Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին բարձր դռնից հանձնարարեցին կամ պատվիրեցին ՝ Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին անպայման պաշտոնանկ անել․․․․
Եվ սկսվեց մոտ մեկ տարի տևած արշավը․ որևէ նշանակություն չպիտի ունենար հանգամանքը, որ Կարեն Լազարյանը 16 տարի շարունակ անմնացորդ նվիրումով գլխավորել է 100-ամյա կրթօջախը, դարձրել հանրապետության ամենահեղինակավոր միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մեկը՝ այդ ամենի համար քանիցս արժանանալով գերատեսչական պարգևների, ԿԳՄՍ նախորդ նախարարների, նաև Սյունիքի չպղծված, հայրենատեր ու քրիստոնյա մարզպետների դրվատանքին։
Կար հստակ հանձնարարություն, և դա պետք է կատարվեր․․․
Նախարարն էլ այն հեղինակությունն ու կշիռը, նաև ինտելեկտուալ ներուժն ու վաստակը չուներ, որ համարձակվեր հարցնել՝ իսկ ինչո՞ւ։
* * *
5 մարտի 2025 թ․, Կարեն Լազարյանը՝ սահմանված կարգով մեկամսյա դասընթացին Երևանում մասնակցելուց հետո, հերթական անգամ քննություն պիտի հանձներ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ձեռք բերելու համար։
Ընդ որում՝ հավաստագրման ամբողջ գործընթացը պետք է կազմակերպվեր ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2014 թ․ հոկտեմբերի 6-ի N 974-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն, որով ճշգրտորեն սահմանված են քննության կազմակերպման բոլոր մանրամասները։
Նախապես՝ 2025 թ․ մարտի 4-ին, նախարարն արձակում է N 294-Ա հրամանը՝ հավաստագրման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին։
Փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ հանձնաժողովի նախագահ, նախարարության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի ավագ մասնագետ Լուսինե Կիրակոսյանը՝ քարտուղար, նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը՝ անդամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը՝ անդամ, Կրթության և գիտության աշխատողների արհմիության ճյուղային միավորման նախագահ Գրիգոր Ղարիբյանը՝ անդամ։
Քննության առաջին մասը՝ թեստավորումը կամ գրավոր քննությունը Կարեն Լազարյանը հանձնում է բարձր մակարդակով։
Այնուհետև հավակնորդների հետ անց է կացվում հարցազրույց կամ բանավոր քննություն։
* * *
Եվ ի՞նչ է տեղի ունենում, մի քանի փաստ․․․
Ընդ որում՝ դեռ ի մի չէին բերել գնահատման թերթիկները, չէին հաշվարկել միավորները և դրանց տոկոսային արտահայտությունը, չէին հասցրել հանձնաժողովի որոշում կայացնել և ամփոփել քննության արդյունքները;
Եվ դա արվեց հանձնաժողովի նախագահի ու անդամների ապակե հայացքի ներքո, ինչն առնվազն նշանակում է՝ Կարեն Լազարյանին հավաստագիր չշնորհելու մասին որոշումն ընդունվել էր նախապես՝ ուրիշ տեղ, և քննության իրական արդյունքները որևէ նշանակություն չէին կարող ունենալ վերջնական արդյունքում։
Իսկ թե ում ապօրինի կարգադրությամբ ու թողտվությամբ կարող էր տիկինը քննասենյակ մտնել և, առանց քննության արդյունքներին ծանոթանալու, վերդիկտ հնչեցնել՝ ավելի քան պարզ է։
Հավաստագրման կարգի 26 կետը սահմանում է՝ «Հանձնաժողովն իրավազոր է, եթե նիստին ներկայացել է հանձնաժողովի հինգ անդամից առնվազն 4–ը։ Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը փակ քվեարկությամբ կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամներից առնվազն 3-ը»։
