Վլադիմիր Աբունց. «Մաքսավորների արհեստավարժության շնորհիվ կարողանում ենք հաղթահարել դժվարությունները»

01.10.2019 10:29
3188

Զրույց հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ Վլադիմիր Աբունցի հետ

Վլադիմիր Աբունց. ծնվել է 1975 թվականին Գորիս քաղաքում: Ավարտել է Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոցը: 1993-1994 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում: Հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ մասնակցել է մարտական գործողությունների: ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել  է խրախուսանքների: Ավարտել է Գորիսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը եւ Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանության ֆակուլտետը: 1998 թվականից մաքսային ոլորտում է: Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը եղել է բեռների զննման  մաքսային տեսուչ,  այնուհետեւ՝ ավագ տեսուչ, գլխավոր տեսուչ, մաքսատան բացթողնման բաժնի պետ: 2019 թվականի մարտի 8-ից  նշանակվել է հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ:

- Պարոն Աբունց, մտանք մաքսակետի տարածք, մտովի վերադարձա 2018 թ. հուլիսի 5-ը, երբ հանրապետության վարչապետն այստեղ էր եւ  բավականին լուրջ դիտողություններ արեց, եւ զուգահեռ էի անցկացնում այդ ժամանակվա եւ այս վիճակի մեջ, եւ այսօր բավականին լավ վիճակ  տեսանք մաքսակետի տարածքում այն օրերի համեմատ: Բավականին լուրջ բարեփոխումներ են կատարվել այստեղ: Ճի՞շտ է մեր դիտարկումը:

-Ձեր դիտարկումը շատ ճիշտ է, հանրապետության վարչապետի՝ Մեղրի մաքսակետ  այցից առաջ կային բացթողումներ, թերացումներ: Հիմա դրանք բոլորը շտկվել են: Դրանք գտնվում էին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի, նրա տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի, ով մաքսային ոլորտն է  համակարգում, հարավային մաքսատուն-վարչության պետ  Արա Ավետիսյանի ուշադրության կենտրոնում: Վերջին մեկ տարվա փոփոխություններն ակներեւ են, եւ տարածքի մաքրության, եւ սպասարկման կուլտուրայի հետ կապված, սա կարող են վկայել նրանք, ովքեր օգտվում են Մեղրիի մաքսակետի ծառայություններից եւ գտնվում է իմ ամենօրյա հսկողության ներքո:

- Փաստորեն նոր մարդ չեք ոլորտում, բայց նման պատասխանատու պաշտոն առաջին անգամ եք զբաղեցնում, դժվար չի՞ եղել համակերպվել նոր եւ պատասխանատու պարտականությունների հետ:

- Իմ ամբողջ գործունեության ընթացքում վարել եմ պատասխանատու պաշտոններ, բայց հիմա բոլորի համար եմ պատասխանատու, ճիշտ է, մի պահ մտավախություն ունեի, կարո՞ղ է` չկարողանամ կատարել իմ առջեւ դրված պարտականությունները, տիրապետեմ իրավիճակին, բայց մեջս ուժ գտա եւ լծվեցի գործին: Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը բաժնի պետ եմ եղել մեկ տարի, բայց  բաժնում ութ հոգի էին, իսկ հիմա՝ Մեղրու մաքսակետում, համարյա ութսուն հոգի են աշխատում, կնշանակի տասն անգամ ավելացել է պատասխանատվությունը: Ավելացնեմ, որ մաքսակետի ղեկավարման պարտականությունը ստանձնեցի շնորհիվ այն բանի, որ մաքսակետում աշխատում են հիմնականում բանիմաց, գրագետ  մաքսավորներ, եւ կոլեկտիվը կայուն է, ուժեղ: Փառք Աստծո, կարճ ժամանակամիջոցում  մերվեցի կոլեկտիվին, քանի որ, կրկնում եմ, նոր մարդ չէի համակարգում, կոլեկտիվն ինձ գիտեր 1998 թվականից, կոլեկտիվում փորձառու աշխատակիցներ կան, նորերն էլ կան, բայց կարողացա համախմբել բոլորին:

- Վերջերս  վարչապետի կողմից խոսք ասվեց, որ մինչեւ 2023 թվականը վերակառուցման- վերափոխման  աշխատանքներ են իրականացվելու Մեղրիի մաքսակետում եւ լուրջ ներդրումներ են արվելու։ Կա՞ն պատկերացումներ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

