քանի որ այդ խնդրի շուրջ մինչեւ հիմա տարբեր վարկածներ են շրջանառվում: Ձեր կարծիքը:

- Հովհաննես եպիսկոպոսը, ամենայն հավանականությամբ, թաղվել է տաճարին արեւմուտքից կից երբեմնի գավթում, որտեղ թաղված են եղել Սյունիքի թագավորության առաջին երկու գահակալը, բարձրաստիճան  իշխաններ, հոգեւորականներ:

Ցավոք, 1890 թվականին Տաթեւի վանքի վանահայր Անանիա Համազասպյանը հաջողել է քանդել երբեմնի գավիթն ու զանգակատունը՝ տեղում կառուցելով էջմիածնատիպ եռահարկ զանգակատունը, որի բարձրությունը գերազանցել է գլխավոր տաճարի գմբեթի բարձրությանը, մի բան, որն անթույլատրելի է:

Ի դեպ, ըստ Արտակ եպիսկոպոս Սմբատյանի՝ Տաթեւի վանքի հին զանգակատունը կառուցվել է Սուրբ Հովհան Որոտնեցու նախաձեռնությամբ, սակայն, մեր կարծիքով, Տաթեւում զանգակատուն եղել է շատ ավելի վաղ, ինչի մասին է վկայում Ստեփանոս Օրբելյանի անվանակիր զանգերի թվագրությունը, այն է՝ 1302, 1304 թվականներ, մի բան, որ թույլ է տալիս ենթադրել՝ զանգակատունը Հովհան Որոտնեցու օրոք կարող էր նորոգված կամ առնվազն շինարարությունն ավարտին հասցված լինել:

Նոր զանգակատունը քանդվել է 1931-ի երկրաշարժից եւ ներկայումս կանգուն է միայն առաջին հարկաբաժինը:

Կարելի է ենթադրել, ինչպես ասացի, որ քանդված գավթում է եղել նաեւ Սյունյաց թեմի երեւելի առաջնորդ Հովհաննեսի տապանաքարը:

-Դուք նշեցիք Տաթեւի վանքի վանահայր Անանիա վարդապետ Համազասպյանի նախաձեռնության մասին:

Մինչդեռ, շրջանառվում է կարծիք, թե հին գավիթը քանդվել եւ տեղը զանգակատուն է կառուցվել Խրիմյան Հայրիկի նախաձեռնությամբ:

- Այդ ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսը Խրիմյան Հայրիկն էր, ով էլ արտոնել է գավթի քանդման եւ նոր զանգակատան կառուցման գործընթացը:

-Վանքի վերականգնման ողջ ընթացքում հայտնաբերվել են արձանագիր քարեր, խաչքարեր, տապանաքարեր:

Որտե՞ղ են դրանք ցուցադրվում, եւ արդյո՞ք հասանելի են ուխտավորներին:

-Դեռեւս Սուրեն Սաղումյանն է իր վերոնշյալ հոդվածում գրում, որ վանքի վերակառուցման ժամանակ (1980-ականներ) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու որմերի լիցքից դուրս են բերվել ամբողջական վիճակում գտնվող մի քանի խաչքար, որոնց վրա այսօր էլ տեսանելի են կրաշաղախի կարծրացած հետքերը, ինչը նշանակում է՝ ավելի վաղ դրանք օգտագործվել են իբրեւ շինաքար՝ չկարեւորելով կոթողի իրական նշանակությունը:

Լիցքից դուրս բերված խաչքարերից որոշներն այսօր ցուցադրվում են Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, տեղի երկրագիտական թանգարանում, ինչպես նաեւ Տաթեւի վանքում վերջերս բացված թանգարանում:

Չնայած այդ ամենին, մի շարք կոթողներ ցուցադրվում են վանքի բակում՝ հենած տարբեր շինությունների որմերին, մի քանիսն էլ կանգնեցված են պատվանդանների վրա: Այդ շարքում խիստ կարեւորում եմ Գրիգոր Տաթեւացու հիշատակին ձոնված խաչքարը, որը 1410 թ. կանգնեցրել է նրա քրոջորդի եւ հայտնի մատենագիր, փիլիսոփա, երաժիշտ, Տաթեւի համալսարանի երեւելի ներկայացուցիչ Առաքել Սյունեցին: Նախկինում այդ խաչքարն ագուցված է եղել հարավային կամարակապ սրահի որմին, իսկ այժմ կանգնեցված է  ՍԲ Պողոս-Պետրոս տաճարի արեւմտյան պատին կից:

-Հետաքրքիր է, Տաթեւի վանքի խաչքարային արվեստն արդյո՞ք երբեւէ ամբողջական ուսումնասիրվել է եւ արդյո՞ք դրանք ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները:

-Տաթեւի կոթողային-խաչքարային արվեստը խիստ յուրահատուկ է հատկապես վաղխաչքարային՝ 9-10-րդ դարերի շրջափուլի համապատկերում: Մեր հետազոտությունները պարզում են, որ արդեն 10-րդ դարասկզբին Տաթեւի դպրոցին բնորոշ խաչքարային հորինվածքը ներկայանում է խիստ բուսականացված, հիմնախաչը՝ շրջափակված խաղողի որթագալարով, եռագունդ խաչաթևերով, որոնք էլ այս դպրոցին բնորոշ հիմնական առանձնահատկությունն են:

Մեզ հաջողվել է վավերացնել ստույգ թվակիր՝ 906, 910 թվականների խաչքարեր, որոնց հորինվածքային առանձնահատկությունները լիովին հաստատում են վերն ասվածը:

Իսկ խաղողը՝ քրիստոնեական խորհրդաբանության մեջ ցուցանում է Հիսուս Քրիստոսին, նրա արյունն ու փրկագործական նշանակությունը:

-Ձեր հետազոտությունների ընթացքում ընդօրինակած-վերծանած նորահայտ վիմագրերից ո՞րը կցանկանայիք առանձնացնել:

-Ես կառանձնացնեի համաքրիստոնեական Սուրբ Պանդալեոնի անվանակիր կոթողը, որն այսօր ցուցադրվում է Տաթեւի վանքի նորաբաց թանգարանում եւ իր նշանակությամբ մեծապես հաստատում է Տաթեւում այս սրբի պաշտամունքի գոյությունը:

Կոթողը, ըստ արձանագրության հնագրական առանձնահատկությունների՝ թվագրվում է 9-10-րդ դարերով:

Ո՞վ է Սուրբ Պանդալեոնը. ծագումով Նիկոմեդիայից, մասնագիտությամբ բժիշկ:

Պանդալեոնի պաշտամունքը մեզանում առավելապես տարածված է եղել Արցախում, իսկ նորահայտ արձանագրության գյուտը փաստում է, որ այն կենցաղավարել է նաեւ Սյունիքում, ի մասնավորի՝ Տաթեւի վանքում:

Այս արձանագրությունը հրապարակել ենք Բեյրութում լույս տեսնող Հայկազյան հայագիտական հանդեսում:

Պանդալեոնը հիշատակվում է դեռեւս վաղմիջնադարյան աղբյուրներում, իսկ որ հետաքրքիրն է՝ հայ մանրանկարչության մեջ նա մշտապես պատկերվում է դեղատուփը եւ գդալը ձեռքին, ինչը խորհրդանշում է նրա բժիշկ լինելն ու հիվանդներին բուժելու պատրաստակամությունը:

 

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

 

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16