Սակայն Կարեն Լազարյանի վերաբերյալ ընդունված որոշումներից և ոչ մեկի հիմքերը չկան։ Այսինքն՝ գրվել են թղթեր և ներկայացվել իբրև հանձնաժողովի որոշում։
Կարգի 84 կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցն ավարտելուց հետո գնահատման թերթիկի վրա նշվում է հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը․․․»։
Կարեն Լազարյանի հարցազրույցի ընթացքում, տարօրինակորեն, գործածվել է երկու տեսակի գնահատման թերթիկ․ առաջինը՝ կնքված, երկրորդը՝ առանց կնիքի, ասել է թե՝ կեղծ։
Գնահատման հինգ թերթիկից և ոչ մեկը չի համապատասխանել կարգով սահմանված պահանջներին։
Բոլոր թերթիկներում բացակայում է հանձնաժողովի նախագահի անունը և ազգանունը, թերթիկներից մեկի վրա նույնիսկ նախագահի ստորագրությունը չկա։
Գնահատման թերթիկներից երկուսում բացակայում են նաև հանձնաժողովի անդամների անուն–ազգանունները։
Երկու թերթիկի դեպքում անհնար է պարզել–իմանալ՝ ո՞վ է գնահատողը։
Հանձնաժողովի անդամ Նաիրա Սաֆարյանը ջնջում է կատարել գնահատման թերթիկում՝ ի վնաս հավակնորդի։
Գնահատման թերթիկները համարակալված ու հաշվառված չեն եղել, և որևէ դժվարություն չէր կարող ներկայացնել դրանց փոփոխելը։
Իսկ թե ինչպե՞ս են գնահատման կեղծ կամ չկնքված թերթիկներ հայտնվել հանձնաժողովում ու ի՞նչ նպատակով՝ պարզ չէ։
Կարգի 88 կետի համաձայն՝ ամփոփիչ արձանագրության Ձև 3-ը պետք է կազմվեր հանձնաժողովի փակ քվեարկության արդյունքում ընդունված որոշման հիման վրա։
Մինչդեռ չկա նման որոշում․․․
Եվ ամենակարևորը՝ ամփոփիչ արձանագրության՝ Ձև 3-ի մեջ հստակ չէ՝ Կարեն Լազարյանին շնորհո՞ւմ են հավաստագիր, թե՞ ոչ։
Կարգի 95 կետի համաձայն՝ «Հարցազրույցի արդյունքներն ամփոփելուց և հանձնաժողովի որոշումը կայացնելուց հետո մեկ ժամվա ընթացքում հավակնորդն իրավունք ունի գրավոր բողոք ներկայացնել հանձնաժողովի նախագահին։ Բողոքը քննարկվում է տեղում՝ հավակնորդի ներկայությամբ»։
Սահմանված ժամկետում Կարեն Լազարյանը բողոքարկել է, և սահմանված ժամկետում հանձնաժողովը փորձել է քննության առնել այն։
Սակայն, հանձնաժողովի նախագահ Արաքսիա Սվաջյանը նեղացած– վիրավորված լինելով բողոքարկման փաստից և հավակնորդի հանդգնությունից՝ քննարկման հենց առաջին պահին անվանարկում է նրան՝ կռկռալով՝ «կլյաուզնիկ», հայտարարելով նաև՝ «Այս տղայի հայացքն ինձ դուր չի գալիս» (վերջին անվանարկման առումով Սվաջյանն արդարացի էր՝ Կարենը պարտավոր էր իր փոխնախարարին հանգույն, գոնե քննության ժամանակ, դեմքը սքողել և կեղծամ կրել)։
Կարեն Լազարյանը հորդորում է փոխնախարարին՝ չվիրավորել իրեն, սակայն տիկինը շարունակում է իրավիճակը սրել, ինչի արդյունքում քննարկումը դառնում է անհնար։
Տեսնելով, որ փոխնախարարն իրեն ներքաշում է սադրանքի մեջ, և հետագա լարվածությունից խուսափելու համար, Կարեն Լազարյանը դուրս է գալիս քննասենյակից։
Ստեղծված իրավիճակում, համաձայն կարգի, հանձնաժողովն այլևս իրավունք չուներ և չէր կարող քննարկել բողոքը։
Եվ չնայած դրան՝ հանձնաժողովի հինգ անդամի կողմից ստորագրված մի թղթում (որը չի կարող փոխարինել արձանագրությանը, իսկ արձանագրություն չկա) նշվում է, թե բողոքը քննարկվել է հավակնորդի ներկայությամբ ու մասնակցությամբ։
Մինչդեռ, հակառակ հանձնաժողովի «արձանագրության», ԿԳՄՍ նախարարը (դիրքորոշումներից մեկի մեջ), իբրև Պատասխանողի ներկայացուցիչ, նշում է, թե Կարեն Լազարյանը դուրս է եկել քննասենյակից և չի մասնակցել բողոքի քննարկմանը։
