Ծղուկը՝ համայնքների խոշորացման շեմին

15.06.2014 18:55
2693

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է Հայաստանի համայնքները խոշորացնելու ծրագիր սկսել, որի արդյունքում գոյություն ունեցող 915 համայնքի փոխարեն կլինի 250-300 համայնք: Սա դեռ ամենը չէ. մշակվել է խոշորացման երկու տարբերակ՝ փնջային եւ շրջանային, ըստ այս վերջինի` հանրապետության բնակավայրերը կմիավորվեն 50 համայնքի մեջ: Ինչ կտա այդ միավորումը, ցույց կտա ժամանակը, այժմ կան կողմ եւ դեմ կարծիքներ: Նաեւ տեղեկացվում է, որ համայնքների համախմբումը լինելու է մի քանի կարեւոր գործոնով պայմանավորված: Դա կարող է լինել մի ապրանքանիշի շուրջ (Տաթեւ), մեկ քաղաքային համայնքի շուրջ (Մեղրի, Դիլիջան, Ջերմուկ), ընդհանուր բիզնես նախագծի իրականացմամբ՝ պայմանավորված (Զառիթափ, Սառնակունք) աշխարհագրական եւ ռելիեֆային առանձնահատկություններով: Նշվում է, որ նույն համայնքի մեջ ընդգրկվող բնակավայրերի միջեւ հեռավորությունը չպիտի գերազանցի 20 կիլոմետրը: Սա որպես նախաբան:

Լինելով Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ համայնքում, նախ գյուղապետ Մեսրոպ Ամիրջանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կտա համայնքների խոշորացումը, մանավանդ որ ըստ այդ ծրագրի՝ պիտի միավորվեն Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ, Գորայք համայնքները: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ դրական միտումներից բացի ինքը մտավախություն ունի, որ կենտրոն համարվող գյուղը փոքր-ինչ զարգանալու է, իսկ մյուսները տեսադաշտից դուրս են լինելու:

Համայնքը եւ նրա ղեկավարը

Գյուղը նախկինում կոչվում էր Բորիսովկա: Ծղուկ տեղանունն ստացել է անցյալ դարի 60-ական թվականներին՝ Ծղուկ գավառի անվամբ: Բնակավայրի սկզբնական բնակիչները մոլոկան ռուսներ էին, ովքեր 1828-1830 թվականներին տեղափոխվել են Հյուսիսային Կովկասից: Սպանդարյան ջրամբարի կառուցման պատճառով գյուղը 1,5կմ հյուսիս-արեւելք է տեղափոխվել: Նախկին գյուղի տարածքը մնացել է ջրի տակ, միայն բարձունքներից մեկի վրա Մեծ հայրենականում ընկած 75 համագյուղացու հիշատակը հավերժացնող հուշարձանն է մնացել, որպես հուշ ու վկա հնօրյա Բորիսովկայի: Բորիսովկայում են աչք բացել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանը, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը, գյուղի կոլեկտիվ տնտեսությունը հմուտ վարելու եւ հացահատիկային մշակաբույսերի բարձր բերք ստանալու համար Սամվել Ավետիսյանն արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման (1947 թվական):

Համայնքապետ Մեսրոպ Ամիրջանյանը եւ գյուղատնտեսի (ավարտել է գյուղմեխանիզացիայի ու էլեկտրիֆիկացիայի տեխնիկումը), եւ մանկավարժական (Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետ) կրթություն ունի: Գյուղի կոլեկտիվ տնտեսությունն է ղեկավարել, նաեւ հայրենի Ծղուկի, ապա՝ հարեւան Բազարչայի կրթօջախների տնօրեն է եղել: Խորհտնտեսության տնօրեն է եղել, ապա երեք գյուղի (Բորիսովկա, Ծղուկ, Սառնակունք) գյուղխորհրդի նախագահ, 1991-ին երբ գյուղերը բաժանվեցին, Ծղուկի գյուղխորհրդի նախագահ՝ մինչեւ 1996 թվականը: Մարզի տարեց գյուղապետերից է: Պատմում է, որ 1905-06 թվականների հայ-թուրքական ընդհարումների ժամանակ, երբ Ղալաջուղ գյուղը բազմիցս ենթարկվեց հարձակումների, բնակիչների մի մասը տեղափոխվեց եւ բնակություն հաստատեց այստեղ: Երեւույթը կրկնվեց նաեւ 1918-20 թվականներին: Բնակչության մի մասն էլ ավելի վաղ ներգաղթել է այստեղ Խոյ-Սալմաստից, հավանաբար Թուրքմենչայի պայմանագրից հետո: Բորիսովկա եկան նաեւ բնակիչներ՝ Սիսիանի մյուս գյուղերից: «Մի խոսքով՝ հավաքովի գյուղ է», - թեման այսպես է եզրափակում զրուցակիցս:

Բազմանդամ եւ սակավ ապահով ընտանիքում է հասակ առել: Երբ սկսվեց երկրորդ աշխարհամարտը, հայրը մեկնեց ռազմաճակատ: Հորը չի տեսել, որովհետեւ Ուկրաինայի համար մղված մարտերից մեկի ժամանակ գվարդիայի ավագ լեյտենանտ Սուրեն Ամիրջանյանը 1943 թվականին զոհվել է: Տարիներ հետո հարազատներով այցելել են զոհվածի գերեզմանը, այդտեղից մի բուռ հող բերել, շաղ տվել իրենց ընտանեկան գերեզմանոցում: Մայրը միայնակ է դաստիարակել եւ վաստակի տեր դարձրել երեք որդուն եւ երեք դստերը…

Աղքատի ձեռքը փող է ընկնում, չգիտի՝ ինչ անի

Ինչպես մարզի մյուս գյուղական համայնքներում, Ծղուկում եւս բազում խնդիրներ կան՝ հրատապ լուծում պահանջող: Դրանց ցանկը հաստատվել է համայնքի ավագանու անցյալ տարվա մարտի 3-ի նիստում: Առաջնային են մշակույթի տան եւ գյուղապետարանի մասնաշենքերի հիմնանորոգումն ու գույքի ձեռքբերումը, փողոցային լուսավորության անցկացումը, խմելու ջրի աղբյուրների ակունքների ավազանների նորոգումը, ջրահեռացման նպատակով առուների մեջ կիսախողովակների տեղադրումը եւ այլն: Ծղուկը ոռոգման ջուր ստանում է Սպանդարյանի ջրանցքից, 1,800մ երկարությամբ խողովակով հասնում է գյուղի սկիզբը, մի ճյուղը խողովակով հասնում է այգիներին, երկրորդ ճյուղի ջուրը սովորական առվով է հասնում, ուստի անպակաս են լինում կորուստները: Օրակարգում է ոռոգման ցանցի երկրորդ գծի անցկացումը, որից կօգտվի 15 ընտանիք: Համայնքի հիմնախնդիրների ցանկում ներառված է նաեւ կոյուղու նորոգում երեք հատվածում: Այս մեկը կատարվում է պետական ծրագրի շրջանակում, որի նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են:

Որոտանի հէկերի համակարգի գույքի առքուվաճառքից հետո Ծղուկ համայնքին 20 մլն դրամ են հատկացրել, բայց հիմնախնդիրներն այնքան շատ են, որ չգիտեն գումարը որտեղ ծախսել, որ հարցի լուծումից սկսել: Եվ համայնքապետը ստեղծված վիճակն այսպես է ներկայացնում՝ աղքատի ձեռքը փող է ընկնում, չգիտի՝ ինչ անի:

Առավել հուսադրողն այն է, որ սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով եւ Սյունիքի մարզպետարանի ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օժանդակությամբ հիմնանորոգվել է գյուղի դպրոցի մասնաշենքը: Գյուղապետի փոխանցմամբ հոյակապ աշխատանք է արվել, նոր գույքը տեղափոխվել է, մնում է հիմնանորոգված մասնաշենքի բացումն անեն: Հընթացս նաեւ տեղեկացանք, որ գյուղի դպրոցը 43 աշակերտ ունի, այս ուստարում վեց շրջանավարտ է ունեցել համայնքի կրթօջախը:

 

Խոշորի իրացումը պատահական մարդկանց ձեռքին է

 

Ծղուկում տավարի եւ ոչխարի մսի իրացման լուրջ խնդիր կա: Ճիշտ է, երեք տարի առաջ մանր եղջերավորի մսի իրացումը որոշ աշխուժացում ապրեց, բայց դա ժամանակավոր էր: Այժմ երբեմն եզդիներն են գյուղում լինում, նրանք էլ հիմնականում գառ են պահանջում՝ դրա փոխարեն, ասենք, կահույք առաջարկելով (իսկը՝ քարանձավային ապրանքափոխանակություն): Սա դեռ ամենը չէ, գյուղացին չի կարողանում ոչ մորթված անասունի կաշին իրացնել, ոչ էլ բուրդը: Վերջինս պարզապես շարում են փշերի վրա եւ այրում: «Եթե միայն կաթի իրացման տասը տոկոսի չափով միսն իրացվի, գոհ կլինենք», – ասում է գյուղապետը: Շահավետ չէ ոչխարը Կապանում գտնվող սպանդանոց տեղափոխելը, որովհետեւ կենդանուն այդքան հեռավորություն տեղափոխելով՝ քաշի կորուստ է լինում: Իսկ տավարի միսը տեղում իրացնելով եւս անասնատերը քիչ բան է շահում, մեծ լոռեցու ձեւակերպմամբ՝ գյուղացին դառը դատում, դատարկ նստում է… Իսկ արանքում միջնորդն է շահում:

