Թշնամին Սեւ լճի հատվածում վերահսկում է ռազմավարական բարձունքներ եւ 13 քկմ տարածք

06.07.2022 16:53
1976

2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժեցին ոչ միայն Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսի տարածաշրջան, այլեւ ՀՀ սուվերեն տարածք մտան Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում՝ խորանալով մինչեւ 3 կմ:

Գեղարքունիքում թշնամու օկուպացրած առնվազն 3200 հա (32 քկմ) տարածքի մասին գրել ենք: Նկատենք, սակայն, որ հաշվի առնելով ամերիկյան «Google» ընկերության քարտեզի թարմացումները՝ այդ թվի մեջ չենք ներառել Վարդենիսի Կութ գյուղի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացումը, որն առայժմ «Google»-ի քարտեզում չի երեւում:

2021-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար:

Այս անգամ կանդրադառնանք Սեւ լճի հատվածում թշնամու օկուպացիային, որն ընդգրկում է Իշխանատափ, Գլուխ Ձագեձորի եւ Փոքր Իշխանասար գագաթների միջեւ ընկած տարածքը, ներառյալ՝ Սեւ լիճն ու դրա հարեւան Ջիլի լիճը:

Մայիսի 12-ին ադրբեջանցիներն ապօրինաբար առաջացել ու զբաղեցրել են երկու լճերին հարակից բարձունքները ՀՀ սուվերեն տարածքում՝ հսկողություն սահմանելով ոչ միայն դրանց եւ ավելի ցածրադիր տարածքների հանդեպ, այլեւ տեսադաշտ բացելով դեպի Գորիս: Ըստ խորհրդային քարտեզների՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն անցնում է Սեւ լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, համաձայն «Google»-ի քարտեզի, 1,7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0,3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը, այնինչ այսօր ամբողջ լիճը հայտնվել է թշնամու վերահսկողության ու դիտարկման տակ:

Հայկական կողմի հասանելիությունը Սեւ լճին հարաբերական է

Նկատենք, որ հայկական կողմը, այդուհանդերձ, հարավ-արեւմուտքից հասանելիություն ունի լճին: Ընթերցողները գուցե կհիշեն, որ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի քանի պաշտոնյաների հետ այցելել էր Սեւ լիճ ու 2021-ի մայիսի 15-ին լուսանկարներ հրապարակել հենց այդ՝ հարավարեւմտյան ափից: ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ եւ իշխանական ու իշխանամերձ լրատվամիջոցներ այդ օրերին պարբերաբար պնդում էին, որ լճի հանդեպ հայկական ուժերն ունեն վերահսկողություն, սակայն իրականությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա այլ է:

Կարմիրով նշված են հայկական, իսկ կապույտով՝ ադրբեջանական դիրքերը. օկուպացված տարածքը դեղին է

Եթե նայենք ռելիեֆին, կտեսնենք, որ լճին մերոնց հասանելիությունը հարաբերական է (վերահսկողության մասին խոսելը չափազանցություն կլինի), քանի որ դեպի լճի հարավարեւմտյան ափ տանող ճանապարհը եւ ափի մոտ տեղադրված հայկական դիրքերը գտնվում են հարակից բարձունքները զավթած թշնամու անմիջական դիտարկման տակ: Ադբեջանցիները Սեւ լճի մոտ զբաղեցրել են ռազմավարական նշանակության երկու լեռ. 3451 մ բարձրություն ունեցող Փոքր Իշխանասար լեռնագագաթը՝ արեւմուտքից (ներքեւի լուսանկարում ամենից ձախ գտնվող կապույտ կետն է) եւ Գլուխ Ձագեձորի գագաթը (3233 մ)՝ հարավից (ներքեւի լուսանկարում ամենից աջ գտնվող կապույտ կետն է):

