Սյունիքի մարզի գրադարաններին նվիրված մեր ուսումնասիրությունը կատարելիս կարևոր համարեցինք զրույցը Տիգրան Զարգարյանի հետ:
Տիգրան Զարգարյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 25-ին, Երևանում։ Սովորել է Երևանի ճարտարագիտական համալսարանում, մասնագիտացումը՝ գրադարանների և արխիվների թվայնացում և կառավարում։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է: Ունի ավելի քան 35 տարվա մասնագիտական փորձ։
Մասնակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանցի նախագծման աշխատանքներին։
1994-2003 թվականներին աշխատել է հանրապետական գիտաբժշկական գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ, ապա՝ ԵՊՀ գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ։
2006-2011 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրենը։
2007-2009 թվականներին աշխատել է eIFL-FOSS (ազատ կոդերով ծրագրաշարեր) միջազգային ծրագրի համակարգող, իսկ ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում 2008 թվականին «Գրադարանային գործ և տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնի վարիչ։
2011 թվականին նշանակվել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն։ Պաշտոնավարել է մինչև 2019 թվականը։
2019 թվականից առ այսօր ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավարն է։
2021 թվականից առ այսօր «Հայ գրադարանավարների և արխիվագետների միջազգային ասոցիացիայի» գործադիր խորհրդի հիմնադիր անդամ է (International Association of Armenian Librarians and Archivists):
- Պարոն Զարգարյան, մեր զրույցը սկսենք հետևյալ հարցից, որը հետաքրքրում է շատերին՝ ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային գրադարանը, և արդյո՞ք հանրապետությունում արդեն ունենք էլեկտրոնային գրադարանների կայացած ցանց:
- Այսօր համացանցը մի մեծ էլեկտրոնային գրադարան է, որում թե՛ անհատները և թե՛ կազմակերպություններն ամենօրյա ռեժիմով տեղադրում են հոդվածներ, գրքեր, նկարներ, երաժշտական ստեղծագործություններ և այլն։ Ինտերնետի չափը կարող է գնահատվել տարբեր ձևերով, օրինակ՝ կայքերի քանակը, պահվող տվյալների քանակը կամ միացված սարքերի քանակը: Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2021 թվականի դրությամբ ինտերնետում կար ավելի քան 1,8 միլիարդ կայք, ըստ Netcraft-ի: Ըստ IDC-ի տվյալների՝ մինչև 2020 թվականն ինտերնետում պահվող տվյալների քանակը գնահատվում է մոտ 44 զետաբայթ (կամ 44 տրիլիոն գիգաբայթ): Միացված սարքերի թիվը նույնպես անընդհատ աճում է, և ըստ Statista-ի տվյալների՝ 2020 թվականին ինտերնետին միացված է մոտ 31 միլիարդ սարք: Սա ներառում է խելացի հեռախոսներ, պլանշետներ, դյուրակիր համակարգիչներ, խելացի հեռուստացույցներ, տարաբնույթ խելացի սարքեր՝ նախագծված տների համար և այլ սարքեր:
Հարկ է նշել, որ այդ թվերն անընդհատ աճում են, քանի որ ավելի շատ կայքեր են նախագծվում, ավելի շատ տվյալներ են ստեղծվում և պահվում, ու ավելի շատ սարքեր են միացնում ինտերնետին: Հայաստանը ևս հետ չի մնում այդ գործընթացներից և իր համեստ ներդրումն է ունենում էլեկտրոնային գրադարանների ստեղծման գործում։
Ստեղծվում է «Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը», որին մասնակցում են հանրապետության 25 առաջատար գրադարան, շահագործման փուլում են «Հայ մամուլ» և «Հայ գիրք» շտեմարանները։
Այդ նախագծերը համակարգում է Հայաստանի ազգային գրադարանը։
Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանում նախագծվել և գործում են թվանշային երկու գրադարան՝ «Համահայկական թվանշային գրադարանը» և մատենագիտական ուղղվածության մի շարք թվանշային գրադարաններ՝ հավաքված մեկ հարթակում։
Մեկ այլ՝ խիստ պահանջված թվանշային գրադարանի օրինակ է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» նախագիծը։
Հայաստանյան բոլոր համալսարաններն ունեն իրենց էլեկտրոնային գրադարանները և էլեկտրոնային քարտարանները։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը ստեղծում է իր հավաքածուներում առկա նյութերի էլեկտրոնային գրադարանը, ԳԱԱ ինստիտուտներն իրենց հերթին ձևավորում են տարբեր էլեկտրոնային գրադարաններ, որոնք պահանջված են հանրության կողմից։ Նախարարությունները ևս մասնակից են նմանատիպ աշխատանքներին՝ իրենց կայք էջերում ստեղծելով «Գրադարան» բաժինը և այնտեղ ներբեռնելով մասնագիտական ուղղվածություն ունեցող գրականություն։ Բազմաթիվ անհատներ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում նույնպես ստեղծում են տարաբնույթ էլեկտրոնային գրադարաններ՝ նախատեսված ընթերցողների լայն շրջանակների համար։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ էլեկտրոնային գրադարանների ստեղծումը հանրապետությունում ընթացքի մեջ է, և այս աշխատանքներում գնալով ավելի շատ կառույցներ են ներգրավվում։ Հատկապես ցանկանում եմ շեշտել «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության ունեցած դերակատարությունը հայատառ էլեկտրոնային բովանդակության ստեղծման գործում, քանի որ Վիքիպեդիան իրենից ներկայացնում է մի խոշոր բազմալեզու թվանշային գրադարան, որը միտում ունի իր մեջ ներառելու էլեկտրոնային գրադարանի գործառույթների մեծ մասը։
- Հանրապետությունում, կարծեք, գրադարանների թվի կրճատման միտումը շարունակվում է...
