Տոն էր` քաղաքի օրվան նվիրված

08.11.2013 18:46
4268

Այս տարի լրանում է Կապանին քաղաքի կարգավիճակ շնորհելու 75-ամյակը: Ի տարբերություն նախորդ տարիների, այդ տարեդարձին նվիրված միջոցառումները տեղի ունեցան մեկ շաբաթվա ընթացքում եւ եզրափակվեցին հոկտեմբերի 19-ին` տոնական համերգով եւ հրավառությամբ: Քանի որ «Կապան քաղաքի օր» տոնակատարության միջոցառումներն արդեն պատմություն են դարձել, որոշեցինք դրանք ներկայացնել ըստ ժամանակագրության:

Խորհրդանշական է, որ տոնակատարության միջոցառումների շրջանակում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նախ այցելեց քաղաքի ամենատարեց անձնավորությանը` 99-ամյա Աշխեն Պետրոսյանին: Դժվարին ճակատագիր է բաժին ընկել Աշխեն մայրիկին: «Իմ կյանքը պատմելու բան չէ», – ասում է շատ բան տեսած կինը եւ հայտնում, որ 1937-ին ամուսինը բռնել է աքսորի ճամփան, իրեն էլ որպես բռնադատվածի կին կոլտնտեսությունից հանել են: Դժվարությամբ է մեծացրել երեք զավակին, այժմ ունի 16 թոռ, 30 ծոռ, 29 կոռ: «Ամուր ու համերաշխ ընտանիքներ ունեցեք», – սա էլ տարեց կնոջ մաղթանքն է երիտասարդներին: Քաղաքապետը դրամական պարգեւ ու ծաղկեփունջ նվիրեց տարեց կնոջը եւ մաղթեց, որ բոլորի իր կյանքի մեկ դարը, որին նվիրված միջոցառմանը խոստացավ ներկա լինել:

«Կապան քաղաքի օր» տոնակատարությունը ներառում էր մշակութային հարուստ ծրագիր: Հոկտեմբերի 14-ը թատրոնի օր էր հայտարարված: Ժամը 14.00-ին Շիրվանզադեի անվան պետթատրոնի դերասանները դպրոցականների համար բեմադրեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով ստեղծված ներկայացում, իսկ երեկոյան հանդես եկան Արամաշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» ներկայացմամբ: Պիեսում շոշափվում է հոր հանդեպ զավակների անտարբերության թեման, որ այժմեական է այսօր եւս:

Հոկտեմբերի 15-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցում էին վերջերս մայրաքաղաքում տեղի ունեցած կարատեի մրցաշարի մրցանակակիրները: Քաղաքի ղեկավարը շնորհավորեց մարզիկներին, հետաքրքրվեց նրանց մարզումային պայմաններով, վերջին այս մրցաշարում ձեռք բերած արդյունքներով: Մարզիչ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին` աջակցության համար: Վերջում պատանի մարզիկներին հուշանվերներ հանձնվեցին:

Օրվա երկրորդ կեսին քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամներն այցելեցին «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոն` փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանի գլխավորությամբ: Տարեց մարդկանց հանձնեցին քաղցրավենիք եւ նվերներ, հետաքրքրվեցին կենտրոնի հիմնախնդիրներով, խոստացան կարելվույն չափ օգտակար լինել: Խնդրահարույց է մնում կենտրոնի ջրամատակարարումը, ինչի մասին մեր թերթը գրել էր մեկ տարի առաջ:

Նույն օրը Շմավոն Մովսիսյանի անվան թանգարանում ներկայացված էին Լեւոն Ջալալյանի հեղինակած լուսանկարները, որոնք վերակենդանացնում են Կապան քաղաքի պատմության առանձին դրվագներ: Իսկ երեկոյան Կապանի արվեստի քոլեջում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ, որի ընթացքում հնչեցին հայ, ռուս, արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Կապանի արվեստի քոլեջի, երաժշտական դպրոցների (Արամ Խաչատրյանի անվան N1, N2) մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի դասավանդողներն ու սովորողները:

Հոկտեմբերի 16-ին մշակույթի կենտրոնի ճեմասրահում բացվել էր կապանցի գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Իրենց գեղանկարներով ցուցահանդեսին մասնակցում էին նաեւ երիտասարդ նկարիչներ` Արտյոմ Աբրահամյան, Նարեկ Մինասյան: Ցուցահանդեսը նախաձեռնել էր գեղանկարիչ Բորիկ Մինասյանը: Նա նշեց, որ ցուցադրանքը ներկայացնում է ինը գեղանկարչի վերջին տարիների ստեղծագործությունները, որոնք թարմություն են բերում:

Այնուհետեւ մշակույթի կենտրոնի կինոդահլիճում տոնակատարության ծրագրով հուշ-երեկո էր` նվիրված բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, մշակութաբան Վաչե Եփրեմյանին: Էկրանից ժպտացող նրա դիմանկարի անկյունում գրականագետի պատգամն էր` «Ուրիշ տեղ փնտրեք ինձ, ես հայացքի մեջ եմ, ես բառի մեջ եմ եւ շարժման»: Մեր վաղամեռիկ ընկերոջ գրականագիտական ժառանգությունն արժեւորեցին, նրա մարդկային որակների մասին խոսեցին Արթուր Իսրայելյանը, Ռոբերտ Էջանանցին, Սամվել Ավանեսյանը, նրա գործընկերներն ու ուսանողները: Հետմահու Վաչե Եփրեմյանին Կապանի քաղաքապետարանն արժանացրեց «Կապան» ոսկե հուշամեդալի:

Հոկտեմբերի 17-ին Կապանի N6 նախադպրոցական ուսումնական հաստատությունում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին դիմավորեցին աղուհացով: Նախակրթարանում խմբասենյակների թիվն ավելացավ եւս մեկով, որը հնարավորություն է ընձեռել եւս 30 երեխայի ընդունել մանկապարտեզ: Տոնական միջոցառմանը հրավիրված էին նաեւ նախկին տնօրենն ու հանգստի անցած վաստակաշատ դաստիարակներ: Հաստատության տնօրեն Բելլա Կոստանյանն իր երախտագիտության խոսքում նշեց, որ 2013-ը նշանակալի է եղել իրենց համար, քանի որ բարերարների միջոցով իրականացվեց երկու կարեւոր ծրագիր` նախ վերանորոգվեց խոհանոցային տնտեսությունը, իսկ այդ օրը բացվում է կահավորված եւ նորոգ խմբասենյակը: «Նման տեմպով նորոգումներ անելու դեպքում երեք-չորս տարի հետո կունենանք հարմարավետ խմբասենյակներ, – համոզմունք հայտնեց տնօրենը եւ շնորհակալություն հայտնեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնին, «Էվիամ» ՍՊ ընկերությանը (տնօրեն` Էդիկ Հովհաննիսյան), որ իրականացրեց խմբասենյակի նորոգումը, մոսկվայաբնակ կապանցիներ Աշոտ Մելքումյանին, Արմեն Ստեփանյանին, ովքեր ավանդ ունեն խմբասենյակի կահավորման գործում: Առանձնահատուկ գնահատանքի խոսք ուղղվեց «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը` մշտական օժանդակության համար: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն իր խոսքում հայտնեց, որ նախակրթարաններում նորոգումները լինելու են շարունակական այն հաշվով, որ Կապանի փոքրիկ բնակիչների համար ապահովվի ուրախ ու անհոգ մանկություն:

Մշակույթի կենտրոնի կինոդահլիճում էստրադային համերգային ծրագրով հանդես եկավ «Կապան» վոկալ-գործիքային անսամբլը: Հիմնականում կատարվեցին հեղինակային երգեր: Առաջին անգամ հնչեց «Հարազատ իմ Կապան» երգը (հեղինակ` Արթուր Դավթյան): Խմբի բաս-կիթառահար Սամվել Ալեքսանյանը համերգի ավարտից հետո ասաց, որ իրենք նպատակ ունեն վերականգնել տասնամյակների պատմություն ունեցող անսամբլի ավանդույթները, նաեւ իրենց շնորհքը դրսեւորելու հնարավորություն տալ երիտասարդ կատարողներին: Եվ, իրոք, փորձառուների կողքին հանդես եկան երիտասարդ երաժիշտներ:

Հաջորդ օրը մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ տոնին նվիրված հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին բարձրաստիճան զինվորականներ, Կապան համայնքի պատվավոր քաղաքացիներ, Կապանի կառուցապատմանն ու զարգացմանը նպաստ բերած անձինք, հյուրեր: Տոնին պատշաճող շնորհավորական խոսքով հանդես եկավ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը. «Կապանը նշում է քաղաքի կարգավիճակ ստանալու 75-ամյակը: Սակայն հայտնի է, որ Կապանի մասին գրավոր աղբյուրներում հիշատակումներ կան դեռեւս 5-րդ դարից, երբ այն եղել է սովորական բնակավայր, իսկ 10-րդ դարի վերջին՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք: Դարեր շարունակ Կապանը ենթարկվել է սելջուկների ասպատակություններին, ընկել պարսից տիրապետության տակ, դարձել Դավիթ Բեկի ազատագրական շարժման կենտրոնը, կռվախնձոր եղել Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ, ի վերջո ընդգրկվել Խորհրդային Հայաստանի կազմում: 1938-ին Կապանը ստացել է քաղաքի կարգավիճակ: Հայաստանի անկախացումից հետո` 1995 թվականից այն Սյունիքի մարզկենտրոնն է: Մինչեւ այդ 1987թ. Ղափանը վերանվանվել է Կապան: Ըստ փաստագրական տվյալների՝ մեր տարածաշրջանը համարվում է հնագույն քաղաքակրթության օրրան, որի տարածքում կա ավելի քան 450 պատմամշակութային հուշարձան: Կապանը եղել եւ մնում է հանքարդյունաբերության կենտրոն, որի հիմքը դրել են հույները` դեռեւս 1840 թվականին: Դրանից հետո ստեղծվել է Կապանի լեռնահարստացման կոմբինատը:

Հանքարդյունաբերության ոլորտում Կապանում այսօր գործունեություն է իրականացնում «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունը, որը քաղաքի ամենախոշոր ձեռնարկությունն է: Անժխտելի իրականություն է, որ Կապանը նախկին աննշան բնակավայրից այսօր դարձել է չքնաղ մի քաղաք, որտեղ կապանցին ինքն է կերտում իր պատմությունը: Մեր քաղաքը փոքր է, սակայն ունի իր յուրօրինակ դեմքը, իր անմահ հերոսներով, որոնց արյան գնով կա ու կլինի Կապանը: Այս հրաշալի տոնը, որ նշվում է սիրով եւ երախտագիտության զգացումով, այնքան նվիրական է յուրաքանչյուրիս համար, առանձնահատուկ է հատկապես այն կապանցիների համար, ովքեր իրենց հայրենանվեր գործերով ճանաչում եւ պատիվ են բերում իրենց քաղաքին: Յուրաքանչյուրիս ցանկությունն է, որ տարեցտարի էլ ավելի զարգանա եւ հզորանա մեր Կապանը, որ եղել է եւ կմնա կապանցիներիս սրտում: Տոնդ շնորհավոր, սիրելի Կապան: Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, արեւշատություն եւ նորանոր ձեռքբերումներ»:

Համայնքային խնդիրներին լուծում տալուն օժանդակելու ու նպաստելու համար մի խումբ անձինք (հիմնականում ձեռնարկությունների եւ ընկերությունների տնօրեններ) արժանացան քաղաքապետի շնորհակալագրին, առողջապահության, մշակույթի, կրթության, արտադրության ոլորտների մի այլ խմբի մարդկանց բարեխիղճ աշխատանքի համար հանձնվեցին պատվոգրեր: Սպորտի բնագավառում մեծ ավանդ ունենալու համար «Կապան» ոսկե հուշամեդալով պարգեւատրվեց Կապանի աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ազգային հավաքականի մարզիչ Արսեն Պետրոսյանը: Նրա սան Լեւոն Աղասյանն աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հռչակվել էր աշխարհամասի չեմպիոն:

Կապան քաղաքի տոնին ընդառաջ մարզկենտրոնի դպրոցներում անցկացվել էր «Իմ քաղաքը» խորագրով շարադրության մրցույթ: Լավագույն ճանաչված շարադրությունների հեղինակներին հանձնվեցին հուշանվերներ, հատվածներ ընթերցվեցին այդ շարադրություններից:

Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանն իր ելույթում հիշեցրեց, որ Կապանն իր բազմադարյա տարեգրության մեջ բազմաթիվ փորձությունների միջով է անցել, հայ-ադրբեջանական հակամարտության դժվարին օրերին թշնամուն դուրս շպրտել մեր սահմաններից: Նաեւ նկատելով, որ այժմ էլ կան դժվարություններ, դեռեւս շատ չլուծված խնդիրներ, համոզմունք հայտնեց, որ միացյալ ուժերով, դրանք, անշուշտ, կհաղթահարվեն: Վ.Գրիգորյանը ներկաներին փոխանցեց Սյունիքի մարզպետի շնորհավորանքները: Նաեւ հանձնեց Վահե Հակոբյանի շնորհակալագրերը:

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ողջերթի խոսքերից զատ, հրապարակեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը` Կապան քաղաքի 75-ամյակին նվիրված տոնակատարության մասնակիցներին: Ուղերձում, մասնավորապես, ասված էր. «Ձեր տոնը բոլորինս է, համայն հայությանը, քանզի նրանում արձագանքվում են Հայկ Նահապետի, Սիսական աշխարհի բոլոր քաջորդաց հիշատակները, Արցախյան ազատամարտի հաղթական որոտները, ինքնիշխան Հայաստանի կյանքի համանվագը, հանքագործի արարման ջանքը, շինարարի մուրճի զնգոցը, երկրագործի հորովելը, մանկավարժի կրթիչ խոսքը:

Այս տոնակատարությամբ գողտրիկ Կապանը` Սյունիքի բնաշխարհի յուրահատկությունը, միագումարվում է մեր համահայկական ինքնությանը, այն հարստացնում է իր կերպով, երանգով ու բույրով, իր ավանդականությամբ, ստեղծարարությամբ, զորականությամբ ու հերոսականությամբ: Թող Խուստուփի պահպանիչ հայացքի ներքո վերարծարծվի նժդեհյան ոգին, տոնի երգն ու նվագը, ծափն ու ծիծաղը ավելացնեն բոլորիս կենսական ավյունը, ապրելու եւ արարելու տենչը, մեր հնօրյա հայրենիքը շենացնելու, զորացնելու, նրա համար աշխարհում արժանապատիվ տեղ ու վիճակ ապահովելու համար: Հոգով եւ մտածումներով Ձեզ հետ եմ, սիրելի հայրենակիցներ: Եվ կրկին մաղթում եմ տոնական բերկրանք ու երջանկություն»:

Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը նախ ցավ հայտնեց այն առիթով, որ իր հրամանատարության ներքո եղած զինվորներից 245-ը չտեսավ Կապան քաղաքի վրա բացվող խաղաղ առավոտները: Բայց նրանք իրենց մահով մոտեցրել են տարածաշրջանում հաստատված հրադադարը: Նաեւ երախտագիտություն հայտնեց կապանցիներին. «Եթե Դուք չլինեիք, որ լամպի լույսի տակ գուլպա եք գործել եւ տաք հագուստ հատկացրել մեր ազատամարտիկներին, մենք չէինք հաղթի: Մեր մի կոչով 100-150 հոգի էին հավաքվում զորամասի շենքի մոտ եւ հարց տալիս` հրամանատա՛ր, ասա, ի՞նչ անենք: Այո՛, դրա շնորհիվ հաղթեցինք եւ հաղթեցինք այսօրվա համար, մեր զավակների համար»: Եվ խոսքն ավարտեց մաղթանքով. «Տա՛ Աստված, որ մեր զավակները քաղաքի 100-ամյակը նշեն առանց պատերազմի, առանց անդառնալի կորուստների»:

Կապանին քաղաքի կարգավիճակ շնորհելու 75-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի մասնակիցներին բարեմաղթանքներով դիմեց Սյունիքի նախկին մարզպետ, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը: Նա պատմական անդրադարձ կատարեց, ներկաներին հիշեցնելով մեր ոչ վաղ անցյալը, երբ Կապանում մոտ քսան արդյունաբերական ձեռնարկություն էր գործում, մի մասը` միութենական նշանակության, երկաթուղային կապ էր հաստատված մայրաքաղաքի հետ, կապանցին վայելում էր երգեհոնային երաժշտություն: Իսկ կապանցուն բնորոշեց որպես համեստ, ստեղծող ու արարող մարդու, ով կարողանում է իր առջեւ ծառացած դժվարությունները հաղթահարել, այլ ոչ թե դրանք բարդել հարեւանների կամ իշխանությունների վրա:

Տոնի առթիվ շնորհավորանքի խոսքեր ասացին Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի, մանկավարժ Հասմիկ Համբարձումյանը, «Քաունթերփարթ ինտերնեյշնլ Հայաստան» կազմակերպության ղեկավար Կարլ Հոֆսթանը, ով, ի դեպ, իր խոսքը կառուցեց հայերեն: Երեկոն եզրափակվեց Կապանի քաղաքապետարանի ժողգործիքների անսամբլի (գեղարվեստական ղեկավար` Վիգեն Հովհաննիսյան) համերգով:

«Կապան քաղաքի օր» տոնակատարության միջոցառումների ծրագրի վերջին ակորդները հնչեցին հոկտեմբերի 19-ին: Նախ տոնի պատվին պատարագ մատուցվեց Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում` մասնակցությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի: Այնուհետեւ տոնակատարության մասնակիցները բարձրացան Բաղաբուրջի հուշահամալիր` հարգելու ընկածների հիշատակը: Ծաղիկներ դրվեցին մերօրյա ազատամարտում զոհվածների շիրիմներին, Անհայտ զինվորի, Սպիտակի երկրաշարժի զոհերի եւ Արցախյան պատերազմում զոհված խաղաղ բնակիչների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարերի պատվանդաններին: Հարգանքի տուրք մատուցվեց նաեւ երկրորդ աշխարհամարտում զոհված կապանցի զինվորների հիշատակին:

Կեսօրին քաղաքապետարանի առջեւի պուրակում փողային նվագախումբը տոնական մեղեդիներ էր հնչեցնում: Տոնակատարության մասնակիցները ծաղիկներ դրեցին Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի եւ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանների պատվանդանին: Քաղաքապետարանի առջեւ տեղի ունեցավ հանրահավաք:

Կապան քաղաքի տոնի խորհուրդը եւս մի անգամ արժեւորեցին համայնքապետ Աշոտ Հայրապետյանը, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, Ջոն Հանսթֆանը, Գեղանուշի եւ Քաջարանի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը: «Այնպես անենք, որ Կապանի եւ կապանցու համար զոհված ազատամարտիկների երազած քաղաքը` հպարտ, գեղեցիկ, անառիկ, միշտ իրականություն լինի». այս միտքն արծարծվեց բանախոսների ելույթներում: Հանդիսության մասնակիցների հաջորդ հանգրվանը Կապանի երկրագիտական թանգարանն էր, որտեղ նրանք ծանոթացան հին ու նոր Կապանն արտացոլող ցուցանմուշներին:

Չէին անտեսվել նաեւ Կապանի փոքրիկ բնակիչները, նրանց ուրախություն պատճառեցին լարախաղացի կատարումները: Վ.Սարգսյանի անվան զբոսայգում մանկական համերգ էր կազմակերպվել: Զբոսայգում կարելի էր ծանոթանալ պատանի ստեղծագործողների գեղանկարներին եւ ձեռքի աշխատանքներին: Իսկ մշակույթի կենտրոնի հրապարակում մարզական ունակություններն էին դրսեւորում գեղարվեստական մարմնամարզության դպրոցի սաները, ոմանք իրենց ուժերն էին չափում շախմատի խաղատախտակի շուրջ: Թերեւս առաջին անգամ քաղաքի տոնի շրջանակում անցկացվեց հեծանվավազք:

Ամենաաշխույժը Եղիշե Չարենցի փողոցն էր, կազմակերպվել էր տոնավաճառ-ցուցահանդես, որում ներկայացվել էին անհատ ստեղծագործողների աշխատանքներ, ինչպես նաեւ սեղաններ էին բացել քաղաքում գտնվող ռեստորանային համալիրները` առաջարկելով խորտիկների եւ ուտեստների լայն տեսականի: Ոմանք հնարավորություն ունեցան մի գավաթով շնորհավորելու քաղաքի տոնը՝ ճաշակելով համադամ ուտեստներից մի կտոր: Տոնավաճառից քիչ ներքեւ Կապանի պետթատրոնի դերասանները ներկայացնում էին թատերականացված ազգային խաղեր:

Ինչեւէ, քաղաքի օրվա ավարտին կապանցիները մասնակից եղան տոնական համերգին. հանդես եկան ոչ միայն մայրաքաղաքից հրավիրված, այլեւ տեղացի երաժիշտ կատարողներ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01