Վաչագան. Կապանի գյուղաշխարհը

01.04.2022 10:41
3035

    Սյունիքի ամենագեղատեսիլ բնակավայրը ՝ Վաչագան գյուղը, գտնվում է Խուստուփ լեռան ստորոտին, Կապան քաղաքի հվ-արմ կողմում, բարձրադիր անտառապատ վայրում,Վաչագան գետի ակունքի մոտ: Բարբառում այն հնչում է նաև Վըչըքան:

    Գյուղը Սյունյաց աշխարհի Կովսական գավառի գյուղերից էր, կրում էր Վաժնատուք անունը, հարկատու էր Տաթևի վանքին: Վաչագանը դիցավայր է ՝ << Վաժ>> պահլավերենում նշանակում է աղոթք: Արևելագետ Սերգեյ Ումառյանը կարծում է, որ Վաժնատուքը հետագայում բարբառային աղավաղմամբ դարձել է Վաչագան: Ժողովրդական մի ստուգաբանությամբ գյուղանունը կապվում է Աղվանքի Վաչագան Բարեպաշտ թագավորի անվան հետ: Առաջին անգամ այն հայտնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյան Հայրիկը, երբ Բաքվում հանդիպել է վաչագանցի նավթագործ Փարսադան Նուրիջանյանին: Երբ Խրիմյանը իմացել է, որ Փարսադանը վաչագանցի է, ասել է. « Ձեր գյուղը նշանավոր է: Այնտեղ շատ հնում եղել է Վաչագան թագավորը: Արցախից մարդիկ եկել և այնտեղ բնակություն են հաստատել, գյուղը կոչել են նրա անունով՝ Վաչագան » (Այս մասին՝ Գ. Սմբատյան, «Սյունիքը փորձության մեջ» գրքում):

    Օգտվելով համագյուղացիների հուշերից, Հրաչ Նուրիջանյանը «Վաչագան» գրքում հայտնում է, որ գյուղը ձևավորվել է շրջակա փոքր բնակավայրերից, որոնք էին Քոլը, Պեյին ձորը, Ղուրչիկը, Ղրբանցը: Վաչագան անունով մի առաջնորդ հավաքել է այս գյուղերի բնակիչներին, նրանց բնակեցրել անառիկ ու գեղատեսիլ այս վայրում և կոչել իր անունով:

    Եղել է նաև Ներքին Վաչագան, որը տարածվել է քաղաքին մոտ գտնվող Նժդեհի հուշահամալիրի դիմացի լեռնալանջին: Այն հայտնի էր նաև Քյարխանա անուով, որը պարսկերենից թարգմանաբար կոչվում է գործարան, քարհանք: Քյարխանայի տարածքը հարուստ է բազմաշերտ հեթանոսական մշակույթով: Հավանաբար այստեղ հնում զբաղվել են պղնձագործությամբ:

    Ղևոնդ Ալիշանը «Սիսականում» գյուղը անվանում է Վեչագան: Նա նշում է նաև տարածքի Քոլու տեղանունը:1831-ին գյուղն ուներ 25, 1873 թ.՝ 168, 1922-ին՝ 723 բնակիչ: Նոր հարկացուցակով (1781 թ ) Վաչագանը Տաթևի վանքին տալիս էր 2200 դահեկան պտղի հարկ: Գյուղը անվանի գերդաստանների հայրենիք է, այստեղ հիմնավորվել ու գործել են Նուրիջանյանները, Վեզիրյանները, Ղոնյանները, Նազարեթյանները: Նուրիջանյանները հայտնի առևտրականներ են եղել, նրանց քարավանները հասել են Միջին Ասիա, Հյուսիսային Կովկաս: Կասպից ծովի ափերին պահպանվում են Նուրջանյանների մի շարք տապանաքարեր, որտեղ նշված է նրանց կապանցի լինելը:

    Վաչագանը պատմական գյուղ է նաև այն առումով, որ նրա հետ է կապվում Հայոց նորագույն շրջանի պատմության հերոսական էջերից մեկը՝ Զանգեզուրի գոյամարտը: Կարմիրների և թուրք-մուսավաթականների Ղափան մտնելուց հետո Վաչագանից վեր, Խուստուփի թաքստոցներում հանգրվանեց Գարեգին Նժդեհը իր զինվորականների հետ և 1920 թվականի հոկտեմբերին , իջնելով Խուստուփից, ապստամբեց և Ղափանից դուրս քշեց թուրք-բոլշևիկյան հրոսակներին: Խուստուփի լանջին , Կոզին աղբյուրում ամփոփված են Սպարապետի մասունքները, դրված է տապանաքար, իսկ լեռան գագաթին կանգնեցված է կիսանդրին:

    Պահպանվել է Ռոբերտ Էջանանցու հայտնաբերած Վաչագանյան ժողովրդական ստեղծագործություն.

