Վարդան Ջալոյան. «Սովորաբար զարգացում տեղի չի ունենում այն դեպքում, երբ մարդիկ համարում են, որ այլընտրանք չկա»

15.09.2017 09:31
1429

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին եւ 2-ին Կապանի «Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության տրամադրած սրահում «Արտլաբերեւան» մշակութային հկ-ն «Անհնարին ընտրության հնարավորությունը» նախագծի շրջանակներում իրականացրեցին գործնական պարապմունք, սեմինար-քննարկում՝ «Ժամանակակից եւ մոդեռն արվեստ. երկու ստեղծագործական մոտեցում» եւ «Տեխնիկական  միջոցները եւ մեթոդները ժամանակակից արվեստում» թեմաներով: Դրանք անցկացրեց արվեստագետ, բազմաթիվ նախագծերի համադրող Արման Գրիգորյանը, վարեց արվեստի քննադատ, մշակութաբան Վարդան Ջալոյանը:


Նախագիծն իրականացվում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի օժանդակությամբ:


Օգտվելով առիթից՝ հարցազրույց վարեցինք արվեստի քննադատ, մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ:


- Պարո՛ն Ջալոյան, սկսենք նախագծի վերնագրից՝ «Անհնարին ընտրության հնարավորությունը»:


- Նախ՝ նշեմ, որ նախագիծն իրականացնում է «Արտլաբերեւան» ստեղծագործական խումբը: Ինչո՞ւ անհնարին ընտրության հնարավորություն, որովհետեւ սովորաբար զարգացում տեղի չի ունենում, երբ մարդիկ համարում են, որ այլընտրանք չկա, որ ինչ-որ մի բան անելն անհնարին է: Այն մարդիկ, ովքեր ճեղքում են այդ անջրպետը եւ անհնարինը հնարավոր դարձնում, ստեղծագործ մարդիկ են:


- Նախագծի շրջանակներում մարզի այլ քաղաքներում նույնպես նախատեսվո՞ւմ են նմանատիպ այցելություններ:


- Ո՛չ, մենք չենք ուզում գաստրալյոր աշխատել, այլ հակառակը՝ ուզում ենք այնպես անել, որ ինչ-որ օրինակների միջոցով նախաձեռնությունը փոխանցենք տեղի երիտասարդությանը, ստեղծագործ մարդկանց: Ընդհանրապես Հայաստանում շատ մեծ է կենտրոնացվածությունը գրեթե բոլոր ոլորտներում, իսկ արվեստում՝ առավել եւս, որ մեծ մասամբ կենտրոնացված է Երեւանում, որեւէ կանոնավոր հաղորդակցություն գոյություն չունի, բացի հազվադեպ հյուրախաղերից: Ինչ վերաբերում է Կապանում այս եւ նմանատիպ միջոցառումներ անցկացնելուն, ապա այս քաղաքը հայտնի է իր ստեղծագործ մարդկանցով, յուրահատուկ խառնվածքով:


- ժամանակակից արվեստի գործը հասանելի է բոլորի՞ն, թե՞ մարդկանց որոշ խմբին:


- Այն հասանելի է բոլորին, որովհետեւ ժամանակակից արվեստը փորձում է լինել ժամանակին համահունչ, իսկ մեր ժամանակների հիմնական սկզբունքը դեմոկրատիան է, այսինքն՝ հարկավոր է արտահայտվելու հնարավորություն տալ բոլորին: Օրինակ՝ որպեսզի գեղանկարիչ լինես, անպայման երկար ճանապարհ պետք է անցնես, պետք է վարպետությունդ կատարելության հասցնես, բայց գեղանկարչության նպատակն այդ վիրտուոզությունը կամ էլ վարպետությունը ցույց տալը չէ, այլ միտքն է, որ չափազանց կարեւոր է եւ ունի գեղագիտական մեծ արժեք: Ժամանակակից արվեստը միայն նրանց համար չէ, ովքեր նկարել գիտեն, ինչպես երաժշտության մեջ, այստեղ նույնպես պետք է գեղանկարչական «լսողություն» ունենաս, բայց միտքն ընդհանուր է բոլորիս համար: Ինչո՞ւ ենք մենք հավասար. որքան էլ տարօրինակ լինի, գուցե մենք չունենք երաժշտական, նկարչական կամ մաթեմատիկական կարողություններ, բայց բոլորս միտք ունենք, եւ ուզենք-չուզենք այն հայտնվում է բոլորիս գլխում:


Ժամանակակից արվեստի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ այն փոխեց արվեստի կազմակերպման ձեւը, եւ այդ առումով ազգային ժամանակակից արվեստ չկա: Այն լեզվով, որ, օրինակ, խոսում են Արման Գրիգորյանը, Համլետ Հովսեփյանը, հասկանալի է բոլոր մարդկանց, որովհետեւ նրանք դիմում են մտքին: Բայց դա չի նշանակում, որ ժամանակակից արվեստի մեջ չկան տեղական տարրեր, հակառակը՝ նրանց գործերում շատ ուժեղ արտահայտված է տեղականը: Իմ կարծիքով՝ նայելով Արմանի կամ Համլետի գործերին՝ հասկանում ենք, թե ինչպիսին է Հայաստանը՝ առանց երկար-բարակ պատմությունների:


- Եվ, եթե իհարկե կարելի է, թվարկեք ժամանակակից արվեստի Հայաստանի նշանավոր ներկայացուցիչներին:


- Նախ՝ նշեմ, որ ժամանակակից արվեստը, օրինակ, իր հիմնական արտահայտչամիջոցը համարում է ինստալյացիան կամ վիդեոն, բայց դա չի նշանակում, որ այն բացասում է գեղանկարչությունը, ավելին՝ դրա կարեւոր մասերից մեկն էլ կոչվում է նեոֆիգուրատիվ արվեստ: Եթե օրինակ հարցնեք, թե ով է վիդեո արտում լավագույն ներկայացուցիչ, կասեմ Դիանա Հակոբյան, Հարություն Սիմոնյան կամ Համլետ Հովսեփյան, ինստալյացիայում՝ Կարեն Անդրեասյան, Դավիթ Կարեյան, նեոֆիգուրատիվ արվեստում՝ Արթուր Սարգսյան, Սարգիս Համալբաշյան եւ այլն: Ժամանակակից արվեստում շատ կարեւոր է ձայնը. ձայնային ինստալյացիան, որի դեպքում մարդն աշխատում է բնության ձայների հետ եւ ներկայացնում այն միջավայրի ձայները, որոնք լսում ենք, որ կարող է տպավորություն թողնել: Ուզում եմ ասել, որ ժամանակակից արվեստի միջոցները բազմաթիվ են, եւ կարեւորն այն միտքն է, որ դու արտահայտում ես, իսկ միտքը միշտ ժամանակակից է:


Ժամանակակից տեխնիկական միջոցներն առաջին հերթին տալիս են հաղորդակցման լայն հնարավորություններ: Լավ արվեստագետի համար այլեւս ոչ մի դժվարություն չկա աշխարհի լավագույն պատկերասրահներում աշխատանքները ցուցադրելու համար: Աշխարհին ներկայանալու համար մի ընդհանուր չափանիշ է ստեղծվել բոլոր արվեստագետների համար:


- Որո՞նք են ժամանակակից արվեստում մեր՝ մինչ այժմ գրանցած հաջողությունները:


- Նշեմ, որ ժամանակակից արվեստի ամենակարեւոր միջոցառումը Վենետիկի բիենալիեն է, որին Հայաստանը մասնակցում է 1995թ.-ից (հետխորհրդային հանրապետություններից առաջինը): 2015թ. Վենետիկի 56-րդ բիենալիեին Հայաստանի ազգային տաղավարն արժանացավ «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին: Որպեսզի դու մասնակցես այդ միջոցառմանը, պետք է ունենաս ժամանակակից արվեստ՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով, այսինքն՝ ունենաս արվեստ, որ հետաքրքիր կլինի ժամանակակից աշխարհին: Ուզում եմ ասել, որ չափազանց համառ ջանքերի գնով, բայց հայկական ժամանակակից արվեստը մնում է համաշխարհային կոնտեքստում, ուստի մեր երիտասարդները պետք է ոգեւորվեն եւ հասկանան, որ դա պարզապես մոդա չէ, այլ Հայաստանում նույնպես հնարավոր է լինել ժամանակակից արվեստագետ եւ հաջողություն ունենալ:


- Այս օրերին ցուցադրված աշխատանքներում կային նաեւ քաղաքական թեմաներով գործեր:


- Նախ՝ ասենք, թե ինչով է տարբերվում, օրինակ, Մինասի գործը ժամանակակից արվեստի գործերից, որ այսպես կոչված մոդեռնիստ եւ ժամանակակից արվեստների տարբերությունն է: Մոդեռնիստ արվեստի գործը դիտելիս հաղորդակցությունը պասիվ է, եւ կարծես ինֆորմացիան միակողմանի է, իսկ ժամանակակից արվեստի գործն այդպիսին չէ, այն գոյություն ունի միայն հանդիսատեսի հետ հաղորդակցության եւ կոմունիկացիայի միջոցով: Այստեղ դու անմիջապես հաղորդակցվում ես արվեստագետի, այլ ոչ թե նկարի հետ. սա արվեստի քննադատության մեջ կոչվում է մասնակցային սկզբունք: Այսօր բոլորը խոսում են, որ քաղաքականության մեջ դեմոկրատիա գոյություն ունի, բայց դա այն դեպքում կլինի, եթե քաղաքացին ակտիվ մասնակցի, օրինակ, ընտրությանը. նշանակություն չունի ընտրությունը կեղծվում է, թե ոչ, կարեւորը մարդկանց ակտիվությունն է, իսկ եթե դա չկա, ուզում է՝ կեղծեն-չկեղծեն, դեմոկրատիա չկա: Նույն կերպ էլ արվեստի մեջ է. արվեստագետը չպետք է ձգտի ապշեցնել, այլ ժամանակակից արվեստի ուժն այն է, որ հաղորդակցության մեջ մտնի քեզ հետ, եւ դու դիպչես արվեստագետի մարմնին: Առհասարակ ժամանակակից արվեստը չի կարող իր սկզբունքների մեջ տարբերվել քաղաքական, սոցիալական, տեխնոլոգիական սկզբունքներից:


- Որո՞նք են Հայաստանում ժամանակակից արվեստի զարգացման խոչընդոտները:


- Արվեստը մեռնում է, երբ ստեղծագործական լիցք գոյություն չի ունենում կամ էլ այն հանգչում է: Իհարկե, քաղաքական գործիչները կարող են նպաստել իմպուլսի հանգչմանը: Պետք չէ արվեստագետին հովանավորել, ընդամենը հարկավոր է չխանգարել: Իսկ ինչպե՞ս են խանգարում. երբ սկսում են հիմարներին աջակցել, բուծել անտաղանդ մարդկանց, վարել այնպիսի մշակութային քաղաքականություն, որը չի աջակցում տաղանդավոր մարդկանց: Ցավում եմ, որ մեր երկրում գոյություն ունի երկու մշակույթ, կարծես թե վերեւներն այլ կերպ են մտածում, ներքեւները՝ այլ, վերեւները մի հոգեբանություն ունեն, ներքեւները՝ այլ, վերեւները բարոյականության այլ նորմեր ունեն, ներքեւները՝ այլ եւ այդպես շարունակ: Ի՞նչ անել, որ այս երկուսի միջեւ երկխոսություն լինի:


Եվ ամենամեծ խոչընդոտներից մեկն էլ մեր կրթական համակարգն է, որ գեղագիտական դաստիարակության մասին չի մտածում: Մեզանում միջին եւ բարձր դասարանների աշակերտների համար նախատեսված դասագրքերում կարելի է ասել տեղ չի հատկացվում մշակույթին՝ բացի մի քանի տողով ներկայացնելուց: Իսկ արվեստի գործը գնահատել, մշակույթի իսկական արժեքը հասկանալ հնարավոր է միայն ավելի հասուն տարիքում:


- Չե՞ք կարծում, որ մեր հասարակությունը ոգու սով է ապրում:


- Ոգին, եթե հիշում եք, միշտ առնչվում է խիզախության հետ, իսկ արվեստն արհեստից տարբերվում է նրանով, որ արվեստը խիզախ է, իսկ արհեստը՝ հարմարվող, պահպանողական: Ուրեմն ոգու սով նշանակում է խիզախության սով, որ ամեն տեղ կարող է լինել թե՛ արվեստում, թե՛ քաղաքականության մեջ:


- Եվ վերջում՝ ինչպե՞ս եք գնահատում այս օրերին անցկացված գործնական պարապմունքի, սեմինար-քննարկումների  ընթացքը:


- Գնահատում եմ բավարար, որովհետեւ կարծում էի, որ ավելի խոր երկխոսություն պիտի տեղի ունենա մեր եւ տեղի ստեղծագործողների, մտավորականների միջեւ: Բայց սա երկար պրոցես է, եւ ոչ ոք չի ասում, որ հրաշքներ կլինեն: Հարկավոր է շատ աշխատել, հասկանալ միմյանց, ինչը մեր օրերում շատ է դժվարացել: Ամբողջ աշխարհում սարսափելի բան է կատարվում, բոլորը դարձել են ինքնասիրահարված, էգոիստ եւ այլն:

                                                                                           ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Սեպտեմբերի 15-ին Ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում տեղի կունենա Արման Գրիգորյանի «Միջոցներ եւ նպատակներ» խորագրով ցուցահանդեսը:

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19