- Ձեր մտահոգությանը պատասխանելու համար աղբյուր է ծառայում ՀՀ վիճակագրական կոմիտեի 2022 թ․ «Հայաստանի վիճակագրական տարեգիրքը», համաձայն որի գրադարանների քանակն ըստ տարիների ունի հետևյալ պատկերը․
|
2017 |
2018 |
2019 |
2020 |
2021 |
Գրադարանների քանակը |
733 |
682 |
673 |
664 |
654 |
այդ թվում՝ |
|
|
|
|
|
քաղաքներում |
161 |
157 |
154 |
150 |
150 |
գյուղերում |
572 |
525 |
519 |
514 |
504 |
Ինչպես տեսնում ենք, գրադարանների քանակը թե՛ քաղաքներում և թե՛ գյուղերում տարեցտարի ունի կրճատման միտում, հետևաբար գրադարանավարների քանակը ևս կրճատվում է։
- Գրադարանամատենագիտական կրթության վիճակը հանրապետությունում: Ժամանակին գրադարանային բաժին է գործել Երևանի պետական համալսարանում (1949-55 թթ.)՝ ստացիոնար, ապա հեռակա (1960-70 թթ.), Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում (ստացիոնար և հեռակա), Ա. Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում, Էջմիածնի ակումբագրադարանային ուսումնարանում: Իսկ հիմա՞...
- Խորհրդային Հայաստանում առկա էր գրադարանային հզոր համակարգ՝ գիտական, տեխնիկական, քաղաքային, շրջանային, մանկական, դպրոցական և գյուղական գրադարանների լավ ճյուղավորված ցանցով, կային հանրապետական նշանակության գրադարաններ, ինչպես նաև ճյուղային գրադարանները՝ հիմնականում գիտական և գիտատեխնիկական, որոնք սպասարկում էին նախարարությունների ենթակայության ներքո գտնվող ինստիտուտների աշխատակիցներին։ Նման ճյուղավորված կառույցը նաև որակյալ մասնագետների կարիք ուներ, և հանրապետությունում սկսվեց դիպլոմավորված մասնագետների պատրաստման գործը:
Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջը գործունեությունը սկսել է 1969 թվականից, որն այն ժամանակ կոչվում էր Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկում: Քոլեջում ներկայումս շարունակում է գործել «Գրադարանային գործ» մասնագիտացմամբ բաժինը, որը գրադարանավարների միջին մասնագիտական կրթության միակ կենտրոնն է հանրապետությունում։ Քոլեջը մասնագետներ է պատրաստում 0322.02.5 «Գրադարանային գործ» և 0322.02.01.5 «Գրադարանավար» մասնագիտացումներով: Երևանում գործում էր Ակսել Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջը, որը ևս ուներ «Գրադարանային գործ» մասնագիտացմամբ բաժինը, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 10 հունիսի 2011, 781 - Ն որոշմամբ «Երևանի Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է՝ միանալով «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Հայաստանում գրադարանային-մատենագիտական բարձրագույն կրթության հիմքը հիմնականում դրվել է 1970 թ.՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի (2000 թ.՝ համալսարան) կուլտուրայի ֆակուլտետում՝ Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի ստեղծմամբ, չնայած 1949-1970 թթ․ տվյալ մասնագիտությամբ մասնագետներ պատրաստվել են՝ սկզբում՝ Երևանի պետական համալսարանի, այնուհետև Երևանի հեռակա հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետներում: Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնում՝ ուսումնական գործընթացի կազմակերպման ու զարգացման համար կարևոր ներդրում են ունեցել Ռաֆայել Իշխանյանը, Հրաչյա Կոստիկյանը, Հայկ Դավթյանը, Գուրգեն Մկրտչյանը, Խիկար Բարսեղյանը, Քնարիկ Կորկոտյանը, Բալաբեկ Մելյանը, Նինել Ոսկանյանը, Ելենա Բաղդասարյանը և ուրիշներ:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) 2009 թվականին՝ Եվրամիության Տեմպուս 145021-Tempus-2008UK-JPCR միջազգային ծրագրի շրջանակում, հիմնադրվեց «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնը։ Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր թվային գրադարանների նախագծման բնագավառում եվրոպական փորձի կիրառմամբ, որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ: Առարկայաշարերը կազմվել են` հիմք ընդունելով Ռոբերտ Գորդոնի (Աբերդեն, Շոտլանդիա), Բարսելոնայի (Իսպանիա), Պարմայի (Իտալիա), Րեզեկնեի (Լիտվա) համալսարանների նմանատիպ ամբիոններում դիպլոմավորված մագիստրոսներ պատրաստելու ուղղությամբ կուտակված փորձը և ուսումնական պլանները։ Հայաստանից, որպես գործընկեր կառույց, հանդես է եկել ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը։
Ուսումնական գործընթացում ներառված են նաև ընդհանրական, լրացական և մասնագիտական դասընթացներ (12 կրեդիտ), ինչպես նաև առկա է հետազոտական հատվածը (48 կրեդիտ):
Իր գոյության 12 տարիների ընթացքում ամբիոնն ունեցել է 100-ից ավելի շրջանավարտ թե՛ Հայաստանից և թե՛ արտերկրից։ Ամբիոնում իրականացվել են գիտական, ուսումնամեթոդական հետազոտություններ, որոնք առնչվում են թվային գրադարանների նախագծման ու կառուցման բնագավառներին, պատրաստվել են գիտական կադրեր։ Կատարելագործելով ուսուցման բովանդակությունը՝ սերտացվել է միջազգային գիտակրթական համագործակցությունը մասնագիտական ոլորտում։
Համաձայն կրթական չափորոշիչների՝ «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» բաժնի շրջանավարտները կարող են աշխատել բոլոր տիպի ու տեսակի գրադարաններում (զբաղեցնելով տարբեր պաշտոններ), խմբագրական-հրատարակչական և գրավաճառային հիմնարկ-կազմակերպություններում, գիտատեխնիկական լրատվության օրգաններում, ուսումնական հաստատություններում (դպրոցներում, քոլեջներում, բուհերում), արխիվներում, թանգարաններում:
- Գրադարանները, ինչպես տեսնում ենք, մեծ կերպափոխման շեմին են. թվային ապագայի մարտահարվերները...
- Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը, որն արդեն սկսված է, անընդհատ զարգացող միջավայրն է, որում բեկումային տեխնոլոգիաները և առկա միտումները, ինչպիսիք են «Առօրյայի համացանցը» /Internet of Things/, ռոբոտացումը, վիրտուալ իրականությունը և արհեստական բանականությունը, փոխում են մարդկանց ապրելակերպը և աշխատաոճը։
Ռոբոտացման արդյունքում աշխատանքային շուկան ձևափոխման փուլում է։ Ըստ կանխատեսումների` 2036 թ․ մասնագիտական ցածր հմտություններ պահանջող աշխատանքների 55 տոկոսն ավտոմատացված կլինի կամ կիրականացվի ռոբոտների կողմից։ 76 միլիոն աշխատատեղ կփակվի, փոխարենը կբացվի 133 միլիոն նոր աշխատատեղ։ Գրադարանավարի աշխատանքն իր ներկա ձևով ևս վտանգված է...
Գրադարանագիտության բնագավառում ձևավորվում է «սպիտակ օձիքավոր» գրադարանավարի նոր տեսակը, մասնագետի, ով՝
Ներկայումս արհեստական բանականությունն օգտագործվում է թվանշային գրադարաններում նմանատիպ բովանդակությամբ նյութերի որոնման համար՝ հիմնված համապատասխանության դասակարգման ինքնաուսուցանվող ալգորիթմների վրա։
Արհեստական բանականությունն օգտագործվում է նաև գրքերի դասակարգման և գրադարակների վրա դասավորման աշխատանքներում։
«Վեբ չաթ» բոտերը (web chat bots) արդեն իսկ սկսել են կիրառվել աշխարհի առաջատար գրադարաններում՝ փոխարինելով տեղեկատու գրադարանավարին արհեստական բանականության ալգորիթմներով աշխատող ռոբոտներով։
«Խելացի գրադարանների» կառուցումը պահանջում է ոչ միայն արհեստավարժ տեխնիկական անձնակազմի առկայություն, այլ նաև նոր մտածելակերպով գրադարանավարների պատրաստում։ Արհեստական բանականության հմտություններին տիրապետող գրադարանավարների պակասը դանդաղեցնում է հետազոտական նախագծերի փորձարկմանը և ներդրմանը գրադարաններում։
Հարցազրույցը՝
Սամվել Ալեքսանյանի