- Այդ ծրագրերին ամբողջությամբ չեմ տիրապետում, քանզի Մեղրիի մաքսակետի արդիականացման ծրագիրը նախագծային փուլում է։ Բայց մի բան պարզ է, որ մաքսակետն անճանաչելիորեն փոխվելու է։ Ըստ ամենայնի՝ նորն է կառուցվելու, լինելու է տարածքների ընդլայնում` մուտքի եւ ելքի նոր ճանապարհներով։ Նաեւ ծառայությունը համալրվելու է նոր աշխատակիցներով, ովքեր նոր գործելաոճ պիտի որդեգրեն։ Մենք էլ ենք սպասում արդիականացման այդ ծրագրի իրականացմանը։ Լուրջ վերափոխումներ են սպասվում, քանզի ե՛ւ ՊԵԿ նախագահը, ե՛ւ նրա տեղակալը հաճախակի են լինում մեզ մոտ։

- Երբ մտանք մաքսակետի տարածք, բավականին լուրջ եռուզեռի ականատես եղանք, հետաքրքիր ակտիվություն կա, գուցե  սեզոնո՞վ է պայմանավորված։

- Նաեւ դրանով է պայմանավորված։ Բայց բարեփոխումների շնորհիվ մաքսակետի շարժը եռապատկվել է։ Օրվա կտրվածքով, օրինակ 1400-1500 ուղեւոր ենք սպասարկում։ Նրանք մուտք են գործում Իրանի Իսլամական Հանրապետության տարածք եւ ձեռք բերած ապրանքներով վերադառնում  Հայաստան։ Բացի դրանից, օրական 150-160 բեռնատար ավտոմեքենա է մտնում Հայաստան։ Հիմնականում տեղափոխում են շինանյութեր` ցեմենտ, կիր, գաջ, ամրան, մետաղական կառուցվածքներ, խողովակներ, քառանկյուն խողովակներ, բիտում, նաեւ դիզվառելիք է ներկրվում վերջերս։ Երբ այս ցուցանիշները բաղդատում ենք անցյալի հետ, նկատում ենք, որ ապրանքաշրջանառությունը մի այլ կարգի առաջընթաց է ապրել։

- Եթե գաղտնիք չէ, իսկ մեր հանրապետությունի՞ց ինչ է արտահանվում։

- Օրինակ, երեկ արտահանել են գառան մսեղիք, ստվարաթղթի թափոն, ծխախոտ, մետաղի ջարդոն, տավարի կաշի, վերելակի պահեստամասեր, հանքային ջուր, եւ այս ցանկը կարելի է շարունակել: Պիտի ասեմ, որ արտահանումն էլ է ավելացել: Մի խոսքով, ապրանքների արտահանում  Իրանի Իսլամական Հանրապետության, եւ ներկրում Հայաստան՝  էականորեն աճել են:

-Կարելի՞  է կարծել, որ ներկրվող ապրանքները միայն Իրանից չէ, որ իրականացվում է  այլ   երկրներից նույնպես:

- Միանշանակ այդպես է, մեր մաքսակետով մուտք են գործում բեռներ  Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ այլ երկրներից, դրանք մեզ   մոտ չեն ձեւակերպվում: Ինչ-որ մի ժամանակ արգելված էր այդ ապրանքների մուտքը մեր մաքսակետով, բայց հիմա մուտքն իրականացվում է, բայց դրանց մաքսազերծումը կատարվում է հարավային մաքսատուն-վարչությունում:

-Տարբեր երկրների քաղաքացիներ Հայաստանի մասին առաջին տպավորությունը ստանում են ձեր մաքսակետին առնչվելով, անդրանիկ պատկերացումը մեր ժողովրդի մասին, նրա սպասարկման կուլտուրայի դրվածքին առնչվելով՝  նրանց մեջ ձեւավորվում է պատկերացում մեր երկրի մասին : Ձեր ղեկավարած ծառայությունը կարողանո՞ւմ է հենց առաջին րոպեներից պատշաճ ընդունել այդքան եկող-գնացողին: Դա շատ կարեւոր, բայց նաեւ բարդ գործընթաց է: 

