Վահագն Խաչատրյան. «Մեղրիում ազատ տնտեսական գոտու բացման կապակցությամբ այս պահին եռուզեռ պետք է լիներ, բայց, որքանով տեղյակ եմ, սպասված ակտիվությունը չկա»

29.12.2017 11:44
1383

Ճանաչված տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ մեր զրույցի հիմնական թեման ազատ տնտեսական գոտին է, դրա հնարավորություններն ու առավելությունները, պատմական փորձը: 

- Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում ստեղծվում է ազատ տնտեսական գոտի: Ի՞նչ ասել է ազատ տնտեսական գոտի, եւ աշխարհում ի՞նչ փորձ կա այդ առումով:

- Աշխարհի շատ երկրներ իրենց տնտեսական հաջողությունները պայմանավորում են տվյալ երկրի առանձին շրջաններում ազատ տնտեսական գոտիներ ստեղծելով: Լավագույն օրինակներից է Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիայում նույնպես նման օրինակներ կան: Ազատ տնտեսական գոտի նշանակում է որեւէ պետության մեջ առանձնացված տարածք, որտեղ այդ պետության եւ օտարերկրյա ձեռնարկատերերին ու ներդրողներին թույլատրվում է տվյալ պետության այլ տարածքի համեմատ առավել ազատ պայմաններով ծավալել տնտեսական գործունեություն, ինչի համար ստեղծվում են արտոնյալ պայմաններ՝ օրենսդրական, հարկային, վարձակալական եւ այլն: Հիմնական խնդիրը վերաբերում է ոչ թե կոնկրետ եկամուտներ ստանալուն, թեկուզ ի վերջո դրան է հանգեցնում ազատ տնտեսական գոտին, այլ օտարերկրյա ներդրողների համար գրավիչ պայմաններ ստեղծելուն: Երկրորդ՝ Չինաստանի հաջողությունները մեծապես պայմանավորված են նրանով, մեզ համենայն դեպս այդպես են ներկայացրել 1970-80-ական թվականներին, որ երկրի մի քանի շրջանում ստեղծել են ազատ տնտեսական գոտի եւ նույնիսկ սահմանային պատ կառուցել, որպեսզի տնտեսական գոտի մուտքը լինի խիստ վերահսկելի. պատճառն այն էր, որ այդտեղ կյանքն էականորեն տարբերվում էր այդ սահմանից դուրս գտնվող չինացիների կյանքից:   

ՀՀ-ում, եթե չեմ սխալվում, գործում է երեք ազատ տնտեսական գոտի՝ «Ալյանս» («ՌԱՕ Մարս» գործարանի տարածքում), «ԵրՄՄԳՀԻ» (Մերգելյանի անվան ինստիտուտ), «Մերիդիան» (ոսկերչություն, ադամանդագործություն եւ ժամագործություն), որտեղ տնտեսական գործունեություն վարող սուբյեկտներին տրվում են հարկային արտոնություններ, այսինքն՝ ԱԱՀ-ից, շահութահարկից, եկամտահարկից եւ մաքսադրույքներից ազատում, բացի դրանից՝ այդ գոտիների տարածքում ստեղծվել են բոլոր պայմանները՝ տնտեսական գործունեություն ծավալելու համար, այսինքն՝ ամբողջ ենթակառուցվածքները համապատասխանեցված են, ավելի է հեշտացվել տնտեսվարող սուբյեկտի համար գործունեություն ծավալելը:

- Եվ ինչպիսի՞ն է մեր հանրապետությունում ստեղծված ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքը:

 - Արդյունք կա, բայց խնդիրն այն է, որ, որպես առանձին տնտեսական գործունեություն, լիարժեք չի ներկայացվել, դրա համար էլ հանրությունը տեղեկացված չէ. չնայած գործարարները տեղյակ են այդ գոտիներում առկա հնարավորությունների մասին: 

- Իսկ այժմ անդրադառնանք վերջերս բացված Մեղրու ազատ տնտեսական գոտուն: Ձեր գնահատականը դրա վերաբերյալ:

- Մեղրու ազատ տնտեսական գոտու բացման ամենակարեւոր առաքելությունն աշխատատեղերի ստեղծումն է, երկրորդը՝ հարեւան երկրի գործարարների՝ տնտեսական գործունեություն ծավալելու համար գրավիչ պայմաններ ստեղծելը: Հիմա՝ թե ինչքանով, ասենք, նույն իրանցի գործարարների համար Հայաստանում գործունեություն ծավալելու՝ մինչ այժմ ոչ բավարար պայմանները բավարար կդառնան, այդ հարցի պատասխանը պիտի տանք: Իրանցի գործարարը կգա Հայաստան, եթե կտրվեն արտոնյալ պայմաններ եւ իր արտադրանքը Հայաստանի միջոցով կարտահանի տարբեր երկրներ. գրավչությունը միայն պայմանավորված է դրանով: Բացի հարկային արտոնություններից՝ նա կօգտագործի Հայաստանի տարանցիկ հնարավորությունները դեպի Վրաստան, Թուրքիա, ԵՏՄ երկրներ իր արտադրանքն արտահանելու համար: Ես չգիտեմ, թե հաշվարկներն ինչի հիման վրա են կատարված, բայց ասեմ, որ ինձ համար մեծ կասկած է հարուցում այս ամենը. ինչո՞ւ. որովհետեւ մեր երկրի այսօրվա իշխանության յուրաքանչյուր ծրագիր հետո պարզվում է, որ որեւէ տնտեսական հիմնավորում չունի: Ասվածիս վառ օրինակը բերեմ. պարզվում է՝ Սյունիքին շատ հետաքրքրող եւ առավել կարեւոր հանդիսացող Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երասխից Սյունիք ձգվող ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական հաշվարկները չեն կատարվել: Թե ի՞նչ կլինի Մեղրու ազատ տնտեսական գոտում կամ արդյո՞ք Սյունիքի զարգացմանը նպաստող առաջնային պայմանն այդ գոտու ստեղծումն է, այդ հարցերի պատասխանը չեմ կարող տալ: Եթե հնարավորություն լիներ ինչ-որ կերպ մասնակցել այդ քննարկումներին, կասեի, որ այսօր Սյունիքի մարզի զարգացման համար կարեւոր եւ առաջնային է Մեղրի-Կապան ճանապարհի կառուցումը թունելով, որը հաստատ ավելի կնպաստեր Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների եւ տարածաշրջանի զարգացմանը: Բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ տնտեսական շրջափակման պայմաններում Հայաստանի հիմնական խնդիրը հաղորդակցությունն է. պետք է ամեն ինչ անենք ծայրամասերում դրա բարելավման համար:

- Արտահանման մասին նույնպես նշեցիք. արդյո՞ք Իրանը չի կարողանում Կասպից ծովով արտահանում կազմակերպել դեպի Ռուսաստան, իսկ երկաթուղով՝ Թուրքիա: Այսօր հաճախ ենք լսում այն տեսակետը, որ Հայաստանը կամուրջ կդառնա այլ երկների հետ առեւտրային հարաբերություններում: Չէ՞ որ Իրանն աշխարհի հետ հաղորդակցվելու այլ ուղիներ ունի: 

- Դիտարկումը ճիշտ է, քանի որ իրականում Իրանի արտահանման հնարավորությունները շատ մեծ են թե՛ իր տնտեսական պոտենցիալով, թե՛ աշխարհաքաղաքական դերով պայմանավորված, բայց հարցը ներկայացնեմ տնտեսագիտական տեսանկյունից. կապիտալը գնում է այնտեղ, որտեղ կան ցածր հարկեր, խաղաղություն եւ խելամիտ օրենքներ: Բիզնեսը մնում է բիզնես, եթե դու նրան տալիս ես արտոնյալ պայմաններ, ազատում ավելորդ խոչընդոտներից ու բյուրոկրատական քաշքշուկներից, ուրեմն գործարարը կօգտվի այդ հնարավորությունից: Այստեղ միայն տնտեսական գործոնն է կարեւոր: Հիմա՝ եթե Մեղրու ազատ տնտեսական գոտում ստեղծվեն այդ գրավիչ պայմանները, գործարարն անպայման ներդրում կկատարի, քանի որ նրան ավելի ձեռնտու է Մեղրիում արտադրություն հիմնել, քան մի քանի հարյուր կմ հեռու գտնվող պարսկական որեւէ բնակավայրում: Ուրիշ որեւէ բացատրություն մի՛ փնտրեք. ընդամենը բիզնես է, որի գլխավոր խթանը շահն է համարվում, եթե այն լինի՝ մարդը կգա, չի լինի՝ չի գա:

- 1990-ական թվականների վերջին բացվեց Մեղրու սահմանամերձ շուկան, որն այդպես էլ չկայացավ: Արդյո՞ք սահմանամերձ շուկան Մեղրու ազատ տնտեսական գոտու նախատիպը չէր, թե՞ այն բոլորովին այլ իրողություն էր: 

-  Այլ բան չէ, շատ ավելի հեշտ տարբերակ է, ասեմ ավելին՝ առավել մատչելի, ընկալելի կլիներ շուկայական գոտի ստեղծելը: Աշխարհում լայնորեն ընդունված ձեւ է սահմանամերձ շուկաների հիմնումը: Հայաստանում բացվեց Իրան-Հայաստան սահմանամերձ շուկան Մեղրիում, որ այդպես էլ չկայացավ, եւ Վրաստան-Հայաստան սահմանամերձ շուկան (Բագրատաշենի), որ հիմա, ցավոք սրտի, չկա, բայց 90-ական թվականներին նրա շնորհիվ Հայաստանը կարողացավ շրջափակումից դուրս գալ: Բագրատաշենի շուկայի, ինչպես նաեւ Պարսկաստանի հետ ավելի հեշտացված ընթացակարգերով առեւտրի կազմակերպմամբ՝ ուղղակի հարկեր չվճարելով, մաքսազերծում չիրականացնելով, կարողացանք այդ ծանր վիճակից դուրս գալ: Ինչո՞ւ Մեղրու սահմանամերձ շուկան չկայացավ, չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ նաեւ, թե կոնկրետ այդ հարցում որ երկրի իշխանության ներկայացուցիչների շահագրգռվածությունը չկար:

Նախատեսված, բայց չկատարված ծրագրերից մեկն էլ այդ տարածաշրջանում Մեղրու հէկի կառուցումն է, որի հիմնարկեքը մի քանի անգամ կատարվել է:

- Փաստորեն խոստումներ տալու եւ չիրագործելու պրակտիկա էլ ունենք, որն ազատ տնտեսական գոտու պարագայում վստահության խնդի՞ր է առաջացնում:

- Տնտեսագիտության մեջ տնտեսական հաջողությունների կարեւոր հանգամանքը վստահությունն է. կարող է ամենափոքր իրողությունն իրականություն դառնա եւ մեծ վստահություն առաջացնի քաղաքացիների շրջանում՝ տնտեսական արդյունավետություն ապահովելով եւ հակառակը. մեծ ծրագիրն իրականություն չդառնա, ու վստահությունը կորչի: Վերադառնանք Մեղրու ազատ տնտեսական գոտուն. իմ կարծիքով՝ դրա բացման կապակությամբ Մեղրիում այս պահին պետք է եռուզեռ լիներ, տարածքներ, մեքենաներ, տներ գնեին կամ վարձակալեին, բայց, որքանով տեղյակ եմ, սպասված ակտիվությունը չկա: Մեկ այլ հանգամանք եւս պետք է հաշվի առնենք. Իրանի Իսլամական Հանրապետությունում զարգացած է գործարարությունը, բայց գործող իշխանությունը մշտապես միջամտում է այդ ոլորտի գործունեությանը, այսինքն՝ իշխանությունը պետք է թույլ տա գործարարին որեւէ երկրում արտադրություն հիմնել, երաշխիքներ տա, մի խոսքով՝ իշխանությունների կամքը, նաեւ միջազգային սանկցիաներն այստեղ լուրջ դերակատարություն կարող են ունենալ:

- Գրավչությունից խոսեցինք. փորձենք հասկանալ, թե ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտը ո՞ր հարկերից է ազատվում:

- Նախեւառաջ՝ ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), բայց սրա դերը չպետք է գերագնահատել, քանի որ մեր երկրում արտահանումն այսպես թե այնպես ազատված է ԱԱՀ-ից՝ անկախ նրանից՝ ազատ տնտեսական գոտո՞ւմ է, թե՞ ոչ: Դա մեկ հանգամանք, երկրորդը՝ մաքսազերծում չպետք է կատարվի: Գիտե՞ք ինչ՝ ազատ տնտեսական գոտու գործունեության պայմանները պետք է հստակ նշվեն. քանի որ ամբողջապես չեն ներկայացվում, չեմ կարող հստակ պատասխան տալ. միգուցե ներկայացված են, ես չեմ տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը: Բայց գրավչության առաջին եւ ամենակարեւոր պայմանը հարկային քաղաքականությամբ է պայմանավորված:

- Օգտվելով առիթից՝ թեկուզ մեր խոսակցության բուն թեմային չի առնչվում, կցանկանայինք լսել Ձեր կարծիքը հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների մասին: 

- Յուրաքանչյուր պետության զարգացման ամենակարեւոր հանգամանքներից մեկը հարկային դաշտի կայունությունն ու մատչելիությունն է: Ցավոք, մեզանում հարկային կայունություն չկա, ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես տարվա վերջին հարկային օրենսգրքում կետեր են փոփոխում: Երկրորդ՝ թե ինչքանով գործող փոփոխությունները կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը՝ չգիտեմ, քանի որ հինն էլ չէր նպաստում, բայց իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ դրական ազդեցություն կունենան: Մենք բավականին շատ հարկատեսակներ ու բարձր հարկեր ենք վճարում պետությանը, երբ հարեւան երկրներում այդ թիվը զգալիորեն տարբերվում է մեր թվերից: Սրանով էլ կարելի է բացատրել Հայաստանում ներդրումներ չկատարելու հանգամանքը: Ասում են՝ այս փոփոխությունների շնորհիվ փոքր բիզնեսում էական տարբերություն կզգացվի:

Ինչ վերաբերում է սպառողական շուկայի վրա ազդեցությանը, ապա հիմնականում ակցիզային հարկի մասին դրույքաչափի փոփոխությունը կբերի մեր կյանքի թանկացման. որպես օրինակ թվարկեմ այն ապրանքատեսակները, որոնց գինը մոտ 25 տոկոսով կավելանա՝ բենզին, խտացված գազ, ալկոհոլ եւ ծխախոտ… Հունվարից կբարձրանան ավելի քան 800 անուն ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը, ինչը կհանգեցնի այդ ապրանքների թանկացմանը: Ընդ որում՝ դրանք հիմնականում լայն սպառման ապրանքատեսակներ են՝ շաքարավազ, միս, կարագ, ավտոմեքենա եւ այլն: Մաքսատուրքերի բարձրացումն ու դրան հետեւող թանկացումները պայմանավորված են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու քայլով: Այդ միությունը կբարձրացնի ոչ անդամ երկրներից ներկրումների մաքսատուրքը, որպեսզի այդպիսով խրախուսի իր ներքին արտադրությունն ու դրա սպառումը: 2018թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. դրույքաչափերի բարձրացումը կլինի 10-20 տոկոս, առանձին ապրանքատեսակների դեպքում՝ նույնիսկ 50 տոկոս, ինչի հնարավոր ռիսկերի մասին ոչ միայն քաղաքացիներն են խոսում, այլեւ Կենտրոնական բանկը: Նորից եմ կրկնում՝ շատ ավելի կարեւոր է, թե ինչքանով է հարկային օրենսգիրքը երաշխիքներ տալիս. կարեւոր հանգամանքը բիզնեսի զարգացման համար սա է:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19