Վերականգնենք արտադրական հզորությունները

10.07.2013 18:37
4554

«Գորիսի գամմա» ԲԲԸ (նախկինում՝ Գորիսի սարքերի գործարան) ստեղծվել է 1981թ.՝ ՀՀ ԳԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի մասնաճյուղի հիմքի վրա՝ որպես ֆոտոէլեկտրական անկյան թվային կերպափոխիչների սերիական արտադրության մասնագիտացված ձեռնարկություն՝ Սանկտ-Պետերբուրգի «Զարյա» արտադրական միավորման կազմում: Գործարանի թողարկած արտադրանքը հայտնի է եղել եւ ունեցել է մեծ պահանջարկ: Թե ինչպիսի պատվավոր ճանապահ է անցել գործարանը տասնամյակների ընթացքում, առանց մեկ օր իսկ պարապուրդի, վկայում են նրա ստացած հանրապետական, միութենական փոխանցիկ դրոշները, պատվոգրերը, շնորհակալագրերը, միջազգային ցուցահանդեսներում նվաճած պատվավոր մրցանակները, նվաճած շուկաները: 2003 թվականին ընկերությունն արժանացել է ՀՀ կառավարության որակի մրցանակի:

2008 թվականից «Գորիսի գամմա» ԲԲԸ գլխավոր տնօրենը Տիգրան Կարապետյանն է (լուսանկարում): Ծնվել է 1981թ. Գորիս քաղաքում: 1998թ. ոսկե մեդալով ավարտել է Գորիսի N3 միջն. դպրոցը: 1998-2002թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան: 2002-2005թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ: 2002-2006թթ. աշխատել է «Գորիսի գամմա» ԲԲԸ-ում ապրանքագետ, իսկ 2006-2008թթ.՝ նույն ընկերության արտաքին կապերի գծով փոխտնօրեն: 2005-2008թթ. եղել է Գորիս համայնքի ավագանու անդամ: 2011թ. Սյունիքի առեւտրաարդյունաբերական պալատի անդամների կողմից ընտրվել է այդ պալատի նախագահ: Ամուսնացած է, ունի երեք զավակ:

- Պարո՛ն Կարապետյան, մեր վերջին հարցազրույցից հետո անցել է երեք տարի: Այն ժամանակ սկսված տնտեսական ճգնաժամից եւ փակուղային իրավիճակից ընկերությունը նոր-նոր պատվով դուրս էր եկել «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի անմիջական աջակցությամբ՝ Գորիսի արդյունաբերական ձեռնարկության ապագան փրկելու եւ նրա շարունակական գործունեությունն ապահովելու բարի առաքելությամբ ու մտահոգությամբ: Այսօր, տեսնում եմ, արդեն 75 աշխատող ունեք, ինչը խոսում է Ձեր նպատակասլաց, կարգավորվող, կրկին հունի մեջ ընկած ձեռնարկության՝ նորմալ ռիթմով ընթացող գործունեության մասին: Այս առաջընթացն, իհարկե, ոչ միայն պատիվ է բերում երբեմնի շքեղ կենսագրություն, արդյունաբերական լայնածավալ համարում ունեցող «Գամմային», այլեւ` հուսալի միտում կա, որ շատ շուտով ձեռնարկությունը մեկընդմիշտ կվերականգնի իր անտեղի կորցրած ներուժն ու արդյունաբերական հզորությունը: Ինչպիսի՞ հայացքով եք այսօր գնահատում ընկերության դերն ու առաքելությունը, նրա խնդիրները, մարզի եւ ընդհանրապես միջազգային առեւտրաարդյունաբերության մրցակցային դաշտում նրա կարեւորությունը: Փոքր-ինչ անդրադարձ՝ նրա պատմությանը:

- Երեք տարին, թվում է, այնքան էլ երկար ժամանակ չէ շոշափելի նվաճումներ ձեռք բերելու համար, բայց, ի բարեբախտություն մեզ, պիտի ասեմ, որ այդ կարճ ժամանակամիջոցում կարողացել ենք որոշակի ծրագրված հարցեր լուծել. դա վերաբերում է ե՛ւ աշխատատեղերի բացմանը, ե՛ւ միջազգային շուկայում կայուն տեղի գրավմանը: Փաստորեն, քայլ-քայլ առաջընթաց ապահովելով, աստիճանաբար վերադառնում ենք նախկին «Գամմայի» նվաճումների նշաձողին, ինչը դարձել է մեզ համար առաջին հերթին արժանապատվության եւ պատվի հարց:

Գործարանի տարեգրությունը բավականին խոսուն է. ստեղծման պահից որակյալ մասնագետներով համալրված կոլեկտիվին հաջողվել է ոչ միայն ապահովել նախկին ԽՍՀՄ ՊՆ անընդհատ աճող պահանջարկը, այլեւ՝ 1989թ. կերպափոխիչների տարեկան թողարկումը կազմել է 13 մլն ռուբլի: Այդ ժամանակաշրջանում գործարանում աշխատում էր 400 մարդ: Իսկ 1990 թվականին, ԽՍՀՄ փլուզման գործընթացում, գործարանի արտադրության ծավալները մեկ տարվա մեջ նվազեցին շուրջ վեց անգամ: Հետագա տարիների նվազումների, յուրաքանչյուր նոր մարտահրավերի պարագայում գործարանի համառորեն չփակվող-չդադարող գործունեության մասին եզրահանգումը թողնում եմ Ձեզ: Երկար տարիներ գործարանը ստիպված էր պահպանել նորմալ աշխատանքային ռիթմը՝ հիմնականում ՌԴ ՊՆ պատվերների կատարման հաշվին: Այժմ իրավիճակը փոքր-ինչ այլ է. «Գորիսի գամման» հանդիսանում է «Կորպորացիա Ֆազոտրոն» ԲԲԸ եւ «Ռյազանի պետական սարքաշինական գործարան» ԴՊՈՒԶ ձեռնարկությունների մոնոպոլ առաքիչը` ՊՊՖԷ-14 անկյան թվային կերպափոխիչների գծով, որոնք կիրառվում են ինքնաթիռների ռադիոլոկացիոն, օդային տրանսպորտի ղեկավարման համակարգերում: 2001 թվականից ատեստավորվում են ՊՊՖԷ-14 կերպափոխիչների արտադրության տեխնոլոգիական պրոցեսները` նպատակ ունենալով թողարկել ՌԴ ՊՆ գործող նորմատիվ պահանջներին համապատասխան որակի կերպափոխիչներ, ինչպես նաեւ՝ ապահովել ձեռնարկության ընդունակության եւ պատրաստվածության անընդմեջ ստուգումները: Այսօր «Գորիսի գամմա» ԲԲԸ հաստոցային հավաքակայանը, տեխնոլոգիական սարքավորանքը եւ աշխատակազմը կողմնորոշված են այնպիսի արտադրատեսակների թողարկման ուղղությամբ, որոնց կազմում կան էլեկտրոնային, օպտիկական եւ ճշգրիտ մեխանիկական հանգույցներ: Ընկերությունում գործում են մեխանիկական, հատուկ տեխնիկայի, էլեկտրաշարժիչների հավաքման, օպտիկական արտադրամասեր եւ փորձարկումների լաբորատորիա:

- Ինչպիսի՞ն է այսօր «Գամմայի» թողարկած արտադրատեսակների պահանջարկի եւ իրացման շուկայի պատկերը: Դուք, լինելով մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ի՞նչ կարող եք ասել նրա հիմնարար դրույթների եւ առաքելության մասին: Ինչպիսի՞ ծրագրեր ունեք:

- Նորից կուզեի ասել, որ վերջին հինգ տարում մեր ընկերությունը լուրջ հաջողություններ է գրանցել, եւ այդ հաջողությունների մեջ աննախադեպ ներդրում ունի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն, որը մեր արտադրանքի 55%-ի ռեալ պատվիրատուն է: Պետք է արդարորեն խոստովանել, որ մեր ընկերության վերելքն ու այսօրվա մրցակցային շուկայում տեղ գրավելն ամբողջությամբ ընկերության տնօրեն Մաքսիմ Հակոբյանի՝ հայ մարդու եւ մասնավորապես՝ լավ սյունեցու հայրենասեր տեսակով էր պայմանավորված, մարզում երբեմնի արդյունաբերական հսկա կենսագրություն ունեցող ձեռնարկության վերագործարկման` նրա մարդկային բարձր մտահոգությամբ ու պատվասիրությամբ: Շնորհիվ կոմբինատի տնօրինության, վերջնականապես կարգավորվել է մեր ընկերության արտադրության ռիթմը, լուծվել է աշխատավարձերի՝ երբեմնի անկանոնության խնդիրը: Այս մասին ես երբեք չեմ հոգնի կրկնելուց: Ճիշտ է, ձեռնարկությունը մեծ շահույթներ դեռեւս չունի, բայց կարեւորն առկա միջոցները ճիշտ տեղում եւ ճիշտ նպատակին ուղղորդելն է, գործընկերների հետ պահանջվող արտադրանքի որակի եւ արդիականության լեզվով խոսելը, մարդկային նորմալ-քաղաքակիրթ փոխհարաբերությունների պահպանումն ու ի շահ երկրի ու նրա մարդկանց բարօրության` միմյանց օգնելու եւ ձեռք մեկնելու գիտակցումը: Ընկերությունը մեր երկրում եզակի ձեռնարկություններից է, որը ՌԴ ՊՆ մատակարարն է: Պայմանագրեր ունենք նաև կանադական ISB ընկերությունների հետ: Մեր ձգտումն է այսօրվա խիստ մրցակցային դաշտում պահպանել մեր արտադրական նկարագիրը, դուրս չմնալ ընդհանուր արդյունաբերական ռիթմից եւ պատվախնդրորեն հասնել ելակետին, որից սկսվել եւ իր լայնամասշտաբ-ազգանպաստ գործունեությունն է ծավալել «Գամման»՝ դիմանալով եւ ժամանակների վայրիվերումներին, եւ երկրի տնտեսական ալան-թալանին, եւ այլ տարաբախտ գործոնների: Ինչ խոսք, ունենք ե՛ւ խնդիրներ, ե՛ւ ծրագրեր: Առաջնահերթ մեր խնդիրը, ինչպես ասացի, ընկերության արտադրական ռիթմը չխախտելն է: Նպատակ ունենք առաջիկա մեկ-երկու տարում աշխատատեղը հասցնել 120-ի, վերազինել ընկերության սարքավորումները, ձեռք բերել նոր սարքավորումներ, արտերկրում կազմակերպել ցուցահանդեսներ: Կան նաեւ այլ ծրագրեր, որոնց մասին դեռ վաղ է խոսել:
2002 թվականից Սյունիքում ստեղծվել է մարզի առեւտրաարդյունաբերական պալատ, որի գրասենյակը գտնվում է Կապանում: ՀՀ ԱԱՊ նախագահն է ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը: Մարզի առեւտրաարդյունաբերական պալատն ունի 57 անդամ-ընկերություն, որոնք ներկայացնում են Սյունիքի մարզի գործարար աշխարհը: Պալատն ըստ էության ներկայացնում է բոլոր գործարարների շահերը, առավելապես աջակցում մարզի փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, նպաստում նրա կայացմանն ու հզորացմանը, օգնում` դուրս գալու արտաքին շուկա: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պալատի լավ կազմակերպված համակարգը լուրջ գործոն կարող է հանդիսանալ տվյալ տարածաշրջանի տնտեսության զարգացման համար: Այստեղ կազմակերպվում են բիզնեսային ֆորումներ, տարբեր մարզերի, երկրների գործարարների համաժողովներ, ցուցահանդեսներ, տրամադրվում արտահանվող ապրանքների հավաստագրեր: Ասեմ, որ մարզի առեւտրաարդյունաբերական պալատի անդամ-ընկերությունների գերակշիռ մասն այս կամ այն կերպ առնչվում է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հետ, որը, հանդիսանալով ավագ գործընկեր, իր անմիջական աջակցությունն է ցույց տալիս ընկերություններին, ավագի բարի կամեցողությամբ ու մասնակցությամբ նպաստում պալատի կողմից առաջադրված խնդիրների շահավետ լուծմանը, նրա աշխատանքների ճիշտ կազմակերպմանը: Երեւանում շուտով պատրաստվում ենք կազմակերպել «Սյունիք-էքսպո» ցուցահանդես:

- Որպես մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, Գորիսի լավագույն անդամ-ընկերություններից ու՞մ կառանձնացնեիք:

- Իրականում Գորիսից երկու անդամ-ընկերություն է ընդգրկված առեւտրաարդյունաբերական պալատում. մերը եւ «Վարարակն» ՓԲԸ-ն: Բնականաբար, կառանձնացնեի «Վարարակն» ՓԲԸ տնօրեն Ավետիք Բուդաղյանին, ով տարածաշրջանի լավագույն շինարարական ընկերությունն էր ներկայացնում, եւ ում ողբերգական մահով լրջագույն կորուստ կրեց Սյունիքի գործարար աշխարհը: Նա մեր այն բացառիկ հայրենասերներից էր, որոնց համար պետությունը եւ պետականությունն իրոք բարձրագույն արժեք էին, եւ նա հայրենիքին իր նվիրվածությունն ապացուցում էր գործով: Որպես գործարար աշխարհի ներկայացուցիչ, առաջին հերթին` որպես մարդ ու ընկեր, որպես հայ ու համաքաղաքացի, խորապես ափսոսում եմ նրա կորուստը եւ դա համարում եմ կորուստ` մարզի տնտեսության, բանակաշինության, զուտ մարդկային եւ հայրենասեր-մտավորական տեսակի համար:

- Քանի որ խոսք բացվեց մարզի լավագույն գործարարներից մեկի` Ավետիք Բուդաղյանի մասին, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ողջ հանրապետությունը բառացիորեն տակնուվրա արած գորիսյան ողբերգական իրադարձության մասին: Ձեր մտահոգությունը մեր քաղաքի, մարզի տնտեսական դաշտի իրական վիճակի, նրա հետագա զարգացումների մասին: Կա՞ն այդպիսի հուսալի նախադրյալներ:

- Գորիսյան ցավալի իրադարձությունը, կարծում եմ, տակնուվրա արեց բոլորիս` բարոյապես, հոգեպես եւ ֆիզիկապես: Այն բարոյական ահռելի հարված էր գորիսեցիներին, նրանց ավանդական կերպարին ու խղճին, մարդկային դավանանքին եւ սյունեցու հայրենասիրական ողնաթելին, նրա բարոյահոգեբանական ողջ համակարգին: Քանի որ մոտիկից ճանաչում եւ խորապես գիտակցում էի մեր գործարար ընկերոջ մարդկային եւ մասնագիտական արժանիքները, ուստի իմ վերաբերմունքն ու գնահատականը կպահեմ ինձ` սուբյեկտիվ չթվալու, առանց այն էլ` չհանդարտված կրքերը նորից չբորբոքելու եւ հուզականորեն չարտահայտվելու համար, ընդամենը կասեմ. Բուդաղյան եղբայրների հետ կապված դեպքը թող, ի վերջո, սթափեցնի բոլորիս, եւ յուրաքանչյուրս մեր հերթին ձգտենք ավելի լավը դարձնել այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որում ապրում ենք, թոթափենք մեզանից ստրկամտությունն իշխանավորի կամ անհատի հանդեպ, բնազդային վախից ու սարսափից արհեստականորեն բխած զզվելի քծնանքը, թուլամորթությունն ու նենգամտությունը, միմյանց դավաճանելն ու կոկորդ կրծելը: Անլուծելի խնդիր չկա. այս առումով բոլորս էլ անելիք ունենք մեր քաղաքի, մարզի բարոյահոգեբանական դաշտն առողջացնելու ուղղությամբ: Իշխանավոր թե հասարակ քաղաքացի՝ ոչ-ոք չպետք է իրեն բարձր դասի օրենքից: Ի վերջո, մենք ազատ, անկախ հանրապետություն ենք ստեղծել եւ ոչ՝ ստրուկների կամ հարստահարվողների պետություն, որտեղ ընկերն ընկերոջից վախենա-զգուշանա, բարեկամը՝ բարեկամից, մարդը՝ մարդուց: Իսկ կատարված սահմռկեցնող դեպքի մեղավորներն անկասկած իրենց պատիժը կստանան: Ես էլ, ինչպես մեր բոլոր քաղաքացիները, հույսով սպասում ենք իրավական գնահատականի եւ հավատում, որ այն կլինի արդար եւ անաչառ:

Ինչ վերաբերում է մեր քաղաքի, մարզի տնտեսության ներկա վիճակին եւ նրա հետագա զարգացումներին, ասեմ, որ այսօր էլ ունենք այդ հնարավորությունները` այն ավելի լավը եւ ազգօգուտ դարձնելու: Պակասում է բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտը, որ պետք է ստեղծենք ինքներս, յուրաքանչյուրս՝ վերափոխելով մեզ, մեր հայացքները` դրսեւորելով քաղաքացիական վերաբերմունք եւ սկզբունքայնություն, հայ մարդու եւ քաղաքացու տարրական սրտացավություն եւ մտահոգություն` մեր երկրի ու մեր շրջապատում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Ասեմ, որ այսօր էլ դրսում ունենք հրաշալի գործարար գորիսեցիներ, ովքեր խուսափում են ներդրումներ կատարել հայրենի քաղաքում, եւ, պետք է ասել, նրանց անհանգստությունը տեղին է. նրանք սպասում են բարոյահոգեբանական առողջ եւ մաքուր մթնոլորտի, օրենսդրական դաշտն անկատար են համարում: Մարդկանց կորած հավատը վերականգնելուց էլ պետք է սկսել: Ոչ միայն մեր քաղաքի, այլեւ մարզի տնտեսության հետագա զարգացումները մեծապես կախված են լինելու մարզային իշխանությունից, որ առաջիկայում պետք է ձեւավորվի, եւ հուսանք, որ Սյունիքի մարզպետ նշանակելու հարցում ՀՀ իշխանությունները կցուցաբերեն սկզբունքայնություն, անաչառություն եւ երկրի տիրոջ անկեղծ մտահոգություն:

- Այսօր շրջանառվում են Սյունիքի մարզպետի տարբեր թեկնածություններ: Թեկնածուների մեջ ու՞մ եք տեսնում այդ պատասխանատու պաշտոնում:

- Նախ ասեմ` տեսնում եմ սյունեցու՝ տարածաշրջանի հող ու ջրին ծանոթ, Սյունիքի պատմությանն ու կենցաղին, սովորույթներին եւ ավանդույթներին հարազատ մարդու: Մարդ, որ խորապես գիտակ կլինի նաեւ մարզի տնտեսության: Լինի հոգեպես հարուստ մտավորական, տնտեսական եւ ռազմավարական տեսանկյունից` անչափ կարեւոր նշանակության երկրամասին` անկեղծ եւ շիտակ նվիրյալ: Մարդ, ով կմտածի միայն նվիրվելու, արարելու եւ մինչեւ վերջին կաթիլ ոգեւորությունը, ուժը եւ եռանդն ի շահ Սյունիքի բարօրության տալու-ծախսելու մասին: Սխալ եմ համարում պատկերացումները, թե իբր Սյունիքին պետք է « քարե բռունցք» կամ, այսպես ասած, «ուժեղ» ձեռք: Սյունիքի մարզում հո վայրենիներ կամ քարե դարի մարդիկ չեն ապրում: Այս ի՞նչ անհեթեթ եւ վիրավորական կարծրատիպ կամ մտածելակերպ է ձեւավորված մեր մարզի մասին: Մեր երկրամասի ժողովուրդը հնագույն մշակույթի եւ քաղաքակրթության կրողն է, վկան` Տաթեւի համալսարանը, հարուստ ազնվական, թագավորական տոհմերով, պատմիչներով, պատմական երեւելիներով եւ հայրենասիրական անթիվ խիզախումներով: Հետաքրքիր է. «ուժեղ» ձեռքի կողմնակիցներն ինչի՞ց են վախենում. մեր սուր, կշռադատող, առողջ մտքի՞ց, թե՞ անարդարության հանդեպ գենետիկ անհանդուժողականությունից եւ ըմբոստությունից: Բայց դրանք ոսկե հատկանիշներ են, որոնցով միայն պետք է հպարտանան մեր երկրի իշխանավորները, այլ ոչ` զգուշանան եւ խարազանեն ու վերջում էլ` ջարդեն: Ամենամեծ ուժը մտավորական մտքի, խղճի, բարության ու սիրո մեջ է: Իսկ ուժը, որ այս դեպքում բիրտության, դաժանության իմաստով է կիրառվում, թողնենք մեր ուժային կառույցներին` կիրառելու միայն հակառակորդի դեմ: Իմ խորին համոզմամբ` Սյունիքի մարզը պետք է կառավարել միայն ողջամիտ սիրով, համբերությամբ, նրբանկատությամբ եւ բարությամբ: Իսկ թե ում եմ տեսնում Սյունիքի մարզպետի պաշտոնում, ասեմ, որ արժանավորներ կան` շրջանառված կամ չշրջանառված, բայց իրական դաշտում, անձամբ ես, տեսնում եմ ԱԺ պատգամավոր, համերկրացի Վահե Հակոբյանին: Սերված լինելով սյունեցու ավանդապաշտ գերդաստանից, նա լիովին օժտված է այն բոլոր հատկանիշներով, որոնք վերը թվարկեցի: Համոզված եմ, Վահե Հակոբյանը կկարողանա Սյունիքի բարոյահոգեբանական մթնոլորտը փոխել, այն դարձնել ավելի բարյացակամ եւ հանդուրժող, իսկ տնտեսությունը` հանել վերելքի ճանապարհ:

Անկախ նրանից, թե ով կլինի Սյունիքի վաղվա մարզպետը, մենք՝ գործարարներս, չպետք է հանգիստ նստենք եւ ձեռքներս ծալած`ամեն առիթով սպասենք պետության վերահաս օգնությանը կամ հովանավորչական միջամտությանը: Մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերականգնենք մարզի արտադրական հզորությունը, որպեսզի վերելք ապրի մեր տնտեսությունը. նոր աշխատատեղեր բացվեն, մարդիկ ապրեն բարեկեցիկ եւ արժանավայել` ապահովված առողջությամբ, առանց ստորացումների, սեփական երկրի ու արժանապատվության գիտակցմամբ, կարողանանք մեր արտադրանքը հանել նաեւ արտաքին շուկա, նոր պատվիրատուներ փնտրել, միջոցները ծառայեցնել իրական նպատակների` դրսի տնտեսական աշխարհում բարձրացնելով ոչ միայն քաղաքի ու մարզի, նաեւ երկրի վարկանիշը, նրա հարգն ու պատիվը:

Հարցազրույցը` ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
2 հուլիսի 2013թ.



Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10