Գյուղում հաշվվում է 1140 խոշոր եղջերավոր, որից՝ 432 կթու, 1272 մանր եղջերավոր, նախկինում՝ 500 գլուխ էր: Տարիներ առաջ ծղուկեցին մեկ-երկու կով էր պահում, հիմա մարդիկ կան, ովքեր մինչեւ 20 գլուխ խոշոր են աճեցնում: Այս թվերը պատահաբար չնշվեցին, այսքան անասնագլխաքանակի դեպքում մսի իրացման խնդիրն առաջին պլան է մղվում: Լուծումն անասնապահական տարածաշրջանի համարում ունեցող (եւ այդպիսին էլ կա) Սիսիանում «մինի» սպանդանոցի հիմնումն է: Բայց ո՞վ կձեռնարկի այդ գործը…

Ի դեպ, 2009-ին Ծղուկում բրուցելյոզի համաճարակ էր բռնկվել, որից մեծապես տուժել էր խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, ավելի ստույգ՝ 707 գլուխ խոշոր եղջերավորի կորուստ էր եղել: «Սյունյաց երկրին» հետաքրքրում էր, թե գյուղացին պետությունից փոխհատուցում ստացե՞լ է համաճարակից անկած անասունի դիմաց: Մեզ հայտնեցին, որ նախապես պետությունը 30 մլն դրամ փոխհատուցում էր խոստացել, բայց հատկացրեց 12 մլն դրամ, ստացվեց յուրաքանչյուր կովի դիմաց՝ 17 հազար դրամ: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Միայն հուսադրողն այն է, որ բրուցելյոզի համաճարակից հետո անասնագլխաքանակը վերականգնվել է համայնքում, վերացվել է համաճարակի օջախը: «Ինը նախիր է առավոտյան արոտ դուրս գալիս», – տեղեկացնում է գյուղապետը:

Գյուղմթերքների արտադրության ոլորտում մեզ հայտնած նորությունն այն էր, որ 2012-ի վերջին ստեղծվել է «Ծղուկ համայնքի արոտ օգտագործողների միավորում» արտադրական կոոպերատիվը: Դա մի ծրագիր է, որի շրջանակում համայնքը ձեռք է բերել յոթ անուն գյուղտեխնիկա՝ տրակտոր, խոտհնձիչ, գութան, խոտի մամլիչ հարմարանք եւ այլն: Բացի այդ՝ նույն ծրագրով անցյալ տարի գյուղից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող արոտներում ջրխմոցներ են տեղադրվել:

«Բորիսովկան» հույսի շող է

Եթե տավարի եւ ոչխարի մսի իրացումը խնդրահարույց է, ավելի ստույգ՝ դրա ճանապարհին բազմաթիվ խոչ ու խութեր կան, ապա անասնապահական մյուս մթերքը՝ կաթը, տեղում է իրացվում: Ծղուկում 2006 թվականից գործում է կաթնամթերքների արտադրության «Բորիսովկա» ՍՊ ընկերությունը (հիմնադիր եւ գործադիր տնօրեն՝ Մյասնիկ Գրիգորյան): Սկզբնական շրջանում ֆերմերներից յոթն էր իր արտադրած կաթը հանձնում ընկերությանը, այժմ 120 ֆերմեր՝ չորս գյուղից: Կաթն ընդունվում է 150 դրամով, 3,6 բազիսային յուղայնությամբ, տեղում լաբորատոր ժամանակակից սարքավորումներով ստուգվում են ընդունվող ապրանքի այլ բաղադրիչներ՝ թթվայնություն եւ այլն: Ընկերության տնօրենը մեր հարցադրումը կանխում է, ասելով. «Կաթնամթերքի վերամշակման դաշտը մրցակցային է, միայն արդար ու խելացի աշխատելով է ինչ-որ բան ստացվում: Այս երկրում հեշտ բան չկա: Հիմնականում ինչ արվել է, վարկային միջոցներով է իրականացվել: Արտադրամասն ընդլայնվում է նույնպես վարկային միջոցներով: Աշխատանքի եւ պատրաստի արտադրանքի պահեստավորման (խոսքը սառնարանային տնտեսության մասին է - Վ. Օ.) ավելի լավ պայմաններ կունենանք»: Ասվածին ավելացնենք, որ «Բորիսովկան» համագործակցում է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ (Քարդ): Իսկ կադրերի պատրաստման խնդրում օժանդակություն է արվում «Վորլդ վիժն» կազմակերպության սիսիանյան կառույցի կողմից:

«Բորիսովկայում» 12 հոգի է աշխատում, արտադրվում է յոթ տեսակի պանիր եւ կաթնային սերուցք, որն իրացվում է մայրաքաղաքի սուպերմարկետներում, քիչ քանակությամբ՝ Գյումրիում եւ Արցախում: Հիմնական իրացման շուկան Երեւանն է, բայց ծրագրեր կան սիսիանյան կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու: Փաստաթղթեր են ներկայացրել նաեւ թույտվություն ստանալու ընկերության արտադրանքը Եվրոպա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանելու համար:

Այսպիսի հուսադրող հնչերանգով ավարտում ենք բարձր լեռնային համայնք Ծղուկի մասին հրապարակումը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57