Վաչագան Ադունց. «Գորիս համայնքին` նվիրումս, փորձս, գիտելիքներս»

06.09.2016 10:56
3412

«Սյունյաց երկիր» թերթի հարցերին պատասխանում է Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Վաչագան Ադունցը


Գորիս համայնքը նույնպես խոշորացվել է: Համայնքը, բացի Գորիս քաղաքից, ներառում է Ակներ, Վերիշեն, Հարթաշեն, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Աղբուլաղ, Վանանդ գյուղերը: Տասներկու բնակավայր ընդգրկող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան 2016թ. սեպտեմբերի 18-ին, որից հետո կդադարեցվեն մինչ այդ գործող պետական կառավարման մարմինների լիազորությունները: Նորակազմ համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 2014 թվականից Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը: Մեր զրույցը համայնքի ղեկավարի թեկնածուի ծրագրերի, համայնքի հիմնախնդիրների, բնակչության` ձեւավորվող իշխանությունից ունեցած ակնկալիքների մասին է:


- Պարոն Ադունց, նախ փորձեք բնութագրել Գորիս նորաստեղծ համայնքը. տարածքային իմաստով ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Համայնքի մեջ մտնող 12 բնակավայրից երկուսը` Աղբուլաղը եւ Վանանդը (նախկին Կուրթկուլաղ), որքանով տեղյակ ենք, բնակեցված չեն:

- Գորիս նորաստեղծ համայնքը Գորիսի նախկին շրջանի մի կարեւորագույն մասն է ներկայացնում, որտեղ բնակիչներն արդեն ունեն պատմականորեն ձեւավորված` համատեղ ապրելու, համատեղ գործելու ավանդույթներ, սակայն կա նաեւ հակառակը, որ վերջին վարչատարածքային բաժանմամբ (1995 թվական) յուրաքանչյուր համայնք առանձին միավոր էր` իր յուրօրինակ աշխատաոճով, յուրաքանչյուրն` իր սոցիալ-տնտեսական ուղղվածությամբ եւ այլն: Այսինքն` առկա է ե՛ւ դրական փորձ` նախկին ժամանակներում համագործակցելու առումով, ե՛ւ առանձին գործելու ավանդույթ: Նոր վարչատարածքային միավորը բավականին ընդարձակ է, ընդգրկում է Ներքին Խնձորեսկից մինչեւ Շուռնուխ` հեռավորությունը մոտ 60-65 կմ: Մեծ մասամբ կայացած բնակավայրեր են` իրենց տնտեսությամբ, զարգացման մակարդակով, այնպես որ եւ խնդիրներ կան միացյալ համայնքն ավելի արդյունավետ կառավարելու առումով, միաժամանակ նաեւ կան նպաստավոր պայմաններ, որոնք, համոզված եմ, դրական արդյունք կապահովեն:

- Դուք ինչպե՞ս եք վերաբերվում համայնքների խոշորացման այս տարբերակին. Գորիսի երբեմնի վարչական շրջանի տարածքում փաստորեն ձեւավորվում է երեք համայնք` Գորիս, Տեղ, Տաթեւ: Վերջինս, ի դեպ, արդեն ձեւավորված է: Մեղրիում խոշորացումն այլ ճանապարհով եղավ. երբեմնի վարչական շրջանի բնակավայրերը ներառվել են մեկ համայնքի մեջ: Առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում համայնքների խոշորացմանը: Մարդիկ վկայակոչում են տնտեսությունների թեկուզ խրուշչովյան ռեֆորմը, որի հետեւանքով մեր գյուղերը մեծ վնաս կրեցին:

- Քննարկումներից մեկի ժամանակ ինքս էլ տեսակետ եմ ներկայացրել: Եթե սուբյեկտիվ վերաբերմունք ունենայի, միգուցե համայնքների խոշորացմամբ չոգեւորվեի, քանի որ ընդամենը երկու տարի է, ինչ ընտրվել եմ համայնքի ղեկավար, ունեի բազմաթիվ ծրագրեր, առաջիկայում դրանք պիտի կյանքի կոչվեին: Սակայն վստահ եմ, որ համայնքների խոշորացումը ճիշտ քայլ է, որովհետեւ այսօրվա մեր ունեցած հնարավորությունների բաղդատումը ճիշտ չեմ համարում, առանց այն էլ մեծ հնարավորություններ չունենք (միայն ֆինանսական հնարավորությունները նկատի չունեմ), եւ տարանջատված մնալու վիճակը մեզ լավ օրի չէր բերի, դրանում արդեն համոզվել ենք: Ըստ իս` համերաշխությունը, համախմբվածությունը, համագործակցությունը, միջոցների մեկտեղումը միայն օգուտ կարող են բերել: Նույնը նաեւ համայնքների խոշորացման դեպքում: Այլ հարց է, թե իրականում ինչպես ենք կյանքի կոչելու այդ գաղափարը: Ինչպես բազմաթիվ անգամ կրկնել եմ` լավ օրենսդրություն մշակելը քիչ է, պետք է նաեւ օրենքները կիրառել կյանքում: Կարծում եմ` համայնքների խոշորացումը ճիշտ կիրառելով միայն դրական արդյունքներ կստանանք: Ասեմ` տարբեր սպասարկող կազմակերպությունների ձեւավորմամբ, տրանսպորտային հնարավորությունների, գյուղատնտեսության զարգացման, մեքենատրակտորային հավաքակայաններ ստեղծելու առումներով խոշոր համայնքն արդարացված է: Չէ՞ որ ժամանակին Գորիսն ուներ շրջանի կարգավիճակ: Եվ շրջանում նման ծառայություններ գործում էին:

- Թույլ տվեք ընդհատել: Կարելի՞ է ենթադրել, որ ձեր խոսքի տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ ապագայում սխալված չենք լինի, եթե Գորիսի շրջանում ձեւավորվող երեք համայնքը դարձնենք մեկ համայնք:

- Նույնիսկ ենթադրում եմ, որ հաջորդ քայլը դա կլինի, ուղղակի երբ զուգահեռ անցկացրիք Մեղրու շրջանի հետ, ասեմ, որ ե՛ւ բնակչության թվի առումով, ե՛ւ բնակավայրերի թվի առումով Մեղրին ու Գորիսը համեմատելի չեն, երեւի սկզբնական շրջանում Գորիսի տարածաշրջանում երեք համայնք ձեւավորելն արդարացված է: Ենթադրում եմ, որ հետագայում Գորիս համայնքը ձեռք կբերի նախկին շրջանի բոլոր համայնքները միավորողի առաքելություն:

- Փորձենք հիշել կառավարության վերջին տարիների որոշումները` Գորիս քաղաքին եւ համայնքի մեջ մտնող բնակավայրերին առնչվող: Օրինակ` ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 10-ի N973 որոշումը կամ ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 26-ի որոշումը «Գորիս» քրեակատարողական հիմնարկը Գորիս քաղաքից դուրս բերելու մասին կամ ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 31-ի N77-Ա «Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշումը: Երկու տարի է` գլխավորում եք Գորիս քաղաքը եւ, անշուշտ, քաջատեղյակ եք` ինչ ընթացքի մեջ են կառավարության որոշումները` կապված Գորիս քաղաքի հետ, կարո՞ղ եք մի փոքրիկ վերլուծություն կատարել:

- Կառավարության ձեր նշած որոշումներն էլ ընթացքի մեջ են, այլ բան է, թե ինչպիսի ինտենսիվությամբ, ինչ չափով են կյանքի կոչվել կամ կյանքի կոչվում: Ինձ հայտնի է, որ վերջին տարիներին քաղաքական, տնտեսական ոլորտներում դժվարին իրավիճակ էր ստեղծվել` կապված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, ինչը բացասական ազդեցություն ունեցավ այդ ծրագրերի իրականացման ընթացքի վրա: Բայց որ ծրագրերն ընթացքի մեջ են, ես դա հավաստիացնում եմ, քանզի եթե խոսքը զբոսաշրջությանն է առնչվում, այդ ծրագրով նախատեսված մի քանի կետեր արդեն իրականացվել են, մյուսներն ընթացքի մեջ են, կառավարությունը տարբեր նախարարություններով բազմաթիվ ծրագրեր է նախատեսել Գորիսում իրականացնելու, օրինակ` Համաշխարհային բանկի` տեղական կառույցների եւ ենթակառույցների զարգացման ծրագիրը` մոտավորապես 12 մլն դոլարին համարժեք դրամ հինգ տարվա ընթացքում ներդրվելու է Գորիսում: Դա վարկային ծրագիր է, որ նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը, ծրագրի շրջանակում ստեղծվելու են զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքներ, վերականգնվելու են զբոսայգիները, հրապարակները, պատմական շենքերի ճակատային մասերը, ընդհանրապես պատմական Գորիսի կենտրոնը, հնարավորություն ենք ընձեռելու զարգացնել մասնավոր բիզնեսը` զբոսաշրջային ուղղվածություն ունեցող:

Ինչ վերաբերում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկը տեղափոխելուն, բոլորս գիտենք, որ կար կառավարության համապատասխան որոշումը, եւ տարիներ առաջ նախատեսվել էր տեղափոխությունը սկսել, տեղանքը հատկացվել էր, նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրվել էին, սակայն վերահաս ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով գործը ձգձգվեց, կանգ առավ, բայց ծրագրից հանված չէ:

- Իսկ Գորիսի զարգացման հայեցակարգը (10 հունիսի 2011թ., N973), ըստ էության, համայնքի խոշորացումից հետո պետք է վերանայվի՞, թե՞…

- Բնականաբար, այո: Բայց որոշ նախանշումներ կմնան ուժի մեջ: Օրինակ, արդեն անցած տարի պատվիրել էինք, եւ հիմա ավարտին է հասցվել (նախարարություններն իրենց հավանությունը տվել են) Գորիս քաղաքի թարմացված գլխավոր հատակագծի տարբերակը, որն իր մեջ ներառում է պատմամշակութային արժեքների պահպանությունը: Եվ նորացված գլխավոր հատակագիծը կարեւորագույն փաստաթուղթ է Գորիս քաղաքի ռազմավարական զարգացման համար:

- Եթե անկեղծ լինենք, սեպտեմբերի 18-ի ընտրություններում դուք մրցակից չունեք, ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը:

- Ես մրցակից ունեմ:

- Դուք կարող եք այդպես մտածել, բայց վերջին երեք տարում ամենատարբեր հարթակներից այնքան շատ խոսվեց Գորիսում լարված իրավիճակի մասին, Գորիսում ձեւավորված ինչ-որ ընդդիմության մասին: Բայց երբ եկավ նույն այդ ընդդիմության երեւալու, սեփական դեմքը ցուցանելու պահը, ապա ոչ մի այլընտրանք գործող քաղաքապետին չտեսանք: Ինչո՞վ եք դա բացատրում:

- Նախորդ անգամ, երբ ընտրվում էի, ասել եմ, որ Գորիսում ոչ մի լարվածություն չկա, լարվածությունն իմիտացիա էր, բնակչությունը ոչ թե լարված, այլ միասնական է եղել ու կա: Հակառակ բնութագրումն առանձին մարդկանց, առանձին խմբերի` իրավիճակն այդպես ներկայացնելու ցանկությունն էր, եւ հերթական անգամ ապացուցվեց, որ Գորիսի բնակչությունը նպատակադրված է խաղաղ ու համերաշխ ապրելու եւ գործելու: Երկու տարվա աշխատանքի ընթացքում դրանում խորապես համոզվել եմ, քանզի իմ կողքին կանգնել էին ոչ միայն ինձ ձայն տվողները, այլեւ չտվողները: Որովհետեւ բոլորն էլ համոզվել էին մի բանում, որ նպատակս, իմ թիմի նպատակն ընդամենը քաղաքը զարգացնելն է, քաղաքի ավելի բարետես, ավելի զարգացած տեսլական ունենալն է, ինչը նպաստել է, որ համայնքի բնակիչները հավատան մեզ եւ կանգնեն մեր կողքին: Նաեւ նշեմ, որ երկու տարին բավական չէ սեփական խոսքը տեղ հասցնելու, նախանշված ծրագրերն իրականացնելու համար, թեպետ ասեմ, որ իմ նախընտրական ծրագրի մեծ մասն ընթացքի մեջ է, բայց նաեւ հեռագնա ծրագրեր ունեինք, որոնց մասին պարբերաբար իրազեկում էինք բնակչությանը: Երեւի դա է պատճառը, որ թե՛ մեր քաղաքական ընդդիմախոսները, թե՛ կողմնակիցներն այն համոզման եկան, որ իմ ծրագրերն իրականացման ճանապարհին են: Դա վերաբերում է զուտ Գորիս քաղաքին, բայց մենք այլեւս ներկայացնելու ենք եւս 11 բնակավայր: Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին եւ համայնքի բնակիչներին, ովքեր վստահում են ինձ ու հավատում, որ կարող ենք միասին ընդհանուր համայնքի համար ծրագրեր մշակել ու իրականացնել:

- Այսինքն` կարելի՞ է ենթադրել, որ, մրցակից չունենալը, այնուամենայնիվ, ձեր` թեկնածու, լիդեր լինելու հետ համաձայնության նշան է նաեւ ընդդիմախոսներիդ կողմից:

- Նաեւ կարելի է այդպես համարել:

- Փաստորեն քաղաքական պայքարը, եթե կարելի է այդպես ասել, սեպտեմբերի 18-ին Գորիս համայնքում կծավալվի ավագանու շուրջ: Մարզի մյուս համայնքներում, օրինակ, ավագանու տեղերի համար նման պայքար չի սպասվում, ինչպես Գորիսում: Ինչո՞վ եք դա բացատրում:

- Ավագանու դերը կարեւորելով: Ինքս միշտ աշխատել եմ մի սկզբունքով, ինչպես նաեւ իմ թիմը. քաղաքը, այսօր նաեւ համայնքը ղեկավարներինը չէ, կոնկրետ` համայնքապետինը եւ նրա աշխատակազմինը չէ, համայնքը բնակիչներն են, մենք ընդամենը ծառաներ եւ կառավարիչներ ենք ու պետք է ճիշտ ծառայենք մեր հարկատուներին, համայնքի բնակիչներին, եւ դրան հասնելու համար շատ կարեւոր է բնակիչների կարծիքը: Ուստի միշտ կարեւորել եմ հանրային կարծիքը, առավել եւս հանրության կողմից ընտրված ավագանու կարծիքը: Միգուցե մեր հորդորն է նաեւ նպաստել, որ Գորիսում ավագանու նկատմամբ մեծ հետաքրքրություն առաջանա: Համոզված եմ` ճիշտ գործող ավագանին (ինքս էլ երեք անգամ ավագանու անդամ եմ ընտրվել) մեծ նպաստ կբերի այդ ինստիտուտի հետագա կայացմանն ու համայնքային խնդիրների լուծմանը:

- Դուք մեր հարցերին միշտ համարձակորեն պատասխանել եք, բայց տեսեք` Գորիսում այն տեսակետն է շրջանառվում, թե իբր հանրության` գործող իշխանությանն ընդդիմադիր թեւը փորձում է Գորիսում  տեղական իշխանությանը հակակշիռ թեւ ստեղծել ավագանու միջոցով: Եվ իբր դուք էլ ապագա ավագանու կազմում փորձում եք համակիր մեծամասնություն ձեւավորել: Առաջին հայացքից միգուցե եւ դա նորմալ է ու տեղավորվում է խաղի տրամաբանության մեջ: Բայց… դուք երկու տարի առաջ ընտրողին հղած խոսքում շատ հետաքրքիր մտքեր եք արտահայտել. ա) համագործակցության ձեռք եմ մեկնում բոլորին, բ) կլինեմ յուրաքանչյուրիդ ընկերն ու բարեկամը` անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական կողմնորոշումից, գ) գալիս եմ վերականգնելու մեզանում ճաք տված համերաշխությունը: Եվ ուրեմն` ինչո՞ւ այսօր ձեզ համար չպետք է միեւնույնը լինի, թե ովքեր կընտրվեն ավագանու անդամ:

- Շնորհակալություն հետաքրքիր հարցի համար: Ասեմ, որ երեւի այդ դեպքում այնքան էլ ճիշտ չէ շրջանառվող կարծիքը, որովհետեւ իմ աշխատանքի ընթացքում ես յուրային կամ ոչ յուրային չեմ ունեցել, եւ ավագանու անդամների հանդեպ, անկախ նրանց դիրքորոշումից եւ հայացքներից, եղել եմ հարգանքով, միշտ հակված եմ եղել համագործակցելու: Հիմա էլ նույնն եմ մտածում: Ավելին ասեմ. ընդդիմադիր կեցվածք ունեցող ավագանու անդամներն ավելի մեծ նպաստ են բերել ու բերում համայնքի զարգացմանը, եւ երբեք հակասություններից չեմ վախեցել ու մանավանդ խուսափել, քանզի կարծում եմ, որ դրանք, ի վերջո, հանգեցնում են առաջընթացի: Ինչ վերաբերում է թիմեր ձեւավորելուն, ես ընդդիմադիր թիմ չեմ տեսնում ձեւավորվող, քանզի եթե կան տարբեր կուսակցություններ ներկայացնող թեկնածուներ, ապա դա չի նշանակում ընդդիմադիր թիմ ձեւավորել: Ընդամենը բազմակուսակցական առաջադրումներ են եղել, որ ենթադրում է բազմակարծություն: Իսկ եթե թեկնածուների մեջ կան մի քանի հոգի` ինձ հարազատ-բարեկամ, դա էլ չի նշանակում, թե ես եմ թիմ ձեւավորում: Բացարձակապես ոչ, որովհետեւ թիմ ձեւավորելու համար ձեռքի տակ ցուցակ կունենայի: Եթե փորփրեք, կիմանաք, որ ես ոչ ցուցակ ունեմ, ոչ էլ մտադրություն ունեմ համակիրների ու նվիրյալների սեփական թիմ ձեւավորել: Կարծում եմ` Գորիսում նման գործելակերպը տեղ չունի, ոչ միայն ցանկալի չէ, այլեւ` անթույլատրելի:

- Պաշտոնավարման երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ դուք հաշվետվություն եք հրապարակել. տեղյակ ենք ձեր գործունեության մանրամասներին: Եվ, այնուհանդերձ, ո՞րն եք համարում ձեր երկու տարվա աշխատանքի գլխավոր արդյունքը:

- Շատ եմ կարեւորում գորիսեցիների` քաղաքի հոգսերով ապրելու ձգտումը, չեմ նշում համերաշխությունը, քանզի դա եղել է, կա ու լինելու է: Ցանկանում եմ, որ մեր բնակիչները համայնքային կյանքով ապրեն առավել ակտիվ: Իրենց դարպասները բացեն եւ բնակարաններից դուրս գան: Ինձ թվում է, որ ինչ-որ չափով դա մեզ հաջողվել է: Երկրորդ կարեւոր արդյունքը կարգապահությունն է, այն, որ մարդիկ մասնակցում են միջոցառումներին, քննարկում են քաղաքի մաքրության խնդիրները. դա ինքնին նշանակում է, որ թմբիրից դուրս ենք գալիս եւ սկսում միասին մտածել քաղաքի մասին: Կարեւոր է, որ քաղաքը լինի բոլորինս, բոլորս քաղաքով ապրենք, այսօր արդեն` համայնքով: Հաջորդ կարեւոր արդյունքը, ինչը տեսանելի է, այն է, որ համայնքային կառույցների աշխատակիցների պատասխանատվությունն է էականորեն բարձրացել: Ինքս որ ոլորտում աշխատել եմ, ջանացել եմ լինել կարգապահ եւ անձնական օրինակով ձգտել, որ աշխատակիցներն էլ լինեն այդպիսին: Կարեւորում եմ նաեւ մեր կատարած նախնական աշխատանքը, որի շնորհիվ տարբեր միջազգային կառույցներ, տարբեր գերատեսչություններ, նախարարություններ հետաքրքրված են Գորիսով, եւ առաջիկայում ունենք լուրջ ծրագրեր, որոնք իսկապես իրականություն կդառնան: Համոզված եմ` այդ ամենի շնորհիվ մեր համայնքը շատ ներկայանալի, գրավիչ տեսք կունենա ու առավել եւս ապրելու եւ աշխատելու առումով հարմարավետ կլինի բնակիչների համար:

- Ի՞նչը ձեզ չհաջողվեց անցած երկու տարում. ծրագրել էիք, բայց չհաջողվեց իրագործել, որի համար ափսոսանքի զգացում ունեք:

- Շատ բան եմ ծրագրել. պատկերավոր ասած` երբ գլուխս դնում եմ բարձին, պատկերացնում եմ բարեկարգ, եվրոպական չափանիշներին համապատասխան քաղաք, երբ զարթնում եմ` տեսնում  մարդկային եւ ֆինանսական սուղ ռեսուրսները, նոր զգում եմ, թե այդ տարբերությունը որքան մեծ է: Կարեւորը, այդուհանդերձ, նպատակ ունենալն է: Համոզված եմ, որ մի օր կհասնենք մեր երազածին: Ցանկանում եմ օր առաջ տեսնել լավագույն քաղաք, որը ցավալիորեն դեռեւս չի ստացվում:

- Գորիսը, ինչպես նշեցինք, միանգամայն նոր տեսքով համայնք է դառնում սեպտեմբերի 18-ից սկսած: Քաղաք, 11 գյուղ, ամեն մի բնակավայրն իր խնդիրներով, հոգսերով: Դուք լա՞վ եք ճանաչում նոր համայնքը, թե՞ նոր-նոր, նախընտրական այս շրջանում եք ծանոթանում նրա հիմնախնդիրներին, նկատի ունենք հատկապես գյուղական բնակավայրերը, նրանց պրոբլեմներն ու հոգսերը:

- Ես եղել եմ Գորիսի նախկին շրջանի համայնքների միության նախագահ, էությամբ շփվող եմ եւ շատ լավ կապեր եմ ունեցել մյուս համայնքների ղեկավարների ու աշխատակազմերի հետ, եւ այդ շփումների շնորհիվ տեղյակ եմ հոգսերին, ձեռքբերումներին, հնարավորություններին: Բացի այդ, երկու տասնամյակից ավելի տարբեր հիմնարկ-ձեռնարկություններ եմ ղեկավարել` սոցիալական ծառայություն, կենսաթոշակային ոլորտ, գազամատակարարում, ջրամատակարարում, որի ընթացքում շփումներ են եղել գյուղական բնակավայրում, որոնց բնակիչներին մեծավ մասամբ ճանաչում եմ, եւ նրանք ինձ գիտեն: Ոչ միայն գյուղական խնդիրներին եմ ծանոթ, այլեւ առանձին բնակիչների խնդիրներին ու հնարավորություներին: Իմ աշխատանքային փորձը հնարավորություն է տալիս, որ ճիշտ կողմնորոշվեմ, չնայած ասեմ, որ պարտադիր չէ սոսկ համայնքի ղեկավարի իմացությունը, համայնքը ճիշտ կառավարելու դեպքում, մարդկային առկա ռեսուրսները ճիշտ ուղղորդելու դեպքում կարելի է լավ արդյունք ստանալ:

- Եվ ըստ ձեզ` որո՞նք են նոր համայնքի հիմնախնդիրները…

- Ինչպես հանրապետության բոլոր գյուղական համայնքներում, այնպես էլ Գորիսի գյուղական բնակավայրերում, որտեղ տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, լուրջ խնդիր է գյուղատնտեսության զարգացմանը նպաստ բերելը եւ, իհարկե, գյուղապահպանությունը: Նախ` գյուղմթերքների արտադրություն կազմակերպելը, դա կլինի ֆերմերային տնտեսություններ ստեղծելով, խոշորացնելով, թե առանձին անհատների տնտեսությունների կայացմանը եւ բարգավաճմանը նպաստելով, թե գյուղատնտեսական մթերքների իրացմամբ: Մասնավորապես, անասնապահական մթերքների իրացման նպատակով կարեւորում եմ Գորիսում սպանդանոց ունենալը, որի ստեղծման նախադրյալները եւ նախնական պայմանավորվածությունները կան: Եվ շատ կարեւորում եմ մեքենատրակտորային հավաքակայանի ձեւավորումը: Վստահ եմ` մեկ միասնական մեքենատրակտորային հավաքակայան կունենանք, որի շնորհիվ գյուղատնտեսական մթերքների արտադրության ինքնարժեքը կիջնի: Նաեւ կարեւորում եմ համայնքների միջեւ տրանսպորտային կապի ձեւավորումը: Այսօր կան գյուղեր, որոնք Գորիս քաղաքի հետ տրանսպորտային կապ չունեն:

Երթուղիներ չկան: Մրցույթներ լինում են, բայց երթուղիների ոչ շահավետության պատճառով մրցույթի մասնակիցներ չեն լինում, ինչի հետեւանքով լուրջ խնդիրներ են ծագել ուղեւորափոխադրումների հետ կապված:

Կարեւորում եմ սպասարկող ծառայությունները գյուղական բնակավայրերին մոտեցնելը, որ համայնքի բնակիչը դրական տեղաշարժ տեսնի սպասարկման առումով:

Եվ ամենակարեւորը` համայնքապետարանի կառավարման ու սպասարկման ճիշտ մոդել ընտրելն է, որ բնակիչը ստիպված չլինի որեւէ փաստաթղթի համար հասնել Գորիս: Մենք այնպիսի պայմաններ պիտի ստեղծենք, որ համայնքի բնակիչներն այդ խնդիրները լուծեն տեղում:

Ես հիմնախնդիրների մասին ընդհանրական նշեցի, բայց յուրաքանչյուր գյուղական համայնք իր պրոբլեմն ունի, եւ դրա լուծման տեսլականը կա: Սկսենք Բարձրավանից, որտեղ, կարծում եմ, զբոսաշրջության զարգացման նպաստավոր պայմաններ կան: Մեզ շատ է հուզում այնպիսի բնապահպանական խնդիր, որպիսին Վարարակն գետի հունի հակասանիտարական վիճակն է, ինչը լուրջ ֆինանսական ներդրումներ պահանջող գործ է, սակայն անհնարին չէ:

Համոզված եմ` միջազգային կառույցների հետ համագործակցելով գործը գլուխ կբերենք: Կկարողանանք նաեւ իրականացնել մաքրման կայանի կառուցումը, այսօր Ակների, Վերիշենի, Քարահունջի եւ Գորիս քաղաքի համար միասնական կայան է անհրաժեշտ ունենալ: Իհարկե, դա շատ մեծ ծախս է պահանջում, բայց պիտի ունենանք, որ գետը փրկենք վերջնական աղտոտումից:

Կարեւորագույն խնդիր է ամբողջ համայնքով մեկ աղբահանություն կազմակերպելը եւ կենտրոնացված մեկ աղբավայր ունենալը: Մի ծրագրի մեջ ենք ընդգրկված` ,Մաքուր դաշինք. մատչելի ծառայություններ Գորիս եւ Սառնակունք բազմաբնակավայր համայնքներինե, որ մեկնարկել է հուլիսի 1-ից, ինչի շնորհիվ Գորիսում ունենալու ենք մեկ կենտրոնական աղբավայր, նաեւ աղբահանության գործն է ավելի բարելավվելու` աղբի տեղափոխման եւ տեսակավորման հարցը լուծելով:

- Պարոն Ադունց, այնուամենայնիվ, մտահոգիչ է Բարձրավան գյուղի ճակատագիրը: Երեւի Գորիս համայնքի մեջ մտնող գյուղական համայնքներից միակն է (բացի Աղբուլաղից եւ Վանանդից), որի լինելությանն այսօր արդեն վտանգ է սպառնում:

- Համաձայն եմ, բազմաթիվ անգամ եղել եմ Բարձրավանում, հիացել բնությամբ, պատմական արժեքներով, հիանալի տեղանքով, բայց համայնքը, կարծես, օրավուր լքյալի կարգավիճակ է ստանում, եւ մտածում եմ տրանսպորտային երթուղու խնդիր լուծելով, ներդրումներ անելով աստիճանաբար ոտքի կանգնեցնել համայնքը:

- Սովորաբար գործող քաղաքապետներն իրենց նորից ընտրվելը պատճառաբանում են նրանով, որ կիսատ գործեր են մնացել: Որո՞նք են ձեր կիսատ գործերը: ,Հրապարակե թերթի հարցմանն ի պատասխան ասել էիք. երկու տարի է` աշխատում եմ, այսքան շուտ չեմ կարող հրաժարվել:

- Պիտի ասեմ, որ այդ համատեքստում հրաժարվել բառը ճիշտ չէր ընտրված: Յուրաքանչյուր մարդ միշտ էլ անելիք ունի, քանի դեռ կանք, թեկուզ անձնական ծրագրեր միշտ ունենում ենք, ծրագրերից հրաժարվել ոչ մեկին խորհուրդ չէի տա: Միշտ էլ շեշտել եմ միտքը, որ անելիքներ դեռ շատ ունեմ: Սա` ,Հրապարակե թերթի նյութի առումով: Ինչ վերաբերում է քաղաքապետի պոստում պաշտոնավարելուն, ասեմ, բազմաթիվ ոլորտներ եմ ղեկավարել, եւ ոչ մի տեղ էլ ղեկավարելն ինձ համար ինքնանպատակ չի եղել: Երբ նկատել եմ, որ արդեն ասելիք չունեմ, ինքս եմ զիջել իմ տեղը, իսկ երկու տարվա ընթացքում շատ ավելի ծրագրեր ենք նախաձեռնել, մշակել, քան իրականացրել ենք, ես դա նկատի ունեի: Ի վերջո ես դեռ երկու տարի ունեի ինձ տրված վստահության քվեով, որպեսզի այդ ծրագրերը հասցնեի ավարտին: Խոսքը դրան էր վերաբերում, հիմա ընտրվելու դեպքում հինգ տարի ժամանակ կունենամ, եւ այդ ժամկետն ավելի նպաստավոր կլինի, որ մեր թիմի նախանշած ծրագրերն իրականացնենք: Չմոռանանք, որ ունենք կառավարության մշակած եւ հաստատած ծրագիր, որն ինքնին հինգ տարվա համար է նախատեսված:

- Եվ դուք քաղաքապետի թեկնածու եք առաջադրվել ինչպե՞ս:

- Ոչ թե ինքնաառաջադրմամբ, այլ հանրապետական կուսակցության տարածքային կառույցի կողմից:

- Տեղական բյուջե. որքա՞ն էր այն, երբ սկսեցիք պաշտոնավարել եւ ինչքա՞ն է հիմա: Ձեր նախընտրական ծրագրում (երկու տարի առաջ, երբ ընտրվում էիք) խոստացել էիք սեփական մուտքերի կատարումը հասցնել 100 տոկոսի, ինչի համար նպատակադրվել էիք ավելի արդյունավետ օգտագործել համայնքի հնարավորությունները, քաղաքի հիմնախնդիրները լուծելու համար հայթայթել ֆինանսավորման հավելյալ աղբյուրներ:

- Ցավոք, Գորիս քաղաքի բյուջեում սեփական եկամուտները 16 տոկոս են կազմում, եւ եկամուտներն ավելացնելով ընդհանուր բյուջեի մեջ փոփոխությունն ակնառու չէ, ու նաեւ դրա արդյունքում ծախսային մասում ավելի շատ հատկացումներ չենք կարող անել: Բայց որդեգրել ենք ամենօրյա հաշվառում իրականացնելու, սեփական եկամուտներն ավելացնելու գործելակերպը, ինչն այսուհետեւ եւս շարունակելու ենք, իսկ ինչ վերաբերում է ծրագրեր իրականացնելուն, գիտե՞ք, կարելի է նույն գումարը շատ ավելի արդյունավետ ծախսել եւ շատ ավելի էական բան կատարել: Մենք փորձում ենք քիչ ծախսով մեծ արդյունք ստանալ, նաեւ թիրախային ուղղություններ ընտրել, օրինակ, մեծ արձագանք ստացավ փողոցների անվանումներով ցուցանակներ տեղադրելը: Ասենք, ասֆալտապատումից կարելի է անցնել շատ ավելի քիչ ծախսատար, բայց ավելի արդյունավետ գործերի: Բացի դրանից միջազգային կազմակերպությունների հետ ունենք լուրջ համագործակցության ծրագրեր, որոնք արդեն հաստատվել են: Ես առավել հույս եմ կապում նման ծրագրերի հետ, քանի դեռ սեփական բյուջետային հնարավորությունները մեծ չեն:

- Եթե մի կլորիկ գումար տային, համայնքի ո՞ր հիմնական խնդիրը կլուծեիք, ո՞րն եք համարում առաջնահերթ:

- Յուրաքանչյուր համայնքապետ պարտավոր է ունենալ մաքուր, բարետես, գեղեցիկ քաղաք, որ այդ համայնքում բնակվողը հաճույք ստանա իր շրջապատից: Խոսում են Գորիս քաղաքի անմխիթար վիճակում գտնվող մայթերից, բայց ինձ նախեւառաջ հուզում է համայնքի սանիտարական վիճակը: Յուրաքանչյուր միջոց, նախեւառաջ, կուղղեմ համայնքի բարեկարգմանը եւ սանմաքրման գործի բարելավմանը: Իսկ որպես շարքային քաղաքացի, կմտածեի այդ միջոցն օգտագործել որեւէ արտադրություն ստեղծելու նպատակով: Բնակչության զբաղվածության խնդիրը Գորիսում հարցերի հարցն է:

- Որպես տեղական մասշտաբի քաղաքական գործիչ, կուզեինք ձեզ հարց ուղղել եւ իմանալ, թե ինչ դասեր կարելի է քաղել Արցախյան քառօրյա պատերազմից, եւ ինչպես եք գնահատում հուլիսյան դեպքերը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ:

- Նախ` քառօրյա պատերազմին բոլորս ակտիվ մասնակցություն ունեցանք, դա ժողովրդի ինքնաբուխ պոռթկումն էր, որ նաեւ մարզպետի գլխավորությամբ փորձեցինք ուղղորդել ճիշտ նպատակին, որ հախուռն ու աննպատակ քայլեր չլինեն: Դա կարծես թե հաջողվեց: Ինքս փորձել եմ կոորդինացնել նյութամատակարարման ապահովման ոլորտը` զուտ կամավորական ջոկատներին ուղղված: Նաեւ բանակին է նյութական աջակցություն ցուցաբերվել: Քառօրյա պատերազմը բոլորիս համար զգաստության կոչ էր, եւ յուրաքանչյուրս մեզ պիտի հաշիվ տանք, որ մեր քայլերով նպաստ ենք բերում մեր անվտանգությանը, այսինքն` ամեն մեկս մեր զգոնությունը չպիտի կորցնենք եւ Աստծո ամեն օր մտածենք մեր պաշտպանունակության ամրապնդման մասին: Քանզի իրականությունը ցույց տվեց, որ որոշ ժամանակ մեզ ավելի ապահով էինք զգում, քան կարելի էր:

Ինչ վերաբերում է հուլիսյան դեպքերին, միշտ ձգտել եմ սեփական տեսակետս արտահայտել, կրավորական կեցվածք չեմ ընդունել թե՛ համայնքային կյանքին առնչվող խնդիրների դեպքում, թե՛ ընդհանրապես: 1997-ից ՀՀԿ անդամ եմ, բնականաբար, վերջին երկու տասնամյակում քաղաքականության մեջ եմ եղել, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր տեսակետն արտահայտելու իրավունք ունի, բայց նայած ինչ ձեւով: Նաեւ յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջելու, որ իր տեսակետը լսվի, ինչպես նաեւ ընդունվի: Արտահայտվողներն էլ դրանք ճիշտ ձեւով պետք է արտահայտեն, եւ նրանց լսողներն էլ ճիշտ ընկալեն: Միայն այդ պարագայում չէինք ունենա հուլիսյան իրադարձությունները:

- Օլիմպիական խաղերն ավարտվեցին, Հայաստանը հաջող հանդես եկավ. 20 տարի անց ունեցանք օլիմպիական չեմպիոն: Կապանն էլ օլիմպիադայում ունեցավ իր պատվիրակը` եռացատկորդ Լեւոն Աղասյան, մարզական հաջողությունների հիմքը մանկապատանեկան սպորտն է, որ դրվում է համայնքներում: Ինչպիսի՞ն է մանկապատանեկան սպորտի դրվածքը Գորիսում:

- Անկեղծորեն ասած` ինձ չի հաջողվել այդ գործում լուրջ առաջընթաց ապահովել, չնայած կայուն զարգացում կա, Գորիսի ֆուտբոլի մանկապատանեկան թիմը լավ մասնակցություն ունի, հանրապետության առաջնությունում ըմբիշները հաջող են հանդես գալիս, շախմատի թիմը կայուն արդյունքներ է ցույց տալիս: Սակայն կտրուկ աճ մանկապատանեկան սպորտի, ինչպես եւ համայնքի մարզական կյանքում չի նկատվում, լուրջ անելիքներ ունենք այդ ոլորտում: Դուք մանկապատանեկան սպորտի մասին եք հարցնում, բայց նշեմ, որ մասսայական սպորտը ձգտում ենք արմատավորել նախադպրոցական հիմնարկներում: Այսպես, հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի մարզային փուլում հաղթող ճանաչվեց Գորիսի N2 նախադպրոցական ուսումնական հաստատության թիմը, որ նաեւ հաջող հանդես եկավ մրցույթի հանրապետական փուլում` գրավելով երրորդ տեղը: Մեր նախորդ զրույցի ժամանակ («Սյունյաց երկիր», 18 սեպտեմբերի 2015թ., խմբ.) նշել էի, որ Գորիսը չմասնակցեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին, բայց ահա այս տարվա մրցույթին, գոնե վերջին տարիների պատմության մեջ առաջին անգամ, Գորիսը մասնակցեց հանրապետության նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին: Դա ինքնին դրական տեղաշարժ է, քանզի արդեն համայնքում հոգեբանություն է փոխվում, մտածելակերպ է փոխվում, որ ընտանիքով կարելի է մարզական մրցույթի մասնակցել:

- Ձեր ուղերձը համայնքի բնակիչներին սեպտեմբերի 18-ի ընտրությունների առիթով:

- Միշտ ասել եմ եւ նույնը կրկնում եմ` ընտրությունները գալիս-գնում են, համայնքն ապրում է, մենք միասին պիտի համերաշխ ապրենք ու գոյատեւենք: Ոչ մի ընտրություն մեր համերաշխությունը չպիտի խաթարի: Ուստի կոչ եմ անում լինել ակտիվ, համարձակ, սեփական տեսակետը դավանող, մեկը մյուսին հարգող եւ ընդհանրապես ոչ միայն ընտրությունների ընթացքում, այլ միշտ լինել համայնքի տերն ու ծառան, նրա ապագային նվիրված ճշմարիտ քաղաքացի: Նման մտածելակերպով շատ ավելի օրինակելի համայնք կունենանք:

- Քաղաքական մի ավանդույթ կա մեզանում` հատկապես ընտրովի պաշտոնին հավակնող յուրաքանչյուր ոք` համայնքի ղեկավարից մինչեւ երկրի նախագահ, հանրությանը ներկայանում է ինչ-որ կարգախոսով: Ո՞րն է ձեր կարգախոսը ներկա ընտրություններում եւ առաջիկա հինգ տարում:

- Շարունակում եմ առաջնորդվել գրեթե նույն կարգախոսով, որ որդեգրել եմ երկու տարի առաջ` «Գորիս համայնքին` նվիրումս, փորձս, գիտելիքներս»:

Զրուցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Աղազարյանը վերջնական որոշեց Փաշինյանին մերժել. մանդատը վայր չի դնի

02.12.2024 22:01

Կապանում տեղի կունենա գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

02.12.2024 19:43

ԲԴԽ-ն նոր նախագահ ունի

02.12.2024 19:12

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները երբեք չեն մոռանա այն ավանդը, որը Հովհաննես Բաղրամյանը ներդրել է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր Հաղթանակի համար․ ՌԴ դեսպանատուն

02.12.2024 19:06

Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա նոյեմբեր ամսին ծնվել է 96 երեխա՝ 49 տղա, 47 աղջիկ

02.12.2024 17:24

Յուրիկ Ստեփանյան. մենախոսություն

02.12.2024 16:08

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար

02.12.2024 15:47

ԳՈՐԻՍՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԸ

02.12.2024 15:38

Վերիշեն բնակավայրում ավարտին են մոտենում ոռոգման նոր ջրագծի կառուցման աշխատանքները

02.12.2024 15:35

Տաթև-Լծեն ճանապարհին իրանական բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է

02.12.2024 15:32

Շիշկերտում չորս ընտանիք է մնացել, ակոռի դարձած Մազրայում՝ մի մենակյաց, իսկ Կեմանց գյուղատեղին այլևս քչերն են հիշում

02.12.2024 15:04

Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

02.12.2024 14:57