Ուխտ, որ նախաձեռնել է Արցախի նախագահը

06.05.2014 13:30
1997

Արաքսի երբեմնի ծաղկուն հովտի վերակենդանացման, լքված հողատարածքների վերամշակման ու բերքառատ դաշտերի եւ այգիների վերածման մասին հաճախ էր խոսվում առանձին անհատների կողմից, սակայն ազատագրված պատմական այդ հողահանդակի նկատմամբ միայն պետական մոտեցումն ազդակ հանդիսացավ ռազմավարական ծրագիր մշակելու եւ նրա իրականացմանը հետամուտ լինելու համար: Հովտի բարեբեր հողը, բնակլիմայական հրաշալի պայմանները լավ հիմքեր են ստեղծում տքնելու եւ արարելու, «հացի խնդիր» լուծելու համար: Մասնագետների հաշվարկներով գրեթե 10 հազար հեկտար հողահանդակների վերամշակման դեպքում միանգամայն իրական է դառնում երկրի պարենային ծրագրի իրագործումը, եւ գյուղատնտեսական մթերքների արտահանման գծով Արցախը միջազգային շուկայում բավականին շահավետ դիրքերում կարող է հայտնվել: Հացահատիկ, խաղող, միրգ, մեղր, բանջարեղեն, միս, կաթ, ձուկ... Ահա մթերքների ոչ ամբողջական տեսականին, որ այստեղ արտադրվում է եւ շրջանակներն ընդլայնելու միտում ունի:

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր գաղափար իրականանալի է դառնում, երբ կա նպատակին հասնելու ցանկություն, կամք եւ հետեւողականություն: Արաքսի հովտի վերակենդանացման ու վերաբնակեցման ծրագրի իրագործման պարագայում ԼՂՀ կառավարությունը համատեղել է ջանքերը համապատասխան գերատեսչությունների ու բարեգործական կառույցների հետ, եւ արդյունքում այսօր հարյուրավոր հեկտարներ հացահատիկի բերրի դաշտեր են, խաղողի ու մրգատու այգիներ, խնամքով մշակված ու առատ բերք խոստացող ջերմոցային տնտեսություններ, բանջարեղենի, սեխի եւ ձմերուկի պլանտացիաներ: Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ տարածքներում հիմնականում տքնում են երիտասարդները, ովքեր ցանկություն են հայտնել բնակվել հովտում, իրենց ճակատագիրը կապել հայրենիքի այդ գողտրիկ անկյան հետ, ստեղծել սեփական տնտեսություն եւ նոր բնակավայրի հիմքերը դնել, անձնապես նպաստել Արցախի շենացմանն ու զորացմանը:

Արդեն երրորդ տարին է, ինչ պետության աջակցությամբ մարդկանց համար այստեղ աշխատանքի եւ կենցաղի /հանգստի/ նորմալ պայմաններ են ստեղծվում: Առաջին երիտասարդ ընտանիքներն ամրացել են հովտում` օրինակ ծառայելով սերնդակիցների համար: Ու, եթե մինչեւ հիմա նրանց համար, որպես կացարաններ, ժամանակավոր տնակներն էին օջախի «հավաքատեղի» հանդիսանում, ապա կառավարության ծրագրով նոր բնակավայրը նորակառույց, հարմարավետ տներով քաղաքատիպ ավան է հիշեցնելու, ուր ներկայումս արագ լուծում է ստանում ենթակառուցվածքների ապահովման խնդիրը: Իսկ երիտասարդ ընտանիքների նոր բնակատեղին, որ Արաքսավան խորհրդանշական անունն է կրում, շուտով կունենա իր դպրոցը:

Թե ինչ է իրենից ներկայացնում վերակենդանացող հովիտը եւ ովքեր են հանդիսանում նրան նոր կյանք ու ավիշ ներարկող հողագործներն ու այգեգործները, ովքեր այստեղ են եկել հայրենիքի կանչով, սրտի թելադրանքով, նրանց լավատեսությանն ու ծրագրերին մոտիկից ծանոթանալու համար ապրիլի 26-ին Արաքսավան էր այցելել շուրջ 700 երիտասարդ, ինչպես Արցախի տարբեր բնակավայրերից, այնպես էլ Սյունիքի մարզից: Իսկ նման հնարավորություն նրանց ընձեռել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով երկրի պետական այրերի եւ ՊԲ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ շրջայց էր ծրագրել Արցախի հարավային սահմանամերձ տարածքներում:

Արաքսավանի հիմնադիրներից է Վարդանյանների ընտանիքը, ուր ծնվել է նրանց առաջնեկը: Տան տիկինը` Սոնան, խոստովանում է, որ սկզբնական շրջանում, իրոք, «հեշտ չի եղել հարմարվելը» եւ ոչ քիչ դժվարություններ են հաղթահարվել: «Այն ժամանակ կացարաններում էլեկտրական հոսանքը բացակայում էր ու կենցաղային խնդիրներում շատ էինք նեղվում: Հիմա վիճակը լիովին փոխվել է, հարմարվել ենք, – ասում է: – Համոզվելու համար սեփական աչքով կարող եք տեսնել, որ վատ չենք ապրում: Լավ աշխատում ենք, լավ էլ վաստակում: Մի քանի տարուց հետո կայուն տնտեսություն կունենանք, իսկ մշակվող դաշտերից ու երիտասարդ այգուց այնքան բերք կունենանք, որ լիովին կլուծենք ֆինանսական բոլոր խնդիրները եւ շահույթով կաշխատենք: Պետությունն ամեն կերպ խրախուսում է մեզ, շուտով հարմարավետ բնակարաններ կտեղափոխվենք: Նախորդ այցի ժամանակ վարչապետը խոստացավ, որ նոր ուսումնականում դպրոց էլ կունենանք: Այսինքն` իմ որդին սովորելու է նորակառույց կրթօջախում: Իսկ եթե մանկապարտեզ, դպրոց է բացվելու, Արաքսավանը, մենք` այստեղ բնակվողներս, պայծառ ապագա ենք ունենալու», – իր համոզմունքն է հայտնում Ս.Վարդանյանը եւ երիտասարդներին կոչ անում իրենց օրինակին հետեւել եւ արմատ ձգել Արաքսի բարեբեր հովտում…