Ավելին, չկա հանձնաժողովի որոշում հավակնորդի բողոքի քննարկման արդյունքի վերաբերյալ։
Չի պահպանվել բողոքի քննարկմանը նվիրված հանձնաժողովի նիստի ձայնագրությունը, կամ գուցե այն ոչնչացվե՞լ է։
ԿԳՄՍ նախարարությունն ամիսներ շարունակ սիրողական մակարդակի վարժանքներ է անում՝ հիմնավորելու, թե բողոքի քննությունը չպիտի ձայնագրվեր, սակայն՝ անօգուտ։
Կարգի 83 կետը սահմանում է՝ «Յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցն արձանագրվում է․․․»։
Ընդ որում՝ Կարգին կից ներկայացված է արձանագրության ձևանմուշը, սակայն․․․
Արձանագրությունը, որ հարցազրույցի ամենագլխավոր փաստաթուղթն է, հնարավորություն չի տալիս պարզել կամ իմանալ՝ ի՞նչ պատասխան է տվել հավակնորդը հինգ հարցից յուրաքանչյուրին, ի՞նչ հավելյալ հարցեր են տրվել, և դրանց ի՞նչ պատասխան է տվել մասնակիցը։
Այնպես որ՝ արձանագրությունը չի վկայում և չի ապացուցում, որ Կարեն Լազարյանը չի պատասխանել հարցերին։ Իսկ ավելի ստույգ՝ հարցազրույցի արձանագրություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի։
Տասը րոպե 26 վայրկյան տևողությամբ ձայնագրությունն իբր բանավոր քննության (հարցարզրույցի) ընթացքի ձայնագրությունն է։
Նախարարությունը, սակայն, մինչև հիմա չի կարողանում պատասխանել պարզագույն հարցերին՝ տեխնիկական ի՞նչ միջոցներով է կատարվել ձայնագրությունը, ո՞ւմ կողմից է սահմանված ձայնագրության տվյալ կարգը, որքանո՞վ է պաշտպանված ձայնագրությունը հետագա աղավաղումներից կամ միջամտությունից, կա՞ մեկը, ով կհաստատի՝ ձայնագրությունը մարտի 5-ից մինչև հունիսի 19-ը (մինչև դատարանին տրամադրելը) միջամտության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ։
Նկատելիորեն վատ է ձայնագրության որակը, որոշ խոսակցություններ դժվար հասկանալի են։ Մի քանի տեղ երկար դադար է, չի հասկացվում՝ մասնակիցը մտածո՞ւմ է պատասխանի շուրջ, թե՞ հարցազրույցի ինչ–ինչ դրվագներ դուրս են մնացել ձայնագրությունից կամ հետագայում միջամտության ենթարկվել։
Մինչդեռ հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի նախագահը չի հրապարակել հարցերից որևէ մեկի ճիշտ պատասխանը։ Եվ դա այն պարագայում, երբ ճիշտ պատասխանի հրապարակումը կարգի իմպերատիվ պահանջ է ու չի ենթադրում հայեցողություն։
Ավելին, կարգի հենց այդ պահանջն է, որ հավակնորդին հնարավորություն է տալիս կասկածի տակ չառնել հանձնաժողովի և հարցազրույցի օբյեկտիվությունը։
Դրանից չափազանց կարևոր մեկ այլ հարց է ծագում նաև՝ եթե հանձնաժողովականներին չի ներկայացվել կամ չի տրվել տվյալ հարցերի ճիշտ պատասխանը, ապա ինչպե՞ս են նրանք գնահատել Կարեն Լազարյանին, ինչպե՞ս են իմացել՝ հավակնորդը ճի՞շտ է պատասխանել հարցերին, թե՞ ոչ։
Օրինակ, 4-րդ հարցին պատասխանելուց հետո Արաքսիա Սվաջյանն այսպես կոչված հավելյալ հարց է ուղղում Կարեն Լազարյանին՝ «16 տարեկանի համար մինչև ինչքան աշխատանքային ժամանակ է հանգստի ժամկետ է սահմանված, 16-18 համար․․․»։
Արմենուհի Պողոսյանն էլ հարցնում է՝ «Ո՞ր տարիքի դեպքում․․․․ հանգստի ի՞նչ շեմ է սահմանված»։
Մոլորակի որևէ լինգվիստ կարո՞ղ է պարզաբանել կամ գուշակել, թե՞ ինչ էին ուզում ԿԳՄՍ փոխնախարարն ու վարչության պետը։
Եվ նման մի քանի «հավելյալ հարցեր»․․․
Լսում ենք և ողբում՝ մի՞թե կրթության նախարարի տեղակալը և նախարարության վարչության պետն այսքան մերկ են...
