Ուխտագնացություն Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի գերեզման, որ Սյունյաց աշխարհի Սպիտակավոր Աստվածածին վանքի տարածքում է

08.07.2021 10:18
6955

2021 թվականի հուլիսի 3-ն ընդմիշտ տեղ կգտնի «Սյունյաց երկրի», ինչպես եւ (վստահ ենք) Գորիսի համայնքապետարանի տարեգրության մեջ:

Այդ օրը տողերիս հեղինակը եւ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն առաջին անգամ ու համատեղ ուխտագնացություն կատարեցին Գարեգին Նժդեհի գերեզման:

Վայքում մեզ միացան բանաստեղծ Վարդգես Խանոյանը (Ջերմուկից) եւ «Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպության նախագահ Արտավազդ Վարդանյանը (Վայքից):

Մինչ այդ Գորիսում մեզ էին միացել Լեւոն Հովսեփյանը, Արման Մարտիրոսյանը (լուսանկարիչ), Արթուր Միխայելյանը, Հարութ Սիլանյանը, Գարիկ Առուշանյանը եւ, իհարկե, Սոֆի Լազարյան թոռնուհիս:

Վաղուց երազած ուխտագնացությունը հենց հիմա ի կատար ածելու պատճառը հայտնի հանգամանքն է՝ ապրիլի 26-27-ին լրացել է Լեռնահայաստանի անկախության հռչակման 100-ամյակը, որը թեեւ պետական մակարդակով չնշվեց, բայց շարունակում է  մնալ սյունիքյան հանրության ուշադրության կենտրոնում:

Օրն էլ պատահական չէր ընտրված՝ հուլիսի 3-ին Հայ առաքելական եկեղեցին նշում էր Առաքյալների տոնը, եւ մենք բաղձանք ունեինք բարեխոս ունենալ ոչ միայն Սպիտակավոր Աստվածածինը, այլեւ Առաքյալներին:

***

Սպիտակավոր Աստվածածին ճանապարհվեցինք ոչ ավանդական երթուղով՝ Եղեգնաձոր քաղաք-Գլաձոր գյուղ-Վերնաշեն…

Մենք Մալիշկա գյուղից շարժվեցինք դեպի հյուսիս: Եվ առաջին կանգառն Արկազի Սուրբ Խաչ վանքն էր:

Այդ սրբավայրը համահայկական հռչակ է ունեցել եւ ունի:

Ըստ ավանդազրույցի՝ Սյունյաց Բյուրեղ տիկինը (իշխանուհին) «Հունաց Հերակլ կայսրից, Պարսկաստանի արշավանքի դարձին, խնդրեց եւ ստացավ Կենաց փայտի (խաչի) մի մասը եւ նրա վրա հիմնեց վանքը»:

Արկազի Սուրբ Խաչում, որ նորոգվել է ըստ պատշաճի, հանդիպեցինք բազմաթիվ ուխտավորների:

Այնտեղ մեզ ընդառաջ եկավ Բագրատ քահանա Ֆարիչյանը, ով այս սրբավայր ապաշխարության էր եկել Կրասնոդարից:

Բագրատ քահանան մեզ առաջնորդեց այն խորան, որի ընդերքում է Կենաց խաչի մասունքը:

Արկազի Սուրբ Խաչից հեռախոսազրույց ունեցանք Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի հետ, ով, իրազեկ դառնալով մեր նպատակին, ողջունեց նախաձեռնությունը եւ բարեհաջող ուխտագնացություն մաղթեց:

***

Ուխտավորներիս հաջորդ կանգառը Թանադե վանքն էր, որ գտնվում է Վերնաշեն գյուղի մերձակայքում:

Ըստ գիտական վարկածի՝ Թանադեն Թանահատն է (չշփոթել Ծղուկ գավառի Թանահատի վանքի հետ):