Իսկ նրանց թվում, որ եկել են Արցախից եւ Սյունիքից, քիչ չեն նոր բնակավայրին իրենց բախտը կապել կամեցող երիտասարդները, ովքեր մանրակրկիտ հետաքրքրվում էին աշխատանքի պայմաններով, հաղորդակցվում տեղաբնակների հետ եւ փորձում բացահայտել հովտի, նրա ձգող ուժի խորհուրդը: Ու մայր Արաքսը կանչում է նրանց, հորդորում տեր կանգնել պապերից ժառանգած ավանդույթներին, ազատագրված հողերին:

Արաքսի հովտում նախանշված լայնածավալ ծրագրերին Արցախի հարավային թեւ այցելած երիտասարդներին անձամբ տեղեկացնում է նախագահ Բակո Սահակյանը` կարեւորելով հողերի վերամշակման եւ տարածքի վերաբնակեցման ռազմավարական նշանակությունը երկրի կյանքում: Կկառուցվեն դպրոցներ եւ նախադպրոցական հիմնարկներ, մշակութային օջախներ, ճանապարհներ, հիդրոէլեկտրակայաններ, գյուղատնտեսական մթերքների վերամշակման գործարաններ… Ու այդ խնդիրների լուծման բանալին գտնելով Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության մեջ, Բ.Սահակյանը հավատացած է, որ «Հերթական փորձությունը եւս հաջողությամբ կպսակվի, քանզի այցի մասնակիցներից շատերն արդեն բարձրաձայնում են իրենց մտահղացման մասին եւ պատրաստակամ են սատարել պետությանը, նրա կողմից ձեռնարկվող քայլերում իրենց մասնաբաժինն ունենալ: Ովքեր մտադիր են գալ ու հաստատվել Արաքսի ափին, նոր շունչ ու ոգի հաղորդել հայրենական հողերին, զորավիգ լինել հայրենիքի այն պաշտպաններին, ովքեր իրենց մարտական ծառայությունն անցկացնում են սահմանամերձ դիրքերում` ապահովելով երկրի անվտանգությունը»: Բարի երթ մաղթելով երիտասարդներին, ԼՂՀ նախագահը հավաստիացրել է, որ պետությունը նրանց երբեք մենակ չի թողնի եւ կքաջալերի յուրաքանչյուր բարի առաքելություն: Իսկ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն օրհնելով նրանց ուխտը, նկատել է, թե «այդ ձեռնարկմամբ մենք ավելի կմոտենանք մայր Արաքսին, մեր նվիրական իղձերին ու նպատակներին»:

Ողջունելով ուխտի մասնակիցներին` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այն միտքը հայտնեց, թե «Պատերազմում հաղթող ժողովուրդը պիտի հաղթանակներ նվաճի նաեւ աշխատանքի ճակատում, տնտեսության մեջ, ու այդ առումով նման ձեւաչափով հանդիպումները հայրենասիրական դասեր են սերունդների համար»: Ընդ որում՝ նա ընդգծեց, որ նման ուժ ինքը տեսնում է երիտասարդների մեջ եւ հավատացած է, որ «Արաքսի հովիտ այցելած սյունեցիներից ոչ քչերը կնախընտրեն արցախցի իրենց քույրերի ու եղբայրների հետ ստանձնել նոր բնակավայրի շենացման պատասխանատվությունը, եւ, իբրեւ ասվածի վկայության, հենց այսօր մեկական ծառ տնկել»:

Միջոցառմանը ներկա Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը երեք սոսի տնկեց այդ օրը` երիտասարդներին պատգամելով հոգատար գտնվել, քանի որ լավ խնամելու դեպքում «սոսիները երկար են ապրում ու նրանք պատմության յուրահատուկ վկաներ են»:

ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

Հայտնի է` ովքեր են Երևանից Բաքու մեկնել չարտերային չվերթով

11.12.2024 21:30

ՔՊ-ն միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից. Կոնջորյան

11.12.2024 21:20

Ադրբեջանում ուժեղացել են քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները. ԱՄՆ պետքարտուղարություն

11.12.2024 20:45

Զախարովա. ՀԱՊԿ-ին մուծումներ չկատարելը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից

11.12.2024 19:12

ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ․ Փաշինյան

11.12.2024 16:23

«Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին»․ Ֆիդան

11.12.2024 16:22

Իսրայելը հաղորդել է սիրիական նավատորմի ոչնչացման մասին

11.12.2024 16:14

Մոսկվան կործանիչներ է առաջարկում Փհենյանին զինվորների դիմաց․ Eurasian Times

11.12.2024 16:12

ՌԴ-ն օրենքով արգելեց ռուսերենին չտիրապետող երեխաներին դպրոց ընդունվել

11.12.2024 16:09

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ՝ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ՝ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՈՒ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

11.12.2024 15:40

Այս իրավիճակում Հայաստանը պետք է շատ գիտակից ու նուրբ դիվանագիտություն ունենա, ինչը միշտ չէ, որ ունի․ Վիգեն Չըթըրյան

11.12.2024 14:42

Հերթական ծառատունկը՝ Ողջի գետի երկայնքով

11.12.2024 14:07