Եթե Փոքր Իշխանասարը բաժանարար կետ է պատերազմի մեջ գտնվող երկու երկրների միջեւ, ապա Գլուխ Ձագեձորի լեռը գտնվում է սահմանից 2,5 կմ խորության վրա՝ ՀՀ տարածքում: Եվ այսօր ադրբեջանցիներն այս երկու լեռնագագաթին տեղադրած իրենց մարտական հենակետերից վերահսկում են դրանց միջակայքում գտնվող ամբողջ ցածրադիր գոտին՝ լճի հարավարեւմտյան ափ տանող ճանապարհը եւ ափի մոտ գտնվող հայկական դիրքերը: Նշված երկու գագաթների միջեւ հեռավորությունն ուղիղ գծով 4,1 կմ է, ինչը նշանակում է, որ երկու կողմից թշնամին կարող է տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակի տակ պահել իր հենակետերի միջակայքը:

1280 հեկտար տարածք

Սեւ լճի հատվածում, ըստ «Google»-ի քարտեզի, որի արբանյակային պատկերները վերցված են եվրոպական «Airbus» եւ ամերիկյան «Maxar Technologies» ընկերությունների արբանյակներից, վերջին պատկերներն արվել են 2021-ի սեպտեմբերին՝ ներխուժումից 4 ամիս անց, երբ արդեն տեսանելի են հակամարտ զորքերի դիրքերը: Բայց քանի այդ քարտեզը թարմացվում է ըստ առանձին սեգմենտների, դրանում 2021-ի մայիսյան ներխուժումից հետո երեւում են ադրբեջանական ոչ բոլոր մարտական հենակետերը։ Բացը լրացնելու համար «Google»-ի քարտեզը համադրել ենք եվրոպական «Sentinel-2A» արբանյակի ամենավերջին (2022 թ հունիս-հուլիսին արված) լուսանկարների հետ՝ հասկանալու համար, թե ինչ տարածք է ներառում թշնամու օկուպացիան:

Գծերով իրար ենք միացրել ադրբեջանցիների առաջապահ դիրքերը: Այս հաշվարկով ստացվում է, որ ադրբեջանիցների վերահսկողության տակ է անցել 12,8 քկմ կամ 1280 հեկտար տարածք: Սա հավասար է 1793 հատ ֆուտբոլային խաղադաշտի, ինչպիսին ունի Երեւանի «Հանրապետական» ստադիոնը: 

Հասկանալի է, որ ունենալով բարենպաստ դիրքեր շրջակայքի վրա գերիշխող բարձունքների վրա՝ թշնամին վերահսկում ու դիտարկում է շատ ավելի մեծ տարածք, քան զուտ իր թիկունքում գտնվողն է: Այս առումով ամենամտահոգիչը, թերեւս, հայկական բնակավայրերի ու ճանապարհների՝ ադրբեջանցիների խոցման տիրույթում գտնվելն է:

Անվտանգային ռիսկ

Անվտանգային լուրջ ռիսկ է այն հանգամանքը, որ թե՛ Գլուխ Ձագեձորի սարից, թե՛ վերջինիս հարեւան 2924 մ բարձրությամբ գագաթից, որտեղ եւս դիրքավորվել է թշնամին, տեսադաշտ է բացվում դեպի Գորիս եւ դրան կից Ակներ ու Վերիշեն գյուղեր: Մասնավորապես՝ Ձագեձորից մինչեւ Գորիս եւ Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն ուղիղ գծով 10 կմ է, ինչը խոցելի հեռավորություն է հրետանու համար: Նույն գագաթից Ակներ գյուղը 8 կմ-ի վրա է, Վերիշենը՝ 9 կմ-ի:

Բնակավայրերին ավելի մոտ է ադրբեջանցիների զբաղեցրած 2924 մ բարձրությամբ գագաթը, որտեղից մինչեւ Ակներ 6 կմ է, Վերիշեն՝ 7, Գորիս՝ 8: Թշնամու հրետանու համար բարենպաստ է նաեւ Փոքր Իշխանասարի հեռավորությունը նշված բնակավայրերից, մասնավորապես՝ մինչեւ Գորիս 14 կմ է:

Իշխանատափից մինչեւ Փոքր Իշխանասար

2021-ի մայիսին ադրբեջանցիները Սեւ լճի արեւելքում առաջացել են մինչեւ Իշխանատափ բարձունք (2561 մ), որտեղից երեւում են 5 կմ հեռավարության վրա գտնվող Խոզնավար եւ Վաղատուր գյուղերը: Այս բարձունքով է անցնում Գորիս-Վերիշեն-Ակներ-Սեւ լիճ ճանապարհը, որը փակվել է. հենց ճանապարհի վրա իրար դիմաց են տեղակայվել հայկական ու ադրբեջանական դիրքերը: Արեւմուտքում էլ թշնամին հասել է մինչեւ Փոքր Իշխանասար՝ ճանապարհ հարթելով Սեւ լիճը հյուսիսից եզերող զառիթափի վրայով: Իշխանատափից մինչեւ Փոքր Իշխանասար 8,2 կմ է:

Թշնամին օկուպացրել է պետական արգելավայրը, արոտավայրերն ու ջրամբարը

Սեւ լիճն ընդգրկող 240 հեկտարը համարվում է բնության հատուկ պահպանվող տարածք: Դեռ խորհրդային տարիներին՝ 1987-ին, այն ճանաչվել էր պետական արգելոց, իսկ 2001-ին ՀՀ կառավարությունն արգելոցը դարձրել է արգելավայր: Ըստ «Սեւ լիճ» պետական արգելավայրի կանոնադրության՝ այն գտնվում է Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում՝ 2670 մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է սառցադաշտային ծագման Սեւ լիճը (200 հա մակերեսով) եւ առափնյա մերձալպյան մարգագետնային էկոհամակարգերը (40 հա մակերեսով): Արգելավայրի կազմավորման հիմնական նպատակն է Սեւ լճի ջրային եւ նրա հարակից ցամաքային էկոհամակարգերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումը, Սեւանա լճի իշխան եւ բեղաձուկ ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնային պաշարի աճեցումը:

Ադրբեջանցիների օկուպացրած տարածքներն անասնապահությամբ զբաղվող տարածաշրջանի բնակչությունն օգտագործում էր որպես արոտավայր: Առցանց քարտեզներն ուսումնասիրելիս թե՛ օկուպացիայից առաջ, թե՛ հետո կարելի է տեսնել սարվորների ցանկապատած բազմաթիվ մակաղատեղերը, որոնք հակամարտ զորքերի շփման գոտում հայտնվելուց հետո դարձել են անօգտագործելի:

Տարածաշրջանի տնտեսությանը վնաս է հասցվել նաեւ Սեւ լճի հարեւան Ջիլի լճի օկուպացիայով: Վերջինս հայտնի է տարբեր անուններով՝ Ջանլիճ, Ջինլի, Ջելնի, Ջալին, Ջալնի, Ջան, Ջանլի, Ջապլի, Ջապնի: Այս լիճը վերածված է ջրամբարի, եւ ըստ տարբեր քարտեզների («Google», «Yandex»), ԽՍՀՄ-ից ժառանգված հայ-ադրբեջանական սահմանն այս պարագայում եւս, ինչպես Սեւ լճի դեպքում, անցնում է ջրամբարի հայելու վրայով, բայց ի տարբերություն Սեւ լճի՝ Ջիլիի չնչին մասն է գտնվում ադրբեջանական կողմում, ընդ որում՝ քարտեզների համաձայն՝ սահմանն անցնում է նաեւ պատվարի վրայով՝ կիսելով այն: Ժամանակին «Հետքը» գրել էր Հայաստանի ջրամբարների մասին՝ օգտագործելով ոլորտի մասնագետների տրամադրած տվյալները: Ըստ դրանց՝ Ջիլի լճի ջրամբարի ընդհանուր ծավալը 0,5 մլն խմ է: «Google»-ի քարտեզի չափումներով՝ հայելու մակերեսը շուրջ 27 հեկտար է կամ 0,27 քկմ: Ջրամբարից սկիզբ է առնում Խոզնավար գետը, որը հոսում է համանուն գյուղի միջով ու Ծիծեռնավանքի մոտ միանում Աղավնո գետին: Բայց Ջիլին կարեւոր դեր ունի ոչ միայն Խոզնավար գյուղի համար:

2005-ին ՀՀ կառավարությունն այս ջրամբարը, որը գնահատվել էր 812 հազ. դրամ, ամրացրել էր ջրային պետական կոմիտեին, սակայն 2012-ին որոշել էր հետ վերցնել ու նվիրել Վերիշեն գյուղին (որոշման մեջ ջրամբարի տարածքը նշվում է 23 հա), ինչից հետո պիտի համատեղ օգտագործվեր Վերիշեն, Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Խնձորեսկ գյուղերի կողմից: Ըստ կառավարության 2012 թ. հաղորդագրության՝ ջրամբարն ավելի քան 20 տարի չշահագործվելու պատճառով հայտնվել էր անմխիթար վիճակում, իսկ նվիրաբերությունից հետո նշված գյուղերի արոտների բարելավման ծրագրով պիտի նորոգվեր, կառուցվելու էր նաեւ արոտների ջրարբիացման նոր ցանց, որի շնորհիվ պիտի ջրարբիացվեր 8000 հա արոտավայր, ինչի շնորհիվ նախատեսվում էր թե՛ անասնագլխաքանակի ավելացում, թե՛ ֆինանսական հոսք տեղական բյուջեներ։

Ճիշտ պատասխանը՝ ավելի քան 45 քկմ

Վարդենիսի տարածաշրջանում, հաշվի առնելով թշնամու առաջապահ մարտական հենակետերի թիկունքում հայտնված տարածքը, մենք հաշվարկել էինք առնվազն 32 քկմ, իսկ Սեւ լճի հատվածում՝ 12,8 քկմ, այսինքն՝ ընդհանուր շուրջ 45 քկմ: Սրան պիտի գումարենք նաեւ Գեղարքունիքի Կութ գյուղի հատվածում թշնամու օկուպացիան։  

2021-ի նոյեմբերի 16-ին Ադրբեջանը Սեւ լճից ոչ հեռու՝ Ծիծեռնաքարի հատվածում, ինչպես նաեւ Ջերմուկի ուղղությամբ նոր ագրեսիա սանձազերծեց, ինչի հետեւանքով հայկական կողմը դիրքային եւ մարդկային կորուստներ ունեցավ, եւ ամսի 16-ին ՀՀ անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021 թ մայիսի 12-ից թշնամին օկուպացրել է ՀՀ 41 քկմ ինքնիշխան տարածք: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում Փաշինյանը նշեց. «Երեկվա գործողությունների հետեւանքով այս բալանսը որեւէ ձեւով չի փոխվել» (նկատի ուներ 41 քկմ-ի օկուպացիան): Այս թիվը հետո շատ շրջանառվեց:

Բայց ահա 2021-ի նոյեմբերի 23-ի ասուլիսում Փաշինյանն ասաց. «2020-ի նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքները՝ ավելի քան 40 քկմ՝ 40-45 քկմ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, եւ դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք»: Իսկ ահա այս տարվա մայիսի 29-ին, արձագանքելով ադրբեջանցիների հերթական սադրանքին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց. «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2021 թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք եւ օկուպացրել ավելի քան 45 քկմ տարածք»:

Այսպիսով՝ 2021-ի նոյեմբերի 16-ին Փաշինյանն ասում էր, որ մայիսի 12-ի օկուպացիայի ծավալը (41 քկմ) չի փոխվել նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ, մեկ շաբաթ անց նշում էր, որ մայիսի 12-ին Ադրբեջանն օկուպացրել է 40-45 քկմ, իսկ ահա ԱԳՆ-ն վերջերս հայտարարում է, որ թշնամին Սոթք-Խոզնավար հատվածում օկուպացրել է ավելի քան 45 քկմ տարածք: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ադրբեջանական օկուպացիան նշված հատվածում իսկապես գերազանցում է 45 քկմ-ն:

Վահե Սարուխանյան

https://hetq.am/

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25