Այսինքն՝ հավակնորդը պարտավոր է պատասխանել թերթիկի հինգ կոնկրետ հարցից յուրաքանչյուրին։
Իրականում, մինչդեռ, հավակնորդին (այս դեպքում) տրվել է մոտ տասը հարց, որոնց մեծ մասը կապ չի ունեցել թերթիկի հարցերին։
Օրինակ 2-րդ հարցը, որը բացառապես վերաբերում էր ուսումնական հաստատությունում իրականացվող փոխատեղումների ժամանակին։
Հավակնորդը հստակ հարցին հստակ պատասխան է տալիս, բայց․․․ Արաքսիա Սվաջյանը դուրս է գալիս բուն հարցի և ճիշտ պատասխանի տիրույթից ու տարօրինակ ձևակերպումով «հարց» տալիս՝ «Փոխատեղումը կատարվում է սահմանված բարձր առաջադիմությա՞մբ, թե՞ համեմատության մեջ է դիտարկվում»։
Եվ նման շատ արտառոցություններ, որոնց պարագայում նույնպես լեզվաբանները (մեր խնդրանքով) չկարողացան գլուխ հանել։
Արդյունքում՝ հարցատոմսի բուն հարցերին տված ճիշտ պատասխանները հանձնաժողովի համար որևէ նշանակություն չեն ունեցել․․․
Հարցը պարզաբանելուց առաջ հստակեցնենք գնահատման մեթոդը, որը սահմանված է կարգի 77 և 80 կետերով։
Կետ 77․ «Յուրաքանչյուր հարց գնահատվում է 2 միավոր»։
Կետ 80․ « Սխալ պատասխանի դեպքում գնահատվում է 0, թերի պատասխանի դեպքում՝ տվյալ հարցի համար տրված միավորի կեսը, իսկ ճիշտ պատասխանի դեպքում՝ տվյալ հարցի համար տրված միավորն ամբողջությամբ»։
Եթե առաջնորդվում ենք պետական կարգի տվյալ պահանջներով և ոչ թե կամայականությամբ ու քմահաճությամբ, ապա Կարեն Լազարյանի գնահատականը (ըստ ոլորտի մասնագետների) կազմում է առնվազն 80 և ավելի տոկոս։ Ասել է թե՝ միավորների ընդհանուր գումարը պետք է կազմեր 45՝ առավելագույն 50-ի դիմաց։
Արաքսիան, մինչդեռ, միավորների տոկոս է նկարել՝ 62․ պատճառն ակնհայտ է՝ կարգի չափորոշիչները մի կողմ է դրել և սեփական հայեցողությամբ թվեր խզբզել։
* * *
Դատարանում, իհարկե, ներկայացվել են վերոնշյալ (և ոչ միայն) փաստերը, ընթանում է դատաքննություն։
Մի հարց, այդ բոլորով հանդերձ, շարունակում է մնալ առանցքային․ իսկ ի՞նչ դերակատարություն է ունեցել կամ ի՞նչ դերակատարություն կարող էր այդ ամենում ունենալ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով տվյալ դատական գործով նաև Պատասխանողի ներկայացուցիչ է։
Դատելով դատարան ներկայացրած դիրքորոշումներից, նախարարը՝
ա) կամ տեղյակ չի եղել, թե ապօրինի ինչ գործողությամբ են զբաղվել իր ենթակաները,
բ) կամ իր թողտվությամբ ու գիտությամբ, նաև հանձնարարությամբ են կատարվել ապօրինությունները,
գ) կամ ստորագրել է այսպես կոչված դիրքորոշումներ՝ չհասկանալով կամ չիմանալով նույնիսկ, թե ինչ է գրված տվյալ թղթերում։
Պատասխանողի ներկայացուցիչ Ժաննա Անդրեասյանը դիրքորոշման մեջ նշում է նաև, թե ԿԳՄՍ նախարարությունը և Հավաստագրման հանձնաժողովը կատարել են միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով։
