Վրույր Ստեփանյանի անսպասելի եւ ողբերգական մահը

30.08.2018 15:59
2941

Օգոստոսի 28-ին դադարեց բաբախել Վրույր Ստեփանյանի սիրտը. մահվան հարվածն այնքան հանկարծակի էր ու այնքան ուժգին, որ բժշկական  որեւէ  օգնության կարիք այլեւս չկար, ամեն ինչ ավարտվել էր վայրկյանների ընթացքում…

Եվ աշնանամուտի  պերճանքով զարդարված Գորիսը, գույժը լսելուց հետո, միանգամից պատվեց վշտի եւ սգի թանձր խավարով, քանզի կորցրել էր իր լավագույն զավակներից  մեկին:

Երբ Արցախյան պատերազմում կամ ապրիլյան իրադարձությունների հերոսական օրերին կորցնում էինք հայոց քաջարի զավակներին, օրերի շփոթի մեջ երբեմն չէինք հասցնում նույնիսկ պատշաճ խոսք ասել նրանցից յուրաքանչյուրի մասին: Ու մեզ թվում էր, թե քարասիրտ ենք դարձել, կամ էլ ինքներս մեզ հավատացնում էինք, թե մահը, հակառակ բնության օրենքների, տարիքային սահմաններն է խախտել՝ այդկերպ փորձելով մխիթարվել եւ հաշտվել  իրականության հետ:

Մինչդեռ այդպես չի եղել եւ այդպես չի կարող լինել երբեք:

Հեռացող, անցնող յուրաքանչյուր մարդու հետ մի ամբողջ աշխարհ ենք կորցնում:

Վրույրի դեպքում հատկապես այդպես է, որովհետեւ դեռ շատ երիտասարդ էր, կենսախինդ, եռանդով լեցուն, որովհետեւ դեռ շատ ծրագրեր, երազանքներ, անելիքներ ուներ:

Որովհետեւ մեկ շաբաթ առաջ էր լրացել ամուսնության տասը տարին:

Որովհետեւ դուստրը՝ Սյունեն, դեռ ինը տարեկան է, որդին՝ Էդուարդը՝ չորս տարեկան՝ հայրական խնամքին, գուրգուրանքին արդեն սովոր ու արդեն կարոտ:

Որովհետեւ նոր-նոր մոտեցել էր սեփական բնակարան ունենալու խնդրի լուծմանը:

Որովհետեւ ճակատագիրը նրան Էդիկ Ստեփանյանի ճղակտոր ընտանիքը վերաշինելու եւ հովանի լինելու վիճակ էր տվել:

Բայց նրա կյանքը դաժանորեն քիչ եղավ. մեկ ամիս հետո՝ սեպտեմբերի 29-ին, կդառնար 44 տարեկան, եւ այդ ամենը մնաց անկատար:

Ահա թե ինչու, նրա վախճանը ողբերգականություն է ամբողջապես:

Իրոք որ անփոխարինելի կորուստ ունեցանք: Անփոխարինելի ոչ միայն Ստեփանյանների, Մարությանների գերդաստանի, այլ մեր ամբողջ քաղաքի, տարածաշրջանի հանրության եւ առանձնապես երիտասարդության ու մտավորականության համար:

Լուսեղեն մի ոգի կար նրա մեջ, որ սովորաբար հայկականություն ենք անվանում:

Բացառիկ ընկալունակությունը, սահման չճանաչող բարությունը, քրիստոնեական վարքը, կամեցողությունը, ամենադժվար իրավիճակներում մարդ մնալու, ընկեր ու բարեկամ մնալու, չաղարտվելու բնատուր  հատկանիշներն էին պատճառը, որ ճանաչողների  համար  նա ոչ թե սոսկ Վրույր էր, այլ՝ հարազատ ու մերձավոր, ինչպես ասում էին՝ «մեր Վրույրն էր»:

Երեկ՝ հոգեհանգստի ժամին, հարյուրավոր մարդիկ էին այցելում նրա աճյունին՝ խոնարհվելու, եւ, ինչպես սպասելի էր, մարդիկ ոչ միայն ցավակցում էին հարազատներին ու մերձավորներին, այլ՝ միմյանց, որովհետեւ ինքը բոլորինն էր, ինքը «մեր Վրույրն էր»:

Նրա ներկայությունը ստվերի տակ էր թողնում չարությունը, քինախնդրությունը, սխալն ու անտրամաբանականը:

Նրա ներկայությունն ընկերություն, բարեկամություն, սեր, հանդուրժողականություն էր սերմանում միջավայրում ու մարդկանց հարաբերություններում:

Նրա տեսակը մեզանում, հատկապես ոչ սովորական մեր օրերում, անհրաժեշտություն էր՝ հաշտեցնող, խաղաղեցնող, հանդուրժումի, փոխադարձ հարգանքի, փոխադարձ ըմբռնումի վարք պարտադրող:

Եվ նրա կորստով մեզանից խլվեց բացառիկ այդ արժեքները կրող մի բարձր ներկայություն:

Վրույրը հանրային ճանաչման արժանացավ նաեւ իր աշխատանքային գործունեությամբ:

Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը, ապա Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մեքենաշինության ֆակուլտետը 1996 թվականին ավարտելուց հետո աշխատեց Գորիսի մի շարք կազմակերպություններում:

Վերջին  աշխատավայրը,  որտեղ եւ առավել մեծ ճանաչում էր ձեռք բերել ու ինքնադրսեւորվել, Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման քննական խումբն էր:

Օրական գրեթե տասնյակ մարդկանց  հետ  շփվող,  այդ ոլորտում Գորիսի ու Սիսիանի տարածաշրջանների բնակչությանը սպասարկող գործավարն առանձնանում էր  սպասարկման եւ մարդկանց հետ շփվելու բարձր կուլտուրայով, բանիմացությամբ, պատասխանատվությամբ, ինչի համար արժանացել է ոչ միայն մարդկանց երախտագիտությանն ու դրվատանքին, այլեւ ոլորտի ղեկավարների հիացական  գնահատանքին:

Վրույրն Էդիկ Ստեփանյան եւ Սիլվա  Նալբանդյան ծնողների զավակն էր:

Ցավոք նրանք էլ վաղաժամ հեռացան մեզանից, բայց նրանց անունն ու գործն իմ սերնդակիցների կյանքին ու կենսագրությանը հյուսված են ամուր թելերով, ինչի համար էլ հիշվում են մինչեւ հիմա ու հիշվելու են հետայսու:

Էդիկ Ստեփանյանը մեր քաղաքի ու տարածաշրջանի մարզական կյանքի, ապա հրատարակչական  գործի երեւելի կազմակերպիչներից էր, նաեւ հասարակական-քաղաքական կյանքի նշանավոր դեմքերից: Մահկանացուն կնքեց 2003-ի նոյեմբերի 11-ին՝ 57 տարեկանում:

Սիլվա Նալբանդյանը Գորիսի պետական համալսարանի դասախոսներից էր եւ մեծ ներդրում ունեցավ մեր երկրամասում բուհական կյանքի նորովի սկզբնավորման գործում: Կյանքից հեռացավ 2013  թվականի հոկտեմբերի 16-ին՝ 64  տարեկանում:

Ծնողների վաղաժամ մահը, ինչպես նշեցի, նրա, նաեւ եղբոր ու քրոջ ուսերին դրեց օջախը պահելու, պահպանելու, ավանդույթները շարունակելու ոչ  դյուրին  առաքելությունը, բայց…

Եվ չտա Աստված, որ Վրույրի անավարտ գործերը, երազանքները կիսատ մնան:

Գրեթե վստահ եմ, որ այդպես չի լինի: Ու այդ վստահությունը ներշնչում  է  նրա տիկնոջ՝ Թեհմինա Մարությանի մարդկային  տեսակն ու կերպարը:

Հոգեւոր Սյունիքի մեր օրերի երեւելի այդ դեմքը Վրույրի հետ ստեղծել է հիրավի ընդօրինակման արժանի ընտանիք, որը նաեւ ոգեշնչման աղբյուր էր հանգուցյալի համար:

Իսկ հիմա… Երիցս  ափսոս, որ Վրույրը հեռանում է մեզանից: Բայց ավաղ ասելու, ողբալու հետ մեկտեղ արիանալու, տոկալու, դիմանալու, դիմակայելու, այդ մեծ ցավը զսպելու ժամն է հիմա, այլապես նրա հիշատակի հանդեպ մեր հարգանքն ինքնանպատակ կլինի, այլապես նրա կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու, նրա հիշատակն արժանապատիվ պահելու մեր ուժը վտանգված ու ջլատված կլինի:

Այդ դիտարկումն ուղղում եմ ոչ միայն մեծահարգ տիկին Թեհմինա Մարությանին, այլեւ եղբորը՝ Գոռին, քրոջը՝ Սոնային, հորեղբայր Վլադիկին, հորաքույրներ Դոնարային եւ Անահիտին:

Գրիգոր պապի եւ Սոնա մեծ մայրիկի օջախի բաբախյունը պետք է շարունակվի արժանավորապես, ինչպես մինչեւ հիմա, ինչպես տարիներ շարունակ:

Մանավանդ որ մխիթարվելու քիչ պատճառներ չունենք:

Վստահաբար եմ ասում՝ Վրույրը դեռ տարիներ առաջ դասակից ու պատվակից եղավ բոլոր այն  արժանավոր գորիսեցիներին, ովքեր իշխանական  նժույգի վրա երբեք չգտնվելով, նյութական ռեսուրսների չտիրապետելով, իրենց պահվածքով եղել են անվիճելի հեղինակություն իրենց բաժին ժամանակի մեջ, իրենց ապրած միջավայրում: Ու այդ հեղինակությունը ծառայեցվել է հասարակությանը, որի համար ժամանակակիցներս հիշելու ենք նրան ընդմիշտ, իսկ նրա զավակները մարդկանց աչքերին ուղիղ եւ հպարտ նայելու  իրավունք են ունենալու, ինչպես որ ունեն:

Եվ ուրեմն՝ հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

Սուրբ գրքի այս խոսքի հովանու ներքո էլ ուզում եմ ձեզ հետ միասին աղոթք բարձրացնել առ Աստված՝  ննջեցյալի հոգու խաղաղության համար:

Եվ թող դա  լինի Քրիստոսի կողմից սահմանված աղոթքը:

Եվ թող այդ աղոթքով էլ Վրույր Ստեփանյան մեր զավակին իջեցնենք գերեզման:

 ···

Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի Քո անունը, Քո թագավորությունը գա, Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում է, մեր ամեն օրվա  հացը տուր մեզ այսօր, ներիր մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեզ պարտք  եղողներին: Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, քանի որ Քոնն է թագավորությունը, եւ զորությունը, եւ փառքը հավիտյանս հավիտենից. Ամեն:

 

 Սամվել Ալեքսանյան                                                                                                  

30 օգոստոսի 2018թ

                                                                                             

 

 

 

 

 

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10