Ըստ մեկ այլ ենթադրության՝ Թանադեն Գլաձորի վանքն է (չշփոթել Գլաձոր գյուղի հետ), որն իբր Աղբերաց վանքն է եղել:

Մենք ոչ միայն մոմավառություն կատարեցինք սրբավայրում, ոչ միայն ծանոթացանք մերձակայքի ավերակներին, այլեւ վերհիշեցինք Գլաձորի համալսարանի պատմության որոշ դրվագներ:

Այն, իբրեւ համալսարան, ձեռագրերում հիշատակվում է 1291-ից, գոյատեւել է մինչեւ 1340-ական թթ.: Վերաճել է Աղբերաց վանք ուսումնագիտական կենտրոնից, որը գլխավորում էր Ներսես Մշեցի մեծ գիտնականը:

Հիշեցինք համալսարանի բազմամյա ղեկավար (միչեւ 1331 թ.) Եսայի Նչեցուն:

Հիշեցինք նաեւ Սուրբ Հովհան Որոտնեցուն, ով հետագայում, Գլաձորի համալսարանի ավանդույթների հիման վրա եւ այդ համալսարանը փակվելուց հետո, հիմնադրեց Տաթեւի աշխարհահռչակ համալսարանը:

***

Մեր երրորդ կանգառը Վերնաշեն գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին էր…

Վերնաշենը գտնվում է Եղեգնաձորից մոտ 5 կմ հյուսիս-արեւելք, լեռնալանջի վրա, բլուրների արանքում:

Գյուղը Վերնաշեն է անվանվել 10.09.1946-ին:

Մատենագիտության մեջ գյուղը նաեւ հիշատակվել է Բաշգյուղ, Բաշքենդ, Բաշքյանդ անուններով:

Ոմանք գյուղը նույնացնում են Սյունյաց աշխարհի Սարկողովք գյուղին (մատենագիտության մեջ նաեւ՝ Սըրգոնք, Սղկոնք, Սրկղունիք եւ այլն):

Սյունյաց աշխարհի Վայոց ձոր գավառի այդ գյուղն ըստ Հին հարկացուցակի (13-րդ դար) Տաթեւի վանքին տալիս էր 20 միավոր հարկ:

Վերնաշեն գյուղի բնակիչների նախնիների մի մասը գաղթել է Պարսկահայաստանի Խոյ եւ Սալմաստ գավառներից, մասնավորապես Սալմաստի Սավրա գյուղից (1828-29 թթ.):

Վերնաշենի Սուրբ Հակոբը 17-րդ դարի կառույց է, որի պատերի շարվածքում կան 13-14-րդ դարերի շինության եւ խաչքարերի բեկորներ:

Հին դարերում այդտեղ հռչակված է եղել Սրկղանքի դպրոցը, որը գործում էր մինչեւ 15-րդ դարի վերջը: Ճանաչված ուսուցչապետերից էր Դավիթ գրիչ անունով ուսումնականը:

Տեսակետ կա, որ հենց Վերնաշենում է գտնվել Պռոշյանների իշխանական պալատը՝ Սուրբ Հակոբի մերձակայքում:

Սուրբ Հակոբում՝ պատի մեջ, կա Ամիր Հասանի բարձրաքանդակը՝ բազկաթոռին նստած (որդին՝ Էաչին կամ Էաչոն կանգնած է). նրանք Պռոշյան իշխանական տոհմից են, իսկ քանդակները մեր քանդակարվեստի հրաշքներից են:

Եկեղեցում կան նաեւ արձանագրություններ, որոնք վկայում են 14-15-րդ դարերում Պռոշյան տոհմի հզորության մասին:

***

Վերնաշեն գյուղից բարձրացանք վերեւ՝ դեպի Սպիտակավոր Աստվածածին… Ամբողջ ընթացքում հրաշալի պատկերներ էին՝ սարը՝ սարի վրա, ժայռը՝ ժայռի վրա, ձորը՝ ձորի մեջ… Եվ այդպես՝ 5 կիլոմետր:

Երբ մոտեցել էինք Սպիտակավորին, արեւելյան կողմում տեսանք երկնահաս Բոլորաբերդը:

Մենք չէինք կարող բարձրանալ այդ ամրոց, դա մի ամբողջ օրվա ջանք էր պահանջելու:

Բոլորաբերդը կամ Պռոշաբերդը կամ Պռոշի բերդը կառուցվել է 13-րդ դարում Պռոշ իշխանի կողմից: Ավերակները, որ հեռվից մասամբ տեսանելի են, զբաղեցնում են 1-1,5 հա տարածք:

Ասում են՝ արեւելյան կողմում կա մի կանգուն մատուռ: Իսկ Սպիտակավոր Աստվածածնից բերդը հեռու է մոտ 1-2 կմ:

Մենք դադար առանք ճանապարհին եւ հմայված դիտում էինք Բոլորաբերդը: Ու, բնականաբար, չէինք կարող չհիշել Պռոշյան տոհմին, որը պատմագիտության մեջ նաեւ Խաղբակյաններ կամ Հաղբակյաններ է անվանվում:

Միջնադարյան Հայաստանի իշխանական այդ տոհմը սերվել է Արցախի Առանշահիկ նախարարական տնից:

Հայաստանի իշխանապետներ Զաքարյաններից 1201-03-ին ժառանգական իրավունքով նրանց տվեցին տիրույթներ Գառնիի կողմերում եւ Վայոց ձորում:

Խաղբակյանները բարեշինել եւ ամրացրել են  Սրկղունք (հետագայում՝ Բաշքենդ, ապա՝ Վերնաշեն) ավանը, ինչպես եւ Բոլորաբերդը եւ այն դարձրել իշխանանիստ:

Այդ տոհմի շառավիղներից էր (ըստ գիտական վարկածներից մեկի) Իսրայել Օրին (1659-1711 թթ.):

Այդ տոհմի շառավիղներից էր Մելիք Հայկազն 2-րդի գերդաստանը, որը 15-16-րդ դարերում բացառիկ մեծ դեր խաղաց Սյունիքը եւ Արցախը պաշտպանելու գործում:

Ի դեպ, Մելիք Հայկազն 2-րդի դամբարանը գտնվում է Խնածախ գյուղում, այն էլ՝ ավերված, կողոպտված վիճակում:

***

Սպիտակավոր Աստվածածին հրաշքը տեսանք մի փոքր հեռվից՝ լեռան ստորոտից: Կանգ առանք եւ փորձեցինք ոչ միայն վայելել այդ գեղեցկությունը, այլեւ տեղանքն ավելի լավ ճանաչել:

Քիչ հետո արդեն սրբավայրի տարածքում էինք…

Սպիտակավոր Աստվածածինը մատենագիտության մեջ նաեւ հիշատակվում է  Սուրբ Աստվածածնի անապատ, Բաշքենդի վանք, Բոլորաբերդի անապատ, Բոլորաբերդի Սուրբ Աստվածածին, Բոլորաբերդո անապատ, Բոլորաձորի անապատ, Գյուլվանք, Սուրբ Գրիգոր, Սուրբ Կարապետ, Սուրբ Կարապետ անապատ, Սուրբ Կարապետի ավագ անապատ, Կյուլվանք, Մարիամ Աստվածածին, Սուրբ Մարիամ Աստվածածին, Սուրբ Սպիտակավոր, Սպիտակավոր Սուրբ Աստվածածին, Սպիտակավոր վանք, Սրկղոնից Սուրբ Գեւորգ, Սրկղունից Սպիտակավոր Աստվածածին, Վերնաշենի Սպիտակավոր Աստվածածին անուններով:

Վանքը, ինչպես նշեցինք, Վերնաշեն գյուղից 5 կմ հեռավորության վրա է գտնվում՝ Վարդենիսի լեռնաշղթայի հարավային փեշերին: Հնում մտնում էր Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառի մեջ:

Հիմնել է Հովհաննեսը իր կին Թաճի հետ միասին՝ 1320-21 թթ.:

Վանքի համալիրի մեջ մտնում է դեղնավուն սրբատաշ քարով կառուցված գմբեթավոր եկեղեցին, որը ներսից խաչաձեւ է, դրսից՝ ուղղանկյուն: Արեւմուտքից եկեղեցուն կից է գավիթը, որի պատերին կան խորշեր, շրջապարիսպների մի մասը, օժանդակ շենքերի հետ միասին պահպանվել են:

Վանքի համալիրը հիմնավորապես վերանորոգվել է 1960-70 թթ.:

Եկեղեցու պատերին կան հարթաքանդակներ եւ արձանագրություններ:

Սուրբ Սպիտակավոր Աստվածածինը միջին դարերում եղել է գրչության կենտրոն:

***

Սպիտակավոր Աստվածածինը, այդուհանդերձ, համազգային նշանակություն եւ համբավ ձեռք բերեց այն բանից հետո, երբ այդտեղ՝ վանքի՝ ձորին նայող պատի ձախ կողմում 1987-ին հողին հանձնվեց հայ ժողովրդի քաջարի զորապետ Գարեգին Նժդեհի աճյունը:

Սպարապետ Նժդեհը մահացել է 1955-ին Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի բանտում, եւ նրա աճյունը հողին էր հանձնվել բանտի մերձակա գերեզմանատանը:

1983 թվականին մի խումբ հայրենասերների ջանքով՝ Պավել Անանյան, Վարագ Առաքելյան, Գարեգին Մխիթարյան, Արցախ Բունիաթյան եւ Գուրգեն Արմաղանյան, Վլադիմիր քաղաքից Հայաստան տեղափոխեցին Գարեգին Նժդեհի աճյունը:

Նույն տարում՝ հոկտեմբերի 7-ին, աճյունից մի մասունք ամփոփվեց Խուստուփ լեռան լանջին (մասունքը մեկ օր պահվել է Գորիսում՝ երջանկահիշատակ Անդրանիկ Կարապետյանի բնակարանում):

Աճյունի մեծ մասը 1987-ին ամփոփվեց  Սպիտակավորի Սուրբ Աստվածածին վանքի նշված վայրում:

Որտե՞ղ է մոտ չորս տարի պահվել Գարեգին Նժդեհի աճյունը:

Վարկածներից մեկի համաձայն՝ պահվել է Վարագ Առաքելյանի առանձնատան ներքնահարկում՝ Կոտայքում:

ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ Նժդեհի գերեզմանը հետագայում վերաբացվել է ու աճյունից եւս մի մասունք է հանվել ու 2005-ի ապրիլի 26-ին տեղադրվել Կապան քաղաքում 2001 թ. կառուցված Նժդեհի հուշակոթողում:

***

Աննկարագրելի էին մեզ համակած զգացումները, որ ունեցանք Գարեգին Նժդեհի գերեզմանին մոտենալիս…

Մենք կարմիր վարդեր խոնարհեցինք Սպարապետի շիրմին: Եվ, իհարկե, երկար զրույց ունեցանք նրա գերեզմանի մոտ:

Բազալտե տապանաքար՝ վրան կարմիր տուֆից քանդակված խաչ…

Երջանկահիշատակ Մովսես Գորգիսյանի նախաձեռնությամբ է այդ ամենն արվել ՌՋՁԹ թվականին (1989 թ.):

Տապանաքարի վրա գրված է՝ Նժդեհ Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955, Լեռնահայաստանի Սպարապետ:

Իսկ խաչքարի արեւմտահայաց կողմում քանդակված է Նժդեհի մարգարեական պատվիրաններից մեկը՝ «Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ»:

Այնուհետեւ կատարեցինք մոմավառություն…

Սպիտակավորի մեջ եղած քանդակներից մեկն Աստվածածնի քանդակն է՝ մանուկ Հիսուսին գրկած: Ենթադրվում է՝ Մոմիկ ճարտարապետ-քանդակագործի հրաշք արարումներից է:

Մենք, կարծեք, մեզ համար գտանք նաեւ հարցի պատասխանը, թե ինչո՞ւ հենց այդ վայրում է հողին հանձնվել Սպարապետի աճյունը: Ըստ երեւույթին հաշվի է առնվել հատկապես հանգամանքը, որ Սպիտակավոր Աստվածածինը գրեթե անմատչելի վայրում է  (ներկայիս «գրունտային» ճանապարհն այն ժամանակ չկար): Հավանաբար հաշվի է առնվել նաեւ այդ տարածքի պատմական նշանակությունը, ինչին որոշ չափով անդրադարձ կատարեցինք վերեւում:

Սպիտակավորից վերադարձի ճամփան բռնեցինք, երբ արդեն օրն ավարտին էր մոտենում:

Իսկ սրբավայրի տարածքից հեռանալուց առաջ, երբ կրկին մոտեցանք Սպարապետի գերեզմանին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը պատրաստակամություն հայտնեց՝ մոտ ապագայում համայնքապետարանի աշխատողներով շաբաթօրյակ կազմակերպել Սպիտակավորի տարածքում եւ սրբավայրն ու մերձակայքը մաքրել աղբից, խոտածածկից:

Վերադարձին կանգ առանք 13-րդ դարի վերջի եւ 14-րդ դար առաջին կեսի հայ մանրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Մոմիկ վարդապետի հուշակոթողի մոտ, որ Եղեգնաձոր քաղաքում է, Մ-2 ճանապարհի մերձակայքում, ինչից հետո էլ ավարտված համարեցինք ուխտագնացությունը:

Հ.Գ.

Գրիգոր Տաթեւացին «Գիրք հարցմանցում», որ Սուրբ գրքի երբեւիցե գրված ամենահամակողմանի մեկնությունն է, պատասխանել է հարցին՝ «Ի՞նչ է ուխտը…»  (Երեւան 2020, էջ 498):  Եվ որոշակիորեն կանոնակարգել է այդ արարողությունը:

Գրիգոր Տաթեւացին մասնավորապես նշում է՝ «Ուխտը բարություն գործելն է…»:

Գարեգին Նժդեհի գերեզմանին այցի գնալը, անշուշտ, բարություն է եւ, դատելով Սպիտակավորում վառած անթիվ մոմերի հետքերից, շատերն են այցի գնում Սպարապետի շիրմին:

Տվյալ սրբավայրը՝ Սպիտակավոր Աստվածածինը, բարեխոս դարձնելը նույնպես բարություն է, քանզի նրա բարեխոսությամբ Տիրոջ ողորմությունը հայցեցինք, որ Գարեգին Նժդեհի ազգափրկիչ գաղափարները վերստին տեղ գտնեն մեր ազգային ծրագրերում եւ պետական գործերում, որ հայ ժողովուրդը վեր բարձրանա ներկա ծնկաչոք վիճակից, որ Սյունյաց սրբազան հողում չարի սերմը բույն չդնի, ինչպես չի դրել  հազարամյակներ շարունակ:

Գրիգոր Տաթեւացին  նշում է նաեւ՝ «Եվ յոթն են նրանք, որոնց ուխտի խախտումները անմեղադրելի են»:

Ուխտագնացության ընթացքում մենք մնացինք այդ կանոնների հրամանի ներքո…

Եվ ուրեմն, ինչպես օրվա ավարտին ասաց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, «Սյունյաց երկրի» եւ Գորիսի համայնքապետարանի համատեղ ուխտագացությունն ընդունելի լինի…

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31