«… Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին»

19.09.2016 15:42
1979

(«Սյունյաց երկիր» թերթի՝ Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված հատուկ համարի խմբագրական)


Հայաստանի երրորդ հանրապետությունը 25 տարեկան է… Մենք վերստին ու նորովի թերթում ենք պատմության էջերը, անցած ճանապարհից դասեր քաղելու, վաղվա օրը տեսնելու, կանխատեսելու փորձեր անում, անցածի, ներկայի, գալիքի համադրությամբ վերլուծություններ մտմտում:

«Սյունյաց երկիր» թերթի սույն համարը խորհրդածություն է հայոց պետության, պետականության, մեր անցած ճանապարհի, ներկա կացության, առկա սպառնալիքների ու մարտահրավերների մասին, իսկ սույն խմբագրականը նաեւ անձնական տեսակետ է մեր ընթացքի որոշ հարցերի վերաբերյալ՝ պարուրված որդիական զգացմունքով:

***

Հիմա ընդունված է ասել, որ մեր անկախությունը Խորհրդային Միության կամ Ռուսական կայսրության փլուզման հետեւանք էր: Իրականում, մինչդեռ, անկախ պետականության վերականգնումը հայ ժողովրդի պատմության հասունացած պտուղն էր, միանգամայն տրամաբանական ու պատճառաբանված արդյունքը, դեպի հավերժություն միտված  ազգային մեր երազանքի դրսեւորումը:

1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին ազգովի ոգեւորված էինք, ինչ-որ առումով սավառնում էինք երազների մեջ եւ համոզված էինք, որ անկախությունն անվտանգ, ապահով ու լուսավոր գալիք կբերի հայ ժողովրդին…

Մեզ թվում է՝ չկա մի հայ, ում չի մտահոգել հայ ժողովրդի հերոսական էպոսի ոչ հերոսական ավարտը՝ Վանա քարի մեջ Մհերի փակվելը եւ այնտեղից ելնելու անորոշ հեռանկարը.

«- Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն»:

Հայոց անկախ պետականության վերականգնումը միլիոնավոր հայեր ընկալեցին դյուցազնավեպի տրամաբանության մեջ՝ Մհերն իր Քուռկիկ Ջալալիով ազատագրվել է, շղթայազերծ է եղել…

Հետո, սակայն, անկախության համար «հայտնաբերեցինք» գործընթաց բառը, եւ մեր բազմաթիվ ձգտումներ ու երազանքներ ճապաղվեցին ու շեղվեցին կյանքի դիմադրությամբ:

Այդ բոլորով հանդերձ, 1991-ն այն ժամանակն էր, երբ յուրաքանչյուր հայ ասաց՝ ես իմ հայրենիքի զավակն եմ: Այնպես որ՝ անկախ պետականությունը մեր ազգային արժանապատվության բարձրագույն դրսեւորումն է եւ հավիտենական արժեք է:

Ուրեմն եւ՝ երախտագիտության ու հպարտության զգացումով հիշենք բոլոր նրանց, ովքեր 1991 թվականին իրականություն դարձրին մեր ազգային երազանքը, եւ հայոց աշխարհի վրա կրկին ճառագեց անկախության աստղը:

***

Ի՞նչ մեթոդաբանություն է ընկած համարի հիմքում, ի՞նչ սկզբունքով է կառուցվել թերթի այս համարը:

Հայ ժողովրդի լինելիության կարգախոս (սկզբունք) ենք ընդունել չարենցյան հայտնի բանաձեւը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», որով եւ սկսում ենք համարը՝ համոզված լինելով, որ բանաձեւն արդիական ու պահանջված է նաեւ այսօր:

Համարում հարգանք, պատկառանք է սերմանվում Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների նկատմամբ:

Այդպիսի վերաբերմունք է սերմանվում ազգային արժեհամակարգի հիմք հանդիսացող մի քանի երեւույթների (իրողություների) հանդեպ՝ Հայոց ազգային էպոս, Հայոց այբուբեն, Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Հայոց մերօրյա մայրաքաղաք, Սրբազան լեռ՝ Արարատ՝ մեր բռնազավթված հայրենիքի խորհրդանիշ, մեր ազգային լինելիության գերագույն գաղափար:

Համեմատաբար ծավալուն անդրադարձ կա Հայաստանի երրորդ հանրապետությանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Անդրադարձ կա հայոց պետական միավորումներին՝ սկսած Հայաստանի վաղ պետական կազմավորումներից՝ աստվածապետական Արատտայից մինչեւ Միտաննի ու Հայասա թագավորություններ եւ Նաիրյան երկրներ, մինչեւ Երվանդունիների, Արտաշեսյանների ու հայ Արշակունիների, Բագրատունիների թագավորական հարստություններ, մինչեւ Կիլիկիայի հայկական պետություն, Հայաստանի առաջին հանրապետություն, Հայաստանի երկրորդ հանրապետություն:

Հետադարձ հայացք ենք ձգում հայոց պատմության որոշ սկզբնաղբյուրների, ներկայացնում քարտեզներ, համառոտ խոսք ասում հայոց մայրաքաղաքների մասին:

Կարեւորել ենք Սյունիքի դերը հայոց պետական միավորումների կազմավորման ու հարատեւման հարցում: Ի վերջո հայոց կենտրոնացված (կենտրոնաձիգ) պետականության բացակայության պայմաններում անգամ Սյունիքում պահպանվել է ինքնիշխանություն. նկատի ունենք Սյունիքի հայկազուն նախարարական տունը, Սյունիքի թագավորությունը, Դավիթ Բեկի իշխանապետությունը, Լեռնահայաստանը նաեւ Սյունիքի մելիքությունները:

Կարեւորեցինք հայ արվեստագետների ստեղծագործություններում հայրենիք արծարծող թեմաները գոնե մասամբ հիշատակելը (Հայրենիքի գեղարվեստական կերպարը, Հայրենիքի թեման հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում, Հայրենիքի թեման հայ կինոյում, կերպարվեստում): Այդ խնդիրը լուծում ենք նաեւ «Հայաստանը երգերի մեջ» խորագրի ներքո՝ ներկայացնելով ստեղծագործություններ նշանավոր հայ բանաստեղծներից՝ Վահան Տերյան, Հովհաննես Շիրազ, Եղիշե Չարենց, Համո Սահյան, Հովհաննես Թումանյան, Պարույր Սեւակ, Ավետիք Իսահակյան, Սիամանթո, Դանիել Վարուժան, Վահան Թեքեյան:

Համարի առիթով ծնվեցին մի շարք հոդվածներ ու հարցազրույցներ:

***

Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության մեջ շատ փորձությունների ու արհավիրքների միջով է անցել: Եվ այդ ամենից դասեր քաղելը, հետեւություններ անելն անհրաժեշտություն է եղել ու մնում է մինչեւ այսօր:

Գոնե մեկ-երկու դրվագ, կարծում ենք, արժեր հիշել այս հոբելյանի առիթով, քանզի շատ անելիքներ ունենք:

Հիշել է պետք, թե Քերթողահայր Խորենացին ինչպիսի ցավով է ողբում հայոց թագավորության (Արշակունիների ցեղից) 428թ. անկումը. «Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ, խորհրդականդ եւ ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»:

Հայ ժողովուրդը ողբասացության այդպիսի առիթ ունեցավ նաեւ 1045 թվականին, երբ մեր ներքին դավաճանության հետեւանքով բյուզանդական բանակը գրավեց Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անին: Եթե Ամենայն հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձը գոնե մի քիչ սիրեր իր հայրենիքը այդչափ կորցրած չլիներ հայի արժանապատվությունը եւ այդքան հեռացած չլիներ քրիստոնեությունից, ապա Բագրատունիների թագավորությունը նման՝ մեր ազգի համար ամոթալի վերջաբան չէր ունենա:

Ողբալու առիթ ունեցանք 1375թ. ապրիլի 16-ին եւս, երբ մամլուքներին հանձնվեց Սիսի միջնաբերդը եւ գերեվարվեցին Կիլիկիայի Լեւոն Զ թագավորը, Մարիամ թագուհին, Պողոս կաթողիկոսը…

Առհասարակ հայ ժողովուրդը տասը անգամ համազգային (համահայկական) պետություն է կերտել, որից ինը կորցրել է, ինչը պետք է միշտ հիշել:

Պետականությունը կորցնելու ամեն մի դեպք իր պատճառներն ու նախապատմությունն ունի: Բայց եւ դրանք հանգեցնում են մի ստույգ եզրակացության՝ ազգերի լինելիության համար ավելի մեծ երաշխիք գոյություն չունի բնության մեջ, քան անկախ պետությունն է, համազգային պետությունը:

Ոչ միշտ եւ մեր ազգային ոչ բոլոր գործիչներն են, ցավոք, գիտակցել (գիտակցում) անքննելի ու անսակարկելի այդ ճշմարտությունը: Բայց եւ եղել են անհատականություններ, որոնց պահվածքն առ այսօր օրինակ եւ ուղեցույց է մեզ, նաեւ գալիք սերունդների համար: Նկատի ունենք, օրինակ, Հայոց սուրբ կաթողիկոս Սահակի վարքը, որ դրսեւորվեց հայոց Արտաշես Գ Արշակունի թագավորի ճակատագրի շուրջ հայոց ավագանու եւ կաթողիկոսի միջեւ տեղի ունեցած քննարկումներում, ինչը հիշեցնում է Ղազար Փարպեցի պատմագիրը «Հայոց պատմություն. թուղթ Վահան Մամիկոնյանին» գրքում:

Ահա թե ինչ ասացին հայոց նախարարները մեր մեծ քահանայապետ Սահակին. «Այլեւս չենք կարող հանդուրժել թագավորի այսօրինակ անօրեն ու պիղծ գործերը… Մենք այդ վիճակից ոչ մի ելք կամ հնար չենք կարող գտնել, բացի Պարսից թագավորին բողոքելուց, որպեսզի նրան հեռացնի թագավորությունից… Խնդրում ենք քեզ՝ այս խորհրդի մեջ միաբան լինել մեզ հետ»:

Երկար ու տառապալից մտորումներից հետո Հայոց քահանայապետն այսպես պատասխանեց նախարարներին. «… Քա՛վ լիցի, որ ես մատնիչ լինեմ մեր ճշմարիտ հավատին եւ իմ հոտի մոլորյալ ոչխարը հանձնեմ անհավատներին՝ ծանակելու… Արդ, եթե իմ եկեղեցու վիրավոր ոչխարը տանելու լինեին առողջ բժշկի մոտ, կշտապեի եւ չէի հապաղի: Իսկ ամենաախտալից ատյանին մատնել իմ հիվանդացած հոգեւոր որդու՜ն՝ երբեք հանձն չեմ առնի»:

Դրան հաջորդեց նախարարների խիստ արձագանքը՝ «… Դու էլ քահանայապետ չես մնա մեր աշխարհի վրա»:

Եվ Սասանյան Վռամ 5-րդ թագավորը Տիզբոնի դատական ատյան կանչեց հայոց թագավորին ու կաթողիկոսին, ովքեր էլ գահընկեց արվեցին, իսկ Հայաստանը կորցրեց անկախ պետականությունը…

Դա տեղի ունեցավ Քրիստոսից հետո 428 թվականին:

Փաստորեն՝ Հայոց նախարարների խնդրանքով Պարսից թագավորը վերացրեց հայոց պետականությունը. առանց պետության, առանց թագավորի, ըստ էության, ապազգային նախարարների համար դյուրին էր ապրել:

Դրանից 1571 տարի անց՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, մենք մեր ձեռքով գլխատեցինք հայոց պետության երկու առաջնորդի՝ Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին՝ պետությունը մղելով փորձանքների ու փորձությունների նոր հուն…