    Անումըդ հինչա,՞ Մինասա:

    Շելակդ հինչա՞, Գիլյասա:

    Շտեղըս քյընու՞մ: Վըչըքան:

    Հինչիյըս քյընու՞մ: Ըղչկան:

    ԽՈՒՍՏՈՒՓ ԼԵՌ

    Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք ձգվում է Խուստուփ-Կատարի լեռնաշղթան, որի ընդհանուր երկարությունը կազմում է 44 կմ: Լեռնաշղթան Բարգուշատի լեռների հարավային ճյուղավորությունն է Խուստուփ լեռան առավելագույն բարձրությունը 3201 մ է: Լեռան ծալքերում նույնիսկ ամռան ամենաուժեղ տապին ձյան շերտերը տեղ-տեղ պահպանվում են: Ձյան հալոցքից առաջանում են աղբյուրներ ու գետակներ ։ Խուստուփը խմելու ջրի անսպառ աղբյուր է, ձյան շերտերը մշտապես սնուցում են շրջակա աղբյուրներն ու գետերը : Խուստուփի հվ-արլ. լանջից են սկիզբ առնում Ողջի գետի Գեղանուշ (Գիլաբերդաջուր)և Վաչագան վտակները, իսկ հվ-արմ. լանջից՝ Ծավ գետը: Լեռն ունի ալպյան մարգագետինների հարուստ բուսածածկույթ, հս.-արլ. լանջերն անտառապատ են: Լանջերը մասնատված են, կան քարափներ, քարանձավներ:

    Խուստուփ անվան ստուգաբանությամբ շատերն են զբաղվել, սակայն հետաքրքրական է ու հավաստի անվանի արևելագետ Սերգեյ Ումառյանի ստուգաբանությունը: Խուստուփ անվան հիմքը նա համարում է <<խուտու>> – աղոթք բառը, որին միացել է <<տուհ>> հոգնակիակերտ ածանցը և, այսպիսով, լեռանը տրվել է Աղոթական անունը: Հետագայում ժողովրդական խոսվածքում Խուտուտուհը դարձել է Խուստուփ:

    Ժողովրդական մի ավանդության համաձայն լեռը կոչվել է ոմն Խուսիի անունով: Ղույաս Ինճիճյանի մոտ լեռնագագաթը կոչվում է ԽՈՒՍՏՈՒԿ։

    Սյունիքում խիստ տարածված է եղել լեռների պաշտամունքը, բայց ամենից շատ պաշտամունքի արժանացել է Խուստուփ լեռը: Նրա գագաթը բարձրանալը և լեռան մեջ գտնվող քարայրում մոմ վառելը , աղոթելը և մատաղ անելը գալիս է դարերի խորքից: Քարանձավը սրբացվել է և համարվում է եկեղեցի : Այն բնության կողմից ստեղծված յուրահատուկ հուշարձան է , ունի մոտ 15 մ լայնություն, մի փոքր ավելի բարձրություն, խորությունը ՝ մոտ 25-30 մ: Առաստաղից կաթկթացող ջուր հատակին գոյացրել է լճակներ: Ամռան շոգին նույնիսկ լճակների մակերեսին սառցե շերտեր են նկատվում: Քարայրի խորքում ուխտավորները դարեր շարունակ ջերմեռանդությամբ վառել են մոմեր, որոնց բոցերի հետքերը պահպանվել են մինչ օրս: Ավանդության համաձայն քարայրի ջուրը համարվում է սուրբ և հրաշագործ: Երաշտի և մորեխի տարիներին ժողովուրդը բարձրանում էր քարայր, այնտեղից վերցնում սուրբ ջուրը, տանում էր և ցողում դաշտերում, որպեսզի ոչնչանար մորեխը և անձրև գար: Ջուրը տանողը պիտի մոտենար անխոս և անխոս էլ վերադառնար իրենց գյուղի դաշտերը: Դա տարածվեց հատկապես 1922-1925թվականներին: Քարայրի խորքից նաև հող էին վերցնում, խառնում աղի հետ, տալիս անասուններին և հիվանդ երեխաներին, որոնք բուժվում էին: Կապանից որոշ գյուղերում այժմ էլ գիտեն այն մարդկանց անունները, ովքեր բարձրացել են քարայր և երաշտի ժամանակ բերել սրբազան ջուրը:

    Ուխտավորները նախ լինում էին Մատաղի հրապարակում, որը գտնվում է ձախ գագաթի հետնամասում, հետո այնտեղից իջնում էին եկեղեցի: Եկեղեցի իջնելը բավական դժվարին գործ էր: Տանող ճանապարհը նեղ կածան է, որն անցնում է քարից քար և պահանջում է լինել խիստ զգույշ: Եթե ուխտավորը անզգույշ քայլ անի, ապա նա կարող է հայտնվել անդունդում: Հայտնի է, որ նախկինում մի շարք ուխտավորներ անզգուշության պատճառով գլորվել են անդունդը:

    Քարանձավ ոտք չէին դնում մահմեդականները, քանի որ ներսում քանդակված խաչերը հիշեցնում էին նրանց, որ այն քրիստոնեական սրբատեղի է:

    Ձախակողմյան գագաթը կոչվում է Ճգնավոր: Այստեղ բարձրանում էին ոտաբոբիկ: Գագաթին մի քարակույտ կա, որի տակ, ասում են, թաղված է մի անհայտ ճգնավոր:

    Ըստ Ստ. Լիսիցյանի, Խուստուփն ամենամարդաշատը լինում էր Վարդավառի օրերին: Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցաբանության ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորյալ ոգիների։ Ջրին նվիրված ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտերը հովանավորող ուժերին։ Վարդավառի տոնը, սակայն, Սյունիքում նվիրված էր լեռների գագաթների պաշտամունքին: Այդ տոնը նշվում էր նաև Մռավի, Մեծ Քիրսի, Սալվարդի, Մեծ Իշխանասարի վրա: Բայց ոչ մի տեղ այնքան բազմություն չէր հավաքվում Վարդավառի տոնին, որքան Խուստուփ լեռան գագաթին: Խուստուփ այցելում էին Կապանի և Մեղրու շրջանների գյուղերի բնակիչները: Մեկ օրվա ընթացքում Մատաղի հրապարակում Վարդավառի տոնին մորթվում էր մոտ 2000 ոչխար: Այդ օրը անցկացնում էին ուրախ հանդեսներ, տղաների ու աղջիկների խմբապարերը ազդարարում էին տոնի սկիզբը։ Կանայք երգում էին կատակերգեր, ջանգյուլումներ: Ջահելների մեջ տեղի էին ունենում մրցումներ:

    Խուստուփը հանդիսացել է որպես անառիկ ապաստան Զանգեզուրի գոյամարտի առաջնորդ Գարեգին Նժդեհի և նրա զինակիցների համար: 1920 հոկտեմբերին, իջնելով Խուստուփի ժայռեղեն բարձունքներից, ապստամբները Կապանից դուրս քշեցին թուրք-մուսավաթական հրոսակներին:

    Խուստուփի գագաթին կանգնեցված է Սպարապետ Գարեգին Նժդեհի կիսանդրին: Խուստուփի լանջին, Կոզնի կոչված աղբյուրի մոտ է ամփոփված զորավար Գարեգին Նժդեհի մասունքները:

    Ավանդության համաձայն, երբ Խուստուփի գագաթին հսկայական խարույկ էր վառվում, նրա լույսը հասնում էր մինչև Արցախ ու Սյունիքի տարբեր շրջաններ, նշանակում էր, որ երկիրը վտանգի մեջ է, պետք է ոտքի կանգնել և պաշտպանել հայրենի երկրամասը:

    Կապանում կան տեղանուններ, որոնք կապված են Խուստուփ անվան հետ: Այսպես օրինակ` Շիկահողում կա Խուստուփաձոր, որտեղով շիկահողցիները ճանապարհ էին ընկնում դեպի քարանձավ ՝ սրբազան ջուր բերելու:

    Խուստուփի լանջին է գտնվում մի խաչքար, որի անունից էլ լանջը ստացել է <<Խաչի>> խութ անունը: Այն տեղացիների համար ծառայել է որպես սրբատեղի : Հենց այս վայրում վաչագանցի Գառնիկ Աղավելյանի նախաձեռնությամբ 2001 թվականին կառուցվեց մի մատուռ, որը ունի 4 մ բարձրություն, 4 մ լայնություն, 3 մ երկարություն: Քարե մատուռն ունի 12 պատուհան , որոնք խորհրդանշում են Քրիստոսի 12 աշակերտներին: Առաստաղին Աստվածամոր և հրեշտակների որմնանկարներ է պատկերել հանրապետությունում հայտնի գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանը:

    Խուստուփ լեռան զորության գաղափարը նույնիսկ մեր օրերում չի կորցրել իր իմաստը: Այսօր էլ պահպանվել է հեթանոսական այդ սովորույթը: Կապանցիները դժվարության պահին միշտ էլ ենթագիտակցորեն դիմում են Խուստուփ լեռան զորությանը, աղոթք անում՝ հայացքը Խուստուփին հառած:

    Ինչպես Նժդեհն էր ժամանակին ասում, << Հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ և սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ >>:

    Վերջերս, 2022 թ. հունվարին, խիստ ձմռան պայմաններում, երիտասարդ լեռնագնացների մի խումբ նվաճել է լեռնագագաթը:

    ՀԱՑԻՆ ԱՂԲՅՈՒՐ

    Խուստուփի լանջին, Վաչագանից 3 կմ հեռավորության վրա մի գեղեցիկ բացատ կա, որին տեղացիները անվանել են Քոլու: Այստեղ մի քաղցրահամ, սառնորակ աղբյուր կա , որը կոչվում է Հացին աղբյուր:

    Դարեր առաջ , իշխանավորներից փախած մի անապատական-ճգնավոր հաստատվում է այստեղ և 12 տարի ապրում է մի տրցակ լավաշով և աղբյուրի ջրով: Նա լավաշը ցողում էր ջրով և ուտում: Ավանդությունն ասում է, որ նա է մարդկանց հայտնել, որ տարին միայն մեկ օր՝ հուլիսի 8-ին , աղբյուրի ջուրը դառնում է բուժիչ: Խմողները բուժվում են տարատեսակ հիվանդություններից:

    Ստամոքսի հիվանդություններ, մշտական գլխացավեր ունեցող մարդիկ ամեն տարվա այդ օրը՝ առավոտ կանուխ, ոտքով գալիս են բացատ, լավաշը թրջում Հացին աղբյուրի սառնորակ ջրի մեջ և ուտում: Միայն տարվա մեջ մի օր ջուրը դառնում է բուժիչ, եթե այն ցողես լավաշի վրա: Ասում են, որ ջուրը կենարար է դառնում միայն հացի միջոցով: Այդ է պատճառը, որ աղբյուրը կոչվում է Հացին աղբյուր:

    Շատերն են բուժվել, ոմանք էլ իրենց լավ են զգացել՝ ներշնչելով, որ բուժվում են:

    Աղբյուրից քիչ հեռու կա 10-րդ դարի կիսավեր մի եկեղեցի, որը ըստ պատմական վկայությունների կապ է ունեցել Բեխի Նապատի, Վահանավանքի հետ: Ժողովուրդը եկեղեցին հիշում է Սբ Հովսեփ անունով, բայց այն անվանում են նաև Սբ Աստվածածին: Եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա կա խաչքար կա, որին տեղացիները անվանում են եկեղեցու ծորի Քոլվա խաչ:

    Ժամանակին <<Ձորի Միրոն>> կինոնկարի մի հատված նկարահանվել է Քոլու կոչվող բացատում և նկարահանման ժամանակ օգտագործել են գյուղացիների լուծն ու ալաթը, որոնք հետագայում պահվում էին Քոլու տարածքի եկեղեցում: Ձիավորներից մեկը վաչագանցի Դավիթն էր, որի ձի վարելու շնորհը շատ էր հավանել Սոս Սարգսյանը:

    Դարեր առաջ հենց այդ բացատում տեղի է ունեցել ճակատամարտ թուրքերի և հայերի միջև, որն ավարտվել է հայերի հաղթանակով:

    (Ըստ՝ Սվետլանա Օհանջանյանի և Ռիմա Նուրիջանյանի)

    ԲԱԼՆՈՅ (БОЛЬНОЙ) ԱՂԲՅՈՒՐ

    Չհասած Հացին աղբյուր, եկեղեցու մոտակայքում մի ուրիշ աղբյուր կա, որի ջուրը շատ ծանր ջուր է: Այն տեղացիները անվանակոչել են Բալնոյ անունով, որը ռուսերենից կոչվում է հիվանդ: Դեռևս խորհրդային տարիներին, երբ ռուս տուրիստների հոսքը շատ էր Հայաստանում, Վաչագան էին եկել ռուս զբոսաշրջիկներ: Տարածքում շրջելու ժամանակ տուրիստներից մեկը խմում է աղբյուրի ջրից և վատանում: Նրան մի կերպ են ուշքի բերում, առողջացնում: Դրանից հետո տեղացիները խուսափում էին այդ աղբյուրից ջուր խմելուց: Վաչագանի մեծերը միշտ հորդորում էին փոքրերին չխմել այդ ջուրը: Վաչագանի գյուղապետ Սվետլանա Օհանջանյանը պատմում է, որ երբ փոքր էին, ինքն ու քույրը որոշում են փորձել ջուրը, չնայած այն բանին, որ հայրը բազմիցս զգուշացնում էր աղբյուրին չմոտենալ: Աղբյուրի ջուրը խմելուց հետո նրանց մոտ ուժեղ գլխացավ է սկսում, գլխապտույտ, ծանրության զգացում՝ գլխում և ոտքերում: Նրանք մի կերպ վազելով տուն են հասնում, և երկար ժամանակ վատ զգացողությունը չի անցնում:

    Հավանաբար ջուրը հագեցած է ծանր մետաղական կամ էլ այլ նյութերով, որը մարդու մոտ վատացնում է ինքնազգացողությունը: Դրան միայն քիմիական անալիզը պատասխան կտա:

    ՔԱՄ ԽԱՉ

    Վաչագան գյուղը հարուստ է սրբատեղիներով: Դրանցից մեկն էլ Քամ խաչն է, որի մոտ աղբյուր կա: Քամ խաչը գտնվում է գյուղից ներքև, Վաչագան գետի ափին, Խուստուփ տանող ճանապարհի վրա: Խաչի զորությանը հավատում էին գյուղի տարեցները, այսօր էլ այդ հավատը չի հեռացել վաչագանցիների սրտից ու հոգուց:

    Հնում, երբ գյուղացիները ամռան երեք ամիսներին, տուն-տեղ հավաքած, անասունները իրենց հետ վերցրած, սար էին գնում, ճանապարհին կանգ էին առնում Քամ խաչի մոտ: Տարեց կանայք կատարում էին այստեղ յուրօրինակ արարողություններ, աղոթք անում՝ հայացքներն Խուստուփին հառած, Խաչի աղբյուրին նվիրաբերում քաղցրավենիք, մանր մետաղադրամներ և շարունակում իրենց ճանապարհը:

    Քամ Խաչի մասին իր հուշերում պատմում է Վաչագանցի Ռիմա Նուրիջանյանը. <<Խաչի զորությանը հավատում էին տատիկ-պապիկները, ընդօրինակում էին միջահասակները, իսկ փոքրիկները նայում և ուրախանում էին>>: Կանայք հասնելով Խաչին, իջնում էին ձիերից ու ջորիների վրայից, մոտենում հերթով խաչին,համբուրւմ քարը, աղոթք շշնջում, սպիտակ դրամ դնում քարի վրա, մոմ վառում Խաչի գլխամասում և լուռ հեռանում դեպի սար: Նրանք ստիպում էին նույնը կրկնել իրենց փոքրիկներին՝ այդ կերպ փոխանցելով իրենց ավանդույթները ժառանգներին:

    Քամ խաչ էին գնում նաև տարբեր առիթներով, երբ մատաղ էին խոստացել աստծուն, կամ էլ երաշտ էր սպասվում : Երբ երաշտը փչացնում էր բերքը, հացահատիկը, կանայք խմբերով աղոթք ասելով կանաչ խոտ էին վառում Խաչի մոտ, այնուհետև ջուր լցնում Խաչի վրա: Իսկ երկար տևած անձրևների ժամանակ, երբ բերքը , կամ խոտը փչանում էր, աղոթք շշնջալով կրակ էին վառում Խաչի վրա: Շատ հաճախ այնպես էր պատահում, որ բնությունը իրոք փոխում էր իր ընթացքը՝ ոգևորելով մարդկանց, և նրանց թվում էր, թե իրենց մոգական գործողությունների ազդեցությունն է երևի: Խաչի զորությանը հավատացող տարեցները անպայման ոտքով հասնում էին Քամ խաչ, աղոթք մրմնջում, չորս անգամ աքլորը ձեռքին՝ պտտվում խաչի շուրջը և կատարում աքլորի զոհաբերություն:Աքլորի կտրված գլուխն ու ոտքերը դնում էին խաչի մոտ քարի վրա, իսկ արյունով խաչ անում այն մարդու ճակատին ու կրծքին , ում համար նախատեսված էր մատաղը: Այնուհետև մատաղացուն , տուն տանելով, եփում և բաժանում էին 7 մասի, յորաքանչյուր կտորը փաթաթում լավաշի մեջ և, երեխաների ձեռքը դնելով, ուղարկում գյուղի տարեց և հիվանդ մարդկանց տները: Մատաղ վերցնողները սովորության համաձայն ասում էին՝ ընդունելի լինի: Սա մի արարողություն է, որ եկել է դարերի խորքից և այսօր էլ կիրառվում է ամենուր, Հայաստանի ամեն անկյունում:

    Գյուղի տարածքում խաչքարեր շատ կան: Չալ քար կոչվող տարածքում, դեպի Խուստուփ գնացող ճանապարհին կան իրար մոտ կանգնեցված չորս տարբեր մեծ ու փոքր խաչքարեր: Նմանատիպ Խաչ կա նաև գյուղից դեպի Բաղաբուրջ ընկած Ղուրչիկ կոչվող տարածքում, որի մոտ ուխտի են գնում նաև բաղաբուրջեցիները: Այստեղ ևս տարիներ ի վեր տարբեր վայրերից, նույնիսկ հանրապետությունից դուրս բնակվող հայրենակիցները գալիս և մատաղի արարողություն են կատարում իրենց հիվանդ հարազատների համար:

    ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ ՎԵԶԻՐՅԱՆՆԵՐԻ ՏՈՀՄԻ

    ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    Վաչագան գյուղում տեղաբնկիներ են համարվում հիմնականում Վեզիրյան և Ղոնյան տոհմերը: Վեզիրյան տոհմի անվան հետ կապված գյուղում մի ավանդապատում կա, որը բերնեբերան փոխանցվելով, եկել հասել է մեր օրերը: Ժամանակին, երբ Հայաստանը գտնվում էր պարսկական տիրապետության տակ, հատուկ հարկահավաքներ էին ժամանակ առ ժամանակ գալիս Հայաստանի գյուղերը՝ հարկահավաքության: Վաչագան գյուղում նրանք հանդիպում են դիմադրության: Մի գյուղացի կտրականապես հրաժարվում է հարկ վճարել: Պարսիկ հարկահավաքները բողոքում են խանին, որ մի մարդ չի ենթարկվում հրամանին: Խանը ցանկանում է տեսնել նրան և պահանջում է իր մոտ բերել այդ հանդուգնին: Երբ վաչագանցին մոտենում է պալատին, տեսնում է շքամուտքում նստած աժդահա գամփռների: Նա խեթ հայացք է նետում մի շան վրա, հետո էլ մյուսի, որից հետո շները սսկվում ու նստած են մնում: Գյուղացին ներս է մտնում: Խանը զարմանում է.<< Էս ինչպես՞ անցար շների կողքով, և քեզ անվնաս բաց թողեցին>>: Խանը երկար հարցուփորձից հետո հավանում է նրան, նրա միտքը և առաջարկում իր մոտ անցնել ծառայության: Գյուղացին համաձայնվում է : Երկար տարիներ ծառայելուց հետո նա հասնում է վեզիրի պաշտոնի (այստեղից է ծագում Վեզիրյանների ազգանունը): Տարիների ընթացքում նա կարողանում է հեռվից ապահովել իր ընտանիքի ապրուստը: Արդեն ծեր հասակում խանը նրան ազատ է արձակում՝ ծառայության դիմաց` նրան նվիրելով անհատույց հողեր հայրենի եզերքից, որը ամրագրում է մագաղաթի վրա: Վեզիրը իր երեք եղբայրների հետ վերադառնում է հայրենի Վաչագան գյուղը: Ասում են , որ եղբայրները միմյանց միջև բաժանում են տարածքները, և յուրաքանչյուրն իր ընտանիքով հաստատվում է նոր հողերի վրա: Ավանդազրույցը պատմում է, որ տարածքները կոչվում են իրենց տերերի անուններով: Այսպես օրինակ՝ Խուստուփի տարածքը անունը ստացել է Խոսրովի անունից, Շլուտ հանդամասը՝ Մուշեղի անունից, Պեյին ձորը՝ Բեյի անունից: Վեզիրյան եղբայրների տարածքները ձգվում էր Վաչագանից մինչև Ղուրչիկ, որը գյուղի մի մասն է, բայց գտնվում է հանդիպակաց սարի վրա և ավելի մոտ է Բաղաբուրջ գյուղին:

    Մագաղաթը երկար տարիներ պահպանվում էր Վեզիրյանների տանը և փոխանցվում էր ժառանգաբար՝ որպես հողի սեփականության վավերագիր: Գյուղում հիշողություններ են պահպանվել, որ իբր թոնրատանը հաց թխելուց գյուղի կանայք խնդրում են Վեզիրյանների տան կանանցից մեկին ցույց տալ մագաղաթը: Առանց վատ բան կասկածելու կինը, որի անունը չի հիշատակվում, բերում և ցույց է տալիս մագաղաթը: Ըմբոստ կանայք, կարդալուց հետո, մագաղաթը նետում են թոնրի կրակների մեջ՝ այդպիսով վերջ դնելով Վեզիրյանների հողատիրական իրավունքներին:

    (Ավանդազրույցը գրառել եմ հավաքչական աշխատանքների ժամանակ, Վաչագանում՝ Սվետլանա Օհանջանյանից)։

    ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋԸ

    1868 թվականի գարունը խիստ անձրևային էր Կապանի տարածքում: Հեղեղն իր ճանապարհին ոչնչացնում էր կամուրջներ, կառույցներ, քշում –տանում էր անասուններ, լինում էին մարդկային զոհեր: Այդ ժամանակ ջուրը քշեց ու տարավ Վաչագան գետի վրայի միակ փայտե կամուրջ, որը միմյանց էր կապում Վաչագան և Բաղաբուրջ գյուղերը: Երբ հեղեղը դադարեց, հանդես եկավ Վաչագան գյուղացի ունևոր Ավանես Նուրիջանյանը և ցանկություն հայտնեց երկու գյուղերը միմյանց կապել քարե կամարակապ կամրջով: Նա իր մոտ կանչեց իր ազգակից, հայտնի վարպետ Մնացական Նուրիջանյանին, վճարեց ոսկով և պատվիրեց երկու տարում ավարտել կամրջի շինարարությունը: Կամրջի շինարարությունը ավարտվեց 1870թվականի մայիսի 24-ին, բայց վարպետը արգելեց երթևեկել նրա վրայով, մինչև կրաշաղախն ու քարերը ամրանան: Այդպես էլ եղավ:

    Միաթռիչք կամրջի բացումը տեղի ունեցավ աշնանը: Երկու գյուղերի բնակչությունը կազմակերպեց մեծ խնջույք:

    Կամուրջը իրոք ունեցավ ռազմավարական նշանակություն: 1905-1906 թթ.հայ-թաթարական բախումների ժամանակ, երբ Քյարխանայի թուրքերը փակել էին դեպի Հանքեր ( Կապան) տանող ճանապարհը, վաչագանցիները անցնում էին կամուրջը և Բաղաբուրջի վրայով իջնում քաղաք:

    Կամուրջն այսօր էլ կանգուն է, ծառայում է տեղացիներին: Այն գտնվում է գյուղից ներքև, մեկ կմ դեպի արևելք:

    (Աղբյուրը՝ Գ․Սմբատյան, Սյունիքը փորձության մեջ)

    ՎԱՉԱԳԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԱՆ և ՊԱՏՄԱԿԱՆ

    ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

    1. Գյուղի հին գերեզմանոցը (գտնվում է գյուղի հս-արմ եզրին, 17-20-րդ դդ.)
    2. Երկրորդ աշխարհամարտում զոհված վաչագանցիներին նվիրված հուշարձան, կառուցվել է 1968 թ.
    3. Վաչագան գյուղացի, Բրեստի պաշտպան Սոս Նուրիջանյանի հուշարձանը (քանդակագործ՝ Մարատ Նուրիջանյան)
    4. Միջնադարյան գյուղատեղի՝ Քոլվա, գտնվում է գյուղից 4 կմ արմ., Խուստուփի լանջին
    5. Հացին աղբյուր, գտնվում է հին Քոլվա գյուղատեղիում
    6. Բալնոյ աղբյուր, գտնվում է Հացին աղբյուրի մոտ
    7. Քամ խաչ՝ գտնվում է գյուղից ներքև, Վաչագան գետի ափին, Խուստուփ տանող ճանապարհի վրա
    8. 10-11-րդ դարերի եկեղեցի, գտնվում է հին Քոլվա գյուղատեղիում
    9. Քարայր-ուխտատեղի, որի մուտքի մոտ կան խաչքարեր
    10. Գյուղի կենտրոնում գտնվող միանավ սրահով եկեղեցի (17-րդ դար)
    11. Միաթռիչք կամուրջ, որը կապում է Վաչագանը Բաղաբուրջի հետ (կառուցվել է 1870 թ., գտնվում է գյուղից ներքև, Վաչագան գետի վրա)
    12. Արցախյան պատերազմում զոհված վաչագանցիներին նվիրված հուշաղբյուր, որը գտնվում է գյուղի կենտրոնում (1995 թվական)
    13. Չալ քար ( հին միջնադարյան բնակատեղի)
    14. Մշնըսռ ( հին միջնադարյան բնակատեղի)
    15. Պեյին ձոր( հին միջնադարյան բնակատեղի)
    16. Շլուտ հանդամաս

     

    Արմինե Հովհաննիսյան

    «Տավերս» մշակութային ՀԿ-ի համահիմնադիր

    Պենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին

    17.03.2025 21:41

    Ռուբեն Վարդանյանի փաստաբանը Թրամփի խորհրդականի գրառումից հետո Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է Փաշինյանին և Միրզոյանին

    17.03.2025 20:55

    Կայացել է Կապան համայնքի ավագանու հերթական նիստը

    17.03.2025 19:42

    Ադրբեջանի ՊՆ-ն երկու օրվա ընթացքում չորրորդ ապատեղեկատվությունն է տարածել

    17.03.2025 17:46

    «Ադրբեջանը հայտարարում է՝ ճանապարհը պատկերացնում է ուղղակի «միջանցքի» տարբերակով, որով անարգել կգնա Նախիջևան. դա կնշանակի, որ ՀՀ սուվերենություն այլևս գոյություն չունի». Աշոտ Մելքոնյան

    17.03.2025 17:45

    «ՀՀ-ում ռևանշիստական միտումները լուրջ խոչընդոտ են հարաբերությունների կարգավորման գործընթացում»․ Բայրամովը հոդված է հրապարակել

    17.03.2025 16:40

    Արցախում Ադրբեջանն իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն. Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

    17.03.2025 16:36

    Քարաթափում Տաթև-Լծեն ճանապարհին․ այն դարձել է միակողմանի երթևեկելի

    17.03.2025 12:43

    Թուրքական ԶԼՄ-ներում բազմաթիվ նյութերով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ

    17.03.2025 12:40

    Իրավիճակը հանգիստ է. ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ

    17.03.2025 11:05

    Մարտի 19-ին Կապանի մի շարք թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

    17.03.2025 10:30

    Կոմիտասյան երգեր. «Անձրեւն եկաւ շաղալէն»

    16.03.2025 18:50