«Վատ չենք ապրում. կարտոլը կա, հացը կա, արաղը կա, աթարը կա…». ասում են Ծղուկ գյուղի Ենոքյանների ընտանիքում

23.10.2019 13:01
1837

Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքի Ծղուկ բնակավայրում  մարդիկ ձմռան նախապատրաստության վերջին աշխատանքներն են կատարում: Եվ դա օրինաչափ է:  Հոկտեմբերի կեսն էլ անցավ, այսինքն` աշնան կեսն էլ անցավ. հիմա ցուրտ քամիներ են փչում խռովահույզ Մեծ Իշխանասարից, ուր ծվարած գորշ, խիտ ամպերն ասես մարտից առաջ մեկմեկու են հետախուզում,  գտնելու «հակառակորդի» թույլ կողմերը եւ ապա  միանգամից հարվածելու:

- Իշխանասարը շտապեցնում է բոլորիս. պետք է արագ ավարտել  ձմռան նախապատրաստության վերջին  աշխատանքները, իսկ մեզ մոտ ձմեռը երկար է տեւում, պետք է  վառելիքն ու կարտոֆիլը շատ պահեստավորենք, - ասում է մի բնակիչ:

 Ծղուկցիները Սիսիանի տարածաշրջանի նախկին Բորիսովկա գյուղի բնակիչներն են: Բորիսովկան ջրի տակ անցնելուց հետո, նոր գյուղ հիմնվեց:

- Վայրը լավն է, հարթ, բայց շատ խոնավ է, տեսեք` տան պատերն անգամ խոնավացել են, - ասում է Ենոքյան  Դանիելի կինը՝ Ֆրիդան:

Տունը մեկ հարկանի է, «սովետի» ժամանակ պետությունից են ստացել: Ենոքյանները եղածով չեն բավարարվել, բարելավել են բնակարանային իրենց պայմանները, ավելացրել սենյակների թիվը, վերակառուցել սանհանգույցը եւ հիմա տունը, ինչպես ժողովուրդն է ասում, եվրոնորոգված է, ջեռուցում էլ ունի:

- Մեր ինչի՞ն է պետք գազը,  մենք աթարով ենք  «պառավոյն» աշխատեցնում, - ասում է Դանիելը:

- Ջեռուցման սեզոնում քանի՞ մեքենա աթար  կօգտագործեք, - հարցնում եմ Ենոքյաններին:

- Եթե անխնա վառենք, երեք մեքենա աթարը բոլ-բոլ է, - ասում է տան տղան՝ Զոհրաբը:

 Ընտանիքի մայրն էլ` թե ինչո՞ւ պիտի խնայողություն անենք, աթարը տնից գոյացող բան է, ասենք պիտի փողոցը կեղտոտենք, աթար ենք պատրաստում, որի շնորհիվ ե՛ւ փողոցն է մաքուր մնում, ե՛ւ տունն է տաք լինում, ե՛ւ փող չենք ծախսում  ջեռուցման համար:

- Գյուղում աթար վաճառողներ կա՞ն, - հարցնում եմ:

- Իհարկե: Մեկ մեքենա աթարն արժե 50 հազար դրամ:

 Մտքումս հաշվարկ եմ անում. ամբողջ ձմեռվա համար երեք մեքենա աթար է պետք: Ուրեմն՝ 150 հազար դրամով նրանք ձմեռը կանցկացնեն: Խոսքը նրանց մասին է, ովքեր աթարը գնում են: Իսկ Գորիսում, օրինակ, մասնավոր տնատիրություններն ամսական 100 հազար դրամ են ծախսում`  տունը գազով ջեռուցելու համար, այն էլ` խնայողաբար օգտագործելով գազը:

- Այնպես որ`  աթարը շատ ձեռնտու վառելիք է:

Ասես մտքերս կարդալով` Զոհրաբն ասում է.

- Աթարը էժան է, տնից հոտ չի գալիս, անվտանգ է, ինչպես ժողովուրդն է ասում՝ էկոլոգիապես  մաքուր վառելիք է:

Զոհրաբը  ե՛ւ խոսում է մեզ հետ, ե՛ւ րոպեն մեկ կնոջը դառնում՝ Օսան, կոֆեն դիր, Օսան, թեյը չմոռանաս,  Օսան... Խեղճ Օսան, ո՞ր մեկը հասցնի: Իսկ նա ժպիտը դեմքին, առանց խառնվելու, իր գործն է անում, գիտի որը որից հետո եւ ինչպես…

«Սյունյաց երկիր»  թերթի խմբագիր  Սամվել Ալեքսանյանն առաջարկում է   ընտանիքով հավաքվել սեղանի շուրջ՝ ընտանեկան լուսանկարի համար:

Զոհրաբ, դու Զոհրաբ, էլի՝ Օսան, ո՞ւր ես, շուտ արա, Օսան... արի նստիր, արի նկարվենք:

 Դե ինչ, բոլորս ժպտում ենք, Զոհրաբը ոչ մի պարագայում Օսանին չի մոռանում: Ընտանեկան լուսանկարը ստացվեց…

Հիմա տեսնենք՝ ինչպես է ընտանիքը ստեղծվել:

Դանիելին հարցնում եմ՝ Ֆրիդան ձեր գյուղից չէ, ինչպե՞ս ես գտել նրան:

- Ես չեմ իրեն գտել, ինքն է ինձ գտել ու էլ բաց չի թողել, պինդ պահել է, որ ուրիշները չգողանան:

 Ֆրիդան ժպտում է , գիտի, ամուսինը կատակասեր է:

- Դանիելն ու եղբայրս միասին աշխատում էին Արփա-Սեւան թունելի շինարարությունում:

 Եվ Ֆրիդայի եղբայրը կամուրջ դարձավ այս ընտանիքի ստեղծման համար: Նրանք ունեցան  չորս զավակ՝ երեք տղա, մեկ աղջիկ: Բոլորն ամուսնացած են, եւ Ենոքյան ամուսինները թոռներ ունեն: Ծնողների հետ փոքր տղան՝ Զոհրաբն է ապրում:

- Եթե Զոհրաբն իրեն խելոք չպահեց, մեզ հետ չի ապրի, - ասում է Դանիելը:

 Իսկ  նրանց ընկալմամբ «խելոք» պահելն իր չափանիշներն ունի՝ հարգել ծնողներին, քրոջը, եղբայրներին, հարազատներից  ոչ մեկին ծուռ աչքով չնայել, եկող-գնացողին  ժպիտով ընդունել-ճանապարհել, լինել հացով մարդ եւ, որ անչափ կարեւոր  է, կնոջ «ղադրը» իմանալ:

- Օսանը մեզ համար աղջիկ է, - հարսին փառաբանում է սկեսուր Ֆրիդան:

- Ամեն առավոտ սուրճը պատրաստում եմ, կնոջս ու հարսիս հրավիրում սեղանի շուրջ, - ասում է Դանիելը:

Ես նայում եմ ընտանիքի կանանց, Դանիելը կատակու՞մ է: Նրանք գլխի շարժումով ինձ հասկացնում են, որ Դանիելի ասածը ճշմարտություն է…

Տիկին Ֆրիդան ինքն իր ձեռքով հարսի ափսեում սեղանին դրված բարիքներից է դնում:

- Աստված   իմ հանդեպ շռայլ է գտնվել, լավ հարսեր է տվել, - ասում է տիկին Ֆրիդան:

 Դանիելն էլ թե՝ «Աստված թող շատ չհամարի, իմ հարսերը եզակի են, ընտրովի, նրանց նմանը չեք գտնի»: Եվ սկեսուր ու սկեսրայր իրար հերթ չտալով, իրենց հարսերին են գովում. ասես նրանց հոբելյանական երեկոն է:

 Զոհրաբ, դու Զոհրաբ, ո՞նց կարող է լուռ նստել:

- Որ այդքան գովում եք ձեր հարսերին, սկզբից ձեր տղաներին գովեք, դա նրանց շնորհքն է, որ կարողացել են հարյուրների մեջ ամենալավ, ամենախելոք ու գեղեցիկ աղջիկներին ընտրել:

Զոհրաբը, թեեւ ամուսնացած է, մեկ է, ծնողների համար նույն չարաճճի երեխան է եւ նրանք իրենց գլուխն են տարուբերում, որ կարելի է այսպես թարգմանել՝ լեզվիդ տակ փուշ չկա:

- Ընտանիքն ինչո՞վ է զբաղվում, ինչպե՞ս է իր հացը վաստակում, - հարցնում եմ նրանց:

- «Կամազ»  մակնիշի մեքենա ունենք, տրակտոր ունենք, ես ու Զոհրաբը վարորդ ենք, պատվերներ ենք կատարում, Ֆրիդան կով է կթում: 12 գլուխ խոզ ունենք, երեք կով, վարելահող, սխտոր ենք ցանում, աթար պատրաստում, կարտոֆիլ մշակում… Մեր սերունդը միամիտ սերունդ էր՝ ծառից հեռու, իսկ հիմիկվա սերունդը ծառ է տնկում, եկամտի նոր աղբյուր ստեղծում, -  ասում է Դանիելը:

- Պոպոկը ձեր այգո՞ւց է, - հարցնում եմ նրանց:

- Եթե մեր այգուց լիներ, չէինք ուտի: Պոպոկ ունեցողը պոպոկ չի ուտում, - կատակում է Դանիելը:

- Փողո՞վ եք գնել:

-Չէ, ինչ փողով, կարտոլով ենք գնել: 10 հատ կարտոլ մեկ պոպոկի դիմաց:

 Ես էլ ընթերցողի համար թարգմանեմ Զոհրաբի ասածը. 10 կգ կարտոֆիլ են այստեղ տալիս մեկ կգ պոպոկի դիմաց:

- Եթե կարտոլը կա, ուրեմն ամեն ինչ կա, - Զոհրաբն է: - Կարտոլով բոլոր հարցերը լուծում ենք, եւ փոխանակում ենք անհրաժեշտ ապրանքների ու մթերքի հետ, եւ փող ենք սարքում: Այսինքն, կարտոլը մեզ համար բարեկեցության աղբյուր է, մի բան էլ ասեմ, կարտոլը Սիսիանի խորհրդանիշն է:

Էս էլ՝ կատակի ժանրից. աշխարհի ամենալավ կարտոլը Սիսիանի տարածաշրջանում է:

- Վատ չենք ապրում, կարտոլը կա, հացը կա, աթարը կա, արաղը կա, - լրացնում են ընտանիքի ավագները:

 Հյուրընկալ այդ ընտանիքին հրաժեշտ ենք տալիս եւ  շուտափույթ բալիկ ցանկանում:

- Աղջիկ  ենք ուզում, - ասում են նրանք:

 Տնից դուրս գալուց  բակում նկատում եմ շլորի ծառը, որի պտուղները հասունացել եւ թափվել են գետնին՝ ստեղծելով դեղին գորգի տպավորություն:

- Չե՞ք ուզում օղի թորել, շլորի օղին համբավ ունի:

- Չէ, ինչ եք ասում, դա մեր փեշակը չի, դա գորիսեցիների փեշակն է, նրանք օղի կթորեն, կբերեն մեզ մոտ, մենք էլ կարտոլի հետ կփոխանակենք…

 

 Ալվարդ Մեսրոպյան

 

 

Հետգրություն, որի հեղինակն է երջանկահիշատակ Շչորս Դավթյանը

 

 Ծղուկը գտնվում է Սպանդարյանի ջրամբարի  հյուսիսային մասում: Այստեղ են տեղափոխվել նախկին Բորիսովկա գյուղի բնակիչները, այդ բնակավայրի տարածքը ջրամբարի տակ մնալու պատճառով:

Բորիսովկան հնագույն  հայկավան գյուղաքաղաքն է, որի մասին էական տեղեկություններ չեն պահպանվել: Հետագա տարիներին, երբ Սյունյաց Այլախ ենթագավառի շատ բնակավայրեր հայաթափեցին, ամայացավ նաեւ Հայկավանը: Միայն 1877 թ., երբ հարեւան Բազարչայ  (նախկին Ակունք) գյուղը բանկեցվեց մոլոկաններով, նրանց մի մասը վերաբնակություն հաստատեցին այդտեղ եւ գյուղը կոչեցին Բորիսովկա: 1905-06 թթ. հայ-թուրքական  ընդհարումների ժամանակ, երբ Ղալաջուղ գյուղը բազմիցս  հարձակումների ենթարկվեց, եւ բնակչության մեջ եղան մեծ թվով զոհեր, ղալաջուղցիների մի մասը բնակություն հաստատեց այստեղ: Այդ երեւույթը կրկնվեց նաեւ 1918-20 թթ.: Ապա մոլոկանները կամ վերադարձան Բազարչայ, կամ տեղափոխվեցին Հայաստանի սահմաններից դուրս, եւ Բորիսովկա եկան Սիսիանի մյուս գյուղերի  (Բալաք, Շաղատ, Մազրա եւ այլն) մի քանի տասնյակ ընտանիքներ, ինչպես նաեւ Բորիսովկայի շրջակայքի դատարկված (Աղդան, Եզդուգեղ, Լալաքանդ, Կալեր) հինավուրց գյուղերի տարբեր տեղերում սփռված սերունդները:

Խորհրդային տարիների Բորիսովկան մյուս գյուղերի համեմատությամբ ավելի մեծ վերելք ունեցավ: Հատկապես զարգացան հացահատիկային  տնտեսությունը եւ խոշոր եղջերավոր անասնաբուծությունը: Հայրենական պատերազմի տարներին, Սիսիանի շատ գյուղերի հետ, կարողացավ ապահովել մթերքների  արտադրության աճ, որը հնարավորություն տվեց օգնելու նաեւ  Վայքի, Եղեգնաձորի  եւ ուրիշ շատ շրջանների բնակչությանը:

Սկսած 1956 թվականից գյուղը շեշտակի անկում ապրեց՝ սխալ տարվող ագրարային քաղաքականության, տնտեսության խոշորացման անվան տակ գյուղը  հարեւան սովխոզներին միացնելու, ինչպես նաեւ Որոտանի կասկադի շինարարության մասին տարածված, սակայն բնկչությանը սպառիչ պատասխան  չտրվող հարցականների հետեւանքով:

Հեռավորությունը շրջկենտրոնից՝ 28 կմ:

Բորիսովկայում են ծնվել տնտեսագիտության դոկտոր Գրիշա Ղարիբյանը, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը եւ ուրիշներ:

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25