Կա՞ աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որի ավագանին, անձնական նկատառումներից ելնելով, ձեռք բարձրացնի իր իսկ ամենամեծ արժեքի՝ պետականության վրա:

***

Անկախ պետականության 25-րդ տարում Հայաստանի Հանրապետությունը բախվեց առնվազն երկու ոչ սովորական իրադարձության, որոնք խորհրդածելու տեղիք են տալիս:

Արցախյան քառօրյա պատերազմը, անշուշտ, հայ ժողովրդի հերոսականության մի նոր եւ փայլուն դրսեւորումն էր: Բայց պատերազմն առաջ բերեց մտահոգող բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը դեռ չի տրվել:

Իսկ ոստիկանության գնդի շուրջ հուլիսին տեղի ունեցածը, նաեւ դրան հաջորդած զարգացումները նորովի ջրի երես հանեցին հանրապետությունում կուտակված հարցերը:

Անշուշտ, մերժելի է զենքի ուժով հարց լուծելու մտածելակերպը: Բայց կկարողանա՞նք տեղի ունեցածից այնպիսի հետեւություններ անել, որ հայ մարդը ներքաղաքական կյանքում այլեւս ու երբեք իր մտահոգությունները լուծելու համար ստիպված չլինի ապավինել զենքի ուժին:

Եվ ուրեմն՝ հանուն մեր պետականության ամրապնդման պարտավոր ենք այդ իրադարձությունների հետ կապված՝ հանրությանը մտահոգող ամեն մի հարցի պատասխանել ու դրանից բխող անկեղծ հետեւություններ անել:

***

Հայաստանի երրորդ հանրապետությանը սպառնացող վտանգները, ժամանակի մարտահրավերները նույնպես չեն կարող ուշադրության կենտրոնում չլինել հոբելյանական այս օրերին:

Մեր հանրապետությանը սպառնացող ամենամեծ վտանգը շարունակում է մնալ արտագաղթը: Այդ երեւույթի իրական պատճառների մեջ խորանալու եւ վտանգը չեզոքացնելու փոխարեն երբեմն լսում ենք արդարացումի մտավարժանքներ՝ իբր արտագաղթը, տեղից տեղ գաղթելը մեր ժողովրդի հոգեկերտվածքին բնորոշ երեւույթ է: Շատ ափսոս, որ նման պատասխանատու տեսակետ արտահայտողները ծանոթ չեն հայոց պատմությանը եւ չեն հասկանում, որ արտագաղթը մեզանում պատմական կոնկրետ հանգանմանքների, ողբերգական կոնկրետ իրադարձությունների հետեւանք է եղել. ասվածը հաստատող բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել, որ հաջորդել են, ասենք, Անիի թագավորության կործանմանը ու շարունակվել հետագայում:

Մեր տեսակետը հիմնավորելու համար՝ եւս մի փոքր անդրադարձ հայ ժողովրդական էպոսին, որը, համոզված ենք, պատմական հենք ունի եւ հավելյալ անգամ հաստատում է հայ մարդու վերաբերմունքը գաղթին.

…Փոքր Մհերը գնաց մոր գերեզմանին եւ կանչեց՝

«Մերի՛կ, վեր էլի, մերիկ վեր էլի,
Շատ եմ ման էկե աշխարհք, շվար եմ ման էկե…»:

Մոր գերեզմանից ի պատասխան, ձայն եկավ՝

«Բոլ է ման գաս վեր աշխրքին,
Բոլ է ման գաս…»:

Հոր գերեզմանից էլ նույն խոսքերն են լսվում:

Այսօր էլ, կարծեք, Սանասարն ու Բաղդասարը, Մեծ Մհերն ու Դավիթը ձեն են տալիս գերեզմանից՝

«Բոլ է ման գաք աշխրքով մեկ,
Վերադարձեք մեր տուն…»:

Ինչ վերաբերվում է ներկայիս արտագաղթին, ապա դա երկրի ներքին վիճակով պայմանավորված երեւույթ է, ինչից պետք է լրջագույն հետեւություններ անել, այլապես մեր նախնյաց կանչը՝ վերադառնալու տուն, հնչելու է իբրեւ ձայն բարբառո հանապատի:

…Ալեքսանդր Մեծ Մյասնիկյան ունեինք (Հայաստանի կառավարության նախագահ եւ ռազմական գործերի ժողկոմ 1921-25թթ.), ով Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ սովի, աղքատության, համաճարակի պայմաններում ազգային կարեւոր գործերից գլխավորը համարեց հայրենադարձությունը, աշխարհով մեկ ցրված հայ ուժերին Հայաստանում հավաքելը: Հենց այդ ճանապարհով Ալեքսանդր Մյասնիկյանը վերածնություն բերեց Հայաստանին: Եղիշե Չարենցն է ասում՝ «Չունեինք մենք դարեր-հայրենիք: - Եվ նա մեզ հայրենիք տվեց»:

***

Մեզ սպառնացող ամենամեծ վտանգի մասին ասացինք: Բայց ունենք նաեւ մարտահրավերներ: Գլխավորն այդ շարքում արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդիրն է, որը, կարելի է ասել, ստվերում է մեր ժողովրդին հուզող մնացյալ հարցերը:

Իսկապես, դա այն հարցն է, հանուն որի ժամանակավորապես մի կողմ պետք է դնենք մեր տարաձայնություններն ու մտահոգությունները, հայ ժողովրդին հուզող մնացյալ հարցերն ու միասնաբար լծվենք այդ մարտահրավերի դիմակայման գործին: Շատ դիպուկ է այդ հիմնախնդրի առիթով վերջերս արտահայտվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «… Ներկա պահին իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն անհրաժեշտ է գնահատել բացառապես այդ գերակա խնդրին նպաստելու կամ վնասելու տեսանկյունից»:

Խոստովանենք միաժամանակ՝ ապրիլյան պատերազմից հետո հանրության մեջ ավելի ակտիվ է շրջանառվում «հողեր հանձնելու» մասին խոսակցությունը՝ դրանից բխող մտահոգություններով: Բայց ուզում ենք հավատ ընծայել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ այդ խոսակցություններին հակադրող դիրքորոշմանը, որ արտահայտեց վերջերս (1 օգոստոսի 2016թ.). «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ եւս կրկնում եմ՝ բացառվում է»: Այո, այդ խոսքերի հանդեպ հավատ ենք ընծայում՝ վստահ լինելով, որ նման դիրքորոշում կունենար Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը վարող յուրաքանչյուր հայ մարդ: Այլ կերպ, այլ մոտեցում չենք էլ պատկերացնում:

***

Եվս մի քանի մարտահրավերների, մտահոգությունների մասին:

ա) Ասացինք, որ ի վիճակի չենք պատմությունից դասեր քաղելու: Անընդհատ վրիպումներ ենք թույլ տալիս եւ այնպիսի վրիպումներ, որ պատմության մեկ այլ հանգրվանում նույնպես թույլ ենք տվել: Հայոց ցեղասպանության խնդրում անգամ չենք կարողանում կանգնել իրատեսության հողի վրա: Անընդհատ խոսում ենք պահանջատիրության մասին՝ չհասկանալով, որ առանց հզոր պահանջատիրոջ անհեթեթ է խոսել պահանջատիրության մասին:

բ) Շարունակում ենք մնալ կարծիքին, որ մեզ պակասում է զարգացման բուն հայկական ուղին: Միշտ կողմնորոշումների խնդիր ենք դրել մեր առջեւ՝ Տիզբո՞ն, Հռո՞մ, թե՞ Բյուզանդիա, հետո Պարսկաստա՞ն, թե՞ Թուրքիա, իսկ այսօր՝ Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն:

Այնպես որ՝ թերարժեքության բարդույթը, օտարամոլությունը չեն լքում մեզ:

Ղարաբաղյան պատերազմում, գոնե, մեր թերարժեքության բարդույթներից մեկը հաղթահարեցինք եւ թողեցինք անցյալում՝ այն, որ թուրքն իբր անպարտելի է…

գ) Կանգնած ենք մեր ազգային արժեհամակարգը ճանաչելու, անաղարտ պահելու, ժամանակին համընթաց զարգացնելու անհրաժեշտության դեմ հանդիման: Նկատի ունենք արժեհամակարգի հատկապես հետեւյալ տարրերը՝ լեզուն, մշակույթը, Հայ առաքելական եկեղեցին եւ պետական համակարգի ու ազգի բարոյական նկարագիրը:

1990-ականներից ձեւավորվող նոր արժեհամակարգը, կարծում ենք, ոչ միշտ է համապատասխանում դարերով ձեւավորված արժեհամակարգին կամ, ինչպես ընդունված է ասել, «հայկական կողմնորոշմանը»:

Լուրջ փորձության է ենթարկվում մշակույթը:

Հրանտ Մատթեւոսյանն էլ հիշեցնում է՝ «Լեզուն հայրենիք է, լեզվի կորուստը ցեղի կորուստն է»:

Դե իսկ Հայ առաքելական եկեղեցին՝ իբրեւ արժեհամակարգի առանցքային բաղադրիչ… էությամբ իր հոտի հետ պետք է լինի: Հավատի տաճարներ կառուցելով չէ, որ եկեղեցին ու հոտը միասին կլինեն: Դրանով չէ, որ Քրիստոսի հավատքը կամրապնդվի մեզանում… Ավելին, որքան շատ եկեղեցի ենք կառուցում, որքան մեծանում է մկրտվողների թիվը, այնքան շատ ենք հեռանում Աստծո պատվիրաններից:

դ) Գյուղն է փորձության ենթարկվում: Դեռեւս խորհրդային տարիներից գյուղացուն ձգում է քաղաքը, քաղաքային հարմարավետությունը: Արդյունքում՝ գյուղացիությունը, որպես դասակարգ, հոգեվարք է ապրում, ինչը բնորոշ է հատկապես լեռնային գյուղերին: Քարից հաց քամող, աշխատող, արարող գյուղացին, կարծեք, մնում է անցյալում… Հայոց Արտաշես 1-ին թագավորը (Արտաշեսյան արքայատան հիմնադիր, Ք.ա. 189-160թթ.) պետության եւ հատկապես բանակի հզորության հիմքը համարում էր գյուղը: Ու թեեւ փոխվել են ժամանակները, փոխվել են առաջնայնությունները, միեւնույն է, այդ տեսակետը միշտ էլ արդիական է մնում: Իսկ ավելի ստույգ՝ Հայաստանի Հանրապետությունն առանց կենսունակ գյուղերի դժվար է պատկերացնել:

***

Հայոց անկախ պետության հզորության, հարատեւության, կենսունակության ամենազորավոր աղբյուրը, այնուամենայնիվ, հայ մարդն է՝ իր իշխանությունների կողմից պաշտպանված ու հարգված, սոցիալական հոգսերից հիմնականում բեռնաթափված, իր իսկ հայրենիքից չօտարված եւ ուրիշների փայլով չշառագունված, իր իսկ հայրենիքում ինքնադրսեւորման լիարժեք հնարավորություններ ունեցող, իր ընտանիքի արժանապատիվ ապրելակերպն ապահովելու համար ասպարեզ եւ հնարավորություններ ունեցող, չքավորության, թշվառության, աղքատության հետ որեւէ աղերս չունեցող… Ավելի վաղ առիթ ենք ունեցել ասել՝ «Հայ մարդուն տուր խաղաղ աշխատելու, ստեղծագործելու մի փոքր հնարավորություն, գոնե հստակ հեռանկարի ուրվագիծ, եւ հայ մարդը դառնացած չի լինի, հայ մարդուց ավելի բարի մարդ չես գտնի աշխարհում» («Սյունյաց երկիր, N4, 2016թ.): Իսկ կրիտիկական պահերին, երբ պետությանը, ազգին վտանգ է սպառնում, հայ մարդը պատրաստ է մոռանալ ամեն ինչ եւ ինքնազոհողության գնալ՝ հանուն հայրենիքի: Հենց նման դրսեւորման ականատես եղանք 2016թ. ապրիլին:

Այո, հայի այդ տեսակը, հանրապետության քաղաքացու այդ տեսակն ավելի մեծ հենարան է եւ ռեսուրս հզոր պետականություն կերտելու եւ արտաքին թշնամուց պաշտպանված լինելու համար, քան նույնիսկ ամենամարտունակ բանակը, ամենախոհեմ դիվանագիտությունը, քան գերտերություն հովանավոր ունենալը, քան՝ ազգային համակ շահերն ընդգրկելուն անկարող տասնյակ կուսակցություններ ունենալը:

Դա այն վիճակն է, երբ հայ մարդը գիտակցում է, որ երկրի տերն ինքն է որ կա, որ Հայաստանի Հանրապետությունը նախեւառաջ ինքն է:

Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունուն՝ հանրապետության երկրորդ տարեդարձի կապակցությամբ հղած խոսքում ահա թե ինչ էր ասում Հովհաննես Թումանյանը. «Թող տառապյալ ժողովրդի հզոր ոգին հենարան դառնա մեր կառավարությանը՝ հանուն դարերից ժառանգած սրբազան պայքարի հաղթական ավարտի, հանուն հայրենիքում նոր, պայծառ ժամանակների փրկարար կարգախոսների իրագործման»:

Մոտ հարյուր տարի է անցել այդ օրերից, բայց բանաձեւը նույնն է մնացել՝ միայն ժողովրդի հզոր ոգին, միայն հայ մարդը կարող են լինել անկախ պետականության անպարտելիության, հզորության գրավականը:

***

Մեր պետության ծննդյան 25-ամյակը, ինչպես նշել ենք, լավագույն առիթն է ապագայի, անցնելիք ճանապարհի մասին խորհրդածելու համար:

Իհարկե, նորմալ չէ, որ երկուսուկես տասնամյակում չկարողացանք դուրս գալ անցումային փուլ կոչվածից, հրաժարվել «մեր նորանկախ պետությունը» արտահայտությունից: Նորմալ չէ, որ գործող քաղաքական համակարգն իր մեջ պարունակում է արատավոր երեւույթները վերարտադրելու մեխանիզմներ: Ահա թե ինչու ներկայումս մեր առջեւ շարունակում են ծառացած մնալ ողջամիտ շատ հարցեր. ո՞րն է մեր դավանած Հայաստանը, ո՞րն է պետականության մեր ճանապարհը…

Անշուշտ, գերադասելի է ժողովրդավարական պետական կարգը (ժողովրդավարություն, խորհրդարանական ժողովրդավարություն, սահմանադրական ժողովրդավարություն): Սա է պետական կառավարման ձեւը, որ բացառում է օլիգարխիայի, մենաշնորհների գոյությունը, քաղաքական միաբեւեռությունը, ամբողջատիրության մեկ այլ քայքայիչ դրսեւորում: Սա է պետական կառավարման ձեւը, որ մերժում է մաքիավելականությունը՝ բարոյական նորմերն արհամարհող քաղաքական համակարգը, որն ուժեղ պետության ստեղծման համար առաջնորդվում է հայտնի սկզբունքով՝ «Նպատակն արդարացնում է միջոցները»:

Ո՛չ գիտության, ո՛չ էլ միջազգային իրավունքի մեջ դեռեւս չկա «պետության» միասնական, համընդհանուր եւ հստակ սահմանում:

Չնայած դրան, շատ գիտնականներ փորձել են տեսակետ ներկայացնել «պետություն» հասկացության վերաբերյալ: Սույն հրապարակումը, իհարկե, նպատակ չունի գոնե ընդհանուր գծերով ներկայացնելու դրանք: Բայց մեկ-երկու սահմանում, որոնք համեմատաբար ընդունելի են, կուզենայինք հիշել:

Այսպես՝ ռուսերենի բացատրական բառարանը (հեղինակներ՝ Օժեգով եւ Շվեդովա) պետությանը տալիս է այսպիսի նշանակություն. «հասարակության գլխավոր քաղաքական կազմակերպություն, որն իրականացնում է նրա կառավարումը, տնտեսական եւ սոցիալական կառուցվածքի պահպանությունը»:

Մեկ ուրիշ սահմանում՝ «Պետությունը սոցիալական հարաբերությունները կարգավորող անկախ, կենտրոնացված սոցիալ-քաղաքական կազմակերպություն է: Այն գոյություն ունի բարդ, շերտավորված հասարակության մեջ, որը զետեղված է որոշակի տարածքում եւ բաղկացած է երկու հիմնական շերտից՝ կառավարողներ եւ կառավարվողներ: Այդ շերտերի միջեւ հարաբերությունները բնութագրվում են առաջինների քաղաքական գերիշխանությամբ եւ երկրորդների հարկային պարտավորվածությամբ: Այդ հարաբերություններն օրինականացված են հասարակության գոնե մի մասի ընդունած գաղափարախոսությամբ, որի հիմքում ընկած է փոխադարձության սկզբունքը» (Claessen H. J. M. 1996. State // Encyclopedia of Cultural Anthropology. Vol. IV. — New York. — P.1255):

Եվս մեկ սահմանում՝ «Պետությունն իրավունքի մարմնավորումն է հասարակության մեջ» (Брокгауз-Ефрон. Философский словарь логики, психологии, этики, эстетики и истории философии под редакцией Э. Л. Радлова. С.-Петербург, 1911, стр. 64):

Բերված օրինակները ցույց են տալիս (իսկ նման օրինակների թվարկումը կարելի է շարունակել), որ հնացած է պետության մարքսիստական ձեւակերպումը՝ առայսօր նաեւ հայերենի բացատրական բառարաններում նիրհող: Ահա՝ պետությունը գործիք է սեփականատեր դասակարգի ձեռքին՝ հակառակորդ դասակարգին շահագործելու եւ ճնշելու համար:

***

Պատմական դարաշրջան ենք ապրում: Աստծո ողորմածությամբ մեր սերնդին է վիճակվել անկախ պետականության վերականգնումը: Մեր սերնդին է վիճակվել պատրանքներից հրաժարվելն ու իրականում անկախ ու ազատ Հայաստան կառուցելը:

Մեծն Չարենցի խոսքերն, առհասարակ, բացարձակ ու անվիճելի ճշմարտության պես են հնչում մեզ համար: Բացառություն չէ նաեւ այս դիտարկումը՝

«Պատմության քառուղիներով քայլել ենք երկար՝
Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար»:
Ապա շարունակում է՝
«Օ, չի եղել մեր գայլը պղնձյա,
Եվ ոչ մարմարիոնյա, եւ ոչ անգամ քարե... »:

Միայն անկախ պետականության միջոցով ու մեր անկեղծ նվիրումով կարող ենք հակադրվել ասվածին եւ ապացուցել հակառակը:

Միայն անկախության գաղափարի հետ հոգեհարազատությամբ ու պաշտամունքի հասնող հավատով եւ հիացմունքով, անհողդող կամքով կարող ենք ցուցանել հակառակը…

***

Սույն առաջնորդող հոդվածը վերնագրեցինք Ամենայն հայոց բանաստեղծի խոսքով: Նրա խոսքով էլ ավարտենք՝ «Հույսի՜ հայրենիք,/Լույսի՜ հայրենիք»:

Հույսի եւ լույսի անկնկալիքով էլ շնորհավորենք միմյանց՝ մեր անկախ պետության 25-ամյակի կապակցությամբ:

Եվ, իհարկե, ողջո՜ւյն մեր թանկագին հայրենիքին:

Ողջո՜ւյն գալիք տարիներին ու գալիք սերունդներին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31