Վաղվա օրվա հավատով

28.05.2013 10:44
3606

Նոր արթնացող գարնանաբույր օրը ցուրտ ու թաց էր, ջերմություն չէր խոստանում: Բայց դրանից հոգուս գարունն ամենեւին աշնան չփոխվեց, ավելին` այն շուտով ջերմանալու է տաք խոհերիցս ու դառնալու է սիրով լեցուն տողեր, քանզի գրելու եմ լավի, գեղեցիկի, բարու մասին:

Կփորձեմ պրպտել, պեղել հիշողությանս պահոցները, թերթել հարազատ ոստանիս անցյալի հատկապես այն էջերը, երբ Սիսիանը ներկայանում էր իր ուրույն արդյունաբերական դեմք-դիմագծով: Պատմական փոքրիկ էքսկուրսը, թերեւս, չէր խանգարի, որպեսզի ընթերցողի հիշողությունը եւս թարմանար Սիսիանի երբեմնի արդյունաբերական հսկա ձեռնարկություններով (չեմ վախենում «հսկա» բառն օգտագործել), ինչպիսիք էին սննդի կոմբինատը, պանրագործարանը, էլետրալամպերի գործարանը, բուժտեխնիկայի գործարանը, տրիկոտաժի ֆաբրիկան… Ցավոք, այս ձեռնարկություններն այլեւս պատմություն են ու հիշողություն նրանց համար, ովքեր տարիներ շարունակ սեփական տքնանքով են վաստակել իրենց ապրուստի միջոցը: Ավա՜ղ, սրանք այն կառույցներն էին, որոնք չդիմացան ժամանակի քննությանը:
Ինչեւէ, հաճելի հիշողություններով զինված` գնում եմ կատարելու մի առաքելություն, գնում եմ լուսաբանելու Սիսիանի «նորելուկ» կարի արտադրամասի գործունեությունը:

Նրա` «Ավալ-Թրեիդ» ՍՊԸ պատմությունը սկսել է բոլորովին վերջերս` 2013թ. մարտի 18-ից, իսկ այդ պատմությունը կերտողները մեր հայրենակիցներն են` Արմեն Գալստյանը, Սիմակ Գյանջումյանը եւ ազգությամբ ռուս Ալեքսանդր Շեպելովը:

Իրենց հյուրընկալ հարկի տակ ինձ սիրով ընդունեցին եւ կարի արտադրամասի մասին պատմելու առաքելությունը ստանձնեցին արտադրամասի գործադիր տնօրեն Արմեն Անդրեասյանն ու կադրերի գծով տեսուչ Սուսաննա Գալստյանը:

Երբ փորձեցի տեղեկանալ, թե ինչպես եւ երբ հղացավ կարի արտադրամաս հիմնելու գաղափարը, Սուսաննա Գալստյանը (հիմնադիրներից մեկի` Արմեն Գալստյանի քույրը) անթաքույց հպարտությամբ նշեց, որ գաղափարն ավելի քան վեհ էր, ազգանպաստ, հայրենանվեր, քանի որ տասնյակ ընտանիքներ էին փրկվելու արտագաղթի ճիրաններից ու գործազրկության ամենակուլ երախից:

Իսկ այն հարցին, թե ինչու հատկապես Սիսիանում բացվեց արտադրամասը, Ս.Գալստյանն ասաց.
– 20 տարի առաջ, իհարկե, ոչ լավ օրից, այս սիսիանցի երիտասարդները եւս բռնեցին օտար ափերում բախտ որոնելու անիմանալի, արկածներով լի, անորոշ ճանապարհը: Գործազրկության ահավոր ցավը ճաշակած տղաները մի պահ մոռացան այդ ամենը, իրենց մեջ ուժ գտան արարելու, ստեղծելու, ու որպեսզի սփոփեն հոգու ցավը, ձեռք ձեռքի, խելք խելքի տվեցին, փորձ, գիտելիք, հմտություն, նվիրվածություն միախառնելով` Դոնի Ռոստովում ստեղծեցին կարի արտադրամաս: Ունենալով որոշակի փորձ, հայրենակիցներին նեցուկ լինելու մեծ ցանկություն` տղաները ձեռնամուխ եղան «դուստր» ձեռնարկություն ստեղծելու վեհ գործին, դա այն դեպքում, երբ տարածաշրջանի երբեմնի հզոր ձեռնարկությունները վաղուց անջուր ջրաղացների են վերածվել` առաջացնելով այսօրվա գործազուրկների հոծ բանակը:

– Ինչպե՞ս եւ ինչի՞ց սկսեցիք կարի արտադրամասի գործարկումը: Կայի՞ն դժվարություններ, ինչպե՞ս հաղթահարեցիք դրանք, – ահա հարցերի խումբ, որոնց պատասխաներն ակնկալում էի Արմեն Անդրեասյանից:

– Գործընթացը, անշուշտ, պատասխանատու էր, եւ, իհարկե, զերծ չէր դժվարություններից: Տեսականորեն ամեն ինչ լավ էր, հերթը գործնականինն էր, որի իրագործմանն ուղղեցինք մեր ողջ ռեսուրսը:

– Ինժեներական գիտելիքներ, հմտություններ, փորձ, համապատասխան աշխատուժ, որոնց առկայությունը կարճ ժամանակահատվածում հնարավորություն տվեց ստեղծել արտադրամասը, – մեր զրույցին է միանում Ս.Գալստյանը:

Գնալով ավելի էր մեծանում հետաքրքրությունս` րոպե առաջ լինելու եւ տեսնելու «մինի» ֆաբրիկան, որին ծանոթացնելու նախաձեռնությունը ստանձնեցին Ս.Գալստյանն ու նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի մասնագետ Գոհար Համբարձումյանը, ով մասնագիտական խորհուրդներով, փորձով, գիտելիքներով, անշուշտ, կնպաստի արտադրամասի առաջընթացին:
Ահա եւ արտադրամասը` լուսավոր, մեծ, ընդարձակ, ուր մեծ եռանդով, փութաջանորեն տքնում է մոտ 100 մարդ: Սիրով արձանագրեցի վերջին թիվը, որը, անշուշտ, համատարած գործազրկության պայմաններում մեծ հարված կլինի գործազրկություն կոչվող չարիքին:
Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե մեկ անգամ եւս բարձրաձայնեմ, որ մեր պետության ամենացավոտ, ամենախոցելի տեղը գործազրկությունն է: Ուրախալի մի փաստ արձանագրեցի, որ որպես աշխատուժ` արտադրության մեջ ներգրավված է նաեւ զբաղվածության կենտրոնում հաշվառված 11 գործազուրկ եւս, ովքեր զբաղվածության կենտրոնի անմիջական միջնորդությամբ, որոշակի փորձ ձեռք բերելուց հետո, անցել են հիմնական աշխատանքի:

Այնուհետեւ խոսք եմ բացում ներկրվող հումքի, թողարկվող արտադրատեսակների, որակական ցուցանիշների, արտահանման, իրացման հարցերի շուրջ, որոնց ի պատասխան, գործադիր տնօրեն Ա.Անդրեասյանն ասաց.

– Մեր աշխատանքում կարեւորում ու հիմնական շեշտը դնում ենք որակի, առաքման, շուկայում հաստատուն տեղ ու դիրք ունենալու վրա: Իսկ թողարկվող արտադրանքը` մեծի եւ փոքրի շապիկներ, տղամարդու ներքնաշորեր, անշուշտ, մրցունակ կլինի, հաջող քննություն կբռնի, եթե բարձրորակ լինի: Իսկ ինչ վերաբերում է իրացմանը, համոզված ենք, որ դա եւս հաջողությամբ լուծում կստանա:

Երջանիկ պատահականությամբ սույն հոդվածը գրվում էր այն օրը, երբ կարի արտադրամասը Ռուսաստան էր առաքում թողարկված արտադրանքի առաջին խմբաքանակը:

Հեռանկարների, առաջիկա պլանների, ծրագրերի մասին արտադրամասի ղեկավարության պատասխանը շատ համեստ էր. «Ժամանակից առաջ չընկենք»:

Այս փոքր-ինչ ժլատ պատասխանն ավելի քան խոսուն էր, քանի որ զգացի կարեւոր, թեեւ չասված, բայց ընկալելի մի բան` արտադրամասի վաղն ավելի քան լուսավոր է լինելու, քանի որ բոլորը սրտացավ են ու զինված վճռականությամբ:

– Մենք կանգ չենք առնելու ձեռք բերածով: Հետագայում, երբ հնարավոր լինի ընդլայնել արտադրության ծավալները, կմեծանա նաեւ արտադրամասի հզորությունը, իսկ դա ենթադրում է նոր աշխատատեղեր ունենալու հնարավորություն, – զրույցն այսպես եզրափակեց Ա.Անդրեասյանը` առանց դույզն-ինչ տատանվելու, համոզված, հույսով, հավատով, լավատեսությամբ…

Ես աներկբա վարակվեցի կարի արտադրամասի ղեկավարության լավատեսությամբ, համոզված, որ այսուհետ երկար, շա՜տ երկար ճանապարհ են անցնելու նրանք, որ հօգուտ հարազատ ժողովրդի է բաբախելու ձեռնարկության սիրտը, իսկ դրանից, անշուշտ, կշահի սիսիանցի տրիկոտաժագործը, սիսիանցի աշխատավորը:

Բարեգործությունը, բարեսիրությունն Աստծո կողմից տրված շնորհ են, երիցս կեցցեն այն մարդիկ, ովքեր այն դարձնում են իրականություն` ի շահ ժողովրդի:

Ես լիահույս եմ, որ դարի ցավերին ականջալուր այս մարդիկ, ովքեր որդեգրել են տասնաբանյա օրենքներից մեկը` «Սիրի՛ր մերձավորիդ»` այն դարձնելով աշխատաոճ, դարձնելով սկզբունք, արժանի են օրհնանքի: Իսկ օրհնանքը, անշուշտ, հնչելու է ամեն Աստծո օր, հնչելու է նրանց շուրթերից, ովքեր աշխատում են Սիսիանի նորաբաց կարի արտադրամասում, նրանց շուրթերից, ովքեր այլեւս լցված են հավատով, մեծ հավատով վաղվա օրվա նկատմամբ:

ԷՎԵԼԻՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, Սիսիան

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10