Այդ դեպքում հարց Ժաննա Անդրեասյանին։
Արդյո՞ք Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորություն եք ունեցել, երբ խախտել եք հավաստագրման կարգի հետևյալ կետերը՝ 24, 25, 26, 29, 30, 31, 77, 78, 80, 83, 84, 85, 86, 88, 95։
Ասվածը, որպեսզի նախարարի համար ընկալելի լինի, մի քանի դրվագ փոքր–ինչ բացենք նորից․․․
1․ Հանձնաժողովը շրջանցել է Կարգի 25 կետը՝ իր աշխատանքները կազմակերպելով ոչ նիստերի միջոցով։
2․ Շրջանցվել է Կարգի 26 կետը, որի համաձայն՝ «Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը փակ քվեարկությամբ կողմ է քվեարկել Հանձնաժողովի անդամներից առնվազն 3-ը»։
3․ Հանձնաժողովի նախագահը, հակառակ 29 կետի պահանջների, ոչ միայն լիարժեք չի կատարել սահմանված պարտականությունները, այլև զբաղվել է ինքնիրավչությամբ։
4․ Շրջանցվել է Կարգի 30 կետը, որի 1-ին ենթակետի համաձայն՝ Հանձնաժողովի քարտուղարը պետք է արձանագրեր Հանձնաժողովի նիստերը, բայց չի արձանագրել։
5․ Չի կատարվել Կարգի 31 կետի պահանջը, որի համաձայն՝ Հանձնաժողովի անդամները պետք է հսկեին քննության ընթացքը, մասնակցեին քննության արդյունքում Հանձնաժողովի կողմից անցկացվող քվեարկություններին։
6․ Հակառակ Կարգի 80 կետի՝ Հանձնաժողովի անդամները ոչ լիարժեք են լրացրել գնահատման թերթիկները, իսկ գնահատականները նշանակվել են ոչ ըստ պատասխանի և առանց իմանալու տվյալ հարցի ճիշտ պատասխանը, քանզի Հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հարցի պատասխանից հետո չի հնչեցրել ճիշտ պատասխանը։
7․ Չի կատարվել Կարգի 83 կետի պահանջը, որի համաձայն յուրաքանչյուր Հավակնորդի հետ հարցազրույցն արձանագրվում է։
8․ Չի կատարվել Կարգի 85 և 86 կետերի պահանջը, որի համաձայն՝ «Հարցազրույցն ավարտելուց հետո բոլոր Հավակնորդները հրավիրվում են քննասենյակ, որտեղ էլ Հանձնաժողովի նախագահը հայտնում է Հավակնորդի անուն-ազգանունը՝ նշելով հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրա տոկոսային արտահայտությունը»։
9․ Չի կատարվել Կարգի 88 կետի պահանջը, որի համաձայն՝ Ձև 3-ը (ամփոփիչ արձանագրությունը) կազմվում է քվեարկության արդյունքում։
10․ Չի կատարվել Կարգի 95 կետի պահանջը, որի համաձայն բողոքը քննարկվում է Հավակնորդի ներկայությամբ։
Եվ այսպես շարունակ․․․
Կրկնում ենք հարցը՝ տիկին նախարար, Սահմանադրության լիազորությա՞մբ եք ինքնիրավչության նման հրավառություն կազմակերպել իրավական պետություն համարվող Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։
Քրեական իրավունքի մասնագետները տեղի ունեցածին արդեն իսկ որակումներ են տվել, բայց այդ մասին՝ հետո․․․
Մի բան էլ՝ այս գործը վաղեմության ժամկետ չի կարող ունենալ, քանի դեռ կազմակերպիչներն օրենքով նախատեսված պատասխանատվության չեն ենթարկվել․․․