-Շատ տեղին հարց եք բարձրացնում: Նախ ասեմ, որ մաքսակետն աշխատում է 24-ժամյա ռեժիմով։ Հիմնականում իրականացնում ենք Սյունիքի, Վայոց ձոր մարզեր եւ Արցախի Հանրապետություն ներկրված բեռների մաքսային ձեւակերպումները: Մենք հիմնականում շփվում ենք Իրանի քաղաքացիների հետ: Թռուցկաժողովներին, որ համարյա ամեն օր են լինում, նաեւ հերթափոխերի հանձնման-ընդունման  ժամանակ, միշտ մաքսակետի աշխատակիցներին հորդորում եմ այցելուների հետ վարվել քաղաքավարի, լինել բարյացակամ, նրանց հետ շփվելիս պահպանել պատշաճության նորմերը, այնպես անել, որ դժգոհություններ չլինեն, էլ չխոսելով քաշքշուկների  մասին: Եթե ապրանքաշրջանառությունն աճում է, բնականաբար, կարող են եւ հերթեր գոյանալ: Նման դեպքերում աշխատում ենք  լարվածությամբ, ինչու չէ, նաեւ հանգստի մեջ  գտնվող աշխատակցին հետ կանչելով:

Ասեմ, որ վերջերս աշխատանքային այցով հրավիրված էինք Իրանի Իսլամական Հանրապետություն, նախաձեռնությունը Նորդուզի մաքսային կետի իրանցի մեր գործընկերներինն էր: Այցին մասնակցում էին նաեւ Հարավային մաքսատուն-վարչության պետը, նրա տեղակալը եւ ես: Շատ գործնական հանդիպում ունեցանք, քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, պայմանավորվածություններ ենք ձեռք բերել՝ հարկ եղած դեպքում միմյանց օգնության ձեռք մեկնելու առումով:

- Ժամանակ առ ժամանակ տեղեկանում ենք, հիմնականում զանգվածային լրատվամիջոցներից, որ մաքսակետում մաքսանենգության դեպքեր են արձանագրվում, հատկապես թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված։ Եվ շատ  անգամ կասեցվում են նման դեպքերը՝  ձեր աշխատակիցների, սահմանապահ ջոկատի զինծառայողների ջանքերով։

- Այո, նաեւ բոլորովին վերջերս նման դեպքեր են կանխվել։ Ասեմ, որ մաքսանենգները փորձում են թմրանյութերը տեղափոխել ճամպրուկների մեջ։ Մեր ունեցած ռենտգեն սարքավորումները թույլ են տալիս հայտնաբերել եւ առգրավել ապօրինի տեղափոխվող ապրանքը։ Մեր ծառայությունն ունի արհեստավարժ տեսուչներ, ովքեր մասնագիտացել են թմրանյութերի հայտնաբերման եւ առգրավման ոլորտում։ Հենց այս օրերին Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի փորձում էր 5,5 կգ քաշով թմրանյութ տեղափոխել, ինչը կանխվեց։ Թմրանյութերի մաքսանենգության խնդիրը բոլորի ուշադրության կենտրոնում է։ Նշենք նաեւ, որ Մեղրի մաքսային-կետ բաժնում իրենց գործառույթներն են իրականացնում նաեւ ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի եւ ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունների եւ Մեղրու մաքսաին կետի աշխատակիցները: Այս երեքի համատեղ աշխատանքի շնորհիվ կարողանում ենք վերահսկել թմրամիջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

- Հիմա շատ տարածված է երեւույթը, երբ մարդիկ մուտք են գործում Իրանի Իսլամական Հանրապետություն՝  գնումներ կատարելու, նաեւ իրենց ընտանիքի հանապազօրյա հոգսերը հոգալու համար։ Ինչպե՞ս է հարեւան հանրապետություն մուտք գործելու մեխանիզմը։

- Յուրաքանչյուր մեկն իր անձնագրով կարող է ռուս սահմանապահների կողմից վերահսկվող անցակետում գրանցվել, անցնել Իրան, այնտեղ կարող է գտնվել 24 ժամ։ Այստեղից ոչինչ չի թույլատրվում տանել։ Այնտեղից, ըստ մեր դիտարկման, ներկրում են արդուկի սեղան, շորի չորանոց, կաթսաներ, թավա… Կան նաեւ սահմանափակումներ, եթե թույլատրվում է այնտեղից ներկրել 25 կիլոգրամ բեռ. դա չի նշանակում, որ այդ քանակությամբ, ասենք, կոնֆետ կարող ես բերել, այլ ընդամենը տասը կիլոգրամ կոնֆետ։ Չեմ կարող ասել, թե մարդկանց ձեռնտո՞ւ է մուտք գործել Իրան եւ առեւտուր անել, բայց փաստն այն է, որ,  ինչպես նշեցի, օրական 1400-1500 մարդ է մուտք գործում Իրանի Իսլամական Հանրապետության տարածք: Նույնն էլ է պարսկական կողմից՝ Իրանի քաղաքացին կարող է մուտք գործել Հայաստան, նրանց էլ  թույլատրվում 25 կիլոգրամի սահմաններում առեւտուր անել:

-Ինչպես նկատվել է տարիներ շարունակ, իրանական գլխավոր տոնի՝ Նովրուզի ժամանակ կտրուկ աճում է այցելուների մուտքը  մեր հանրապետություն, դա լրացուցիչ լարվածություն չի՞ ստեղծում  մաքսակետի աշխատանքում:

-Իհարկե, մարտ ամսվա վերջին տասնօրյակում աշխատում ենք կրկնակի ծանրաբեռնվածությամբ, մանավանդ ուժեղացված հսկողություն է սահմանվում, որ թմրանյութերը սահմանն անցկացնելու փորձեր չլինեն:

-Ուզում ենք Ձեզ հարց ուղղել Մեղրու ազատ տնտեսական գոտու վերաբերյալ: Այն արդեն պիտի գործեր, բայց ինչ-ինչ խնդիրներ են  ծագել՝ ազատ  տնտեսական գոտու շրջակա տարածքների հետ կապված:

-Ճշմարիտ եք, հանրապետության վարչապետն այդ հարցին  պարբերաբար անդրադառնում է, այդ խնդիրը Պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Դավիթ  Անանյանի  ուշադրության կենտրոնում է: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էլ՝ Մեղրի  այցելության ժամանակ, եղավ Ազատ տնտեսական գոտում: Ճշմարիտն ասած՝ Ազատ տնտեսական  գոտու վերաբերյալ  Ձեզ չեմ կարող սպառիչ  տեղեկատվություն հաղորդել, դա պետական մակարդակի խնդիր է, փաստն այն է, որ այս պահին ազատ տնտեսական  գոտին չի գործում:

-Վերջերս  շատ է խոսվում մեքենաների մաքսատուրքի մասին, որ հունվարի մեկից փոփոխվելու է:  2020 թ. հունվարի 1-ից  Հայաստանում  երրորդ  երկրից ներկրվող մեքենաների համար կգործեն  ԵԱՏՄ  մաքսային դրույքաչափերը:  Սա ընթերցողներին հույժ հետաքրքրող հարց է: 

- Այո, մինչեւ 2019 թ. դեկտեմբերի 31-ը առաջնորդվելու ենք գործող սակագներով,  դրանից հետո գործելու են նոր ԵԱՏՄ օրենքներ: Մեքենաներ կան, որոնց մաքսատուրքը բարձրանալու է, հաշվի են առնվելու շարժիչի  հզորությունը (թե քանի ձիաուժ է), թողարկման տարեթիվը եւ այլն:  Բացի բեռնատար ավտոմեքենաներից՝ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում Արաբական Միացյալ Էմիրություններից ձեռք բերված մարդատար տրանսպորտային  միջոցներ, որոնց քանակը, ըստ տարանցիկ  հայտարարագրերի, օրական միջինն ավելանում է 30-40-ով, այստեղ մենք ընդունում ենք, բայց փաստաթղթային ձեւակերպումներն իրականացվում են Հարավային մաքսատուն-վարչությունում եւ բոլոր մաքսատներում: Մեզ մոտ կատարվում են բեռների  մաքսային ձեւակերպումներ, որ նորություն է Մեղրիի մաքսային կետ-բաժնի  համար: Նորից կրկնեմ՝ շնորհիվ մաքսային  տեսուչների արհեստավարժության՝ կարողանում ենք նման ծանրաբեռնվածությունը հաղթահարել:

- Որեւէ բան կուզեի՞ք ավելացնել ասվածին:

- Պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Սյունյաց երկրին»՝ մաքսակետի  գործունեությամբ հետաքրքրվելու եւ այն լուսաբանելու պատրաստակամության համար: Մեր դռները միշտ բաց են ձեզ համար, մենք էլ հնարավորն անում ենք, որ Հայաստանի հարավային դարպասը հզոր ու ուժեղ լինի, որ Հայաստանի Հանրապետություն  մտնող օտարերկրյա  քաղաքացին զգա, որ օրինապաշտ երկիր է մուտք գործել:

Զրույցը՝   Վահրամ Օրբելյանի

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25