Վերաօծվեց Գորիսի Սբ Հռիփսիմե եկեղեցին

31.10.2013 16:15
6396

Գորիսի քաղաքապետարանն ամեն տարի կազմակերպում է Գորիսի տոնը: Եվ դա գորիսեցու սրտով է, քանի որ դա իր սիրելի քաղաքի տոնն է, յուրաքանչյուր քաղաքացու տոնը: Այս տոնակատարությանը հատուկ դրոշակներ կախել քաղաքի փողոցներում, հանդիսավոր շքերթի կանգնել հրապարակներում, կեցցե եւ ուռա գոչել բոլորովին պետք չէ:

Արդեն ավանդական դարձած տոնակատարությունը պարտադրված չէ ոչ մի կողմից: Ոնց որ ինքդ նստես ձեր տանը, ձեր բակում ու ձեր փողոցում ու սկսես քեֆ անել, ուրախանալ:

Գորիսեցին տխրելու օրեր էլ ունի, ուրախանալու օրեր էլ:

Տխրում է հիշատակի օրերը, երբ այցի է գնում իր անցավորների եւ հայրենիքի համար զոհվածների շիրիմներին: Սրտանց է գնում ու սրտանց էլ տխրում, վշտանում:

Ուրախանալու օրերից ամենահիշարժաններն Ամանորն ու Սուրբ ծնունդն են ու մեկ էլ... «Էս գորիսյան օրերը»:

Եվ ահա սեպտեմբերի 29-ին Գորիսը դուրս էր եկել ուրախանալու, ինքն իր տոնը նշելու: Տոնական տրամադրություն էր ամենուր: Պարտադիր չէր, որ մարդիկ դուրս գային հրապարակներ: Քաղաքն ինքն իր մեջ ցնծում էր, ապրում օրվա հպարտությունը:

Լույս էր իջել կարծես Վերիշենի փեշերից մինչեւ Լաստի խութ ձգված քաղաքի վրա: Բայց առանց Հին շենի չէր լինի: Գորիս գյուղը, ուր ժայռերի մեջ քար ու քարափից կախված իրենց կացարաններն են ստեղծել մեր նախնիները, այսօր էլ ապրում է:

Այստեղ ժայռախորշերում ու քարանձավներում մաքառումների ու հարատեւման պատմություն է թողել գորիսեցին: Այստեղ նաեւ հոգեւոր կյանքի մասունքներ է թողել նա: Վարարակնի հովտում փռված գեղեցկուհի Գորիսը զբոսաշրջիկներին հիացնելու այնքան բան չունի, որքան Հին շենի ավերակներն ու քերծերը: Գորիսը հիացնում է նրանց, իսկ Կյորեսը զարմացնում: Երեւի նաեւ այդ պատճառով է, որ Գորիսի տոնը սկսվում է Գորիս գյուղից:

Այստեղ քարափներին պպզած քերծերից ու ժայռատանիք քարատակ-քարանձավներից բացի նաեւ մեր թվագրության 4-րդ դարում կառուցված Սբ Հռիփսիմե անունով մի հրաշք եկեղեցի կա:

Եկեղեցին երկու անգամ վերանորոգվել է, մեկ 16-րդ դարում, մեկ էլ 2010 թվականին` ֆրանսիական Վիեն եւ Գորիս քաղաքների բարեկամության շնորհիվ: Եկեղեցին այսօր իր նորոգ ու փառահեղ տեսքով բազմել է գյուղի քարաշատ լանջերից մեկի վրա` իբրեւ Գորիս-Զանգեզուրի 1600 տարվա պատմության վկա:

Այստեղ Սբ Հռիփսիմե եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողություն է: Ձորը լիքն է ավտոմեքենաներով: Միայն գորիսցիներ չեն:

Զբոսաշրջիկներ կան տարբեր տեղերից, տարբեր երկրներից: Այստեղ է նաեւ Վիեն քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետի գլխավորությամբ: Հարյուրավոր հավատացյալներ հաղթահարելով դիմացի վերելքը՝ շտապում են եկեղեցի... Եկեղեցում հավատի, խոնարհումի ու ոգեղենության պահ է:

Ակամա հիշում ես Գ. Նժդեհի խոսքերը. «Ոգին է կռում ազգերի ճակատագիրը: Ուր մարած է ոգին, այնտեղ մեռած է կյանքը»:

Հավատացյալները մոմ են վառում, խաչ հանում, աղոթում առ Աստված: Խնկահոտ է բուրում շուրջը: Երգչախումբն «Արեգակն արդար» է մրմնջում: Հոգեւոր հայրը բարություն եւ խաղաղություն է մաղթում: Գորիսի օրն օծվում է հավատով ու ջերմությամբ:

Ինքնաբավ ու պայծառ դեմքերով մարդիկ իջնում են եկեղեցու բարձունքից եւ գնում իրենց տոնը շարունակելու քաղաքում: Քաղաք-այգի Գորիսում շատ տեղեր կան տոնն անցկացնելու, այն էլ այսպիսի տոն, բայց առանց Ակսել Բակունցի եւ նրա տուն-թանգարանի շատ բան պակաս կլիներ, տոնն իր բովանդակության կարեւոր մասը կկորցներ:

Շատերը նույնիսկ շփոթում են Գորիսի տոնը «Բակունցյան օրերի» հետ, քանի որ Գորիսն առանց Բակունցի պատկերացնել հնարավոր չէ: Ասում են՝ աշխարհում ամեն քաղաք իր բրենդն ունի, այսինքն՝ իր խորհրդանիշը: Օրինակ՝ Փարիզ քաղաքի բրենդն Էյֆելյան աշտարակն է, Լոնդոնն՝ իր Բիգ-բենն ունի, Մոսկվայի բրենդը Կրեմլն է եւ այլն: Գորիսը տեղով մեկ հրաշք է ու հրաշալիքներ շատ ունի: Բայց Գորիսի բրենդը մեծն Բակունցն է: Վաղուց Գորիսն ու Բակունցը նույնացել են իրար հետ: Երջանիկ է այն ժողովուրդը, որ Բակունց ունի: Հպարտ է այն քաղաքը, որ Բակունցի նման հանճար է ծնել: Բակունցն, իրոք, յուրաքանչյուր գորիսեցու անկեղծ հպարտությունն է:
Այդպիսի հպարտ խոնարհումով էլ գորիսեցիները, տարբեր տեղերից եկած զբոսաշրջիկները, Վիենից ժամանած հյուր-պատվիրակները ծաղկեպսակներ դրեցին Ակսել Բակունցի եւ Սերո Խանզադյանի հուշարձաններին:

Բակունցի տուն-թանգարանի բակում հավաքված բազմությունը մի անգամ եւս ունկնդիր եղավ Բակունցի անվան դպրոցի սաների եւ Գորիսի պետհամալսարանի «Միրհավ» գրական ակումբի ուսանող-անդամների ելույթներին: Այստեղ ամեն ինչ պարուրված էր բակունցյան շնչով, Գորիսի ու նրա մեծ գրողի հավերժական կյանքի լուսավոր բովանդակությամբ: Բոլորը տեսան ու զգացին Բակունցին, համոզվեցին, որ Բակունցն այսօր էլ ապրում է: Բակունցը կա ու կլինի նաեւ դարեր հետո: Կլինի նաեւ Գորիսը, Բակունցի եւ մեր սիրած Գորիսը: Կապրի հայավարի, արժանապատիվ, իրեն հատուկ կեցվածքով, իր համեղական բառ ու բանով:

Ու հանկարծ մեր երազի թեւերով, քաղաքի ֆոնի վրա երեւում է հանճարեղ Բակունցը՝ վեհ ու խոհուն հայացքը Լաստի խութին, եւ արքայավայել իջնում է դեպի Դրնգանի ձորը...

Հետո քաղաքի փեշերից կախված մառախուղի միջից երեւում է մեծ Գուսան Աշոտը՝ քամանչան ձեռքին, «Սյունյաց սարեր» երգելիս:

Եվ ահա Բակունցի վերադարձի ճամփան բռնած գալիս է գորիսեցի Սերոն, մի պահ կանգնում ձորաբաշին կառուցած իր թանգարան-տան բակում, վերցնում գինու թասը եւ խմում Գորիսի հավերժության կենացը:

Տոնակատարությունը շարունակվում է: Մաշտոցի անունը կրող փողոցում քեֆ-ուրախություն է: Փողոցի ամբողջ երկայնքով աջ ու ձախ մայթերի վրա զանազան ուտեստներով ծանրաբեռնված սեղաններ են: Անցնող-դարձողները մոտենում, մի բաժակ օղի կամ գինի են խմում, վայելում ավանդական տոլման, խորոված ու խաշլաման, բարեմաղթության ու օրհնանքի խոսքեր շշնջում եւ անցնում հաջորդ սեղանին: Ով չի մոտենում` տանտերն իսկականից նեղանում է: Թեկուզ մի թիքա միս, մի կտոր հաց պիտի կտրես, որ հալալվի օջախը: Սոված չես, խնդրեմ, մի բաժակ թեյ խմիր: Հյուրընկալ տանտերերը, որ գորիսյան հայտնի գերդաստանների արժանավոր շարունակողներն են, ուզում են ամեն ինչ լավ լինի, Գորիսին արժանի լինի, պապական կարգ ու կանոնով լինի: Եվ այդ ամենի` գորիսեցուն հատուկ շռայլ անկեղծության մեջ ներքին հպարտության մի զգացում էլ կա. մենք՝ գորիսեցիներս, գիտենք իրար, թող էդ արտասահմանի մարդիկ տեսնեն, թե մենք մեր շիտակ հոգով ու սրտի ջերմությամբ ինչպես կարող ենք էդ անծանոթ՝ եվրոպաները ման եկած մարդկանց հարգել, պատվել ու հարգանքով էլ ճանապարհել:

Տոնը լիքն էր տարբեր միջոցառումներով: Ամենաբազմամարդը Մխիթար սպարապետի հրապարակն էր: Հրապարակի կենտրոնում ծփացող շատրվանի շուրջբոլորը երգ ու պար էր, ուրախության, ծափ-ծիծաղի հրավառություն: Մշակույթի տան ժողգործիքների համույթը երգ էր մաղում քաղաքի վրա:

Հնչում էին Գուսան Աշոտի ախորժալուր, սրտապարար երգերը, Գորիսի մասին հայ երգահանների հյուսած մեղեդիները: Ոտքի վրա ուրախանում էր Գորիսը: Ինչ լավ կլիներ` միշտ այդպես լիներ: Հոգեզրկությունը վերածվեր հոգեփրկության, անտարբերությունը՝ սրտացավության, ագահությունը՝ շռայլության, ընչաքաղցությունը՝ ոգեղենության, նյութապաշտությունը՝ մարդասիրության, անհատապաշտությունը՝ անձնվիրության...

Սակայն փողին ու փորին առաջնություն տալու մեր ժամանակների խառնիճաղանջ բավիղներում խճճված գորիսեցին այնուամենայնիվ շռայլ հոգի ունի: Այստեղ՝ հրապարակին կից, մշակույթի տան դիմաց հոգեւոր հարստություն է փռվել: Գորիսի ավանդական շուկան իր գունեղ ու բազմազան տեսակներով տեղափոխվել է բաց տարածություն: Ինչեր ասես, որ չկան այստեղ: Ցուցադրական սեղանիկների վրա շնորհալի մարդկանց ձեռքի աշխատանքներն են, տեղական արտադրողների խայտաբղետ ապրանքատեսակները, հազվագյուտ պատահող նախշավոր, ժանյակահյուս ձեռագործեր, տատիկ-պապիկների ավանդական արհեստն ու արվեստը հիշեցնող ցուցանմուշներ, գորիսյան ուտեստներ:

Այստեղ ամեն ինչ աչք է շոյում: Մշակույթի տան պատի տակ հրաշքի նման շարված նկարներ ու մանրաքանդակներ կան, որոնց կողքով ոչ ոք անտարբեր անցնել չի կարող: Իրենց հայրենի քաղաքի բնակիչների համար տոնական ցուցահանդես են բացել Գորիսի արվեստագետ-նկարիչները, որոնց գործերը համահայկական հնչեղություն կարող են ունենալ, եթե ներկայացվեն Գորիսի սահմաններից դուրս: Նայում ես այդ նկարներին ու մանրաքանդակներին ու համոզվում, թե ինչքան թաքնված ու չբացահայտված ոգի կա Հենրիկ Սիրավյան ու Գուրոս ծնած այս քաղաքում: Դրանք` Գորիսի տաղանդավոր մարդկանց այդ գործերը, որ գեղեցկություն, բարություն, հավատ ու արժանապատվություն են շաղում իրենց շուրջը, մեր ականջին ընդամենը մի անկաշառ ու ազնիվ բան են շշնջում, որ երկիրը հզոր ու ամուր է ոչ միայն զորքով ու ինչքով, այլեւ հոգով ու ոգով:
Քաղաքի տոնական եռուզեռին մի առանձին շուք հաղորդեցին նաեւ մարզական միջոցառումները:
Կեսգիշերին մոտ` ժամը 23-ին, դեռ չքնած Գորիսը նաեւ ականատես եղավ տոնական հրավառության: Գորիսի գլխավերեւում պայծառ լույսեր վառվեցին, լուսավորվեց ամբողջ քաղաքը:
Այսքանից հետո, իհարկե, հետաքրքիր է իմանալ, թե եղե՞լ է մեկը, որ չի ուրախացել իր քաղաքի մեկօրյա տոնակատարությամբ:

Եղե՞լ են մարդիկ, որոնց սրտով չի եղել այս ամենը:

Եղե՞լ է թեկուզ մեկը, որ քամահրաբար ձեռք է թափ տվել ամենի վրա ու թթված դեմքով ասել՝ ձեր տոնն էլ, ձեզ էլ: Գուցե հենց նույն օրն ինչ-որ մեկն առանց մնաս բարովի թողել-հեռացել է հայրենի քաղաքից, ո՞վ գիտի: Գուցե ինչ-որ մեկը, Աստված մի արասցե, թքել է Գորիսի աղ ու հացի, Ձագ նահապետի կառուցած բերդի, հեթանոսական քարանձավների ու մերօրյա կամարակապ աղբյուրների, պապենական շիրիմների ու Վարարակնի ափին հպարտորեն փռված քաղաքի վրա ու առանց հետ նայելու բռնել օտարանալու ճամփան:

Եթե հանապազօրյա հացի ու աշխատանքի համար է զարմացած ու զայրացած մարդը թողնում իր երկիրը, թերեւս հասկանալի է: Բայց եթե դու, հարգելի գորիսեցի, արագ ու դյուրին հարստանալու տենչ ունես, եւ դրա ուղին փնտրում ես օտար երկրներում, արդարացում չունես: Դու քո երկիրն ու քո ժողովրդին չես սիրում: Ախր Գորիսն աշխարհի ամենասիրուն, ամենաչքնաղ քաղաքն է: Եվ դու այդ քաղաքը թողնում, ու՞ր ես գնում:

Ախր էդ ո՞ր գորիսեցին չի հպարտանում իր Գորիսով` աշխարհում ուրիշ տեղ չհանդիպող Գորիսով: Էդ ո՞ր գորիսեցին չի, որ աշխարհի քարտեզի վրա մեծ ու գեղեցիկ քաղաքներ փնտրելիս հպարտորեն չի ասում.

- Բա՞ մեր Գորիսը: Բա՞ մեր Իշխանասարն ու Լաստի խութը: Բա՞ մեր Քոլատակն ու Վանքի տափը, մեր Սալքարն ու Ըղջիազին: Բա՞ մեր «Օխտը ախպուրն» ու Վարարակնը, մեր սարերը, մեր ամպերը... Բա՞ մեր ջահելները, մեր փողոցը, մեր քուչան, մեր տունը, մեր բակը, մեր տանձն ու խնձորը...

Այս քաղաքը ոչ պորտֆելավորներինն է, ոչ էլ փողավոր մի քանիսինը:

Այս քաղաքը բոլոր գորսեցիներինն է:

Եկեք տեր կանգնեք մեր քաղաքին:

Հենց այստեղ էլ հարմար է մեջբերում անել Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի բարեմաղթանքի խոսքից՝ ուղղված գորիսեցիներին.

«Շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, բոլոր գորիսեցիներին մաղթում երջանկություն, հաջողություններ: Թող լինի այնպես, որ մենք Գորիսը գալիք սերունդներին փոխանցենք ավելի բարեկարգ, ավելի գեղեցիկ»:

Թող այդպես էլ լինի` Աստծո կամեցողությամբ ու օրհնությամբ:

Թող Աստված չարը տանի, բարին բերի:

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25